Բուլղարական ժողովրդական հեքիաթ | Փոքրիկ աղջիկը և ձմեռային հողմերը

Գյուղի բնակիչները նախապատրաստվել էին Սուրբ Ծննդին և անհամբեր սպասում էին Ձմեռ Պապին։

Սակայն մի առավոտ նրանք արթնացան և տեսան, որ իրենց տները մինչև տանիքները թաղված են առատ ձյան տակ։ Դռները բացելն անհնար էր, ուստի նրանք ստիպված եղան տնից տուն թունելներ փորել՝ հարևանների որպիսությունը իմանալու համար։ Բոլորն անհանգիստ էին և փորձում էին հասկանալ, թե ինչ անել այդ ամբողջ ձյան հետ։

Եթե այն շարունակվեր կուտակվել գյուղի վրա, Ձմեռ Պապը չէր կարողանա գտնել իրենց տուն տանող ճանապարհը, և երեխաները նվերներ չէին ստանա։

— Ինչ-որ մեկը պետք է ելք գտնի՝ լեռան ամենաբարձր գագաթը հասնելու համար, — առաջարկեց մի ծերունի, — այնտեղ, իր սառցե դղյակում, ապրում է Ֆրոստ Պապը՝ ձմեռային բոլոր տարերքների առաջնորդը։ Միայն նա կարող է ստիպել, որ ձյունն ու սառնամանիքը ետ քաշվեն։

Ոչ ոք պատրաստակամություն չհայտնեց։

— Մի՛ անհանգստացեք, ընկերներ, — ասաց մի փոքրիկ աղջիկ, — ես կգնամ։

— Անհնար է, — ասացին մարդիկ, — դու շատ փոքր ես և նույնիսկ տաք վերարկու չունես. ո՛չ գլխարկ, ո՛չ շարֆ, ոչ էլ բրդյա ձեռնոցներ։ Դու չափազանց երիտասարդ ու նուրբ ես՝ ցրտաշունչ լեռներով այդքան երկար քայլելու համար։

— Ես չեմ վախենում, — ասաց փոքրիկ աղջիկը, — իմ ոտքերը շատ ամուր են, և ես սրընթաց եմ, ինչպես լեռնային այծը։

— Բայց դու, առանց հանգստանալու ապաստանի, կսառչես այնտեղ։

— Չեմ սառչի, — հաստատակամ ասաց աղջիկը, — ես ունեմ ջերմ, փոքրիկ սիրտ՝ լի սիրով բոլորի հանդեպ։ Այն ինձ կպաշտպանի սառնամանիքից։

— Ուրեմն գնա, փոքրիկս, — ասաց մի ծերունի, — ես ճանաչում եմ քո բարի սիրտը և վստահում եմ նրան։ Եթե դու ինչ-որ բան ես անում ուրիշների բարօրության համար, այն քեզ երբեք չի հիասթափեցնի։

Բոլոր երեխաները մեկը մյուսի հետևից սկսեցին հանել իրենց ամենատաք շորերը և մեկնեցին նրան։

— Ահա, վերցրու իմ վերարկուն։
— Իմ ձեռնոցները շատ տաք են։
— Վերցրո՛ւ իմ գլխարկը։
— Վերցրո՛ւ իմ շարֆը։
— Իմ բրդյա գուլպաները։
— Իմ կոշիկները։

Շուտով փոքրիկ աղջիկը տաք հագնված էր և պատրաստ էր գնալու։ Գյուղի բոլոր տղամարդիկ երկար ու լայն թունել էին փորել մինչև մոտակա բլուրը, որտեղ ձյունը շատ ավելի բարակ էր, և հեշտ էր դուրս գալ։

Բոլորը գնացին նրան ճանապարհելու, հաջողություն մաղթելու և զգուշացնելու, որ հոգ տանի իր մասին։

Փոքրիկ աղջիկը ձեռքով արեց նրանց։

— Շնորհակալ եմ բոլորիդ, ես շուտով կվերադառնամ։

Գրեթե մութ էր, երբ նա բարձրացավ առաջին բլուրը։

Շուտով լուսինը լուսավորեց երկինքը, և սպիտակ ձյունը փայլեցրեց շուրջբոլորը՝ ամեն բան դարձնելով տեսանելի, ինչպես ցերեկվա լույսի ներքո։ Աղջիկը շարունակեց ճանապարհը՝ երբևէ չմտածելով հանգստի մասին։ Նա օր ու գիշեր քայլեց՝ մեկը մյուսի հետևից հաղթահարելով մի քանի բարձր բլուրներ, մինչև որ տեսանելի դարձավ ամենաբարձր բլուրը, ուր կանգնած էր Սառցե պալատը։

Բայց հետո չար ձմեռային հողմերը նկատեցին փոքրիկ կերպարանքն ու սկսեցին կատաղի բղավել.

— Ո՞վ է համարձակվում ներխուժել այստեղ։ Եկեք փչենք, շպրտենք նրան այնքան, մինչև ճանապարհը կորցնի։

Եվ նրանք սկսեցին մոլեգնորեն պտտվել աղջկա շուրջը։

Փոքրիկ աղջիկն ընդամենը կծկվեց իր տաք վերարկուի մեջ և համարձակորեն առաջ գնաց։

Հողմերը զայրույթից գլուխները կորցրին։ Նրանք փչեցին ու փչեցին և աղջկա շուրջը պտտվեցին այնքան ուժգին, մինչև որ ուժասպառ եղան ու ընկան ձյան վրա՝ այլևս չկարողանալով շարժվել։

— Այս ի՜նչ աղջիկ է, — ասաց նրանցից մեկը, — մենք այնքա՜ն ուժասպառ ենք, իսկ նա նույնիսկ չի հոգնել։

— Մենք չպետք է սա թողնենք այսպես։ Չենք կարող թույլ տալ, որ նա անպատիժ հեռանա։ Եկեք օգնության կանչենք մեր եղբայրներին՝ ահեղ բուքերին։ Նրանք մեզնից շատ ավելի ուժեղ են։

Այսպիսով, հողմերը սկսեցին կանչել իրենց եղբայրներին։ Բուքերը լսեցին նրանց ու շտապեցին տեսնելու, թե ինչ է կատարվում։ Երբ հասկացան, թե ինչ է պատահել, և տեսան, որ աղջիկը բարձրանում է հաջորդ լանջը, մռնչացին ու նետվեցին նրա ետևից։ Բայց աղջիկը հերթական անգամ էլ չհանձնվեց։ Շուտով բուքերն այնքան հոգնեցին, որ շնչասպառ մեկը մյուսի հետևից վայր ընկան։

— Դա խ-խ-խայտառակություն է, — խռխռաց նրանցից մեկը։
— Կարծես նա անձեռնմխելի է կատաղության ու չարության համար։ Եկեք փորձենք հակառակը և կանչենք մեր քրոջը՝ Սառցե մահին։
— Նա այնքան բարի և քաղաքավարի է թվում, որ ոչ ոք երբեք չի կարող կասկածել, թե որքան չարն է իրականում։

Այսպիսով, բուքերը կանչեցին իրենց չար քրոջը։

Նա միանգամից եկավ։ Աղջկան հայտնվեց շողշողացող զգեստով մի նուրբ կնոջ դեմք, որ քաղցր օրորոցային էր երգում։

Աղջիկը մի պահ դանդաղեցրեց քայլերը և լսեց։

— Սա ի՞նչ է, — մտածեց նա, — ես երազո՞ւմ եմ, թե՞ հրաշք է սա։ Ես տեսնում եմ իմ պաշտելի մոր դեմքը և լսում եմ նրա ձայնը։ Նույնքան քաղցր, որքան այն երանելի երեկոներին, երբ երգում էր այս օրորոցայինն ինձ համար։

Աղջիկը մի պահ կանգ առավ։

— Կարող եմ մի փոքր հանգստանալ, — ասաց նա ինքն իրեն, — ես այնքա՜ն մոտ եմ պալատին, ոչ ավել, քան մի ժամվա քայլելու ճանապարհ։ Միայն երգը կլսեմ մինչև վերջ և նորից ճանապարհ կընկնեմ։

Աղջիկը նստեց։ Երբ փակեց աչքերը, նա զարմացավ, թե որքան հստակ կարող էր լսել իր մոր ձայնը և տեսնել նրա դեմքը։

Սառցե մահը հրճվանքով քմծիծաղ տվեց և թռավ՝ եղբայրներին պատմելու, թե որքան լավ է հաջողվել իրեն խաբել աղջկան, որին սառած վիճակում թողել էր զառիթափ լանջին։

Փոքրիկ աղջիկն ուրախ ժպտալով քնել էր։ Բայց նրա դեմքի գույնը ժամանակ անց փոխվեց։ Վարդագույն այտերը գունատվեցին։ Նա սառչում էր դանդաղ։

Կարծես չկար հնարավորություն արթնանալու և փրկվելու։

Հետո, հանկարծ, ձյան տակից ինչ-որ բան շարժվեց, և մի փոքրիկ մուկ նայեց անցքից։ Նրա փայլփլուն սև աչքերը հառվեցին աղջկա կոշտացող կերպարանքին։

— Ինչ-որ մեկը դժվարության մեջ է, — ծվվաց նա։

Հենց այդ պահին ձյան վրա մի շարք փոքրիկ անցքեր բացվեցին, և դրանցից հարյուրավոր մկներ ու նապաստակներ դուրս ցայտեցին։ Ապա փոքրիկ սկյուռիկները ցած իջան մոտակա սոճիներից։ Բոլորը վազեցին աղջկա մոտ՝ տաքացնելու նրա ձեռքերն ու ոտքերը։ Նրանք անչափ ուրախ էին՝ տեսնելով, որ նրա այտերը նորից վարդագույն են դառնում։ Աղջկա կոպերը թրթռացին, և նա շուտով բացեց իր աչքերը։

— Մենք գալիս ենք քեզ հետ, — ուրախությամբ բացականչեցին կենդանիները։ — Մենք էլ ենք շատ տառապում այս անվերջանալի ձմեռից։

Շուտով նրանք հասան Սառցե պալատ։

Աղջիկը թակեց դարպասը։ Բայց ոչ ոք չպատասխանեց։

Բոլորը զարմացան։

— Ի՞նչ կարող էր պատահել Ֆրոստ Պապի հետ։

Մի քանի սկյուռիկներ ցատկեցին սյուների, ապա պատուհանի ապակիների վրայով, մինչև մի փոքր բացված պատուհան գտան։ Նրանց հաջողվեց սողոսկել ներս և բացել դարպասը։ Աղջիկը ներս մտավ ընկերների ուղեկցությամբ։ Նրանք անցան բյուրեղյա սրահ տանող փայլփլուն սառցե միջանցքով։ Այնտեղ, սառույցից քանդակված շողշողացող գահի վրա, նստած էր Ֆրոստ Պապը՝ աչքերը փակ։ Նա ներկայացնում էր մի վեհաշուք տեսարան՝ հագին արծաթյա ասեղնագործ զգեստով, թավ հոնքերով և շքեղ, գանգուր մորուքով։

Նրանք շրջապատեցին գահը՝ ոմանք բարձրանալով կամ ցատկելով ծերունու գիրկը։ Մի սկյուռ թռավ հենց նրա ուսին և համարձակվեց քիթը թփթփացնել իր փափկամազ պոչով։ Հանկարծ հուժկու փռշտոցից բոլոր սառցալեզվակները դողացին։ Կենդանիները վախից քարացան։ Բայց երբ Ֆրոստ Պապը բացեց իր կապույտ աչքերը և ժպտաց, վախի մասին բոլորը մոռացան։

— Բարև, Ֆրոստ Պապ, — ձայնեցին նրանք ուրախ երգչախմբի պես։

— Բարի գալուստ, փոքրիկներ, — խորիմաստ ձայնով պատասխանեց նա, — ի՞նչ անհավանական իրադարձություն է բոլորիդ բերել այստեղ։

Աղջիկը պատմեց ամենն այնպես, ինչպես որ կար։

— Այսինքն՝ ես ամբողջ ձմեռ քնե՞լ եմ, — Ֆրոստ Պապը հարցրեց ապշած։

— Կարծես թե այդպես է, — ասաց աղջիկը։

— Հասկացա։ Իմ չարաճճի ծառաները՝ ձմեռային տարերքները, ինձ հատուկ անուշաբույր թեյ հյուրասիրեցին, որն ինձ ստիպեց քնել։ Ենթադրաբար, նրանք որոշել էին խորամանկորեն ինձ գերազանցել և հավիտյան թագավորել աշխարհի վրա։ Շնորհակալ եմ, փոքրիկներ, որ արթնացրեցիք։ Հիմա պարզապես մնացեք այստեղ և դիտեք։ Ես կվերականգնեմ բնական կարգը և յուրաքանչյուրին կտամ այն, ինչին արժանի է։

Ֆրոստ Պապը փչեց իր արծաթյա սուլիչը։ Ակնթարթ չանցած՝ նրա բոլոր հպատակները սարսափահար հայտնվեցին բյուրեղյա մեծ սրահում։ Բոլոր չար տարերքներին, ովքեր ցանկանում էին տիրել աշխարհի վրա, նա իրեն հյուրասիրած թեյից խմեցրեց և քնած վիճակում արձանների պես կանգնած թողեց այնքան ժամանակ, մինչև բարկությունը կանցներ։ Նա կրկին անգամ շնորհակալություն հայտնեց իր հյուրերին և յուրաքանչյուրին մեկական սառցե սառնաշաքար տվեց։

Հենց այդ ժամանակ զանգեր լսվեցին, և Ձմեռ Պապը, աղջկա կողքով անցնելիս, ձեռքով ողջունեց նրան։ Նա հրավիրեց աղջկան՝ միանալու իր նվերներով լի սահնակին, և միասին գյուղ շտապեցին, որտեղ ընտանիքներն ու երեխաները սպասում էին փոքրիկ աղջկան և, իհարկե, Ձմեռ Պապին ու նվերներին։

Գյուղում բոլորն ուրախացան՝ հանդիպելով խիզախ փոքրիկ աղջկան։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունները տևեցին մեկ շաբաթից ավելի։

Թարգմանությունը՝ Լամարա Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *