«Սիրելի բարեկամ, ուղարկում եմ Ձեզ մի փոքրիկ ստեղծագործություն, որի մասին ճիշտ չի լինի ասել, թե չունի ո՛չ գլուխ, ո՛չ պոչ. ընդհակառակը, ամեն ինչ այնտեղ հաջորդաբար ու փոխադարձաբար միաժամանակ և՛ գլուխ է, և՛ պոչ…»։
Բոդլերի նամակը իր ընկերոջը՝ Արսեն Հուսեինին Փարիզյան մելամաղձ փոքրիկ արձակ պոեմների մասին:
Ամենից շատ ու՞մ ես սիրում դու, ասա խորհրդավո՜ր մարդ, հո՞րդ, մո՞րդ, քրո՞ջդ, թե եղբո՞րդ: Ամպե՜րն եմ սիրում… ամպե՞րը, որ անցնում են… այնտեղ… այնտեղ.. Հրաշալի՜ ամպերը:
Սփլինի նախերգանքն է, որտեղ չկա երկրային ոչ մի հեղինակություն, որովհետև չկա՞ մի բան, որ արժի գրել: Բոդլերը, ծնելով իր անհանգ պոեզիան, փորձեց թաղել իր հոռետեսությունը ապագայի, կյանքի նկատմամբ, որովհետև հենման կետ չկա, որտեղ կհանգրվանի նրա երազային հոգին, որ ուզում է հարբել, կորցնել ժամանակի և տարածության զգացողությունը. պետք է միշտ արբած լինել: Այս է ամենակարևորը, միակ խնդիրը: Չզգալու համար ժամանակի սոսկալի բեռը, որը ճնշում է ձեր ուսերը և կռացնում ձեզ գետնին, անընդհատ արբեք: Բայց ինչո՞վ գինո՛վ, պոեզիայո՛վ կամ առաքինությա՛մբ, ինչո՛վ կամենաք, միայն թե արբե՛ք:
Գարշելի՞ էր Փարիզը իր բուրժուական հևոցներով, թե՞ մայրաքաղաքը սպանել էր բանաստեղծին, որը սպառել էր իր կյանքի կենսահյութերը, որը գիտեր երազել, ստեղծել մոգական աշխարհ ու հետո փորձեր կտրվել իրականությունից, ի՞նչն էր Բոդլերին տանում դեպի երկինք կամ մահ. ներսի առասպելնե՞րը, թե՞ տաղտուկ ռեալիզմը, երկուսի դեպքում էլ Բոդլերի մելանխոլիան արդարացված է. ինչո՞վ պետք է հարբի 21-րդ դարի մարդը՝ ամպերո՞վ, լազուրային երկնքո՞վ, գիշերվա խորհրդավոր լռությա՞մբ, լուսնի բարիքներո՞վ, թե՞ դրանք արդեն անցած ափիոններ են կամ ծաղրալի դիմանկարներ կտակված 19-րդ դարի դենդիից: Մենք ունենք նոր թմրանյութեր, որոնք Բոդլերին ձանձրալի կթվային կամ անհասկանալի, սակայն նա որոշել էր սնվել ու սնել մեզ երազներով, որտեղ կյանքը ավելի հրապուրիչ է, որտեղ կարող ես թագավորել քո ուզած ձևով, իշխել այնպես, որտեղ չկա այլանդակություն, չկան հայելիներ, որոնք կարտացոլեին քեզ ու աշխարհը ողջ թշվառությամբ, որտեղ չէիր տեսնի Փարիզի պճնամոլների, քաղքենիների,պոռնիկների վերբալ ինքնաբավարարումները շոյելով իրենց անբավարարված Էգոն ու մի անկյունում կանգնած աղքատների աչքերին: Բոլոր մարդկային արատները մեզ հարազատ են. մենք գարշելի ենք և դա գիտեր Բոդլերը ներս է մտնում մի սարսափելի մարդ և հայելու մեջ նայում է իրեն, և նա տեսավ մեզ մեր ամբողջ մերկությամբ, ագահությամբ,գոռոզությամբ, պոռնկությամբ, թուլությամբ, էժանագին ֆրազներով և այլ անհաճո երևույթներով…
Բոդլերը պարտվել էր իրեն շրջապատող քաղքենի դարաշրջանին, որտեղ կար ձանձրույթ, աղքատություն և մենություն բայց փորձեց հաղթել իր տողերում, ուստի սկսեց գրել, արձանագրելով, որ միակ իրական զգացողությունը դա ցավն է, որի միջոցով մարդը գնում է կատարսիսի. միթե՞ դու արդեն հասել ես այնպիսի թմրածության, որ քեզ այլևս ոչինչ հաճելի չէ՝ բացի քո ցավից: Եթե այդպես է, փախչե՛նք ուրեմն այն երկրները, որոնք համանման են Մահին: Կա՞ ավելի երգեցիկ տողեր, որտեղ կպառկի մելանխոլիան և կփռվի աշխարհով մեկ ցույց տալով իր մերկությունը: Մենությունը և մելանխոլիան Բոդլերի հագուկապն էին, անձնագիրը, որի շնորհիվ ճամփորդում էր այլ երկրներ, որտեղի բնակիչները խոսում են այլ լեզվով և դավանում այլ կրոն,: ես գիտեմ, որ Դևը հաճույքով այցելում է ամայի վայրերը և որ ոճրի ու պագշոտության Ոգին հրաշալիորեն բոցավառվում է մենության գրկում: Սակայն հնարավոր է, որ մենությունը վտանգավոր լինի զառանցող ու անգործունյա հոգիների համար, որոնք իրենց կրքերով ու ցնորքներով են լցնում այն: Մեր գրեթե բոլոր դժբախտությունները ծագում են այն բանից, որ մենք չենք կարողանում մնալ մեր սենյակում: Մենք պետք է դուրս չգանք մեր սենյակից,պատյանից, աշխարհից, որտեղ ամեն ինչ կա, այսինքն՝ դու և քո մենությունը, «մենք չպետք է գործենք այդ սխալը» կասեր Հրեան* լսելով Փարիզում գտնվող մենակյացի ոռնոցը…
* Իոսիֆ Բրոդսկի

