Ամելի Նոտոմբ | Ասպիրին

Երբ ես փոքր էի, ասպիրին անունը մեր տանը հավասարազոր էր լուտանքի: Բժշկության մասին մայրս ուներ իր յուրահատուկ պատկերացումները, որոնք ավելի շուտ կրոնական էին: Մենք հոմեոպաթների երկրպագուն էինք, ավելի ճիշտ՝ մի հոմեոպաթի, որի անունը ելնելով էզոթերիկ ուսմունքի գաղտնիությունից, այստեղ չնշեմ: Անվանենք նրան Մսյո Իքս: Նա ապրում էր Բրյուսելում, մենք՝ Պեկինում, ինչը դարձնում էր նրա գործունեությունը էլ ավելի խորհրդավոր ու գաղտնի: Հատկապես պրակտիկայում: Յոթանասուն թվականներին դեռեւս ֆաքս գոյություն չուներ, եւ երբ մենք հիվանդանում էինք, մայրս նամակ էր գրում Մսյո Իքսին: Մեզ արգելված էր այդ ընթացքում որեւէ դեղ խմել, մինչ կգար փոստատարը եւ կբերեր գուրուի պատասխանը՝ փրկարար դեղահատերի համակցությամբ: Շատ հաճախ փոստն այնքան դանդաղ էր աշխատում, որ մինչ նամակի վերադարձը մենք ինքնուրույն ապաքինված էինք լինում:
Ես, քույրս ու եղբայրս ավելի քան համոզված էինք, որ տառապանքն առանց ապաշխարության անիմաստ է: Միակ հնարավոր մեղքը մեր պարագայում որեւէ դեղահատի ընդունում էր, որը համարվում էր ալոպաթ բուժում, ինչն էլ հակադարձվում էր հոմեպաթիային: Ասպրինը եւս ալոպաթ էր, ուրեմն եւ՝ սատանայական: Ես այն տարիքում էի, երբ հավատում ես ամեն ինչին, ինչ ասում է մայրդ, իսկ նա ասում էր. «Ջերմության մեջ ես ավելի լավ է մեռնեմ, քան խմեմ այդ սատանայական դեղահաբը»: Անտանելի գլխացավ, որ շատ հաճախ ավարտվում էր գիտակցության կորստով: Բայց հրաժարվել կրոնական ուսմունքից եւ ընդունել սալիցիլաթթու. սարսափելի մեղք, որից երբեք չի փրկվի իմ հոգին:
Այսպիսով ես մեծացա առանց երբեւէ ընդունած լինելու ասպիրին կամ ալոպաթ բուժման որեւէ դեղահաբ: Ու մի օր էլ ես թողեցի ծնողներիս եւ տեղափոխվեցի Բրյուսել: Մորս առաջին խրատը եղավ այն, որ վերջապես անձնապես ծանոթանալու եմ Մսյո Իքսի հետ եւ նրան վերաբերվեմ որքան հնարավոր է հարգալից: Կարծես ես հանդիպելու էի Մեքքա գնացած մահմեդականի: Բելգիացի գուրուն բարեհաճեց ընդունել տասնյոթամյա օրիորդիս, որին ծննդյան օրից բուժել էր հեռավոր տարածությունից: Որ Գուրուն զոմբի սադիստի դեմք ուներ, բացահայտեցի ոչ առանց վախի: Նա հետաքրքրվեց իմ սովորություններով եւ պարզեց, որ սիրում եմ չինական թունդ թեյ: Նա վիրավորված արգելեց ինձ թունդ թեյ խմել: Ես ոչինչ չասացի, բայց հասկացա, որ Մսյո Իքսի եւ թեյի միջեւ ընտրությունն արդեն կատարեցի: Ես այլեւս չհանդիպեցի Մսյո Իքսին, սակայն ոչ այն պատճառով, որ ընկնել էի այլ բժիշկների ծուղակը: Պարզապես հասկացել էի, որ կարող եմ գլուխ հանել առանց ցանկացած բժշկության. դա ինձ սովորեցրել էր միջազգային փոստի դանդաղաշարժությունը:
Որոշ ժամանակ անց, երբ ես ապրում էի ընկերուհուս հետ, իմ բազմաթիվ հիվանդություններից մեկը մի օր գլուխ բարձրացրեց: Թանկագին ընկերուհիս ինձ տվեց ասպիրինի մի դեղահատ: Ես նայեցի նրան, ինչպես կնայեն հակաՔրիստոսին եւ աղաղակեցի, որ երբեք չեմ խմի Բեեղզեբուղի այդ դեղահատերը: Հանուն հավատի դեղահաբից իմ հրաժարվելը ընկերուհիս վերագրեց տենդին եւ ջրով լի բաժակն ու հաբը թողեց սեղանին, որն ինձ ստիպում էր կուլ տալ իրեն: Ես հրաշալի զգացողություն ունեցա ՝ ըմպելով բոլոր չարիքները մի բաժակով: Առաջին զգացողությունը, որ ունեցա, սուր եւ դառը համն էր, որ պարուրեց ինձ բերկրանքով…Այնքան քիչ զգացողություններ են ինձ ծանոթ, որ կարող են այդպես սքանչացնել ինձ… քիչ անց հաճելի ընդարմացում պարուրեց ինձ եւ հաճելի ու խորը քնով անցա: Երբ արթնացա 10 ժամ անց, երբեք ինձ այդքան լավ չէի զգացել:
Դրանից հետո, կարելի է ասել, ես դարձա ասպրիրնի ֆանատը: Ես նրան սիրում եմ անզուսպ կրքով, հենց հիմա էլ հազիվ եմ դիմակայում, որ չխմեմ այդ ցանկալի հաբը՝ նույնիսկ առանց տկարություն զգալու: Եվ այն պահից, երբ իմացա «սալիցիլաթթու»[1] բառի ստուգաբանությունը, ես նայում եմ ուռենուն ինչպես իմ կործանարար դաշնակցի, ինչպես իմաստնության ծառի, եւ ինքս ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե Եդեմի խնձորենին ուռենի չէր՝ իր ճյուղերով արտասվող, հիվանդության ու ցավի սպեղանին՝ եկած հավերժությունից….

[1] լատ.՝ salix «ուռենի», անունից է ծագել

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արմինե Գաբրիելյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *