Անդրեա Գիբսոն | Պրիզմա

Պրիզմա

Դերիկն` ընկերս, ասում է`
Սերն է միակ պատերազմը, որի համար արժե մեռնել
Բայց ամեն անգամ, երբ ասում եմ. «Խնդրում եմ, ետ արի»,
Կարծես կեղտոտ ասեղ եմ որոնում խոտի դեզի մեջ:
Եւ Աստված վկա, այդպես չեմ կարող

Մենք կրում ենք մեր տրավմաներն այնպես, ինչպես գիլյոտինը` ձգողականությունը.
Մեր սերերի պարանոցներն այնքան փափուկ են
Քանի անգամ կորցրել եմ գլուխս:

Ես չեմ խմում հույսով, որ աչքերս չորանան,
Բայց երազումս այնքան եմ հարբում, որ լուսնոտի պես չի ստացվում ուղիղ քայլել հյուրերի սենյակ,
Որտեղ անկումն է կախված ծանր նրա թոքերի մեջ,
Խոսում է նա ու նրա ձայնը սայթաքում է սրտի զարկի վրայով,
բառերը դուրս են ցատկում:

«Մենք արդեն չկանք»,- ասում է,
Եվ ես դիահերձող չեմ,
Ես գաղափար չունեմ` ինչպես մեռել շպարել,
Գաղափար չունեմ ինչպես հետ ջնջել, ու լռվում եմ տեղում.
Դեմքս ինչպես ընկնող խաղաքարտերի տրցակ,
Ասես բոլորն ինձանով խաղում են:

Մենք այնքան փորձեցինք,
Բայց երբ ասացի կապ տուր ինձ,
Դու զանգ հասկացար.
Հիմա համարդ էլ չունեմ արդեն երեք տարի:
Մենք ասում էինք «Դեռ ինչքան պիտի կարմիր գծերը սրտիկներ դարձնենք»:
Գիտե՞ս` բոլոր կռիվները, որ արել ենք, մեր փայլը ժանգ են դարձրել
Իրար սրտերին դիպչելու համար փայտացման դեմ պատվաստ է պետք:

Չենք կարող սկսել հիշել այն, ինչ մոռացել ենք, որ արգանդում ապաստան չկա.
Պտղի սիրտը զարկում է, երբ դեռ կրծքավանդակ չկա
Մայրս երդվում էր, որ ես խփում էի, երբ դեռ ոտքերս չէին կարող լինել
Այդքան ուժեղ էր բաբախում սիրտս,
Ու դեռ այդպես է

Արգանդն այն տեղն է, ուր սովորում ենք, թե ինչ է սերը,
որ կերակրող լարն ամեն մի պահի կարող է խեղդել
Շունչս պահում եմ 56 վայրկյան, մինչ նա հասնում է պատուհանի մոտ,
Նայում է ճամփին ու ասում,
Որ ինձ ասելու բան էլ չունի,
Մենք էլ չենք կարող կրել մեր հանդարտ գլուխները մեր փոթորկոտ կրծքերի վրա
Եվ առաջին անգամ գիտեմ, որ ճիշտ է:

Մեր առաջին հանդիպման արշալույսին, այնքան ջահել էինք,
Ես Դեռ չէի գրել ճշմարիտ սիրո մի պոեմ անգամ,
Չէի հանդիպել մեկին, ում համար գլուխս կկորցնեի,
Մինչ այդ գիշերը, երբ համբուրվեցինք սքեյթերի վրա.
Դու ծաղրեցիր իմ դանդաղ լինելը
Իսկ ես չէի ուզում` պոկվելու պահը գար:

Սեր իմ, ուզում եմ, որ մեջքս հավերժ խարսխվի հողաթափերում, որ դու ես հագել,
Նույնիսկ երբ պատուհանին բախվեց աղավնին,
Երբ ընկերնեն ասում էին, որ սա է սերը,
Բայց գիտես, Էյնշտեյնն էլ իրեն պացիֆիստ էր ասում, երբ ռումբ էր սարքում:

