Ալբերտ Ոսկանյան | Մալիշը

ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ ծնվել է 1957 թ․, բնակվում է Ստեփանակերտում։ Պաշտոնաթող գնդապետ է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Գրում է ռուսերեն։ Հայտնի է և ակտիվորեն տպագրվում է ռուսական գրական մեդիայում, երբեմն հանդես է գալիս Ազարիա (“Азарий”) կեղծանունով։ ԼՂՀ գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է, երեք ժողովածուի հեղինակ։
2019թ․ ապրիլին “Мгинские мосты” միջազգային փառատոնում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի («Սիրային շիլաշփոթ» պատմվածքի համար), նույն ամսում միջազգային “ВоенКор-2019” նախագծում ընտրվել է մրցույթի հաղթող («Մեկ պատերազմ, երկու հակադիր ճակատագիր» պատմվածքով)։
ՌԴ-ում կազմակերպված Երրորդ միջտարածաշրջանային «Ты сердца не жалей, поэт» («Մի խնայիր սիրտդ, պոետ») 2019թ․ գրական մրցույթում նրա «Մալիշը» պատմվածքն անցել է եզրափակիչ։ Այն իրական պատմություն է Ղարաբաղյան պատերազմի մասին, որին զոհ գնացած մանուկ հերոսներից մեկին է նվիրված։

Սամվելը մոտեցավ գերեզմանին և ութ կարմիր մեխակ դրեց։ Նոյեմբերյան սողոսկուն քամուց տղամարդը կուչ եկավ, բարձրացրեց օձիքն ու գլանակ վառեց․․․
Ամեն տարի նոյեմբերի 27-ին նա գալիս էր հուշահամալիր, որ ծաղիկներ դնի Մալիշի գերեզմանին։ Սովորույթի համաձայն մտախոհ ծխում էր մի երկու գլանակ ու լուռ հեռանում․․․
Շիրմաքարից, հասակով մեկ կանգնած, նրան էր նայում պեպենների միջից ժպտացող մի տղա՝ զինվորական համազգեստը հագին։ Տղամարդը երկար նայում էր նրա ծիծաղկուն, չարաճճի աչքերին ու մտովի գնում այն ժամանակները, երբ Ղարաբաղում արյունահեղ մարտեր էին ընթանում, և մարդու կյանքը գրոշի արժեք չուներ․․․
Հայերը դիմագրավել էին դեպի Մարտակերտ թշնամու անխնա հարձակմանը։ Հակամարտող երկու կողմերը դիրքավորվել էին՝ չձեռնարկելով որևէ ակտիվ ռազմական գործողություն։ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումը, որում ծառայում էր Սամվելը, տեղակայվել էր անտառում, Կիչան գյուղից ոչ հեռու։ Մարդիկ սկսել էին հանգիստ շունչ քաշել, և հրամանատարը զինվորներին հերթով բաց էր թողնում տները՝ տեսնվելու ընտանիքների հետ, փոխելու հագուստն ու հիգիենան հոգալու։
Մի քանի ամիս առաջ նրանց էր միացել ոչ բարձրահասակ, վտիտ մի պատանի՝ տասնվեց տարեկան։ Խոսվածքից հասկացվում էր, որ Ղարաբաղի հարթավայրային գյուղերից է։ Հրամանատարը կանչել էր նրան, խոսել հետը ու խոստացել, որ եթե տուն չվերադառնա, ապա ստիպված կլինի «քայլեր ձեռնարկել»։ Բայց տղան գնալու տեղ չուներ․ նրա գյուղը հակառակորդը օկուպացրել էր։ Իսկ հայրը անհետ կորել էր, երբ մի համագյուղացու հետ պաշտպանելիս էր եղել գյուղի թիկունքը, որ բնակիչները կարողանան դուրս գալ իրենց տներից։ Ծերունիները, կանայք, երեխաները հեռացել էին անտառի միջով, որ փրկվեն սպառնացող մահից։ Եվ տղայի մայրն ու երկու քույրը ապաստան էին գտել Ստեփանակերտի մոտակայքում տեղակայված վրաններում։
Ֆիդայիներից մեկը ճանաչել էր տղայի հորը, լսել ողբերգական պատմությունն ու հաստատել տղայի պատմածը։
Հրամանատարը ստիպված էր եղել թողնել պատանուն՝ ամրակցելով խոհանոցին։ Կանչել էր թիկունքի գծով տեղակալին ու նրա պատասխանատվությանը հանձնել։ Տղային վերցրել էին հոգածության տակ, ճարել նրա հագով ամենից փոքր համազգեստը, ու երեխայի ուրախությանը չկար։
Ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրա իսկական անունը․ հաշվի առնելով մանկահասակ տարիքն ու մարմնի կազմվածքը՝ սկսել էին (*)Մալիշ կոչել։
Մալիշը ձեռնահաս պատանի էր․ նրա ձայնը կարելի էր լսել ժամանակավոր ճամբարի բոլոր ծայրերից․ նա հասցնում էր բերել անտառի փայտը, կտրատել, դույլերով ջուր կրել, օգնել խոհարարին․․․ Բոլորը գիտեին, որ եթե մի բան խնդրեն Մալիշին, մերժում չի լինի․․․
Մի անգամ նա կորավ։ Բոլորն անհանգստացան, հրամատարը անտառը, տեղանքը սանրելու հրաման տվեց, բայց որոնումները արդյունք չտվեցին։ Հաղորդեցին վերադաս զինղեկավարությանը, ու հրաման եկավ՝ ինչ գնով էլ լինի գտնել երեխային․․․
Ամենից շատ մտատանջվում էր Սամվելը, որին առաջին օրից կապվել էր տղան ու անվանել քեռի Սամվել։ Ավելի ուշ բացատրել էր, որ Սամվելը շատ նման է հորը։ Ու ժամանակի մեծ մասը Մալիշն անց էր կացնում Սամվելի կողքին․․․
Երեք օրից Մալիշը հայտնվեց ստորաբաժանման տարածքում՝ փոշու մեջ կորած, ճղտոտված հագուստով ու․․․ ձիու վրա․․․ Նրա տակի ձին ճերմակ էր, առանց թամբի ու պարանոցից թոկի կտոր էր թրթռում․․․
Պարզվեց, որ Մալիշը վաղ առավոտյան դուրս էր վազել ճամբարի տարածքից ու անտառի արահետներով հասել ազերիների դիրքեր։ Երկու օր նա եղել էր թշնամուց մի քանի քայլի վրա, թաքնվել անտառում, սնվել հատապտուղներով և չգիտես ինչ հնարքով «գերեվարել» ձին ու նույն աննկատ ճանապարհով հետ դարձել․․․
Պատմելով՝ նա բացատրեց, որ ցանկացել էր ապացուցել, որ հասուն է, ու իրեն կարելի է զենք վստահել․․․
Հրամանատարը անվստահությամբ լսեց Մալիշին, ինչից հետո կանչեց հետախուզության ղեկավարին, և արդեն միասին հարցաքննեցին նրան՝ խնդրելով քարտեզի վրա ցույց տալ տեղաշարժման ուղին։ Պատանին, բնականաբար, քարտեզից գլուխ չէր հանում, բայց նրա խոսքից անմիջապես հասկացան, թե ինչպես կարելի է հասնել հակառակ կողմ ու վերադառնալ․․․
Սամվելը, ծառի տակ նստած, քանդել էր «Կալաշնիկովը», մասերը շարել խոտին ու լաթով մաքրում էր։ Հետախուզությունը հայտնել էր, որ ազերիները ինչ-որ գործողություններ են նախապատրաստել, և հրամանատարը բոլորին հրահանգել էր պատրաստ պահել զենքերը։
Մալիշը պառկել էր խոտին, Սամվելի կողքին։ Մի տեսակ լռակյաց էր, նման չէր իրեն։
—Մալիշ, ի՞նչ է եղել․ ինչո՞ւ ես էդպես նոթերդ կիտել,- մեքենայի յուղով սրբելով ինքնաձիգի մասը՝ հարցրեց Սամվելը ու աչքերը շեղեց պատանու կողմը։
Տղան լուռ էր, խոտի պոչը շուրթերում պահած, ապա, չնայելով Սամվելի կողմը, հազիվ արտաբերեց․
— Երազ եմ տեսել․․․ Հայրիկը և ուրիշ տղամարդիկ, որը՝ ինքնաձիգով, որը՝ որսորդական հրացանով, կրակում էին, որ մենք հասցնենք վազել փրկվել․․․ Հայրիկը, տեսնելով ինձ, բղավեց, որ փախչեմ․․․ Իմ աչքի առաջ գնդակը դիպավ հայրիկի գլխին․․․ և նա ընկավ․․․ Գոռացի, վազեցի մոտը․․․ Հետո զարթնեցի․․․
Սամվելը, լսելով տղային, թողեց ինքնաձիգը մաքրելն ու սկսեց հանգստացնել նրան․
—Դա ընդամենը երազ է, Մալիշ, մտքիցդ հանիր․․․ Ողջ է հայրդ․․․ անպայման, կվերադառնա տուն․․․ Վեր կաց, գնանք, քիչ հետո շարային ենք կանգնելու․․․
—Քեռի Սամվել, դուք գնացեք, կհասնեմ ձեր հետևից․․․
Տղայի ձայնը դողում էր, զգացվում էր, որ հազիվ է զսպում արցունքները․․․
Հավաքելով ինքնաձիգը և գցելով ուսից՝ Սամվելը գնաց առաջ, դեպի ճամբարի կենտրոն, որտեղ մի քանի րոպեից պետք է շարվեին․․․
Չանցնելով և հիսուն մետր՝ նա լսեց ընկնող ականի ականջ ծակող ձայնը։ Բնազդորեն նետվեց գետնին։ Երկու ական պայթեց թիկունքում․ այնտեղ, որտեղ քիչ առաջ Մալիշի հետ էր։ Շրջվելով՝ տեսավ տղային՝ ծառի տակ պառկած, երկու թևերը անբնականորեն տարածած․․․
—Մալի՜շ․․․,- ճչաց Սամվելը, և ցատկելով վեր, նետվեց տղայի կողմը․ չնայած ճամբարի ռմբակոծումը ուժեղանում էր․․․
Հասնելով պատանու պառկած տեղին՝ Սամվելը կռացավ, դրեց տղայի գլուխը ծնկին․
—Մի՜ փակիր աչքերդ, Մալի՜շ, հիմա բուժակը կգա օգնելու,- ճչում էր՝ նայելով պատանու պեպենագույն երեսին։
Մալիշի աչքերը փակ էին, դեմքին ցավի տարափ էր։ Հանկարծ ուժ հավաքեց և բացեց կոպերը․
—Հայրի՜կ․․․ Քեռի՜ Սամվել․․․ Երազս․․․,- շշնջաց և, ժպտալով իր մանկական ժպիտով, ջղաձգվեց ու․․․ շունչը փչեց․․․ Տղայի գլուխը կախ ընկավ․․․ Կրծքին շողաց փոքրիկ մետաղյա խաչը․․․
— Մալի՜շ․․․,- անզուսպ հեկեկաց Սամվելը․․․
Տղային հուղարկավորեցին Ստեփանակերտում, պատերազմում ընկածների Հուշահամալիրում, որովհետև գյուղը, որտեղ ծնվել ու ապրել էր Մալիշը, թշնամու ձեռքում էր․․․

Պատերազմն ավարտվեց հրադադարի պայմանագրով։ Շատ ջրեր հոսեցին այդ ժամանակվանից։ Սակայն Սամվելը չէր մոռանում տղային ու ամեն տարի, նույն օրը, գալիս էր գերեզմանին այցի, որտեղ, հասակով մեկ կանգնած, նրան էր նայում ծիծաղկուն պեպենազարդ պատանին։ Զինվորական համազգեստը հագին․․․
Մայիս 2017թ․
Ռուսերենից թարգմանեց Անուշ Սարգսյանը

(*) Մալիշը (ռուսերեն՝ Малыш) թարգմանաբար նշանակում է մանուկ, երեխա, քորփա (ծանոթագրումը՝ թարգմ․)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *