Շուրջ չորս տասնամյակ առաջ ռուսերենից թարգմանեցի Գաբրիել Գարսիա Մարկեսի էսսեն Наша фантастическая реальность վերնագրով, որը տաք-տաք լույս տեսավ հայերեն։ Երբ այս տարի «Նեթֆլիքսը» սկսեց ցուցադրել «Հարյուր տարվա մենություն» սերիալը, գտա թարգմանությունը և քանի որ արդեն իսպաներեն գիտեմ C1 մակարդակով, որոշեցի բնագրի հետ համեմատել։ Մեծ էր հուսահատությունս, երբ ո՛չ վերնագրով, ո՛չ էսսեի առաջին պարբերությունները հայերենից իսպաներեն թարգմանելով, ոչինչ չգտա Գուգլի միջոցով։ Փորձեցի մեջտեղի պարբերություններով էլ փնտրել, արդյունք չտվեց։ Հետո ռուսերենը փնտրեցի, նույն եղանակով՝ Գուգլը ոչինչ չբերեց։ Նույնիսկ անառողջ կասկած չունեցա, թե ես եմ հնարել՝ չափից դուրս շատ էին լատինաամերիկյան իրողությունները, որոնց մասին ես չէի կարող իմանալ Հայաստանում նստած։ Ամիսներ անցան։ Էսսեն ամբողջությամբ թարգմանեցի իսպաներեն ու սկսեցի պարբերություն առ պարբերություն փոխանցել Գուգլին։ Ի վերջո, էսսեն հայտնաբերվեց։ Այն լույս է տեսել իսպանական «Էլ պաիս» թերթում, 1981 հունիսի 9-ին, Մարկեսի Նոբելյան մրցանակից մեկ տարի վաղ։ Այն ուներ մուտքի հատված… որը ռուս թարգմանիչը բաց էր թողել։ Երբ համեմատեցի ամբողջը, պարզվեց կային ուրիշ տարբերություններ ևս։ Ռուսերենում բացակայում էին շատ հատուկ անուններ՝ երևի ընթերցողին «չծանրաբեռնելու» համար, փաստական որոշ անճշտություններ էին ուղղված (ասենք՝ Ամազոնի երկարությունը, որ շատ ավելի երկար է, քան Մարկեսն է նշել), ամբողջական հատվածներ ևս ուղղակի «չքացել էին»։
Երբ ուսանողական տարիներիս ֆրանսիացի սիմվոլիստներին էի թարգմանում, համեմատել էի ուրիշ թարգմանությունների հետ ու համոզվել, ռուսները (հիանալի բանաստեղծ-թարգմանիչներ) կարդացել էին բնագիրը, ծալել-դրել էին մի կողմ և իրենց բանաստեղծությունն էին գրել։ Կարծում էի միայն պոեզիայի դեպքում է այդպես։ Պարզվեց, ուրեմն, արձակը բացառություն չէր։
Ես նորից թարգմանեցի էսսեն, իսպաներենից, ավելի ընդարձակ տարբերակը, որը գտա Voces. Arte y literatura հանդեսում (San Francisco, California. Marzo de 1998. Número 2.), առանց «խմբագրելու», քանի որ կարծում եմ՝ ընթերցողն ուզում է Մարկեսին կարդալ, ոչ թե ինձ կամ ռուսերենի թարգմանչին, որքան էլ որոշ թարգմանչական լուծումներ, երբեմն կարող են գերադասելի թվալ։ Հաճելի ընթերցո՛ւմ։
Երևակայությունն ու ստեղծագործությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում
Ըստ Լեզվի թագավորական ակադեմիայի բառարանի՝ երևակայությունը ունակություն է, որը «ձգտում է պատկերային վերարտադրության»։ Դժվար է պատկերացնել ավելի խղճուկ ու շփոթահարույց սահմանում։ Մի երկրորդ սահմանում էլ այն կոչում է «գեղարվեստական գրականություն, պատմվածք, վեպ կամ վեհ կամ ճարտարագետ միտք»՝ միայն ավելի խորացնելով խառնաշփոթը։
Մտավոր թերություններից, որ ունեմ, ամենամեծն այն է, որ երբեք չեմ կարողացել հասկանալ բառարանների նշանակությունը, հատկապես՝ Լեզվի ակադեմիայի սարսափելի ճնշող դատարկաբանությունները։ Երբ հետաքրքրասիրությունս դրդեց, որպեսզի վերադառնամ այնտեղ՝ ֆանտազիայի և երևակայության տարբերությունը պարզելու, դժբախտաբար հայտնաբերեցի, որ սահմանումները ոչ միայն խիստ անհասկանալի են, այլև հետընթաց։ Իմ կարճ խելքով՝ ֆանտազիան մի բան է, որը կապ չունի մեր ապրած աշխարհի իրականության հետ. այն զուտ ֆանտաստիկ հորինվածք է, խաբեություն և, անշուշտ, անճաշակություն՝ կերպարվեստում։ Անկախ նրանից, թե որքան ֆանտաստիկ է մարդու՝ որպես հսկայական միջատ զարթնելու գաղափարը, ոչ ոք մտքով չի անցկացնի, որ ֆանտազիան Ֆրանց Կաֆկայի ստեղծագործական երախտիքն էր, մյուս կողմից՝ կասկած չկա, որ այն Ուոլթ Դիսնեյի հիմնական գործիքն էր։ Հակառակ և ի հեճուկս բառարանի, կարծում եմ՝ երևակայությունը հատուկ ունակություն է, որին տիրապետող արվեստագետները օգտագործում են այն իրենց ապրած իրականությունից նոր իրականություն կերտելու համար։ Որը, ի դեպ, գեղարվեստ ստեղծելու միակ ձևն է, որն ինձ վավեր է թվում։ Եկեք խոսենք, ուրեմն, երևակայության մասին լատինաամերիկյան գեղարվեստական ստեղծագործության մեջ, իսկ ֆանտազիան թողնենք բացառապես վատ կառավարությունների տնօրինմանը։
I. Դժվար խնդիրը, որ քեզ հավատան
Lատինական Ամերիկայում և Կարիբյան ծովի ավազանի երկրներում արվեստագետը հարկադրված չի եղել առանձնապես բան հորինելու, ավելի շուտ՝ պետք է այնպես աներ, որ իր պատկերած իրականությանը հավատային։ Այդպես է եղել միշտ, մեր պատմության սկզբից ի վեր. չկան նվազ հավաստի, բայց իրականությանը ավելի կառչած հեղինակներ մեր գրականության մեջ, քան «Արևմտյան Հնդկաստանի» առաջին ժամանակագիրները։ Նրանք, առօրյա լեզվով ասած, պարզեցին, որ իրականությունը խփում-անցնում է երևակայությանը: Քրիստափոր Կոլումբոսի օրագիրն այս կարգի գրականության հնագույն նմուշն է։ Սկսած այն բանից, որ ստույգ հայտնի չէ, թե արդյոք տեքստը իրական է, քանի որ մեզ հայտնի տարբերակը հայր Լաս Կասասն վերծանել բնօրինակներից, որոնք, ըստ իր պնդման, տեսել է: Համենայնդեպս, մեզ հասած տարբերակը աղոտ արտացոլումն է երևակայության այն զարմանալի կարելիությունների, որոնց Կոլումբոսը ստիպված էր դիմել, որպեսզի իսպանական կաթոլիկ միապետները հավատային իր հայտնագործությունների մեծափառությանը: Նա ասում է, որ իրենց 1492 թ. հոկտեմբերի 12-ին դիմավորող մարդիկ «մորեմերկ» էին: Մյուս ժամանակագիրները համաձայն են, որ Կարիբյան կղզիների բնիկները մերկ էին ման գալիս, ինչը միանգամայն բնական է արևադարձային գոտում, որը դեռ զերծ էր քրիստոնեական բարոյականությունից: Այդուհանդերձ, Կոլումբոսի՝ Բարսելոնի թագավորական պալատ բերած «նմուշների» մարմինները փետուրներով ու արմավենու ներկած տերևներով, տարօրինակ կենդանիների ատամներից ու ճանկերից սարքած ուլունքներով էին ծածկված։ Բացատրությունը ակնհայտ է: Կոլումբոսի ճանապարհորդությունը, հակառակ նրա իղձերի, տնտեսական աղետով էր ավարտվել։ Նա ոչ միայն չէր գտել թագուհուն խոստացած ոսկին, այլև կորցրել էր նավերի մեծ մասը, չէր բերել իր հայտնագործության արժեքավորությունը ապացուցող, արկածի ծախսերն ու շարունակելիության ողջամտությունը արդարացնող որևէ բան: Իր գերիներին նա զուտ գովազդի համար պիտի այդ կերպ հագցներ: Միայն պատմելուն դժվար թե հավատային. ընդամենը մեկ դար առաջ Մարկո Պոլոն այնպիսի համոզիչ վկայություններ էր բերել Չինաստանից, ինչպիսիք էին սպագետին ու շերամի որդը, ինչպես նաև՝ վառոդն ու կողմնացույցը։
II. Նրանց արկածները, ովքեր հավատացին
Էլդորադոյի առասպելն ամենաչքնաղը, արտառոցն ու բախտորոշն է մեր պատմության մեջ: Այդ երևակայական երկիրը որոնելիս Գոնսալո Խիմենես դե Քեսադան նվաճեց այսօրվա Կոլումբիայի համարյա կեսը, իսկ Ֆրանցիսկո դե Օրելյանան հայտնաբերեց Ամազոն գետը: Ավելի աներևակայելի է այն, որ վերջինս Ամազոնը հայտնաբերեց՝ լողալով հոսանքն ի վար, հակառակ՝ գետերի հայտնաբերման սովորական ուղղությանը: էլդորադոն, Մոնտեսումայի գանձերի նման, գաղտնիք կմնա հավերժ: Ինչպես նաև՝ տասնմեկ հազար լամաները, որոնցից յուրաքանչյուրը բեռնված էր հարյուր ֆունտ ոսկով, որոնք Կուսկոյից ուղարկվել էին Աթաուալպայի փրկագինը վճարելու համար, բայց երբեք նշանակման վայր չհասան: Շատ չէ՝ մեկ դար է անցել իրականությունից ավելի հեռու այն ժամանակից, երբ Պանամայի նեղուցով անդրօվկիանոսյան երկաթուղու կառուցման ծրագիր մշակելու հանձնարարական ունեցող գերմանական առաքելությունը եզրակացրեց, որ նախագիծը կենսունակ է, բայց մեկ պայմանով՝ որ ռելսերը չպատրաստվեն երկաթից, որը շատ դժվար է ձեռք բերել տարածաշրջանում, այլ ոսկուց։ Կոնկիստադորների դյուրահավատությունը լիովին բացատրվում է այդ դարերում տիրապետող բնազանցական տենդով և ասպետական վեպերի գրական զառանցանքով։ Միայն այդպես է ըմբռնելի դառնում Ալվար Նունյես Կաբեսա դե Վակայի արտառոց արկածախնդրությունը, որից ութ տարի պահանջվեց, որպեսզի Իսպանիայից Մեքսիկա հասնի՝ անցնելով այն տարածքով, որն այսօրվա Միացյալ Նահանգների հարավն է, մի արշավախմբով, որի անդամները խժռեցին իրար, մինչև նախնական 600-ից մնացին հինգը։ Կաբեսա դե Վակային խթանում էր, կարծես, ավելի վեհ ու բանաստեղծական նպատակ, քան Էլդորադոյի ոսկին՝ նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության աղբյուրը: Սովոր՝ այն վեպերին, որոնք պատմում էին մի քսուքի մասին, որը ասպետների կտրված գլուխները նորից կպցնում էր մարմիններին, Գոնսալո Պիսարոն XVI դարում դույզն իսկ չկասկածեց, երբ նրան Կիտոյում պատմեցին ոչ հեռու մի թագավորության մասին, որտեղ երեք հազար արհեստավոր գիշեր ու զօր զբաղված էր մաքուր ոսկուց կահույք պատրաստելով, իսկ թագավորի պալատի ոսկե սանդուղքը պահպանում էին ոսկե շղթաներով ոսկե առյուծները: Առյուծներ`Անդերու՛մ:
Նունյես դե Բալբոային ևս շարադրել էին նման մի պատմություն, որի շնորհիվ նա հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը: Պիսարոն առանձնապես բան չհայտնաբերեց, բայց նրա դյուրահավատության աստիճանը հնարավոր է չափել արշավախմբի մեծությամբ, որը նա հանդերձավորեց Էլդորադոյի թագավորության որոնումների համար՝ 800 իսպանացի, 4000 հնդկացի, 150 ձի և 1000 շուն, որոնց վարժեցրել էին, որ մարդ որսան:
III. Իրականություն, որը լեզվի մեջ չի տեղավորվում
Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը մեր անպարագիծ իրականությունը հարուցում է գրականության առաջ, բառերի անհամարժեքությունն է: Երբ խոսում ենք գետի մասին, եվրոպացի ընթերցողը կպատկերացնի Դանուբը, որպես ամենաերկար՝ 2790 կմ: Նա ինչպե՞ս պատկերացնի, ուր մնաց թե՝ նկարագրի Ամազոնի իրականությունը, որի երկարությունը 5500 կմ է: Բելեն դել Պարայի մոտակայքից նույնիսկ մյուս ափը չի երևա՝ գետն ավելի լայն է, քան Բալթիկ ծովը։
Երբ մենք «ամպրոպ» բառն ենք գրում, եվրոպացիները գիտեն, թե դա որոտ ու կայծակն է՝ նրանց դժվար կլինի պատկերացնել այն, ինչ մե՛նք նկատի ունենք: Նույնը վերաբերում է «անձրև» բառին։ Անդյան լեռնաշղթայում, ըստ ուրիշ ֆրանսիացիների համար Խավիեր Մարիմիե անունով ֆրանսիացու նկարագրության, ամպրոպները կարող են տևել մինչև հինգ ամիս։ «Ով չի տեսել այդ ամպրոպները,- ասում է նա,- չի պատկերացնի դրանց մոլեգնությունը։ Շանթերը ժամերով հաջորդում են իրար՝ արյան ջրվեժների նման, և մթնոլորտը դողում է անվերջանալի որոտներից, որոնք արձագանքվում են լեռների անսահմանության մեջ»: Նկարագրությունը բնավ կատարյալ չէ, բայց բավական է, որ նույնիսկ ամենակասկածամիտ եվրոպացին սարսափից ցնցվի:
Պետք կլիներ հորինել նոր բառերի մի համակարգ մեր իրականության չափերը ամբողջությամբ հաղորդելու համար: Անթիվ են այդ անհրաժեշտությունը հաստատող օրինակները: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ. Վ. դե Գրաֆը, որն այս հարյուրամյակի սկզբին հետազոտել է Ամազոնի վերին հոսանքները, գրում է, որ գտել է աղբյուրներ, որոնց ջրում ձուն խաշելը տևում էր հինգ րոպե, և անցել է վայրերով, ուր լիաձայն խոսելը կարող էր տեղատարափ հարուցել:
Կոլումբիայի Կարիբյան ծովափին ինքս հանդիպել եմ մի մարդու, որը ծիսական աղոթք էր արտասանում կովի առաջ: Կովի ականջների մեջ որդեր կային, որոնք ցած թափվեցին աղոթքի ընթացքում։ Մարդը հավատացնում էր, որ բուժումը կարող է անցկացնել նաև հեռվից, բավական է, որ նկարագրեին անասունին ու տեղը, ուր գտնվում էր:
1902 թվականի մայիսի 8-ին Մարտինիկ կղզու «արթնացավ» Մոնտ Պելե հրաբուխը: Մի քանի րոպեում այն ավերեց Սեն Պիեռ նավահանգիստը՝ հրահեղուկ լավայի տակ թաղելով քաղաքի բոլոր 30 հազար բնակիչներին: Բացի մեկից՝ Լուդգեր Սիլվարեսից, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին խցի ամուր պատերը՝ սարքված հատուկ այն նպատակով, որ նա չկարողանար փախչել։
Հատորներ պետք կգային ինձ Մեքսիկայի անհավատալի իրականությունը նկարագրելու համար: Ապրում եմ այստեղ ահա քսան տարի, բայց դեռ կարող եմ ժամեր անցկացնել՝ հետևելով ցատկող բակլաների թաղարին: Բարյացակամ ողջամիտներն ինձ բացատրեցին, որ բակլան իր շարժունակությամբ պարտական է նրան, որ մեջը թրթուր կա, բայց բացատրությունը խղճուկ է: Զարմանահրաշն այն չէ, որ բակլաները շարժվում են, որովհետև ներսում թրթուր ունեն, այլ այն, որ ներսում թրթուր ունեն, որպեսզի կարողանան ցատկել։
Իմ կյանքի մեկ այլ տարօրինակ փորձառություն աքսոլոտլի հետ առաջին հանդիպումն էր։ Խուլիո Կորտասարը իր պատմություններից մեկում հիշում է, որ առաջին անգամ աքսոլոտլին հանդիպել է Փարիզի «Jardin des Plantes» այգում, երբ գնացել էր առյուծներին նայելու։ Ակվարիումների մոտով անցնելիս, գրում է Կորտասարը,- «անտեսում էի սովորական ձկներին, մինչև որ հանկարծ աքսոլոտլին տեսա»։ Եվ ամփոփում է. «Մի ժամ նայում էի նրանց, հետո հեռացա՝ անկարող լինելով ուրիշ որևէ բան անելու»։ Նույնը պատահեց ինձ հետ Պացկուարոյում, բացի նրանից, որ նայեցի այդ երկկենցաղին ոչ թե մեկ ժամ, այլ մի ամբողջ կեսօր ու դեռ մի քանի անգամ էլ վերադարձա։ Բայց այստեղ տեսա մի ուրիշ բան, որն ինձ ավելի շատ տպավորեց, քան կենդանին ինքը՝ մի տան դռանը ցուցանակը, թե՝ «Վաճառվում է աքսոլոտլի օշարակ»։
IV. Կարիբյան ավազան. Անհավանականի ձգողականության կենտրոն
Անհավատալի իրականությունն առավելագույն խտության է հասնում Կարիբյան կղզիներում, որոնք, կոպիտ ասած, տարածվում են (հյուսիսում) մինչև ԱՄՆ-ի հարավը, իսկ հարավում՝ մինչև Բրազիլիան: Մի՛ կարծեք, որ սա նվաճողապաշտական զառանցանք է: Ոչ. Կարիբյան ավազանը սոսկ աշխարհագրական տարածք չէ, ինչպես, անշուշտ, կարծում են աշխարհագրագետները, այլ շատ միատարր մշակութային տարածք: Այստեղ, կղզիների հայտնագործումից ի վեր, պարզունակ առասպելներին ու նախնական հավատալիքներին խառնվել է մշակութային մի քանի շերտանստվածք, որոնք կազմել են մի մոգական զուգակեցություն , որի գեղարվեստական պտղաբերությունն ուղղակի անսպառ է։ Աֆրիկյան ներդրումը՝ ստրուկների միջոցով, պարտադրված էր և անընդունելի, բայց նույնպես բարեբախտություն է եղել։ Աշխարհների այս խաչմերուկում անսահման ազատության, առանց Աստծո և օրենքի մի իրականության զգացում է կոփվել, որտեղ յուրաքանչյուրն ու ամեն ոք ենթադրել է, որ կարող է անել սրտի ուզածը. ավազակը մի օր հանկարծ որպես թագավոր է զարթնել, փախստականը՝ ծովակալ, մարմնավաճառուհին` որպես նահանգապետի կին: Եվ՝ ընդհակառակը:
Ես ծնվել ու մեծացել եմ Կարիբյան ավազանում: Գիտեմ այն երկիր առ երկիր, կղզի առ կղզի, և գուցե այստեղից է գալիս իմ հուսահատությունը, որ ես երբեք չեմ կարողացել հորինել ավելի զարմանալի բան, քան իրականությունն է։ Առավելագույնը, ինչին ընդունակ եմ՝ փոփոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով։ Այսուհանդերձ, իմ գրքերից և ոչ մեկում չկա տող, որը չբխեր իրական փաստից:
Իրականությունը փոխելու փորձերիցս մեկը խոզի պոչիկն է, որն այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիա գերդաստանի անդամներին՝ «Հարյուր տարվա մենություն» վեպում: Կարող էի ինչ ասես հնարել, բայց ինձ թվաց, որ եթե նորածնին օժտեմ խոզի պոչիկով, ապա դա նվազագույնս կհամընկնի իրականությանը: Այսուհանդերձ, հենց վեպը հայտնի դարձավ, զույգ Ամերիկաների տարբեր մասերում հայտնվեցին պոչիկ ունեցող տղամարդկանց ու կանանց խոստովանությունները: Բարանքիլայում մի երիտասարդ այդ մասին հայտարարեց թերթերով: Նա պոչիկով էր ծնվել, որը երբեք ու ոչ մեկին չէր ցուցադրել, քանի դեռ չէր կարդացել «Հարյուր տարվա մենությունը»։ Այս առթիվ նրա պարզաբանությունը նույնիսկ ավելի զարմանալի էր, քան պոչիկը՝ ինքը։ «Ես չէի ուզում այդ մասին ոչ մեկին պատմել, քանի որ ամաչում էի,- ասել է նա։- Բայց հիմա, կարդալով վեպը ու լսելով նրանց, ովքեր նույնպես կարդացել են, հասկացա, որ դա բացարձակ բնական է»։ Շատ չանցած, ընթերցողներից մեկն ինձ թերթի կտրածո ուղարկեց, որտեղ խոսվում էր մի սեուլցի աղջկա մասին։ Նա էլ էր պոչիկով ծնվել, բայց հակառակ իմ ենթադրություններին, աղջկա պոչիկը կտրել էին, և նա ողջ էր մնացել։
Այսուահանդերձ, գրողի իմ ամենադժվար փորձը «Պատրիարքի աշունը» գրքի նախապատրաստությունն էր: Համարյա տասը տարի կարդացի Լատինական Ամերիկայի և հատկապես Կարիբյան ավազանի բռնապետերի մասին այն ամենը, ինչ կարող էի՝ որպեսզի գիրքը… հնարավորինս քիչ հիշեցներ կյանքը: Բայց ամեն քայլափոխի հիասթափություն էի ապրում։
Վենեսուելական բռնապետ Խուան Վիսենտե Գոմեսի կանխազգացումն ավելի ուժեղ էր, քան ցանկացած մարգարեական ձիրք, իսկ Հաիթիի առաջնորդ դոկտոր Դյուվալյեն վերացրեց երկրի բոլոր սև շներին, որովհետև նրա թշնամիներից մեկը, ջանալով փրկվել այդ բռնակալից, լքել էր մարդկային կերպարանքն ու սև շան տեսք ընդունել: Դոկտոր Ֆրանսիան, որի հեղինակությունը չափազանց մեծ էր որպես մտածող, փակեց Պարագվայի Հանրապետությունը, ասես դա իր սեփական տունը լիներ` բաց թողնելով միայն մի օդանցք, որի միջով փոխանցում էին փոստը: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց իր սեփական ոտքը՝ ճոխ հուղարկավորությամբ։ Լոպե Ագիրեի կտրված ձեռքը նավարկում էր գետն ի վար, և յուրաքանչյուր ոք, ով տեսնում էր այն, ահից դողում էր՝ երկյուղելով, որ սարսափելի ձեռքը դեռ ի վիճակի կլինի դաշույն գործածել: Նիկարագուայի Անաստասիո Սոմոսա Գարսիայի կալվածքում գազանանոց կար, որի վանդակները թեթև ճաղերով երկու մասի էին բաժանված՝ մի կեսում վայրի գազաններն էին, մյուսում` նրա քաղաքական հակառակորդները: Մաքսիմիլիան էռնանդո Մարտինեսը` սալվադորյան աստվածաբան-բռնակալը, հրամայեց փողոցի բոլոր լապտերները կարմիր թղթից թասակով ծածկել, որպեսզի անցկացնի կարմրուկի համաճարակը, և հորինել էր ճոճասլաք, որն ուտելուց առաջ դնում էր կերակուրների վրա՝ պարզելու համար, թե արդյոք թունավորված չեն։ Իսկ Մորասանի արձանը, որը դեռ կանգուն է Տեգուսիգալպեում, իրականում մարշալ Նեյինն է: Երբ պաշտոնական հանձնաժողովը Լոնդոն էր ժամանել արձան պատվիրելու, որոշել էին, որ ավելի էժան կնստի գնել Նեյի պատրաստի ու պահեստում մոռացված արձանը, քան ծախս անել իսկական Մորասանի համար։
Կարճ ասած, մենք՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի գրողներս, պետք է ձեռքներս սրտներիս դրած խոստովանենք, որ իրականությունը շատ ավելի լավ գրող է։ Մեր ճակատագիրն է, և միգուցե նաև մեր փառքի դուռն է, որ փորձենք ընդօրինակել այն խոնարհաբար և առավելագույն գործադրմամբ մեր ձիրքերի։
Թարգմանությունը իսպաներենից՝ Վահրամ Մարտիրոսյանի


Դժվար էր կարդացվում «100 տարվա մեպությունը» ինձ համար : Երևի՞ շատ պետք է կարդալ նույն հեղինակի այլ բանեդը… Լավ է նա հնչում հայերեն։