Խաննե Ղուկասյան | Մետրո

Մետրո

Զգալ
Զգա՞լ
Զգալ մարմնիդ ստվերային ներկայությունը
Ձգտել ուսումնասիրել այն
Ուսումնասիրել մետրոյի պատերի պատկերների նման
Երկար նայել
Քեզ
Ու մետրոյի պատերին
Իբր հետաքրքիր է գովազդներին կուլ գնացած խցիկը
Հիմար գրառումներով լցված
Խեղդում է…
«սկանավորիր ու օգտվիր»,
«հատուկ առաջարկ»,
«անվճար քարտ»,
«քյուառ»,
«եղիր հմայիչ»,
«չհենվել»,
Հենվե՞լ
Հենվել պատկերացումներից,
Զգացածներից,
Քեզնից,
Քո գտնվելուց,
Քո գրելուց,
Հենվել մետրոյի ձողին
Կարդալ «հատուկ առաջարկները»
Ու հանկարծ հիշել
Քո առաջարկները
Շատ անձնական ու ցանկալի ակնարկները։
Գիտես
Նայելով մարդկանց
Թվում է տեսնում եմ նրանց անկյանք մտքերը,
Անկյանք ինչպես մետրոյի ուրարտական զարդանախշերը,
Մխրճված են մետրոներից մեկի ամեն անկյունում
Երևի ուրարտական են
Էդպես է թվում
Արևային սկավառակների նման աչքեր, առյուծներ, թռչուններ, հեծյա՞լ
Ավանակ էլ կա ոնց որ
Հա մեկ էլ այծեր, դրանք թափառում են ոնցոր
Կամ նրանց քշում են մի տեղից
Կամ նրանք ինքնակամ են գնում
Հիմա դրանք դուրս կգան նկարներից
Մետրոյի հերթերում քայլող մարդկանց նման,
Քայլում են իրար վրա ելնելով
Գլուխները կախ են,
Հեռախոսների մեջ
Միգուցե նրանք ուրարտերեն են խոսում կամ գրում
Նամակները ուրարտերեն ուղարկում
Ուրարտական ժամանակաշրջանն է կարծես
Աչքեր, արևներ, այծանման ոչխարներ
Ավանակներ, դրանց կառավարել փորձող մարդիկ
Թե՞ ավանակներն են կառավարում
Նրանք էլ երևի ուրարտերեն են զռում
Կամ ես եմ զառանցում,
Վերևի լույսերը թրթռում են
Դեղնասպիտակ պղտոր լույսը
Մարդիկ տարօրինակ նայում են
Թե ինչին եմ շոռ հայացքով հետևում
Տեսնում եմ մարդ, առյուծ երևի, պատվանդան
Ու գույները դրանց
Դրանց տակ «հատուկ առաջարկներն» են
Տեսնես դրանցից օգտվող կա ՞
Թե էդպես անհատակ մնում են։
Վեր ու վար են բարձրանում բոլորը
Իրար վրա, հետ
Կարծես դրախտ տանող աստիճաններն են
Ոչ թե երիտասարդական, կայարան
Խամրած նարնջագույն նստարանների սև մաշվածության նման
Մարդիկ միախառնված են
Երևի երկրի խորքն են գնում
Խարխափում են գետնի տակ
Մթության մեջ,
Տեսնես ինչի մասին են մտածու՞մ,
Նստարանի պես խամրած նրանց հայացքները
Գուցե մտածում են իրենք ինչ գովազդեն
Կամ ուր.
«Գովազդի համար զանգահարել»
Զանգե՞մ,
Զանգ չի գնում
Էլ չեմ զանգում
Ինձ էլ չեն զանգում,
Չեն գրում
Երևի ես եմ մեղավոր,
Որ ուրարտերեն չեմ հասկանում
Միգուցե խոսում կամ գրում են ես չե՞մ հասկանում
Կամ գրում են չի հասնում,
Երևի կապի խնդիր կա մետրոյում,
Բայց այնուամենայիվ նամակիդ սպասում եմ
Ստուգում եմ
Չկա՛ նամակ։
Չկա՛ս…
Ձեռքերդ այլ բան են երևի նայում
Տեսնես երբ կհիշեն ինձ
Գրելով կհիշե՞ն։
Շատ եմ շեղվել
Կամ շատ եմ զգալու մտքով խորացել
Մտածում եմ գոնե պատահական հանդիպենք,
Խցկոցիի մեջ,
Մետրոյից օգտվու՞մ էս
Գոնե տեսնեինք իրար էդպես
Իրար զգանք կիսատ-պռատ
Ոնց գրում ենք,
Չենք հանդիպում
Աչքիս հայտարարություն կպցնեմ մետրոյում,
Այդ միտքն էլ չի փրկում,
Հաջորդ կայարանը Բարեկամություն
Իջնում եմ
Վերջն է արդեն
Մարդիկ վազում են կողքով,վրայով, լխճելով
Էնքան ուժեղ են հրում,
Արթնացա ուրարտական մոտիվներով երազից,
Որը գերադասելի էր ծխահոտ անցումներից,
Ձանձրալի պարապմունքից
Ու քեզնից….

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *