1950 թվականի օգոստոսին Տոկիոյում լույս է տեսնում ճապոնացի արձակագիր Տաչիբանա Սոտոոյի[1] «Չքնաղ ծաղիկ. Յուձենիկայի պատմությունը»[2] վեպը, որի գլխավոր հերոսներն են Մանջոու-գո խամաճիկային պետության մայրաքաղաք Չանչունում բնակվող հայ ձեռնարկատեր Էկատիսյանը և նրա երիտասարդ դուստրերը՝ Մերսենիկան և Յուձենիկան։ Վեպի պատմողը՝ հեղինակին համանուն Տաչիբանան, գործուղվել է Չանչուն՝ աշխատելու Մանջուրիայի միակ կինոընկերությունում, որտեղ էլ ծանոթանում է հայ ընտանիքի հետ։ Հաճախակի այցելելով ընտանիքին պատկանող սրճարան և հյուրանոց՝ Տաչիբանան ընկերանում է նրանց հետ և լսում նրանց կրած դժվարությունների պատմությունը։ Այս հոդվածի նպատակն է ներկայացնել Տաչիբանայի վերոհիշյալ վեպը և դրա հայ հերոսներին։

«Չքնաղ ծաղիկ. Յուձենիկայի պատմությունը» վեպի առաջին հրատարակության շապիկը (Ճապոնիայի խորհրդարանի գրադարան)
Մոռացված արձակագիր Տաչիբանա Սոտոոն (1894-1959)
Տաչիբանա Սոտոոն ծնվել է 1894 թվականին Կանաձավա քաղաքում՝ ցամաքային զորքերի գնդապետ Տաչիբանա Նանասաբուրոյի ընտանիքում։ 1922 թվականին հրատարակել է առաջին վեպը՝ «Երբ մայր էր մտնում արևը»: 1938 թվականին «Նահարինի արքայազնի մասին հուշերը» վեպի համար արժանացել է զանգվածային գրականությանը տրվող «Նաոկիի մրցանակ»-ի։
1943 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մանջոու-գո խամաճիկային պետության մայրաքաղաք Չանչուն (1932-45-ին այն անվանվում էր Սինկին)՝ նախ աշխատելով գրքերի վաճառքով զբաղվող ընկերությունում, իսկ այնուհետև Մանջուրական կինոընկերությունում («Մանշյու էյգա կյոկայ» կամ «Ման-էյ»), որտեղ իր կարիերան է սկսել հայտնի դերասանուհի Յամագուչի Յոշիկոն (1920-2014, չինական անունը՝ Րի Կորան)։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո վերադարձել է Ճապոնիա և գրել «մանշյու-մոնո» (մանջուրական ստեղծագործություններ) կոչվող մի շարք գործեր, որոնք գնահատվում են հիմնականում փաստագրական արժեքի համար։ Դրանց թվում է նաև վերոհիշյալ «Չքնաղ ծաղիկ. Յուձենիկայի պատմությունը» վեպը, որի գործողությունները տեղի են ունենում Չանչունում։
Տաչիբանայի ստեղծագործությունների ժանրերը և թեմաները բազմազան են՝ սարսափ, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, երգիծանք և այլն։ Գրաքննադատ Կամիմուրա Մինատոն նրա գործերը դասակարգում է որպես «հերետիկոսական» կամ «սուբվերսիվ» («իտան բունգակու»)[3]։
Հայ վաճառականները Չանչունում
Թեև Տաչիբանայի վերոհիշյալ վեպը դասվում է գեղարվեստական գրականության ժանրին, բայց կարելի է ենթադրել, որ այն մասամբ հիմնված է իրական անձանց և դեպքերի վրա։ Տեղեկությունները կցկտուր են, բայց հայտնի է, որ Մանջոու-գոյի շրջանի Չանչունում գործունեություն են ծավալել մի քանի հայ առևտրականներ, որոնք ենթադրաբար զբաղվել են սրճարանային, հյուրանոցային գործով, կառավարել են հրուշակեղենի և ալկոհոլային խմիչքների գործարաններ։ Արծվի Բախչինյանը նշում է, որ Չանչունի հայերի թիվը եղել է մոտ 45։ Քաղաքում գործել են նրանցից ամենանշանավորին՝ Իվան Օ. Ավետիսյանին պատկանող մի սրճարան-հրուշակարան և «Արմենիա» սրճարանը[4]: Ժամանակի ճապոնական ճանապարհորդական ուղեցույցներն ու քարտեզները հաստատում են նաև Նիհոնբաշի փողոցում գտնվող «Արարատ» հրուշակարանի գոյությունը (որը գուցե պատկանել է վերոհիշյալ Իվան Ավետիսյանին)[5]։ Ըստ Տաչիբանայի ժամանակակիցների, վեպի հերոս Էկատիսյանի սրճարանը հիմնված է հենց «Արարատ»-ի վրա։ Գրականագետ Յոշինո Տայհեյը մեջբերում է «Շյուկան Ասահի»[6] հանդեսի ընթերցողներից մեկի նամակը, որտեղ նա գրում է, որ Էկատիսյանի սրճարանը հիշեցնում է Նիհոնբաշի փողոցի «Արարատ»-ը՝ ավելացնելով, որ մեկ անգամ այցելել է այդ սրճարանը և հիշում է սեփականատիրոջ գեղեցկադեմ ավագ դստերը[7]։
Գրքում զետեղված վերջաբանը նույնպես թույլ է տալիս ենթադրել, որ հայ հերոսների հիմքում ընկած են իրական մարդիկ։ Մասնավորապես, Տաչիբանան գրում է Մաջուրիայի հայ ծանոթների հանդեպ ունեցած խոր համակրանքի մասին և նշում, որ պատերազմից հետո հայ ընտանիքը բանակցել է խորհրդային իրավասու մարմինների հետ՝ երաշխավորելով իր ընտանիքի անվտանգությունը[8]։
Ի դեպ, 1950 թվականին հրատարակվել է վեպի միայն առաջին մասը։ Թեև հեղինակը վերջաբանում նշում է, որ մտադիր է մոտ ապագայում վերջացնել երկրորդ մասը և որպես սիրո ու երախտիքի նշան այն նվիրել օտար հողում ապրող իր հայ ընկերներին, բայց ինչ-ինչ պատճառներով երկրորդ հատորը լույս չի տեսել։
«Չքնաղ ծաղիկ. Յուձենիկայի պատմությունը» վեպը[9]
Երկրորդ աշխարհամարտի նախավերջին տարում, երբ ամերիկյան B-29 ռազմական ինքնաթիռներն արդեն սկսել էին ռմբակոծել ճապոնական քաղաքները, վեպի հերոս Տաչիբանան ժամանում է Չանչուն՝ աշխատելու տեղական կինոընկերությունում։ Աշնանային մի զով երեկո նրան հյուր եկած ծանոթը պատմում է վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած երկու աղմկահարույց սպանության մասին։ Զոհերից մեկը Սպիտակ ռուսների միության նախագահն էր, իսկ մյուսը՝ ճապոնացի խաբեբա։ Երկուսն էլ սպանվել էին միևնույն կերպ. հանցագործը սուր կտրող-ծակող գործիքով ծակել էր նրանց սիրտը, իսկ ճակատներին երկաթգծերի համար նախատեսված խոշոր մեխ մխրճել։ Քանի որ մատնահետքեր ու ականատեսներ չկային, գործի քննությունը որևէ եզրահանգման չէր բերել։
Որոշ ժամանակ անց Տաչիբանան չինացի ծանոթի ուղեկցությամբ այցելում է «Էկատիսյանի սրճարանը» ՝ հինգհարկանի համանուն հյուրանոցում գտնվող հրուշակարան։ Շքեղ սրճարանը, որը համարվում էր լավագույնը Չանչունում, լի էր ճապոնացի և ռուս[10] հաճախորդներով։ Տաչիբանայի չինացի ծանոթը պատմում է, որ շինության երկրորդ և ավելի բարձր հարկերը ծառայում են որպես հյուրանոց, իսկ նկուղային հարկում գործում է ռուսական ուտեստներ մատուցող