ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Բանաստղծություններ

Մանե Գրիգորյան

Կալասին…

սիրտս բաց է, Կալաս,
աշխարհ եկող թռչնի երազով
հավատում եմ կապույտի անմահությանը,
սպանիր երկինքը,
թե չէ քո փոխարեն, քեզնից առաջ
ու ավելի դաժան կգնդակահարեն նրան,
ինչպես գնդակահարեցին հորս խաչի վրա,
ինչպես սպանեցին հորդ խաչի վրա

Կալաս, սիրելիս, սիրտս թպրտացող
ձկան պես անհանգիստ է,
սատկացրու նրան,
վերջացրու անվերջ հիասթափությունների
այս երկինքը,
ձմռան սրտի մեջ արնաքամ արա մարմինս,
ու հավատա,Կալաս,
ցուրտ ու փշաքաղվող թևերով,
մեծ ու սև աչքերով,
անմազ ու տխուր,
մենակ ու խելագարված
ագռավուհիները ծնեցին իմ ու քո տղամարդուն

անեծքից հեռու,Կալաս, դու հավերժ ես

խելագարեցնող էս ձմռան մեջ
մի թող ինձ մենակ,
մի մեռիր

ձեռքս աստվածամոր ափերի մեջ,
գլուխս թաղած էս անիծյալ աշխարհի
երկաաաար ձմռան մեջ,
ես աղոթում եմ քեզ,Մարիա

մի հավատա հույներին,
շարունակիր սիրել Հունաստանը,
մոռացիր չծնված զավակներիդ,
ապրիր, Մարիա…

սիրտս բաց է,Կալաս,
աշխարհ եկող թռչնի երազով
խոսիր սիրո մասին,
խոսիր նրա մասին, Մարիա

***
խաղալիքը ձեռքին եղբորիցդ վախեցիր,
որ նեղ օրերին,
դոդոշի պես դուրս ցցած աչքերով,
առավոտյան ցողի պես մաքուր արցունքն
աչքերին,
միամիտ,
անմեղ,
անհավատալի սիրուն ժպիտով,
կացինը ձեռքին մոտենում է

սկզբում թվում է՝ եղբայրդ է,
թուրը կմոտեցնի սրտիդ,
հետո կշփոթվի,
դու էլ մեծի պես,
Նյու- Յորքյան փողոցների պես
լայն ժպիտը դեմքիդ խաղացնելով, կասես.
-այ դմբո, սիրտը ձախ կողմում է

թուրը շրջանաձև կպտտեցնի,
ժպիտը քիչ-քիչ կաղավաղվի,
փոքրիկ ագռավներ կհաավաքվեն աչքերի շուրջ,
բերանի ծալքերից առվակներ կհոսեն,
սիրտը կտարածվի ամբողջ մարմնով,
ամեն բջիջը օվկիանոսի պես մեծ կթվա

հանկարծ կկորցնես քեզ,
կգոռաս.
-շան տղա, ձեռքերիս վրա եմ պահել,
ավազե տներ ենք սարքել,
ձեռքերով՝գերեզմաններ փորել,
իշուկի մեկը,-
կասես, չես դիմանա,
աչքերիցդ գետեր կհոսեն,
կբռնես ձեռքը,
կսկսի դողալ,
շենքը դանդաղ կօրորվի ոտքերիդ տակ

***
բլթբլթացող կաթսայի մեջ
ներսս լցվող պատմություններ,
մեկը մյուսից անհեթեթ,
մարդկանց ու աշխարհի մասին

Ֆրիկը կգոռար.
-տեր, հո դու խո՞ւլ չես…

հետո երկար ժամանակ կրծքին կխփեր,
կվախենար քո դատաստանից,
ինչպես ես,
ու կսիրեր քեզ յուրովի

ու մարդիկ հազար տեսակ.
հանրակացարաններում վազվզող էրեխեք,
մի ոտքից կաղ մուրացիկներ,
40-ամյա որբեր,
բոլորը կատեն քեզ,
որովհետև եկեղեցու դրսում ու ներսում,
գրքերում ու աղոթքներում,
ամեն տեղ կաս ու չկաս

քո դիմաց փռվել են լեռան պես,
ոտքդ, թե դնես,հաճույքից կմռնչան,
ոտքդ,տեր,
ու մարմինդ, որ երբևէ չտեսանք

արաբ տղադ օրը քանի անգամ
աղոթում է քեզ

քո մասին միֆեր են հյուսվում,
քեզ անուններ են տալիս,
քո մասին չեն ժպտում

արաբ տղադ քեզ պաշտում է սրբի պես

առանց քո հրամանի,
դանդաղ,
մեկս մյուսիս գրկած,
հուսահատ ու հեծկլտալով կլքենք
աշխարհը,
ո՞ւմ ես փրկելու

արաբ տղադ գոռում է.
-կին, դու վտանգավոր ես

հուդայի պես տղամարդիկ,
վերջին տերևի պես օրորվող,
պատերի ու անցումների տակ
թաքուն հեծկլտացող,
չեն իմանա` ինչ անել

-փառք ալլահին,-մրմնջում է
արաբական աշխարհը
-փառք տրիոջը, -մրմնջում է տղան

դաշտերում տարածվում է ձայնը.
-փրկիր մեզ,տեր,
մենք չգտանք աշխարհի հականիշը

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • Թադեվոս Տոնոյան says:

    Ապրես, Մանե ջան, շատ ապրես, ինչքան վճռական ես, լիքը, ինչքան բյուրեղացել է լեզուդ. քեզ համար սպասում էի դրան…

  • Մանե says:

    Շնորհակալ եմ շատ, պարոն Տոնոյան

  • Լիլիթ says:

    Դուրս շատ եկավ…կեցցե՛ս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *