Մի աննկարագրելի ծանրություն է իջել քաղաքի վրա, ու այն ճնշում է բոլորին՝ անկախ տարիքից ու սեռից, սոցիալական դիրքից ու քաղաքական հայացքներից, բնավորության գծերից ու սովորություններից։
Ծանրությունը ոչ միայն վերևից է ճնշում, այլ նաև մնացած բոլոր կողմերից, իսկ ամենաանհաղթահարելին գալիս է ներսից։
Ծանրության կենտրոնը առանցք դարձնելով` փորձում ես ինչ-որ կերպ բալանսավորել կշիռը, սակայն չնչին մի տատանումից ամեն ինչ փլուզվում է։
Դուրս եկող ու նույն օրն իսկ անհետացող արևն ու հեռացող ամպերն էլ չեն թեթևացնում ծանրությունը։
Խղճի անհայտ խորտակող բեռ, ուրիշի չկատարված երդում, նորապսակի սարքած ու չբնակեցված տուն, վանականի լքված սրբավայր, հասցեատերին չհասած սիրո խոստովանության նամակ, ռելսերը հանված կայարանում տիրոջ վերադարձին սպասող շուն, ավանակի կառքով թաղում, որտեղ միակ մասնակիցը այրին է ու կառապանը։
Շատ մարդիկ այլ բաներ են տեսնում այս երկրում, սակայն իմ տեսածը սա է։
Միգուցե այս երկրի հրաշքն էլ իր ոչնչացնող ծանրության մե՞ջ է։
Մեծամասնությունը չի դիմանում ծանրությանը ու թողնում գնում է, ու այդ բեռից ազատվելով` շատ արագ տերևի նման անհետ կորչում։ Երբ քաշ չունես, ամեն ինչ կարող է քեզ թռցնել` անկախ սեփական կշռիցդ։
Երբեմն ծանրությունը դաժանորեն ճզմող է, սակայն տակից դուրս գալու դեպքում մի այնպիսի շունչ ես քաշում, ինչպիսին նույնիսկ խեղդվողը ջրից դուրս բերվելուց չի քաշել։
Երբեմն էլ մտածում ես` արդյոք առաստաղից կախված շալվարի գոտին կդիմանա մարմնիդ ծանրությանը, սակայն վերջին պահին վախենում ես փորձել։
Էս վերջերս արդեն սկսել եմ չվախենալ ու դա իսկապես վախեցնող է։
Մի՞ թե օդից կախված այս ծանրությունը ինձ էլ կստիպի բարձրանալ տաբուրետկայի վրա։
Հուսով եմ` չէ։
