ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Երգեցիկ խոհեր (Տարանցումներ)

Աշոտ Ալեքսանյան

ՄՈՒՏՔ -ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ

Երկար բացակայելուց հետո Երևան վերադառնալուց առաջ` անսովոր զգացողություն ես ունենում. կյանքը կարծես ոտնաթաթերից զսպանակվելով, ուզում է պոկվել իր ծանրացած տեղից, ուզում է ցատկոտել ու խայտալ, համբարձվել երկինք ու սահուն ճախրանքին անձնատուր` ձյան փաթիլքի պես հեզասահ կաթել քաղաքի շիկացած ասֆալտին, մաղաքամվել, ձուլվել, ցնդել, անէանալ: Այսպիսին է զգացողությունը Երևան վերադառնալուց առաջ` ինչպես եթե քեզանից առժամանակ խլված երազը անսպասելի ու փութկոտ հառնի քո առաջ: Ինչպես եթե անհնարինը իրականություն դառնա կամ իրականությունը վերափոխվի երազի: Ավաղ, մեր սպասելիքները հուզախախտ լինելու վտանգին են ենթակա, մանավանդ որ նրանցում շատ ավելի մեծ հակում կա դեպի չափազանցվածությունը, և իրականության հետ առաջին իսկ շփումից հօդս են ցնդում: Երբեմն ինձ թվում է, որ Երևանն ինձ չի ձգում իր տարածական կամ որևէ այլ հատկանիշով, այլ պարզապես որովհետև այնտեղ, անապահովության ու անելանելիության օրըստօրե ահագնացող այդ խառնարանում, հանգամանքների բերումով, սիրելի մարդիկ են դեռ բնակվում և քեզ հետ միասին կյանք մտած ու ճանապարհ անցածներն էլ դեռևս ավելի մեկտեղված են ու համախումբ, չնայած որ գնալով ավելի ու ավելի են նոսրանում, հալչում: Պարզա-պես վերադառնում ես այնտեղ, որտեղից սկիզբ ես առել, որտեղ արմատներ ես գցել ու այժմ էլ, բարալիկ ցողունի հանգույն տարուբերվելով, չգիտես արևի՞ն, թե՞ լուսնին ձգտես, վերընձյուղվես, սաղարթներդ տարածես ու բաղեղվես, մնա’ս, թե’ գնաս, ու եթե մնաս, ու՞մ համար մնաս և եթե գնաս` հանուն այդ ո՞ր մի երկրային բարիքի: …Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը… Գուցե մեր մե՞ջ կամ մեր սիրելի մարդկանց հայացքներու՞մ: Հոգուց ընկել ենք, մարմինը երկինքներում պեղենք…

 

ՓԱՐԻԶ-ՎԻԵՆՆԱ ՏՐԱՆԶԻՏ

Այս աշխարհի դարձերեսին ապրում ենք` կանք,
Նրա խոտոր ճամփաներին քաջագիտակ,
Ասպատակում ենք օրնիբուն փողոց ու բակ,
Մխրճվելով քաղաքների երակը տաք:

Վերջին գիշերը Փարիզում,
Երևանյան հուշից կառչած,
Հոգիդ գգվում է, լափլիզում
Երգերդ գոց, վերքերդ բաց:

Կուզես սիրի’ր, կուզես ատի’ր,
Կուզես փակվի’ր ինքդ քո մեջ,
Գլուխդ առ, թող ու փախի’ր,
Մե’կ է` նա միշտ գտնում է քեզ:

Մեծ քաղաքի մայթեզերքին տևում ենք դեռ,
Նրա հոգու լուսափայլից առած թևեր,
Չափչփելով փողոցների ասֆալտը սև,
Հոգիդ մի բուռ դարձած ասես ու բնավեր:

Վերջին գիշերը Փարիզում,
Վերջին կանգառ, վերջին արկած,
Օ~ ինչ հախուռն էին անցնում
Կյանքի օրերը միգամած:

Հոգսաբեղուն գործի ժամին
Քաղաքն հանկարծ խուժում էր ներս,
Տակնուվրա անում հոգիդ
Ու չքանում մշուշի պես:

Ու երբ հակված թուղթուգրչին հայրենականչ,
Քո Երևանն ես վերհիշում հույզով անանց,
Փարիզն հանկարծ հառնում է հաղթ ու տիրական
Սրբում-տանում կարոտը քո խանդով մանկան:

Վերջին գիշերը Փարիզում,
Վերջին երգի վերջին մուսան,
Քեզ փայփայում է իր գրկում
Հրաժեշտի դողի նման:

Քաղաք սիրո, սրտի, հոգու,
Վայելչագեղ ու բարեգութ,
Օրերն անցնում էին անհոգ
Մայր Սենայի ափերի մոտ:

Լուսադեմին` կազմ ու պատրաստ, չվում ես դու,
Օտարուդուս հորիզոններ նվաճելու,
Հռենոսն ի վեր, Դանուբն ի վար` կայմդ թեքած,
Հուշն ես պեղում դու գետերի Հայոց Մեծաց:

Ծանոթ մշուշն ալպիական`
Մայր Դանուբի շնչից զատվող,
Քեզ պարուրում է դյութական
Վաղորդայնի նուրբ շղարշով:

Ետդարձ դեպի շրջանս յուր,
Քաղաքների գերին ես դու,
Որքան էլ որ փախչել ուզես,
Մե’կ է` քեզնից չես փախչելու:

Շրջանն այսպես փակվում է և դու վերստին
Հեռանում ես ու մոտենում վերջնագծին,
Քաղաքներից երես թեքած ու հոգնաբեկ`
Փնտրում ու չես գտնում հանգիստ երանավետ:

Ետդարձ դեպի շրջանս յուր,
Քաղաքների գերին ես դու,
Որքան էլ որ փախչել ուզես,
Մե’կ է` մի օր գալու ես տուն:

 

ԱՍՔ ԻՆՔՆԵՐԳՈՒԹՅԱՆ

Սա Հայաստանն է` մեր ինքներգության հուշամատյանը,
մեծն Մենակը, որ ներքաշվել է իր նեղ պատյանը.
հյուսված անցյալի հիշատակներից` ի ցավ և ի փառս,
պատմականության ապրանքանիշով դրոշմված ցկեանս:

Սա Հայաստանն է` մեր գոյակերպի ջղուտ ատաղձը,
լավն է, թե վատը` մենք գիտենք միայն ու մեր աստվածը.,
մեզ ներսից մաշող, մեր մեջ անթեղված կասկածի որդը,
կիսախոնարհված, վերստին հառնած հույսի ճամփորդը:

Սա Հայաստանն է` մեր նահանջերգի պարզատումարը,
մեր գահավեժ ու խոտորընթացի հանրագումարը.
ծովերից քշված, լեռներում բանտված դրախտ կորուսյալը,
գալիքն անցյալից ներկայով զատած մահ ոչ իմացյալը:

Սա Հայաստանն է` մեր չարչարանաց սկիզբն ու վախճանը,
երգ է ու վերք է և մահահալած մեր դեղ ու ճարը,
որ լուսահոգի նախապապերի խոսք ու խրատը
շուտասելուկի պես հարակրկնում,
բայց չի հետևում ու չի հավատում,
որ հորինում է գեղեցիկ խոսքեր`
աստվածաշնորհ ու մարդահաճո,
բայց զլանում է Աստծունն Աստծուն տալ,
մարդունը` մարդուն,

շարունակելով նախապատմական մատնոցախաղը,
երբ աստվածներին բարկ հողանյութից հունցում էին տանը,
որ շոշոփելի լինեն բավական,
իրենց մեջ` կողքին, ակնբախ հեռվում,
լինեն դյուրաթեք ու առաձգական,
լինեն ձեռնաշեն, այլև ձեռնասուն:

Սա Հայաստանն է` հին աստվածների դամբանականը,
ուր ճորտն ու տերը, ճարպիկ վաշխառուն, պարզ շինականը
պատրաստ են զոհվել նույն աստվածներին`
փրկության հստակ խոստումի դիմաց,
իսկ եթե հնար չկա փրկության`
հին աստվածներին ու հին տերերին
նորով փոխելուն կազմ ու պատրաստ`
կուռքերը խաչով, խաչը կասկածով,
կասկածն անձկությամբ ու մամոնայով:

Սա Հայաստանն է` մեր ինքնայրումի լույսն ու խավարը,
որ միշտ պատրաստ է խլելու կյանքից օրվա ավարը.
ինքնամփոփյալ ու անինքնապահով,
ինքնօտարված ու ինքզինքը պարպած,
ինքնապաստան ու աշխարհից խռով,
արտաքին կյանքից երես թեքած:

Սա Հայաստանն է` սուրբ չքմեղության բնակավայրը,
մեր խլականջ ու կույր համառումի նոր Ավարայրը.
պատմության դասը վատ սովորածի
և աստծո խոսքը անհույս սերտածի փայլն զգեցածը,
կյանքն հանդուրժելու, կյանքը մերժելու,
և վերջին պահին հաղթահարելուն ի տեր կոչվածը:

Սա Հայաստանն է` մեր մաքառումի լուսամատյանը,
լուռ խոնարհման ու ըմբոստացումի վերջին ատյանը.
կենաց տաժանքի ծանրությունն ուսնած,
աշխարհի ցավից իր ողբը հյուսած աշխարհաթողը,
մեր ինքներգության, թող որ վարանոտ,
բայց կենսաթրթիռ ու խանդակարոտ հուշակոթողը:

 

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ

Մեծ աշխարհի բավիղներում տարաձիգ
Տալիս-առնում ենք ցեղերի հետ վաչկատուն,
Անցյալներից կորզած մեր փայ աքացին,
Ապագայից հույսը կտրած ու աչքը ջուր:

Նույն երկիրն է, նույն մարդիկ,
Նույն հայերն են գլխիկոր,
Նստոտած են ծալպատիկ
Հյուղակներում գետնափոր:

Նույն ձգտումն է անմարմին,
Նույնն է կահքն ու կարասին,
Ու չի փոխվում ոչ մի բան
Շրջապատում քարասիրտ:

Նույն ձգտումն է անմարմին,
Նույնն է կահքն ու կարասին,
Ու թե փոխվում է մի բան`
Մեր համբավն է անբասիր:

Ներաշխարհի շավիղներում մուրացիկ
Լող ենք տալիս` լավ ու վատի արանքում,
Մեզ լոկ մի կյանք է վիճակված` փութանցիկ
Եվ երկու մահ` հիմնահատակ ու զվարթուն:

Նույն պատկերն է վերամբարձ`
Նույն Մասիսն ու նույն բարդին,
Մոլորվել ենք ընչաքաղց
Հաշիվներում նոր ու հին:

Նույն երկինքն է աստղկա,
Նույն դեմքերն են պարտադիր,
Ու չի խայտում լուսնկան
Աստնվորիս ճակատին:

Նույն խլիրտն է հոգեմետ
Ուղեղներում նորանկախ,
Մահախուճապ, չարաղետ
Հրմշտոց է` առուփախ:

Տարաշխարհի կածաններում տարանցիկ
Գաղթականի ցուպն ենք բռնել անտերունչ,
Ուրիշ հովեր են շնկշնկում մեր ականջին,
Օտար ծովեր են ցոլանում մեր աչքերում:

Հին երկիր է, բայց նորի
Ջատագովներ կան հոլով,
Շուրջպար բռնած ազգովի
Դղյակների չորսբոլոր:

Հին հաշվարկ է, նոր լուծում`
Մեռնել` Անին չտեսած,
Ուր էլ գտնես հաց ու ջուր`
Հայրենիքդ է երազած:

Հայի բախտին, հետին մտքին ընթերակա
Անշարժ գույքի աճուրդ է սա` իսպառսպուռ,
Թե զլացար զիջել քո շահը գերակա`
Տուն-տեղ թողած` խցանի պես թռչում ես դուրս:

Նոր կարգեր են, նոր բարքեր,
Նոր հայեր են` հին-ոսկոր,
Նյութապաշտ ու շատակեր,
Չաղ, ուրախ ու բախտավոր:

Նույն մղումն է ապիկար,
Նույն նեղվածքն ու փակուղին,
Չէ՛, չենք շեղվում ո’չ մի քայլ
Ընթացքից մեր զարտուղի:

Ծանրացել է մեր սրտին
Մառ մորմոքը մայր հողի,
Բայց մեզ փույթ չէ, վասնզի
Խո’րն է խորհուրդը փողի:

Ծանրացել է մեր սրտին
Մառ մորմոքը մայր հողի,
Բայց մեզ փույթ չէ, վասնզի
Փո’ղն է խորհուրդը խորին:
ՃՇՄԱՐԻՏ, ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ…

Տիեզերքի խուփ խառնարանում աչքը բացած՝
Ճշմարտության դուռն ենք թակում քուն, թե արթուն,
Հարց ենք տալիս ու պատասխան չկա դարձյալ՝
Ովքեր ենք մենք, ինչ ենք շինում այս մթարքում:
Հարց ենք տալիս ու արձագանքն անհոդաբաշխ
Ցնցում է մեզ անկեղծությամբ իր անթաքույց:

Բայց երբ մենակ ենք, ինքնամփոփ ու ինքնաբավ,
Հնչում է ձայնը Բացարձակ Ճշմարտության.
Արարչությունը անընդհատ է, ամեն պահ,
Կյանքը սակայն՝ ժամանցավայր կարճմտության:
Արարչությունը անընդհատ է, ամեն պահ,
Կյանքը մարդուս՝ ունայնություն ունայնության:

Գիտեցողը գիտի, անկասկած,
Որ չկա ճիշտ ու սուտ աշխարհում,
Եվ ողջ ճշմարտությունն է ընկած
Մեր բոլոր օրերի վերջում:

Մեր բոլոր օրերի վերջում
Մեր չապրած տարիներն են կքած,
Որ կռիվ են տալիս ու վիճում,
Թե ինչու մնացին լլկված:

Մնացին կեսկատար ու ստերջ,
Ցնդեցին` չհասած ծովին,
Իրարից նեղսրտած ու խեղճ՝
Հալվեցին-ձուլվեցին հողին:

Հեռացան, մեկնեցին, էլ չկան,
Տրվեցին պարապին ու ստին,
Խլվեցին գիշերից լուսնկա,
Արևի շողերից զրկվեցին:

Ինչ էլ դնենք անունը մեր որոնածի՝
Ճշմարտություն, Խորհուրդ Խորին կամ Տեր Աստված,
Մեկ է՝ մենք միշտ դեմ ենք առնում մարդ կոչվածի
Առեղծվածին՝ վաղուց անտի գաղտնազերծված:
Մեկ է՝ մենք միշտ տուրք ենք տալիս մեծ օրհասի
Մայր վարկածին՝ այժմ և միշտ և հանապազ:

Ճշմարտության մշտանորոգ փնտրտուքում
Մենք մեզ գտնում ենք ու կորցնում ամեն վայրկյան,
Խավարից լույս, լույսից խավար այս անցուղում
Տնկված ենք, կանք՝ որպես մասունք արարչական:
Խավարից լույս, լույսից խավար այս փակուղում
Տպված ենք, կանք՝ որպես խաբկանք հավերժական:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում,
Մենք մի կյանք ենք ապրում երկսայրի,
Այն, որ մերն է` պարգևն է Աստծո,
Ինչ մեզ խորթ է՝ արմատն է չարի:

Զուգադիր սայրերին առընթեր
Մեր կյանքի լույս ու մութն է գայթում,
Մղվելով դեպի վար, դեպի վեր`
Երկնքի ու երկրի արանքում:

Երկնքի ու երկրի արանքում
Այս կյանքի մոլախաղն է բեկվել,
Աշխարհի առասպելը հավկուր
Հավերժի ուղեծիրն է ճեղքել:

Տիեզերքի մութ ձեղնահարկում կյանքն ավանդած՝
Ճշմարտության ձայնն է հնչում խուլ ականջում.
– Այդտեղ ցածում ա՛յս էր միայն ձեզ վիճակված՝
Դառը դատել, դատարկ նստել՝ տխուր-տրտում,
– Աստնվորիս բախտն էր դժխեմ ու դժնահաճ՝
Ապրել դժվար, մեռնել դժկամ՝ ահը սրտում:

 

ՄԱՀԱԶԱՏ

Ծիկրակում են վայրկյանները`
խուճապահար, լպրծուն,
մեխվելով որպես գամերը
ճակատին մեր անրջուն,
խարխլված կյանքի մակույկը
դեպի ափ է մեզ նետում,
ուր սպասում է մեզ խարույկը
մեծ Անհայտի եզերքում:

Գլորվում են լուռ ժամերը`
հրմշտոցով ահարկու,
չարագուշակ դիմաստվերը
մեր ճամփան է դարպասում,
այս կյանքի անլույս խավարը
մեզ խժռում է հիմնովին,
ճակատին` մահվան խարանը`
կատակում ենք տակավին:

Սլանում են սին օրերը
հուզախանդ ու մրրկալի,
ընկրկում են հին խոհերը
աշխարհի դեմ պժգալի,
մենք թոթվում ենք մեր ուսերը
միմոսի պես ապշահար,
ու քաշում ենք կենաց բեռը
հնարքներով աճպարար:

Չկա ոչ մի եզերք, ուր թևածի հոգին,
անցյալ են դարձել ողջ հմայքները կյանքի,
հոգիների մեջ պաղ զնգում է հևիհև
անցած կարոտ մի որբ, ոսկեդեղին ու սև:

Արշավում են տարիները`
հետնահայաց, սեթևեթ,
խլրտում են հոգիները
հոգեվարքի մեջ բեկ-բեկ,
պտտվում է թափանիվը
մեր ապրած ու չապրածի,
ու խզվում է կենաց ջիղը
վայրկյանի մեջ փութանցիկ:

Հեռանում են ու ցնդում են
կրակները դարձդարձիկ,
հոգիներից մեր ջնջվում են
անուրջները երգեցիկ,
մոտենում են նոր օրերը,
տարիները անկամորդ,
ու ճկվում են հին կորերը`
կարկամում են ձեռք ու ոտք:

Երբ անցնում ես ճանապարհը
Դառնության ու զրկանքի,
խլելու պատրաստ ավարը
քեզ նետված խայծ-խաբկանքի,
վաստակում ես դու գիշերը,
ուր խոհերն են ծանրանում,
անունները ու դեմքերը
բոցկլտում են խավարում:

Չկա ոչ մի եզերք, ուր թևածի հոգին,
անցյալ են դարձել ողջ հմայքները կյանքի,
հոգիների մեջ պաղ զնգում է հևիհև
անցած կարոտ մի որբ, ոսկեդեղին ու սև:

Մահը մերն է, մենք` մահինը,
մարդ մեկ անգամ կմեռնի,
անցյալի այս ծածկագիրը
բանսարկությունն է նեռի,
վայելքներն ու սին պերճանքը
հոգեվարձն են քավության,
և իզուր է թափված ջանքը
հանուն կույր ազատության:

Հավերժության փրկագինը
կյանքն է մեր, որ չի ներվի,
ո’չ երանի ում մարմինը
բնազդներին է գերի,
ում հոգու անդուլ տքնանքը
խորտակվել է մեկընդմիշտ,
երջանիկ սիրո բերկրանքը
փոխարկվել` դարձել է վիշտ:

Կյանքը մեր անդուլ տքնանք է,
որ մաշվում է օր-օրի,
գուցե մահը մի սխրանք է,
որ հասու չէ բոլորին:
Ծվարել ենք իմաստնության
բարձրաբարձր կատարին,
այնտեղ, ուր սուրբ չքմեղության
ափեզերքն է ամայի:

Մեր կյանքի ոսկի երազը
մնացել է անկատար,
ազատության վերջին խայծը
մեզ դարձրել է հաճկատար:
Խորտակվում ենք ու կորչում ենք,
բայց դարձյալ չենք խրատվում,
ա~խ ինչպես փրկենք մարմինը,
երբ հոգին չենք նկատում:

 

ՎԻՃԱԿԸ ՆԵՏՎԱԾ Է

Հոգու բոլոր լարերը խոնարհված ու թաց են,
Պայծառ պահերը անգոսնում են օրօրի,
Իմ սրտի մեջ պատկերը քո հույժ անթափանց է`
Ինչպես երկինքը միգամած ու կորովի:

Մարմինը իմ ուժասպառված ու ցամաքած է,
Եվ մկաններն ընդարմացած են ու տկար,
Երակներիս մեջ կենսավիշը պապակած է`
Տատասկափուշ անապատի շուրթին կքած:

Մտքիս ընթացքն ավերակված ու խաթարված է`
Դրախտամուտից մերժված-դրժված հոգու հանգույն,
Առհավական ողջ զորությունս վտանգված է`
Երկնքի դեմ գուպար մտած գոտեմարտում:

Եվ միայն դու’ ես, միայն դու’ ես, որ շնչում ես
Հոգուս-մարմնիս-մտքիս թմրած նրբանցքներում,
Երբ ամեն ինչ կարծես գոցված է` հայտնվում ես,
Լցնում պարապը իմ հոգու միջանցքներում:

Խցանումներն հոգու հունդերի պես պայթում են
Քո մի խոսքից, մի հպումից, մի հայացքից,
Ամպրոպաբեր ամպերն իսպառ մաղաքամվում են`
Որպես կսկիծն անմեղսունակ հոգու աչքից:

Մարմնի կորովը հետայսու կոտորակված է,
Եվ հյուսվածքներն ըմբոստանում են ու պայթում,
Երակներիս մեջ կենսահյութը կրակված է
Եվ դրախտի ծառն է աճում անապատում:

Միտք ու զգացում իրար գրկած սրարշավում են`
Կախակայված զույգ թևերից հրեշտակի,
Թմրածուղեղ մտքի տաժանքը նահանջում է`
Աշխարհի դեմ հառնում խրոխտ ու շեշտակի:

Եվ միայն դու’ ես, միայն դու’ ես, որ շրջում ես
Հոգուս-մարմնիս-մտքիս բանուկ տարածքներում,
Եվ ամեն ինչ նորից շնչում ու անրջում է
Հոգեզմայլ այս աշխարհի լուսանցքներում:

Հոգուս աչքի առաջ աշխարհը պառակտված էր,
Եվ կենաց ծառն էր երկփեղկված չար ու բարու,
Այն, ինչ կյանքում հակացուցված ու արգելված էր`
Հիմա արդեն ցնծում է ու զորաքայլում:

Փշաքաղված մաշկի գրգիռը խաղաղված է
Եվ հանդարտված է սրտազարկը հիմնովին,
Աշխարհի դեմ բոլոր պարտքերս վճարված են
Եվ տոկոսներն` ի պահ տրված ապագային:

Մինչ այս, մինչ այն` վիճակն արդեն վաղուց նետված է`
Հնար չկա դիմանալու քո հմայքին,
Այս աշխարհի սովորական փայլով գերված եմ`
Ականջալուր արտասովոր քո նվագին:

Միայն թե դու’, միայն թե դու’ իմ հերթականն ես`
Հոգուս-մարմնիս-մտքիս կիսակառույցներում,
Դեռ ամեն ինչ չէ, որ հստակ ու վերջնական է
Փոփոխական այս աշխարհի մատույցներում:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ

Տեսնես այդ ի՞նչ է մտածել մեր Տեր Աստվածը,
որ արարել է մի շնչով այս ողջ զանգվածը.
նա էլ մեզ պես չի իմացել իր անելիքը
և ոչնչից կերտել է աստղերն ու երկինքը:

Նա հաշվարկել է, միգուցե, որ սա էլ քիչ է
ու գործադրել է իր ձեռքի կրակխառնիչը,
գցել-բռնել է երևի` ասածն-արած է
և գովազդել է ինքնագոհ իր կատարածը:

Հետո նստել է ու խորհել` էն ինչն է, ինչը,
որ արժանի է լինելու աշխարհի խիղճը,
ապա երկնել է այս երկիրն ու իր մարդիկը
ու ցնծացել է` տեսնելով, որ այն բարիք է:

Աշխարհը բարի է, մարդս քաջարի է,
ինչ դրանից անդին է` հենց դա էլ չարիցն է,
մտքերը ազնիվ են, գործերը անբիծ են,
քայլվածքը շիտակ է, նայվածքը հստակ է:

Ու երբ գժտվել են իրար հետ Աստծո որդիքը
և ճաշակել են ի վերուստ արգելված միրգը,
նա մեր գլխին բարդել է ողջ այս արհավիրքը
և մեր սրտում բուն է դրել անգութ չարիքը:

Այսպես փչել է նա իր շունչն ու փուքսն իջել է,
և զղջացել է իր արածն ու անիծել է`
որ քրտինքով դու վաստակես հանապազ հացդ
և երկունքի ցավերի մեջ ծնես ժառանգդ:

Տեսնես ինչու՞ է սրտնեղել հոգով Շռայլը`
մեր աչքերի առաջ կապել այս ողջ մռայլը,
նա մեզ հանձնել է չարագույժ մահվան երախը
և համառում է լսելու մեր ախ ու վախը.

Վիճակը շատ լուրջ է, այս աշխարհը փուչ է,
մարդս մի խխունջ է` ալարկոտ ու մունջ է,
պահվածքը անլուրջ է, տեսածը անուրջ է,
լսածը մրմունջ է, խոսածը տրտունջ է:

Տեսնես էլ ինչ է մտմտում Նախամղիչը,
որ իր ձեռքից վայր է դրել թուղթ ու գրիչը,
սխալների ուղղումն, ավաղ, իր դարն ապրել է,
և համառում է վերստին Երկնային Տերը:

Մեզ ազատ կամք է շնորհել Աշխարհի Պորտը,
նա, որ նյութել է այս ամբողջ խառնաշփոթը,
հիմա ուսնել է մարդկային այս ողջ ժխորը`
նախամեղքի պատվիրատուն ու թիվ մեկ զոհը:

Նա մեզ նետել է տիեզերքի ծայրագավառը,
մատը մատին չխփելով ամբողջ ամառը,
հետ է քաշվել իր արարքից Մտքի Կաճառը,
ահա’ և ձեզ անլրջության գերագույն պահը:

Աշխարհը խմոր է, մարդս թթխմոր է,
խոտանված անուրջ է, կրակված պարկուճ է,
նա որսում է կայծը` չտեսնելով խայծը,
երբ փորձում է նորը, գլորվում է հորը:

Գուցե կատակ է սա մի չար կամ հանելուկ է,
որի մասին գիտեն ահելն ու նորելուկը,
մենք հո գիտենք, որ կատակից իր Նա շատ գոհ է,
չէ որ պատկերն ենք մենք նրա ու համախոհը:

Հիմա նստել միտք եմ անում աշխարհի բանը,
արդյոք ինչի համար էր ողջ այս նախաբանը.
եղածն-եղած է` էլ ինչու Ոխակալ Տերը
մեզ սպառնում է նետելու անտակ գեհենը:

Մենք հեռացել ենք իրարից և դա է փաստը
և այս գործում մենք ներբերել ենք մեր նպաստը,
իսկ մնացյալը բարբաջանք է ու գովազդ է,
ինչի մասին ձեզ պատմեցի անձամբ նվաստս.

Այս աշխարհը լաստ է, մարդս էլ գրաստ է,
որ ուսնել է բեռը ու չի գտնում տեղը,
մարդս սխալմունք է, սխալի արդյունք է,
ուր նայես մահազդ է, ինչ մնաց` գովազդ է:

 

ԽԱՎԱՐՈՒՄԻ ԳԻՇԵՐ
Հազար ու մի հուշեր

Ես փնտրել եմ քեզ ապրողների մեջ,
կասկածել եմ ես գոյությանը քո,
իրիկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ աստղերի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո:

Իմ վեճերի մեջ ու կռիվներում
հազար քնքշանք եմ ես անխոս բանտել,
լույսերն են վառվել իմ ուղիներում,
երբ քո կրակից մի կայծ եմ փախցրել,
հազար կարոտ եմ ես իմ մեջ բանտել:

Եվ աշխարհի դեմ այս մութ ու խրթին
փնտրել եմ ես միշտ պատկերը քո լույս,
իրիկվա շողն եմ տենչացել նրբին
և խճճվել եմ ցանցերում անհույս`
փնտրելով անէ պատկերը քո լույս:

Ես քեզ փնտրեցի ու գտա կարծես,
և դու կարեկից եղար իմ ցավին,
դու մեղմ թեքվեցիր տենչերով անտես
և իրիկնացար իմ խենթ աչքերին,
և դու կարեկից եղար իմ ցավին:

Ես փնտրել եմ քեզ ապրողների մեջ,
կասկածել եմ ես գոյությանը քո,
իրիկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ աստղերի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո:

Ցնծում են ահա’ հոգի ու մարմին`
փակված սենյակում անմարդաբնակ,
ուր առաջնորդեց մեզ աստղաքամին
իր աննյութեղեն սլացքում վհատ,
շուրջառելով մեզ խավարում քնատ:

Երբ լույսը բացվեց` ես համբարձվեցի,
չքվեցիր և դու` կայծոռիկի պես,
կասկածները իմ չփարատվեցին
արևագալի հայտնությանն ի տես,
առավոտ լուսո` ժամ էր վեց և կես:

Խավարումի այս գիշերն էլ անցավ`
չթողնելով ո’չ դեմք, ո’չ դիմագիծ,
աստղափոշու մեջ թաթախված ընթացք
լուսանցագիր դարձած ստվերագիծ,
խելահեղ հրճվանք, անամոք թախիծ:

Ես քեզ գտա ու կորցրեցի դարձյալ,
անէացար դու` կարծես չես եղել,
նույն լուսնկան է` բայց չքմեղացյալ,
աստղափոշին նույն` սակայն նյութեղեն,
չկա հետագիծ, որքան էլ պեղեն:

Խամրում է, ահա’, արեգակն արդար
երկնակամարում բովանդակազուրկ,
խանձարուրի մեջ անապատացյալ,
ուր մենք սուզվեցինք` իրարից ծածուկ,
աստղերից անդին` խավարում անձուկ:

Ես փնտրել եմ քեզ մեռյալների մեջ,
և կասկածել եմ գոյությանը քո,
ցերեկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ արևի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո:

 


ՏԱԹԵՎԻԿԻՆ – 1

Մեկտեղվեցին տարիները
Վայրկյանի մեջ ինքնամփոփ,
Երբ աշխարհ գալուդ պատվերը
Իջեցվեց Աստծո կամոք:

Լուռ կանգնած ենք ես ու մայրդ`
Սնարիդ դեմ կարկամած,
Դեռ չկան քույր ու եղբայրդ,
Միայն դու ես ու Աստված:

Պտտվում է իմ հայացքը`
Բախվելով քո պատկերին,
Բոցկլտում է քո մեջ կյանքը,
Որ դեռ պետք է ապրվի:

Թախանձում է քո հայացքը,
Կանչելով` ո՞ տայր թևիկ,
Քո ազատ-անկախ ճախրանքը
Չունի վերջ իմ Տաթևիկ:

Քո ամեն մի շարժումը,
Երկնային քո հպումը,
Աղջնային քո պոռթկումը
Փոթորկում են հոգիս:

Մայրիկիդ պես քնքուշ ես,
Նրբագեղ, փաղաքուշ ես,
Հոգեթով ու անուշ ես
Քույրիկիդ պես կաթոգին:

Դու ապրում ես քո կյանքը,
Ինքնամփոփ` ինչպես վարդը,
Որ փշոտ է ու բարդ է
Քո եղբոր պես թանկագին:

Տու’ր ինձ քո սերը,
Ա’ռ իմ սիրտն ու արևը,
Թող ինձ քո ջերմությունը,
Երջանիկ արա իմ տունը:
Վաղն արդեն ուշ է, ուշ է,
Իմացա’ծ եղիր, քնքուշս,
Կարոտի իմ այս պոռթկումը
Հայրական սիրո խոստում է:

Գլորվում են քո օրերը,
Տարիներն անկանգ ու խիտ,
Սաստկանում է հուր-հրդեհը,
Որ պատել է քո ուղին:

Քո ծնունդն ու հայտնությունը
Հմայել են ինձ կրկին,
Երբ տալիս եմ քո անունը
Նվաղում է իմ հոգին:

Քո ծնունդն ու հայտնությունը
Հարությունն են իմ կյանքի,
Երբ հոգուս մեջ լռություն է,
Դու այնտեղ ես իմ անգին:

Իմ հոգու անրջանքը,
Անհագուրդ սիրո հրճվանքը,
Երջանիկ սիրո բերկրանքը
Թող լինեն քեզ ուղեկից:

Դու ծաղկի’ր, հերթը քոնն է,
Այս աշխարհն անապահով է,
Բայց զսպել քեզ անկարող է,
Դու ապրի’ր այնտեղ, հոգի’ս:

Այս աշխարհն արտասովոր է,
Գունագեղ ու խենթացնող է,
Եվ սրտիկը քո անզոր է
Դիմանալ այդ հրաշքին:

Տու’ր ինձ քո սերը,
Ա’ռ իմ սիրտն ու արևը,
Թող ինձ քո ջերմությունը,
Երջանիկ արա իմ տունը:
Վաղն արդեն ուշ է, ուշ է,
Իմացա’ծ եղիր, քնքուշս,
Կարոտի այս նախերգանքը
Իրական է, քան ողջ կյանքը:

 

ՏԱԹԵՎԻԿԻՆ – 2

Աղջիկս, հոգիս,

Ես քո լուսափայլ անուրջների մեջ մի կետ եմ անգո,
ժամանակների հեռաստաններից արձակված մի նետ,
որ պտտվում է թիթեռնիկի պես շուրջբոլորը քո`
սրտամիջուկիդ զգլխիչ բույրով գերված առհավետ:

Աստվածապարգև նեկտարով է քո բաժակը լցվել,
և առէջներդ հաղորդակներ են հրաշապատում,
փաղաքուշ հոգուդ նուրբ թերթոնները շուրջդ տարածվել`
խնկաբուրում են երգ ու մեղեդի դրախտամատույց:

Այս ինչպե՞ս անցան լույս-տարիները վարգով անհամբեր,
ծաղկացողունիդ արմտիքները մեղմիվ շոյելով,
իրենց հետևից թողնելով փոշու լուսածիր ամպեր,
որ դանդաղ իջան ծաղկաթերթերիդ` լուսափայլելով:

Նույն փոշու ամպը ծանր նստել է և իմ աչքերին,
որ վազքով տարված` չնկատեցին ինչպե՞ս հարսնացար,
ինչպե՞ս գոյացավ մեզ անջրպետող վիհն անմատչելի`
խորափորվածքը ժամանակների ու տարածության:

Տարիներն ամպշող մեր սրտերի մեջ բնավորվեցին,
և դեռ տնկված են իմ ու քո միջև` խրամատացյալ,
դեռ թոթովախոս աղջնակ էիր դու, երբ տարփողեցին
պատերազմական շեփորները զիլ ու սրտապատառ:

Քո լույս ծնունդին հաջորդեց կռվի կոչն ահեղազոր,
և խրամատներ փորվեցին կյանքի սահմաններից ներս,
մենք դարձանք դիրքերն անառիկ պահող անխոնջ թիկնազոր
ու հսկում ենք դեռ` անգիտանալով կոչումին մեր:

Կյանքի ուղեծրից դուրս սայթաքելով` մենք դարձանք տնանկ,
ու դեգերում ենք աշխարհի բանուկ քառուղիներում,
ես` որ կոչված էի պեղելու ոգու հերկը անմշակ,
և դու` որ իմ խենթ հղացումների զարդն էիր լինելու:

Բայց հոգ չէ, հոգիս,

Մենք դեռ ապրելու ասպարեզ ունենք և վերջին շնչով
դեռ կհասցընեմ ըմբոշխնելու քո բաժակն անապակ,
թե ճակատի գիծն անգամ անցնի մեր երկուսի միջով,
թիթեռի թևով քո թերթոններին շրջայցի կգամ:

 

ՓԱՐԻԶ …
ԲԵՆԼՅՈՒՔՍ …
ՏԵՐԵՎԱԹԱՓ ...

Ծաղիկներն են անշնչացել ձմեռնաբույր հպումից,
տերևները մայթեզերքին կուչ են եկել համորեն,
մարդիկ քայլում են փողոցում` կքած ներքին լարումից
և քաղաքի պատերի տակ մուրացկաններն են շարվել:

Խափանվել է հաղորդակը և կապուղին Էյֆելի
դադարել է հեռարձակել ազդ ու գովազդ երկնառաք,
սպառողների հոծ խմբերը խռնվել են մայթերին`
կազմ ու պատրաստ լափլիզելու ցուցափեղկ ու ցուցանակ:

Օրն էր շաբաթ… Փարիզ, կեսօր… Լուվրի մայթին հարակից,
Ջոկոնդայի ճիշտ թիկունքում եռուզեռ է ձախավեր,
գներն այստեղ գահավիժել ու ընկել են շեշտակի
և ամբոխը նախահարձակ` խանութներն է պաշարել:

Առուծախ է սրահներում` մի առուփախ առինքնող,
մուշտակ, կոշիկ ու հանդերձանք ձեռքից-ձեռք են խլխլվում,
պարագաներն արդուզարդի տարհանվում են արկղերով,
ու բեռնված ինքնաշարժերն ամենը դուրս են կրում:

Դիցուք, մարդս զուգվի պիտի ու հագնվի նորաձև,
ինքս էլ հաճախ եմ ճարահատ այս ձեռնարկին մասնակցել,
գնել եմ ջինս, բաճկոն, փողկապ` հազար ու մի հնոտի
այսպես հոգիս եմ ավանդել` սաղարթներում անհոգի:

Հոգին մարմնից արտաքսելով` տերևն անցել է գործի,
որոշել է հողագնդին զսպաշապիկ հագցնել,
ծածկել բացվածքն հրվանդանի, պարանոցի ու ծոցի,
և այդպիսով մերկությունը հիմնահատակ թաքցնել:
Այն, որ պարապն ու զբաղմունքը նույն արմատից են և զույգ,
դրա համար հայոց լեզվում կա ապացույց իրեղեն.
կամ տալիս ես քեզ պարապին կամ ջանադիր պարապում,
ընձյուղվում ես բառ ու բանին տերևի պես նախաստեղծ:

Արդ` նայելով Ջոկոնդայի հագուկապին նկարեն,
համոզվում եմ, հազար դար էլ, հազար սերունդ էլ անցնի,
լոկ տարազն է փոխվել, մարդս նույն պարապն է մնացել,
նա փոխվել է ոտից-գլուխ` էությունից իր բացի:

 

://

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *