Աբուզար Հեդայաթի | Աբաս Սամանդարի

Երբ Լեյլա խանումը վստահացավ, որ իր ամուսինը՝ Աբաս Սամանդարին, բնակություն է հաստատել Շվեդիայում, մեզ հավաքեց իրար շուրջ: Այդ երեկո իմացանք, որ մեզանից երկու հոգի պետք է մեկնի Շվեդիա՝ Լեյլա խանումի կողմից նրա ամուսնու հետ խոսելու, բայց այդ երկուսից և ոչ մեկը բան չգիտեր հանձնարարության մանրամասներից: Ոմանք այնպիսի տպավորություն ստացան, որ Լեյլա խանումն ինքն էլ չգիտեր, թե ի՛նչ խոսքեր պիտի ասվեն Սամանդարիին: Ոմանք էլ հարցնում էին. «Որո՞նք են Լեյլա խանումի առաջարկած տարբերակները, որ Սամանդարին դրանցից մեկնումեկն ընտրի, իսկ եթե դրանցից ոչ մեկն էլ չընդունի, ի՞նչ է լինելու»:
Զարմանալի էր նաև այն, թե ինչու ինքը չէր ուզում գնալ Շվեդիա, բայց այդ մասին ոչ ոք չխոսեց, թեև բոլորին հետաքրքրող կարևոր հարցերից էր դա: Գուցե ոչ ոք այդ մասին չհարցրեց, որովհետև մտածում էինք. «Դա նեղ անձնական խնդիր է, և Լեյլա խանումն ինքն իրեն դեռ համարում է Սամանդարիի օրինական կինը»:
Լեյլա խանումը և Սամանդարին տասը տարի լավ կյանք էին վարել միասին, և այդ համատեղ կյանքի արդյունքն իրենց հնգամյա որդին էր, որ շատ կապված էր հորն ու մորը: Այդ փոքր ընտանիքը բոլոր առումներով օրինակելի էր Ջաբերիների մեծ գերդաստանի համար: Ամուսիններն այնքան լավ էին վերաբերվում միմյանց, որ գերդաստանի կանայք երազում էին Լեյլա խանումի տեղը լինել, իսկ տղամարդիկ՝ ափսոսում, թե ինչու իրենց բախտ չի վիճակվել ունենալ Սամանդարիի կնոջ պես մի կին: Նույնիսկ գերդաստանի երեխաներն էին Սամանդարիի տղային ասում. «Երանի՜ դու մեր ապերիկը լինեիր»:
Այն օրը, երբ Աբաս Սամանդարին ամուսնացավ Ջաբերի գերդաստանի աղջիկներից մեկի՝ Լեյլա խանումի հետ, բոլոր ազգականները պարծեցան, որ իրենց մեծ ընտանիքին ավելացավ մի գրող: Ջաբերիների ազգը տարբեր տեսակի մարդկանց հետ ամուսնական դաշինք էր կապել՝ տնտեսագիտության դոկտորից սկսած մինչև արդարադատության փաստաբան և մինչև քաղաքի ավագանու երեք նստաշրջանում ընտրված պատգամավոր: Մենք ամեն անգամ երբ հանդիպում էինք Սամանդարիին, սիրում էինք զրույցի բռնվել նրա հետ, նրա կողքին էինք նստում, հաճույք ստանում նրա խոսքերից: Շատ լավ էր խոսում, շատ բաներից էր տեղյակ: Երբեմն թվում էր՝ ոչ թե զրուցում էին նրա հետ, այլ հանրագիտարան էինք թերթում: Բացատրություններն էլ այնպես էր տալիս, որ քեզ չթվար, թե դու բան չգիտես, և միայն ինքն է ամեն ինչից գլուխ հանում:
Սամանդարիի հատկություններից մեկն էլ այն էր, որ ուշադրությամբ ականջ էր դնում մարդկանց խոսքերին: Սեղանի շուրջը ճաշելիս մերթընդմերթ դադար էր տալիս ուտելուն և մինչև զրուցակցի խոսքերի ավարտը՝ նայում նրա աչքերի մեջ: Լսելու ընթացքում էլ հանդարտ օրորում էր գլուխը և դիմացինի խոսքերին համապատասխան՝ ժպտում կամ էլ հուզվում: Հենց այդ ուշադիր լսելն էր մարդկանց գայթակղում, որ սրտները բացեն՝ պատմեն իրենց, իրենց հոր կամ պապի հետ տեղի ունեցած բոլոր դեպքերը, բոլոր այն երազանքների մասին, որ ունեցել են և չեն կարողացել իրագործել: Մարդկանց խոսքերի արանքում նաև հարցեր էր ուղղում նրանց՝ ցույց տալով, թե որքան հետաքրքրված է ուրիշների պատմություններով: Մի անգամ երբ նրա քենակալն իր երեխաների մահից էր խոսում, Սամանդարին հասարակ մի բան հարցեց, որից քենակալը մեխված մնաց տեղում. երևում էր, որ այդ հարցով նրան նետել էր դեպի այն պահը, երբ լսել էր իր երեխաների մահվան լուրը: Հարցրեց. «Լաց էլ եղա՞ր»: Սամանդարին լավ գիտեր՝ ե՛րբ և ինչպե՛ս հարց տալ, որ դիմացինը դրդվի ասելու իր չասածները: Երբ այդ պարզ հարցը հարցրեց իր քենակալից, վերջինս ամենայն մանրամասնությամբ նկարագրեց իր երեխաների մահվան պատմությունը՝ պատմելով, որ իր երեխաներն ինչ-որ գենետիկական հիվանդության պատճառով մահանում էին ծնվելուց հետո: Նա պատմեց երեք երեխաների մահվան մասին, մինչդեռ ազգականները կարծում էին, թե այդ ընտանիքը երկու երեխա է կորցրել: Սամանդարիի քենակալը՝ իր և իր կնոջ պատիվն ու անդորրը պահպանելու համար թաքցրել էր երեխաներից մեկի մահը, որպեսզի ոչ ոք հարցեր չտար և չնորոգեր երրորդ զավակին կորցնելու ցավը, նաև ասել էր, որ հիվանդանոցի ծախսերի և երեխաներին ողջ պահելու համար ծանր պարտքերի տակ է մտել, որոնց մարման համար երեք տարի տաժանակիր աշխատել է:
Ո՛վ Սամանդարիի հետ կիսվում էր իր գաղտնիքով, խնդրում էր նրան, որ այդ գաղտնիքն իր սրտում պահի և նույնիսկ Լեյլա խանումին էլ չասի: Սամանդարիի աներձագը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հոր փողերով գնացել էր Ղեշմ կղզի: Նա որոշել էր էժան հագուստեղեն գնել այնտեղից և վաճառել Մաշհադում, բայց դատարկաձեռն էր վերադարձել՝ բոլորին հայտարարելով, թե մաքսատունը չի թույլատրել իր ապրանքների դուրսգրումը, դրա համար էլ ստիպված է եղել իր տասը միլիոնի ապրանքը կղզուց դուրս բերելու և նավահանգստային քաղաք հասցնելու համար օգտվել մաքսանենգ ապրանք փոխադրող նավակներից: Ամառային այդ գիշեր ծովն անհանդարտ է եղել, նավակը՝ ուղևորներով և մաքսանենգ ապրանքներով ծանրաբեռնված, հենց այդ պատճառով ալեկոծումներից մեկի ժամանակ՝ նավավարը կորցրել է նավի կառավարումը, նավը խորտակվել է, ապրանքները ջրի տակ են անցել, իսկ ինքը հազար զոռով ու փորձանքով ողջ է մնացել: Նա կրկին փող վերցրեց հորից և այս անգամ Ղեշմից վերադարձավ բեռներով, բայց քանի որ անփորձ էր, չէր կարողացել իրացնել բոլոր ապրանքները: Երկու տարի դրանք մնացին իր ձեռքին՝ շուրջ ութ միլիոնի պարտք կուտակելով: Այս անգամ էլ հայրը փող տվեց, որ պարտատերերին գոհացնի: Դեպքից անցել էր տասը տարի, բայց Սամանդարիի կնոջ եղբայրը ոչ մեկին չէր պատմել այդ մասին, բացի հարազատ հորից, որ պարտքի գումարն էր վճարել, և իրենց փեսայից:
Սամանդարիի փեսա դառնալուց առաջ Ջաբերի գերդաստանում միայն դպրոցականներն ու համալսարանականներն էին գիրք կարդում, այն էլ միայն դասագիրք, բայց նրա հայտնվելուց հետո ազգի կանայք և տղամարդիկ ընթերցասեր դարձան: Լեյլա խանումն իր ամուսնու վեպերի ու պատմվածքների գրքերը փաթեթավորում էր նվերի թղթով և ուր որ գնում՝ նվիրում էր տանտիրոջը: Սամանդարին էլ գրքի առաջին էջի վրա երկտող էր գրում, որտեղ նշում էր ընտանիքի բոլոր անդամների անունները: Համատեղ կյանքի առաջին ամիսներին նրանք նվիրում էին Սամանդարիի՝ ամուրի ժամանակ գրած գրքերը: Ամուսնությունից մեկ տարի անց հրատարակվեց նրա նոր գիրքը: Նոր գրքում, որը կարճ պատմվածքներ էր պարունակում, չկար այնպիսի պատմվածք, որտեղ հիշատակված չլիներ Ջաբերի գերդաստանից մեկնումեկի անունը: Նա իր բոլոր պատմվածքներում ներկայացրել էր ազգականների հետ տեղի ունեցած իրադարձություններից որևէ մի դրվագ: Այդ գրքի հրատարակվելուց հետո էր, որ Սամանդարիի հետ շփումները դարձան ընտանեկան հավաքույթների կարևոր անհրաժեշտություններից մեկը: Ամեն ոք սիրում էր նստել նրա կողքին և պատմել իր մեծ գործերից ու նոր մտքերից: Սամանդարիի նոր գրքի հրատարակվելուց առաջ ընտանեկան հյուրասիրություններն ընդհանրական էին՝ յուրաքանչյուր բարեկամ բոլոր մերձավորներին հրավիրում էր ընթրիքի: Գրքի տպագրվելուց հետո բացի ընդհանուր հրավերքներից, յուրաքանչյուր ազգական առանձին ևս հրավիրում էր Սամանդարիին, Լեյլա խանումին և նրանց տղային: Հյուրընկալ տանտերն ուզում էր, որ Սամանդարին միայն իրենը լինի, և ինքը բավականաչափ ժամանակ ունենա իր կյանքի պատմությունները նրան պատմելու. մեկ էլ տեսար, այդ իրադարձություններից մեկը Սամանդարիին պետք գա և վերածվի պատմվածքի:
Լեյլա խանումի ասածով՝ Սամանդարիի նոր գրքի հրատակվելուց հետո ինքը նույնիսկ մի անգամ էլ ընթրիք չէր պատրաստել: Ամեն մի ազգական, երբ հրավիրելու նպատակով կապվում էր Լեյլա խանումի հետ, պիտի հերթագրվեր: Լեյլա խանումն էր ասում, թե ե՛րբ են կարող գալ, և որպեսզի բարեկմաների հրավերները գրանցի և օրերը չշփոթի՝ օրացույց էր գնել:
Ի տարբերություն նախկինում նվիրվող գրքերի՝ Լեյլա խանումն այժմ վաճառում էր ամուսնու նոր գիրքը: Սամանդարիի ասածով՝ միայն Ջաբերի մեծ գերդաստանն առաջին շաբաթվա ընթացքում գնել էր հազար օրինակից երկու հարյուրը, որով և մի քանի ամիս չանցած, գիրքը երկրորդ անգամ հրատարակվեց: Հետևելով Լեյլա խանումի սկզբնական շրջանի օրինակին, երբ նա նվիրում էր Սամանդարիի առաջին գրքերը, ազգականներն էլ նոր գիրքը նվիրում էին իրենց ընկերներին և մտերիմ ծանոթներին՝ բոլորին ցույց տալով առաջին էջը, որտեղ նշված էին իրենց անունները:
