
Կինը ծնված է երջանկության համար: Այն ամենը, ինչ դնում եք այդ բառի տակ, կնոջ հագով է:
Երջանկությունը տղամարդուն չի վերաբերում, թեպետ ինքն էլ կարող է երջանիկ լինել: Ընդհանրապես, եթե դու իմաստավորող ես, անհնար է երջանիկ լինել: Երջանկությունը խորություն չի սիրում, նա սիրում է լինելություն: Դա պետք է երևա, իսկ խորությունը թաքցնում է: Խորության համար կինն ունի երջանկությունը: Այսինքն, երջանկությունը ինչ-որ բանի խորությունը ճանաչելու կնոջ մեկնակետն է: Տղամարդը խորություն կարող է փնտրել առանց առիթի, զրո տրամադրությամբ և նույնիսկ մեռնելու պահին: Կարճ ասած, տղամարդը չի նայում, թե ինչ միջավայր կա դրա համար:
Կինը երևույթ է, որին պետք չէ հասկանալ, ինքը հասկացվելու համար չէ, այլ՝ ի գիտություն ընդունելու: Կինը ոտքից գլուխ կանխավարկած է, որի բոլոր տարբերակները տղամարդն ինքնուրույն պետք է գուշակի: Կինը սիրում է հավաքել քաոսը: Նա քաոսի հաշվապահն է: Եվ ունի իր սեփական քաոսը, որը միշտ իր ներսում է: Մինչդեռ տղամարդու քաոսը տեսանելի է ցանկացածին:
Կինն ունի դեմքի արտահայտություն, որը ոչինչ չի ասում: Բայց այն պահին, երբ նա երջանիկ է, այդ դեմքն ասում է ամեն ինչ: Երբ կնոջ դեմքը ոչինչ չի ասում, տղամարդը պետք է գտնի, թե հատկապես ի՞նչ է ասում կինը: Տղամարդը պետք է խփի թիրախին, այլապես պիտի պատասխան տա, թե ինչպես չկարողացավ կարդալ փակ գիրքը:
Տղամարդուն թվում է, թե կինը վատ է հասկանում իրեն: Բայց կնոջ բնության մեջ տղամարդուն հասկանալը չկա, քանի որ ինչպե՞ս հասկանալ մարդուն, որը քմահաճ չէ: Ավելի ճիշտ՝ քմահաճ է կնոջից անկախ և այդ քմահաճությունը գրեթե երբեք կնոջը չի վերաբերում, այլ միշտ իրեն: Եթե նա տղամարդուն չի հասկանում, նշանակում է դրա կարիքը չունի, նույնիսկ, եթե տղամարդը ճիշտ է: Ճիշտ է նաև, որ կինն ի վերջո վճարում է այն բանի համար, որ հասկանում է ավելին, քան պետք է, ավելին, քան ճիշտ է: Որովհետև նա հասկանում է այն, ինչն իրեն դժբախտացնում է:
Կինը երջանիկ է նույնիսկ ինքնազոհաբերման մեջ, բայց դժբախտանում է, երբ հասկանում է ավելին: Տղամարդը կդադարի լինել տղամարդ, եթե հասկանա, թե ինչքան քիչ բան է պետք կնոջը: Որովհետև՝ կին և տղամարդ, սա կռիվ է, ոչ թե ըմբռնում: Կռիվ, ոչ թե՝ վեճ: Կռվողները գիտեն իրենց բնությունը, վիճողները՝ ոչ, կռվել կարելի է նաև առանց վեճի, առանց նույնիսկ տարաձայնության: Ընդ որում երկուսն էլ այդ կռվում սպասում են, որ մյուսը կզիջի, երկուսն էլ ապավինում են մյուսի ընկալմանը, որ դիմացինը անզիջում է: Այսպիսի ընկալումը ի վերջո թունավորում է երկուսին էլ:
Բայց խնդիրն այն է, թե ինչ է նրանց ուզածը: Կինն ուզում է միայն մի բան՝ սեր: Նա գիտի, որ այդ սերը կկազմակերպի հենց տղամարդուն: Տղամարդն ուզում է տարածություն, որտեղ կինն իշխանություն պիտի չունենա: Տղամարդն ուզում է հուսալ կնոջից անկախ, թեկուզ կնոջից հեռու: Ինչ-որ պահից նա դադարում է լինել հանուն կնոջ: Կոնկրետ կնոջ: Որովհետև տղամարդու համար կինը միշտ վերացական է, իսկ կնոջ համար տղամարդը միշտ կոնկրետ է:
Ցանկացած տղամարդ փոխզիջման գնալը պետք է սովորի կնոջից, եթե կինն ունի այն ամենը, ինչը պետք է նրան: Տղամարդը, ընդհակառակը, զիջում է, երբ գերազանց գիտի, որ կնոջը ՉԻ տվել նույնիսկ ամենասովորականը: Կինը շատ ժուժկալ է իր առավելագույն պահանջներում և շատ ագահ, երբ չափազանց քիչ բան է պետք նրան: Երբ կինը չի ունենում բազայինը իր օրգանիզմի համար, նա կյանքից ուզում է մնացած ամեն ինչը: Դա նրան պետք է բազայինի պակասը խեղդելու համար: Սյուժեների համար տղամարդն ունի արվեստը, կինն ունի տղամարդուն: Հենց նրա վրա էլ կինը ստեղծում է պատմություններ, որոնք տղամարդն առանց թուղթ ու գրչի չի կարող ստեղծել:
Անկողին գրոհելու համար ի՞նչ է պետք տղամարդուն՝ միայն անկողին, կնոջը զուտ կին լինելը քիչ է անկողին մտնելու համար, նա պետք է իր լավագույն տարբերակը լինի, նա զրոյից պիտի ստանա ինքն իրեն:
Երջանիկ կինը սովորաբար ոչինչ չի մեկնաբանում, ուղղակի վայելում է: Եթե նա ինչ-որ դրվագ մեկնաբանում է, ուրեմն մի բան նրա կյանքում այն չէ: Որովհետև դժբախտ կինը ստեղծում է պատմություններ, որոնք երջանիկ կինը չգիտի: Դա կոչվում է «Աննա Կարենինայի սինդրոմ»: Դժվար է կնոջը երջանիկ դարձնել ընթացքից, բայց դա հենց այն է, ինչը պիտի անի տղամարդը: Բայց դա նաև այն է, ինչը չի կարող անել տղամարդը հանուն կնոջ:
Տղամարդն, ընդհանրապես, հանուն կնոջ ոչինչ չի կարող անել, նա ամեն ինչ կարող է անել հանուն իրեն, այդ թվում՝ կնոջը սիրելը: Ահա ինչու տղամարդու երջանկությունն իր գործն է, որին իրեն նվիրում է նաև կինը և որով երջանկանում է կինը: Կինը, որ երջանիկ է առանց տղամարդու, այն կինն է, որն ընդունել է խաղի կանոնները: Տղամարդը, որը երջանիկ է առանց կնոջ, գիտի, որ կարելի է երջանիկ լինել առանց կնոջ: Այլ հարց է՝ կարո՞ղ է, թե՝ ոչ:
Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ կինը կարող է երջանիկ լինել ի հեճուկս հանգամանքների: Բայց դա այն է, ինչը նա որոշել է ձեռքը սեղանին խփելով, ծնողներին հակադրվելով, իրերի դրության վրա թքելով կամ ամեն ինչ ավելի լավ բացատրելով:
Երբ կինը հասկանում է, որ երջանկությունը հնարավոր չէ, նա կենտրոնանում է կյանքից առավելագույնը կորզելու վրա: Նա, այսպես ասենք, կյանքի հետ սկսում է խոսել իր լեզվով: Այլևս չկա նախկին կինը, բայց երբեք չի վերանա այն կինը, որն ամեն ինչից հետո գիտի ընդունել, թե ինչը չկա: Տղամարդն ամեն իրավիճակում տղամարդ է, նրա երջանկությունն ունի միլիոն մեկնակետ, կինը մեկ մեկնակետ ունի՝ սերը: Օրինակ, տղամարդը կարող է երջանիկ լինել, երբ սպանում է, կինը կսպանի հանուն երջանկության:
Տղամարդու համար «լքել» բառը քաղաքական բառ է, կնոջ էությունում այդպիսի բառ չկա, կինը երբեք չի լքում. թողնում է, հեռանում է, բայց չի լքում: Լքել, նշանակում է թողնել նրան, ում սիրում ես: Կինը, ըստ էության, ստեղծված է սիրո համար, նա չի կարող լուծարել իր էությունը: Օրինակ, նա երբեք չի խաբի այն տղամարդուն, որին չի սիրում, առավելևս՝ նրան, ում սիրում է: Կնոջ պլանները երբեք կապված չեն տղամարդու հետ, թեպետ կինը ՄԵԾ հաշվապահ է: Նրա պլանները կապված են սիրո հետ: Կինը կարող է խաբվել ու այդտեղ ծիծաղելի ոչինչ չկա: Տղամարդու խաբվելը միշտ ծիծաղելի է: Կինը զվարճալի է, երբ նյարդային է և հույս ունի լինել գեղեցիկ:
Երբ կինն այլևս չի սիրում իր տղամարդուն, դա դեռ ամբողջությամբ չի դժբախտացնում նրան, նույնիսկ ընդհանրապես չի դժբախտացնում: Չսիրել, նշանակում է կանգնել կյանք կոչվող պատվանդանի վրա և հռչակել իր մասին: Այլևս չսիրել, նշանակում է դադարել լինել կին: Նա ամեն վայրկյան է մտածում այն մասին, թե ինչպես լինել կամ մնալ սիրելի: Թեպետ ի վերջո կարող է հաշտվել այն մտքի հետ, որ սեր չկա: Նա, ի վերջո պահածոյացնում է սերը, որն այլևս ոչնչով չի ուտվի: Այլ խոսքով, սերը դառնում է միայն իրեն վերաբերող մի բան՝ զուրկ կիրառականությունից: Սերը վերադառնում է գրականություն, որտեղ կինը կորցրել էր կյանքը: Բայց սերը ոչ մի տեղ չի կորում: Որովհետև իր բոլոր գործողությունները բխում են դրանից, իր ռեժիմը կազմակերպում է սերը, որն իր խնամքն ունի:
Բայց կինը կարող է առանց տղամարդու սիրո, որին ինքն է սիրում: Այդ դեպքում նա ամբողջությամբ վերածվում է զոհաբերության: Նա ձգտում է շատ չաղմկել, երբ հասկանում է սիրո մահը, քանի որ գիտի՝ հուսահատեցնում է այն կինը, որին չես սիրում: Նա կարողանում է վերապրոֆիլավորվել մեռած երջանկության մեջ: Այդ ժամանակ կինն արդեն ապրում է ոչ թե հանուն երկուսի, այլ հանուն մեկի, որը երջանկություններից վատթարագույնն է, բայց ավելի լավը չի էլ ուզում:
Կինը կամային է, երբ մնում է և երբ հեռանում է: Տղամարդը՝ միայն, երբ մնում է: Կինը պահանջում է երջանկություն, տղամարդը՝ ոչ: Չստանալով՝ կինը միացնում է դժոխային լինելու ռեժիմը: Սիրված չլինելն ու առօրեական գլխացավը դառնում են նույն բանը, որի համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա: Տղամարդն այդ պահից է ձևակերպում իր պահանջը՝ իրեն հանգիստ թողնել: Չստանալով՝ նա պատրաստ է նետվել ևս մեկ կնոջ գիրկը: Որովհետև նա գնում է գտնելու իր պատկերացումների կնոջ սկզբնաղբյուրը, որը կորցնում է ընթացիկ ամեն կնոջ մեջ:
Չսիրող տղամարդը կարող է հեքիաթներով զգեստավորել իր չսերը, որովհետև տղամարդու չսիրո մեջ միշտ մի քիչ դավաճանություն կա, կնոջ պարագայում դավաճանությունը կապ չունի, եթե նույնիսկ այն առկա է: Սիրող կինն ուղղախոս է՝ չեմ սիրում և վերջ: Բայց չկա տղամարդ, որը համոզված է՝ իրեն երբևէ սիրած որևէ կին կարող է չսիրել վերջնականապես ու անշրջելի:
Սիրուց առավելագույնս զրկված կինը կյանքից ամեն ինչ քամում է կրճտացող ատամներով, անպոռթկուն կատաղության մեջ: Նա ապրել է ուզում: Ու դրան հասնելու համար նա կարող է պատասխանատու նշանակել ցանկացածին: Սիրով ապրելու ժամանակ նա առավելագույնս հասկանում է սեփական պատասխանատվությունը, նա մեղադրյալներ չունի: Առանց սիրո ապրելիս նա պատասխանատու է նշանակում ցանկացածին:
Տղամարդը երբեք չի կորցնում կնոջ իդեալը, բայց նա միշտ կորցնում է կնոջը: Կինն այդպիսին չէ, նա իր իդեալին գտնում է առկա կամ որ նույնն է՝ շոշափելի տղամարդու մեջ: Կինը սիրում է իդեալներ ձևակերպել առկա «մատերիալի» վրա (հենց դրան է օգնում գրականությունը), տղամարդն այդպիսին չէ: Տղամարդու համար ամեն ուրիշ կնոջ մեջ կարելի է գտնել ավելի լավ սեր, կինն այդքան հիմար չէ, նրա համար միշտ գոյություն ունի լավագույնը, որը կարող է վերաբերել նույնիսկ ամենաանարժանին: Ամեն սիրուց տղամարդն ստանում է նույն արդյունքը, որովհետև ինքը չի փոխվում: Կինն, ընդհակառակը, կարող է փոխվել նույն տղամարդու գոյությամբ:
Տղամարդու և կնոջ հարաբերությունում չկա ես և նա, կա միայն՝ մենք և նա, որտեղ երկուսում էլ միայն կինը կա: Ցանկացած տղամարդ առաջին պատահած հաճելի կնոջից ակնկալում է իրեն տրվելու սխրանք, այսինքն, խենթություն: Կինը, նույնիսկ պոռնիկը, այդքան թեթևամիտ չէ, հոգու խորքում նա միշտ առաջին պատահած տղամարդուն տրվում է հավերժության անունից, նույնիսկ, եթե գիտի, որ տրվում է առաջին ու վերջին անգամ: Կնոջ ընտրությունը միշտ հավերժության անունից է՝ հագուստը, ինտերիերը, տղամարդը: Նույնիսկ հաշվապահությունն է հավերժության անունից:
Բայց նա միշտ պարտվում է հաջորդ օրվան: Պարտվում է, որովհետև նրա ցանկացած գործողությունում սպասում կա: Պարտվում է, քանի որ ինքը միշտ սիրո ապացույցներ է ուզում, որը տղամարդու դեպքում իր սոսկ ներկայությունն է: Պարտվում է, որովհետև նույնիսկ իր քմահաճույքները հաստատուն չեն: Բայց կինն ինչո՞ւ է փոփոխական՝ որովհետև նա երբեք ներկայից դուրս չի գալիս: Իսկ ներկան չափազանց կարճ է, որպեսզի բավարարվես միայն մեկ բանով: Կինը քմահաճ չէ իրականում, նա գերազանց գիտի ինչ է ուզում կյանքից, պարզապես նա դա ուզում է տղամարդու համար աղետալի արագությամբ:
Բայց այս պահից մենք տեսնում ենք բոլորովին այլ կնոջ՝ նրան, ով ընդունակ է դժբախտ լինել: Դա այն կինն է, որն ընտրություն էլ չունի: Ոչնչի չհասած կնոջ ամենամեծ նվաճումը կյանքից ճակատագիր ստանալն է: Կինը կյանքում չի ծերանում, նա ծերանում է ճակատագրի մեջ: Ի վերջո կինը ճակատագրի ինքնարտահայտման գործիքն է, եթե նույնիսկ մի կողմ է քաշվում:
