(1962)
Արվեստագետն իբրև մտավորական
Ինչ չափանիշով էլ դասակարգվեն ժամանակակից ամերիկյան աբստրակտ արվեստի հիմնադիրները, Արշիլ Գորկին իր տեղն ունի վերին շարքում: Նա տարբեր կերպերով ազդեցություն է ունեցել մի քանիսի վրա, որոնք հետագայում պիտի դառնային ամենաազդեցիկները՝ դե Կունինգը[1], Փոլլոքը[2], Ռոթկոն[3], Նակյանը[4]։ Նրա իսկ աշխատանքը գրեթե տեսողական փոխաբերություն է Ատլանտյանի այս կողմում եվրոպական գեղանկարչության մարսման և դրա նոր սուբստանցի վերածման մասին: Բացի այդ, Գորկին վերջնական պատկեր է տվել պատերազմից հետո ամերիկյան գեղանկարչության վիպասանության ծիրում. նրա դժվարին աշակերտությունը Գրինվիչ Վիլիջում և Յունիոն Սքվերում, նրա հանկարծական վերելքը դեպ նորաձև Կոնեկտիկուտ և միջազգային արվեստի աշխարհ, նրա անմխիթար վախճանը՝ հիվանդությունից, խանդից և հուսահատությունից դրդված ինքնասպանությամբ, կազմում են մեր ժամանակների նկարչի օրինակելի առակը: Նրա քաջ հայտնի լուսանկարը, որը գեղարվեստականորեն նկարվել է ներքևից՝ խոշոր, խոհուն և սևավուն աչկունքով, կախընկեց բեղերով և կաշենման մաշկով, նրան ներկայացնում է որպես սևամաղձության (melancholy) հուշարձան «ժամանակակից ամերիկացի վարպետների» դահլիճում:
Թեպետև Գորկին աբստրակտ էքսպրեսիոնիզմի տիպական հերոս է, նրա անհատականությունը, ինչպես նաև աշխատանքը, հերքում են այս գեղանկարչության եղանակի վերաբերյալ ընդհանրական առասպելները, ի մասնավորի՝ սույն արվեստի [շուրջ] այն առասպելը, թե այն մտազուրկ էներգիայի պոռթկում է։ Գորկին առաջնահերթ պաշտպանում է ինտելեկտի կարևորությունը նկարչության մեջ՝ նույնիսկ այնպիսի նկարչության, որը սահմանակից է ավտոմատիզմին և հենվում է թաղված աղբյուրների վրա։ Այս ցմահ ուսողը և, ինչպես Մեյեր Շապիրոն[5] է հորջորջել նրան, հին ու նոր նկարների «հորդեռանդ մանրախույզը», մինչև արմատները մտավորական էր. նա ապրում էր բառերի և հղացքների աուրայում՝ գրադարանում իրեն գրեթե նույնքան տանը զգալով, որքան թանգարանում և պատկերասրահում։ Նկարչի մասին իր [կազմած] կենսագրության մեջ, որին մենք պարտական ենք այդքան ուշադրաբար ստուգված մանրամասների համար, Էթել Շվաբախերը[6] պատմում է, թե ինչպես է Գորկին «մշտապես իր հետ կրել վարպետների մասին մի հատորիկ» և որ նա վերարտադրությունների ձևերը սերտել է՝ ինչպես բանաստեղծության տողերը կսերտես։ Գորկու համար ուսուցումը, վերլուծությունը, վարկածը նրա՝ որպես նկարչի աշխատանքի փուլերն էին, ինչպես նկարչությունն ու գեղանկարչությունը՝ կյանքը հասկանալու և դրա ու իր մասին ենթադրությունների փորձարկման միջոցները։ Կարելի է ասել, որ գաղափարը գտնելու գաղափարն իսկ նրան զբաղեցնում էր զօր ու գիշեր։
Գորկու կարիերան կարելի է ընկալել որպես կենդանի և մահացած արվեստագետների հետ երկխոսությունների շարք։ Նրա աշխատանք[ներ]ում նկատելի են Ուչելլոյի[7], Էնգրի[8], Սեզանի[9], գերազանցապես՝ Պիկասոյի[10] ու Միրոյի[11], արձագանքները։ Այս ամենին հավելի՛ր նրա նկարիչների հետ բարեկամությունների շարքը՝ վաղ մտերմությունը Միշա Ռեզնիկովի[12] հետ, Վիլլեմ դե Կունինգի հետ զբոսանքների տարիները, Մատտայի[13] հետ հետագա կապվածությունը, Վաշինգտոն հրապարակի նստարաններին և նախապատերազմյան օրերին նկարիչների հավաքատեղիներում կարդացած դասախոսությունները․ նրա ամենաակտիվ ժամերը բաժանված էին ծանր զրույցների և արվեստանոցի աշխատանքների միջև։ Հնարավոր է՝ «բաժանված» բառը սխալ է, քանի որ նա սիրում էր խոսել նույնիսկ նկարելու ընթացքում։ Սակայն Գորկին շատախոս չէր. նա վիճարկում էր արժեքները, կեցվածքները, հնարավորությունները։ Այն թեմաները, որոնք կարող էին բամբասանքի առարկա դառնալ, նրա համար դուրս էին քննարկման սահմաններից։ Նա պահանջում էր, որ յուրաքանչյուր զրույց լինի իր խորագույն մտորումների շարունակությունը, որոնց առանցքում միշտ արվեստն էր։ Նա պահանջում էր, որ իր խոսակցությունը շարունակություն ունենա իր խորագույն մտածողության հետ, որը կենտրոնացած է արվեստի վրա։ Երբ մի տղամարդ, որին նա հանդիպել էր երեկույթի ժամանակ, մեկ օր անց մտավ իր արվեստանոց՝ պարզապես ժամանակ անցկացնելու համար, Գորկին նրան ետ շպրտեց դռան ճեղքից՝ վրա բերելով. «Դու, հավանաբար, խելքդ թռցրել ես»։
Հենց նրա բանավոր գիտակցության անցումն էր դեպի հոգեբանական փորձն ու մոգության բանաձևերը, որոնք սյուրռեալիստները բերեցին այս ափեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, որն ազատեց Գորկու ձեռքը վերջին շրջանի արմատական ստեղծագործությունների համար։
Գորկու թե՛ խառնվածքը, թե՛ նրա գործելաոճն ընդգծում են ներկայիս ամերիկյան աբստրակտ արվեստի ինտելեկտուալ բաղադրիչը։ Վաղ շրջանի նատյուրմորտներից և դիմանկարներից մինչև նրա վերջին տարիների կիսաավտոմատ կառուցվածքները, նրա նկարներն ու հոգնահամար գծանկարներն արտացոլող և երևակայական են՝ իրենց հետևողականորեն մեղմ որակով հայտածելով մտահայեցության նրբությունը, նույնիսկ երբ դրանց պատկերները իրենց վրա են առնում երազային լիբիդոյի դաժանությունը։ Գորկու hնազանդությունն ըմբռնողական գործունեությանը (activity of understanding) մատնանշում է «էքսպրեսիոնիզմի» շարժառիթից բոլորովին այլ շարժառիթ։ Նրա համար արվեստի դրաման կայանում էր նրանում, որ նա ձգտում էր իր կերպարը բխեցնել իր նկարից և արվեստագետի ավանդական կերպարի վերաբերյալ իր մտորումներից, այլ ոչ թե կտավի վրա ազատություն տալ անհատականության շարժիչ ազդակներին։ Գորկու համար նկարիչ լինելը շատ ավելի կարևոր էր, քան [հենց] ինքը լինելը։ Արվեստը խոստացյալ երկիրն էր, ուր նա փնտրում էր իր տեղը։ Նրան խորթ էր մեր դարում տարածված գայթակղությունը՝ նետվել արվեստից վեր և անդին. սա, հավանաբար, նրա և սյուրռեալիստների միջև եղած ամենախոր տարբերություններից մեկն էր։ Երբ իր ուշ շրջանի նկարներում նա թղթի վրա պատառիկներ էր շաղ տալիս՝ թույլ տալով, որ բնությունն ու կոմպոզիցիան հոգան իրենց մասին, նրա ցանկությունն էր ի հայտ բերել ոչ թե էգոյի կամայական մասնիկները, այլ աշխարհի ապացույցները, որոնք արթնացել էին իր նոր գեղագիտական գիտակցությամբ։
Անկասկած, արվեստը Գորկու պարագայում ստանձնեց այնքան ամբողջական գործառույթ, քանզի նրա կյանքում այնքան քիչ այլ բան կար։ Նա վաղ տարիքից ներգաղթյալ էր և, ավելին, նա մեծացավ առանց ամուր ժողովրդական կամ ընտանեկան միջավայրի։ Սակայն իր օտարման մեջ նա տիպականացրեց այն պայմանը, որը պետք է կենդանացներ նոր ամերիկյան գեղանկարչությունը, որը, չնայած այդ փաստի հիշատակումը, կարծես, ոմանց ամաչեցնում է, ակներևաբար նորեկների ստեղծանքն է։ Ամերիկայի արվեստի առաջին ճանաչելի ոճի հիմնադիրների ցանկում գերակշռում են ներգաղթյալներն ու ներգաղթյալների որդիները՝ դե Կունինգ, Հոֆման[14], Ռոթկո, Գոթլիբ[15], Տվորկով[16], Վիսենտե[17], Բազիոտես[18], Լասո[19], Գուստոն[20], Ռեյնհարդտ[21]: Երկրորդ աշխարհամարտի տասնամյակի արվեստի ճգնաժամին արձագանքող անծանոթի սրված Նոր Աշխարհի գիտակցության բացակայության դեպքում ժամանակակից ամերիկյան արվեստը անհասկանալի է. և հենց այդ գիտակցությանը, որտեղ անցյալի նկատմամբ անհանգստությունը խառնվում է հնարավորության արմատական զգացման հետ, ըստ իս, պարտական է դրա խանդավառ ընդունմանն ու մրցակցությանը՝ կտրուկ մշակութային փոփոխություններ ապրող ազգերում:
Ներգաղթյալն ինքնակերտ (self-made) մարդ է։ Սակայն ինքն իրեն ստեղծելը (ինքնաստեղծումը), այնուամենայնիվ, հեռու չէ ինքն իրեն հորինելուց (ինքնահնարում) և կազմում-կազմակերպումից (ինքնածպտում)։ Երբ Ամերիկա ժամանելով՝ Գորկին որոշեց նկարիչ դառնալ, նա միևնույն ժամանակ որոշեց նկարչի տեսք ունենալ։ Ես մեծ նշանակություն եմ տալիս Գորկու այս կոմիկ-օպերային կողմին, որը պահպանվում է կարմիր փափուկ զգեստի դարաշրջանին համապատասխան նրբագեղության նրա ճաշակով և Դյու Մորիեի ոճով նրա՝ բարձրահասակ, մուգ ու գեղեցիկ, պատերազմի որբերի աղերսող աչքերով։ Այն, որ այս «բոհեմական տեսակը», որը մշտապես պատրաստ է ստանձնել անտեսված հանճարի դերը, հատկապես կանանց և կարևոր մարդկանց ներկայությամբ, պետք է միաժամանակ լինի անզիջում մտածող և կարգապահ ստեղծագործող, հանելուկ է՝ նախատեսված բարոյախոսներին շփոթեցնելու և խաբեբաներին մոլորեցնելու։
Երկար ժամանակ Պիկասոյի հեռակաց աշակերտը (apprentice-at-a-distance), իսկ ավելի ուշ պատերազմի պատճառով Նյու Յորք քշված սյուրռեալիստների ընկերակիցը լինելով՝ Գորկին համարվել է 20-րդ դարի եվրոպական արվեստի և ժամանակակից ամերիկյան աբստրակցիայի միջև «կապող օղակ»։ Այս գաղափարը զուրկ չէ իր շահեկանությունից։ Գորկու աշխատանքը շեշտում է նոր ամերիկյան գեղանկարչության պատմական շարունակականությունը՝ ի տարբերություն այն պատրանքի, որ այն հրաշք է (կամ հրեշավորություն), որը բխում է ամերիկյան դատարկությունից (ասես, դատարկությունը կարող է պատմությունից բացի ամեն ինչ տալ)։ Գորկու նկարներում փարիզյան կուբիզմի գավառական այլացումը տեսանելիորեն փոխվում է՝ զուգակցվելով սյուրռեալիզմով ոգեշնչված տվյալների հետ՝ վերածվելով ինչ-որ նոր բանի։
Այնուամենայնիվ, «կապ»-ի գաղափարը գայթում է, երբ այն կիրառվում է այնպես, որ ենթադրի, թե Գորկին ոչ ավելին է ներկայացնում, քան անցում դեպի նկարչության այնպիսի մի ամբողջություն, որը նրա ոճից ավելի «առաջադեմ» և առավել «վավերաբար-հաստատապես ամերիկյան» (authentically American) է՝ ոճ, որը ծնվել է բնակ հումության (rawness) և առնականության շնորհիվ, գուցե նույնիսկ կովբոյական Վայրի արևմուտքի։ Նրանց, ում համար Գորկին կապ է հանդիսանում առավել նոր ու առավել լավ մի բանի հետ, պետք է հիշեցնել, որ արվեստում, ինչպես և այլուր, շղթան ոչ այլ ինչ է, եթե ոչ հանգուցաշար, և որ վերջնահանգույց լինելու մեջ որևէ առանձնահատուկ առաքինություն չկա։
Գորկու արվեստը չի կարող ստորադասվել որևէ մեկի արվեստին։ Նաև չպետք է մոռանալ, որ մեր որոշ նկարներում «ուժը», որը կիրառվել է Ամերիկյան Արծվի ներկայությունը հայտարարելու համար, ավելի շատ պարտական է Վիեննայի բժիշկներին, քան Ժայռոտ լեռներին։
Սակայն, լինելով ոչ ավելի, ոչ պակաս միջանկյալ, քան որևէ այլ ժամանակակից, Գորկին աչքի ընկավ եվրոպական արվեստին առավելագույն ուժով և ամենալայն շրջանակով ներգրավվելով։ «Նա,- վերջերս նրա մասին ասել է դե Կունինգը,- արվեստում Գայգերի հաշվիչ էր։ Թանգարանի մի սենյակում նա միշտ վազում էր դեպ ճշմարիտ նկարը, և նկարում միշտ ընտրում էր հիրավի հետաքրքիրը»։ Գորկու ինքնակրթությունը՝ վարպետների իրավահաջորդությանը կամավոր ծառայությամբ, Վերածննդի դարաշրջանի աշակերտության եղանակի սուբյեկտիվ համարժեքն էր. բոլորը գիտեն, թե որքան կառչած էր նա Պիկասոյին ամբողջ տասնամյակի ընթացքում։ Պակաս նկատելի է, որ նույն ժամանակահատվածում նա, ուսումնասիրելով այլ նկարիչների՝ այդ թվում նրանց անհատական առանձնահատկությունները, զինվում էր, որպեսզի նկարչության մեջ կենդանացնի այնպիսի տեսակետներ, խորհրդանիշներ և վերաբերմունքներ, որոնք այն օրերի ընդհանուր մտահոգությունների պատճառով մի կողմ էին դրվել։ Այն ժամանակ, երբ կուբիստական «տարածության», «հարթության» և «տոնի» դոգմաները երկաթե օձիքի պես կապված էին ամերիկյան աբստրակտ արվեստին, ինչպես որ դրանք մինչև այսօր մեր քննադատների գլխում են, Գորկու հետազոտությունները հիմք էին դնում ի շահ առավել լայն ուղու։ Հիշում եմ զարմանքը, որը նա առաջացրեց սոցռեալիստների և աբստրակցիոնիստների շարքերում, երբ 36-ին կամ 37-ին Նկարիչների միությունում [կարգախոսային] սահիկ-դասախոսության (slide-lecture) ժամանակ նա էկրանին ցուցադրեց Ուչելլոյի [նկարի] մի դետալի վիշապի թևերն ու զրահը՝ ժամանակակից գեղանկարչության մասին մի կետ պատկերազարդելու համար։
Ամերիկայում նկարչությունն այսօր թովիչ մասնագիտություն է․ որպես այդպիսին, այն պարտ է ուշադրություն հրավիրել իր հերոսների վրա, այլ ոչ թե գաղափարների: Տասնամյակից ավելի սրա գերիշխող կերպարը եղել է արվեստագետի կերպարը՝ որպես անգիտակցականի խուզարկու, որը հաղթանակում է ներկի համարձակ նետմամբ։ Անկասկած, նոր արվեստի որոշ ստեղծագործություններ ծնվել են փակ աչքերով։ Այնուամենայնիվ, պատմական ճշգրտությունը, ինչպես նաև ապագայի կարիքները պահանջում են տեղ ազատել որոշ հակատիպերի (countertypes) համար։
Այսպիսի տիպար, անշուշտ, պետք է լիներ Արշիլ Գորկին, ում գերագույն հաճույքը տեսություններն ու հնարավորությունները փորձարկելն էր, և որը չէր հրաժարվի իր զգաստությունից հաջողության confetti-ի ներքո։
շարունակելի․․․
Թարգմանությունն անգլերենից՝ Սահակ Գալոյանի
[1] Վիլեմ դե Կունինգ (հոլանդ․ արտաս.՝ դե Կոոնինգ, Willem de Kooning, 1904-1997) — 20-րդ դարի երկրորդ կեսի հոլանդացի-ամերիկացի նկարիչ և քանդակագործ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի սկզբնավորողներից մեկը։ Այս և հետագա ողջ ծանոթագրությունները թարգմանչինն են։
[2] Ջեքսոն Փոլլոք (Paul Jackson Pollock, 1912 – 1956) — ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր-առաջնորդներից մեկը։ Փոլլոքը լայնորեն հայտնի էր իր «կաթիլային տեխնիկա»-ով (drip technique), որի միջոցով հեղուկ կենցաղային ներկը լցնում կամ ցողում էր հորիզոնական մակերեսի վրա, ինչը նրան հնարավորություն էր տալիս դիտել և նկարել իր կտավները բոլոր անկյուններից։
[3] Մարկ Ռոթկո (լատիշ․՝ Маркус Яковлевич Роткович, անգլ․՝ Mark Rothko, 1903-1970) — ռուս-հրեական ծագումով ամերիկացի գեղանկարիչ։ Թեպետ Ռոթկոն մերժել է իր պատկանելությունը նկարչական որևէ ճյուղի, այնուամենայնիվ նրան բնորոշում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիստ։
[4] Ռուբեն Գևորգի Նակյան (1897-1986) — հայ քանդակագործ։ 1930 թվականին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մեկ տարի անց հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Նակյանի գեղագիտական սկզբունքների կողմնորոշման և հաստատման վրա։
[5] Մեյեր Շապիրո (Meyer Schapiro, 1904-1996) — ամերիկացի արվեստի պատմաբան և տեսաբան, արվեստի քննադատ և մանկավարժ։
[6] Էթել Շվաբախեր (Ethel Schwabacher, 1903-1984) — ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Շվաբախերն Արշիլ Գորկու հովանավորյալն (protégé) ու առաջին կենսագիրն էր:
[7] Պաոլո Ուչելլո (Paolo Uccello, 1397-1475) — կվատրոչենտոյի ֆլորենտական դպրոցի իտալացի նկարիչ։
[8] Դոմինիկ Էնգր (Jean Auguste Dominique Ingres, 1780-1867) — ֆրանսիացի գեղանկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի առաջնորդը։
[9] Պոլ Սեզան (Paul Cézanne, 1839-1906) — ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ։ Տե՛ս Պոլ Սեզան, Նամակներ : Զրույցներ, թրգմ․՝ Ա․ Բոյաջյանի, Սարգիս Խաչենց, 1996, 270 էջ։
[10] Պաբլո Պիկասո (Pablo Picasso, 1881-1973) — իսպանացի-ֆրանսիացի նկարիչ, գծանկարիչ, խեցեգործ և դիզայներ։ Տե՛ս Բրասսայ, Զրույցներ Պիկասսոյի հետ, թրգմ․՝ Ա․ Բոյաջյանի, Սարգիս Խաչենց, 1997, 292 էջ։
[11] Խոան Միրո (Joan Miró i Ferrà, 1893-1983) — կատալոնացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ։ Տե՛ս Խոան Միրո, Սա իմ երազների գույնն է (Զրույցներ Ժորժ Ռայարի հետ), թրգմ․՝ Ա. Բոյաջյանի, Սարգիս Խաչենց, 2004, 264 էջ։
[12] Միշա Ռեզնիկոֆ (Mischa Reznikoff, 1905-1971) — ուկրաինական ծագմամբ ամերիկացի գեղանկարիչ։
[13] Ռոբերտո Մատտա (Roberto Antonio Sebástian Matta-Echaurren, 1911-2002) — չիլիացի սյուրռեալիստ գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ։ Երբ 1940-ականների սկզբին սյուրռեալիստ նկարիչներից շատերը բնակություն հաստատեցին Նյու Յորքում, Գորկին ընկերացավ Ռոբերտո Մատտայի և Անդրե Բրետոնի հետ:
[14] Հանս Հոֆման (Hans Hofmann, 1880 – 1966) — գերմանացի-ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
[15] Ադոլֆ Գոթլիբ (Adolph Gottlieb, 1903 – 1974) — ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ և գրաֆիկ արվեստագետ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի «առաջին սերնդի» ներկայացուցիչ։
[16] Ջեք Տվորկով (Jack Tworkov, 1900 – 1982) — ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստ նկարիչ։
[17] Էստեբան Վիսենտե (Esteban Vicente, 1903 – 2001) — իսպանացի-ամերիկացի նկարիչ, Թուրեգանոյում (Իսպանիա) ծնված, Նյու Յորքի դպրոցի աբստրակտ էքսպրեսիոնիզմի առաջին սերնդի ներկայացուցիչ։ 1936 թ. Իսպանացի քաղաքացիական պատերազմից փախչելով՝ տեղափոխվեց Նյու Յորք։
[18] Ուիլյամ Բազիոտես (William Baziotes, 1912 – 1963) — ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
[19] Իբրամ Լասո (Ibram Lassaw, 1913 – 2003) — ռուսական ծագմամբ ամերիկացի քանդակագործ։
[20] Ֆիլիպ Գուստոն (Philip Guston, 1913 – 1980) — կանադացի-ամերիկացի նկարիչ, գրաֆիկ արվեստագետ, որմնանկարիչ և գծանկարիչ։
[21] Ադ Ռեյնհարդտ (Ad Reinhardt, 1913 – 1967) — ամերիկացի աբստրակտ նկարիչ և արվեստի տեսաբան։

