Եղիշե Չարենց | Դոֆինը նաիրական

Աղասի Խանջյան

 

 

(Յոթ սոնետ)

ՍՈՆԵՏ ԱՌԱՋԻՆ
«Դոֆինը նաիրական»

Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,
Հին սեղանի վրա, երկայնքն ի վար դրած,
Ւր դագաղում դեղին , – և ճակատին նրա
Քստմնելի՝ հանգչում էր ծաղիկների մի կույտ։

Մագաղաթի նման ողորկ, ապակեգույն`
Կարծես մաքրել էր մի անագորույն կրակ`
Պսպղում էր դեմքի ալեբա՛ստրը բարակ, –
Եվ ո՛չ մի խոհ դեմքին, իբրև պատգամ Հոգու։

Ո՛չ մի խորհուրդ, ավա՜ղ, կամ մտորում չնչին.
Բիլ ապակուց ձուլած բարակ մատնե՛րն անգամ`
Անկամ՝ կառչե՜լ էին մոռացության տենչին։

Մի՞թե «դոֆինն» էր այդ, – վերջին նաիրական,
Արքայա՛զնը, ննջած դափնիների ներքո,
Արնաշաղա՜խ քաղած իր սեփական ձեռքով։

ՍՈՆԵՏ ԵՐԿՐՈՐԴ
«Դոֆինը իրական»

Այս գաղթական կանանց ընտանեկան սուգով
Եվ շիվանով միայն շրջապատած,
Փայտյա դագա՛ղն ու դի՛ն արյունոտած –
Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո։

Դո՞ւ ես արդյոք պառկած այդքան անհույզ դեմքով
Հանցապարտի, գողի դագաղ մտած,
Երբ ժողովուրդն անգամ աչքերն իր թաց,
Վարանքո՜վ է սրբում բաց դագաղի դեմ քո…

Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ`
Ընկա՜վ, պոկվե՜ց հանկարծ լուրթ եթերից,
Թե դոֆինյան քո դե՛մքը, թե անունըդ` Խանջյա՛ն…

Եվ ես հիշում եմ մեր այն մտերիմ,
Եվ իրոնիկ զրո՛ւյցը այնքան թովիչ,
Երբ կոչեցի ես քեզ Նաիրական Դոֆին։

ՍՈՆԵՏ ԵՐՐՈՐԴ
«Մայրը»

Նա մազերն էր փետում, և ճանգռելով երեսը`
Իր զավակի մեռած ձեռքին կառչած,
Թառանչո՜ւմ էր, կանչո՜ւմ աղերսաձայն.
«Ո՞վ քեզ այսպես արեց, ո՞վ, Աղասի՛…

Դու համբերո՜ղ էիր ու լավասիրտ,
Ո՞ր սևավոր հոգին, կամ ձեռքը չար,
Քո սևավոր մահվան դարձավ պատճառ, –
Չէ՞ որ սիրում էիր դու քո հարսին…»։

Այսպես ողբում էր մայրն իր զավակին,
Որը թվում էր արդեն մի հուշարձան քարե,
Որին ո՜ւխտ էր եկել մի գաղթական կին…

Եվ, բիբերում պահած անհաշվելի դարեր,
Քարե Չարենցն էր լուռ լսում նրան՝
Խոսքի վերջի՜ն Դոֆի՛նը նայիրյան։

ՍՈՆԵՏ ՉՈՐՐՈՐԴ
«Շրթունքները»

Ալեբաստրե, ողորկ շրթունքների վրա
Ինչ-որ խորհուրդ կար հին՝ մահվան գրով գրված, –
Եվ շրթունքները պիրկ իրար փարված
Կնքել էին գաղտնիքն այդ հուրհրան։ –

Շամիրա՞մն էր արդյոք հրապուրել նրան,
Թե՞ Նվարդի սիրով ընդմիշտ գերված,
Նա ընդունել էր մահ, – իբրև հարված
Իր ոսոխի կողին, որպես հնում Արան…

Մահվան նիշով կնքված շրթունքների վրա,
Ի՜նչ խորհուրդ էր արդյոք նա զմռսել,
Վերջին ճիգով սեղմել էր երբ շրթունքներն իրար…

Ատելությո՞ւն արդյոք, թե՞ ահռելի մի սեր
Հար հրկիզե՜լ էին շրթունքներն անբառ –
Երբ նա, – խոնարհ, – ընտրել էր մահու ճամփան։

ՍՈՆԵՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ
«Լեգենդը»

Ինչպե՞ս կարող էիր հրապուրել նրան,
Երբ մանկության օրից, գիտեր անգիր արած,
Իր հայրենի բերդի պարիսպներին գրած,
Քո մշտունայն լեգենդը, Շամիրա՛մ։

Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան,
Անագորույն իր սերը` որպես նիզակ սրած,
Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած
Նայիրուհուն՝ սրտով իր հուրհրան…

Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր,
Խե՜ղճ, գողունի՜ երթով եղերական իր դին,
Նա կհառնի՛ կրկին՝ իր պարտությամբ հզոր.

Հազարամյա, անհայտ ուղիներով խրթին
Իբրե զրահ` մահվան զգեստ հագած, –
Կբարձրանա զրո՛ւյցն այդ ավանդական։

ՍՈՆԵՏ ՎԵՑԵՐՈՐԴ
«Մահ լեգենդին»

Եվ նայելով անկիրք շրթունքներին նրա`
Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնա՜ց, –
«Քանիերորդ անգամն է, որ պարտությամբ հառնած՝
Գերեզմա՜ն ես իջնում, մանո՛ւկ Արա.

Տրված սիրով անմեռ իր Նվարդին. – Առ նա՛
Խնկարկելով արյո՛ւնն իր հուրհրան,
Քանի՞երորդ անգամ, օ՜, Շամիրամ,
Զոհվի արքան մանուկ, որ դո՜ւ զրույց դառնաս…

Արդեն հոգնե՜լ ենք մենք այս անիմաստ բախտից,
Դու մինչև ե՞րբ, Արա՛, մանուկ մնաս,
Եվ մինչև ե՞րբ, – այսպես, – մահո՛վ հաղթես…

Լավ է նաշից քո էլ չբարձրանա՛ս,
Եվ պայքարի ելնեն առաջնորդներ պարթև,
Որ մեռնելով պարտվե՛ն, կամ ապրելով հաղթե՛ն…»:

ՍՈՆԵՏ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ
«Իմաստություն»

Որպես վսեմ մարդո՛ւ, բարեկամի՛
Մահվան մորմոք, կամ սև, զարհուրելի անկում, –
Չե՜մ մոռանա երբեք իմ երկրային կյանքում,
Քո կերպարանքը՝ ես կենդանի եմ քանի.

Եվ լեգենդի նման անիրակա՛ն, կամ մի
Առասպելի նման ժողովրդի հոգում,
Դու տարինե՜ր կապրես, իբրև մորմոք թաքուն,
Դարձած հեռո՜ւ, անցա՜ծ նայիրյան միֆ…

Ի՜նչ կա սակայն այստեղ, օ՜, Աղասի՛, դյութիչ,
Ժողովրդի հոգում չի՞ հուրհրում արդյոք
Դեռ դրախտի լեգե՛նդը հրապուրիչ. –

Իմաստո՜ւն է գուցե քառուղիներ հարթող
Հայրենաբաղձ կորո՛տը այն լրջամիտ,
Որ բարձրանում է արդ` իբրև կյանքով հաղթո՛ղ…

1936, 9-11 հուլիսի

 Տեքստը թվայնացրեց Արքմենիկ Նիկողոսյանը

Share Button

1 Կարծիք

  • Լիլիկ Ղազարյան says:

    ԱՂԱՍՈՒ ՄՈՐ ԵՐԳԸ (ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ)

    Վարդ մէր, բացվեց Էգեստարի բաղերուն,
    Վան քաղաքի Էգեստարի թաղերուն,

    Վարդը բերի չուր Երեւան հանեցի,
    Վարդ ցանեցի, արնոտ փշեր քաղեցի:

    Թիֆլիս քաղքի վերին անձրեւ կխշշեր,
    Սեւանա ջուր աղի դարձավ էն գիշեր:

    Մասիս սարի վերեն արեւն արուն էր,
    Ազիզ բալես տեղով վարդ ու գարուն էր:

    Թուփն ու սոխակ անվարդ կուլան միասին
    – Մեռա՜վ անմեռ վարդի նման Աղասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *