Արդեն քանի դար է միայնակ նստած եմ այս սեղանի առջև։ Ցերեկին հաջորդում է գիշերը, գիշերվան՝ ցերեկը։ Ոչ ոք ոչինչ չի մատուցում։ Սեղանը, թերևս, լիքն է։ Սեղանի շուրջ դատարկ է։ Միայն ես եմ, կամ՝ նա։ Ես՝ նա եմ։ Լուռ եմ․․․Լուռ է աշխարհը․․․Աշխարհը երկնքի կանչին չի արձագանքում․ Ես աշխարհն եմ․․․ Արևի առաջին շողերը լուսավորեցին երկինքը․ Երկինքը դեռ չի դիմադրում։ Արևի շողերը բարձր ճչում են։ Նստած եմ սեղանի առջև…․ Սեղանի աջ կողմում… Սեղանի ձախ կողմում… Նստած եմ իմ դիմաց… Աջից՝ ես աղմկում եմ, ձախից՝ ծաղրում, իսկ դիմացից, նայելով ուղիղ աչքերիս մեջ՝ ստում։ Կապույտն ինձ չի հետաքրքրում․ կապույտը ես եմ… Ես ճախրում եմ օդում… Ես թռչուն եմ… Ես հողին ամուր կանգնած թռչուն եմ որսում․․․ Երեկո է… Ընթրում եմ։ Ես միայնակ եմ, համենայնդեպս, այս սենյակում։ Ընթրիքն ինձ դուր եկավ․ ես իմ որսած թռչունն եմ ուտում… Արդեն գիշեր է… Ատում եմ գիշերը․ գիշերը ես եմ․․․ Ես և գիշերն եմ, և լուսաբացը… Ես ընթրում եմ, ընթրիքն էլ եմ ես։ Ես երկնքի կանչին չեմ արձագանքում․․․ Վերջապես ես եմ երկինքը․․․ Ես ինձ չեմ լսում։ Ես լուռ եմ… Ես լուռ եմ… Լուռ է աշխարը․․․ Ես աշխարհի ճիչն եմ․․․ Սենյակն ամբողջությամբ դատարկ է․ Մենք նստած էինք սեղանի շուրջ․․․ Մենք տասներկուսն էինք, մենք քսաներկուսն էինք, մենք հազարն էինք․․․ Ես մենակ էի․․․Սենյակը լիքն էր այնքանով, որքանով դատարկ էր․․․ Նա իմ դիմաց էր․ Նա ես չէի․․․ Ես իմ արտացոլանքն էի, նա իմ արտացոլանքն էր․․․ Սեղանի տակ թափված էին ծաղկի թերթիկներ։ Ամենը նրանն էին․․․ Նա չկար․․․Սեղանի տակ թափված էին ծաղկի թերթիկներ․․․ Գարուն էր․․․ Մենք նստած էինք ծաղկած ծառերի տակ․ Նա բարձր ծիծաղում էր․․․Ես լուռ էի․․․ Նա գնաց․․․Ես լուռ էի․․․ Նա չկա․․ Ես լուռ եմ․․․Ես լուռ եմ․․․ Սենյակը դատարկ է, սեղանը՝ նույնպես։ Սեղանի տակ թափված չեն ծաղկի թերթիկներ։ Դրսում գարուն չէ։ Աշխարհն աղմկում է․․․Ես լուռ եմ․․․ Ես աշխարհի աղմուկը չեմ։ Ես լուռ էի, ես լուռ եմ․․․ Նա տասներկուսն էր, կամ քսաներկուսը։ Նա այլևս նա չէր․․․ Նա չկար․․․ Սեղանը լիքն էր․․․Մենք տասնմեկն էինք․․․ Նորից գարուն է․․․ Մենք տասնմեկն էինք, նա տասներկուսն էր։ Աշխարհը լուռ է, ես աղմկում եմ։ Ես եմ աղմուկը․․․