ռեստորան։ Ընտանիքին են պատկանում նաև թխվածքաբլիթի և շոկոլադի գործարաններ, Հարբինում գտնվող օղու գործարան, ինչպես նաև Դալյանի արվարձաններում խնձորի այգիներ, որտեղ խնձորի ջեմ և մեղր են արտադրում (էջ 34)։ Ի դեպ, վերոհիշյալ «Արարատ» հրուշակարանի պահպանված բացիկները ցույց են տալիս, որ ընկերությունն ունեցել է նաև քաղցրեղենի և շոկոլադի գործարան, որը նույնպես հաստատում է ենթադրություններն այն մասին, որ Էկատիսյանի սրճարանի հիմքում հենց «Արարատ»-ն է։
Տաչիբանան շուտով ծանոթանում է Էկատիսյանի և նրա դուստրերի հետ։ Ավագ քույրը՝ Մերսենիկան, 24-25 տարեկան է, իսկ կրտսեր քույր Յուձենիկան 21-22 տարեկան։ Երկուսն էլ բարձրահասակ են, նրբակազմ և այնքան գեղեցիկ, որ պատմողը զարմանք է հայտնում, թե «ինչպե՞ս են այդ հաղթանդամ, մազոտ հորից ծնվել այսպիսի գեղեցկուհիներ» (էջ 37)։ Տաչիբանան սկզբում կարծում է, թե ընտանիքը ռուս է, բայց Էկատիսյանի դուստրերն ուղղում են նրա սխալը։ «Մենք ռուս չենք։ … Մայրս ռուս է եղել, մենք ծնվել ենք Կովկասի Բաթումում։ Բայց հայրս հայ է։ … Իսկ մենք այժմ Իրանի քաղաքացիություն ունենք»,- պարզաբանում է Յուձենիկան (էջ 45):
Ինչպիսի՞ երկիր է Հայաստանը։ Որտե՞ղ է այն գտնվում։ Տաչիբանան, որը երբևէ չէր լսել Հայաստանի մասին, Էկատիսյանի դուստրերի միջոցով ծանոթանում է դրա հետ։ Հայաստանը մի երկիր է, որը ժամանակին Փոքր Ասիայից մինչև Կովկաս տարածք է զբաղեցրել։ Հետագայում այն բաժանվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, կորցրել է անկախությունը։ Դա է պատճառը, որ կան ռուսական, թուրքական, իրանական և այլ երկրների քաղաքացիություն ունեցող հայեր։ Չանչունի քսան հայերի քաղաքացիությունն էլ բազմազան է՝ Իրան, Թուրքիա, Չեխոսլովակիա, Ռումինիա և այլն (էջ 54)։ Այժմ Խորհրդային միության մաս կազմող Հայաստանի հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։ Պատմական Հայաստանի կենտրոնում է բիբլիական Արարատը, որը հայերի համար միևնույն կարևորությունն ունի, ինչ Ֆուջի լեռը ճապոնացիների համար։ Հայերի ազգանունները «յան»-ով են վերջանում: Հայաստանում բացառիկ գեղեցկուհիներ են ապրում: Հայերը նաև ձեռնարկատիրության մեծ տաղանդ ունեն, ինչի ապացույցն է նաև հայր Էկատիսյանը՝ հայրենիքից հեռու ապրող մի մարդ, որը Չանչունում հինգհարկանի շինություն ունի, հյուրանոց, սրճարան, ռեստորան, արտադրում է քաղաքի ամենահամեղ թխվածքաբլիթներն ու շոկոլադը, 200-ից ավելի աշխատողներ ունի՝ մանջուրացի, ռուս, ճապոնացի (էջ 56-60)։
Տաչիբանան ընկերանում է հայ ընտանիքի հետ և սկսում հաճախ այցելել նրանց հյուրանոց և սրճարան։ Սակայն մի օր նրան է մոտենում ճապոնական ռազմական ոստիկանության մի ներկայացուցիչ, հարցուփորձ է անում Էկատիսյանի ընտանիքի մասին և խնդրում, որ Տաչիբանան նրանց լրտեսի՝ ասելով, որ ընտանիքի անդամներից մեկը կասկածվում է երկու անձի սպանության մեջ։ Տաչիբանան, հայ ընտանիքին պաշտպանելու համար, որոշում է նրանց առաջարկել հանգանակություններ անել ռազմական ոստիկանությանը՝ առանց նշելու պատճառը։ Երբ Էկատիսյանն ու Մերսենիկան նրան հարցախեղդ են անում, Տաչիբանան ստիպված է լինում տեղեկացնել ոստիկանության կասկածների մասին։ Այդ ժամանակ Էկատիսյանը սկսում է երկար պատմություն պատմել։
Երեք տարի առաջ, երբ Յուձենիկան Հարբինի քոլեջում էր սովորում, Մերսենիկան մեկ շաբաթով նրան հյուր է գնում։ Չանչուն վերադառնալիս նա գնացքում պատահաբար հանդիպում է Սպիտակ ռուսների միության նախագահ Ուզան Տրոյանսկուն։ Չանչուն վերադառնալուց հետո տղամարդը նրան սիրահետում է, նամակներ է ուղարկում, խոստանում է կնոջից բաժանվել և նրա հետ ամուսնանալ։ Սակայն Մերսենիկան մերժում է 40-ն անց տղամարդու նկրտումները, որից հետո վերջինս սկսում է ճշումներ գործադրել ընտանիքի դեմ։ Օգտագործելով իր դիրքն ու ճապոնական բանակի և ոստիկանության հետ ունեցած կապերը՝ դադարեցնում է շաքարի մատակարարումը Էկատիսյանի գործարաններին, մեծ վնաս պատճառում նրա բիզնեսին և ի վերջո բռնանում է Մերսենիկայի վրա։ Էկատիսյանները, ճապոնական արդարադատության հետ հույսեր չկապելով, ոստիկանություն չեն դիմում։
Որոշ ժամանակ անց հայր Էկատիսյանին է այցելում Մորոոկա անունով մի ճապոնացի և առաջարկում նրան բարձրորակ օշարակ մատակարարել։ Թեև ի սկզբանե ճապոնացու պահվածքը վստահություն չէր ներշնչում, բայց Սատո անունով աշխատակիցը Էկատիսյանին համոզում է համաձայնել գործարքին։ Մորոոկան պահանջում է նախօրոք վճարել ամբողջ գումարը՝ ասելով, որ օշարակը գնելու է ճապոնական բանակի համար սնունդ արտադրող գործարանից, թողնում է ստացականներ և գնում։ Խոստացված օշարակն այդպես էլ գնորդին չի հասնում, իսկ Մորոոկան ու Սատոն անհետանում են։ Էկատիսյանը դիմում է ոստիկանություն, բայց քանի որ ստացականները Սատոյի հետ միասին անհայտ կորել էին, ոչնչի չի հասնում։ Այնուհետև պարզվում է, որ Մորոոկան ու Սատոն Տրոյանսկու հետ պայմանավորված են գործել։
Էկատիսյանը, անհաջողություններից չվհատվելով, ստեղծում է օտարերկրացի ձեռնարկատերերի միություն, գտնում է նոր մատակարարների և կրկին հունի մեջ է գցում իր գործարանները։ Այդ ժամանակ էլ, երբ ընտանիքը վերջապես խաղաղվել էր, տեղի են ունենում աղմկահարույց սպանությունները՝ սկզբում սպանվում է Տրոյանսկին, իսկ մի քանի ամիս անց՝ Մորոոկան։ Լսելով սպանության եղանակի մասին՝ Էկատիսյանը հիշում է Օսմանյան կայսրության հայերի վրիժառության մի ձև, որի մասին նրան պատմել էին մանկության տարիներին։
Օսմանյան կայսրությունում հայերը դաժան հալածանքների էին ենթարկվում։ Կառավարության հրամանով արգելված էր հայերին հրազեն և սառը զենք կրելը, ուստի Մալաթիայից մինչև Դիարբեքիր հասնող լեռնային շրջաններում ապրող հայերը մութ գիշերներին երկաթգծերից հանում էին մեխերը, սրում դրանք և որպես զենք օգտագործում թուրքերից վրեժխնդիր լինելու համար։ Նրանք թաքնվում էին, սպասում թշնամու մոտենալուն և մի քանի մետր հեռավորությունից մեխը խոցում նրա ճակատին։ Փորձառու վրիժառուները անգամ տասը մետր հեռավորությունից էին կարողանում անվրեպ հարվածել (էջ 294-95)։
Սակայն Չանչունի երկու տասնյակ հայերից չկար գեթ մեկը, որն ընդունակ լիներ սպանության, կամ տիրապետեր երկաթգծի մեխով խոցելու այդ հնարին։ Ոստիկանությունը նույնպես, չունենալով մատնահետքեր և վկաներ, որևէ հետքի վրա դուրս չի գալիս։ Բայց հայր Էկատիսյանն ու Մերսենիկան շուտով սկսում են կասկածել, որ հանցագործը Յուձենիկան է, որը փորձել է վրեժխնդիր լինել հոր և քրոջ կրած տառապանքների համար։ Կասկածանքների առիթ է դառնում մի փոքրիկ միջադեպ։
Մի օր Էկատիսյանի դուստրերը կայարանում ուշացող գնացքին սպասելիս սկսում են մանր քարեր նետել՝ ձանձրույթը ցրելու համար։ Հանկարծ Յուձենիկան կենտրոնանում է և քար նետում մի քանի մետր այն կողմ գտնվող թռչնի վրա։ Քարը դիպչում է թռչնի գլխին և անմիջապես սպանում նրան։ Յուձենիկան ձևացնում է, իբր պատահականություն է եղել, բայց չի կարողանում փարատել քրոջ կասկածներն այն մասին, որ ինքը մասնակից է եղել երկու տղամարդկանց սպանությունների մեջ։ Մերսենիկան ու հայրն անհանգստանում են, որ ոստիկանությունը կարող է պարզել իրողությունը և մահապատժի ենթարկել Յուձենիկային։ Սա պատմելով՝ Էկատիսյանը Տաչիբանային խնդրում է ճապոնական ռազմական ոստիկանության մոտ բարեխոսել իր ընտանիքի մասին և պաշտպանել Յուձենիկային։
Էկատիսյանի հյուրանոցից տուն վերադառնալիս Տաչիբանան մտորում է Մանջոու-գոյում տիրող անարդարությունների մասին։ «Սա է ճապոնական տիրապետության տակ գտնվող Մանջուրիայի քաղաքականության տխուր պատկերը։ Ռուս արհմիության նախագահ, որը ճապոնամետ ձևանալով ու ճապոնական իշխանություններին քծնելով, հալածում է իրենից թույլերին։ Կվանտունյան բանակի սպաներ, որոնք ռուս ձեռնարկատիրոջ մանիպուլյացիաներին ենթարկվելով փոխում են բանակի մատակարարներին, ճապոնացի ոստիկաններ, որոնք ամեն ինչում մեղադրում են անպաշտպան օտարերկրացիներին։ Մի՞թե սա է այն «արքայական ճանապարհը», որը խոստացել էին» (էջ 324-25)[11]։
Նույն երեկոյան տեղի է ունենում ևս մեկ հանցագործություն։ Սպանում են երիտասարդ ռուս կնոջ, նույն եղանակով, ինչ Տրոյանսկուն և Մորոոկային։ Դաշույնով ծակում են սիրտը, իսկ ճակատին երկաթգծային մեխ են խոցում։ Տաչիբանան, դեպքի վայրի կողքով անցնելով, լսում է ինչպես են մարդիկ խոսում՝ «Ինչ գեղեցկուհի է, ինչ ափսոս»։ Լսելով, որ զոհը ռուս է, Տաչիբանան որոշում է միանալ ամբոխին և տեսնել դիակը։ Սիրտը մեկ ակնթարթ կանգ է առնում։ Կարծես թե զոհը Յուձենիկան է։ Ինչպե՞ս կարող էր դա պատահել։ Չէ՞ որ Յուձենիկան այսօր Հարբինում է։ Ո՞վ է նրա հետ այդքան դաժան վարվել։ Տաչիբանան արցունք թափելով տուն է քայլում, բայց ճանապարհին սկսում է կասկածել իր տեսածի վրա։ Հնարավոր է՝ զոհն ամենևին էլ Յուձենիկան չէր։ Գուցե դա Լենան էր՝ Մերսենիկայի ռուս ընկերուհին, որը Տրոյանսկուն օգնել էր, որ նրա վրա բռնանա։
Վերջաբան
Վեպի առաջին մասը ավարտվում է՝ թողնելով բազմաթիվ հարցականներ, իսկ երկրորդ մասն այդպես էլ լույս չի տեսնում։ Առաջին մասի վերջաբանում հեղինակը գրում է, որ սպանությունների հեղինակը Յուձենիկան և նրա ընկերուհիներն էին և ավելացնում, որ հիանալով հոր ու քրոջ համար վրեժխնդիր լինող երիտասարդ կնոջ խիզախությամբ՝ որոշել է գրի առնել նրա պատմությունը։
Ինչպիսի՞ հարաբերություններ են ունեցել Մանջոու-գոյի հայ առևտրականները ռուսների և ճապոնացիների հետ։ Ի՞նչ միջադեպ կարող էր առիթ հանդիսանալ՝ գրելու այս վեպը։ Բաց են մնում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները գուցե հնարավոր լինի գտնել ճապոնական մամուլի արխիվներում։
[1] Ճապոնական անձնանունները գրված են ազգանուն, անուն հերթականությամբ։
[2] Տաչիբանա Սոտոո, Յոկա. Յուձենիկա մոնոգատարի, Մեյկյոկուդո, 1950 (橘外男『妖花:ユウゼニカ物語』名曲堂、1950):
[3] Կավամուրա Մինատո, Ճապոնիայի հերետիկոսական գրականությունը, Շյուեյշյա շինշյո, 2001(上村湊『日本の異端文学』集英社新書、2001):
[4] Արծվի Բախչինյան, Հայերը Չինաստանում. Հայ-չինական պատմամշակութային առնչությունները, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 178:
[5] Շինկյո կանկյո կյոկայ, Մայրաքաղաք Սինկինի ուղեցույց, Շինկյո կանկյո կյոկայ, 1940(新京観光協会『国都新京案内』新京観光協会、1940):
[6] Մինչ վերջնական հրատարակչությունը, վեպը 1949 թվականին առանձին մասերով տպագրվել է «Շյուկան Ասահի» հանդեսում։
[7] Յոշինո Տայհեյ, 1950-ականների Մացումոտո Սեյչյոն. Մեդիայի համահնչությունն ու ժանրերի վերափոխումը, Վասեդա համալսարանի հայցորդի ատենախոսություն, 2018, էջ 49(吉野泰平『松本清張の一九五〇年代:交響するメディアとジャンルの更新』早稲田大学博士論文、2018):
[8] Երկրորդ աշխարհամարտից հետո Մանջուրիայից հայրենադարձվող ճապոնացիներից շատերն անցել են բազմաթիվ փորձությունների միջով՝ սով, բռնություն, բանտարկություն։ Ուստի կարելի է ընթադրել, որ հայ ընտանիքի միջամտությունը մեծ դեր է կատարել Տաչիբանայի ապահով հայրենադարձության գործում։ Հայրենադարձության հիշողությունների մասին կարող եք ընթեցել հետևյալ գրքում՝ Յոմիուրի օրաթերթ, Հայրենադարձության պատումները. երեխաների հայրենադարձության փորձը, Իվանամի շյոտեն, 2024 (読売新聞生活部『引き揚げを語る:子どもたちの戦争体験』岩波書店、2024):
[9] Այս հոդվածում օգտագործվել է վեպի 1988 թվականի վերահրատարակությունը։
[10] Մանջոու-գոյում ռուսախոս մարդիկ հիմնականում դասակարգվում էին որպես ռուս։
[11] Մանջոու-գոյի կարգախոսներից էին «Օդո րակուդո»-ն՝ «արքայական ճանապարհը», որը պետք է բերեր ուտոպիական պետության ստեղծման և «գոձոկու կյովա»-ն՝ «հինգ ազգերի ներդաշնակ միությունը»։ Հինգ ազգերն էին ճապոնացիները, հան չինացիները, մանջուրները, մոնղոլները և կորեացիները։