Քաղաքի ավագանու անդամներից մեկը՝ Ռեզա Քոքաբին, որ Ջաբերի գերդաստանի փեսաներից էր, հարյուր օրինակ գնեց Սամանդարիի նոր գրքից և քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ նվիրեց վարչությունների ու հաստատությունների պետերին: Սամանդարին իր գրքում հիշատակել էր Ռեզա Քոքաբիի հոր անունը, թե վերջինս Ռուդբարի երկրաշարժի ժամանակ ինչպես է ավերակների տակից մեն-մենակ դուրս բերել ողջ մնացած մի քանի երեխաների, այնուհետև դարձել նրանց խնամակալը: Սամանդարին միայն մի պատմվածքում, այն էլ մոտավորապես չորս տողանոց պարբերության մեջ՝ բաղկացած ընդամենը 43 բառից, հիշատակել էր երկրաշարժի դեպքը և Քոքաբիի հոր անունը: Քոքաբին էլ հենց այդ չորս տողն ընդգծել էր կանաչագույն նշիչ գրիչով, պատճենահանել մեծ տպաքանակով և ամբողջ քաղաքը ողողել այդ հուշով, որպեսզի մարդիկ իմանան իր ընտանիքի լուսավոր անցյալը: Երբ ընտրություններին հավաքեց ամենաշատ քվեները, ամբողջ գերդաստանը, նույնիսկ ինքը՝ Ռեզա Քոքաբին, համոզված էին, որ հաղթանակին նպաստել էր Սամանդարիի գրած այդ մի պարբերությունը:
Գերդաստանից միայն մի հոգի էր դժգոհ Սամանդարիի նոր գրքի հրատարկվելուց: Լեյլա խանումի հայրը մի օր իր դստերը մի կողմ քաշեց և ասաց. «Լավ կլիներ, որ պարոն Սամանդարին թույլտվություն ստանար նրանցից, ում անունն ու գործերը հիշատակել է, որ անհանգստության առիթ չլինի»:
Լեյլա խանումը, որ երբեք չէր հակաճառում հորը, պաշտպանեց իր ամուսնուն և ասաց. «Երբ մեկը ուրիշների լավությունից է պատմում, թույլտվության կարիք չկա»: Լեյլա խանումի հայրը, այդուհանդերձ, մտահոգ էր ստեղծված վիճակի համար և վախենում էր իր փեսայի նոր գրքերի հրատարկվելուց: Նույնիսկ մի անգամ անուղղակի ձևով հասկացրել էր նրան, որ ավելի լավ կլինի, եթե մարդկանց անունները փոխի, Սամանդարին էլ ի պատասխան՝ ժպտացել էր և գլուխը տմբտմբացրել:
Սամանդարիի պատմվածքների հաջորդ գրքի լույս ընծայմամբ՝ անիվը հետ պտտվեց: Այս անգամ բարեկամները դժգոհ էին և զայրացած, որ Սամանդարին ոտնձգություն է արել ու խախտել անձնական սահմանագծերը. պատմվածքներում ներկայացնելով իրենց կյանքի իրադարձությունները և սրա-նրա ձեռքը հասցնելով ամեն մի եղելություն՝ խաղացել է իրենց պատվի հետ: Այնքան սաստիկ էր վրդովմունքը, որ ձմռան մի երեկո ազգականներից մի քանիսը միասին պայմանավորվեցին, և առանց նախապես զգուշացնելու` գնացին Սամանդարիի տուն: Եթե այդ երեկո Լեյլա խանումը չպաշտպաներ իր ամուսնուն և չընդդիմանար իր ազգականներին, ո՜վ գիտի, գործը բարդանար և քաշքշուկի հասներ: Եվ դա այն պայմաններում, որ Սամանդարին, լսելով իր աներոջ խորհուրդը, նոր գրքում ոչ մի ազգականի անուն չէր տվել: Հաջորդ երեկոյան Լեյլա խանումի հայրը գնաց Սամանդարիենց տուն: Լեյլա խանումն այս անգամ էլ տեղը տեղին պաշտպանեց ամուսնուն, նույնիսկ առաջին անգամվա համար ձայնը բարձրացրեց հոր վրա. «Ջաբերի գերդաստանը բոլորովին բան չի հասկանում պատմվածք ասածից»: Կողմնակիորեն հորն ակնարկում էր. «Դու չգիտես, թե ինչ ասել է պատմվածք»:
Սամանդարիի քենակալն այն ազգականներից էր, որոնք անչափ զայրացած էին կատարվածի համար, և եթե նրան մի կերպ չզսպեին, քիչ էր մնում փորձանք բերեր Սամանդարիի գլխին (հենց այն քենակալը, ում երեխաները մահանում էին ծնվելուց հետո): Սամանդարին իր պատմվածքներից մեկի մեջ այսպես էր նկարագրել նրա կյանքի պատմությունը. «Առաջին երեխան մեռավ ծնունդից մեկ շաբաթ անց, երկրորդը մեռավ ծնվելուց երեք շաբաթ հետո: Նրա երրորդ երեխան երկու ամիս ողջ մնաց, բայց չդիմացավ և վերջը՝ մեռավ: Բժիշկներն ասում էին՝ եթե երեխաներ ունենաք, էլի մեռնելու են: Ամուսինները սակայն հույս ունեին, որ բժիշկների խոսքը սխալ դուրս կգա և երեխաներից մեկը վերջապես ողջ կմնա»:
Պատմվածքում Սամանդարին նկարագրել էր նաև իր քենակալի լացը. «Երբ առաջին երեխան մեռավ, նա մի տեղ էր ման գալիս, որ մենակ մնար: Դրա համար էլ գնաց հիվանդանոցի զուգարան, փակեց զուգարանի դուռը և նստեց թաց ու սառը գետնի վրա, ճանկեց իր մազերը, գլուխը խփեց պատին և լաց եղավ: Որպեսզի ոչ ոք չլսի լացի ձայնը՝ ջրի ծորակը մինչև վերջ բացեց և փողրակը դրեց զուգարանակոնքի մեջ: Հիմա էլ երբ հիշում է իր երեխաների մահը, մի խուլ տեղ է փնտրում՝ կնոջ աչքից հեռու, որ բարձր ձայնով լաց լինի»:
Սամանդարին ոչ մեկի անունը չէր նշել, բայց բոլորը գիտեին, որ միակ մարդը, ում երեխաները ողջ չեն մնում, նրա քենակալն է: Ի տարբերություն նախորդ գրքի՝ իր նոր գրքում Սամանդարին խոսել էր ազգականների դժբախտություններից և նրանց խորտակված երազանքներից: Գերդաստանի անդամները տեղյակ չէին մյուսների համար պատահած շատ դեպքերից, միայն ենթադրաբար և գուշակելով որոշ պատկերացումներ ունեին, մինչդեռ պատմվածքները կարդալով՝ բացահայտվեց բոլորի կյանքը, և այլևս որևէ գաղտնիք չմնաց ոչ մեկի համար:
Սամանդարիի գիրքը նաև կռիվ հրահրեց շատերի միջև: Աներձագի ապրանքների ջրասուզման վերաբերյալ հենց սկզբից շատերն ասում էին, որ տասը միլիոնի ապրանքը չի խորտակվել ծովում, այլ այդ սանձարձակ տղան հոր փողերը քամուն է տվել, և որոշել է իրեն խեղճուկրակ ձևացնելով՝ հոր մահից առաջ կանխիկացնել իր փայ ժառանգությունը: Սամանդարին պատմվածքներից մեկում խոսել էր իր աներձագի փող կորզելու մասին:
Ամբողջ մի շաբաթ ամեն երեկո ազգականները հավաքվում էին Լեյլա խանումի հոր տանը և որևէ ճանապարհ փնտրում, գուցե թե կարողանան մի լավ դաս տալ Սամանդարիին:
Ոմանք փորձում էին ինչ-որ ձև գտնել՝ Սամանդարիի գրչի վրա արգելանք դնելու և նրան օրենքից դուրս հայտարարելու համար, որպեսզի մեկընդմիշտ ազատվեն այդ փորձանքից: Սկզբում մի քանի հոգի հավաքվեցին և առաջարկեցին բողոք ներկայացնել Սամանդարիի դեմ, բայց Ջաբերի գերդաստանի փաստաբան փեսան ասաց. «Չի լինի: Ո՛չ մի ապացույց չունենք: Եթե որևէ մեկի անունն ու ինքնությունը հիշատակեր, կարելի էր ինչ-որ բան ձեռնարկել, սակայն առանց ապացույցների բողոք ներկայացնելով՝ ինքներս մեր ծանր տեղը կթեթևացնենք»:
Այդ պատճառով սկսեցին այլ հնարքներ մտմտալ: Գերդաստանի կանանցից մեկը, որ լրագրող էր, մեդիա գրոհի տարբերակն առաջարկեց: Շատերը բոլորովին գաղափար չունեին, թե ինչ է նշանակում մեդիա գրոհ, բայց երբ իմացան, բոլորն էլ համաձայնվեցին, որ փող հավաքեն, որպեսզի մեր ծանոթ լրագրողուհին վճարի որոշ գրողների ու քննադատների, սրանք էլ հոդված գրեն ու հրատարակեն այն օրաթերթում, որտեղ աշխատում է նա կամ այլ թերթերում: Մեր բարեկամուհին կապվեց իր մի քանի լրագրող ընկերների հետ, որպեսզի գրքի դեմ հարցազրույցներ անեն մի շարք գրողների ու գրաքննադատների հետ, նույնիսկ կասկածի տակ դնեն Սամանդարիի գրագիտության մակարդակը, ինչպես նաև տողատակով ակնարկներ անեն նրա անձնային հատկությունների մասին: Մեդիա գրոհի արդյունքն այնպիսին չեղավ, ինչպիսին ակնկալում էին ազգականները: Այդ քննադատություններով՝ Սամանդարիի գիրքն է՛լ ավելի շատ գնորդներ ձեռք բերեց և դարձավ իրանական պատմվածքների ժողովածուներից ամենապահանջվածը՝ կարճ ժամանակամիջոցում ունենալով երրորդ հրատարակությունը:
Երբ նետը քարին դիպավ, որոշների մոտ միտք ծագեց, որ տող առ տող կարդան Սամանդարիի գրվածքները՝ այնտեղից բարոյական չափանիշներին չհամապատասխանող որևէ կետ հայտնաբերելու նպատակով: Հույս ունեին՝ մի այլ կողմից և այլ ճանապարհով Սամանդարիին նեղը գցեն ու պատին դեմ տան: Երկու շաբաթ, այն էլ ամեն երեկո, ազգականները հավաքվեցին իրար շուրջ և բարձր ձայնով հերթով կարդացին Սամանդարիի պատմվածքները: Ով կասկածելի մի հատված էր տեսնում, ուրիշների կարծիքն էր հարցնում, որ արդյոք այդ տողերը խախտում են կարմիր գծերը, թե՝ ոչ: Վերջնական կարծիքը հայտնում էր փաստաբան փեսան: Երկու անգամ Սամանդարիի հարյուր էջանոց գիրքը մանրազնին կարդալուց հետո նույնիսկ մի կետ էլ չգտնվեց, որ թեկուզ մոտավոր չափով խախտած լիներ կարմիր գծերը և գրաքննության սահմանները:
Առաջին անգամը լինելով՝ այն էլ հենց այդ աղմկահարույց գրքի համար, Սամանդարին կարևոր մրցանակներ շահեց: Մինչևիսկ որոշվեց, որ երկու հայտնի ռեժիսոր նրա կարճ պատմվածքների հիման վրա կինո նկարահանեն: Հենց միայն այդ լուրն ավելի տարածեց Սամանդարիի համբավը՝ ավելի վառելով Ջաբերի գերդաստանի սիրտը: Մինչ այդ օրը ազգականները գանգատվում էին իրենց կյանքի պատմությունները գրի առնվելուց, իսկ երբ որոշվեց դրանց հիման վրա կինո նկարահանել, արդեն կրակ էին կտրել:
Նոր գրքի տպվելուց հետո ազգականներից ոչ ոք այլևս պատրաստ չէր որևէ փոքր կամ մեծ հավաքույթի, որևէ տոնի կամ սգի ժամանակ հրավիրել Սամանդարիին: Ոչ ոք պատրաստ չէր հրավիրել նույնիսկ Լեյլա խանումին ու նրա տղային: Հարաբերությունների խզումից հետո Լեյլա խանումը շարունակում էր կրկին պաշտպանել իր ամուսնուն՝ ի պատասխան բոլորի ասելով. «Դուք եթե հասկանայիք ի՛նչ է նշանակում պատմվածք, այսպիսի բաներ չէիք խոսի: Պատմվածք, այսինքն իմ և քո կյանքը, այսինքն մեր կյանքը: Աշխարհում շատ մարդկանց ճակատագիրը նման է մեր ճակատագրին: Ինչո՞ւ եք կարծում, որ Սամանդարին Ձեր ճակատագիրն է գրի առել, մի՞թե Ձեր անունն է տվել»:
Ինչքան էլ ասում էինք, որ Սամանդարին զրույցների ժամանակ մշտապես համակ ուշադրությամբ հետևում էր մեր խոսքերին, անընդհատ մեզ խոսեցնում էր, որ հետագայում մեր ասածներից պատմվածք գրի, Լեյլա խանումը դարձյալ չէր ընդունում: Նա մեզ պատասխանում էր. «Եթե Ձեր կյանքի լավ իրադարձությունները գրի առներ, հիմա դուք բոլորդ գոհ կլինեիք: Քանի որ գրել է այնպիսի իրողությունների մասին, որոնցից դուք փախչում եք, Սամանդարին դարձել է վատ մարդ»:
Ավելի քան երկու տարի անցավ, իսկ այդ ընթացքում ազգականները հեռվից հեռու հետևում էին Սամանդարիին, որ եթե նոր գիրք տպի, անմիջապես գնեն, տեսնեն այդ անգամ իրենց կյանքի ո՛ր պատմությունն է պատմվածքի վերածել: Այդ ժամանակաընթացքում շաբաթ կամ ամիս չէր լինում, որ Սամանդարին չկանչվեր որևէ գրական միություն և չստանար գովասնագիր կամ էլ չհրավիրվեր որևէ բուհում ելույթ ունենալու: Դրանցից մեկն էլ Ֆրանսիայի հայտնի համալսարանի հրավերն էր, որը հիմնովին շրջեց Սամանդարիի և Լեյլա խանումի կյանքը: Մի շաբաթ Փարիզում մնալուց հետո, երբ ուրբաթ օրը Սամանդարին պետք է վերադառնար Իրան, չվերադարձավ: Մեկ շաբաթը տասն օր դարձավ, տասն օրը՝ երկու շաբաթ, երկու շաբաթը՝ մի ամիս: Վերջում բոլոր լրատվականներն ու օրաթերթերը գրեցին. «Սամանդարին այլևս չի վերադառնում Իրան»: Այդ իրադարձությունից հետո մենք սպասում էինք Լեյլա խանումի արձագանքը տեսնել: Մի երեկո Լեյլա խանումի հոր տան հեռախոսը զնգաց: Սամանդարիի՝ Շվեդիա մնալու լուրն առնելուց երկու ամիս էր անցել, երբ Լեյլա խանումը զանգահարեց հորը և մանրամասն պատմեց այն, ինչն արդեն գիտեր հայրը: Ասաց, որ նստելու և տխրելու փոխարեն ինքը հետախուզել է Սամանդարիի հետքերը, հեռախոսով և էլեկտրոնային նամակով մեկ առ մեկ կապ է հաստատել Սամանդարիի ընկերների հետ թե՛ Իրանում և թե՛ Իրանից դուրս: Յուրաքանչյուր ընկեր որոշ տեղեկություններ է փոխանցել, որոնց համադրությամբ ինքը հասել է այն եզրակացության, որ մեծ հավանականությամբ ամուսինը մտադիր է Շվեդիան ընտրել որպես իր բնակության երկիր:
Այդ ժամանակահատվածում Սամանդարին չէր կապվել Լեյլա խանումի հետ, իսկ Լեյլա խանումը ընկերներից մեկի օգնությամբ մի անգամ կարողացավ հեռախոսով կապվել ամուսնո հետ և նկատեց, որ Սամանդարին ամեն անգամվա պես չէր, նույնիսկ իրենց տղայի որպիսությունը չհարցրեց և ինչ-որ պատրվակով խուսափեց նրա հետ խոսելուց: Երբ Լեյլա խանումն իր ապագայի մասին հարցրեց, Սամանդարին լռեց, ինչը ցավագին էր Լեյլա խանումի համար: Ամեն անգամ երբ մտածում էր Սամանդարիի լռության մասին, եզրակացնում էր, որ ինքը ոչ մի տեղ չունի իր ամուսնու վաղվա կյանքում:
Երբ կապերի խզումից երկու տարի հետո Ջաբերի գերդաստանը տեսավ Լեյլա խանումին, ուրախացավ: Ոչ ոք խոսք չբացեց նախկին սրտնեղության մասին: Մեզ համար Լեյլա խանումի հայրական տուն վերադառնալը նշանակում էր, որ նա զղջացել է իր ամուսնուն պաշտպանելու համար, այդուհանդերձ, բոլորը սպասում էին տեսնել, թե Լեյլա խանումն ինչ է նախաձեռնելու: Եվ այսպես, գերդաստանի տղամարդկանց հրավիրեց իր հոր տուն և ասաց. «Ձեզանից երկու հոգի պետք է մեկնի Շվեդիա»: Բոլորը զարմացան՝ ոչ ոք չգիտեր, թե ինչ պատճառով պետք է մեկնել Շվեդիա: Երբ նա ասաց, որ ուղևորության ծախսերն ինքն է հոգում, և իրեն հաջողվել է այդ ընթացքում բարձր տոկոսադրույքով խոշոր վարկ ձևակերպել, տղամարդիկ սրտապնդվեցին:
Լեյլա խանումը սկզբից էլ երկու հոգու էր աչքի տակ առել Շվեդիա գնալու համար. մեկը՝ Սամանդարիի քենակալը, մյուսը՝ իր հարազատ եղբայրը: Սկզբում ոչ ոք գլխի չընկավ, թե ինչու էր հենց այդ երկուսին ընտրել, սակայն ամիսներ անց երբ նրանք վերադարձան Շվեդիայից, իմացանք, որ Ջաբերի գերդաստանի միջից այդ երկուսը ամենաշատն էին վիրավորված Սամանդարիի ձեռքից: Երկրորդ գրքի հրատարակ վելուց հետո բան չէր մնացել քենակալը ձեռքից տար իր կնոջը, որին շատ էր սիրում: Կինն ասում էր. «Քեզ հետ ապրելը ո՛չ պատիվ է թողել ինձ համար, ո՛չ էլ երեխա, որ գոնե մայր լինելու համը ճաշակեմ», իսկ աներձագը, իր ստերի և հորից փող պլոկելու պատճառով, քիչ էր մնում ընդհանրապես զրկվեր հայրական ժառանգությունից:
Այն օրը, երբ սրանք ուղևորվեցին Շվեդիա, արդեն յոթ ամիս էր անցել Սամանդարիի գնալուց: Ճանապարհ ընկնելուց մի քանի ժամ առաջ Լեյլա խանումը կրկին հեռախոսազրույց էր ունեցել ամուսնու հետ: Մեր կարծիքով, ուզում էր կողմնորոշվեր, որ Սամանդարին ինչ է մտածել իրենց համատեղ կյանքի վերաբերյալ: Եթե Սամանդարիի որոշումը չխաթարեր Լեյլա խանումի կյանքը, թերևս, վերջին պահին չեղարկեր այդ երկուսի մեկնումը:
Երբ Սամանդարիի քենակալն ու աներձագը ուղևորվեցին դեպի Շվեդիա, ոչ մի պատկերացում չունեին կայանալիք հանդիպումից: Լեյլա խանումը նրանցից պահանջել էր, որ վայրկյան առ վայրկյան իրեն տեղյակ պահեն հանդիպման մասին, առանց իր թույլտվության ոչ մի բան չասեն ու չանեն: Երբ Շվեդիայից լուր եկավ, որ Սամանդարին ապրում է քառասուն մետրանոց մի բնակարանում, իսկ տանը ոչ մի կնոջ հետք չկա, Լեյլա խանումի դեմքին գոհունակության ժպիտ նկատեցինք, ոմանք նույնիսկ Սամանդարիի հանդեպ սիրո վերստին առկայծում նշմարեցին: Երբ իմացավ, որ Սամանդարիի բնակարանում չկա ո՛չ իր, ո՛չ իր որդու որևէ լուսանկար, կարելի էր հասկանալ Լեյլա խանումի կոկորդի սեղմվելը:
Սամանդարին, իր բնակարանի շեմին տեսնելով քենակալին և աներձագին, ապշեց: Նույնիսկ մի պահ տան դուռն առաջ հրեց և ուզում էր ներս չթողնել նրանց, բայց մտափոխվեց: Երեքով մի ժամ նստել էին իրար դեմ դիմաց և աչքի տակով զննում էին միմյանց, բայց խոսք չունեին իրար ասելու: Հանդիպման առաջին պահի մասին լսելով՝ Լեյլա խանումը նրանցից ուզեց, որ մտերմաբար զրուցեն Սամանդարիի հետ: Լավ գիտեր, որ Սամանդարին յուրաքանչյուր քայլի ու խոսքի համար հաշվարկում է ամեն մի մանրուք: Եթե նրանց հետ չի զրուցել, ուրեմն վերլուծում է նրանց գալու հանգամանքները: Թեև այդ երկուսի համար դժվար էր Սամանդարիի հետ մտերմությամբ խոսքի բռնվել, բայց ստիպված էին լսել Լեյլա խանումին: Առաջին երեկոյան ոչ մի խոսք չունենալով՝ հետաքրքրվեցին շվեդաբնակ իրանցիների և շվեդ ժողովրդի առանձնահատկությունների մասին կցկտուր պատասխաններ լսեցին Սամանդարիից: Նա այլևս առաջվա պես ականջ չէր դնում իրենց խոսքերին և զրուցելու ցանկություն էլ չուներ: Հաջորդ օրը քենակալը նրա ապագա պլանների մասին հարցրեց. «Աստծով, ե՞րբ ես վերադառնում Իրան»: Նույնիսկ սուտ փչեց. «Շատերն են քեզ կարոտել»: Սամանդարին ի պատասխան նայել էր նրանց, իսկ այդ հայացքից հնարավոր չէր եղել որևէ բան կռահել: Հայացքի մասին իմանալով՝ Լեյլա խանումը հուսահատվեց: Մեր կարծիքով, հենց այդ ոչինչ չասող հայացքն էր Լեյլա խանումին մղել կայացնելու իր վերջին որոշումը:
Երեք օր էր անցել նրանց ճամփորդությունից, բայց Սամանդարին ամեն օր առավել անհասանելի էր դառնում, իսկ նրան հանդիպելը գնալով դժվարանում էր: Իբրև թե տեղ ունի գնալու, առավոտները շուտ էր տնից ելնում, իսկ երեկոները ուշ վերադառնում, հյուրերին էլ թույլ չէր տալիս այդ ընթացքում մնալ տանը: Ձմռան ցուրտ եղանակին հյուրերը թափառում էին Շվեդիայի փողոցներում, օրն անցկացնելու համար սրճարաններ մտնում, մինչև Սամանդարիի վերադարձի ժամը հասներ:
Չորրորդ օրն էր, երբ Լեյլա խանումը նրանց ասաց, որ հաջորդ գիշերվա թռիչքում երեք տոմս ապահովեն և Սամանդարիի հետ խոսեն, նրա սրտի գութը շարժելու համար որդու կարոտն ու անհամբերությունը նկարագրեն: Երբ Սամանդարին տեսավ ինքնաթիռի տոմսը, այն գցեց սեղանի վրա, տեղից վեր կացավ և փակվեց իր սենյակում: Սամանդարիի քենակալն ու աներձագը Լեյլա խանումին հաղորդեցին, որ դժվար թե նա վերադառնա: Լեյլա խանումն էլ իր նոր պլանը պատմեց, ինչը շոկի մեջ գցեց քենակալին: Լեյլա խանումի եղբայրը վախեցավ այդ պլանից, բայց երբ քենակալը խոսեց Սամանդարիի տմարդի վարքագծի, Լեյլա խանումի խեղճության և գերդաստանի պառակտման մասին, վերջապես նա էլ համոզվեց: Դրանով հանդերձ, բոլոր գործերը քենակալն արեց, իսկ եղբայրը միայն հսկիչ-պահակի դերը կատարեց:
Երբ նրանք նորից վերադարձել էին, Սամանդարին տանն էր եղել, բացել էր բնակարանի դուռը, հետո մտել իր սենյակ՝ փակելով սենյակի դուռը: Այդքան ժամանակ նա իր հյուրերի համար նույնիսկ մի բաժակ ջուր էլ չէր բերել: Նրանք եթե ինչ-որ բան էին ուզում, խոհանոց էին գնում և հենց իրենք պատրաստում: Իհարկե, միշտ դրսում էին սնվում: Այդ օրերին Սամանդարին միշտ բանալիով փակում էր իր սենյակի դուռը: Դուռ փակելը Լեյլա խանումին էլ տարօրինակ էր թվացել: Նրա կարծիքով՝ Սամանդարին չէր վստահում իր անկոչ հյուրերին:
Երբ Լեյլա խանումի եղբայրը լուսամուտի մոտ կանգնած հսկում էր դրսի անցուդարձը, Սամանդարիի քենակալը թակեց սենյակի դուռը: Սամանդարին, առանց դուռը բացելու, ձայն տվեց. «Հիմա զբաղված եմ»: Քենակալը նրան խնդրեց, որ դուռը բացի հրաժեշտ տալու համար: Դուռը կրկին չբացվեց: Քենակալը նորից թակեց դուռը: Սամանդարիի սենյակից ձայն չլսվեց: Քենակալն ականջները սրեց: Սենյակի բանալու պտտվելու ձայնը եկավ, և Սամանդարին դուռը փոքր-ինչ բաց արեց: Երկուսը սևեռուն հայացքով նայեցին իրար: Քենակալը դռան արանքից ձեռքը ներս տարավ: Սամանդարին նայեց նրա ձեռքին: Քենակալը ներողություն խնդրեց այդ քանի օրերին պատճառած անհանգստության համար և հաջողություն մաղթեց նրան: Սամանդարին վերից վար նայեց իր քենակալին և դուռն ավելի լայն բացեց: Քենակալը երբ դուռը բաց տեսավ, իր ձեռքի պայուսակով ներս մտավ և դուռը առաջ հրեց: Լեյլա խանումի եղբայրը աչքը հառել էր սենյակի դռանը, երբ քաշքշուկի ձայներ լսվեց, ուզում էր լուսամուտի մոտից հեռանալ և դռան հետև գնալ, բայց դուռն ամուր փակվեց: Երկար ժամանակ Ջաբերի գերդաստանը այդպես էլ հստակ չգիտեր, թե նրանք Շվեդիայում ինչ խոսքեր են ասել և ինչ պատասխաններ լսել Սամանդարիից: Նույնիսկ վերջին գիշերվա դեպքի մասին էլ ոչ ոք ոչ մի բան չգիտեր: Դա ևս Լեյլա խանումի նախապայմաններից էր եղել:
Վերադարձի թռիչքի պահից սկսած՝ Լեյլա խանումը նստել էր համակարգչի առջև և համացանցում փնտրում էր Սամանդարիի մասին որևէ լուր: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ այդ քանի օրյա անքնություններն ու որոնումները Սամանդարիի որպիսության համար մտահոգվելու պատճառո՞վ էին, թե՞ ուզում էր վստահանալ, որ բարեկամները կատարել են իր պատվիրած գործը:
Մի շաբաթ հետո, երբ Սամանդարիի ողջ մնալու լուրը պտտվեց, Լեյլա խանումն իմացավ, որ ամուսինը ոստիկանությանն ասել է, որ երկու անծանոթ մարդ գիշերով իր տուն են եկել, և մինչ ինքը ուշքի կգար ու կբղավեր, ինչ-որ լաթ են խցկել իր բերանը, կպչուն ժապավենով փակել իր ծնոտի ու բերանի շուրջեշուրջը, այնուհետև ձեռքերն են կապկպել, վզից մինչև ոտքերի թաթերն էլ նույն ձևով փաթաթել են, այնպես որ իր մարմնից միայն գլուխն ու ոտնաթաթերն են դուրս մնացել: Վերջում իր մեկ տեղանոց մահճակալը շրջել են հակառակ կողմի վրա և իրեն կապել ու ամրացրել են մահճակալի տակի կողմին, այնպես որ մահճակալն առաջվա պես տեղադրելուց հետո իր երեսը հատակի կողմն է եղել:
Սամանդարիի քենակալան ու աներձագը երկար ժամանակ հերքում էին այդ դեպքը՝ ասելով, թե իրենք միայն Սամանդարիի մոտ են գնացել և նրան խնդրել վերադառնալ իր տունուտեղի գլխին: Բայց թաքուն երդվում էին Լեյլա խանումին, որ արել են ճիշտ այնպես, ինչպես պահանջել էր նա. Սամանդարիին մերկացրել են, թողել՝ ներքնազգեստով, ձեռուոտը և բերանը փաթաթած, մահճակալի հակառակ երեսին կապված, տան տաքացուցիչներն էլ անջատել են, որպեսզի ձմռան ցրտին տանջամահ լինի:
Հետագայում էլ ոչ ոք չկարողացավ հասկանալ՝ ինչո՞ւ Լեյլա խանումն այդքան փող ծախսեց այդպիսի գործի համար: Արդյոք նա ցանկանո՞ւմ էր մի լավ դաս տալ Սամանդարիին, որպեսզի նա հասկանա, որ Ջաբերի ընտանիքի դեմ դուրս եկողը կկործանվի, և ավելի լավ է՝ ինքն իր ոտքով վերադառնա, եթե ապրել է ուզում: Կամ թե չէ, երբ հասկացել էր, որ Սամանդարին այլևս վերադառնալու մտադրություն չունի, իսկապես որոշե՞լ էր սպանել նրան: Բայց եթե սպանելու մտադրություն ուներ, կապկպելն ու շղթայելը ո՞րն էր, միանգամից թող գործը վերջացներ: Իհարկե, մի քանիսն էլ ենթադրում էին, որ Լեյլա խանումը չէր կարողացել վերջնական եզրակացության հասնել ամուսնուն սպանել-չսպանելու հարցում, սակայն չէր էլ կարող հեշտությամբ աչք փակել՝ իր գլխին բերած աղետի և իրեն հանկարծակի լքելու վրա, հետևաբար ընտրել էր Սամանդարիին խոշտանգելու տարբերակը:
Այս դեպքից հետո Լեյլա խանումը գնաց իր տուն և այլևս ոչ մեկի տուն ոտք չդրեց, ոչ մեկին էլ մոտ չթողեց իր տուն բացի իր հորից: Անցավ մի տարի, և Սամանդարին հետզհետե դարձավ հեռավոր մի հուշ, սակայն մենք մշտապես հիշում էինք Լեյլա խանումին և իր տղային: Երբ ազգականներն իմացան, որ նա իրոք չի ցանկանում ոչ մեկին հանդիպել, այլևս շատ չստիպեցին, մինչև որ մի օր Լեյլա խանումն իր տղային տարավ հոր տուն և ասաց, թե ուզում է ընկերների հետ քանի օրով գնալ ծովափնյա քաղաք՝ փոքր-ինչ օդափոխվելու, սակայն չի ուզում տղան դասերից ու դպրոցից կտրվի, ուստի նրան իր հետ չի տանում: Բոլորս ուրախացանք, որ նա սկսել է ինքն իր մասին մտածել և հետզհետ մոռացության տալ Սամանդարիին:
Լեյլա խանումի երկօրյա ճամփորդությունը մի շաբաթ տևեց, և նա չվերադարձավ: Բոլորն անհանգստացան և սկսեցին հարցուփորձ անել սրան-նրան՝ տեսնեն ինչ է պատահել: Լեյլա խանումի տղան շատ բան չգիտեր, միայն մոր ընկերներից երկուսի անունը տվեց և անորոշ բացատրություններ՝ նրանց աշխատավայրի մասին: Վերջապես գտանք նրա ընկերներին, նաև մյուս ընկերների հետևից գնացինք, բայց ոչ ոք տեղյակ չէր նրա ճամփորդության մասին: Մտահոգվեցինք, հաղորդում տվեցինք ոստիկանությանը, հիվանդանոցներ և դիահերձարաններ զանգեցինք: Ոչ մի հետք չկար նրանից, մինչև որ կրկին Սամանդարիի անունը մեջտեղ ընկավ: Իհարկե, այս անգամ միայն Սամանդարին չէր, Լեյլա խանումն էլ էր հայտնվել լրահոսում: Լուրերով հաղորդեցին, որ Լեյլա Ջաբերին նպատակ է ունեցել սպանել իր ամուսնուն՝ Աբաս Սամանդարիին, բայց չի հաջողել: Նրանց միջև տեղի ունեցած ընդհարման ընթացքում սպանվել է Լեյլա Ջաբերին: Լուրը շշմեցրել էր գերդաստանին: Նույն երեկոյան բոլորը հավաքվեցին իրար շուրջ՝ Լեյլա խանումի հոր տանը: Առաջին քայլն այն էր, որ լուրը թաքցնեն նրա տղայից: Այդ երեկո առաջին անգամ Լեյլա խանումի հորը զայրացած տեսանք: Ինչ բերանը գալիս էր, ասում էր Սամանդարիի հասցեին: Այս անգամ Լեյլա խանումի հայրը միացել էր մեզ: Նա ոչ մի անգամ վատ չէր արտահայտվում Սամանդարիի հասցեին, նույնիսկ նրա երկրորդ գրքից հետո, որից դժգոհ էին բարեկամները, էլի մեզ հորդորում էր՝ վազ անցնել այդ պատմությունից, որպեսզի Ջաբերիների մեծ գերդաստանը չքայքայվի:
Այդ երեկո Լեյլա խանումի հոր խոսքերում շատ էր կրկնվում վրեժ բառը: Նա բոլորից խնդրեց մտածել վրեժ լուծելու ուղղությամբ: Հենց այդ ժամանակ էր, երբ շատերն իմացան, որ Լեյլա խանումը նախորդ տարի ինչ նպատակով էր գործուղել իր եղբորն ու Սամանդարիի քենակալին: Երբ Լեյլա խանումի հայրը վրեժ լուծելու մասին խոսեց, քենակալը պարծանքով պատմեց Սամանդարիին կապելու և մահճակալի տակ ամրացնելու պատմությունը: Գերդաստանը երբ իմացավ, ափսոսաց. «Ինչո՞ւ Լեյլա խանումը չպահանջեց, որ սպանեք Սամանդարիին»:
Մի առ ժամանակ Ջաբերի գերդաստանը դեռ հույս ուներ, որ Սամանդարիի կալանավորմանը կհաջորդի դատավարությունը, սակայն Շվեդիայի ոստիկանաությունը մեղադրանք չառաջադրեց նրան իր կնոջ կանխամտածված սպանության համար: Ոստիկանությունը եզրակացրել էր, որ նա Իրանում շատ թշնամիներ ունի, քանի որ երկրորդ անգամն էր, ինչ Իրանից մարդ էր գալիս նրան սպանելու: Երբ ազատվեց Սամանդարին, Ջաբերի գերդաստանը զգաց, որ Սամանդարիին կործանելու ոչ մի շանս չունի:
Լեյլա խանումի դին Իրան վերադարձնելուց, նրա թաղումը և հոգեհանգստյան արարողակարգը կատարելուց հետո, գործադրվեց Լեյլա խանումի հոր պլանը: Գերդաստանի տղամարդկանցից միայն մի քանիսն էին տեղյակ այդ պլանից, այնպիսի մարդիկ, որոնք ոչ մի իրավիճակում ոչինչ չեն բացահայտում: Այս անգամ ազգականներից ոչ մեկը չմեկնեց Շվեդիա, այլ վարձեցին պրոֆեսոնիալ մարդասպանի, որ վերջ տա Սամանդարիի կյանքին: Այդ գործողության ծախսերը ապահովում էր Լեյլա խանումի հայրը: Նա ասաց, որ իր ժառանգությունից աղջկա մասնաբաժինը հատկացնում է նրա արյան վրեժն առնելու գործին:
Այսօր մի շաբաթ կլինի, որ վարձու մարդասպանը մեկնել է Շվեդիա: Այս մի շաբաթվա ընթացքում մենք գիշեր-ցերեկ հետևում ենք լրահոսին՝ այն հույսով, որ Սամանդարիի սպանության լուրը կարդանք: Որպեսզի Ջաբերի գերդաստանի անունը հանկարծ չհոլովվի, միջնորդի միջոցով ենք կապվում մարդասպանի հետ, մեր կապն էլ չի կարելի ամեն վայրկյան ու ամեն ժամ հաստատել, դրա համար ճշգրիտ չգիտենք, թե այս պահին գործը ո՛ր փուլում է գտնվում: Դժբախտությունն այն է, որ այս ընթացքում Լեյլա խանումի հոր առողջական վիճակն էլ բոլորովին լավ չէ: Սաստիկ տագնապի և անհանգստության պատճառով նա երկու անգամ սրտի անբավարարություն է զգացել և հիվանդանոց տեղափոխվել, նրա վիճակը մտահոգիչ է: Վախենում ենք, որ Լեյլա խանումի մահվանից երկու ամիս չանցած, հայրն էլ չդիմանա ու մահանա, և մենք մի անգամ ևս սգատեր դառնանք, մինչդեռ Սամանդարին դեռ ողջ է և վստահաբար մեր կյանքը պատմվածքի վերածելու գործով է զբաղված, որպեսզի հրապարակի իր նոր գրքում:
2015թ. մարտ ամիս

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *