Սույն հետազոտության նպատակն է վերլուծել բանաստեղծի «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուի «Մի քիչ հող, իսկ ընդհանրապես՝ քարեր» շարքը՝ գրական տեքստի միջոցով բացահայտելով հեղինակի հոգեբանական խնդրակազմն ու հիմնական տրիգերները (4)։ Տրիգերը այն ներքին կամ արտաքին ազդակն է, որից մարդը ծանր զգացմունքային ապրում է ունենում։ Ավելի հաճախ այն հանդիպում է բացասական ազդեցությամբ, և կարող է առաջացնել տագնապային գրոհ։ Մեծ նշանակություն ունեցող դեմքերը, իրադարձություններն ու հոգեբանական վիճակներն են ներազդում մարդու վրա՝ առաջացնելով տրիգերներ։ Օրինակ՝ պատերազմը կամ պատերազմ հիշեցնող բարձր աղմուկը, երկրաշարժը կամ երկրաշարժից մնացած ցանկացած փոքր ցնցումից առաջացող վախը, շտապօգնության մեքենան և այլն։ Ահա սրանց բացահայտումն էլ մեր ուսումնասիրության հիմնական նպատակն է։
«Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուն լույս է տեսել 1992թ․-ին, և այն բաղկացած է «Մի քիչ հող, իսկ ընդհանրապես քարեր», «Հին և նոր պատմություններ», «Հրաշալի կրկնություն», «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքերից։ Ինչպես արդեն նշել ենք, Հովհաննես Գրիգորյանը ոչ միայն ձևի, այլև գրականություն բերած բովանդակության առումով էր նորարար։ Նրա բանաստեղծությունները ազատ հանգի են, այսինքն ՝ վերլիբրներ։ Սա անշուշտ օգնել է բանաստեղծին չկաշկանդել միտքը և հաճախ չկրճատել բովանդակությունը՝ միևնույն ժամանակ պահելով բանաստեղծական ռիթմը։ Սրա վառ օրինակը «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ՝ անհրաժեշտ հետևություններով» բանաստեղծությունն է, որի վերնագիրն ինքնին առաջին հայացքից տարօրինակ է թվում իր երկարաշունչ բովանդակությամբ, և բանաստեղծությունն ինքն էլ բավականին ընդարձակ է, սակայն չենք կարող ասել, թե այն զուրկ է գեղարվեստական չափածոյին բնորոշ ռիթմից։
Վերլիբրային բանաստեղծությունները բավականին բնորոշ էին նաև ժամանակակից ուրիշ բանաստեղծների (Հ․ Էդոյան, Վ․ Գրիգորյան), սակայն բանաստեղծության այս ձևը հենց հնարավորություն է տալիս դրսևորելու սեփական ինքնատիպությունը, ինչը և վստահաբար արել է Հովհաննես Գրիգորյանը։ Բովանդակության և մոտիվի առումով նույնպես առանձնահատուկ է նրա պոեզիան։ Եթե փորձենք նրա բանաստեղծությունները դասակարգել ըստ մոտիվների՝ ավանդական ձևով (սեր, բնություն, հայրենիք) կամ ընդհանրապես, ապա մեծ դժվարության առաջ կկանգնենք, որովհետև նրա պոեզիան մաքուր միագիծ չէ այս առումով։ Սակայն ողջ պոեզիային ուղեկցող կարմիր թելի կամ զարկերակի պես կարելի է նշել հայրենիքի դժբախտության ու ծանր կացության թեման։ Թերևս «Մի քիչ հող, իսկ ընդհանրապես՝ քարեր» շարքի ողջ մոտիվը սա է։ Շարքի ուսումնասիրությունը սկսենք հենց պարատեքստային լուծումից։ Կարելի է վերնագիրն իբրև ինքնին մի առանձին բանաստեղծություն-տող համարել, մոնոստիքոս, որովհետև այն իր բովանդակային ընդգրկմամբ և ասելիքի խորությամբ բավականին ազդեցիկ է։ Մի քիչ հող, իսկ ընդհանրապես քարեր է հայրենիքը՝ Հայաստանը։ Այստեղ հող-քար հակադրամիասնությունը կարելի է զուգահեռել սեր-ցավ հակադրությանը, որովհետև շարքի բովանդակությունից դուրս կբերվի, որ հայրենիքում ապրելը երջանկություն և դժբախտություն է միաժամանակ։
Հողի խորհրդաբանությունը խիստ բնորոշ է ազգային մտածողությանը և հայ գրականությանը։ Դեռ «Արշակ և Շապուհ» ավանդազրույցից սկսած՝ հայ մարդու համար հայրենի հողը ուժի և սրբության խորհրդանիշ է։ Հողի դերի գիտակցումը սրվել է հատկապես դարասկզբի Մեծ եղեռնից հետո։ Գրականության մեջ տեղ գտած Էրգրի կարոտը ի վերջո հենց հայրենի հողի կարոտն է, որի մասին գրել են շատերը՝ Մ․ Գալշոյան, Վ․ Դավթյան, Ս․ Կապուտիկյան և այլք։ Դավթյանի պոեզիայում հողին հանձնվելու, նրան ձուլվելու գործընթացը իբրև մի երանավետ ծես է ներկայացվում։ Ահա Հովհաննես Գրիգորյանը նույնպես արժևորում է հողի դերը՝ վերնագրից մինչև բանաստեղծություն․ նա գրում է․
Ի վերջո, երկար թռչելուց հետո ամեն ինչ ընկնում է հողին, որովհետև առավել խորհրդավոր են հողի գաղտնիքները (5)։
«Մի քիչ հող, իսկ ընդհանրապես քարեր» շարքը բացվում է «Աղոթք» բանաստեղծությամբ։ Ինչպես արդեն նշել ենք, Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում հայրենիքի դերի և նրա ազդեցության սահմանը միանշանակ չէ։ Հաճախ այն բոլոր հոգեբանական ծանր ապրումները, որոնք մինչև վերջ չեն հաղթահարվել բանաստեղծի կողմից, դառնում են գրականության նյութ։ Այդ զգացողությունը հոգեբանության տերմինաբանությամբ կոչվում է տրիգեր (6)։ Բանաստեղծի կյանքում, ինչպես նաև ստեղծագործության մեջ կա երկու գլխավոր տրիգեր․ նախ 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, և ապա Արցախյան առաջին պատերազմը և դրա թողած ծանր հետևանքները։ Ահա «Աղոթք» բանաստեղծության մեջ հենց պատերազմի, հայրենիքի անձուկ սահմաններից կախված մահվան ու անորոշության հոգեվիճակն է, որի մասին գրում է Գրիգորյանը․ «Չորս քայլ վեր․․․սահման է։․․․․// Չորս քայլ վեր՝ ավեր է ու մահ է․․․․» (5, էջ 7)։ Հետաքրքիր է, որ բանաստեղծի համար Հայաստանի չափը յուրահատուկ կարևորություն ունի, և տարբեր ձևերով նա խաղարկում է այս մոտիվը․ մեկ այն, որ «երջանկություն, խաղաղություն» բառերը խիստ երկար են նման փոքր երկրի համար, այդ պատճառով Աստված «սուգ , ցավ ու լաց» է տալիս նրան, մեկ այն, որ այս երկիրը «չափերով այնպիսինն է, որ տեղավորվում է ազատորեն բանաստեղծի սրտի մեջ», կամ այն, որ ընդամենը «մի կոշիկի չափ է», իսկ երկրորդի համար դարեր շարունակ պայքարում է։ Այս փոքրությունը դառնում է յուրօրինակ ճնշվածության պատճառ բանաստեղծի համար, որովհետև ինչպես ամբողջ աշխարհի համապատկերում է Հայաստանը աննշան և անտեսված, այնպես էել բանաստեղծն է իրեն աննշան և անտեսված զգում հասարակության մեջ․
Իսկ եթե չկան էլ ուրիշ հարցեր, ապա հարցրեք ինձ, ի վերջո, ո՞վ ես դու,- և ես ձեզ կասեմ, որ ես ոչինչ եմ՝ փոքրատառով․․․․(5, էջ 18)
Վերը նշված տագնապային զգացողություններ առաջացնող երկու թեման էլ՝ պատերազմը և երկրաշարժը, փոխկապակցել է «Գարուն-1992» բանաստեղծության մեջ։ Ի վերջո բանաստեղծի ժամանակը, և այն բոլոր հոգեբանական ազդեցությունները, որոնք տարել էր նա, համազգային էին։ Հայ ժողովուրդն էր անցել այդ երկու արհավիրքի միջով, ուստի և բանաստեղծի հոգեբանական խնդիրը, տրիգերները, խնդիր էր մի ամբողջ ժողովրդի մի ամբողջ սերնդի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ապրող և ստեղծագործող սերնդին անվանում էին «կորուսյալ սերունդ»։ Այդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից էին Է․ Հեմինգուեյը, Ֆոլքները, Ռեմարկը և այլք։ Նրանք ապրում էին խորը հիասթափություն, հուսալքություն, սովորաբար ունենում էին առողջական լուրջ խնդիրներ, կորցրել էին բոլոր իդեալները, և այս ամենը ուղղակի կամ անուղղակի կերպով արտացոլվում էր նրանց գրականության մեջ։ Ահա, կարող ենք ասել, որ Հովհաննես Գրիգորյան էլ իր ժամանակի այդ բոլոր փորձությունները տարած ժողովրդի, հոգեպես «հիվանդ» հասարակության բանաստեղծն էր, ով գրելով թեթևացնում էր իր և որոշակի չափով նաև իր ժողովրդի կացության դժվարության բեռը։
Մղձավանջ է այն, ինչի մասին գրում է բանաստեղծը «Գարուն-1992» բանաստեղծության մեջ։ Մղձավանջ, որը եղել է իրականություն անցյալում և ստվերի պես հետապնդում է ներկայում նրանց․
-Դու ես ինձ օրորում, թե՞ երկրաշարժ է դարձյալ․․․(5, էջ 13)
Ինչպե՞ս ենք վստահեցնում, որ այդ տագնապային մոտիվը իսկապես հոգեբանական խնդիր է, տրիգեր բանաստեղծի համար։ Շատ պարզ ձևով․ դրա մասին գրում է հենց ինքը՝ բանաստեղծը։ Այս թեման չի սահմանափակվում ընդամենը մեկ ժողովածուի մեկ շարքով․ անընդհատ մենք տեսնում ենք այդ տագնապային հոգեվիճակը, որից բանաստեղծը ազատվել չի կարողանում։ «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուն Փարիզի տպավորությամբ գրված ժողովածու է, սակայն այդտեղ էլ բանաստեղծը, լինելով Փարիզում, վերապրում է նույն ողբերգությունը անընդհատ, որովհետև մի ձայն, մի իրադարձություն, մի շարժում նրան տեղափոխում է անցյալ։ «Պատերազմից խաղաղություն» բանաստեղծության մեջ նա նկարագրում է այն հոգեվիճակը, որը ազդված էր փարիզյան մի միջադեպից, երբ շտապօգնության մեքենան պարզապես մի փարիզուհու էր տեղափոխում, իսկ նրան այդ պատկերը պատերազմն էր հիշեցնում։ Հոգեբանական տրիգերները ապրելիս մարդիկ նմանվում են Մունկի «Ճիչ» նկարի կերպարին։ Նրանք կարող են կծկվել, փակել ականջները և փորձել չհիշել այն, ինչ իրենց տագնապ է պատճառում։ Մոտավորապես սա է անում բանաստեղծն այդ պահին․ սուզվում է անկողնու մեջ, միացնում է իր հետ տարած «մոգնիտոֆոնը» և պատկերացնում, որ այդ «երևակայական» պատերազմը կավարտվի, այն պատերազմը, որը հետապնդում է իրեն նույնիսկ հաղթական ավարտից հետո (7)։
Ահա այս ապրումներից հետո ամենասովորական բաները բանաստեղծի աչքին տարօրինակ և զարմանալի են թվում։ Ինչպե՞ս կարող է կյանքն ընթանալ իր բնականոն հունով, առանց խոչընդոտների և ողբերգությունների․ այս հռետորական հարցի դրական պատասխանին բանաստեղծը կարծես չի հավատում․
Բայց գարունն այստեղ է և ահա նրա առաջին տերևը տեղ է հասել ինչն է զաարմանալի՝ բոլորովին անվնաս․․․(5, էջ 14)
Ահա մարդու ձեռքով փակված օդային ճանապարհիների, ավտոմայրուղիների, երկաթուղու գծերի դեմ անզոր է միայն մարդը, բայց ոչ երբեք բնությունը։
Պատերազմից հետո կյանքը քաոս է։ Դերերը խառնվում են իրար, սերը, որը մեծագույն կենսատուն է, անհետանում է, անհետանում է նաև հույսը․ սրա մասին է գրում բանաստեղծը «Չկա» բանաստեղծության մեջ։ «Ում ինչ է թվում» բանաստեղծության մեջ նա գրում է․
Ինձ թվում է, որ շուտով բոլոր օրերը կանցնեն և միայն դուդուկը կխոսի և մենք բոլորս կլռենք որովհետև հնարավոր չէ խոսել, երբ կոկորդդ լցված է արցունքով (5, էջ 25):
Բանաստեղծի գիրը իսկապես մի յուրօրինակ դուդուկ է դառնում, որը ողբերգում է հայ ժողովրդի ծանր կացությունը։ Այս իրավիճակներում միշտ էլ բանական մարդը մեղավորներ է փնտրում, և Հովհաննես Գրիգորյանն էլ համարձակ կերպով հռչակում մեծագույն մեղավորին, որն է «պառլամենտը»։ Այս «պառլամենտի» ձեռքին գործիք դարձած ժողովուրդը մի կերպ փորձում է ապրելու կռվաններ գտնել, իսկ իշխանության համար պայքարը այդ օրերին ամենազավեշտալի և միևնույն ժամանակ ցավալի իրադրությունն է, որին դատապարտված է հայ ժողովուրդը դարեր շարունակ։
Բանաստեղծական շարքը փակվում է «Երևի» բանաստեղծությամբ, որի առաջին տողը հռչակում է բանաստեղծի լեզվով խոսող մի ողջ ժողովրդի եզրակացություն, և այդ եզրակացությունը ուղղակիորեն հակադրվում դարավոր պատմական այն ճշմարտությանը, թե հայերը նստակյաց ժողովուրդ են (Ի դեպ՝ Գրիգորյանի պոեզիայում բազմիցս նկատվում է հանրահայտ ճշմարտությանը, պատմական փաստին, գրչակից ավագներին հակադրվելու միտումը )․
Մենք, երևի, իսկապես եկվորներ ենք․․․․(5, էջ 27)
Այլ կերպ բանաստեղծ-մարդը չի կարող ընկալել աշխարհում տիրող անտարբերությունը, որը դարերից դարեր և իրադարձություններից իրադարձույուններ չի փոխվում։
Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները միանգամից տարածվեցին պատերազմից պատերազմ՝ նախ՝ Քառօրյա, ապա՝ Քառասունչորսօրյա։ Սա տրիգեր ասվածի այն ազդեցությունն է, որը կապում է բանաստեղծին և ընթերցողին։ Ինչո՞ւ է ընթերցողը հենց այդ ժամանակ սկսում կարդալ այդ թեմայով տարիներ առաջ գրված պոեզիան․ շատ պարզ է, որովհետև նա ապրում է այն նույն հոգեկան տագնապը, որը ժամանակին ապրել է բանաստեղծը, և որի մասին նա գրել է։ Ընթերցողը չի կարող գրել, հաճախ չի էլ կարող խոսել, որովհետև այդ թեման մի ներքին տաբու է դառնում նրա կյանքում, բայց ցանկացած ապրում պետք է պարպվի, ուստի ընթերցողը իր սփոփանքը գտնում է պոեզիայում։ Այսպես է ներազդում արվեստի մեծ մասը ընկալողի վրա։ Մարդն իրեն կամ իր ապրածն է տեսնում բանաստեղծության մեջ, ֆիլմում, նկարում, և սփոփում իրեն, որ իր ցավը կիսում են ուրիշները։ Արևմուտքում տարածված է նաև հաճախ իբրև ինքնանպատակ խաղարկել այդ տրիգերները, որպեսզի լսարանը արձագանքի և անդրադառնա այս կամ այն արվեստի գործին։ Իհարկե, երբեք ու երբեք չի կարելի ասել, թե Հովհաննես Գրիգորյանի ինքնանպատակն է եղել իր պոեզիայում անդրադառնալ այս խնդրին։ Դա փաստում է նաև այն հանգամանքը, որ նա գրում է, թե խմբագիր աշխատելիս հաճախ էր պարզապես լսողի դեր էր ստանձնում (կարելի է ասել անգամ լսող- հոգեբանի), որովհետև բոլորի ցավն ու խնդիրը նույնն էր այդ տարիներին։
Աղբյուրներ
- https://surl.li/bkmjsd, 26.03. 2025:
- https://www.grakantert.am/archives/10319, 27.03.2025:
- https://surl.li/qzvams, 27.03.2025:
- https://surl.li/qijnsl, 27.03.2025:
- Գրիգորյան Հ․, Հրեշտակներ մանկության երկնքից, Եր․, Զվարթնոց հրատ․, 1992:
- https://surl.li/carjqo, 27.03.2025:
- Գրիգորյան Հ․, Երկու ջրհեղեղի արանքում, Եր․, «Նաիրի» հրատ․, 1996:
