Նորայր Սարգսյան | Երկուսուկես(կիսատ) հանդիպում Բանաստեղծի հետ

Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյան

Հովհաննես Գրիգորյանին տեսել եմ ընդամենը մի քանի անգամ, այն էլ նրա կյանքի վերջին տարվա ընթացքում, երբ նա վերադարձել էր Իսրայելից, ու արդեն կարծես թե պարզ էր, որ ամեն ինչ որոշված է։ Ես այդ ժամանակ լոկալ հաջողությունների հասած բանաստեղծ էի, ինձ հավանում էին հինգշաբթիներին Գրողների միության շենքում հավաքվող ութ հոգանոց խմբից հինգը, որոնց մեջ կայի նաև ես։ 17 տարեկան եսասեր ու եսակենտրոն մի ջահել, որին թվում էր, որ աշխարհում ինչ-որ բան միայն կատարվում է նրա համար, որ ինքը դա համարի նշան ու բանաստեղծություն գրի։ Բանաստեղծի վերադարձն էլ ավելի շատ մի քանի էպիկական գործի նախանշան էր ինձ համար, քան տանջանքներից հայրենիք մարդու վերադարձ։ Նա շատ էր ասում, որ մեր աչքերի մեջ դեռ կրակ կա՝ ի տարբերություն հրեաների․ դա էլ էր շոյում իմ՝ փոքր ազգի բանաստեղծի զգացմունքները։ Ու ես, իհարկե, սպասում էի թագի փոխանցմանը, ես լրիվ ուրիշ բաներ էի սպասում ու սկսեցի մի քիչ ավելի հուզված կարդալ, քան սովորաբար։
Այն ժամանակվա տափակ ու սահմանափակ բանաստեղծություններիցս մեկն էր՝ որքան տափակ, այնքան ամբիցիոզ մի գործ։ Ես չէի կարդացել Գրիգորյանի գրածները, ես ազդվել է նրանից ազդվածներից, ու դե նա սկսեց։
Առաջին անգամ ինձ լսելուց հետո Բանաստեղծը ինձ մի քիչ նեղացրեց, պաշտպաններս պաշտպանեցին, նեղացողս նեղացա, բայց դե օբյեկտիվորեն տափակ տողեր էի գրել, թե բա՝ «անգամ ես եմ մեկ-մեկ մտածում հայտնի լինելու մասին»։ Կամ՝ «կպնում եմ արևից ու ծխում, ես Առյուծ եմ ահավոր մեծ ու մազոտ գլխով ու մռնչում եմ ցավից ահարկու»։ Դեռ լավ է՝ ավելի դաժան չեղավ, բայց դե ոչ մի քննադատություն էլ չի օգնում ոչ մեկին։ Մենք՝ հիվանդ մարդիկս՝ սկսնակ բանաստեղծներս, միայն գովեստ ենք փնտրում ։
– Էդ սիգարետը իբր ի՞նչ էր, կամ էդ ի՞նչ մեծամտություն ա՝ «անգամ ես», բոլորն էլ ուզում են հայտնի լինել։
Այդ առաջին հանդիպումից միայն այդքանն եմ հիշում։ Գրիգորյանի հին ծանոթները նրան հանդիմանեցին, հիշեցրին տարիքս, հիշեցրին իրեն ջահել ժամանակ ու փորձեցին փարատել իմ վիշտը, բայց դե բան էլ չստացվեց։ Ես դրանից հետո բանաստեղծություն չգրեցի, եկել էր արձակի ժամանակը, ու ուղեղս կամաց-կամաց մոռացության էր մատնում իմ անհաջող բանաստեղծական փորձերը։ Հիշողությունը տարօրինակ բան է, իսկ ի՞նչ է հիշողությունը։ Դիմում եմ google-ին։
Հիշողություն․ իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։
Ուղեղս որտեղի՞ց գտավ և բերեց իմ այս օրերը ու ինչո՞ւ։ Գրիգորյանին սերնդակից ռուս բանաստեղծն էր պատճառը։ Մի քանի օր առաջ Բրոդսկու մասին հաղորդում էի նայում ու հիշեցի, որ կային ժամանակներ, երբ ես բանաստեղծ էի։ Այդ ամենը վաղ անցյալում չէր և ոչ էլ երեկ չէ առաջին օրը, դա միջին վաղեմության իրադարձությունների փունջ էր, իսկ միջին վաղեմության դեպքերը ո՛չ այդ պահի հիշողության մեջ են լինում, ո՛չ էլ մարդու երկարատև հիշողության մեջ են իրենց արժանի տեղը գտնում, որովհետև դեռ չեն անցել ֆիլտրը և չեն ստացել համապատասխան դարակ ուղեղի մեջ։ Սակայն դրանք շատ կարևոր կարող են լինել, ու դրանց ի հայտ գալը մեկ-մեկ կարող է շրջադարձային նշանակություն ունենալ։ Չգիտեմ՝ կարողացա՞ նորմալ ձևակերպել, թե՞ ոչ, չգիտեմ՝ կարողանո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Հիմա ես 26 տարեկան եմ, ու այն ժամանակները, երբ ես սկսեցի հանգավորել մտքերս, հետո հանգերից ազատեցի դրանք, հետո ընդհանրապես անցա արձակի, հայտնվել են հիշողության այն բացատի մեջ, որտեղ մանրուքները կարծես թե այլևս կորսված էին մեկընդմիշտ։ Նորից բացում եմ Wikipedia-ն։
Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։ Շոշափելիքի, համի և հոտառության հիշողությունները որոշ վերապահումներով կարելի է անվանել մասնագիտական տեսակներ։ Դրանք ինտենսիվ զարգացած են լինում՝ գործունեության յուրահատուկ պայմաններից ելնելով։
Պատկերավոր հիշողություններս այնքան էլ շատ չեն այդ ժամանակներից, այդ ժամանակվա գրածս բանաստեղծությունները անհետ կորել են նախկին համակարգիչների, անհայտ թերթերի ու անհամար ձեռագիր թղթերի մեջ։ Փորձում եմ հիշել երկրորդ ու վերջին հանդիպումս Գրիգորյանի հետ։ Նորից նույն տեղում էր՝ գրողների միության նույն սենյակում։ Հավաքված էինք նորից նույն մարդկանցով՝ կարդալու իրենց հերթին սպասող ջահել գրողները, կարդալու իրենց հերթը կորցրած տարիքով մի քանի բանաստեղծ ու Գրիգորյանը։ Նրա աչքերում արդեն չկար այն հետաքրքրությունը մեր հանդեպ, իսկ ես ոչ մի նոր բան չէի բերել կարդալու, ու իմ այդ սենյակում լինելը ոչ մի իմաստ չուներ։ Ու ես ստիպված իմաստ էի փնտրում հավաքվածների մեջ։ Հայացքս պտտվելով նորից գտավ Գրիգորյանին։ Նա տանջված ու հոգնած տեսք ուներ, և ես սկսեցի պատկերացնել նրա վատանալը այդ սենյակում։ Ի՞նչ պիտի ես անեի, եթե հանկարծ նա սկսեր շնչահեղձ լինել։ Ինձ, չգիտես ինչու, թվում էր, որ հենց այս շենքում է նրա կյանքին վտանգ սպառնում, և եթե ես գրկած նրան դուրս հանեմ այս Գրողների միության շենքից, նրա շունչը տեղը կգա, ինձ շնորհակալություն կհայտնի, կկծի՝ ասելով, որ ավելի լավ է՝ ծանրամարտով զբաղվեմ կամ շտապօգնությունում որպես սանիտար աշխատեմ, բայց այլևս այդքան տափակ տողեր չգրեմ։ Ես թափ կտամ ձեռքերս ու կծխեմ, միգուցե նա էլ ծխի հետս։ Թքած․ չէ՞ որ ես նրա ավարտված կյանքը երկարացրել եմ անհայտ ժամանակով, իսկ անհայտ ժամանակը միշտ ավելի լավ է, քան հենց հիման, քան ժամանակի ավարտը, քան մահը։ Անհայտ ժամանակը ինձ նման ջահելի համար անվերջության հոմանիշն է, նրա համար՝ երևի թե տանջանքի երկարացում, սպասման տագնապ։ Այնպես որ գուցե հեչ էլ շնորհակալ չլինի ու ատի իմ անժամանակ Հիսուսությունը, համարի, որ փոքր քիթս խոթել եմ այնտեղ, որտեղ չի կարելի։ Բոլոր սցենարների դեպքում էլ թերևս մի երկու խոսք էլ կասի իմ չստացված պոեզիայի վերաբերյալ, մանավանդ եթե պաշտպաններս կողքիս չլինեն։ Իսկ ի՞նչ կասեմ ես։ Երբեք չմեռնես, Հովհաննե՛ս, չնայած ո՛չ հայրդ եմ, ո՛չ որդիդ, երբեք չմեռնես, որովհետև ես՝ եսասերս, «Չարենցից մի քիչ թույլս», քո կարիքը ունեմ, ես միշտ կա՛մ ուշանում եմ, կա՛մ շուտ գալիս, ես միշտ մնում եմ կիսատ ու անավարտ իմ պատմություններում։
Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կա՛մ որպես գործունեության խթան, կա՛մ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։
Ինձ նորից օգնության է գալիս Wikipedia-ն։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ինչի՞ց հետո, այդ մտքերի՞ց։ Գրիգորյանը չվատացավ, ես նրան չփրկեցի ու էլ երբեք չտեսա նրան ողջ, ու այդ զգացումը մնաց ուղեղիս գորշ նյութի կրիչների վրա, ու երևի երբեք էլ չհիշեի այս պատմությունը, եթե երեկ չէ առաջին օրը Բրոդսկուց ազդված չգրեի երկու բանաստեղծություն Բարսելոնայի մասին։ Բանաստեղծությունները գրելու ընթացքում եկան այս հիշողությունները․ ես նորից մի քանի րոպեով դարձա 17 տարեկան ամբիցիոզ բանաստեղծ ու սկսեցի հավանել իմ գրած բանաստեղծությունները ու չհասկանալ, թե ինչպես կողքիս մարդիկ ամբողջ խորությամբ չեն ընկալում իմ տաղանդը։ Եվ ուրեմն բանաստեղծությունները։

Միջերկրականի մեջ մի քանի բջիջ էլ ինձնից կա,
Ու հեռացող նավերի ու մոտեցող լողորդների
Շարժումը, որը անկասկած ջանք է անհատական,
Ու ալիքների շարժը հրամանով բոլոր աստվածների՝
Ծովային ու ոչ միայն, աստվածների ու ոգիների,
Տանում են բջիջներս մեռած, այսինքն՝ ինձ կամ դիակիս մի փոքր հատվածը,
Անհայտ ուղղություններով՝ տարածելով գոյությունս ծովում։
Ու դրա մասին իմ այս վարկածը ու հիմա իրար գլխի բջիջներից դեռ ողջերի հավաքվածը,
Այսինքն՝ ես կամ այն, ինչ դուք համարում եք, որ ես եմ,
Միայն չի հիշում, այլ նաև զգում է իր ներկայությունը Միջերկրականում։
Բջիջների կույտը՝ տարածություն ու ժամանակ արհամարհող,
Նվիրում է ինձ այս ազատությունը ստալինկայում։
Ու մեղմ քամին՝ ալիքների վրայով այնտեղ ինձ հասնող,
Կարծես ստեղծվել էր օդորակիչով՝ սենյակիս ծայրին հիմա ամրացված։
Ու այս մարմինը՝ կարծես ինձ բռնակցված,
Ու այս մազերը՝ ավելի սպիտակող,
Նորից թռվռում են այն տղայի գլխին 14 տարեկան,
Որը ժամանակին ես եմ եղել,
Եթե ժամանակին եղել եմ, ուրեմն հիմա կա՞մ։
Տարածվելով ու հեռանալով ծովում,
Հավաքվելով ու մոտենալով ափին,
Երգելով ու պարելով ներսում,
Աչքերով փնտրելով արփին՝
Տղան մոտենում է հայելուն,
Ջուրը ափով խփում դեմքին
Ու մի քանի մեռած բջիջ էլ նվիրում
Երևանի տակի ճահճին․․․

***
Իմ Բարսելոնան ծնվում է աչքերիս առաջ երկրորդ անգամ,
Ու Հիսուսի գալուստի նման դրան ինչ-որ բաներ երևի նախորդում են,
Երևանում հիմա ամառ է ու այնքան շոգ է, որ ակամա
Միջերկրականը թղթի վրա բառերով նկարում եմ։

Ավտոբուսների, մետրոյի վագոնների մեջ նստած
Մտքերս նորից գնում են դեպի ծով
Ու ռելսերի նման զուգահեռ ու համընթաց
Անցնում են մարդկանց կողքով։

Ի՞նչ գրքեր են կարդում մարդիկ ծովի ափին,
Ի՞նչ ջրեր են քարերին խփվում,
Գիշերները նվիրած շոգի սարսափին՝
Ես առավոտները նորից եմ ծնվում։

Սրճարաններում ափամերձ ու ավելի հեռու
Մարդիկ նստում են մի քիչ թեքացած,
Գուցե հիշում են իրենց մորը կամ թե քեռուն՝
Աչքերը անհայտ ուղղությամբ հառած։

Նոստալգիկ մտքերը համարյա միշտ
Անհաջողություններից հետո են գալիս,
Գալիս են նրանք՝ փրկելու շատ թե քիչ,
Գտնելու այն, ինչ մնացել է քեզնից։

Չգիտեմ՝ սրանք ավելի ստացվա՞ծ են, քան այն ժամանակվա գրածներս, չգիտեմ՝ իրենցից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ են, թե՞ չէ։ Չգիտեմ, ու ո՛չ Գրիգորյանը կա, որ հարցնեմ, ո՛չ էլ առավել ևս Բրոդսկին, այնպես որ թող այսպես էլ մնան այս տեքստի մեջ որպես օտար մարմին։ Իսկ Wikipedia-ն ի՞նչ է ասում այս առիթով։
Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։
Հաջորդ հիշողությունս Գրիգորյանի մասին նրա մահվան լուրն էր։ Մի քիչ անհամություն էլ պանթեոնի հետ կապված եղավ․ պարզվեց՝ մեր երկիրը չի կարողանում իրեն կայացած համարել ու վախենում է գրողին պանթեոնում թաղել, վախենում է, որովհետև չի հասկանում ու չի էլ հավատում, որ Սովետի ժամանակ հանճար չհամարվածը կարող է այդպիսին լինել, ու որոշողն էլ ինքն է կամ մենք ենք։ Խորենացու ողբից մի քիչ էլ ենք հետ ընկել, որովհետև «Թեպետ եւ եմք ածու փոքր և թուով յոյժ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ ի մերում աշխարհիս ու արժանի գրոյ յիշատակի…»։
Թաղման օրը հավաքվեցինք Գրողների միության շենքում։ Մարդիկ անսպասելիորեն շատ էին։ Թափորը քայլեց Բաղրամյանից Երիտասարդական, որտեղ էլ պիտի տեղի ունենար վերջին հրաժեշտը։ Մեզ հավաքեցին ու ամեն մեկիս մեկ բանաստեղծություն տվեցին, որ պիտի կարդայինք, ահա հիշողությունս ուղղակի փայլատակում է․ Մկրտչյան Մերրիին բաժին հասավ «Երբեք չմեռնես»-ը, Եղյան Լուսինեինը լավ չեմ հիշում, էլի կարդացողներ կային։ Ես ընտրեցի Հայաստանի մասին գործը, որ հանկարծ խայտառակ չլինեմ, քանի որ այն փոքր էր, բայց և նույնքան խորը, ինչպես մեր երկիրը։ Հերթով կարդացինք, վերջում կարդաց Մկրտչյան Մերրին, ու եկավ ժամանակը Բանաստեղծին Կամերային երաժշության տնից դուրս հանելու։ Ինձ մոտեցավ մի տղամարդ ու խնդրեց մնալ ու օգնել։ Այստեղ էլ ինձ փոքր, բայց կարևոր բան վստահվեց․ ես բռնել էի Գրիգորյանի նկարը ու քայլում էի դագաղի առջևից։ Ես շփոթված դեմքով, որը իմ բնական դեմքն էր այդ ժամանակներում, սև ու հին ֆրակով քայլեցի առաջ։ Չնայած փետրվար ամիսն էր, բայց արևը շատ ուժեղ էր շողում, երբ դուրս եկա մութ սրահից։ Մարդիկ ուշադրությունից կլորացած, արևից ցավող ու վշտից թաց աչքերով նայում էին իմ կողմ։ Ես քայլում էի, ու խմբված մարդիկ բացում էին ճանապարհը։ Տարօրինակ զգացում էր․ կարծես եկեղեցական ինչ-որ ծես լիներ, մարդկանց աչքերը նկարը տեսնելուց հետո փայլում էին, ու ժպիտ էր առաջանում նրանց դեմքերին։
Ավելի շատ իմ մասին ստացվեց, քան Բանաստեղծի, բայց ինչ արած․ այն ժամանակ իմ կյանքում մենակ ես կայի ու մի քիչ էլ սիրածս մեռած գրողները, որոնց մեջ Բանաստեղծը դեռևս չկար։ Ու տխուր է գիտակցել, որ հիմա արդեն կա, երբ արդեն չկա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *