Պատերազմի սարսափներից մեկը, որի մասին հաճախ մոռանում են, այն է, որ այն շարունակվում է նաև խաղաղության ժամանակ՝ արդյունաբերական փոխակերպումների միջոցով։ Գիտենք, սակայն մոռանում ենք, որ փշալարը, որով մինչ օրս շատերը պարսպում են իրենց արտերն ու կալվածքները, ծագում է Առաջին աշխարհամարտի խրամատներից և ներկված է անթիվ-անհամար զինվորների արյամբ։ Գիտենք, սակայն մոռանում ենք, որ փչվող նավակները, որոնցով լի են մեր ծովափերը, հնարվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ Նորմանդիայում զորք իջեցնելու համար։ Գիտենք, սակայն մոռանում ենք, որ գյուղատնտեսության մեջ կիրառվող հերբիցիդները՝ մոլախոտերի դեմ պայքարի միջոցները, առաջացել են այն հերբիցիդներից, որոնք ամերիկացիները օգտագործել են Վիետնամում՝ անտառները ոչնչացնելու նպատակով։
Եվ վերջապես՝ վերջինն ու ամենասարսափելին. ատոմային էլեկտրակայանները՝ իրենց չվերամշակվող թափոններով, ատոմային ռումբերի «խաղաղ» փոխակերպումներ են։
Եվ արժե հիշել, ինչպես գլխի ընկավ Սիմոնա Վեյը[2], որ արտաքին թշնամու դեմ մղվող պատերազմը միշտ էլ քաղաքացիական պատերազմ է, որ արտաքին քաղաքականությունը, ըստ էության, ներքին քաղաքականություն է։ Շրջելով Կլաուզևիցի[3] բանաձևը՝ կարելի է ասել, որ այսօր քաղաքականությունն ինքն է պատերազմի շարունակությունը՝ այլ միջոցներով։
Խոհարարներ, դերասաններ և նավապետներ
Կիերկեգորի մի արտահայտություն կատարելապես նկարագրում է մեր պատմական դրությունը. «Զգույշ եղեք. նավն այժմ նավախոհարարի ձեռքում է, և նավապետի բարձրախոսից հեռարձակվող խոսքերն այլևս երթուղու մասին չէն, այլ թե վաղն ինչ կուտենք»։ Երբեմն ոչ թե խոհարարն է նավը ղեկավարում, այլ դերասանը, որը, երթուղու փոխարեն, մեզ պատմում է իր բեմադրած պիեսի մասին։ Ամեն դեպքում, նավը կարող է միայն խորտակվել։
Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի
[1] Ջ․ Ագամբենը, ըստ ամենայնի, վերցրել է անգլիացի վիպագիր Ջորջ Օրուելի «1984» վեպի հայտնի եռատողից («Պատերազմը խաղաղություն է։ / Ազատությունը ստրկություն է։ / Տգիտությունն ուժ է:»)։
[2] Սիմոնա Ադոլֆինա Վեյ (Simone Weil, 1909 – 1943) – ֆրանսիացի հումանիստ փիլիսոփա։ «Խորհրդածություններ պատերազմի մասին» (Réflexions sur la guerre) հոդվածում Սիմոնա Վեյը գրում է․ «Պատերազմին վերաբերող գրեթե բոլոր ուսումնասիրություններում հիմնական սխալը, որի մեջ ընկել են մասնավորապես բոլոր սոցիալիստները, պատերազմը որպես արտաքին քաղաքականության մի դրվագ դիտարկելն է, մինչդեռ այն, առաջին հերթին, ներքին քաղաքականության իրադարձություն է և ի միջի այլոց ամենասոսկալին»։
[3] Կարլ Ֆիլիպ Գոթլիբ ֆոն Կլաուզևից (Carl Philipp Gottlieb von Clausewitz, 1780—1831) – գերմանացի ռազմական տեսաբան, որը գերազանցապես հայտնի է իր «Վասն պատերազմի» (Vom Kriege) ընդարձակ աշխատությամբ։
