ԳՐԱԿԱՆ ՀԵՌԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ | Երկու բանաստեղծություն

 

arev

Գրական ազգակցություն կոչվածը հետաքրքիր կերպով է երբեմն դրսևորվում։  Մանավանդ՝ երբ հանկարծ հայտնաբերվում է իրար գոյության մասին գուցե և անտեղյակ բանաստեղծների ու գրողների միջև։ Դժվարանում եմ ասել, թե Սլավիկ ՉիլոյաՆը (1940-1975) կարդացել կամ գոնե լսել էր պարսկահայ բանաստեղծ Զորայր Միրզայանի (1916-1964) մասին։ Կամ՝ վերջինս՝ Չիլոյանի մասին։ Այնուամենայնիվ, տարիների հեռուն միացնում ու հարաբերում Է նրանց՝ գրական հեռազգացողության զարմանալի առեղծվածով, որի վկայությունը ստորև ներկայացվող փոքրիկ բանաստեղծություններն են։

Արքմենիկ Նիկողոսյան

ԶՈՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԱՆ

CANTIQUE
Ես կգամ մի առավոտ,
Երբ դեռ դու քնած կլինես։
Կշոյեմ մատներով բոցաշեկ
Փակ կոպերը քո։
Կդնեմ մատիս կրակը
Կիսաբաց շրթերիդ.
Եվ երբ բացես աչքերդ,
Դու կտեսնես արեգակը
Եվ ինձ – արեգակի մեջ։
Ես ծածուկ կմոտենամ քեզ,
Երբ դու նստած լինես պատշգամբիդ մոտ.
Կգրկեմ իրանդ
Ու կդնեմ շրթերս ուսիդ վրա։
Եվ երբ դու սարսռաս ու դառնաս,
Կտեսնես շուքը, որ գրկել է քեզ
Աղերսող ձեռքերով։
Լոգանքիդ ժամանակ
Ես կկանգնեմ գոլորշու մեջ
Եվ հեշտանքիդ պահին
Պաղ կաթիլի պես
Կընկնեմ քո կրծքին։
Երբ ուռճանա ցանկությունը քո արգանդում,
Դու ինձ կզգաս քո շնչի մեջ.
Ես կիջնեմ քո վրա քաղցր թախիծի պես,
Կպարուրեմ քեզ կապույտ արծաթով։
Եվ երբ դու աչքերդ բացես,
Կտեսնես լուսինը
Եվ ինձ – լուսնի մեջ։

ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆ
Դու լաց մի լինի,
ճամփա եմ ելել,
ես տեղ եմ գնում
մի քանի օրով.
դու լաց մի լինի,
ես ետ կդառնամ
նույն ճանապարհով,
ու երբ կծագի
արև քեզ համար,
հավատա դու ինձ.
այդ ես եմ, որ կամ
արևի տեսքով.
իսկ երբ լուռ կընկնի
խաղաղ երեկոն,
ու դուրս կլողա
երկնի այն կողմից
մահիկը լուսնի՝
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
լուսնյակի տեսքով.
դու լաց մի լինի,
երբեք մի տխրի,
ինչպես տեսնում ես՝
քեզ հետ եմ ես միշտ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *