
-Դա կանե՞ս։
-Ձե՞զ համար։
-Գրականության համար։
2025 թվականը իսպանական գրականությունը հայ ընթերցասերների համար կարևորեց ևս մեկ արժեքավոր գրքի հրատարակությամբ (հրատարակչություն՝ Անտարես, թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան)։
«Հրեշտակի խաղը» վեպը Սաֆոնի քառաշարք վեպերից երկրորդն է՝ արդեն մեծ ճանաչում ու փառք վայելած «Քամու ստվերը» վեպից հետո։
Գործողությունները տեղի են ունենում Բարսելոնայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ինչպես «Քամու ստվերը» վեպում, այստեղ ևս Բարսելոնան լոկ անկենդան միջավայր չէ, ինչին կանդրադառնանք հաջորդիվ։
Սաֆոնի վեպերի համար կարևորվում է խորհրդանշական «Մոռացված գրքերի գերեզմանոցը»՝ կառուցած 8-րդ դարասկզբին՝ «այստեղ երբևէ եղած պալատների, եկեղեցիների, կալանավայրերի ավերակներից»։ Սա թաքնված գրադարան է, որտեղ պահվում են մարդկության կողմից մոռացված ու լքված գրքերը, որոնք կրում են ժամանակի հիշողության հոգին, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմելու իր խոտոր ու մութ գաղտնիքները։
Այս խորհրդավոր ու ծածուկ տարածքը ծառայում է որպես հզոր շղթա անցյալի մոռացված պատմությունների, ինչպես նաև ժամանակի մեջ անհետացած կերպարների միջև։ Հենց այս միջավայրից են սկիզբ առնում վեպի ամենահետաքրքիր ու հանելուկային գաղտնիքները։
Այստեղ գտնվող ինչպես գրքերն են թաքնված աշխարհից, այնպես էլ հերոսներն ու նրանց ճակատագրերն են թաղվում պատմությունների ստվերներում։ Գրքերի գերեզմանոցի դերը՝ որպես մոռացված գիտելիքների պահոց, հիշեցնում է գրքերի արժևորման, ժամանակի ընթացքում այդ կարևորությունը կորցնելու ցավալի իրողության մասին։ Այն արտացոլում է հիշողության ու ժառանգության անցողիկության գաղափարը։
Վեպի գլխավոր հերոսը ողբերգական անցյալ ունեցող երիտասարդ գրող Դավիթ Մարտինն է, որը, հակառակ հոր ցասումին, իրեն կորցնում է գրականության բարդ ու գայթակղիչ աշխարհի առեղծվածներում։
Վեպն ինքնին մխրճվում է երիտասարդ գրողի կյանքի մեջ՝ նրան ինքնաբերաբար ներքաշելով մութ ու խճճված պատմությունների լաբիրինթոսում, որոնք լի են դավաճանությամբ, բանսարկություններով, բարոյական դիլեմաների ընտրությամբ։
Երիտասարդ գրողի առաջին գրական լուրջ փորձը մատնվում է անհաջողության։ Դրանից հետո փարիզաբնակ մի խորհրդավոր հովանավորից ստանում է առաջարկ՝ շատ կարևոր, կրոնական առեղծվածային վեպ գրելու համար, վեպ, որի միջոցով հնարավոր կլիներ ազդել մարդկանց հոգու ու մտքի վրա, վեպ, որը գրողին պիտի դարձներ հայտնի՝ միաժամանակ ապահովելով նրա ֆինանսական կայունությունը։
Հենց սա էլ դառնում է ստեղծագործության հանգույցը, որի շուրջ զարգանում են վեպի սրընթաց ու անբացատրելի գաղտնիքներով հարուստ գործողությունները։ Առաջին իսկ էջերից վեպն ուղեկցվում է լարվածության, սարսափի, փիլիսոփայական գաղափարաբանության գծեր շոշափելով։
Դավիթը սկսում է աշխատանքը՝ ուսումնասիրելով աստվածների, հրաշքների, սրբերի, տեսիլքների մասին հազարավոր էջեր՝ «սնելով սեփական երևակայությունը»: Ի վերջո հասկանում է, որ գրքի ու իր կեցավայրի շուրջ պտտվող ստվերների միջև կա անբացատրելի կապ։ Տան փակ մի սենյակում գտնվում են նամակներ ու լուսանկարներ, որոնք հուշում են տանտիրոջ խորհրդավոր մահվան մասին։ Այս տան զավեշտալի առեղծվածը սկսում է ներթափանցել նրա կյանք։
Ճակատագիրը հերոսի համար ստեղծում է անիծյալ տան թակարդը, որը ժամանակին զոհ էր դարձրել տանտիրոջը՝ Դիեգո Մարլասկային:
Նոր ստեղծվող վեպը, որն անմիջական կապ ուներ «Մոռացված գրքերի գերեզմանոցի» հետ, դառնում է ակնառու սիմվոլ դեպքերի աստիճանական զարգացման համար։
Հերոսը գնալով սկսում է հասկանալ այդ սարսափելի ներուժի ազդեցությունը։ Նա նպատակադրում և իրագործում է բացահայտումների շղթան, որը սկիզբ է առնում դավաճանությունների ու ինտրիգների հանգույցից։
Վեպի սյուժեն զարգանում է Դավիթ Մարտին գրողի սեփական երկվության ընտրությամբ․ փառասիրությո՞ւն, թե՞ գրականության ներուժի գայթակղություն։
Գրքի վրա աշխատելու ողջ ընթացքում հերոսն ինքնաբերաբար ներքաշվում է տարօրինակ ու անբացատրելի իրադարձությունների մեջ։ Նրա կյանքում հերթով հայտնվում են առեղծվածային կերպարներ, ինչպես ստվերային Անդրեաս Կորելլին, որի մտադրությունները վեպի հիմնական մասում մնում են անորոշ։ Անշուշտ, նա Դավիթի՝ հասարակության մեջ դիրքի կայունության համար կարևոր դեր է խաղում, սակայն նրա նենգ մտադրությունները տղայի համար դառնում են ճակատագրական ու անվերադարձ։ Կորելլիի կերպարում գայթակղության խորհուրդ կա, նրան նույնիսկ կարելի է համարել ճակատագրի քողարկված ձայն։
Երիտասարդ, աշխույժ, նաև անհնազանդ Իզաբելան, որը «թողնելով առևտրի քաղցր պտուղները, պատրաստվում էր ճաշակել գրականության դառը պտուղները», իր էությամբ կարևոր դեր է խաղում հերոսի կյանքում։ Նրա գործողություններն ունեն երկիմաստ միտում։ Ենթադրաբար առաջին պլանում անպատասխան սերն էր, որից էլ բխում է տղայի նկատմամբ աղջկա ցուցաբերած մայրական հոգատարության անչափելի վերաբերմունքը։
«Երբեմն իսկական սերն էլ փրկության արժեք չի ունենում» երևի թե այս բանաձևումով կարելի է բնութագրել Քրիստինա Սանիելլիի ու Դավիթի հարաբերությունների կարճ, բայց երևակայությամբ հավերժացող կենսագրությունը։
Գրավաճառ Սեպերեն դարձավ հերոսի հոգևոր ապավենը, կամուրջն աշխարհի ու «Մոռացված գրքերի գերեզմանոցի» միջև։ Նրա կերպարն ունի հումանիստական նկրտումների վառ արտահայտչականություն։ «Գրքերը հոգի ունեն,-ասում էր նա,- դրանք գրողների ու դրանց մասին երազողների հոգին է»: Այդ բարի ծերունին իր ցուցաբերած վերաբերմունքով կարողացավ Դավիթի կողմից արժանանալ հավերժական երախտագիտության անբացատրելի մոտեցման։
Երկրորդական կերպարները ևս վեպի դրամատիկ զրագացման մեջ իրենց ժլատ ընդգրկվածությամբ դառնում են կարևորագույն դեմքեր հանգուցալուծման շղթան ավելի խճճելու ու ձգելու համար։
Ի վերջո կերպարներից յուրաքանչյուրի քայլն ամբողջականացնում է մի պարզ, գուցե և անպատասխան հարցադրման. «Գրողն ի՞նչ է վճարում իր հոգևոր արարման համար, և կա՞ սահման, որից այն կողմ արվեստը կործանում է մարդուն»։
Հեղինակն այս վեպում կարևորություն է տալիս հատկապես կրոնական գիտակցությանը, այն ընկալելու զանազան շերտերի բացահայտմանը։
Այս վեպը նախորդ՝ «Քամու ստվերը» պատումի հետ, ինչպես վերը նշեցինք, ունի ընդհանրական թեմաներ ու կերպարներ։
«Քամու ստվերում», չնայած ողբերգական դեպքերին, մթնոլորտն ավելի ջերմ է, երբեմն՝ ավելի թեթև՝ լցված անցյալի հանդեպ կարոտով։ Այդտեղ պատկերավոր է սերը, կորուստը, հիշողությունները, ճակատագրի հետ հաշտեցումը։ Երկրորդ գրքում հեղինակը շոշափում է կրոնի ու փիլիսոփայության թեմաներ, անդրադառնում է կյանքի ու գրականության սահմաններին։ Նկատելի է գրողի ներքին պայքարն ու պատասխանատու վարքագիծը, գրականության ուժը, մահվան անխուսափելիությունը, ճակատագրի ու ազատ կամքի միջև հակամարտությունները, այս պատումում ներկայացված է սերն իր անհաս դեգերումներով։
Առաջին գրքում նկատելի է արկածային գիծը․ Դանիել Սեմպերեի որոնումը՝ կապված անհայտ գրողի ճակատագրի հետ։ Ընթերցողն այդ որոնումներին համընթաց՝ հերոսի հետ շարժվում է հստակ ուղղությամբ։ Երկրորդում սյուժեն ավելի միստիկ է։ Դավիթ Մարտինի բացահայտումները միտված են ավելի շատ հոգեկան պայքարի երկմտանքի շուրջ։
«Քամու ստվերում» Բարսելոնան ավելի աշխույժ է՝ հիշողություններով լի, «Հրեշտակի խաղում» այն դառնում է մռայլ՝ իր գաղտնիքներով, հավաքական հիշողության ցավով։ Երբեմն հեղինակն այդ մռայլությունը բնութագրում է պատկերավոր այնպիսի հատկանիշներով ու մակդիրներով, որոնք ընթերցողի քթանցքերում ակամայից սկսում են խցկել ծխի, ֆոսֆորի, փոշու, վառոդի, սառը խոնավ օդի, քայքայված թթվի դառը հոտեր:
«Քամու ստվերը» գիրք է, որը միանգամից գայթակղում է ընթերցողին, «Հրեշտակի խաղը» գիրք է, որը քեզ չի ձերբազատում մտորումների առատությունից։ Առաջինում նկատելի է արտաքին որոնումները, երկրորդում՝ ներքին։
Անխոս, երկու վեպերում էլ Սաֆոնի լեզուն հարուստ է, նկարագրությունները՝ պատկերավոր։ Կյանքը կործանումից փրկելու համար երկուսում էլ ընդգծվում է գրականության կարևորության դերը, գրողի հոգու մենակության գաղափարը, ճակատագրի և ազատ կամքի բախումը, առեղծվածը՝ որպես ոչ միշտ բացահայտված ուժ, հավատը՝ դրան հակադրելով կասկածը։
«Հրեշտակի խաղը» իր ընդգրկուն աֆորիստիկ ու խորիմաստ մտքերով հետ չի մնում իրեն նախորդողից․
∽
Ճշմարտությունն այն է, ինչ ցավ է պատճառում:
∽
Առօրյան ոգեշնչման բանալին է:
∽
Մեղքն ու զղջումը զգացմունքներ են, ապրումներ, բայց ոչ մտքեր:
∽
Հավատալու ցանկությունն ուժեղ է նույնիսկ մահից:
∽
Վախը վառոդ է, ատելությունը՝ պատրույգ:
∽
Աշխարհում բարու և չարի չափանիշ չկա, այդ մենք ենք հորինել ագահությունից կամ միամտությունից, երբեմն նույնիսկ՝ խելագարությունից:
∽
Նորմալ մարդիկ երեխաներ են աշխարհ բերում, մենք՝ գրողներս՝ գրքեր:
∽
Ժամանակն ամեն ինչ բուժում է, բացի ճշմարտությունից:
∽
Աշակերտն է ուսուցչին ուսուցիչ դարձնում, ոչ թե հակառակը:
∽
Անշուշտ, այս վեպում նկատելի է գոթական գրականության տարրերը՝ սարսափ, երևակայություն, ռոմանտիզմ, արկած։
Մենավոր տներ, փակ միջանցքներ, արխիվային թղթեր ու նամակներ, անցյալից հասած կահ-կարասի ու հագուստներ․․․ նմանատիպ պատկերներով հեղինակը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ անցյալը ներքաշվում ու մխրճվում է ներկայի մեջ։
Վեպն ուսումնասիրելիս, սկսած վերնագրից, նկատելի է առկա երկիմաստությունները։ Հրեշտակը մի կողմից հանդես է գալիս որպես գերբնական ուժ, մաքրության, անմեղության մարմնացում, մյուս կողմից ընդգծվում է նրա սարսափեցնող պատկերը (հիշենք Կորելլիի պիջակի եզրածալին փակցված հրեշտակի պատկերով խորհրդավոր կրծքազարդը)։ Խաղը այստեղ դիտվում է որպես ճակատագիր, բայց իրականում իրենն են խաղում։
Երկվություններ են գործողությունների զարգացման ընթացքում շոշափվող ձեռագրերը, արտացոլումները, ձայները, հայելային կերպարները, զուգահեռ կյանքերը։
Կառլոս Ռուիս Սաֆոնի «Հրեշտակի խաղը» զուր չէ, որ համարում են գլուխգործոց։ Սա վեպ է լույսի ու խավարի ճանապարհով թևածող հավերժական պայքարի, իրականության ու գեղարվեստական հորինվածքի միջև գտնվող անչափելի սահմանների մասին։
