Զավեն Բեկյան | Oզզի Օսբորն

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ՕԶԶԻ ՕՍԲՈՐՆ

Մի մթնշաղոտ երեկո
չղջիկների երամի հետ նա կվերադառնա՝
դժոխքի ուլտրաձայներից փայլող թևերով,
հաղթահարելով անեծքի թանձր քուլաները
և աշխարհի ցերեկվա մեջ խարխափելով․․․

Բայց երամը պատրանք կլինի,
քանզի չղջիկները միայնակ են թռչում։ —

Մեն-մենակ, ինքը,
Բիրմինգհեմի ածխոտ բլուրների պես սև,
ցայելով բարկ Ոգու քրտինքը
խենթ նոտաների շողարձակ լուսաշավղին․․․

Խավարի արքայազնը՝
Անդենականի կամարից ընդառաջ եկող,
հակասական լույսի մականը ձեռքին․․․

 

ՖՐԻԴՐԻԽ ՀՅՈԼԴԵՌԼԻՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մարմանդահոս
Նեքարը
մարմրուն մրմունջներ էր
հղում լուռ աստղերին։

Աստվածավախ հյուսնը
խորհուրդների մեջ էր
անկողնում ՝ մեծ մտքերի,
չնայած խուլ խռմփոցին
կողակցի․․․ «Էհ, բարեգութ Տեր,-
խորհում էր,- իմ մի աման ոսպը
ողորմության՝ այս հեգ խենթին,
թող որ արդար անի
գոյը իմ երկրային։ Տես՝
ձեղնահարկում է նա ու․․․ Քեզ ավելի մերձ,
քան նվաստս ․․․ ստերջ,
որ լոկ փայտը գիտեմ․․․
Թեև հյուսն էին նաև
Հովսեփը, Նոյն ինքը՝
տապանը կցմցելիս․․․»։

Իսկ ձեղնահարկում, մշուշոտ
գիտակցության հալոցքի մեջ
մի միտք բառ էր փնտրում
ծնվելու ու չէր գտնում։
Մի լուսավոր դեմք էր
աղավաղվում մթնում։—
«Դիոթի՜մա» ,- շշնջաց
խենթը այդ պատկերին ։
Նեքարը մրմունջն էր իր
հղում լուռ աստղերին․․․

 

ԴԱՆԱՅԱ ԵՎ ԷՄՊԵԴՈԿԼԵՍ

Սերն ու Տարաձայնությունն են
հիմքը երկնային լուսատուների կառույցի։
Զի դրանք են ձգում ուղեծրերը և բաժանում։—

Այսպես մտմտում,
տնտղում էր Էմպեդոկլեսը
վարքը երկնային մաքոքների — ուշիմ։
Բայց արդեն ուշ էր՝ երբ մի պահ հայացքը կլանվեց
վարդաբույր պարտեզներով Դանայայի,
ում նույնիսկ ինքը՝ Զևսն էր աղերսում․
«Դանայա՜, Դանայա՜, ես եմ, ե՜ս․․․
Այդպես խոժոռ մի նայիր, իմ ոսկյա՜․․․
Նե՜րս թող ինձ․․․»։
Ու ոսկե անձրևի տեսքով
այնուամենայնիվ Դանայայի
ննջարանը սողոսկեց․․․

Տարաբա՜խտ Էմպեդոկլես,
մեծ մտքերը թողած,
գլխապտույտ նետվեցիր
կործանարար խառնարանը սիրո,
որ քեզ կլանեց՝ մի նոր
արտաժայթքման համար․․․

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

1․ ԱՄՌԱՆ ԱՄՊՐՈՊԻՑ

Բարկ վարդի նման
բացվում եմ հայացքների
հիացքներն ի վեր
և վարդաջուրն իմ ՝
անձրև եմ ցողում․․․

2․ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԱԿԻՑ

Գլաքարերի
անուշ, գլգլան
լեզվով եմ խոսում,
գրանիտների
սրբատաշ էջին
ասողիկ հոսում։
Ու մի կարմրախայտ
խայտալով գալիս,
ուզում է գրիս
գլխատառ դառնա։

3․ ԱՍՏԱՆԴԱԿԱՆ ՔԱՄՈՒՑ

Անվերջ հեծեծում
ու անհյուրընկալ
դռներ եմ ծեծում։
Հոգնած կհասնեմ
լեռան կատարին,
կբացեմ սիրտս
իրեն, կմարեմ․․․

4․ ԹԻԹԵՌԻ ՕՐԱԳՐԻՑ

Չիմացա երբեք՝
ինչ բան է տարին․․․
Վայրկենափոշի եմ
մաղում խոտերին․․․—
Այսքանն է կյանքս։
Միայն ծաղկին է
պարզ անրջանքս․․․

 

* * *

Գարգառ գյուղի հին ճամփեքին
վերհիշեցի Պուշկինին։—
Պատմությունն էր տիրել մտքիս,
հիշողության թունդ գինին․․․

Անցել է նա այստեղերով
հայոց Էրզրում գնալիս։
Մառախուղի մեջ՝ մոլորվել,
տվել նույն հարցը կրկին․

«Սա ո՞ր գյուղն է»,- հարցրել է։
«Գարգառ»,- ասել են գյուղացիք։
Ջղայնացել է․ «Նորի՞ց Գարգառ»,
ու գուցե դիմել․․․հիշոցի․․․

Հանդիպել է Բազումի լանջին
Գրիբոյեդովի դագաղին։
Հեռվում իր զանգն է ղողանջել
մահվան — լսել է կանխավ․․․

« Ահա Կովկասն իմ ոտքի տակ,
ես՝ մեն-մենակ վերևում»։
Հիմա մա՞րդ է, թե հրեշտակ —
այստեղից չի երևում․․․․

 

ՏԱՂ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ

Ողկույզ-ողկույզ լույսն է հալչում
անդաստանին։
Մեջ վազերի իր վազքն ունի
Այն պատանին։

Հուր հեր ունի պատանյակն այդ —
ոսկեգիսակ։
Շուտով պիտի դիցուհին գա,
կապի պսակ

Նրա ճակտին ու շնչով իր
հեռու վանի
փշերը նենգ այդ պսակից։
Եվ պարմանին

պիտի ճզմի բոկոտն սույն
ողկույզները
հնձաններում հռիփսիմյան։—
Եվ բխեա՜ սեր,

և պարուրի՜ ամենեցուն․․․
Եվ տրոփե՜ն
ողկույզները գիրգ, առլեցուն
գինով Սրբվո․․․

 

ԵՐԱՇՏԻ ՏԵՂԱՏԱՐԱՓԸ

Ունկերի քաղց ու ամլություն։
Օրփեոս՝ բզկտված, Մարսիաս՝ մորթազերծ։
Երաժշտություն՝ գետնաքարշ՝
Տարտարոսի խրամուղիներ նետված․․․

Ի մխիթարություն՝ մանկությանս տեղատարափներն եմ վերհիշում,
երբ հորդ անձրևը նվագում էր բակի թիթեղյա տարաների վրա
անհայտ մի ջազ-կոմպոզիտորի հերթական մի գործ, իսկ մեկը
Սուրբ Հովհաննու վանքի զանգերն էր հնչեցնում անվերջ,
որ տեղատարափը հանկարծ կարկուտի չփոխվի ․․․

Բայց ոնց որ թե սա տևելու՜ է, գնալու՜ է մի քառասուն օր ․․․
Սղոցի ու կացնահարվածների խուլ ձայներ եմ լսում
Անհայտ հեռուներից — Նոյ, մի՞թե այդ դու ես․․․
Ոնց որ թե բարձրանալու են ամեհի ջրեր նորից,
որ մակընթացվեն աշխարհը բռնած խելահեղ կրակների վրա
ու գուցե թե մարեն ու գուցե թե մարե՜ն․․․

 

ԼՈՌԻ

Ինչպես Արշակ թագավորն
Անհուշ բերդում ՝
Հայաստանից բերած հողի վրա,
ինչպես Անթեյն առասպելական,
երբ ոտքերով իր հողի վրա է —
ես անպարտ ու ամուր եմ զգում ինձ
Այստեղ,
բայց և ․․․փխրուն՝
կարոտից
արտասվելու չափ․․․

 

* * *

Տո՜նն է մրգահասի։
Ծաղիկներն են ցնծում։
Պսակների թասին՝
ցայվող շողացնցու՜ղ․․․

Եվ առէջներն ի վար
է՜ջքն է այն Անեղծի,
որ իջնում է սիրով
սաղմատուն՝ ստեղծի․․․

Պայծառ պա՜հ վետվետուն,
ներբռնկյալ լույսի․․․-
Պսակաթերթի դող՝
մրգի ավետիսից ․․․

 

ՏԱՊԱՆՆԵՐ

Գնալով աղմուկն ուժեղանում էր
հեռավոր մի ծփանքի — շատ ջրերի ձայնը։
Նոյը վաղ արթնացավ։ ՈՒնկերում
երազում լսած այն ձայնն էր դեռ, որ ասաց․
«Կառուցիր տապանդ, Նոյ, զի միայն քեզ ու
քո սերունդներին եմ փրկելու․․․»։

Մայրիների տախտակների
սղոցված կույտերը՝ դարսված։
Գայլիկոնը, ռանդան, մուրճն ու մեխերը․․․
Առաջին տաշեղները՝ շուրջանակի թռչող։
«Օրհնյա՜լ է հորիզոնը փրկության,
տարածությունը Եհովայի՝ ուր որ աչքդ կտրի․․․»,-
մրմնջաց Նոյն ու խոնարհվեց Աներևույթի առաջ․․․

Բայց մեկի շնչառության ծանր հոտն
ըզգաց հետևից, ապա՝ խռպոտ ձայնը․
«Դու ընդամենը հյուսն չե՞ս մի խեղճուկրակ—
ինչու՞ է հենց քեզ փրկում․․․Այ-այ-այ․․․
Անիմանալի են սխալները Նրա․․․»։ —
Կիսով չափ շրջվեց ու եղջյուրների ծայրերը նշմարեց․․․

Մի տեսիլք եկավ Նոյին — մշուշում
տեսավ դեմքը Նրա, ով պիտի բարձրացներ
Տապանը Բանի, և Նրա շուրջ՝ կաղկանձողներ․
«Սա այն հյուսն Հովսեփի որդին չէ՞, որ
եկել, մեզ խելք է սովորեցնում իր արևին ․․․Հայ-հա՜յ․․․
Թող գնա հոր գործիքները բանեցնի․․․»։

Գնալով աղմուկն ուժեղանում էր
հեռավոր մի ծփանքի — շատ ջրերի ձայնը…

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԱՀՐԱՏԻ ՀԵՏ

Երազումս
Պոլսի կորած ու մոլորած մի փողոցում
կրպակ տեսա մի գեղեցիկ
ու մոտեցա։ — Եվ ո՜վ զարմանք,
վաճառողը Զահրատն ինքն էր՝
մի խորամա՞նկ, թե տխրամած
փայլ աչքերում ․․․ Տեսա՜կ- տեսակ
կողպեքներ էր շարած չորս դին,
ու Զահրատը՝ դրանց մեջտեղ․․․
Ասի՝ Վարպետ,
եկել եմ ես է՜ն հեռավոր Հայաստանից
( ամենևին վնաս չունի, թե երազ է․․․)
ու կարոտ եմ քո պոլսաբույր բառ ու բանին։
Ո՞նց ես էսպես յոլա գնում էս ․․․ժանգի մեջ,
սակարկելով-սաղացնելով թանկ ու էժան․․․
Ասաց՝ մանչս,
առևտուրը դժվար բան չի, ինձնից առաջ
Պարոնյանն էր խառ կանաչի ծախում էստեղ՝
ծախում-նաղդում ու դրա հետ
նաև չքնաղ պատմություններ փռում թղթին․․․
Ասի ՝ ես էլ պոետ եմ մի,
ում բերել է Հյուսիս քամին։
ՈՒրախացավ, բերեց մի գավ սուրճ, քաղցրեղեն․․․
Ապա ասաց՝ մի հարց տամ քեզ՝
քանի զարթնել՝ չես ․․․ վերացել։ —
Ինչի՞ բացելն է շատ դժվար,
ու փակելը՝ էն ի՞նչ բանի․․․
Ասացի՝ դե դա երևի
կողպեքների տեսակ լինի․․․
«Չէ՜,- օրորեց գլուխը նա,մի խորամա՞նկ,
թե տխրամած փայլ աչքերում,-
ոչ մի կողպեք։ Ասեմ ես քեզ՝
Աստծո գաղտնիք բացելն է զոռ՝
կնքված ձեռամբ ամենազոր,
իսկ փակելու կողմից ծանրը․․․
բամբասանքը ծրարելն է
լռության մեջ, համաձա՞յն ես․․․»։
«Հա, երևի ճիշտ ես, Վարպետ»,-
ասացի ու ես Վարպետին
ձեռք մեկնեցի հրաժեշտի․․․
Էդ մեկնելն էր, ու արթնացա,
թղթին տվի սա՝ չմոռացա․․․

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Դա Օզզիի երևի երազը թարգմանելու պես մի բան է ձեր պոէզիան … Շատ որախացա՝ – Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *