<1915, մարտի II կես, Պետրոգրադ>
Մի նեղանաք, սիրելի Նվարդ, որ այսքան ժամանակ չեմ գրում Ձեզ։ Վատ օրեր էին, գլուխս խառն, գործերս ավելի ևս, տրամադրությունս ընկած—ապատյա և առօրեական հոգսերով լի օրեր—արժե՞ր գրել այդպիսի ժամանակ և ի՞նչ գրել։ Ահա այսօր էլ նստեցի գրելու և տեսնում եմ, որ ոչինչ լավ բան չի գրվելու, բայց այնքան երկարում է իմ ապատիկ տրամադրությունը, որ Դուք կարող եք այլ կերպ բացատրել իմ լռությունը, եթե նորից չգրեմ, մինչդեռ Ձեր նամակը, թեպետև կարճ, և մի քիչ կարծեմ չոր, ինձ այնքան ուրախացրեց ու մխիթարեց։ Այժմ քիչ-քիչ կարծես թե գործերս սկսում են կարգի գալ, բայց շատ եմ ուզում Կովկաս ընկնել ու անհնար է—դա ինձ տխրեցնում է։ Սակայն մխիթարում եմ ինձ ինչ-որ գաղտնի հույսով, որ դա կհաջողվի։
Ինձ խնդրել են մի ռուս թերթի համար հայերենից իմ ընտրությամբ մի բան թարգմանել։ Երկու շաբաթ է գլուխ եմ կոտրում, չեմ կարողանում մի կարգին պատմվածք ճարել, որ շատ մեծ չլինի և լավ լինի (ասենք մեծերն էլ մի բան չե՜ն)։ Եթե ասեմ—ափսոս չե՞ն մեր պոետները, կկարծեք թե աչառու եմ դեպի պոետները, որովհետև ինքս էլ ոչ բարով պոետ եմ։ Բայց դա ճիշտ է։ Եթե ինձ խնդրեին մի շարք լավ ոտանավորներ ընտրել ու թարգմանել—ես համենայն դեպս կկարողանայի մի ամբողջ գիրք բան ընտրել… Եվ այդ ավելի պարզ երևում է, երբ սկսում ես թարգմանել — դա իսկույն աչքի է զարնում։
Դուք չկարծեք, թե ես բառացի թարգմանության մասին եմ ասում—ես հասկանում եմ, որ պետք է լավ թարգմանել, բայց ախր ի՞նչ լավ թարգմանես, երբ, օրինակ, վերցնում ես Ահարոնյանի «հռչակավոր» («Մայրեր»-ը, կարդում ես չորս երես, հետո երբ շարունակում ես, տեսնում ես, որ բոլորն ավելորդ է, անհետևողական, կեղծ, սուտ։ Դա չի կարող չնկատել ռուս ընթերցողը, որին երես են տվել Չեխովի նման կարճ ու ազդու գրողներ։ Տալ մի թարգմանություն և զգալ, որ տպում են, որովհետև հայերիս բարիք են անում — վիրավորական չէ՞ միթե մի մարդու համար, որն ինքն էլ ուզում է հայ գրող լինել, և, բացի այդ, գիտե, թե ինչու են այդ բոլոր գրվածները թույլ ու վատ, բայց և գիտե, որ մի ռուս պարտական չէ այդ պատճառների քննության մեջ մտնելու, վերջապես պատճառները փաստը չեն փոխում. մենք դեռ շատ հետամնաց ենք։ Մենք անտաղանդ չենք, բայց անկուլտուրական ենք, դա երևում է մանավանդ հայ բելետրիստների ամեն մի տողից։ Ա՜խ, արվեստը ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն։ Միայն նրանք կարող են ունենալ այն, ով կարող է գին տալ ադամանդին, իսկ ով ուզում է մի մանեթով «ադամանդ» ձեռք բերել, նա կստանա Tет-ի կեղծ ադամանդները։ Բայց ո՞ր հիմարը կգնե, կամ կընդունե այդ Тет-ի ադամանդները իսկականի տեղ։ Վայը եկել ու մեզ տարել է, սիրելի Նվարդ, ի՞նչ պիտի լինի, չգիտեմ։ Մերոնք աչքերը տնկել են Տաճկահայաստանի վրա, թող ազատվի մեր երկիրը — ո՞վ չի ուզում այդ, բայց մի՞թե իրավ երբ այդ լինի, հայը պիտի Թումանյանին ավելի գնահատե, քան Մանթաշովին և իրա համար ավելի մեծ պատիվ համարե առաջինի բարեկամությունը, քան վերջինինը։ Երանի հավատացելոց։ Ես այն կարծիքին եմ, որ մենք չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս արտաքին ուժերին, նյութական հանգամանքներին և կարծում ենք, որ երբ մեր այսօրվա ինտելիդգենտը մինիստր դառնա — նա կսկսե հասկանալ այն, ինչ չի հասկանում, երբ վարժապետ է, առուտուրական, «ատվակատ», «բժիշկ», «հասարակական գործիչ», պրոֆեսոր և այլն, և այլն։ Արվեստը, որ ամենից քնքույշ ու նուրբ ծաղիկն է՝ ինչպես պիտի ծաղկի այդ կոպիտ ու «մունտառ» խոտերի մեջ։ Նույնն է և մտքի վերաբերմամբ…
Բայց ի՞նչ հիմարություն է իմ կողմից այսպիսի «հին նորույթներով» Ձեզ ձանձրացնելը և դառնացնելը։ Միթե ես չե՞մ գրում էլի «ներբող (դիֆիրամբ) Արարատին», և մի՞թե Դուք չգիտեք, թե ինչպես եմ սիրում ես իմ երկիրը, և ինչպես է ցավում իմ սիրտը։ Այդ է ամենից վատը։ Եվ կարծում եք իմ հոգու հեռավոր խորքերում չե՞մ հավատում ու բաղձում, որ լինի իմ երկրում մտքի ու հոգու մի այնպիսի փայլ, որ մեր շուրջը արջերն ու գայլերը շլանան ու քոռանան։ Դարձյալ թափեցի Ձեր առջև իմ հոգու մաղձը և որքան էլ անիծեք ինձ, այս րոպեիս կարծես քիչ թեթևացա…
P. Տ. Մի խնդիրք, եթե դժվար չի լինի։ Գնացեք բժիշկ Զարգարյանի մոտ (կամ եթե նրա մոտ չէ, նա երևի կասե ո՞ւր է)