Երբ հարցնում էին` ինչու եք միասին այսքան ժամանակ, ասում էի չգիտեմ
Միայն գիտեմ, որ, կինո նայելիս արտասվում էինք միևնույն պահին
Որ առաջին երկու տարին մենք ամեն օր կարմրում էինք
Գիտեմ, որ վերմակը լրիվ իմ կողմն էի քաշում, ու նա ինձ երբեք չէր հանում քնից
Գիտեմ ճշգրիտ նրա հայացքը, երբ առաջին անգամ ատամը մաքրեց իմ խոզանակով.
Հաջորրդ օրը ես երեսուն քանի անգամ խոզանակվեցի, որ նա մնա ինձ հետ:

Պետք է հասկանալ, երբ նրան սիրելը ցավոտ էր,
Ցավում էր այնպես, ինչպես լույսն է ցավեցնում գիշերվա կեսին.
Բայց ես պետք է տեսնեի,
Նույնիսկ ավերակների մեջ,
Եթե այն, ինչ թաղում էինք, սերմեր էին

Մեր տանն այնքան բույսեր կային, կարող էիր փոցխել տերեւները,
Նույնիսկ այն ձմռանը, երբ ես փորձում էի ձյունե հրեշտակ սարքել քո սառը ուսին,
Դու դեռ թողնում էիր ինձ սիրո նոթեր.
Ես միշտ գտնում էի դրանք:

Իմ գնալուց մի օր առաջ հիշեցի, նրա մոր պատմածը,
Նա ասաց
Անդրեա, երբ Հեդրը փոքրիկ աղջնակ էր, չէր կարող քնել` առանց մատին թել կապելու.
Թելը ձգվում էր մինչեւ իմ մատը մյուս սենյակի մեջ
Եվ Ամբողջ գիշեր նա այդ թելը մի պստլիկ ձգում էր, տեսնելու, արդյոք այնտեղ եմ: Եվ երբ ես հետ էի ձգում, դա էր սերը: Դա էր սերը: Այդքան հեշտ:
Երբեմն: Երբեմն:

 

Լուսանկար

Երանի լուսանկար լինեի`
Խցկված քո դրամապանակի անկյունում,
Երանի լուսանկար լինեի, որ դու հետևիդ գրպանում կրեիր ապագայի պես
Երանի այն դեմքը լինեի, որ ցույց ես տալիս անծանոթներին,
Երբ հարցնում են, թե որտեղից ես
Երանի ես լինեի այն մեկը, ումից դու գալիս ես
Ամեն անգամ երբ այնտեղ ես հասնում.
Եվ երբ այնտեղ ես հասնում
Երանի լինեի այն մեկն, ով զանգ է ստանում
Ու բացիկներ, որտեղ գրված է`
Երանի այստեղ լինեիր:

Երանի այստեղ լինեիր:
Աշունն ամենադժվար եղանակն է.
Տերևները թափվում են
Ասես փարվում ու սիրահարվում են գետնին,
Իսկ ծառերը մերկ են ու մենակ:
Ես փորձում եմ նրանց ասել, որ
Գարնանը նոր տերեւներ կգան
Բայց դե ծառերին նման բան չես ասի
Նրանք ինձ նման են, կանգնում են այնտեղ
Ու չեն լսում:

Երանի այստեղ լինեիր,
Խենթի պես կարոտում եմ,
Աչքերս մշուշուտվել են,
Այնքան եմ բաժակի տակը նայել`
Հիշելով այն ժամանակները, երբ այն լիքն էր։
Մենք ասես լուսնից լուսնօղի էինք քաշում
Կամ ձողիկները մտցնում արևի մեջ
Եվ ըմպում այնպես, ասես Իկարուսն ընդմիշտ համբուրելու էր
Մեր հրազենի փամփուշտները։

Ես երբեք չէի ուզում կրակել, գիտես։
Գիտեմ, որ դու էլ երբեք չէիր ուզում, իմ սեր։

Գիտեմ մենք երբեք չէինք ուզում իրար ցավեցնել։
Հիմա երկինքը սևից կապույտ է դառնում
Ու աղջամուղջն այտուցի է նման ։

Ես մի գիշերվա սերեր եմ անում
Պսակի գոտու պես փաթաթում մարմնիս ,
Բայց առավոտյան դրանք իմ հագով չեն,
Մատներիցս ցած են թափվում ու դռնիցս դուրս։
Միայն քո հոտն է կախվել մնացել ։
Ես մի անգամ երդվեցի, որ թե քո հոտը երազանքների ջրհորը գցենք
Կիրականան աշխարհի բոլոր երազանքները:

Հիշու՞մ ես։

Հիշու՞մ ես այն գիշերը, որ ասացի,
Որ երբեք չեմ տեսել ավելի կատարյալ բան
Քան փողոցային լապտերի փայլում իջնող ձյունը։

Էլեկտրականությունը խոնարհվում է բնության առաջ ,
Միտքը խոնարհվում է սրտի զարկի առաջ։
«Ցավոտ է լինելու»-ն խոնարհվում է «ես քեզ սիրում եմ»-ի առաջ։
Ես դեռ քեզ սիրում եմ, ինչպես լուսինները սիրում են իրենց մոլորակներին,
Ինչպես երեխաները սիրում են ընդմիջման զանգերը ,
Ես դեռ լսում եմ քո ձայնն
Ու մտածում խաղահրապարակների մասին ,

Որտեղ խեղճերն են, որ կակազում են
Բրեյսերի, կապտուկների ու պզուկների տակ

Ու սովորում են, որ հարուստ լավ տղեքը
Երբեք երջանիկ մեծեր չեն դառնում։
Քո մասին մտածելիս ես մտածում եմ երջանիկի մասին:

Որտեղ էլ լինես, հուսամ երջանիկ ես։
Իրոք այդպես է:
Հուսով եմ` այս գիշեր աստղերն են համբուրում քո այտերը,
Հուսով եմ` ծխելը թողնելու մի ձև ես գտել,
Հուսով եմ` թոքերդ բաց են ու կյանքն ես շնչում ,

Հուսով եմ ձեռքիդ օդապարիկ կա ,
Որը թռչում է մինչեւ իսկ Օրիոն ,

Ու դու դեռ ունես հազար արշին թել, որ բաց թողնես քիչ քիչ,
Հուսով եմ` ժպտում ես,
Ասես Աստծված է բերանիդ անկյունները բարձրացրել ։

Քանզի ես մերկ եմ ու մենակ
Ու ոսկորների տեղ ճյուղերս եմ թափահարում ,
Բայց դե ժամանակային գոտիներով հեռու եմ այն մարդուց,
Որ ես էի մինչեւ մեր հանդիպումը։
Դու առաջին մղոնն էիր, որտեղ իմ սիրտը քրտնեց ։
Եվ կուզենայի, որ դու այստեղ լինեիր ,
Եվ կուզենայի, որ դու գնացած չլինեիր,
Բայց ամենից առաջ ուզում եմ,
Որ դու շատ շատ շատ լավ լինես:

 

Անվերնագիր

Բժիշկն ասում է` հիվանդ եմ, բայց չի կարող չափել ոգուս ջերմությունը
Ստետոսկոպը սրտիս մոտ է պահում ու լսում նրա ռիթմը,
Բայց չի լսում ինչպես եմ պարում, երբ ռիթմն ընկնում է:
Մարդիկ կարծում են խելքս կորցրել եմ, քանի որ զայրացած չեմ.
խելքս չեմ կորցրել, շատ լավ էլ գիտեմ, թե ուր եմ թողել
Որ կարողանամ ապրել աշխարհում, այլ ոչ գլխիս մեջ
Իհարկե չեմ ասում, որ վիշտ չեմ զգում, զգում եմ անընդհատ
Բայց ուշք եմ դարձնում, որ վիշտը չմնա իմ սրտի ներսում
Այլ պատի վրա սրտիս դիմացի, չէ որ այդ պատը կարող եմ քանդել
Սիրածիս շուրթին լոկ մեկ համբույրով, մի շնորհակալությամբ
Արևի լույսին, որ 94 միլիոն մղոն է կտրել, որ տաքացնի փայտե հատակս,
Ուր երազներ է տեսնում իմ շունը:
Երբ երեխա էի, ուզում էի հայտնի լինել, քանզի չէի պատկերացնում, ավելի լավ բան, քան ողջ աշխարհի կողմից սիրվելն է,
Բայց գիտես ինչն է միլիոն անգամ ավելի, քան ողջ աշխարհի կողմից սիրվելը
Աշխարհը Սիրելը…

Թարգմանությունը անգլերենից՝  Մերի Պողոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *