Մհեր Արշակյան | Պոստմոդեռնիզմի առաջին մեռելը

Ես էսպես եմ հասկանում՝
բանաստեղծությունն այլևս էն չէ,
երբ պատերազմի մասին է,
կամ պատերազմի մասին չէ,
երբ սիրո մասին է,
կամ սիրո մասին չէ,
երբ սեքսի մասին է,
կամ սեքսի մասին չէ,
երբ քաղաքի մասին է,
կամ քաղաքի մասին չէ,
երբ Աստծո մասին է,
կամ Աստված է բանաստեղծության մասին,
որովհետև դեռ երեկ սա կյանք չէր,
ու վաղն էլ չի լինելու,
որովհետև երեկվա ստիխը
պետք չէր գրել,
այն էլ պատերազմից առաջ,
որովհետև մեռնողներն այստեղ շատ-շատ են,
որովհետև ամեն պատերազմի մեջ
բանաստեղծություն կա,
որը մեկնաբանելի չէ,
ամեն քաղաքում բանաստեղծությունից բարձր
ու հավերժական մի բան կա
կամ՝ հավերժական մեկը,
քաղաքից հեռանալ չես կարող,
իսկ բանաստեղծությունից հեռանում են
հաջորդ պահին,
ամեն սիրո մեջ բանաստեղծություն կա,
որն այդ սիրո մեջ էլ մեռնում է,
իսկ սեքսը բանաստեղծություն է,
որին կաշկանդում եմ բառերով:

Այդպիսին է բանաստեղծությունը՝
մեկ հոգին մեկ հոգուց,
սեքսը քո մասին չէ,
եթե կարդացողը ես եմ,
և դու բանաստեղծություն չես ամեն պահ,
քանզի ամեն պահ բառերը քեզնից շատ են:

Ես էսպես եմ հասկանում՝
բանաստեղծությունն էլ է լինում նախկին
ի տարբերություն նախորդ աշնան,
դրան նախորդած աշնան
ու բոլոր աշունների:

Այդ օրը պիտի գար՝
երբ ամեն ինչից հետո գրված բանաստեղծությունը
բանաստեղծություն չէ:

Մի օր բոլորս նորից կլինենք,
իսկ բանաստեղծությունը չի լինի,
մենք չենք լինի շնորհիվ,
մենք չենք լինի ի սեր,
մենք չենք լինի ի փառս,
մենք չենք լինի ի հեճուկս,
իսկ բանաստեղծությունը չի լինի ի մեզ:

Ես էսպես եմ հասկանում՝
բանաստեղծությունը դեռ երկար կմեռնի,
որովհետև մենք կանք,
որովհետև չի կարող բղավել,
որովհետև շատ երկար ապրեց,
կմեռնի առանց պակասելու,
իր հետ ոչինչ չպատահած,
նույնիսկ բառերի տեղը չփոխելով,
բանաստեղծությունը կմեռնի՝
չդիմանալով երբեք իրեն չվերաբերող
հանճարների մրցակցությանը,
որովհետև ամեն ինչ կա,
որովհետև ամեն ինչ կա նաև
բանաստեղծության անունից,
որովհետև փախուստի բոլոր ուղիներն
արդեն գծված են,
որովհետև առանց այն էլ
բոլորն իրար ասելիք ունեն,
որովհետև կամ մի սիրուն վաղուց չենք հասնում,
կամ մի սերը վերջացնում ենք մյուսով,
որովհետև այն ինձ չի բերելու քեզ մոտ,
որովհետև ոչինչ հասկանալի չէ,
եթե չեն հայհոյում,
որովհետև ես հենց հիմա կացին եմ բարձրացրել
բանաստեղծության վրա,
որովհետև իմաստ էլ չկա որևէ բանի,
որովհետև ամեն ինչ կարելի է,
որովհետև ոչ ոք չի ուզում
իր մարմնի կամ հոգու
բնօրինակը լինել
(սրանք տողեր են, որոնք մի ժամանակ
բանաստեղծություն էին),
որովհետև ոչ ոք վերևներում չի ապրում,
բոլորն ապրում են նույն ներքևի
տարբեր խորություններում,
որովհետև բառը մնալու է,
իսկ անտառները՝ ոչ:

Գտեք գոնե մեկ Աստված,
որը գիտի, թե ինչ է ուզում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *