Փիթեր Բալաքյան | Ճակատագրի սև շունը

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՆՅՈՒ ՋԸՐՍԻ

Տատիս մահվանից տարիներ անց բացահայտեցի, որ հիշողության երկու տեսակ գոյություն ունի։ Մեկը զգացողությունների անձնական հյուսվածքն է։ Սա ավելի շատ հատուկ է արվարձանների բնակիչներին՝ լավ ժամանակներ, երազկոտություն, սեքս, ընկերություն և մարմին՝ շարժման մեջ։ Հիշողության այս տիպը անսահման կարողականության զգացողությունը, անբաժանելի էր ռոք’ն ռոլից, որ անվերջ հորդում էր փիրուզա-մոխրագույն «Զենիթ» ռադիոընդունիչից, որ տատս էր նվիրել, երբ ութ տարեկան էի, կամ՝ փոքրիկ «RCA»-ից ու «Սոնի»-ից, որ ավելի ուշ ձեռքիցս գրեթե վայր չէի դնում։
Լինել տասներեք տարեկան ու երազող։ Եվ անքուն աչքերը տրորել առավոտյան ցնցուղն ընդունելու ճանապարհին՝ վարագույրի արանքից ներթափանցող լույսի մեջ։ Երազի ու իրականության միջև։ Հավատալով «ինչ-որ տեղ, ծովից այն կողմ»-ին։ Սպիտակ, թափանցիկ բաճկոնակից ներս հանդիսավոր ձգվող կրծկալ։ Եվ երբ ծովեզրն ու Քոփփերտընի հնդկընկույզի բուրմունքը իր թևերի տակ առած կապույտ երկինքը դժգունեց, և լողազգեստների տակից երևացող աղվամազերի գանգուրներն ու կիսատեսանելի կրծքերն անհետացան, սկսեցին հնչել սաքսոֆոնները։
Էրոսը մենամարտում է մահվան դեմ։ Փոլ Էյնկայի հոգեվարքը։ Էլվիսի ցնցումները։ Փոքրիկ Ռիչարդի սբ. Վիտուսի պարը դաշնամուրի վրա։ Արետան, որ բաց էր անում պիանոլայի զանգակատները։ Մարթա Ռիվիսի հանրահայտ գոտիները։ Ռոյ Օրբինսընի ողբերգերը։ Ջեքի Ուիլսընի թրթռումները։ Բիլլի Ստյուարտի արագ անցումները։ Գարնետ Միմսի ավետարանական զորավորությունը։ Բոբ Դիլընի ռնգային լալկանությունը։
Երբ երաժշտությունը միացված էր, այլևս գոյություն չունեին Բալաքյաններն ու նրանց բարձր քաղաքակրթությունը, Արուսյանները, նրանց խոհանոցն ու գեղագիտական նախապաշարումները, հեքիաթներն ու երազները։ Կյանքն ուրախ էր և արագընթաց, ոչ թե հայկական ժամերի նման դանդաղաշարժ ու խոհական։
Լինել տասնյոթ տարեկան ու գնալ Լինդա Բլումի նկուղը, «Կոլտ-45»-ի թիթեղատուփերից տարածվող ածիկի տաք բուրմունք և «Solem»-ներից, «Luckie»-ներից ու «Marlboro»-ներից ձգվող ծխի հոտ, երեսպատված պատերին սեղմած բազմոցներ. փոքրիկս, քո սիրո կարիքն ունեմ, պետք է ողջ սերդ ունենամ։ Արլինի սև պարահանդեսային կոշիկները՝ մի կողմ շպրտված։ Դրախտային բույր։ «Old Spice»։ Խոնավություն։ Ուրեմն լավ զննիր դեմքս, կնկատես ժպիտս, այն տեղաշարժված է, եթե մոտիկից նայես, հեշտ կլինի ուրվագծել. ինչ-որ մեկը նախագահի համար կատարում է Ջերրին ու թափ հաղորդողները։ Սիրում ես, թե ինչպես է գլանակը դուրս ցցվում նրա երկար մատների արանքից, և ինչպես են նրա կարմրացված եղունգները փաթաթում սպիտակ ծխախոտաթուղթը։ Դու չես թողնում, որ դասի գնաք, իսկ նրա ծնողները մեկ շաբաթով մեկնել են Պուերտա Ռիկո։
Փոքրիկս, այնքան իմաստալից ես, գիտես կարող էիր դպրոցական դասագիրք լինել, այնպես ես սիրտս գողանում, գիտես կարող էիր սառնասիրտ նենգարար լինել։ Կարևոր չէ, թե ինչ մեքենա կճարես՝ գաճաճ «MG» թե «Spitfire» և կամ միջատ, թե «GTO», ամեն ինչ գլխիվայր շրջված կլինի, և Գարդեն Սթեյտ ծառուղու կեսգիշերյան տաք օդը ներս կհորդա։ Այրված տապակայի հոտը ծփում է փայտամածին, ալիքները կոհակվում են պարանոցիդ, ռադիոընդունիչները հնչում են անընդհատ ու մետաղածոր։
Եվ ինչպես է նա հիմա հենվել խավար խոհանոցի դեղին պահարանին ու սկսում է երգել՝ կանչիր փոքրիկս, կանչիր, բարով գաս տուն։
Սակայն ես հայտնաբերեցի, որ գոյություն ուներ նաև հիշողության մեկ այլ տեսակ։ Հիշողություն, որ կապված էր ավելի ընդգրկուն հասկացողության հետ, քան իմ կյանքն էր։
Տատիս մահից հետո Հայաստանն ինձ ավելի ու ավելի հեռու էր թվում, կորցրել էի նրա մարմնավորած՝ հեռավոր-արևելյան այդ հնագույն աշխարհի իմ ուղղակի ու ներքին զգացումը։ Հեռավոր-արևելյան աշխարհ, որ նա էր անձնավորում։ Եվ նշանակություն չուներ, թե որքան էի խորասուզված մերձքաղաքային այդ կյանքի ու Թենֆըլայի դեռահասների ուրախ հասարակության մեջ, տատիս հիշատակը մի տարօրինակ ստվերի նման անընդհատ հայտնվում էր այս ու այն տեղ, կարծես ինձ հիշեցնելու, որ էլի ինչ-որ բաներ կային, որ ես պարտավոր էի իմանալ։ Տատս ներթափանցում էր իմ ներկայի մեջ ամենատարօրինակ պահերին, առանց գիտակցական խթանումների։ Նա դարձել էր իմ բախտը, ճակատագրի ուժը, որ այցելում էր ինձ՝ առանց հարցնելու՝ պատրա՞ստ էի նրան ընդունելու, թե՝ ոչ, և որը, Տիկին Բախտի նման, անտարբեր էր իմ ներկա վիճակի, կենսադիրքի կամ ապահովության ու սփոփանքի կարիքն ունենալու հանդեպ։ Դա պատմությունն էր, որ բախում էր սրտի դուռը, և երբ արդեն դռների մոտ էր, դրա ավետիսն արդեն անթափանց էր, խորհրդանշական ու անորոշ։ Ես միայնակ պետք է որոշեի՝ ի՞նչ անել, սակայն արդեն անկարող էի խուսափել ոտնձգությունից։
Մտաբերում եմ մի պարզ, ցուրտ երեկո, երբ ճանապարհները երկու կողմից ծածկված էին ձյան հաստ շերտով։ 1968-ի փետրվարն էր, ժամադրության օր էր, և ընկերուհուս՝ Ռոուզ Ջերմետնի հետ գրկախառնված էինք Ford Country Squire գնացքի եռաշարք վագոնի նստարանին։ Վերադառնում էինք «Միլբըրն» կինոթատրոնից, որտեղ հենց նոր նայել էինք «Շրջանավարտը»։ Կինոյից դուրս եկա մի տեսակ սարսռած, որովհետև գլխավոր հերոսի դերակատարը Դաստին Հոֆմանն էր։ Ոչ թե Ջոն Ուեյնը, Ստիվ Մաքքուինը կամ էլ՝ Փոլ Նյումանը, այլ այս կարճահասակ մեծաքիթը, որ հունական ցանկացած հարթաքանդակի կսազեր։ Նախանձախնդիր, օտարոտի և ըմբոստ Բենջամին Բրեդդոքը ինձ համար ավելի իրական էր, քան Հոլդեն Քոուլֆիլդը կամ Ջեյմս Դինը, և իմ հակակերպարն էր այնքան ժամանակ, քանի դեռ Կամյուի Մերսոն չէր փոխարինել նրան։ Նրա ճակատագրական սիրո՝ Էլենի դերը կատարում էր Քեթրին Ռոսը։ Այտերին՝ պատանեկան խինդ, կապույտ աչքեր, երկար շագանակագույն մազեր և՝ նմուշ-ժպիտ։ Շքեղատեսք էր, երբ Բերկլիի բակում ճեմում էր շվեդական կոշիկներով, կապույտ ջինսով ու «Abercrombie & Fitch»-ի շարքի բաճկոններով։ Ինձ դուր էր գալիս, թե ինչպես սպիտակ թղթե տոպրակից, որ Բենջամինի հետ էին վերցրել մեքենայով, հանում էր ֆրանսիական տապակներն ու խցկում իր զգայապաշտ բերանը, հետո ժպտալով բարի գիշեր մաղթում ու անհետանում սպիտակափայլ տան մուտքում։ Թխորակ Հոֆմանի համեմատ նա ծայրագույն շիկսա էր։
Հարավային Կալիֆոռնիայում ամեն ինչ ճերմակ էր։ Տիկին Ռոբինսոնի նախամուտքի սպիտակ պատերը, որոնց տակ նա կուչ է գալիս, երբ նրա կապը Բենջամինի հետ հայտնի է դառնում դստերը։ Բրեդոքի խոհանոցի սպիտակ երեսվածքը, Բենջամինի քոլեջային ավարտական հանդեսի կայսերական ձյունաճերմակ զգեստները, «Թաֆտ» հյուրանոցի հանրահայտ թիվ 528 սենյակի (սիրային ժամադրավայրը) սպիտակ պատերը։ Ի վերջո, Սանտա Բարբարայի առաջին երիցական սպիտակ եկեղեցին, որտեղ Բենջամինը Էլենին փրկում էր խարտյաշ բժիշկ-ուսանողի հետ սպիտակաբույր ամուսնությունից։ Սա ավելին էր, քան վաթսունականների նվազականությունը. ամերիկյան երազանքի սպիտակ ոչնչությունն էր։ Բենջամինը, ընկճված ու միայնակ, աչքերը հառած ննջասենյակի ակվարիումին։ Բենջամինը լքված, դուրս մղված Էլենի կյանքից, իր նոր «Ալֆա Ռոմեոն» վարում էր շքեղ փողոցներով։ Բենջամինը իր ետնաբակի ջրավազանում, լաստանավի վրա, ստվերի տակ, գարեջրի քրտնած շիշը ձեռքին, գլխավերևում՝ նարնջենիներ։ Սայմընի ու Գարֆանքըլի քնարական և թախծալի երգերը. Ողջույն, մթություն, իմ հին բարեկամ, կրկին եկել եմ քեզ հետ զրույցի, քանզի մի տեսիլք հանդարտ սահելով լքեց երազս, մինչ ես քնած էի։
Ռոուզին գրկած նստել էի երկրորդ շարքի նստատեղին՝ ֆիլմով խանդավառված և խորապես զգալով շաբաթ երեկո նրա հետ լինելու հաճույքը։ Հետո, սառը ցնցուղի պես, մի հուշ թափվեց վրաս։ Մտովի վերադարձա 1962-ի ամառը՝ վերապրելով մի տեսարան, որի գոյությունն, անկասկած, խեղդել էի իմ մեջ հենց տեղի ունենալու պահից։ Հավանաբար, իմ վերհուշի պատճառը Դաստին Հոֆմանն էր, որի հրեական տեսակետները յուրօրինակ կամուրջ էին նետել դեպի իմ հայկականությունը, որը ջրասույզ, բայց կենսունակ էր իմ ընդերքում։ Բազուկս զգուշորեն սեղմեց Ռոուզի ուսը, իսկ հայացքս վագոնի պատուհանի միջով անշարժ մեխվել էր երկնքին, ուր առկայծում էին ռադիոաշտարակի կարմիր լույսերը։
Անկողնում եմ, ջերմում եմ, մի քանի օրից կարմրուկս բացահայտվելու է։ Քթիցս պարբերաբար արյուն էր կաթում T-աձև շապիկիս վրա, իսկ ես վերընթերցում էի «Ռոջեր Մարիսը ծեծանով» կոչվող գիրքը և վերապրում այն բոլոր վաթսունմեկ անցումները, որ Մարիսը կատարեց սեփական դաշտում անցյալ ամառ և գերազանցեց Բեյբի ռեկորդը։ Մինչ ջերմությունս հետզհետե բարձրանում է, փորձում եմ մտովի պատկերացնել Մարիսի՝ ձախ ձեռքով կատարած ընտիր հարվածը, որից հետո ճերմակ գնդակը բարձրանում է և ուղիղ իջնում «Yankee» մարզադաշտի աջակողմյան շրջանակի մեջ։
Տատս սենյակ է մտնում, շոգ հուլիսի վերջին օրերն են, օդորակիչը խափանվել է, պատուհանները բաց են, ծառերի կողմից լսվում է ճպուռների միալար բզզոցը։ «Հոգին,— ասում է տատս,— լքում է մարմինը։ Շունչ։ Օդ։ Հոգի։ Հոգին դուրս է գալիս մարդու բերանից, երբ վերջինս մահանում է, ու իր համար այլ բնակավայր է գտնում։ Հոգիները կամ չար են լինում, կամ՝ բարի։ Բարի հոգիները կապ ունեն հրեշտակների ու սրբերի հետ։ Չար հոգիները՝ անձնասպանությունների, ոճրագործությունների կամ թուրքերի հետ»։
Տատս բարձր ձայնով էր խոսում, և պատուհանից ներս հորդացող արևի լույսն այնքան պայծառ է, որ նա գրեթե չի երևում այդ փայլի մեջ։ Շարունակում է խոսել. «Անմաքուր հոգիները հետապնդում են ապրողներին և հայտնվում կենդանիների մարմինների մեջ։ Չար մարդկանց հոգիները դեգերում են անվերջ, բարիներինը գտնում իրենց բնակատեղին։ Հոգիները կարող են ամենուր թաքնվել՝ ճագարամկան մեջ ու խաղողի տերևի, կարող են նույնիսկ փաթաթվել թթի տերևի մեջ։ Հոգիները նման են ծաղիկներին, ուրեմն ուշադիր եղիր և չխաբվես բնությունից, չհիմարանաս գեղեցկությամբ»
Նա դուրս է գալիս լույսի միջից, քայլում դեպի պատին ամրացված հայելին, և նկատում եմ, որ հերարձակ է։ «Ամենուրեք նշաններ գոյություն ունեն։ Երբ նշանը քո կողքին է հայտնվում, և դու վրիպում ես, բախտդ ես կորցնում։ Կարմիր վարդն սպիտակում է ապրիլին, բլուրներին աճող ավելախոտը սևանում է օգոստոսին, ոչխարները գունափոխվում են մի գիշերում, ներքևի ճյուղերին թութը քնքուշ ու կանչող է։ Երբ հացը սիրական է, մահը մոտական է։ Մի աչքդ բաց քնիր, հոսանքից մի քայլ ետ մնա։ Զգուշացիր չար աչքից»։
Ես գլխով հավանության նշան եմ անում, երբ նա հիշատակում է չար աչքը։ Հետո դուռը բացվում է՝ հայրս է։
— Չեմ պատրաստվում մեռնել,— ասում եմ հորս։
Նա պատուհանի մոտ է, երկար ասեղով ծակում է շիճուկի սրվակի ռետինե վարդագույն խցանը։ Ապակյա ներարկիչի վրա երկար ծիրանագույն գիծ է։ Հետևում եմ, թե ինչպես է շիճուկը դանդաղ ներքաշվում ներարկիչի մեջ։ Ծայրին արծաթագույն ասեղը պեծպեծում է լույսի մեջ։
— Ջերմությունդ 40° է,— ասում է հայրս,— կիջնի, չմտածես։
Այնպես ցավեց, կարծես ականջս դանակ խրեցին։ Ասեղը երկար է, և երբ զգացի բամբակյա վիրախծուծից տարածվող սպիրտի հոտը, մկաններս պրկվեցին, ապա բազուկիս հակառակ կողմը սառեց, սեղմեցի ծնոտս, և պատուհանի ետևում երկնքի կապույտն անհետացավ, կարծես մի աննկատ ձեռք փակեց վարագույրը։
Արթնանում եմ, տատս կանգնած է գլխավերևումս։ Մաշկս այրվում է, այնքան նվաղած եմ, որ չեմ կարող խոսել։ Պարզապես տեսնում եմ, որ նա կրծքիցս ինչ-որ ապակյա անոթ է պոկում, և նավթի հոտ եմ առնում։ Աչքերս հետևում են ծխի բարակ քուլային, որ լողում է դեպի առաստաղը։ Անոթի մեջ մշուշի ծվեն է, տատս ուշադիր զննում է այն, ես՝ նրան, ապա՝ պատին փակցված քոլեջային պատվադրոշներին, որ քամուց ծածանվող դրոշների նման գլխապտույտ են առաջացնում։ Հետո նկատում եմ կրծքիս դաջված կարմիր շրջանագիծը հենց այն տեղում, որտեղից տատս հանել էր անոթը։
— Շիճուկը սրանից ավելին չի անի,— ասում է նա,— շուտով ջերմությունդ կբարձրանա։ Հոգիդ սիրեմ, անո՞ւռ ես։
Գլխով համաձայնության նշան եմ անում և զգում եմ, որ քրտինքը սառում է մարմնիս վրա, T-աձև շապիկս խոնավանում է ու պաղում։ Շոյում է մազերս։ Ճակատիս զգում եմ նրա սառը դաստակը։ Կարծում եմ՝ առավոտ է, որովհետև թվում է, թե պատի ետևում կարմրաբոսոր լույս է, բայց սենյակում խավար է, տատս կանգնել է վինձորյան հնամաշ, սև ճոճաթոռի կողքին։ Երբ ժպտում է, նորածնի նման միայն լնդերն են երևում, որովհետև բոլոր ատամներն հեռացրել է։ Նրա հաստ, մուգ շագանակագույն մազերը փայլում են ուսերին ու տատիկնոցի նման տարածվում մեջքին, և երբ քմծիծաղում է, բերանը, կարծես, լողում է օդում՝ նրան վհուկի տեսք տալով։ Սպիտակ գոգնոցի ետևից կիսատեսանելի են կրծքերը։
«Հայրս սիրում էր կրկնել՝ եթե ոչխարը շատ է հեռանում, փնտրելն արդեն իզուր է, Նաֆինա»։
«Դրանց հետանցքների մոտ որդեր կային։ Մենք պառկել էինք գետնին։ Չորս հոգով էինք։ Մացառների միջով ինչ-որ բան վազեց։ Գիշերային երկինքը անթերի էր։ Տեսա, թե ինչպես մի աստղ հրարկվեց Նինվեի կողմը, հետո կայծակ եղավ, ու մացառները արծաթափայլվեցին, ու նորից ամեն ինչ սևացավ։ Երբ արևը ճեղքեց երկնքի մոխրագույնը, երևացին թռչունները, որ կարծես հսկայական օդապարիկի պոչը լինեին։ Սարի վրա սև պատմուճաններով տղամարդիկ էին։ Նրանք հեռվից ձեռքով էին անում։ Հետո հայտնվեցին թռչուններն ու շները»։
Թվում է, թե երազի մեջ եմ, սակայն պարանոցիս տակ զգում եմ մահճակալի կոշտ գլխամասը, որին հենված նստել եմ անկողնուս մեջ ու տատիս եմ հետևում։ Միգուցե նա՞ է երազի մեջ՝ իմ առջև կանգնած։
«Ամենուր նեխածության հոտ էր։ Հակոբը գետնին էր։ Ես ցնցեցի նրան։ Դիմացս ինչ-որ բան էր նշմարվում։ Հակոբը սառած էր։ Հետո նկատեցի, որ սրունքիցս արյուն էր հոսում, ու կարող էի զգալ ոտքիս մեջ խրված մետաղադրամները։ Ալիսը քնած էր մեջքիս ամրացված կախոցի մեջ։ Զինյալ ոստիկաններն սկսեցին ինձ ապտակել։ Նրանցից մեկն էլ մտրակում էր։ Միասին ծորում էին արյունն ու կաթը։ Ալիսը լաց էր լինում։ Թուրքի ձեռքին կացին էր ու ածխե կոթով փոքրիկ դանակ։ Արյունս տաք էր, հետո՝ սառեց։ Ես նրան ճանաչում էի Դիարբեքիրից։ Վրաս էր ընկել սատկած անասունի պես։ Տեսնում էի, թե ինչպես էին մեռած փետուրները բարձրանում դեպի կապույտ երկինքը, ուր թռչում էր իմ զատկական դրամարկղիկը։ Ինձ թվաց, թե թուրքական բաղնիքի մարմարապատ հատակի կապույտ զարդանախշի մի ծվեն եմ։ Տեսա կապտազգեստ կնոջը։ Սիրելի մայր Աստվածածին։ Ես տեսա կապտազգեստ կնոջը։ Տե՛ր, ողորմյա։ Տե՛ր, ողորմյա։ Տե՛ր, ողորմյա»։ Այս ասելով՝ տատս խաչակնքում է։
Երբ լույսը ներթափանցում է պատուհանից, տեսնում եմ, որ սադափե մատուցարանին մի ափսե արգանակ է դրված, որի մեջ լողում են ձվի հյուսքերը։ Վերջին արքայության ապուր, այսպես էր կոչում տատս։ Մեջը մի քանի ոսկոր էլ էր գցում, իսկ բրնձով ու մսով սարքած գնդիկների մեջ բազմահամ ուղղակի հրաշալի էր կիտրոնով ցողված հավի արգանակի հետ։ Երբ տատս նորից ձեռքը դնում էր ճակատիս, նրա մատները բուրում էին հենց նոր կտրած կիտրոնի կեղևի նման։
Քրտնած ու անհանգիստ նստել էի անդամալույծի պես և դատարկ հայացքով նայում էի խավարին, որի մեջ սև բծերի նման հայտնվում էին մեքենաները։ Ինքս ինձ մտածում էի. «Այ տատ, ի՞նչ գործ ունես այստեղ։ Ես եկել եմ ժամադրության, ես վստահ եմ, որ կհասկանաս ինձ, եթե ասեմ, թե հույս ունեի կինոյից հետո Ռոուզի տանը մի լավ ժամանակ անցկացնել»։ Բայց այս պատրանքը մարեց իմ ցանկությունն ու խիստ հուզեց ինձ։ Չնայած Ռոուզն ու ես դեռևս հպարտորեն փորձում էինք խոսել գաղափարներից ու զգացմունքներից, արտառոց ու անիմաստ կլիներ, եթե փորձեի նրան բացատրել, թե ինչ հուշ էր ինձ հենց նոր պատել։ Ինչպե՞ս նրան բացատրեի հայ տատիս գոյությունը, երբ ինքս հայերեն չգիտեի։ Եվ երբ Թենըֆլայում կանգնել էինք Ռոուզի տան նախագավթում, ու նա ինձ ներս էր հրավիրում, ինչը նշանակում էր, որ երեք աստիճան վար էինք իջնելու նրանց մասնատված տան սանդուղքներով դեպի այն սենյակն, ուր հեռուստացույցն էր, և թավալվելու էինք բազմոցի վրա ու անելու այն ամենն, ինչ կարող էինք մինչ ծնողները քնած էին վերևում, ասացի, որ վատ էի զգում ու տուն գնացի։
Տանը նստեցի հեռուստացույցի մութ էկրանի առջև, որ գրադարակների ներքևում էր։ Տանը լռություն էր, բոլորը քնած էին վերևում, սենյակում առկայծում էին լամպի լույսի արձակած աղոտ հյուլեները, ականջներումս տատիս ձայնն էր։ Դիարբեքիր, թուրքական բաղնիք, Տեր ողորմյա։ Հայաստանի բառերը, տեղանուններ, որ պտտվում էին գլխումս։ Մի՞թե ես վկան էի նրա այն սոսկալի հուշերի, որ կարելի էր հաղորդել միայն ինձ՝ տասնմեկամյա, ջերմության մեջ զառանցող, խավարի ու լույսի միջև անկողնում պառկած երեխայիս։ Այդ օրը տատս այնպես ազդու էր խոսում, շատ սեղմ ու խորհրդավոր, կարծես ասում էր՝ լսելու պահն է։

ՍՏԱՄԲՈՒԼԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ Է ԵՂԵԼ

Արդեն յոթերորդ դասարանում էի, որ սկիզբ առավ հորս ու իմ լարված փոխհարաբերությունների ժամանակաշրջանը, և հեռախոսն էր, որ խորհրդանշում էր մեր միջև խրված սեպը։ Պաշտոնական ժամադրություններին նախորդող տարիներին աղջիկների հետ իմ սիրավեպերը սկսվում և հաճախ էլ ավարտվում էին հեռախոսային խոսակցություններով։ Չնայած երբեմն կազմակերպվում էին դպրոցական պարահանդեսներ կամ հավաքույթներ՝ հասարակայնորեն առավել հասուն դասընկերներիս տանը, որոնց ծնողները շաբաթ երեկոները մեր պատվին զոհում էին իրենց բազմահարթակ տների բոլոր շքեղ ծակուծուկերը, դարձյալ մեծ մասամբ սիրահետում էինք հեռախոսով։
Պաշտում էի հատկապես ծնողներիս ննջասենյակում, Kirman-ի փափուկ գորգի վրա պառկած, մանկակապույտ հեռախոսով համար հավաքելու հրաշքը։ Զանգելիս սիրտս խփում էր, և երբ ծնողներից որևէ մեկն էր պատասխանողը, հնարավորին չափ արագ խնդրում էի Սալլիին կամ Ադրիանին, Կետիին կամ Ջուլիին։ Երբ փորձում եմ այսօր պատկերացնել նրանց արդեն միջին տարիքում, կամ դեռահաս զավակների կողքին, կամ էլ՝ որոշակի դիրքի հասած, և կամ՝ ամուսինների հետ, լսում եմ միայն նրանց տասներկուամյա ձայնը՝ զվարթ ու կոտրատվող, որ այն ժամանակ ականջիս էր հասնում ընկալուչի ծակոտկեն վերնամասից։
Մի քանի օր ուսումնասիրելով իրիկնային իմ նոր հեռախոսազանգերը, որ փակ դռների ետևում, ցածր ձայնով էի իրականացնում, հայրս մի արտահայտություն արեց, որը սովորաբար օգտագործում էր նման պահերին. «Փիթեր, վե՛ր կացա, հա՜»։ Որպես բժիշկ, ասում էր ինձ, իր կյանքը պայմանավորված էր հեռախոսով։ «Եթե հեռախոսն զբաղված է,— կրկնում էր,— մահամերձ մարդիկ չեն կարող օգնության կանչել ինձ»։ Իրավունք ունեի երեկոյան ընդամենը հինգ րոպե խոսել հեռախոսով, որից հետո պարտավոր էի ավարտել նախադասությունն ու կախել լսափողը։ Չնայած մահվանը շատ լուրջ էի մոտենում, ի պատասխան գոռում էի՝ «Սատանան տանի, խնդրեմ, հինգ րոպեն լրացավ» և սլանում իմ սենյակ։

— Դրա վրա խփնվել է, — բողոքում էր մորս, — տեղով կռիվ է։ Քանզի ապացուցել էի, որ անկարող էի սահմանափակվել հինգ րոպեով, երեկոները վերածվել էին հեռախոսի շուրջ իմ ու հորս միջև մուկ ու կատվի խաղի։ Հեռախոսի համար տարվող պայքարն իմ առաջին լուրջ քայլն էր ընտանիքի գերիշխանությունից ազատագրվելու, և առաջին մարտահրավերը հորս վերահսկողության դեմ։ Քանի որ հեռախոսն անբաժանելի մասն էր Թենըֆլայի պատանեկան քաղաքակրթության՝ վաղահաս, հորդացող մի աշխարհի, որ իր երգերում մարմնավորել էր համաքաղաքացի Լեսլի Գորը և ամենահաջողված ստեղծագործություններում՝ «Սա ի՛մ կուսակցությունն է» և «Չե՛ս կարող ինձ սեփականել», արտահայտել երես առած պատանիների ներքին հուզումները, մեր տանը դրա օգտագործման սահմանափակման բացակայությունն անցանկալի էր։ Հորս համար, որ հասակ առնելու հարցում բոլորովին այլ կարծիք ուներ, անպարկեշտություն էր, երբ իր տասներկուամյա որդին մի հեռախոսազանգով աղջիկների հետ շատախոսում էր քսան, քառասուն կամ վաթսուն րոպե։ Մինչ տարին մոտենում էր ավարտին, ես ու հայրս ավելի ու ավելի էինք հեռանում իրարից, և երեկոները բավական ժամանակ էի ծախսում, որպեսզի իմ հեռախոսային կյանքը հարմարեցնեի նրա երեկոյան ժամացուցակին։ Հեռախոսային իմ խնդիրը, ինչպես մայրս էր ասում, առաջին կարգի հարված էր հասցրել հորս։ Նրա հակազդեցությունը իմ նոր՝ յոթերորդ դասարանցու ինքնուրույնության հանդեպ ավելին էր, քան ծնողական հեղինակության բնականոն արտահայտությունը։ Չնայած ընկերներիս մի մասի ծնողները քահանայական բերկրանքով էին ընդունում զավակների առաջին հպումը սեռազգացությանը, մյուս մասը՝ ոչ, թվում էր, որ նրանցից և ոչ մեկն այնպիսի թշնամանք չէր տածում դեպի անցումային այս շրջանը, ինչքան՝ հայրս։
Եվ որքան նա ինքնամփոփ, օտարոտի ու չհավան էր դառնում, այնքան նա ինձ ավելի հայ էր թվում։ Ճշմարտությունն այն է, որ հորս երբեք գաղթական չեմ համարել, ոչ էլ ինքն էր այդպես մտածել։ Նա խոսում էր Մանհեթենի մաքուր ամերիկյան անգլերենով։ Մուգ գույնի Brooks-ի կոստյումներով ու օսլայած սպիտակաթույր վերնաշապիկներով նման էր Ivy League-ի անդամի, որ հասարակական կյանքի բովով առաջ էր ընթանում արվարձանային բժշկի արժանապատիվ ինքնավստահությամբ։ Նրա տեսքը պաշտոնական էր, սակայն միշտ էլ պարզ ու հասարակ էր և՛ գրասենյակում, և՛ ժողովների ժամանակ ու Little League-ի խաղերին։ Եվ խիստ բծախնդիր էր այն հարցում, որպեսզի իրեն չնույնացնեին նրանց հետ, ում համարում էին «ցեղային»՝ ընդհանրական բառ, որն ամերիկացիները սիրում էին օգտագործել, երբ խոսում էին «ուրիշների» մասին։ Աշխատավայրում հրաժարվում էր հայերեն խոսել, նույնիսկ այն հայ հիվանդների հետ, ում անգլերենն անհարթ էր և տենչում էին բժշկի հետ հաղորդակցվել մայրենի լեզվով։ «Աշխատավայրում մեկ լեզու գոյություն ունի»,— ամեն անգամ նա պատասխանում էր մորս, երբ վերջինս խնդրում էր առանձնահատուկ ուշադրության արժանացնել տարիքն առած հայերին։ Երբեմն զրուցակիցներին հայտնում էր, թե ծնվել է Նյու Յորք Սիթիում։ «Այդպես ավելի հեշտ է,— ասում էր։— Երբ մահանամ, կգրեք ծնված Նյու Յորք Սիթիում»,— մի անգամ խոսեց հետս, երբ դեռ վարժարանում էի սովորում։ Սակայն իր հայ ընկերների շրջապատում երբեք նման բաներ չէր ասում. նրանք բոլորն էլ գիտեին, որ ծնվել է Կոստանդնուպոլսում։
Հաճախ էի մտմտում այս բառի հնչեղությունը՝ Կոս-տան-դնու-պո-լիս։ Սիրում էի մտքումս շուռումուռ տալ այն։ Այս բառը թաքուն պաշարել էր ինձ։ Դժվար էր հավատալ, որ հայրս, ում կիրքը ֆուտբոլի հանդեպ Vince Lombardiesque էր, Միացյալ Նահանգներում չէր ծնվել։ Իմ մտապատկերում գոյություն ուներ հորս ծննդավայրը, որ ձևավորվել էր մեծերի զրույցների ընթացքում ականջիս հասած ինչ-որ նկարագրությունների, տատիս ճաշասենյակի պատից կախված Սարգիս Խաչատրյանի վրձնանկարի ու World Book-ում կարդացածիս հիման վրա։ Կոստանդնուպոլիս։ Այս անունը նույնիսկ քարտեզի վրա այլևս գոյություն չուներ։
Ames Brothers-ը մի երգ ունի, որ կոչվում է «Ստամբուլ»՝ քառասունական թվականների հնչեղությամբ մի կատակերգ, որ ծաղրում է փոփոխվող վայրերի անվանումները կամ վայրերի փոփոխվող անվանումները։

Ստամբուլը Կոստանդնուպոլիսն էր,
Շատ տարիներ առաջ Կոստանդնուպոլիս,
Այսօր թուրքական բերկրանք է լուսնկագիշերին.
Եվ ինչո՞ւ է սպանվել Կոստանդնուպոլիսը.
Ոչ մեկի գործը չէ, միայն՝ թուրքերի:

Քթիս տակ դնդնում էի երաժշտությունը, բառերը պտտվում էին գլխումս. Կոստանդնուպոլիս, Ստամբուլ։ Ինքս ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ է Կոստանդնուպոլիսը սպանվել։ Թուրքեր։ Սպանություն։ Ոչ մեկի գործը չէ։ Քաղաք Եվրոպայի և Ասիայի սահմանի վրա, մայրցամաքային ծովախորշ։ Առևտրական փառահեղ կենտրոն վաճառականների համար՝ Սկանդինավիայից Չինաստան։ Մինչև վերջ չքողազերծված արևելյան շուկա, ուր հազարամյակներ շարունակ ապրանք էր մտել ու դուրս եկել՝ մետաքս ու դիպակ, հիլ ու զմուռս, քրքում, ցորեն ու գարի, թարմ միս, այս ու այնտեղ կախված պղնձալարի փաթեթներ, կարպետների ու գորգերի կույտեր և անընդհատ լողարկող զբոսանավեր, առագաստանավեր ու փոքրիկ թիանավեր։
Գրինվիչում հայկական մի ռեստորան կար՝ «Դարդանել», որ այդպես էր անվանվել ի պատիվ ջրանցքի, որն իրար է միացնում Մարմարա ու Էգեյան ծովերը։ Երթևեկության ամենածանրաբեռնված ժամերին այնտեղ էինք գնում midya ուտելու՝ սառը ձկնականջ իր պատյանի մեջ լցոնված հաղարջով, կաղինով ու բրնձով։ Մեկն էլ կար 56-րդ փողոցի վրա՝ «Ոսկեղջյուր», որ անվանվել էր ի պատիվ Բոսֆորի նեղուցի։ Ինչո՞ւ են Նյու Յորքում ստեղծված հայկական ռեստորաններն անվանակոչվում Կոստանդնուպոլսին հարազատ անուններով։
Խաչատրյանի գեղանկարը պատկերում է Սուրբ Սոֆիայի ոսկե գմբեթը։ «Քրիստոնեական մեծագույն հուշարձանը»,— ասում էր տատս։ Մինարեները ոսկու և կանաչի առատ լուսափնջի մեջ։ Տատս ասում էր, որ դրանք մահմեդական էին։ Նավահանգստում արևացոլ թիանավե՞ր են, թե՞ այրվող նավակներ: Տատս պատմում էր, որ Պոլսում, հայերն այդպես էին կոչում Կոստանդնուպոլիսը, այդ օրը հրավառության գիշեր էր, մուգ կապույտ երկնքում վառվում էին հռոմեական կարմիր ու ոսկեգույն մոմերը։ Կոստանդնուպոլսում խրախճանքի ամառային գիշեր է։
Սարգիս և Վավա Խաչատրյանները, երկուսն էլ՝ նկարիչներ, Բալաքյան նախնիներիս ընկերներն են եղել, և չնայած Սարգիսը երիտասարդ հասակում էր մահացել Փարիզում՝ կույրաղիքի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից, մերոնք հաճախ էին նրան հիշում։ Նրա վառ գույներով, ետիմպրեսիոնիստական բնանկարները կախված էին մեր հյուրասենյակում։ Պարզապես մարդ-նկարիչ էր, քանզի նրա մասին այլ պատկերացում չունեի, քան՝ կտավի վրայի գունազանգ յուղաներկը։ Դաշտային դեղին ծաղիկներ։ Կարմրաթուշ խնձորներ։ Այգաբացի պիստակագույն շողեր։
Հայրս ծնվել է 1920-ի սեպտեմբերին, երբ ծնողներն արձակուրդին մեկնել են Մարմարա ծովի Արքայազան կղզին։ Սեպտեմբերին ծովախխունջները ափ են քշվում, և մակընթացության հետևանքով լույսի շողերն արծաթյա կամար են կապում։ Վառ ողկույզ-կապույտ երկինք։ Լույսի բրոնզաձույլ ճառագայթները շոյում են էվկալիպտների, ձիթենիների ու ծիրանիների գագաթները, հասնում մինարեներին, Սուրբ Սոֆիայի գմբեթներին ու Կապույտ մզկիթին։
Կոստանդնուպոլիսը գաղութացրել են հույները և միացրել Բյուզանդիային, իսկ Ք.հ. 330 թվականին հռոմեական Կոստանդին Մեծ կայսրը քաղաքը դարձրել է թագավորանիստ և Հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաք, որից հետո այն վերածվել է բյուզանդական կայսեր նստավայրի։ Վեցերորդ դարում Հուստինիանոսը նորից է կառուցապատում Կոստանդնուպոլիսը յոթ բլուրների վրա։ Նրա փառահեղ հուշարձանն է Սուրբ Սոֆիան՝ ծիրանաքարով ու թեսալոնյան մարմարով, հյուսածո ոսկե շղթաներով, որ կախված էին խճանկարներով զարդարված պատերից ու գմբեթին լուսումութ անող լապտերներից ու խաչերից։ Միջին դարերն այստեղ բերեցին պարսիկներին, արաբներին, ռուսներին, բուլղարացիներին ու առաջին թուրքերին՝ Կենտրոնական Ասիայի սելջուկներին, որոնք իրենց ձիերն ու ոչխարներն արածացնելով ապանտառեցին Անատոլիան։
1095-ից մինչև 1195-ն ընկած ժամանակաշրջանում Բյուզանդիայով խաչակրաց երեք արշավանք անցավ՝ պաշտպանելու Ավետյաց Երկիրը մահմեդականներից, և այդ ընթացքում թալանվեց նաև քաղաքի ողջ հարստությունը։ Եվրոպայի նախանձը քաղաքի հանդեպ այնքան ուժգին էր, որ խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ խաչակիրները քաղաքի վրա հարձակվեցին՝ անհագորեն լափելով քրիստոնեական բոլոր արժեքները։ Դրանից շատ չանցած, Բոլդուին Ֆլանդրիացին քաղաքի պարիսպների ներսում ավատատիրություն հիմնադրեց, և Կոստանդնուպոլիսն այնքան անկայուն դարձավ, որ օսման կոչվող զավթիչ ցեղերը, որ գալիս էին հեռու արևելքից՝ Գոբի անապատից, հնարավորություն ունեցան գրավել քաղաքը 1453 թվականին։ Եվ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, ներկով ծածկվեցին քրիստոնեությանը վերաբերող խճանկարային պատկերները, իսկ տասնվեցերորդ դարի կեսերին թուրքական սուլթան Սուլեյման Վեհապանծը ավարտին հասցրեց քաղաքի մահմեդականացման նոր դարաշրջանը։
Թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *