քաոտիկ ա կյանքը, տղես
որովհետև էս երկրում խաղաղության մասին ամոթ ա խոսելը,
որովհետև մեր կյանքերը պատերազմի ու խաղաղության կոնտեքստում ա կարևոր
(միայն)
էն էլ մեռնելու հեռանկարը հաշվի առնելով
(միայն)
բայց ես մամա եմ
ինչպես ասում են՝ ապագա զինվորի մայր
ու ես պիտի խոսամ
հենց ես պիտի խոսեմ
ու հենց էս 3-րդմասյան բառամթերքով
որ գրականությունը չդառնա բարձր
որովհետև բարձր գրականության մեջ հերոսները պիտի սխրանքներ գործեն ու, (որ ավելի լավ կլինի) մեռնեն.
բայց ես մայր եմ
մայրերի հերոսները չեն մեռնում
որովհետև պատերազմներում, երբ մեռնում են տղաները
նրանք դառնում են «տղերքը»
իմ տղա
ու հաշտ չեմ, երբ խմում են խաղաղության կենաց
ու լվանում կոկորդն ուրիշի արյունով
էս կենացներում մերը սուրբ ա, հողը սուրբ ա, հարևանի հարսն՝ անփեռնմխելի
էս կենացներում, որդիս, որտեղ դու ամենակարևորն ես ու ինչ անում են երեխեքի համար ա
մի տեսակ սովոր են մահը փառաբանել
իսկ ես ուզում եմ քո երգերը լինեն կյանքի մասին
խմելու, պարելու, սիրելու, այ էն աղջկա համար խելացնորվելու մասին լինեն
ու դու ռազմի երգերի ձայնով չքնանաս
ես ուզում եմ կենացներումդ ես սուրբ չլինեմ
ու առհասարակ ես ընդամենը մամա եմ
ու ձեր կենացները թող լինեն կյանքի մասին
ու դուք սիրեք կենացներից դուրս
ու քո համար ուրիշ լինի ոչ թե մամայի եփածը, այլ մաման՝ պարող, լացող, ուրախացող, իսկական
էհ, էս խաղաղության մասին պոեզիան էլ մի բան չի
հիշում ես, որ մայր ես
կին ես
աղջիկ ես
ու էնքան դժվար ա խաղաղություն գտնել, երբ քեզ էս հողի նման սուրբ են համարում, երբ խմում են
կենացներում
ու դու ձայն ունես, երբ գոնե մի երեխա ես բերել
իսկ մինչև էդ օսնավանի չես
ու խաղաղությունն էլ քո բնական իրավունքը չի
ու վաաբշե
սա 3-րդ մասի բառամթերքով ա,
ու լավ եմ անում
