Նատաշա Սարջոսկա | Թափառական քամի

Lուսանկարը՝ Միլոս Դիմկովսկու

Նատաշա Սարջոսկան ծնվել է Սկոպյեում՝ Մակեդոնիայում, 1979 թ.-ին։ Բանաստեղծ է, էսսեիստ, թարգմանիչ, սոցիալական մարդաբանության դոկտոր՝ Փարիզի Սորբոն Նուվել, Բերգամոյի և Տյուբինգենի Էբերհարդ Կարլսի համալսարաններում։
Տարբեր լեզվական և մշակութային միջավայրերի ազդեցությունը մեծ է նրա բանաստեղծական մտածողության վրա՝ ինքնության, պատկանելիության, լեզվի և մարմնի ընկալման մեջ։ Սարջոսկայի պոեզիան գտնվում է սահմանի, տեղի ու տեղահանության, ցանկության, հիշողության և դրա փլուզման արանքում։ Շուրջ մեկ տասնյակ բազմալեզու ժողովածուներում («Կապույտ սենյակ», «Մաշկ», «Հոսող ջուր» և այլն) նրա տեքստերը դառնում են բացահայտման տարածք՝ «ես»-ն առաջ բերելով ոչ թե իբրև խոստովանություն, այլ հրավեր՝ էրոտիկ, քաղաքական, աշխարհագրական, խոցելի և երբեք ամբողջական։ Ի վերջո, Սարջոսկան գծագրում է շարժումը՝ հայրենիքից դեպի օտարություն՝ մերկացնող անկեղծությամբ։

 

ՍՐԲՈՍԿՐ

Ներողություն եմ խնդրում իմ հողի համար—
կռացած, խեղդված, պիրկ երակ
որ պայթում է անպատեհ
ամեն սահմանին կրկնակի ճաք
առանց անուն իսկ կրելու պատվի
ծովի մեջ կանգնած մի օրինախախտ։

Հիմա հանցանք է ունենալ անուն
վկայությունը քո անտերության—
փքվել է իմ մերժված հայրենիքը
խցանել ոլորված նյարդերս։
Ես ուժ չունեմ սպասելու
լուսաբացներիդ անշնորհակալ
վտարված ու մերժված
ես քեզ երգեր չեմ ձոնի
վրադ մատնաչափ հող կցփնեմ
հրակոծ, ժայթքող
ինչպես սերմը տղամարդու
հայր դառնալու միջոցին
այդ շուրթը կծած պահին
ներսում
հառաչելով, ոռնալով
որից հետո պիտի
առհավետ
անհետ
հեռանա։

 

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՔԱՄԻ

քամին սուլում է իմ ներսում։
մերկ եմ։
տերը ոչնչի ու ոչ մեկի, իմը չեն անգամ համոզմունքներս,
ես իմ դեմքն եմ քամու մեջ, դեմքս՝ հակառակ քամուն,
ես դեմքիս հարվածող քամին եմ։
Էդուարդո Գալեանո

օդանավակայաններում ես ուղևոր եմ
հազար ձեռքով զննված
սովորական ստուգում է— ասում են
բայց ես չեմ ճամփորդում— ասում եմ
ոչ մի տեղ չեմ գնում
կամ վերադառնում
ոչ վերացման եզրին կանգնած ձուկ եմ
ոչ էլ ճամփա ընկած կապոց

նրանք փորփրում են պայուսակներս
բայց ես ոչինչ չունեմ
կասկածները փարատող ոչինչ
ո՞ւր ես գնում— հարցնում են
չգիտեմ հյուրանոցի հասցեն
ոչ հրավեր
ոչ հետդարձի տոմս ունեմ
ասում եմ— ես ձուկ եմ չոր հողին
որ հեռանալ է ուզում
բայց թպրտում է վախից
չե՞ք տեսնում, ինչ է
չունեմ հյուսիս ու հարավ
ձեր արքայական հողից պոկված
թռիչքուղի եմ
ես բացակայությունն եմ հողի
ու ժամանակի
ես ավազե ժամացույց եմ
չեք համբերում հոսեմ ու լցվեմ
ժամանակը մաղվում է
դուք որոնում եք
ազնվական սկիզբը ձեր
դուք հետ դառնալ եք ուզում

 

ԳԱԳԱԹՆԵՐ ԿՈՒԼ ՏՎՈՂԸ

Նախ
պիտի սովորես տառապել, հետո՝ սիրել
այլապես կյանքիդ օրերը կանցնեն
իբրև անդարձ կորուստ
իրականության խզբզոցի մեջ
մշուշված, փոշեպատ
մինչ աղավնիները կկտցեն ոսկորներիցդ պիտանին
ու
ամեն բան կավարտվի։
Դու կլինես կորուստը։
Հիմա
ցամաք հողի համար թափված
այսքան արյունից հետո
ի՞նչ կարևոր է որտեղ ես կանգնած—
այս նվաճված ամայությունը Լևանտում,
Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում
այս պատերազմները բավարար չէի՞ն
բնակեցնելու մեն-մի մարդկային կաշի
այս արյունոտ փեղկերը լուսամուտի
էլեկտրալարերով անցնող ճիչերը
հերիք չէի՞ն։
Փորձելով մաքրել աշխարհի փոշին
դու դուրս կքաշես հեռու անցյալը
մտքիդ անդունդից
ճեղքերից մարմնիդ
պայթած երակներ ու բորբ արևներ
կրակ ու օձեր կպարուրեն քեզ…
Դու մենակ ես
դու մենակ պիտի հաղթես
ու պարտվես քեզ։
Մի թող նվաճեն հովիտները սրտիդ
մի թող ոտնատակ անեն
դու գագաթներ կուլ տվողներից վերջինն ես
չխոնարհվածը:

Հիմա պարտքդ մեկն է—
շնչել
խռխռալ ու ոռնալ
ինչպես եռացող ավազին ընկած երեխա—
դիմանալ։

 

SANS-PAPIERS*

Փչում եմ օդը, դատարկում թոքերս
լեզուս կուլ տալիս նրանց աչքերում
ու նրանք վախից փախչում են

երևի փախչում են թեթևացնելու
ծանրությունը շարժիչների, որ գործի եմ գցել
իմ ողերով փորված փոսերը
նայում են ինձ կասկածով ու վախով
տարածության ճոճանակով հարվածում
ջնջում են ինձ իրենց մտքից
թողնում առանց կնիքի
մարդկային դրոշմի
և ուղարկում են
սահմանից այն կողմ
ուր ես օտար էի
մնալ չէի ուզում
գոնե խաղադրույք լիներ՝ տանուլ տայի
հանգստացնելու ոսկորներս
և փրկելու նրանց
խելագարվելուց

*(ֆր.) առանց փաստաթղթերի

Թարգմանությունը՝ Տաթև Չախեանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *