Լիլիթ Երանյան | Ամոս Օզի «Հուդա»-ն. և´ խաղաղության, և´ պայքարի անհնարինության փակ շղթան

Շփոթված որպես ընթերցող

Ամոս Օզի «Հուդա» վեպը կարդալիս նախ շփոթվում ես ու զարմանալիորեն խճճվում: Ի վերջո սա ի՞նչ վեպ է. պատմաքաղաքական վեպ Իսրայել պետության ընտրության ու ճանապարհի մասին, թե՞ աստվածաբանական եզրեր շոշափող վեպ Հուդայի կերպարի մասին: Միգուցե սա հոգեբանական վեպ է որդուն և ամուսնուն կորցրած մարդկանց ողբերգության մասին, կամ էլ պատմություն է երիտասարդ մարդու մասին, որը հաջողության չի հասնում, մանկության տարիներին անհրաժեշտ ջերմություն չստանալու պատճառով: Իսկ եթե այդ անհաջողակ ուսանողի և ողբերգություն ապրած կնոջ միջև սիրային պատմությո՞ւն է, որ պիտի դառնա երիտասարդի հերթական անհաջողությունը:
Ընթերցելիս զարմացնում է նաև գեղարվեստական տեքստի խաղաղ գոյակցությունը բացարձակ անգեղարվեստական պատկերների ու միջոցների կողքին: Այսպես` կարելի է կարդալ պատմական որևէ դրվագի կամ Հուդայի կերպարի ընկալման մասին դասագրքային ոճի պարբերություն և ապա մի պարբերություն հետո տեսնել, թե հերոսն ինչ տեսակի ապուր էր ուտում, կամ ինչ զգեստ էր հագել հերոսուհին: Այդ առումով գիրքը կարող է սիրելի դառնալ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի ընթերցողներին, քանի որ այդ վեպում նույնպես անհամադրելի թվացող համադրություններ կան` փիլիսոփայական խորհրդածություններին զուգահեռ կկարդաս մանրամասներ կերպարների առօրյայից:
Պատմաքաղաքական շերտը կամ երկատվածության կեցություն
Երկու հատվածի բաժանված Երուսաղեմում ապրող գլխավոր հերոսի` Շմուել Աշի մտածումներն էլ երկու ուղղությունների են բաժանված: Նախ շատ են անձնական խնդիրները` հոր սնանկությունը, ընկերուհու լքելը, ուսման անհնարինությունը և մյուսներից, անգամ քրոջից շատ տարբեր լինելու մտահոգությունը: Խնդիրների երկրորդ շարք, որ անընդհատ պտտվում է նրա գլխում, անանձական են. թե ով էր Հուդան իրականում, ինչ նշանակությունը ուներ Հուդայի համար Քրիստոսը և այսպես շարունակ: Ապա նաև իր երկիրը, ինչ կլիներ, եթե Իսրայելը չգնար այն ուղիով, որ առաջին նախագահ Բեն Գուրիոնն էր գծել:
Այստեղ նորից կարելի է հիշել Միլան Կունդերային, որն այսպես է բնութագրել պատմական իրականության դերը վեպում. «Պատմական իրականությանը հավատարմությունը երկրորդական է` համեմատած վեպի արժեքի հետ: Վիպասանը ոչ պատմաբան է, ոչ էլ` մարգարե. նա կեցություն հետազոտող է»: Ամոս Օզն է, թեպետ բացարաձակ այլ բնութագրի վիպասան է, բայց ուսումնասիրում է կեցությունը, որտեղ կան կամ հայտնվել են կերպարները` մասնավորապես Շմուելը:

 

Երկու Հուդա

Եվ Շմուելը ինքն իրեն ու Հուդայի կերպարին հասկանալու ճանապարհին գտնում է երկրորդ «Հուդային»: Շաթրիել Աբրավանելն է, որը միամտաբար հավատում էր, թե հնարավոր է ընտրել խաղաղություն, թե պետք չէ պարսիպներ կառուցել, որովհետև տեղ կա բոլորի համար` թե հրեաների, թե արաբների: Բայց Շմուելի աշխատանքը պիտի լիներ անձամբ լսել երկրորդ ճանապարհին հավատացող Գերշոմ Վալդին, որ կարծում էր, թե բնական է սեփական տուն ունենալու և այնտեղ ապահով ապրելու ցանկությունը: Հետո Շմուլեը պիտի սիրահարվի այդ երկու ճանապարհների արանքում լռությամբ, դառն անտարբերությամբ կանգնած կնոջը` Աթալիային, որ իրեն բաժին հասած ցավից հետո ունայնության մեջ է պտտվում: Այդ բոլոր ուղիների նկատմամբ կասկածը պիտի սկսի ցավեցնել նաև Վալդին, որ չի ուզում անգամ մտածել, թե որդին զոհվել է անհնար և անարդյունք բանի համար.«Ես կորցրել եմ միակ որդուս, որ միայն կարճ ժամանակով հետաձգեմ աղետը, որն, ըստ քեզ, անխուսափելի է»:
Ունայության մանուշակագույն հետքը կամ փակ շղթան
Ակնհայտ է, որ Օզը բացարձակ հրաշալի է գծել Աթալիայի կերպարը` բոլոր կանանցից տարբեր և ցանկացած կնոջ մի փոքր նման: Նա բացարձակ աննյարդ ունայությունն է, իր հոր և ամուսնու հոր աշխարհի արանքում ճզմվել է նրա ճշմարտությունը, որն այդ երկու աշխարհներից որևէ մեկին էլ չի պատկանում: Այս կինը փակ շթղայի մարմնացումն է:
Հավատալ արևի տակ բոլորի համար տեղ լինելուն, երբ Բիթլզի երգը կդառնա իրականություն, ինչպես Աթիլիայի հայրն էր անում, միամտություն է, սեփական պատը շարելը ու պաշտպանվել` անընդհատ պատերազմի հրեշին զոհ մատուցելով, առավել քան սարսափելի է, սա մի փակ շղթա է, որից դուրս գալ չի ստացվում: Այս փակ շղթայի նկատմամբ ըմբոստությունն է երբեմն Աթալիային նյարդ տալիս, բայց և այդ փակ շղթան է ստիպում հուսահատվել և չհավատալ ոչնչի: Եվ նա շարունակում է ունանյության շերտ տարածել իր մանուշակագույն զգեստով:

Որպես հայ ընթերցող

Ի վերջո որքան էլ ուզում ես որպես ընթերցող գրականություն վայելել, անհնար է լինում չմտածել զուգահեռների մասին: Հայաստանում ապրելը նման է Աթալիայի փակ շղթայի մեջ գտնվելուն: Խաղաղությունը անհնարին երազանք է, իսկ հակառակը` անհրաժեշտ, բայց անտանելի դառն ու ծանր: Վեպի գլխավոր հերոսը` Շմուելը, ճանապարհ է ընկնում: Նա իր անձնական փակ շղթան կարծես կոտրում է` դուրս գալով ունայնության մանուշակագույն հետք տարածող տնից: Կկարողանա՞ գտնել այն հարցի պատասխանը, թե ով է ինքը, կկարողանա՞ հասկանալ, թե Հուդան դավաճան էր, թե միակ ճշմարիտ հավատացյալը: Չկան այս հարցերի պատասխանները, բայց ճանապարհին մի թզենի կա: Սա մի ծառ է, որն անհիշելի ժամանակներից ծանոթ է մարդուն, որին թե´ քրիստոնեական, թե´ հրեական միտքը խորհրդանշական բազմաթիվ իմաստներ են տվել: Դրանից շատերը համերաշխ են վեպի փիլիսոփայությանը: Սակայն եթե մի կողմ թողնենք բոլոր այդ խորհրդանշանները, թզենին համառ ու դիմացկուն ծառ է, որը կռվում է հողի հետ, նորից կանաչում և բերք է տալիս այն դեպքում, երբ անհնար էր թվում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *