
Եվ գրկելով սառը քարը,
և համբուրելով քարացած ճակատդ,
և նայելով աչքերիդ մեջ ու չտեսնելով արտացոլանքն իմ մայրական,
և ատելով քարը, որ ծածկել է մարմինդ,
և երազելով պառկել կողքիդ,
ու հանդիպել ինչ-որ տեղում,
ես կարոտում եմ քեզ, որդիս։
Եվ չներելով իմ գոյությունը,
և ընկերանալով ցավի հետ, որ կրծում է ներսից,
և այս դատարկ աշխարհում,
որտեղ մենք այնքան հեշտ ենք կորցնում իրար,
և նույնքան հեշտ համակերպվում կորստի ցավի հետ,
և ատելով քեզ վրա հող լցնող ձեռքերը իմ,
և ատելով բույրը խնկի, որ ծածկում է քո հոտը, տղաս,
ես կարոտում եմ քեզ։
Ես վերադարձիդ եմ սպասում, տղաս,
և այս ցավը, որ ցնորության է հասցնում,
և տան դուռը, որտեղ հաճախակի եմ տեսնում քեզ,
և հիշելով այն օրերը, երբ չէիր քնում գիշերները,
երբ քո տունն իմ մայրական գիրկն էր տաք,
և հիմա իմ տունը, որ քո գերեզմանն է դարձել սառը,
ես քեզ եմ սպասում, որդիս,
ես քեզ եմ կանչում, տղաս։
Եվ չգիտակցելով քո անժամանակ բացակայությունը,
և քեզ իմ գիրկը չառնելով,
և փորելով հողը վրայիդ,
և ատելով ամեն բան աշխարհում,
որ կենդանի է, իսկ դու չկաս,
և չիմանալով, թե ում մեղադրել,
և մեղանչել շատ հաճախ,
ես քեզ եմ ուզում, որդիս։
Դու, որդիս, որ դավաճանեցիր ինձ,
որ լքեցիր ու սպանեցիր ինձ,
որ փլատակների տակ թողեցիր ինձ,
որ ավերեցիր այն գիրկը մայրական,
որ քո տունն էր, երբ դու չէիր քնում գիշերները,
երբ չէիր զգում ցավ,
երբ ծիծաղում էիր լիաթոք,
երբ փոքր էիր ու ողջ։
Եվ հոգոցները քո,
որ աղավաղում են ծիծաղդ ականջներիս մեջ,
և աչքերդ խամրած, որ աղավաղում են ժպիտդ կեղծ,
և լքելով մայրական գիրկը տաք,
և ինձ թողնելով միայն մի քար սառը,
ես ինչպե՞ս ներեմ քեզ, որդիս։
Իմ ցավը սև գույն չունի, տղաս,
իմ ցավն անգույն է,
և քեզնից հետո անգույն է ամեն բան,
անգույն է, չշոշափելի ու ատելի։
Դրա վկայությունը ճերմակ մազերս են,
կնճռոտ ձեռքերս են,
ու ճակատիս խորշոմներն՝ անհաշվելի։
-Տառապանքի հետքե՞րն են,-
հարցնում են օտար մարդիկ,
որ օտար են այնքան,
և այնքան ատելի,
որ չիմանալով վերքիս տեղը,
բացում են այն, աղ ցանում վրան,
մռմուռ տալիս չսպիացող վերքիս,
խղճահարությամբ ու ոչինչ չասող հայացքով նայում ու գնում, հեռանում։
Իսկ ես հեռացողներին չեմ սիրում,
և ես գոռում եմ նրանց ետևից, տղաս. -Տառապանքի
հետքերն են, այո՜։
Ես տապալված եմ, տղաս,
ես ավերված եմ,
ու կանգնած եմ իմ ավերակների առաջ,
որտեղ դու քարացած ես ու սառած,
որտեղ ես պարտված եմ ու սպանված։
Եվ գրկելով սառը քարը,
և համբուրելով քարացած ճակատդ,
և նայելով աչքերիդ մեջ ու չտեսնելով արտացոլանքն իմ մայրական,
և ատելով քարը, որ ծածկել է մարմինդ,
և երազելով պառկել կողքիդ,
ու հանդիպել ինչ-որ տեղում,
ես այնքան եմ սիրում քեզ, որդիս։
