հիմա,
երբ արդեն աշուն է,
ու ծառը պահարանի
հիշողությունն է միայն,
ընկած տերևներն
իրար մեջ խոսում են՝
արժե՞ր
տարիքն իմանալու համար
կտրել նրան։
***
ես մոռացել եմ քեզ։
ուղղակի ամեն օր հետևում եմ
եղանակի տեսությանը
քո քաղաքում
ու երբեմն էլ
նայում եմ ջրանջատումները
ձեր փողոցի։
հա’, ես հաստատ մոռացել եմ քեզ,
ուղղակի երբ
մայրս ինձ նախատում է,
ես նեղանում եմ քեզնի’ց։
երբ բաժակ եմ ջարդում
լացում եմ քե’զ համար։
ինձ հարց են տալիս
ես քե’զ եմ պատասխանում։
երբ ինձ հետ սխալ են վարվում
դարձյալ քե’զ եմ ներում։։։
ես փորձում եմ
կորցնել հետքդ տողի մեջ,
բայց գրողը տանի
սա բանաստեղծություն է
քո’ մասին։
ես բաց եմ թողել
քեզ մոռանալու
ամեն հնարավորություն։
ի՜նչ ծիծաղելի դժբախտություն է։
***
փոքրիկ մի անկյուն պահիր
ինձ համար քո գլխում։
հիշիր իմ գոյությունը։
հացի փշրանք տուր
ճայերին իմ ներսի,
թե չէ աղմկում են այնքան,
թե չէ աղմկում են այնպես,
որ չեմ լսում անգամ իմ մտքերը։
տաք եղանակ խոստացիր նրանց։
համոզիր որ, ես եմ ամենալավ տեղը։
հասկացրու,որ չի կարելի ուտել
ամեն մեկի ձեռքից,
և որ որ լեշը չէ ամենալավ կերը։
ստեր փչելով քամի ապահովիր,
ջրերին ևս դուրս բեր ափերից
ու տե’ս
ու վերջապես տե’ս,
որ …
ջուրը կյանք չէ,
մահ է,
երբ շատ է
ու երբ ներսում է։
բայց խեղդվել կարելի է
ցամաքում անգամ…
փոքրիկ մի անկյուն
փորիր ինձ համար քո գլխում
ու թաղիր խեղդված
ճայերին իմ ներսի։
***
ամեն ինչ ունի սկիզբ,
բայց աշխարհը ստեղծվել է ոչնչից։
ես մի անգամ եղել եմ երկնքում
ու ասում եմ, որ
սկզբում սկիզբն է եղել,
հետո է ստեղծվել լույսը՝ խավարից։
հետո մեղք է եղել
ու ստեղծվել է մարդը՝
երկրագնդի պես կարծր։
հետո անհնազանդություն է եղել։։։
ինչքան հեշտ է մտածել բաների մասին,
որոնք չեն պատահել քեզ հետ…
ամեն ինչ միշտ նույնն է եղել։։։
միշտ էլ խոսել են մեծ-մեծ,
ու ապրել՝ փոքր-փոքր,
միշտ էլ պայթողը սիրտն է եղել,
իսկ արցունք եկել է աչքից։
միշտ էլ չի տարել քունը,
երբ չափից դուրս երջանիկ են եղել
կամ եղել են չափից ներս դժբախտ…
միշտ էլ չեն սպասել այլ պտուղների,
երբ խնձորի ծառ են տնկել…
ես մի անգամ եղել եմ երկնքում…
ես արգելված պտուղն եմ,
որ կերավ Եվան։
ես Ադամի մատն եմ,
որ Աստծուն այդպես էլ չհասավ։։։

