Ահմադ Աքբարփուր | Գրականությունն ի՞նչ գործառույթ ունի մանուկների ու դեռահասների համար

Եթե հարցնեք դեռահասներին կամ նրանց ծնողներին, թե գրականությունն ինչ գործառույթ ունի այս տարիքային խմբերի համար, կլսեք գրեթե նման պատասխաններ։ Սովորաբար, դրանք պատասխանում են այս բնական և ծանոթ հարցին հետևյալ կերպ․ գրականությունը կարող նրանց ծանոթացնել մեծ բանաստեղծների ու գրողների հուզական աշխարհին։ Կամ, գրականության միջոցով կարելի է գտնել ուղեցույց դեպի ավելի լավ կյանք ու հասարակության անդամների հեռ ավելի կառուցողական փոխազդեցություն։
Պատասխանները շատ բազմազան են, և սովորաբար դրանցից ոչ մեկը սխալ չէ։ Օչինակ այն, որ գրականության միջոցով մենք պահպանում ենք մեր մշակույթի և ավանդույթների արմատնեիը և կապը մեր նախնիների հետ։
Որոշ դեպքերում, նույնիսկ կարող է թվալ, որ նրանց համար գրականությունն ունի նաև կիրառական գործառույթ, երբ նրանք ասում են. «Մենք ցանկանում ենք, որ գրականության միջոցով երեխան ավելի արագ սովորի իր մայրենի լեզուն՝ կարդալու և գրելու նպատակով»:
Իրականում, բանաստեղծություններ և պատմություններ կարդալով՝ երեխայի կամ դեռահասի գրավոր և բանավոր հմտությունները կարող են բարելավվել:
Դպրոցում ընթերցասեր երեխաներն ու դեռահասները ավելի մեծ հաջողություններ են գրանցում կարդալու, գրելու և դպրոցական առարկաները հասկանալու հարցում:
Ոմանք կարող են նույնիսկ ավելի հեռու գնալ այս հարցին պատասխանելիս և գրականության վրա դնել պատմությունը և իրենց երկրում պատահած իրադարձությունները ուսումնասիրելու պատասխանատվությունը: Ճիշտ այնպես, ինչպես շատերն ակնկալում են Ֆերդուսիի «Շահնամեից» պատմության և դրա փոթորկալից դարաշրջանների ըմբռնում։
Չնայած գրականության հիմնական խնդիրը կարող է չլինել պատմական իրադարձությունների և առասպելական ժամանակաշրջանների ներկայացումը, այնուամենայնիվ, չի կարելի այս գործառույթը սխալ համարել: Պարսկախոս բանաստեղծների մեծ դիվաններում կարելի է գտնել նման պատմական ակնարկներ կամ հայտնի առասպելներից քաղված խոսք։ Հաֆեզն ասում է․

Սաբրի ջրհորում այրվեցի՝ հանուն այդ հուր դիցուհու,
Արքան թուրքերի անտարբեր է մեր վիճակին ․ Ռոստամը որտե՞ղ է։

Կամ․

Անդուլ տարիներ սիրտը մեզանում Ջամշիդի գավաթն էր փնտրում,
Մինչ այն, ինչն նա արդեն ուներ, օտարից էր խնդրում։
Մեծն Ֆերդուսին իր երկերի մեծ մասը նվիրում է առասպելներին և թագավորներին, որոնցից մի քանիսը երևակայական են, իսկ մյուսները՝ իրական։ Այս մեծակտավ գրքում, մշակույթին, պատմությանը և առասպելներին ծանոթանալուց բացի, ընթերցողը նաև քաղում է բարոյախրատական դասեր.
Ֆերեյդունը հրեշտակ չէր եկած երկնից,
Ոչ էլ մուշկից էր նա ու համպարից։
Արդար ու վեհ էր նա, որ ազնիվ դարձավ,
Դու էլ վեհ ու արդար եղիր` Ֆերեյդուն դառնաս։
Այլոք գրականության մեջ և, մասնավորապես պատմվածքներում, կարդում են կերպարների կյանքի բազմազան փորձառությունները և սկսում են նրանց համակրել։ Նման փորձառություններ ձեռք բերող ընթերցողները սկսում են զգալ, որ հասկացել և ընկալել են մի քանի կյանք, որից յուրաքանչյուրն ունի իր սեփական ավանդույթներն ու կանոնները։
Կյանքի այս տարբեր ըմբռնումները նրանց պատրաստում են բախվել իրենցից տարբերվող գաղափարների հետ և ավելի մեծ հեշտությամբ ընդունել սեփական «եսից» անդին կամ «մյուսին»։ Նրանք գիտակցում են, որ յուրաքանչյուր մշակույթ և ավանդույթ ունի իր սեփական վարքային և բարոյական կանոններն ու, անգիտակցաբար, դա հնարավորություն է տալիս շփվել այլոց՝ իրենից տարբերվողների հետ։
Երբ երեխան կամ դեռահասը տեղյակ է լինում այլ երկրներում հյուրընկալության բազմազան սովորույթների մասին, նրանց հանդիպելիս նա չի զգում, որ իրեն անարգալից են վերաբերվել։
Վիկտոր Հյուգոն «Թշվառները» վեպում պատկերում է լավ ու վատ մարդկանց՝ նրանց գործողությունների և վարքագծի միջոցով, և ընթերցողին է հանձնում Ֆրանսիայի՝ որոշ տարիների սովորույթները, ավանդույթները և հատուկ օրենքները՝ նրանց ուսումնասիրության և դատողության համար։
Գրականության մեկ այլ կարևոր գործառույթ, հատկապես երեխաների և դեռահասների համար, այն է, որ այն մի քանի ժամով նրանց կտրում է արգելքների և հրահանգների մթնոլորտից: Մանուկներն ու դեռահասները գտնվում են այն տարիքում, երբ պետք է ենթարկվեն կրթական համակարգի մարտահրավերներին՝ լինի դա մաթեմատիկա, սոցիալական կյանքի կանոնների կամ կրոնի ուսուցում, և տանը դաստիարակության կանոնները. ինչ հագուստ հագնել, ինչպես ողջունել մեծերին և այլն։
Այս պայմաններում գրականությունը կարող է մի քանի ժամով ազատել նրանց այս մտահոգություններից և տեղափոխել երևակայական տարածք, որտեղ նրանք կարող են ճամփորդել երկինք և հեռավոր մոլորակներ կամ ըմբշամարտել հսկաների ու կախարդների հետ։
Մի փիլիսոփա ասել է. «Արվեստը տրվել է մեզ, որպեսզի չխեղդվենք իրականության ավելցուկից»։ Քանի որ երեխան և դեռահասը ավելի շատ են ենթարկվում կրթության և դաստիարակության կանոններին, բնական է, որ նրանք ավելի շատ ուրախության և զվարճանքի կարիք ունենան՝ մի բան, որը գրականությունը կարող է հնարավոր դարձնել նրանց համար։
Չնայած նշված բոլոր կետերը գրականության գործառույթներից են և շատ կարևոր են, իմ կարծիքով՝ ամենակարևորը ընթերցողի երևակայության և ստեղծագործարարության ամրապնդումն է։
Երևակայությունը գիտության աղբյուրն է, և բոլոր գյուտերն ու հայտնագործությունները նախ ձևավորվել են մտքի և երևակայության հարթությունում։ Էդիսոնը նախ լույսը մտքում պատկերացրեց, ապա տրամադրեց էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ գործիքները։ Սպահանում Սի-օ-սե-փոլ կամուրջը նախագծողը նախ այն ստեղծեց երևակայությունում, ապա նկարեց թղթի վրա և կատարեց անհրաժեշտ հաշվարկները, և վերջապես անցավ դրա կառուցմանը։
Մեր նախնիներից առաջինը, ով դուրս եկավ քարանձավից և ընտրեց ապրելու այլ վայր, օժտված էր ավելի մեծ ստեղծարարությամբ, քան այլոք։
Պատմում են, որ հայտնի գիտնական Այնշտայնի դասախոսությունից հետո մի մայր իր երեխային բերել է նրա մոտ և հարցրել, թե ինչ պետք է անի, որ իր երեխան դառնա Այնշտայնի նման հետազոտող ու գիտնական։ Նա հետաքրքիր պատասխան է տվել. «Գնացեք և կարդացեք Ձեր երեխայի համար հին հեքիաթներ ու լեգենդներ»։
Իրականում, Այնշտայնն ուզում է ասել, որ երևակայությունը գիտության հիմքն է, և երևակայության մակարդակը ամրապնդելու և բարձրացնելու համար գրականությունը լավագույն գործիքն է։
Ժյուլ Վեռնի նման գրողը «Քսան հազար լյո ջրի տակ», «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» և «Աշխարհի շուրջը 80 օրում» գիտաֆանտաստիկ ստեղծագործություններով ցույց տվեց երևակայության և գիտության միջև սերտ կապը։ Նրա ստեղծագործությունների հրատարակման ժամանակ ընթերցողները դրանք համարում էին ոչ այլ ինչ, քան պարզապես հեղինակի երևակայություն։ Սակայն մեկ դարից էլ պակաս ժամանակ պահանջվեց, որ նրա երևակայությունը ձեռք բերի կիրառականություն։
Նույնիսկ հիմա, ատենախոսության կամ որևէ այլ գիտական թեզի համար նախ երևակայությունն է խոսում, ապա՝ հետազոտությունը: Օրինակ, քիմիայի ասպիրանտը նախ առաջարկում է մի հիպոթեզ, որը հիմնված է երևակայության և ենթադրությունների վրա. եթե այսինչ տարրը համակցվում է այդինչ տարրի հետ, ապա այնինչ արդյունքը կստացվի։ Այս թվացյալ պարզ տեսության համար նա պետք է հետազոտի երեքից չորս տարի, որպեսզի արդյունքի հասնելու համար։
Եթե ծնողները հասկանային, որ յուրաքանչյուր ոլորտի և արվեստի համար, որը իրենց երեխաները կընտրեն ապագայում, գրականությունը կարող է նպաստել նրանց երևակայության զարգացմանը, նրանք անպայման ավելի բարենպաստ միջավայր կստեղծեին ընթերցանության և իրենց երեխաների հետագա ընտրությունների համար։
Քանի որ գրականությունն ընդհանրապես, և մասնավորապես պոեզիան ու պատմվածքները անհնարինը հնարավոր են դարձնում երևակայության հարթությունում, կարող են ընդհանուր առմամբ ակտիվացնել լսարանի, և մասնավորապես՝ երեխայի ու դեռահասի միտքն ու երևակայությունը, որպեսզի նրանք չբավարարվեն արդեն իսկ եղածով, այլ բացեն մի նոր դարպաս իրենց և աշխարհի համար։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *