Բանաստեղծ, արձակագիր: Ծնվել է 1980-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում: Ավարտել է Պոդգորիցայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հրատարակել է «Լռում եմ բանաստեղծությամբ», «Ոչ ոքի դուստրը» բանաստեղծական ժողովածուները, «Բախտը» և «Սերը չի թողնի, որ մեռնես» վեպերը: Գրում է նաև պիեսներ և աֆորիզմներ: Նրա սցենարով նկարահանվել է «Անդունդը» գեղարվեստական կինոնկարը: Ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր է, ռուսերենից թարգմանությունների հեղինակ: Նիկշիչում գործող «Լորենու տակ» պոեզիայի ամենամյա փառատոնի հիմնադիր-ղեկավարն է:
ՊՈԵԶԻԱ ԿԻՆԸ
ես կին եմ՝ պոեզիա
բանաստեղծությամբ է կուրծքս լիքը
և իմ կոկորդի մեջ վերնագրերն են նրանց
որ ի մի են բերում ասելիքս
ինքըս ինձ համար եմ գրում
հորինելով
գիրը իմ ճակատի
և այն տղամարդուն որին պիտի սիրեմ
իմ տողերի ցանցում
ես ապրում եմ ասես վանդակի մեջ
որից ելնել երբեք չեմ ցանկացել
ու ես գիտեմ
երբ դու համբուրում ես ափս
բանաստեղծությունն ես դու համբուրում իմ մեջ
և աչքերում իմ թաց
կարդում ես այն
ինչը
չկա իմ երգերում
ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՈՐ ՔԵԶ ՏԵՍՆԻ ՏԵՐԸ
Եթե ցանկանում ես, որ Տերը քեզ տեսնի
Մնա անտես
Պահիր ու պահպանիր փոքրությունը քո այդ
Մեծ ճամփեքի համար քեզ տակավին անհայտ
Խաչդ կրիր որպես
Աստվածային ընծա
Եվ փայփայիր ցավդ
Չէ՞ որ այն ապագա երջանկությունն է քո
Ապրիր մահըդ
Մեռիր նորածնի պես մաքուր
Այսպես, թե ուզում ես, որ Տերը քեզ տեսնի
Դու մնա դու –
Ցվերջ
Եվ մինչև նոր սկիզբ
ՈՉ ՈՔԻ ԴՈՒՍՏՐԸ
դա հենց ես եմ որ կամ
ինձ ծնողներ բուրժույ չի ընծայել բախտը
չունեմ հարազատներ
որ ազդեցիկ կապեր հաստատելով բացեն
բոլոր դռներն իմ դեմ
սիրեկաններ չունեմ
ոչ էլ վարձու լրտես-խուզարկուներ
փող էլ չունեմ գոնե բախտ գնելու համար
ուրվական եմ քայլող
իսկը հաշմանդամ եմ քաղաքական
չեմ բողոքում սակայն
ուրախացնում է ինձ ձյունը փաթիլ-փաթիլ
և փողոցը Ժիվկո Նիկոլիչի անվան
և գիշերը նրա բլյուզ- բարում
և խնձորը երբ այն սկսում է դեղնել
ուրախացնում է ինձ
հայրս իր պատռված ձախ կոշիկով
մայրս իր վզպատով 90-ականներից
հյուրասենյակս ցուրտ՝ ջերմ սրտերով լիքը:
Մարդուս ամենևին պետք չէ հասակ առնել
հասկանալու համար
որ երբեմն նաև ոչինչն ամեն ինչ է
և որ շռայլորեն բերել է բախտը մեր
որ մենք չունենք ոչինչ
ԵԼԻՐ ԵՎ ՊԱՅՔԱՐԻՐ
Ծանր է օրը
Ինչպես բեռը ցենտներ քաշով
Ինչպես Արքա – զանգը Կրեմլում ցուցահանված
Մահն ու ծնունդն ինչպես
Ինչպես այն սկիզբը որը չունի ավարտ
Ինչպես ընթացքն անկանգ…
Օրը ծա՜նր է ծանր է
Ինչպես պատերազմը Նապոլեոնի
Խաղաղությունն ինչպես Բոսնիայի հետ
Ինչպես ոմանց համար
Գիրը Դոստոևսկու
Ինչպես ռուսերենի դասը անգլերենի սիրահարի համար…
Ի՜նչ կարող ես անել նման մի օրվա հետ
Բացի այն ապրելուց
Ինչպես ամենամեծ թշնամուդ հետ
Ում ընդունես պիտի ճարահատյալ
Եվ պայքարես
Ելնես և պայքարես
CV*
բանաստեղծ է իմ անունը քանզի
այլ անուն չունեմ
կենսագրությունս երգերիցս զատ
ուրիշ տվյալներ չի պարունակում
երակներովս թանաք է հոսում
անգամ ծննդյան իմ տարեթիվը ինձ չի պատկանում
իմ փոխարեն է գրոտված ասես ամեն ինչ այնտեղ
ուր ապրում եմ ես այնպես աննկատ
ինչպես ուրիշի հորինած երգում
մասնագիտությամբ ես մարդ եմ անշուշտ
թեև ում է պետք մարդը ինձ նման
որի գրքույկը աշխատանքային դատարկ է իսպառ
բայց այսուհանդերձ իմ սիրտը լիքն է
ես աշխատում եմ հույսով երկնային աշխատավարձի
դա այն է ինչը հասու է նրան ով անուն ունի
երբ ինձ հարցնում են իմ ընտանեկան դրության մասին
ես միշտ ասում եմ
որ ունեմ մեկը ով սիրում է ինձ անորոշ սիրով
քանի որ անունն իմ բանաստեղծ է
այլ անուն չունեմ
ու եթե նույնիսկ հորինեի այն
մեկ է ոչ մեկը ինձ չէր հավատա
_________________
* CV (Curriculum Vitae, «Կյանքի Ընթացք» լատ.)
Ի ԾՆԵ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Խնդիրը ծնվելն է
մարդկանցից առանձին
գրելը՝ ձախ ձեռքով
քնելը՝ աջ ձեռքդ ձախ կրծքիդ
քանզի քո ինչ գործն է նստել ու մտածել
քո գործը պայթելն է երջանիկ պահերին
և այնպես ապրելը երգերով
ասես թե քո վերջին օրն է դա
և վերջին քո տողում
այլոց մեջ տեսնելն այն վերքերի
որոնցից քո արյունն է ծորում
և նույնիսկ երբ մեռնես քո շիրմից
անվանդ փոխարեն հառնելն է երգերիդ
ԳՐԱԿԱՆ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ
Մի օր
Ձեռքիցս երբ գրիչն ընկնի
Միտքս համրանա
Ստորակետերով տրոփող սրտիս զարկը դադարի
Ինձ իմ սիրելի երգի մեջ թաղեք
Հեռու կեղծավոր թփթփոցներից ուսերիս իջնող
Եվ ժպիտներից բեմականացված
Որ պտտվում են շուրջս կռկռան ագռավների պես
Բայց սկսեցեք ցավի փողոցում
Բովանդակության ներկայացումից
Եվ ինձ գամեցեք վերնագրերից պատրաստված խաչին
Որպեսզի մեռնեմ Հիսուսի նման
Թիկունքիս դաջված տառերի գրկում
Մի օր
Գրիչս երբ անհետանա
Իմացած եղեք
Որ ես այլևս չկամ աշխարհում
Հեղինակազորված թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի
