Ալեքսեյ Վարլամով | Ուխտավորներ

Սկսեմ մի հարցից, որն ուղիղ ոչ մի կապ չունի սյուժեի հետ, բայց բավականին հետաքրքրական է։ Ձեզանից ո՞վ կարող է ասել, թե ինչպես է ծագել «ուխտավոր» բառը։ Աստված վկա, հարցն արժանի է «Ի՞նչ», «Որտե՞ղ», «Ե՞րբ» հեռուստահաղորդման մեջ հայտնվելու, և միանգամայն երաշխավորում եմ, որ հաստաճակատ պճնամոլները ճիշտ պատասխանը չեն գտնելու։ Մի խոսքով՝ գործի՛ անցնենք, իսկ ինչ վերաբերում է ծագումնաբանությանը, ապա հարցասեր ընթերցողը վերջում ամեն բան կիմանա։

Պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել ձեզ, եղել է այն ժամանակ, երբ հնարամիտ հեռուստահաղորդումը, կարծեմ, նույնիսկ գոյություն էլ չուներ, և իշխում էր դարաշրջանը, երբ բոլորս անմոռանալի եղերերգական հառաչանքներ էինք արտահայտում միակ ճշմարիտ ուղղությանը հավատարիմ լինելու վերաբերյալ։ Ոչ թե համընդհանուր լճացման, այլ համընդհանուր անձկության ժամանակաշրջան էր։ Այդ անձկության պատճառով բոլորը տարվում էին այն ամենով, ինչում հմուտ էին․ բուդդիզմով, էկզիստենցիալիզմով, հաթհա յոգայով, ռոք երաժշտությամբ, աստղագուշակությամբ, օկուլտիզմով, ոգեհմայությամբ, զվարճապատումներով, ամուսնական անհավատարմությամբ, ազատամտությամբ և քվազի այլախոհությամբ, արձակ և բանաստեղծություններ գրելով, հիմարությունների մատնվելով, հիպիությամբ, շուտափույթ ամուսնանում էին և շատ չանցած ամուսնալուծվում, հարբեցողությամբ և անառակությամբ էին զբաղվում, և անգիտակցաբար մոտեցնում էին այն աղետը, որը հիմա է տիրում։

Սակայն խայտաբղետ և վհատ, ինտելիգենտ բազմության մեջ կային յուրահատուկ մարդիկ, որոնք փորձում էին մթության մեջ գտնել ճշմարիտ ուղին՝ հետևելով հայտնի պատվիրանին․ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում»[1]։ Միայն Աստծուն է հայտնի, թե քանի այդպիսի մարդ կար, թե որտեղից էին նրանք հայտնվում մեր արատավոր և փուչ աշխարհում, և որտեղից էին ուժ վերցնում՝ չկորցնելու իրենց և դիմադրելու դարաշրջանի գայթակղություններին և հրապուրանքներին։ Ակնհայտ է, որ նրանց ջանքերի և աղոթքների շնորհիվ է երկիր մոլորակը կանգուն մնացել և շարունակում է լինել, և վերջին ու սարսափելի ժամը վրա չի հասել, որի մասին մեծ քանակությամբ սպառնալից կանխագուշակումներ էին անում։

Համալսարանում սովորելուս տարիներին բախտ եմ ունեցել ճանաչելու այդ մարդկանցից մեկին։ Ու թեև իր կարգավիճակի պատճառով այժմ նա անհասանելի է ինձ, և դժվար թե հիշի ինձ, նրա մասին հիշողություններս վառ են սրտիս մեջ, ինչպես և արտասովոր ուխտագնացությունը դեպի Տրոիցե-Սերգիյան մայրավանք, որն իրականացրել ենք մեր դժգույն պատանեկության շեմին։

Այն ժամանակ այդ մարդու անունը Պաշա Բլագոդատով էր, բայց հարգանքից ելնելով՝ բոլորս նրան Պավել Վասիլյեվիչ էինք կոչում։ Ծագումով՝ հնագույն քահանայական տոհմից էր, բայց ի տարբերություն սովորաբար ինքնամփոփ և փոքր-ինչ ամբարտավան ուղղափառ ամբոխի՝ Բլագոդատովը չէր խուսափում իր մեղսագործ հասակակիցներից, որոնք ուսանողական տարիներին անամոթաբար տրվում էին ամենապարզունակ խրախճանքներին։ Ձանձրալի դասախոսություններից և ուրախ հավաքույթներից ազատ ժամանակ հոգևոր և  հետաքրքիր զրույցներ էր վարում մեզ հետ, հոգևոր գրականությամբ էր ապահովում, որի մեջ մտնում էին իր կողմից արտագրված արարողությունների տեքստերը և աղոթքները, իր հետ եկեղեցի էր տանում մեզ, և այդ ամենը շատ վայելուչ և աննկատ կերպով էր անում։

Հավանաբար Ձեզ ավելի շատ գրավեց ոչ թե ազատարար ուսմունքը, այլ ինքնին Պավել Վասիլյեվիչի անձը, և հենց այդ պատճառով էլ նրա կատեխետիկ[2] գործունեությունն այնքան էլ մեծ հաջողությունների չհասավ։ Բայց տոնական պատարագներին երկար գտնվելու ո՛չ ուժ, ո՛չ համբերություն չունեին անկիրթ երիտասարդները, և սովորաբար ամեն բան ինչ-որ մեկի տանը կամ դռնապանի տնակում սովորական հարբեցողությամբ էր ավարտվում, և բոլորը այնքան էին հարբում («տոնի առիթով»), որ այնպիսի խուլիգանական արարքներ էին գործում, ինչպիսին, օրինակ, Աթեիզմի տան պատերին հետևյալ տողերը գրելն է․ «Կորչե՛ն ստոր անաստվածները»։

Չնայած որ մենք անհաղորդ էինք մնում ուղղափառ հավատի խորհրդին, ապաշխարանքին, պահքին և աղոթքին, Պավել Վասիլյեվիչը չէր վհատվում և ինքն իրեն կամ մեզ մխիթարելով՝ ասում էր, որ հոգին իր էությամբ քրիստոնյա է, իսկ Ոգին շնչում է այնտեղ, որտեղ ուզում է։ Մենք էլ մեր հերթին անսահման սիրում էինք մեր ընկերոջը և պատրաստ էինք թեկուզ աշխարհի ծայրը գնալու նրա հետ, եթե չլիներ հոգևոր թուլությունը։ Եվ հենց մեր ոգին ուժեղացնելու և բարոյական բարձունքների հասնելու համար էլ մի անգամ Պավել Վասիլյեվիչն առաջարկեց վերակենդանացնել բարեպաշտ ավանդույթն ու Կրեմլից մինչև Սերգիյան վանք ոտքով ուխտագնացություն կատարել և այդ կերպ արժանավայել ձևով դիմավորել Վերափոխման տոնը։

Այդ գաղափարը հրաշալի կերպով ընդունվեց, և սկզբում տասը մարդ հավաքվեց, բայց նշանակված ժամանակի մոտենալուն զուգընթաց տարբեր պատճառներով (վախից, հանուն հրեականության կամ ամենասովորական ծուլության պատճառով) մասնակիցների քանակը պակասեց, և Պատմության թանգարանի կողքի նրբանցքում՝ Իվերոն մատուռի նախկին տեղում, մնացինք երեքով։

Մեր ճանապարհորդության երրորդ մասնակիցը դարձավ փոքրիկ, սևուկ մի մարդուկ՝ խորաթափանց, փոքր-ինչ շիլ աչքերով, որը երկու մականուն ուներ՝ Խո և Ճուտ։ Այդ Խոն բոլոր առումներով արտասովոր ժիր տղա էր, թեև աչքի էր ընկնում իր թուլակազմությամբ։ Ճիշտն ասած, եթե այն ժամանակ բոլորիս գլուխներում շիլափլավ էր, ապա Խոշկինի ուղեղն ուղղակի աղբակույտ էր՝ բաղկացած մտավոր և հոգևոր թափոններից, Հեսսեի վեպերից սկսած մինչև պետերբուրգյան «Ակվապարկ» խմբի դատարկ երգերը։ Ըստ էության, Բլագոդատովի համար այդքան թանկագին ուղղափառությունը նա դիտարկում էր իբրև զիլ թրջոցիկ, որը մի փոքր այնպիսի կծվության կարիք ուներ, որը կար Ձենում[3], և որն անհրաժեշտ էր ենթարկել այն հայտնի արդիականացման, որի մասին նա Պավել Վասիլյեվիչի հետ սիրում էր այդքան երկար և ձանձրալի բանավիճել, բայց այդպես էլ ոչ մի անգամ ոչ մի ընդհանուր հայտարարի չէին գալիս։

Ընդհանրապես Խոնիի՝ հավաքավայրում հայտնվելն ինձ ինչ-որ անհավանական բան թվաց։ Նա չափից ավելի կամակոր և քմահաճ  էակ էր, որպեսզի կարողանար յոթանասունից ավել վերստ ոտքով անցնել, բայց բավականին վճռական էր տրամադրված։ Այն ժամանակների համալսարանական ոճով էր հագնված՝ բամբակե պատառոտված բաճկոն, որը, ըստ երևույթին, կարտոֆիլի վրայից էր վերցրել, «հրաժեշտ երիտասարդությանը» կոշիկներ, իսկ մեջքին ուսապարկ էր, որով սովորաբար սափրագլուխ զորակոչիկները մեկնում են ծառայության, միայն թե նրա ուսապարկից դուրս էր ցցվել կիթառը։

Բլագոդատովը խեթ-խեթ նայեց երաժշտական գործիքին, բայց ոչինչ չասաց։ Մեր վանահայրը պայծառ, բայց չափազանց լուրջ դեմք ուներ։ Հանդիսավոր կերպով աղոթք կարդաց սկսվելիք ատվածահաճո գործի համար, լրջմտորեն խաչակնքնվեց՝ շրջվելով դեպի Պակրովսի տաճարը, և մենք ճանապարհ ընկանք։ Անցնելու էինք Սվերդլովի և Ձերժինսկու հրապարակներով և գնալու դեպի Ժդանով փողոց, իսկ հետո շարժվելու էինք Բեզբոժնոյի խաչմերուկի կողմ, Խաղաղության պողոտա և ՎԴՆԽ[4]։ Վրա էր տալիս աշունը, զով էր, և բավականին առույգ կերպով քայլում էինք մոսկովյան բազմամարդ նեղլիկ փողոցներով։ Բլագոդատովն ու Խոն ինչպես միշտ բանավեճի էին բռնվել հերթական աստվածաբանական թեմայի պատճառով և ինչ-որ տերհոր անձն էին քննարկում, որի խելքին փչել էր իր տաճարում ծառայել ռուսերենով, խիստ հանդիմանության էր արժանացել ղեկավարության կողմից (Խոնյան եռանդագին պաշտպանում էր քահանա-բարենորգչին, իսկ Պավել Վասիլյեվիչը պարսավում էր),  իսկ ես խոնարհ կերպով գնում էի նրանց հետևից՝ մտածելով մի շատ սիրունիկ կնոջ մասին, որը մեկ շաբաթ առաջ ինձ «ոչ» էր քնքշորեն ասել, որովհետև այդ ամենը խենթություն էր, քանի որ նա ամուսին ուներ, և ես պետք է հասկանայի նրան։ Եվ ես հասկացա և որպեսզի խեղդեի ցավս, քայլում էի երկու փիլիսոփաների հետևից՝ փորձելով տեսադաշտից չկորցնել նրանց այդ ամբոխի մեջ և մտքերս աստվածապաշտ ուղղությամբ տրամադրել, բայց վատ էր ստացվում։ Սիրեցյալս գլխիցս դուրս չէր գալիս, իսկ էլեկտրական գնացքով մեկուկես ժամում հասնելու փոխարեն երկու օր ոտքով քարշ գալու գաղափարն ինքնին նույնիսկ ոչ թե անախրոնիզմ էր ինձ թվում, այլ սովորական պճնամոլություն։

Ժամը վեցին մոտ Մոսկվան հետևում մնաց, բայց միևնույն է ավելի լավ չէի զգում ինձ։ Ավտոմեքենաների հոսքը դեպի ճամփեզրն էր հրում մեզ, ոտքերը մղկտում էին, բայց մենք շարունակում էինք շարժվել՝ ինչ-որ տեղից փայտեր վերցնելով, որոնք ասես գավազաններ էին խորհդանշում, և հավանաբար բավականին վրդովեցնելով վարորդներին։ Այդպես հասանք Միտիշչի, և միայն այստեղ մտածեցինք գիշերելու մասին․ միտք, որը, չգիտես ինչու, մինչև այդ չէր ծնվել մեր անօգուտ գլուխներում։

Ուժերով լի Բլագոդատովը պատրաստ էր թեկուզև ողջ գիշեր քայլելու և առաջարկում էր ինչ-որ մի տեղ խարույկ վառել և նստել, մեկ-երկու ժամ տաքանալ, բայց բոլոր նրանք, ովքեր պատկերացնում են այդ թաղամասի Յարոսլավսկոյե մայրուղին,  կհասկանան, թե ինչ անհեթեթ էր նման մտահղացումը։ Շուրջն անվերջանալի և անծայրածիր ցանկապատներ էին, արդյունաբերական գոտիներ, պահեստներ, ավտոտնակներ, տներ, և ոչ մի խարույկի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Լրիվ մթնեց, քաղցած էինք և մրսած, և առաջինը կոտրված Խոշկիի գլխում առաջինը ծագեց էլեկտրական գնացքով Մոսկվա վերադառնալու գաղափարը․ միտք, որը շշնջաց ինձ։ Ես անորոշ կերպով թոթվեցի ուսերս․ Բլագոդատովն առեղծվածային զորություն ուներ ինձ վրա, և նրա աչքերում ուխտադրուժ լինել ես չէի կարող, թեև ամբողջ գիշեր քայլելու կամ անտառում մի տեղ նստելու հեռանկարը երջանկություն չէր խոստանում ինձ։ Սակայն երբ Պոդլիպկիում անձրև սկսվեց, զգացի, որ թուլակամությունը համակում էր ինձ։ Խոն ավելի ու ավելի էր նյարդայնանում և ոչ մի աստվածաբանական բանավեճերի այլևս չէր բռնվում, բայց Պավել Վասիլյեվիչը, ամառվա ընթացքում աճած մորուքի միջից ժպտալով, քթի տակ ասում էր, որ Աստված մեզ չէր լքելու, և մի դիզակ կհայտվեր մեր ճանապարհին։

Հնարավոր է այն գիշեր հասնեինք ինչ-որ Աստվածային դիզակի, բայց Տարասովկայում անսպասելիորեն աչքներովս մի ցուցանակ ընկավ, որի վրա գրված էր․ «Մանածագործական համալսարանի հանրակացարան»։

-Հենց այնտեղ էլ կգիշերենք, – ուրախ-ուրախ բացականչեց Ճուտը, որի համար ցանկացած հանրակացարան տնից ավելի հարազատ էր։

Պատասխանի չսպասելով՝ դուրս եկավ մայրուղուց և անհետացավ խավարի մեջ։ Ստիպված հետևեցինք նրան։

Համարյա մեկ ժամ փնտրում էինք այդ չարաբաստիկ հանրակացարանը։ Գիշեր էր իջել մերձմոսկովյան գյուղակի վրա, ոչ ոքից չէինք կարող ճանապարհ հարցնել, ամայի, բարձր ցանկապատների մյուս կողմից հաչում էին շները, մի տեղ «Սպարտակի» երկրպագուների մի խմբի հանդիպեցինք ու հազիվ գլուխներս պրծացրինք նրանցից և երբ վերջապես հասանք Կլյազմա գետի  ձախ ափին գտնվող չորսհարկանի աղյուսե շինությանը, կեսգիշերն էր մոտենում, և երեք կասկածելի տղամարդկանց ոչ ոք չցանկացավ ներս թողնել։

Ոչինչ չէինք կարող անել, հեռացանք, բայց փողոցային լամպի աղոտ լույսի ներքո հարևան շինության ցուցանակը երևաց՝ «Կանացի հանրակացարան»։ Բլագոդատովն անցավ կողքով, բայց Ճուտը վերև բարձրացրեց ձեռքերը, վազքով բարձրացավ սանդուղքով և սկսեց թակել դուռը։

-Գժվե՞լ ես, – սկսեցի ծիծաղել ես։ – Ո՞վ մեզ ներս կթողնի։

-Ա՜յ հենց այստեղ էլ կթողնեն, – ասաց նա և իրավացի գտնվեց։ Մոտավորապես տասը րոպե հետո նախասրահի կիսախավարում մի քնաթաթախ աղջիկ հայտնվեց և առանց վարանելու բացեց դուռը։

-Ո՞ւմ մոտ եք եկել, տղանե՛ր։

-Քույրի՛կ, գիշերելու տեղ ենք փնտրում։ Ուխտագնացներ ենք, – ասում էր Խոն։

-Ո՞վ, ո՞վ։

-Անձրև է դրսում։ Նե՛րս թող մեզ, օ՜, բարի՛ կին։

-Դե՜, նե՛րս եկեք, – քմծիծաղ տվեց նա։

-Քրիստոսը քեզ պահապան, – ասաց Խոն՝ պատկերավոր կերպով գլուխ տալով, և հանդիսավոր կերպով դիմեց մեզ, – եկե՛ք, եղբայրնե՛ր։

Ներս մտանք՝ մեր փայտերը դռանը հենելով, և գնացինք դեպի անկյունում դրված բազմոցը, որի կողքին սաղարթածավալ արմավենիով լայնաբերան մեծ տակառ էր դրված։ Աղջիկը նորից ծիծաղեց և հեռացավ, իսկ մենք տեղավորվեցինք բազմոցին, կախեցինք թաց վերարկուները, հանեցինք կոշիկները և երջանիկ կերպով փռվեցինք բազմոցին։ Եվ իսկապես կարելի էր մտածել, թե արմավենու տակի բազմոցն ինչ-որ բարի հրեշտակ էր ուղարկել մեզ։

Սակայն, ըստ երևույթին, սատանան նույնպես հարթմնի էր, և այդ պահին մի տիկին եկավ՝ երեսունհինգ տարեկանին մոտ, բավականին փարթամ կազմվածքով, խոշոր դիմագծերով և սնգսնգան աչքերով։ Պարզվեց, որ նա բավականին անպատեհ ժամանակի արթնացած պարետն էր։

-Դուք ովքե՞ր եք, – սկսեց վրա տալ նա։

-Ուխտագնացներ ենք, թափառական ուխտավորներ, – իր հիմար ժպիտով փնփնթաց Խոն, բայց պարետի վրա չազդեցին նրա խոսքերը։

-Այստեղ, երիտասարդնե՛ր, ձեզ համար միջանցիկ բակ չէ, – պարզ ու հստակ ասաց նա, – և դրա համար բարի եղեք դուրս գալ։

Նախասրահում տաք էր, իսկ դրսում՝ քամի, մի չոր տեղ չկար մեզ վրա, և ես մտածեցի, որ Մոսկվա գնացող վերջին էլեկտրական գնացքն էլ էր արդեն մեկնել։

-Մեղք եք վերցնում Ձեզ վրա, – անդրշիրիմյան ձայնով ասաց Խոն։ – Աստծո զավակներին նեղացնեք, փորձանքից չեք պրծնի։

-Դո՜ւրս, ես ձեզ ասացի, – դյուրագրգիռ կերպով կրկնեց կինը։ Երևի պետք էր բացատրել նրան, որ ոչ մի ուխտագնացներ էլ չէինք, այլ սովորական ուսանողներ, և մի՞թե ինչ-որ վնաս կտայինք նրանց հանրակացարանին, եթե մինչև առավոտ ուղղակի նստեինք բազմոցին․ բայց կան կանայք, որոնց մի հայացքն անգամ բավական է, որպեսզի խոսելու ցանկացած տեսակի ցանկություն կորչի, և ցանկացած եղանակ տանելի թվա։

-Գնացի՛նք, – վճռականորեն ասաց Բլագոդատովը, – ներեցե՛ք մեզ։

Աստված գիտի, բայց հանավանաբար մեր ընկերոջ մեջ այնպիսի մի բան կար, որը ճգնավոր անապատականներին և անտառային ճգնավորներին պաշտպանում էր վայրի կենդանիներից՝ առյուծներին և արջերին ինքնին մեղմաբարոյության վերածելով։

Հենց որ Բլագոդատովը դուրս եկավ ստվերից և սկսեց խոսել, պարետի դաժան դեմքը մեղմացավ, պայծառացավ, ձայնը դողաց, և նա անվճռականորեն ասաց․

-Սակայն եթե․․․Իսկ ինչ-որ փաստաթղթեր ունե՞ք։

Բլագոդատովի մոտ կար փաստաթուղթ։ Կինն ակնածանքով վերցրեց նրա անձնագիրը, թերթեց, ստուգեց հաշվառումը և «ընտանեկան կարգավիճակ» սյունակը, անձնագիրը դրեց իր գրպանն ու բարեհամբույր կերպով դայլայլեց․

-Իսկ ինչո՞ւ եք այստեղ։ Այստեղ հարմարավետ չէ։ Եկեք ինչ-որ սենյակ ձեզ ուղեկցեմ։

Ճանապարհին հանդիպում էինք բացվող փեշերով խալաթներ հագած և ուսերին թափված մազերով աղջիկների, նրանք զարմացած հայացքներով նայում էին մեր խմբին, հիմարի պես քթի տակ ծիծաղում և կատակներ էին անում․ մի խոսքով՝ ուխտագնացության համար ամենահարմար պայմաններն էին ստեղծվել։

Բլագոդատովը չգիտեր, թե ուր հայացքը թեքեր, ես նորից կարոտեցի սիրունիկիս, իսկ Խոն հակառակը՝ ոգևորվեց, սկսեց աչքով անել աղջիկներին և շշուկով ասաց ինձ, որ ինչ-որ ֆելինյան բան կար այդ ամենում։

Մեր ուղեկցորդուհին բերեց մեզ այդ հարկի ամենածայրի սենյակ, որտեղ չորս մահճակալ կար՝ դատարկ զսպանակաձև ցանցերով, իսկ պատերը զարդարված էին մերկ կանանց և տղամարդկանց պատկերներով։ Պարետը ներքնակներ և վերմակներ տվեց մեզ, բարի գիշեր մաղթեց և կարմրելով հեռացավ։

-Ըստ իս՝  նա ուզում է տրվել քեզ, – մելամաղձոտ կերպով ասաց Խոն Բլագոդատովին և  սկսեց ուսապարկի միջից հանել շոգեխաշուկը, որոսորդական երշիկը, ինչ-որ կարկանդակներ, պրյանիկներ, ինչպես նաև հատուկ հանդիսավորությամբ հանեց կանաչ պիտակով «Մոսկովյան օսոբիի» մի շիշ։

Եվ այդ պահին Բլագոդատովը, որն իր բարեպաշտությամբ հանդերձ խմելու վարպետ էր, բղավեց․

-Վերջացրո՛ւ։

-Ինչո՞ւ, – հարցրեց Խոն։

-Որովհետև հիմա պահք է։

Ճուտը սկսեց ճարպկորեն վիճարկել այդ պնդումը և ասել, որ հանդիսավոր ճամփա բռնածներին որոշ զիջումներ թույլատրված էին (ուզում էր գոնե երշիկը փրկել), բայց նայելով անսովոր դաժան վանահորը՝ դատապարտված կերպով հարցրեց․

-Գոնե թեյ կարելի՞ է։

-Թե՛յ կարելի է։

Լիակատար լռության մեջ ընթրեցինք և պառկեցինք քնելու, բայց այդ պահին միջանցքից ծիծաղի ձայն լսվեց։

-Հե՜յ, տղանե՜ր, չե՞ք ձանձրանում։

-Կուզե՞ք՝ տաքացնենք ձեզ։

Բլագոդատովը կրճտացրեց ատամները, Խոն շուռումուռ եկավ անկողնում՝ ճռճռացնելով զսպանակները, դռան մյուս կողմից լսվող կատակներն է՛լ ավելի կծու դարձան․ երիտասարդ աղջիկները, ինչպես հայտնի է, կարող են այնպիսի անպարկեշտություններ ասել, որ ցանկացած տղամարդու գրպանը կդնեն։ Դրանից հետո սկսեցին դուռը թակել, ցրեց նրանց և անխուսափելի ներխուժումից մեզ փրկեց պարետը։

Առավոտյան Բլագոդատովը ամենաանխիղճ կերպով բոթբթելով արթնացրցեց մեզ։ Արագ-արագ հաց կերանք, մեծ-մեծ կումերով թեյ խմեցինք և հրաժեշտ տալով մռայլ տիկնոջը՝ շարունակեցինք ճանապարհը Յարոսլավյան մայրուղով։ Արդյունաբերական գոտին ավարտվեց, շուրջն արդեն անտառներ և դաշտեր էին, Բլագոդատովը մոլեգնաբար առաջ էր գնում, իսկ ես և Խոնյան հազիվ էինք հասցնում նրա հետևից, բայց չէինք համարձակվում խնդրել մի փոքր դանդաղեցնել քայլերը։

Այդպես անցանք Նովայա Դերեվնյան, Պուշկինոն և Սոֆրինոն, հոգնած ոտքերը դադարի կարիք ունեին, իսկ քաղցած փորը՝ ուտելիքի, բայց Պավել Վասիլյեվիչն ինչ-որ գյուղ էր շտապում, որտեղ պետք է ամբողջ գիշեր ոտքի վրա լինեինք։ Սակայն նա հաշվի չէր առել, որ գյուղական տաճարներում ժամերգությունը շատ շուտ է սկսվում, և երբ մենք, ոտքերը քարշ տալով, քրտնած հասանք այդ գյուղ, ժամերգությունն արդեն ավարտվել էր, և պաշտոնաթող կուսակցական աշխատակցի արտաքինով երեցփոխանը հրամայեց մեզ հեռանալ։

Հոգու խորքում ես և Ճուտը ուրախ էինք իրադարձությունների նման ընթացքի համար, քանի որ այդքան կիլոմետր կտրելուց հետո դեռ երեք ժամ էլ ոտքի վրա կանգնած մնալը վեր էր մեր ուժերից, բայց Բլագոդատովին այդ անհաջողությունն անասելի կերպով բարկացրեց։ Հավանաբար այդ ամենը իբրև քամահրանքի համար պատիժ դիտարկեց և է՛լ ավելի արագ մեզ առաջ մղեց։ Ըստ քարտեզի՝ ես մոտավորապես հաշվարկեցի, որ առջևում այլև ոչ մի բնակավայրեր չէին լինելու՝ ո՛չ կանացի, ո՛չ տղամարդկանց հանրակացարաններ, և այդ մասին հայտնեցի Ճտին։

Խոնյան տխրեց, իսկ Պավել Վասիլյեվիչը շարունակում էր հեծանվային մրցարշավի առաջատարի նման ճեղքել օդը, իսկ մենք միայն զարմանում էինք, թե որտեղից այդքան ուժ նրա այդ խոշոր և ոչ այնքան սպորտային կազմվածքով մարմնում։

Մի քանի անգամ հսկայական ավտոմեքենաներ էին կանգ առնում մեր կողքին և առաջարկում տանել այնտեղ, ուր ցանկանայինք՝ թեկուզև մինչև Արխանգելսկ․ ճանապարհային ոստիկանության կետերից մեկի ձանձրացող սերժանտը խոստացավ ցանկացած ավտոմեքենա կանգնեցնել և մի ակնթարթում մեզ տեղ հասցնել, ես և Ճուտը աղերսագին նայում էինք վանահորը, բայց Բլագոդատովը բացասաբար շարժում էր գլուխը։

-Նախկինում, – ասաց նեղացած Խոն, երբ հերթական մեքենան անհետացավ շրջադարձի վրա, – այս ճանապարհին անկելանոցներ էին, իջևանատներ, պանդոկներ, իսկ հիմա ինչե՞ր են։

-Պանդոկներն են քեզ պակաս, – ֆշշալով ասաց Բլագոդատովը։

Խոն հևոց հանեց և դեպի ինձ շրջվեց։

-Եղբա՛յրս, – ողբերգական կերպով ասաց նա, – լավությո՛ւն արա, մի փոքր բռնի՛ր կիթառս, ես այնպե՜ս եմ հոգնել։

Լուռ վերցրի երաժշտական գործիքը, ինձ համար արդեն ամեն բան միևնույնն էր։

Մինչդեռ վրա էր հասնում մթնշաղը։ Երկինքը պարզեց, քամին դադարեց, իսկ մեր բերանից սկսեց գոլորշի դուրս գալ։ Գիշերը ցուրտ էր լինելու, միակ մխիթարությունն այն էր, որ գոնե անձրևային չէր։ Մեր առաջնորդը համաչափ և հաստատուն քայլերով հաղթահարում էր հերթական վերելքը, իսկ հետո երբ առաջին աստղերը վառվեցին երկնքում, դուրս եկավ ճանապարհից և հայտարարեց, որ գիշերելու էինք մոտակա անտառներից մեկում։

Եթե ուժ ունենայինք, կխոստովանեինք, որ հրաշալի վայր էր։ Շուրջն այնքան բան կար նայելու, ինչքան որ աչքը կարողանում էր որսալ փոքրիկ լեռան վրայից՝ անծայրածիր անտառներ, բլուրներ, փոքրիկ գյուղ իր եկեղեցիով, դաշտեր և խոտի դեզեր։

-Այստեղ է Նեստերովը[5] նկարել «Տեսիլք երիտասարդ Բարդուղիմեոսին»-ը, – կամացուկ ասաց Բլագոդատովը։

-Գգգեղեցիկ է, – ատամները չխկչխկացնելով՝ ասաց Խոն։

Խարույկ վառեցինք, չորահացիկներ կերանք, տափակաշշի միջի սառը ջուրը խմեցինք։ Մեր ստամոքսներն է՛լ ավելի տխրեցին, և ես ու Խոն որբերի նման միմյանց հենվեցինք, որպեսզի որևէ կերպ մի փոքր տաքանայինք։ Այնպիսի վիճակում էինք, որ նույնիսկ վեր կենալու և փայտերի հետևից գնալու ցանկություն չունեինք, բացի այդ՝ վրա հասած մթության մեջ որտեղի՞ց պետք է գտնեինք՝ չունենալով ո՛չ լապտեր, ո՛չ կացին։

Ո՛չ սովը, ո՛չ ցուրտը չէին ազդում Բլագոդատովի վրա։ Շատ առույգ կերպով նայում էր մարող կրակին և հավատացնում մեզ, որ շուտով կլուսանար, և մենք կհասնեինք վաղ առավոտյան պատարագին, բարի քրիստոնյաների նման խոստովանություն կանեինք և հաղորդություն կառնեինք, բայց նրա խոսքերը ոչ մի ազդեցություն չէին գործում։ Կոտրվել էինք։ Այդ ժամանակ նայելով մեր իսկապես պասուց դեմքի արտահայտություններին՝ Պավել Վասիլյեվիչը մի քանի կծու խոսք ասաց։

Այդ բարի, կրթված և զիջողամիտ մարդուն երբեք այդքան զայրացած չէի տեսել։ Ասում էր, որ մենք անկարգապահ, փափկակյաց, հոգով և մարմնով փնթի արարածներ էինք, չէինք ուզում հասկանալ, որ քրիստոնեական կյանքը երախտագիտություն է Աստծուն ամեն ինչի համար և միաժամանակ անտեսանելի պատերազմ սատանայի հետ, որ մի ափսե ոսպով ջրալի ապուրի համար պատրաստ էինք ողորմելի ծաղրի ենթարկելու ցանկացած նախաձեռնություն, որ ո՛չ ուխտագնացներ էինք, ո՛չ աղոթասացներ էինք, և ոչ թե թափառական ուխտավորներ էինք, ինչպես պնդում էր մեզանից մեկը, այլ հոգևոր հաշմանդամներ, ուղղակի սինլքորներ և զբոսարշավորդներ, որոնց գլխում ոչինչ չկար՝ բացի աղջիկներից, համեղ լափից, անբովանդակ զրույցներից, և եթե միայն նա իմանար․․․

Միանգամից ասելով այդ արդարացի և մահացու ճշգրիտ խոսքերը, բայց մինչև վերջ չասելով, թե ինչ պետք է իմանար՝ Բլագոդատովը ոտքի կանգնեց և անհետացավ մթության մեջ։ Վախեցա, թե լքեց մեզ, բայց շատ չանցած աղմուկ լսեցինք անտառի կողմից, և Պավել Վասիլյեվիչը խարույկին մոտեցավ՝ մեծ քանակությամբ փայտ ձեռքին։ Թե ինչպե՜ս էր այդ մթության մեջ գտել դրանք և կոտրել, միգուցե պայծառատեսության շնորհ էր իջել նրա վրա, և անսպասելի ուժ էր ձեռք բերել, բայց հենց որ մարող  կրակը բոցավառվեց, ճարճատեց, բլագոդատյան դեմքն ընդունեց նախկին բարյացակամ արտահայտությունը, և նույնիսկ ինչ-որ կարեկցական ծաղր հայտնվեց։

-Դե՜, ցուցիկնե՛ր, սառե՞լ եք։

-Սսսառել ենք։

-Ի՜նչ արած, – հառաչեց նա, – պետք է ներողամիտ լինել մարդկային թուլակամության նկատմամբ։ Դե՜, հանե՛ք, ի՞նչ ունեիք այնտեղ։

Քանի դեռ նա չէր մտափոխվել, Ճուտն ուսապարկից արագ-արագ հանեց «Մոսկովյան օսոբիյի» շիշն ու լցրեց բաժակների մեջ։ Խմեցինք՝ զգալով, թե ինչպես էր ամբողջ մարմնով տարածվում փրկարար ջերմությունը, մի քիչ որսորդական երշիկ կերանք, կրկնեցինք, ծխեցինք և սկսեցինք սքանչանալ այդ գիշերով, դաշտերով, այդ օրը տեսած եկեղեցիներով և ասել, թե ինչ հիմար էին նրանք, ովքեր մեզ հետ չէին եկել, և ապագայի հետ կապված պլաններ կազմել՝ սկսած Օպտինա անապատից  և վերջացրած Սոլովկիով[6] ։

Շիշն անսպասելի արագ դատարկվեց, և ուսապարկից հանեցի մյուսը։ Վերևում աստղերը ավելի էին պայծառանում, հոգին դրախտ էր սլանում և էլի էր ուզում, և այդ ժամանակ մեր առաջնորդն իր խուրջինից հանեց երրորդը, որից հետո ո՛չ ցուրտ էր, ո՛չ տաք, և Ճուտը սկսեց նետվել առաջ և կանչել մեզ՝ ինչ-որ տեղ ներկեր գտնելու, ճանապարհի բոլոր ցուցանշանների վրայի անամոթ «Զագորսկ» բառը ջնջելու և գրելու մեր հայտնի նշանաբանը․ «Կորչե՛ն ստոր անաստվածները»։

Սակայն հինգ քայլից ավել չկարողացավ քայլել և ուսապարկից հանելով կիթառը՝ սկսեց երգել «Ռոքնռոլը մահացած է, իսկ մենք՝ դեռ ոչ»-ը, քնաթաթախ և տաքացած Բլագոդատովը պառկել էր բամբակե վերարկուի վրա, աչքերը կկոցելով՝ նայում էր կրակին և նման էր մռռացող կուշտ կատվի, իսկ ես դառն արցունքներ թափելով և զկռտալով՝ պատմում էի իմ նենգ սիրեցյալի մասին։ Այդպես գվգվացինք մինչև լուսաբաց։

Վերջապես խարույկը մարեց, և եղյամով ծածկված դաշտում դեզ տեսանք։ Օրորվելով և միմյանց հենվելով՝ թափառական ուխտավորները մի կերպ հասան դրան, գլուխները թաղեցին դրա մեջ և անմեղ քնով քնեցին՝ հրեշտակների, սրբերի և հենց Աստծո պաշտպանության ներքո։

Մայրավանք հասանք միայն հաջորդ օրվա երեկոյան՝ թաղման ծիսակարգին։ Վերափոխման մայր տաճարը լեփ-լեցուն էր։ Պատարագն արդեն մի քանի ժամ էր, ինչ շարունակվում էր, և բոլորը՝ սպիտակ գլխաշորերով պառավները, ծերուկները, կանայք, տղամարդիկ, երեխաները, միմյանց շատ մոտ-մոտ կանգնած խոնարհվում էին, խաչակնքվում և երգում։ Իսկ հետո մարդկանց հոծ բազմությունը սկսեց շարժվել, և մարդկանց հոսքը (նախկինում երբեք չէի մտածի, որ իմ մայիսմեկյան, մեծնհոկտեմբերյան պետությունն ունակ է այդ քանակությամբ մարդ մեկ այլ տեղում հավաքելու՝ բացի Կրեմլից և Լուժնիկներից) մեզ դուրս տարավ։

Երեքս տարբեր ուղություններով գնացինք։ Երթը շրջանցում էր տաճարը, առջևից գնում էին վանականները՝ սրբապատկերները, խաչվառները[7], մոմերը և ծածկոցը ձեռքներին, երգիչները երգում էին, հազարաձայն, մշտապես հետ ընկնող մարդկային երգչախումբը կրկնում էր նրանց հետևից՝ ոչ ներդաշնակ կերպով, շեղվելով և նորից շարունակելով երգը, աղոթողների ձեռքերում մոմեր էին, և հանկարծ կողքիս հիսունին մոտ մի կին հայտնվեց։ Սովորական տեսք ուներ, ինչպես տձև վերարկուներ հագած և գլխաշորերով հազարավոր ռուս կնիկներ, ասես հենց նոր էր դուրս եկել խանութից։ Բայց, նայելով գլխավերևով անցնող ծաղիկներով զարդարված ծածկոցին, հանկարծ սկսեց լաց լինել։ «Տիրամորն են տանում, – այնպես սկսեց լաց լինել, ասես հենց այդ պահին իսկապես Աստվածածնին էին թաղում և իսկական դագաղ էին տանում»։ Խաչակնքվում էր, լաց էր լինում, դողում էր, և ես՝ զբոսարշավորդս և դատարկապորտս, քրիստոնյա ձևացող պճնամոլս, սկսեցի սարսռալ։ Լապտերի աղոտ լույսի մեջ տեսա Բլագոդատովին և Խոյին։ Պավել Վասիլյեվիչը կանգնած էր՝ լուռ, խստադեմ, ուղիղ կեցվածքով և դաժան հայացքով իր առջև նայելով, ասես պահականոցի զինվոր լիներ, իսկ ուսապարկն ու կիթառը մեջքին չարաճճի Ճուտը ծնկի էր իջել և պահել գլուխը՝ կծիկ դառնալով։ Կիթառի կոթը ցցված էր նրա գլխի հետևից և խանգարում էր բոլոր նրանց, ովքեր առջևում էին կանգնած։

Երթը կանգ առավ դռների մոտ, երգեցողությունն ավելի ներդաշնակ և բարձր դարձավ, արդեն ես էլ էի երգում բոլորի հետ՝ ոչինչ չհիշելով և սովորական զգալով, բայց անէանալով այդ բազմության մեջ և արտաքուստ զգալով, որ հոգին իսկապես քրիստոնյա է, իսկ Ոգին շնչում է այնտեղ, որտեղ ուզում է․ շարունակ նայում էի վանականների ձեռքի ապակեպատ մոմերի լույսերի ծածանքին։

Այդ պահից անցել է տասը տարի։ Համալսարանն ավարտելուց շատ չանցած Բլագոդատովն ընդունվեց սեմինարիա և հիմա ծառայում է մոսկովյան կրկին վերաբացված բազմաթիվ եկեղեցիներից մեկում։ Նրա հաճելի կրթվածությունից, ասում են, հետքն անգամ չի մնացել, հայտնի է արտասովոր վանական խստությամբ, բավականին խստապահանջ կերպով է լսում բոլորի խոստովանությունները, ապաշխարանքներ է նշանակում և զրկում հաղորդությունից, և հիշելով նրա՝ խարույկի մոտի խոսքերը՝ անգամ չեմ կասկածում, որ այդ ամենը նրա մոտ հրաշալի է ստացվում։

Իսկ փոքրիկ Խոն հրավերքով մեկնեց Փարիզ և այնտեղ էլ մնաց։ Սկզբում ինչ-որ կրոնական ռոք խմբում էր երգում և այգեպան էր աշխատում, իսկ հիմա լրջորեն զբաղվում է աստվածաբանությամբ և աշխատություն է գրում, որը, ինչպես ինքն է սահմանում, բովանդակությամբ ուղղափառ է, իսկ կառուցվածքով արդիական։ Շատ է տպագրվում թե՛ դրսի, թե՛ տեղական  մամուլում, և հայտնի է իբրև հայրենական դավանանքի անհապաղ բարեփոխման կողմնակից։

Հավանաբար նրանցից յուրաքանչյուրը հասել է այն ամենին, ինչ ուզում էր, և դժվար թե նրանք հիշում են մեր ուխտագնացությունը դեպի Մայրավանք, կանացի հանրակացարանի գիշերակացը, սնգսնգան աչքերով պարետին և Ռադոնեի հարբած խարույկը։ Բայց երբ ես հիշում եմ այդ ամենը, ինձ թվում է, թե մենք երբ եք մոտ չենք եղել Աստծուն, և երբեք մեր սրտերն այդքան բաց չեն եղել նրա համար, և անսահման ափսոսանք եմ ապրում նրա համար, որ հոգևոր անփորձության և բացսրտության ժամանակն անդարձ հեռացել է։

Իսկ «ուխտավոր» բառը ծագում է արմավենի բառից, քանի որ հին ժամանակներում թափառական ուխտավորները, որոնք Երուսաղեմ էին գնում՝ սրբավայրերի երկրպագման, արմավենու ճյուղերով էին վերադառնում այնտեղից։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] ՍԱՂՄՈՍՆԵՐ 1:1-3 ՆՎԱԱ։

[2] Կատեխիզմ՝ քրիստոնեական կրոնի և վարդապետության հիմունքների ուսումնասիրությունը նրա կողմից, ով պատրաստվում է մկրտվել և դառնալ Եկեղեցու անդամ:

[3] Բուդդիզմի ուղղություններից։

[4] Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։

[5] Ռուս գեղանկարիչ։

[6] Արշիպելագ Սպիտակ ծովում՝ Օնեգա ծովածոցի մուտքի մոտ։

[7] Քրիստոսի չարչարանքներից մեկի (սովորաբար՝ խաչելության) պատկերով եկեղեցական դրոշակ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *