Չեմ կարող ո՛չ խաղաղություն գտնել, ո՛չ պատերազմ մղել,
Հուսալ կարող եմ այնքան, որքան կարող եմ երկյուղել,
Սառույց եմ, բայց այրվում եմ,
Թռչում եմ երկնից բարձր` երկրին փռվելով,
Չեմ կարողանում ոչինչ բռնել՝ ողջ աշխարհը գիրկս առնելով:
Ո՞վ է ինձ փակում այս բանտում՝ առանց կալանքի, առանց ներման,
Առանց արգելքի, առանց ազատման,
Սերը ո՛չ սպանում է ինձ, ո՛չ թույլ տալիս ապրել,
Չի ուզում ինձ ողջ պահել և չի թողնում մեռնել:
Աչք չունեմ, բայց տեսնում եմ, լեզու չունեմ, բայց ճչում եմ խոսքեր,
Տենչալով մեռնել՝ ձգտում եմ օգնության կանչել,
Իմ հանդեպ միայն ատելություն ունեմ,
Ուրիշի հանդեպ՝ միայն սեր:
Սնվում եմ ցավովս, ցնծում լալագին,
Սերն ատելով՝ մահին հավասար,
Այսպիսին եմ դարձել ես, Տիկին*,
Ձեր սիրո համար:
Թարգմանությունը՝ Լիլիթ Մնացականյանի
*Լաուրա դե Նով, որին անհույս սիրահարված էր Պետրարկան: Վարկած կա, որ Լաուրան եղել է մարքիզ դը Սադի նախնի կոմս Հյուգո II դե Սադի կինը, և մահացել է ժանտախտից երիտասարդ հասակում: Լաուրային է նվիրված Կանցոնների ժողովածուն:

