Ռիտա Հարությունյան | Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը

 

Հեղինակը պատկերավոր և հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում Ք.ա. IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Առանձնակի հետաքրքիր են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող պատմական փաստերը: Գիրքն ունի հարուստ պատկերազարդում, հանգամանալի քարտեզներ, ճակատամարտերը նկարագրող սխեմաներ: Ուշագրավ են նաև հատուկ անունների ու եզրույթների ցանկը և ժամանակագրական աղյուսակը:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԽՈՒՄԸ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ: ՊԱՐՄԵՆԻՈՆ

(Հատված)

Ալեքսանդրը, լինելով մակեդոնական բանակի լավագույն ռազմիկը, զինվորներին ոգևորում և նրանց սերն էր վայելում ինչպես իր անօրինակ քաջությամբ ու մրրկահույզ խիզախությամբ, այնպես էլ ամենածանր զրկանքներին ու դժվարություններին տոկուն ու անտրտունջ դիմանալով: Լինելով խորաթափանց հոգեբան՝ նա անուններով էր ճանաչում հազարավոր զինվորներին և կարողանում էր սխրանքի կոչել ոչ միայն առանձին մարտիկներին, այլև ամբողջ զորքին: Սակայն բուռն ու կրքոտ խառնվածքը, գերլարված ապրելակերպն ու ոգելից խմիչքների չարաշահումը ծանր անդրադարձան նրա հոգեկան վիճակի վրա: Օժտված լինելով անկրկնելի հմայքով, կենսախնդությամբ, դյուրահավատությամբ և մեծահոգությամբ, Ալեքսանդրը երբեմն համակվում էր ծանր կասկածամտությամբ ու մռայլությամբ:

Ալեքսանդրը տրվել էր խրախճանքների և լսում էր իր «բարեկամների» գռեհիկ կատակները, իսկ նրա սեփական ճամբարում արդեն խմորվում էին նոր վտանգներ: Ք.ա. 330 թ. աշնանը տեղի ունեցած դեպքերը երևան բերեցին մի շարք խնդիրներ, որոնք հաղթական զորավարը լուծեց իրեն բնորոշ վճռականությամբ. նա կտրեց ողբերգական հակասությունների թնջուկը, հաշվեհարդար տեսնելով մի խումբ զինակիցների, այդ թվում՝ նաև Պարմենիոնի հետ:
Պարմենիոնը Փիլիպոսի ու Ալեքսանդրի ամենաշնորհալի զորավարն էր: Ունենալով ազնվազարմ ծագում, նա վաղ հասակից էր հայտնվել արքունիքում և ծառայել էր դեռ Փիլիպոսի հոր՝ Ամյունտաս թագավորի օրոք: Իսկ Փիլիպոսի ժամանակ Պարմենիոնը դարձավ մակեդոնական բանակի զորավար ու երկրի քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցը: Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնն առաջիններից էր, ով ճանաչեց Ալեքսանդրի իշխանությունը, ինչը, սակայն, չխանգարեց, որ նրանք հետագայում լուրջ տարաձայնություններ ունենան երկրի համար բախտորոշ հարցերի շուրջ:
Մակեդոնական բանակի ամենակարևոր ու խոշոր ստորաբաժանումները կենտրոնացված էին Պարմենիոնի ձեռքում: Նա անձամբ գլխավորում էր հետևազորը, նրա որդի Փիլոտասը ղեկավարում էր հեթայրներին, իսկ մյուս որդին՝ Նիկանորոսը, հիպասպիստներին: Անգնահատելի էր Պարմենիոնի վաստակը Ալեքսանդրի հաղթական ճակատամարտերում, հատկապես՝ Գավգամելայում: Սկզբնական շրջանում պատվախնդիր և ըմբոստ Ալեքսանդրը ստիպված էր հանդուրժել Պարմենիոնի անառարկելի հեղինակությունը: Այդ տարիներին Պարմենիոնը փաստորեն Ալեքսանդրին փոխարինողն էր, նրան էին վստահված պետական կառավարման ամենածանր ու պատասխանատու բնագավառները: Երբ ծագեց նորաստեղծ կայսրության տնտեսական հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, Պարմենիոնը հաստատվեց Էքբատանում, ազատելով Ալեքսանդրին այդ գործերից:
Ալեքսանդրի ու Պարմենիոնի տարաձայնությունները սկսվեցին դեռևս Արևելյան արշավանքի ծրագրման փուլում, երբ Փիլիպոսի տարեց զինակիցներից ոմանք հորդորում էին երիտասարդ թագավորին նախօրոք հոգալ երկրի թագաժառանգի մասին և այդ կարևորագույն պետական հարցը չթողնել կույր պատահականության հույսին: Այնուհետև տեղի ունեցավ սուր բախում՝ Իսոսի ճակատամարտում պարտված Դարեհի առաջարկած դաշինքի պայմանների առիթով: Պարմենիոնի համար, ով առմիշտ որդեգրել էր Փիլիպոսի իրատեսական ռազմավարությունը, կասկածից վեր էր, որ Արքայից արքայի առաջարկները միանգամայն ընդունելի են և ծառայում են իրենց նպատակներին: Սակայն դա, ինչպես հայտնի է, հակասում էր Ալեքսանդրի աշխարհակալական նկրտումներին: Ի հակադրություն Պարմենիոնի այն արտահայտությանը, որ «… եթե ես Ալեքսանդրը լինեի, ապա կընդունեի առաջարկը…», Ալեքսանդրը պատասխանեց. «Լինեի ես Պարմենիոնը, այդպես էլ կվարվեի»:
Ալեքսանդրի շուրջը կուտակվող դժգոհության պատճառները մի քանիսն էին: Նախ՝ դա պատերազմի շարունակումն էր: Իսկապես, պարսիկներից վրեժը լուծված էր, ռազմավարի չափերն աներևակայելի էին, զորքը հոգնած էր ու փափագում էր տուն վերադառնալ: Մակեդոնացիները ցանկանում էին իրենց կյանքն ավարտել հայրենի հովիտներում, հարազատների հարգանքով շրջապատված ու հեռավոր երկրներում իրենց կատարած սխրանքները վերհիշելով: Դժգոհության երկրորդ պատճառը Ալեքսանդրի ու նրա «բարեկամների»ապրելակերպն էր: Ցոփ ու շվայտ խրախճանքները, գինարբուքները, լրբաբարո շքեղությունը նողկալի էին վետերանների համար: Ողջ հունական աշխարհը ողողված էր Ալեքսանդրի ոսկեզոծ դղյակների, հարճերի, պարողների ու գեղեցիկ մերսողների մասին ասեկոսեներով: Երրորդ պատճառն էր Ալեքսանդրի հետզհետե օտարացումը իր հայրենակիցներից ու երբեմնի ախոյան պարսիկներին իր մերձավոր շրջապատում ընդգրկելը: Երեկվա թշնամիների հետ հավասարվելն անտանելի էր հունամակեդոնացիների համար: Սակայն Ալեքսանդրը այս հարցին մոտենում էր պետական գործչի տեսանկյունից: Նախ, դառնալով Աքեմենյանների հարստության օրինավոր ժառանգորդ և ընդունելով հունական մշակույթի գաղափարախոսությունը, նա պարտավոր էր միանման վերաբերվել երկրի բոլոր հպատակներին, տեղի չտալով ազգայնամոլության ու խտրականության: Նա գիտակցում էր, որ հենվելով միայն սակավաթիվ հունամակեդոնական զանգվածի վրա, գործնականում անհնարին կլիներ հնազանդ պահել իր վիթխարի բազմազգ կայսրությունը: Ալեքսանդրին անհրաժեշտ էր երկրի բնակչության, հատկապես տեղական ավագանու աջակցությունը, որը, չնայած Դարեհի պարտությանը, երկրում դեռ ամուր դիրքեր էր զբաղեցնում: Եվ, ի վերջո, անհրաժեշտ էր հասկացնել զինակիցներին, որ «… ամոթ չէ տեղացիներից էլ շատ բաներ ընդօրինակելը»:
Հռչակելով իրեն հունական արժեքների ջահակիր, Ալեքսանդրը, այնուամենայնիվ, սկսում էր հեռանալ դրանց կարևոր սկզբունքից՝ չափավորությունից: Ըստ ամենայնի, նա յուրացրել էր Արիստոտելի այն միտքը, որ ընդունակություններով ու զորությամբ արտասովոր մարդն օրենքից դուրս և օրենքից վեր է, քանզի «նա ինքն է օրենքը»:
Մակեդոնացին տուրք էր տալիս իր բնածին բռնապետական հակումներին և ընդօրինակում վավաշոտ Արևելքի բարքերը: Նա կրում էր Դարեհի խույրը, հրամանները կնքում Դարեհի մատանիով, մարական ստորացուցիչ սովորույթով ճիպոտահարում զանցառուներին, հագնում ամոթալի (հույների տեսակետից) «կանացի» պարսկական զգեստներ և նույնը պարտադրում իր մարդկանց: Ալեքսանդրը աստիճանաբար իր վետերաններին փոխարինում է ստրկամիտ ու շողոքորթ արևելյան շրջապատով: Նա պարսիկներին ընդգրկում է իր հեթայրների կազմի մեջ, պարսիկ երիտասարդներին հունարեն լեզու և մակեդոնական ռազմական արվեստ սովորեցնում: Հատկապես մեծ դժգոհություն առաջացրեց այսպես կոչված պրոսկինեսիսի կիրառումը, որը պարտադրում էր բասիլևսին ողջունելիս գետնին պառկել, ինչից հետո արժանանում էին նրա համբույրին: Ազատամիտ հույները այդպես խոնարհվում էին միայն աստվածների առջև, և նման արևելյան երկրպագումն ընկալում էին որպես բարբարոսություն ու անպատվություն:
Ալեքսանդրի մերձավորների թվում էր Կալիսթենես անունով մի փիլիսոփա ու պատմիչ, Արիստոտելի ազգականը, որը պրոսկինեսիսի ծիսակարգի ժամանակ հրապարակայնորեն ծաղրեց թագավորին: Առաջին պրոսկինեսիսի ժամանակ Կալիսթենեսը ոչ միայն երեսնիվայր չպառկեց նրա առաջ, այլև հետո հեգնալից ասաց. «Պա՜հ, թող մի պաչիկ էլ պակաս լինի»:
Ալեքսանդրը խեթով էր նայում այդ խմորումներին և ջանում էր տեղիք չտալ բացահայտ պոռթկումների: Նա կարգադրեց գաղտնի ընթերցել հայրենիք ուղարկվող նամակներն ու երբ տեղեկացավ շիկացող դժգոհության մասին՝ մեկուսացրեց ամենաանզուսպներին: Բայց երբ նրան զեկուցեցին հեթայրների միջավայրում իր դեմ նյութված դավադրության մասին՝ անակնկալից, ասես, կայծակնահար եղավ:
Առաջին դեպքը տեղի ունեցավ Դրանգիանայում: Դա զորապետ Փիլոտասի՝ Պարմենիոնի որդու գործն էր, որը պատմության մեջ մտավ որպես «Փիլոտասի դավադրություն»: Երիտասարդն իրեն համարում էր հանգուցյալ Փիլիպոսի ու հին բանակի ավանդույթների պատվախնդիր շարունակող, ինչի շնորհիվ նրան հաջողվեց որոշ զանգվածների համակրանքը վաստակել: Դա չէր կարող չանհանգստացնել Ալեքսանդրին ու նրա մտերիմ ազդեցիկ դեմքերին՝ Հեփեստիոնեսին, Կրատերոսին, Քենոսին: Ք.ա. 330 թ. հոկտեմբերին նրանք Փիլոտասին մեղադրեցին թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Նրանց համոզմամբ, Փիլոտասը դավադիր խմբի պարագլուխն էր, իսկ Պարմենիոնը՝ ոգեշնչողը: Վարկածն այն էր, որ Փիլոտասը տեղեկանալով Ալեքսանդրի դեմ նյութվող մահափորձի մասին, մատնել էր այն անուշադրության և թողել անհետևանք: Գործի քննությունը վարում էր ինքը Ալեքսանդրը: Սարսափելի խոշտանգումներից ջարդված Փիլոտասը խոստովանում է հանցանքն ու զինխորհրդի դատավճռով ենթարկվում մահապատժի: Այնուհետև հերթը հասնում է Պարմենիոնին, որը ճանաչվում է հանցավոր Փիլոտասի դավակից, չնայած վերջինս ժխտում էր հոր մասնակցությունը: Հսկայական հեղինակություն վայելող Պարմենիոնի վարույթը անհրաժեշտ էր ավարտել հնարավորինս արագ՝ բանակում անցանկալի հուզումներից խուսափելու համար: Ալեքսանդրը իր հավատարիմ անձանց ուղարկում է Էքբատան, որտեղ գտնվում էր բանից անտեղյակ 70-ամյա զորավարը: Մարդասպանը հարձակվում է Պարմենիոնի վրա և կտրում նրա վիզը այն պահին, երբ նա կարդում էր իբր որդու ուղարկած նամակը: Պարմենիոնի գլուխն ուղարկվում է Ալեքսանդրին: Դժվարությամբ է հաջողվում հանգստացնել Էքբատանի կայազորին, որը, սահմռկեցուցիչ լուրից ցնցված, դիմեց զենքի: Վախենալով Ալեքսանդրի ցասումից, Պարմենիոնի մարմինը միանգամից հողին չհանձնեցին. դա արվեց ուշացումով, այն էլ զինվորների ճնշման տակ:
Աղմկալի դեպքերը շարունակվեցին Ք.ա. 328 թ. Կենտրոնական Ասիայում: Այս անգամ Մակեդոնացու զոհը դարձավ մանկության ընկեր Կլիտոսը, որը Գրանիկոսի ճակատամարտում փրկել էր Ալեքսանդրի կյանքը: Ողբերգությունը տեղի ունեցավ խրախճանքի ժամանակ, երբ Մակեդոնացու նորաթուխ պարսիկ ընկերներն Ալեքսանդրին հաճոյանալու համար սկսեցին երգել ու, հարբած, ծաղրել հունական հերոսներին, այնուհետև Փիլիպոս II-ի գործերն անվանեցին չնչին: Խորապես դառնացած Կլիտոսը բացականչեց, որ թույլ չի տա նվաստացնել հերոսների հիշատակը և քծնանքով փառաբանել Ալեքսանդրի նվաճումները: Նա հիշեց Եվրիպիդեսի պոեմի այն տողերը, որոնք դատապարտում էին անարդար իշխանությանը, երբ հաղթանակից հետո ամբողջ փառքը վերագրվում է թագավորին, իսկ նրանք, ովքեր իրենց ուսերին են կրել ճակատամարտի ծանրությունը, մոռացվում են: Կլիտոսը հիշեցրեց այն, ինչի մասին Փիլոտասի մահապատժից հետո ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն արտահայտվել: Հարբած Կլիտոսը լուտանք էր թափում Ալեքսանդրի հասցեին, իսկ հետո, պարզելով աջ ձեռքը, ավելացրեց. «Ահա այս նույն ձեռքը, Ալեքսանդր, այն ժամանակ /Գրանիկոսում-հեղ./ փրկեց քեզ»: Կլիտոսն ու Ալեքսանդրը նետվեցին դեմ-հանդիման, բայց բաժակակիցները նրանց հեռացրին միմյանցից: Սակայն Ալեքսանդրը, կորցնելով ինքնատիրապետումը, խլեց թիկնապահից նիզակը և ուժգին նետեց Կլիտոսի ուղղությամբ: Սպանվածն ընկավ նրա ոտքերի տակ: Սթափությունն ակնթարթային էր: Բոլոր պատմիչները միաբերան հաստատում են, որ Ալեքսանդրը այնպիսի սրտաճմլիկ զղջանքի մեջ ընկավ, որ ուզում էր իր կյանքին վերջ տալ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *