Ալեքսանդր Բելայեւ | Անդունդի վրայ

Մաս Ա.
ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԱՄԱՌԱՆՈՑԸ

Սիմէիզի շրջակայքում զբաւսանքների ժամանակ ուշադրութիւնս գրաւեց լեռան կտրուկ զառիկողին տեղաւորուած միայնակ մի ամառանոց։ Դէպի այդ ամառանոցը տանող ճանապարհ անգամ չէր գցուած։ Այն պատում էր բարձր շրջապարիսպը՝ միակ ցածր դռնակով, որ միշտ պինդ ծածկուած էր լինում։ Եւ ո՛չ մի բոյսի թուփ, ո՛չ մի ծառ չէր երեւում պարսպի վերեւում։ Ամառանոցի շուրջ դեղինին տուող ապառաժների մերկ սանդղավանդներն էին, նրանց միջեւ տեղ-տեղ աճել էին մոշի ազազուն թփեր եւ լեռնային գաճաճ թեք սոճիներ։

«Այս ի՞նչ երեւակայութիւն է դրդել ինչ-որ մեկի՝ բնակութիւն հաստատել այս վայրի, մերկ քարափին։ Եւ արդե՞ւք այնտեղ որ եւ է մեկն ապրում է», – մտածում էի՝ թափառելով ամառանոցի շուրջ։

Ես դեռ երբեք չեմ տեսել, որ այնտեղից ինչ-որ մեկը դուրս գայ։ Իմ հետաքրքրասիրութիւնն այնքան մեծ էր, որ ես, խոստովանում եմ, փորձեցի աչք ածել խորհրդաւոր կացարանի բակը՝ մի կերպ մագլցելով աւելի բարձրադիր ժայռերն ի վեր։ Բայց ամառանոցն այնպիսի տեղադրութիւն ունէր, որ ես որ կողմից էլ շրջանցելով մաւտենում էի, միայն բակի ոչ մեծ անկիւնն էի կարողանում տեսնել։ Այն նոյնպէս ամայի էր եւ անմշակ, ինչպէս շրջապատող տեղանքը։

Բայց եւ այնպէս, մի քանի աւրուայ դիտումներից յետոյ յաջողուեց նկատել, որ բակով անցաւ մի տարեց սեւազգեստ կին։
Դա աւելի գրգռեց հետաքրքրութիւնս։

– Եթե այնտեղ ապրում են մարդիկ, ապա պէտք է որ նրանք թեկուզ մի եղանակով կապ պահպանեն արտաքին աշխարհի հետ, դե, գոնէ գնան շուկայ գնումների։

Ես սկսեցի հարցուփորձ անել իմ ծանաւթների շրջանում, եւ վերջապէս, յաջողուեց բաւարարել իմ հետաքրքրասիրութիւնը։ Ճիշդ է, ոչ ոք ստոյգ չգիտէր ամառանոցի բնակիչների մասին, բայց ծանաւթներիցս մեկը հաղորդեց ինձ, որ ըստ լուրերի՝ այնտեղ ապրում է գիտապետ (professor) Վագները։

Գիտապետ Վագնե՜րը։

Դա բաւարար էր, որ իմ ուշադրութիւնը բացարձակապէս գամէր ամառանոցին։ Ես տենչում էի, ինչ գնով էլ լինէր, տեսնել իր գիւտերով այդքան աղմուկ բարձրացրած արտասովոր մարդուն։ Բայց ինչպէ՞ս։… Ես բառացիաւրէն սկսեցի լրտեսել ամառանոցը։ Զգում էի, որ դա լաւ չէր, բայց եւ այնպէս, շարունակեցի իմ դիտումները՝ աւրուայ եւ նոյնիսկ գիշերուայ տարբեր պահերի ժամերով նստելով ամառանոցից ոչ հեռու՝ մոշի թփերի հետեւում։

Ասում են, որ եթե մարդ աննահանջ կերպով հետապնդում է մի նպատակ, ապա վաղ թե ուշ հասնում է նրան։

Մի անգամ վաղ առաւաւտեան, երբ նոր-նոր էր լոյսը բացուել, յանկարծ լսեցի, թե ինչպէս բարձր պարսպի նուիրական դուռը ճռռաց։ Ես ոտից գլուխ ուշադրութիւն դարձայ, կծկուեցի եւ շունչս պահած՝ սկսեցի հետեւել, թե ինչ է լինելու յետոյ։

Դուռը բացուեց։ Բարձրահասակ մարդը՝ կարմրաւուն դէմքով, խարտեաշ մորուքով եւ կախ ընչացքով, դուրս եկաւ եւ ուշադիր զննեց շուրջը։ Ի հարկէ, այդ նա էր, գիտապետ Վագնե՜րը։

Համոզուելով, որ շուրջը ոչ ոք չկայ, նա սկսեց դանդաղ վեր բարձրանալ, հասաւ ոչ մեծ լեռնային հարթակի եւ այնտեղ սկսեց զբաղուել ինձ համար բացարձակապէս անհասկանալի ինչ-որ վարժութիւններով։ Հարթակի վրայ այս ու այն կողմ ընկած տարբեր մեծութեան քարեր կային։ Վագները մաւտենում էր նրանց եւ բարձրացնելու փորձեր էր անում, յետոյ զգուշաւրէն քայլ էր անում, փոխում տեղը եւ նորից անցնում քարերին։ Բայց նրանք բոլորն էլ այնքան հսկայական էին ու ծանր, որ նոյնիսկ ծանրորդը հազիւ թե կարողանար հրել-տեղաշարժել։

«Այս ի՜նչ տարաւրինակ զուարճանք է», – մտածեցի ես։ Եւ յանկարծ այնպէս ցնցուեցի, որ չկարողացայ զսպել ակամայ բացականչութիւնս։ Ինչ-որ անհաւանական բան տեղի ունեցաւ. գիտապետ Վագները մաւտեցաւ ապառաժի ահռելի մի բեկորի՝ մարդու հասակից աւելի բարձր, բռնեց դուրս ցցուած սուր եզրից ու ժայռը բարձրացրեց այնպիսի թեթեւութեամբ, ինչպէս եթե դա ստուարաթղթի կտոր լինէր։ Ձեռքը մեկնելով՝ սկսեց աւդում աղեղներ գծել այդ ժայռաբեկորով։

Ես չգիտէի ինչ մտածել։ Կամ Վագները գերբնական ուժի է տիրապետում… բայց այդ դէպքում ինչո՞ւ չկարողացաւ բարձրացնել համեմատաբար ոչ մեծ քարերը, կամ էլ…։ Ես չհասցրի աւարտել միտքս, երբ Վագների նոր աճպարարութիւնը էլ աւելի ցնցեց ինձ։

Վագները դէպի վեր նետեց ժայռը, ինչպէս փոքրիկ քարի կտոր, եւ այն սլացաւ՝ բարձրանալով երկու տասնեակ ոտնաչափ։ Յուզուած սպասում էի, թե ինչպէս է այդ ժեռ քարը դղրդոցով հարուածելու երկրին։ Բայց ժայռի բեկորը ետ ընկաւ բաւականին դանդաղ։ Ես հաշուեցի տասը վայրկեան, մինչեւ ժայռաբեկորը ցած իջաւ։ Եւ երբ այն երկրից արդէն մարդահասակ էր բարձր, Վագները մաւտեցրեց ձեռքը, որսաց ու պահեց քարաբեկորը, ընդ որում ձեռքը նոյնիսկ չցնցուեց։

– Հո-հո-հո՜, – քրքջաց Վագները, եւ իրենից հեռու նետեց կտորը։ Այն որոշ ժամանակ թռչելով երկրին զուգահեռ՝ յանկարծ թռիչքի ուղեգիծը կտրուկ փոխեց ուղղաձիգի, արագ ընկաւ եւ ահարկու դղրդոցով ցրիւ եկաւ։

– Հո-հո-հո՜, – կրկին քրքջաց Վագները եւ մի անսովոր ցատկ կատարեց։ Բարձրանալով մաւտ չորս ոտնաչափ՝ նա թռչելով անցաւ հարթակի երկայնքով դէպի իմ կողմը։ Նա, ակնյայտ է, չէր հաշուարկել ցատկը, քանի որ նրա հետ էլ պատահեց այն, ինչ ժայռաբեկորի հետ. անսպասելիաւրէն նա սկսեց արագ ընկնել։ Եւ եթե չլինէր թեքութիւնը, ուր ընկաւ, Վագները հաւանաբար մահացու կը վնասուէր։ Նա ընկաւ ինձնից ոչ հեռու՝ մոշի թփի մեւս կողմում, տնքաց եւ հայհոյեց՝ բռնելով ծունկը։ Շոյելով վնասուած տեղը՝ նա փորձ արեց կանգնել եւ նորից տնքաց։

Որոշ տատանումից յետոյ ես որոշեցի յայտնի դարձնել իմ ներկայութիւնը եւ նետուել նրան աւգնելու։

– Շա՞տ վնասուեցիք։ Չաւգնե՞մ արդեւք, – հարցրի ես՝ դուրս գալով թփի յետեւից։

Ըստ երեւոյթին, իմ ներկայութիւնը չզարմացրեց գիտապետին։ Յամենայն դէպս, նա ոչնչով չդրսեւորեց այն։

– Ոչ, շնորհակալ եմ, – հանգիստ ասաց նա, – ես ինքս կը հասնեմ։ – Եւ նա նոր փորձ արեց բարձրանալու։ Նրա դէմքը ցաւից այլայլուել էր։ Նա նոյնիսկ ետ թեքուեց։ Ոտքը ծունկի մասում արագ ուռեց։ Ակնյայտ էր, որ առանց կողմնակի աւգնութեան անհնար էր։

Եւ ես սկսեցի վճռականաւրէն գործել։

– Գնանք, քանի դեռ ցաւն աւելի չի թուլացրել, – ասացի ես եւ բարձրացրի նրան։ Նա հնազանդուեց։ Իւրաքանչիւր շարժման հետ ցաւող ոտքը նրան տառապանք էր պատճառում։ Մենք դանդաղ բարձրանում էինք զառիվերով։ Ես գրեթե ինձ վրայ էի տանում Վագներին եւ ինքս ուժասպառուել էի նրա դժուարակիր մարմնի ծանրութեան ներքոյ։ Բայց այդու հանդերձ ես չափազանց գոհ էի, որ այդ եղանակով հնարաւորութիւն էի ստացել ոչ միայն տեսնել, այլ նաեւ ծանաւթանալ գիտապետ Վագների հետ, լինել նրա կացարանում։ Այդու հանդերձ, մի գուցէ, հասնելով դռնակին՝ նա երախտագիտութիւն յայտնի ինձ եւ ներս չթողնի իր մաւտ։ Այս միտքն անհանգստացրեց ինձ, երբ մաւտեցանք նրա ամառանոցի բարձր պարսպին։ Բայց նա ոչինչ չասաց, եւ մենք ոտք դրեցինք նուիրական գծից այն կողմ, – եւ հազիւ թե նա կարողանար որ եւ է բան ասել։ Նա շատ վատ էր զգում։ Ցաւից ու ցնցումից գրեթե կորցրել էր գիտակցութիւնը։ Ես էլ էի յոգնութիւնից գլորուում։ Բայց եւ այնպէս, նախքան նրան ներս տանելը հասցրի ուսիս վրայով քննախոյզ մի հայեացք նետել բակին։

Բակը բաւականին ընդարձակ էր։ Կենտրոնում դրուած էր ինչ-որ սարք՝ Մորէնի ապարատի նման։ Բակի խորքում՝ հողի մէջ, նկատուում էր ինչ-որ մեծ, հաստ ապակով ծածկուած անցք։ Այդ բացուածքի շուրջ՝ նրանից դէպի տուն եւ էլի ուրիշ ուղղութիւններով հողից դուրս էին ցցուած մետաղէ աղեղներ՝ միմեանցից կէս մետր հեռաւորութեամբ։

Այլեւս ոչինչ չկարողացայ դիտել։ Տնից մեզ ընդառաջ ելաւ սեւազգեստ տարեց կինը վախեցած՝ նրա տնտեսուհին, ինչպէս յետոյ իմացայ։

Մենք պառկեցրինք գիտապետ Վագներին մահճակալին։

 

Մաս Բ.
ԿԱԽԱՐԴՈՒԱԾ ՇՐՋԱՆ

Վագների վիճակն աւելի վատթար էր։ Նա ծանր էր շնչում, աչքերը փակելով՝ զառանցում էր։

«Մի՞թե ցնցումից կարող էր զոհուել այս հանճարեղ մեքենան՝ գիտապետ Վագների ուղեղը», – անհանգստութեամբ մտածում էի ես։

Հիւանդը մաթեմատիկական բանաձեւեր էր զառանցում եւ ժամանակ առ ժամանակ տնքում էր։ Գլուխը կորցրած տնտեսուհին անաւգնական կանգնել էր եւ միայն կրկնում էր.

-Բա ի՞նչ է լինելու։ Տէր իմ, հիմի ի՞նչ է լինելու։

Ստիպուած էի գիտապետին առաջին աւգնութիւն ցոյց տալ եւ հոգ տանել հիւանդի մասին։

Միայն երկրորդ աւրն առաւաւտեան կողմ Վագներն ուշքի եկաւ։ Նա բացեց աչքերը եւ ինձ նայեց լիովին գիտակցաբար։

– Շնորհակալ եմ…, – հազիւ լսելի խաւսեց նա։

Ես նրան ջուր տուեցի, եւ նա, գլուխը տարուբերելով, խնդրեց իրեն մենակ թողնել։ Նախորդ աւրուայ տագնապ-յուզմունքներից եւ անքուն գիշերից յոգնած՝ ես վերջապէս որոշեցի հիւանդին թողնել եւ դուրս ելայ բակ՝ թարմ առաւաւտուայ աւդը շնչելու։ Բակի կենտրոնում դրուած անծանաւթ ապարատը վերստին գրաւեց իմ ուշադրութիւնը։ Ես մաւտեցայ նրան ու ձեռքս երկարեցի։

– Մի´ քայլէք։ Կանգնէ´ք, – թիկունքից լսեցի տնտեսուհու խեղդուած, վախեցած ձայնը։ Եւ նոյն պահին զգացի, որ ձեռքս յանկարծ անսովոր կերպով ծանրացաւ, կարծես նրանից կախել էին հսկայական կշռաքար, որն ինձ այնպիսի ուժով ցած ձգեց, որ ես ընկայ գետնին։ Անտեսանելի կշռաքարը ճզմել էր ձեռքիս դաստակը։

Մեծ ճիգով հեռացրի ձեռքս։ Ցաւում էր ու կարմրած էր։

Ինձ մաւտ կանգնել էր տնտեսուհին եւ խիստ վշտացած աւրաւրում էր գլուխը։

– Եւ այդ ինչպէ՞ս դու… Մի՞թե կարելի է… Աւելի լաւ է՝ չշրջես բակում, թե չէ քեզ լրիւ կը տափակացնի։

Ոչինչ չհասկանալով՝ վերստին տուն մտայ եւ սառը թրջոց դրեցի վնասուած ձեռքիս։

Երբ գիտապետը կրկին արթնացաւ, արդէն լիովին առոյգ տեսք ունէր։ Ակնյայտ էր, այդ մարդը արտասովոր առողջ որգանիզմ ունէր։

– Դա ի՞նչ է, – հարցրեց նա՝ ցոյց տալով ձեռքս։

Ես բացատրեցի նրան։

– Դու մեծ վտանգի ես ենթարկել քեզ, – ասաց նա։

Ես փափագում էի հնարաւորինս շուտ Վագներից լսել արտասովոր այն ամէնի բացատրութիւնը, որ ինձ վիճակուել էր վերապրել, բայց ես զսպեցի հետաքրքրութիւնս՝ չցանկանալով անհանգստացնել հիւանդին։
Նոյն աւրուայ երեկոյեան Վագները, խնդրելով տեղաշարժել իր մահճակալը դէպի պատուհանը, ինքն սկսեց խաւսել այն մասին, ինչն այնպէս գրաւել էր ինձ։

– Գիտութիւնն ուսումնասիրում է բնութեան ուժերի դրսեւորումները, – սկսեց նա՝ առանց նախաբանի, – սահմանում է գիտական աւրէնքներ, բայց շատ վատ է ճանաչում այդ ուժերի էութիւնը։ Մենք ասում ենք՝ «ելեկտրականութիւն», «ծանրութեան ուժ»։ Մենք ուսումնասիրում ենք նրանց յատկութիւնները, աւգտագործում ենք մեր նպատակների համար։ Բայց իրենց բնութեան սահմանային գաղտնիքները նրանք բացայայտում են խիստ դժկամաւրէն։ Եւ յետոյ, մենք դրանք ամենեւին էլ լրիւ չափով չենք աւգտագործում։ Այս առումով՝ ելեկտրականութիւնն աւելի ենթարկուող դուրս եկաւ։ Մենք հպատակեցրինք այդ ուժը, տիրելով նրան՝ ստիպեցինք մեզ համար աշխատել։ Մենք նրան տեղից տեղ ենք քշում, պահեստաւորում ենք, սպառում ենք ըստ պահանջի։ Իսկ ծանրութեան ուժը իսկապէս ամենաանհնազանդ ուժն է։ Նրա հետ պիտի ընդհանուր լեզու գտնենք, աւելի շատ նրան հարմարուենք, քան հարմարեցնենք այն մեր պահանջմունքներին։ Եթե միայն կարողանայինք փոփոխել ծանրութեան ուժը, ղեկավարել այն մեր ցանկութեամբ, կուտակել, ինչպէս ելեկտրականութիւնը, ապա ինչպիսի՜ հզաւր գործիք կը ստանայինք։ Այդ անհնազանդ ուժին տիրելը իմ վաղեմի ցանկութիւնն է։

– Եւ դուք տիրապետել էք այն, – բացականչեցի ես՝ սկսելով հասկանալ ամբողջ տեղի ունեցածը։

– Այո, ես տիրապետել եմ այն։ Ես գտել եմ միջոց ծանրութեան ուժն իմ ցանկութեամբ կարգաւորելու։ Դու տեսար իմ առաջին յաջողութիւնը… Ախ… յաջողութիւնները երբեմն թա՜նկ են արժենում…, – հառաչեց Վագները՝ շոյելով վնասուած ծունկը։ – Որպէս փորձ՝ տան մաւտ՝ մի ոչ մեծ տարածքում, նուազեցրել եմ ծանրութեան ուժը… Դու քիչ մնաց քո հետաքրքրասիրութեան համար կեանքով հատուցէիր՝ մաւտենալով իմ «կախարդուած շրջանին»։

– Ահա, նայի՛ր, – շարունակեց նա՝ ձեռքով դէպի պատուհանը ցոյց տալով։ – Ամառանոցի ուղղութեամբ թռչունների երամ է թռչում։ Հնարաւոր է՝ գոնէ նրանցից մէկն անցնի հզաւրացուած ձգողութեան գաւտու վրայով…

Նա լռեց, իսկ ես հուզմունքով հետեւում էի մաւտեցող թռչուններին… Ահա, նրանք թռչում են հէնց բակի վրայով…

Եւ յանկարծ նրանցից մեկը քարի պէս ընկաւ գետնին եւ նոյնիսկ ոչ թե վնասուեց, այլ դարձաւ մի բիծ, որը ծածկեց գետինը հաւանաբար պապիրուսի թղթից ոչ հաստ մի շերտով։

– Տեսա՞ր։

Ես սարսռացի՝ պատկերացնելով, որ ինձ էլ կարող էր բաժին ընկնել այդպիսի ճակատագիր։

– Այո, – կռահեց նա միտքս, – դու կը ճզմուէիր քո սեպհական գլխի ծանրութեամբ եւ կը վերածուէիր պաստեղի։ – Եւ կրկին քմծիծաղելով՝ շարունակեց։ – Թիման՝ իմ տնտեսուհին, ասում է, որ ես յայտնագործել եմ հրաշալի միջոց՝ պահպանելու համար մթերքը թափառող կատուներից։ «Նրանց իսպառ մի՛ ոչնչացրէք, – ասում է նա, – այլ թե թաթերը հպեն. ուրիշ անգամ էլ չեն երեւայ»։ Այո…, – ասաց նա դադարից յետոյ, – կան կատուներ՝ աւելի շատ վնաս տուող եւ վտանգաւոր, երկոտանի, զինուած ոչ թե ճանկերով ու ատամներով, այլ թնդանաւթներով ու գնդացիրներով։

Պատկերացրու՝ ինչպիսի՜ պաշտպանական միջոց կը լինի ծանրութեան նուաճուած ուժը։ Ես կարող եմ ստեղծել արգելափակիչ գաւտի պետութեան սահմաններին, եւ ոչ մի թշնամի չի խախտի այն։ Աւդանաւերը քարի պէս կընկնեն, ինչպէս այս թռչունը։ Աւելին, նոյնիսկ արկերը ի զաւրու չեն լինի անցնել այդ պաշտպանական գաւտին։ Կարելի է անել եւ հակառակը՝ գրոհող թշնամուն զրկել ծանրութեան ուժից, եւ զինուորները մի փոքրիկ շարժման դէպքում բարձր կը ցատկեն եւ անաւգնական կը տարուբերուեն աւդում… Բայց այս ամէնը դատարկ բաներ են՝ համեմատած նրա հետ, ինչին հասել եմ։ Ես գտել եմ հողագնդի ամբողջ մակերեւոյթին ծանրութեան ուժը նուազեցնելու միջոց՝ բացի բեւեռներից…

– Եւ ինչպէ՞ս էք դա իրագործելու։

– Ես երկրագնդին կը ստիպեմ աւելի արագ պտտուել, ահա եւ ամէնը, – պատասխանեց գիտապետ Վագները այնպէս, կարծես հոլի մասին էր խաւսում։

– Մեծացնել երկրի պտտման արագութի՞ւնը, – չկարողացայ զսպել, որ չբացականչէի։

– Այո, ես կը մեծացնեմ նրա շարժման արագութիւնը, եւ այդժամ կենտրոնախոյս ուժը կը սկսի մեծանալ, եւ երկրի վրայ գտնուող բոլոր մարմինները կը դառնան աւելի թեթեւ։ Եթե դէմ չես, ինձ մաւտ հիւրընկալուի՛ր եւս մի քանի աւր…

– Հաճոյքո՜վ։

– Ես կը սկսեմ փորձը, հէնց որ ոտքի կանգնեմ, եւ դու հետաքրքիր շատ բան կը տեսնես։

 

Մաս Գ.
«ՊՏՏՈՒՈՒՄ Է»

Մի քանի աւրից գիտապետ Վագները լիովին ապաքինուեց, եթե անտեսենք այն, որ մի քիչ կաղում էր։ Նա տեւական ժամանակով մեկուսանում էր բակի անկիւնում գտնուող իր ստորգետնեայ աշխանոցում՝ իմ հայեցողութեան տակ թողնելով իր տան գրադարանը։ Բայց աշխատանոց չէր հրաւիրում ինձ։

Մի անգամ, երբ նստած էի գրադարանում, մտաւ Վագները՝ շատ աշխոյժ, եւ դեռ շեմքից բղաւեց.

– Պտտուո՜ւմ է։ Ես իմ սարքը գործարկեցի, տեսնենք՝ ինչ է լինելու յետոյ։

Ես սպասում էի, որ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենալու։ Բայց անցան ժամեր, մեկ աւր անցաւ, ոչինչ չփոխուեց։

– Սպասի՜ր, – ժպտում էր գիտապետն իր կախ ընկած բեղերի տակից, – կենտրոնախոյս ուժը ուղիղ համեմատական է արագութեան քառակուսուն։ Իսկ երկիրը կանոնաւոր հոլ է, նրան արագ չես կարող տեղից շարժել։

Առաւաւտեան մահճակալից իջնելով՝ ինչ-որ թեթեւութիւն զգացի։ Ստուգելու համար բարձրացրի աթոռը։ Այն ինձ զգալիաւրէն թեթեւ թուաց սովորականից։ Ակնյայտ էր, կենտրոնախոյս ուժն սկսել էր գործել։ Ես ելայ ծածկապատշգամբ եւ նստեցի՝ գիրքը ձեռքիս։ Գրքի վրայ ընկնում էր սեան ստուէրը։ Ակամայ ուշադրութիւն դարձրի այն բանին, որ ստուերը բաւականին արագ էր տեղաշարժուում։ Ի՞նչ կարող էր դա նշանակել։ Կարծես արեւն սկսել էր երկնքով աւելի արագ ընթանալ։

– Ըհը՜, դու նկատեցի՞ր, – լսեցի Վագների ձայնը, որ հետեւում էր ինձ։ – Երկիրն աւելի արագ է պտտուում, եւ աւրուայ ու գիշերուայ հերթագայութիւնն աւելի է կրճատուում։

– Ի՞նչ է լինելու յետոյ, – տարակուսանքով հարցրի ես։

– Կապրենք՝ կը տեսնենք, – պատասխանեց։

Արեւն այդ աւրը սովորականից երկու ժամ շուտ մայր մտաւ։

– Պատկերացնում եմ, թե ինչպիսի իրարանցում է առաջացրել այս իրադարձութիւնն ամբողջ աշխարհում, – ասացի ես գիտապետին։ – Հետաքրքիր կը լինէր իմանալ…

– Կարող ես այդ մասին իմանալ իմ աշխատասենեակում, այնտեղ ռադիոընդունիչ կայ, – պատասխանեց Վագները։

Ես շտապեցի աշխատասենեակ եւ կարողացայ համոզուել, որ ամբողջ երկրագնդի բնակչութիւնը արտակարգ կերպով յուզուած է։

Բայց դա միայն սկիզբն էր։ Երկրի պտոյտը գնալով արագանում էր։ Աւրերն արդէն ընդամէնը չորս ժամի էին հաւասար։

– Այժմ հասարակածում գտնուող բոլոր մարմինները իրենց կշռի մեկ քառասուներորդ մասը կորցրել են, – ասաց Վագները։

– Ինչո՞ւ միայն հասարակածում։

– Այնտեղ երկրի ձգողութիւնն աւելի փոքր է, իսկ պտտման շառաւիղն՝ աւելի մեծ, ուրեմն եւ կենտրոնախոյս ուժն աւելի ներգործուն է։

Գիտնականներն արդէն հասկացել էին սպառնացող վտանգը։ Սկսուել էր ժողովուրդների մեծ վերաբնակեցումը հասարակածային շրջաններից դէպի աւելի բարձր լայնութիւններ, որտեղ կենտրոնախոյս ուժն աւելի փոքր էր։ Բայց առայժմ քաշի թեթեւացումը նոյնիսկ աւգուտ էր բերում։ Գնացքները կարողանում էին բարձել հսկայական բեռներ, մոտոցիկլետի շարժիչի փոքր հզաւրութիւնը բաւարար էր, որ տանէր մեծ մարդատար աւդանաւ, շարժման արագութիւնը մեծանում էր։ Մարդիկ յանկարծ դարձել էին աւելի թեթեւ եւ աւելի ուժեղ։ Ես ինքս զգում էի գնալով աճող այդ թեթեւութիւնը։ Զարմանալիաւրէ՜ն հաճելի զգացողութիւն։

Ռադիոն շուտով սկսեց եւ աւելի տխուր լուրեր բերել։ Գնացքներն սկսել էին ճանապարհի թեքութիւններում եւ ոլորաններում աւելի յաճախակի թուրս թռչել երկաթգծերից, բայց եւ այնպէս՝ առանց մեծ աղետների. վագոնները, նոյնիսկ ընկնելով զառիվայրից, չէին ջախջախուում։ Քամին, բարձրացնելով այլեւս երկիր չիջնող փոշու ամպեր, վերածուում էր մրրիկի։ Ամէն կողմից լուրեր էին գալիս սարսափելի ջրհեղեղների մասին։

Երբ պտտման արագութիւնը մեծացաւ տասնեւթ անգամ, հասարակածում իրերն ու մարդիկ զրկուեցին կշռից։

Մի անգամ երեկոյեան ռադիոյով սարսափելի նորութիւն լսեցի. Հասարակածային Աֆրիկայում եւ Ամերիկայում արձանագրուել էին դէպքեր, երբ մարդիկ, ծանրութիւնից զրկուած, կենտրոնախոյս ուժի ազդեցութեան տակ ընկել են վեր։ Շուտով եկաւ եւ նոր ահաւոր տեղեկութիւն. հասարակածում մարդիկ սկսել են շնչահեղձ լինել։

– Կենտրոնախոյս ուժը պոկում է երկրագնդի աւդային թաղանթը, որ երկրին «փակցուած էր» երկրի ծանրութեան ուժով, – ինձ հանգիստ բացատրեց գիտապետը։

– Բայց… այդ դէպքում մենք է՞լ շնչահեղձ կը լինենք, – յուզուած հարցրի Վագներին։

Նա ուսերը թոթուեց։

– Մենք լաւ պատրաստուած ենք բոլոր փոփոխութիւնների համար։

– Բայց ինչո՞ւ էք այս ամէնն արել։ Ախր սա համաշխարհային աղետ է, քաղաքակրթութեան ոչնչացո՜ւմ…, – չկարողացայ զսպել ճիչս։

Վագներն անխռով էր մնացել։

– Ինչու եմ սա արել՝ դու յետոյ կիմանաս։

– Մի՞թե միայն գիտական փորձի համար։

– Չեմ հասկանում՝ ինչն է քեզ այսպէս զարմացնում, – պատասխանեց նա, – թեկուզ եւ միայն փորձի համար։ Տարաւրինա՜կ է։ Երբ փոթորիկ է բարձրանում, կամ տեղի է ունենում հրաբխի ժայթքում եւ կործանում է հազարաւոր մարդկանց, ոչ մեկի մտքով չի անցնում մեղադրել հրաբխին։ Սրան վերաբերուի՛ր որպէս տարերային աղետի…

Այս պատասխանը չբաւարարեց ինձ։ Իմ մէջ ակամայ բարձրանում էր անբարեացակամ վերաբերմունք Վագների հանդէպ։

«Պէտք է ճիւաղ լինել, չունենալ սիրտ, որպէսզի յանուն գիտական փորձի՝ մահուան մատնել միլիոնաւոր մարդկանց», – մտածեցի ես։

Իմ անբարեհաճութիւնը Վագների հանդէպ մեծանում էր՝ զուգընթաց իմ սեպհական ինքնազգացողութեան աւելի ու աւելի վատթարանալուն, եւ պատճառ կար դրա համար. կործանուող աշխարհի մասին այդ սարսափելի, արտակարգ լուրերը, օրուայ ու գիշերուայ այս արագացող հերթափոխ-առկայծումները ում ասես կը հանէին հունից։ Ես գրեթե չէի քնել եւ ծայրայեղաւրէն նեարդային էի։ Ես պէտք է շարժուէի մեծագոյն զգուշութեամբ։ Մկանների ամենափոքր լարում, եւ ես վեր էի թռչում ու գլխով խփուում առաստաղին, ճիշդ է, ոչ այնքան ցաւոտ։ Իրերը կորցրել էին իրենց կշիռը, եւ նրանց հետ ճիշդ վարուելը գնալով աւելի էր դժուարանում։ Բաւական էր թեթեւ հպուել սեղանին կամ բազկաթոռին, եւ ծանր կահոյքը մի կողմ էր շպրտուում։

Ջուրը լուացարանից շատ դանդաղ էր հոսում, եւ շիթը նոյնպէս մի կողմ էր շեղուում։ Մեր շարժումները դարձել էին կտրուկ։ Ծանրութիւնից գրեթե զուրկ մարմնի անդամները ցնցուում էին, ինչպէս թելերով շարժման մէջ դրուող ստուարաթղթէ խամաճիկինը։ Մեր մարմնի «շարժիչները»՝ մկանները, պարզուեց, չափազանց հզաւր էին մեր թեթեւացած մարմինների համար։ Եւ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում ընտելանալ այս նոր իրավիճակին, քանի որ կշիռը անընդհատ նուազում էր։

Թիման՝ Վագների տնտեսուհին, ինձնից ոչ պակաս էր չարացել։ Նա նմանուում էր ձեռնածուի, երբ կերակուր էր պատրաստում։ Կաթսաներն ու թաւաները վեր, աջուձախ էին թռչում. նա փորձում էր որսալ դրանք եւ անճոռնի շարժումներ էր անում, ոստոստում, թռչկոտում։

Միայն Վագներն էր հրաշալի տրամադրութեամբ եւ նոյնիսկ ծիծաղում էր մեզ վրայ։

Բակ որոշեցի դուրս գալ միայն գրպաններս քարեր լցնելով՝ «չընկնելու համար երկինք»։ Ես տեսայ ինչպէս էր ծանծաղացել ծովը, – ջուրը քշուել էր արեւմուտք, որտեղ հաւանաբար հեղեղել էր ափերը… Ի լրումն ամէնի՝ սկսեցի գլխապտոյտ ու շնչահեղձութիւն զգալ։ Օդը պակասել էր։ Արեւելքից անընդհատ փչող փոթորկաբեր քամին կարծես սկսել էր թափը կորցնել։ Բայց դրա փոխարէն ջերմաստիճանը արագ կերպով իջնում էր։

Աւդը նոսրանում է… շուտով վերջն է… Ես այնքան զզուելի ինքնազգացողութիւն ունէի, որ սկսեցի մտածել, թե ինչպիսի մահ ընտրեմ՝ ընկնել երկինք, թե շնչահեղձ լինել։ Սա ամենավատ մահն էր, բայց այդ դէպքում մինչեւ վերջ կը դիտեմ, թե ինչ է լինելու երկրի հետ…

«Չէ, ամէն դէպքում աւելի լաւ է ամէն ինչ միանգամից աւարտել», – որոշեցի ես՝ զգալով ծանր շնչահեղձութիւն, եւ սկսեցի դուրս բերել քարերը գրպանիցս։

Ինչ-որ մեկի ձեռքը ետ պահեց ինձ։

– Սպասի´ր, – լսեցի Վագների ձայնը։ Նոսրացած աւդում այդ ձայնը շատ նուաղուն հնչեց։

– Ժամանակն է, որ իջնենք ստորգետնեայ յարկ։

Նա բռնեց իմ թեւից, գլխով նշան արեց տնտեսուհուն, որ ծանր շնչելով՝ կանգնած էր ծածկապատշգամբում, եւ մենք ուղղուեցինք դէպի բակի անկիւնը՝ դէպի հողի մէջ բացուած մեծ կլոր «լուսամուտը»։ Ես կորցրել էի կամքս եւ քայլում էի ինչպէս երազում։ Կորցնելով գիտակցութիւնս՝ ես թեթեւ ընկայ քարէ յատակին։

 

Մաս Դ.
ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՈՒԱԾ

Չգիտեմ՝ արդեւք երկար մնացի անգիտակից վիճակում։ Իմ առաջին զգացողութիւնն այն էր, որ ես կրկին թարմ աւդ եմ շնչում։ Բացեցի աչքերս եւ շատ զարմացայ՝ տեսնելով յատակի կենտրոնում ամրացրած ելեկտրական լամպը, ոչ հեռու այնտեղից, ուր պառկած էի։

– Մի զարմացիր, – լսեցի գիտապետ Վագների ձայնը։ – Մեր յատակը շուտով առաստաղ է դառնալու։ Ինչպէ՞ս ես քեզ զգում։

– Շնորհակալ եմ, աւելի լաւ։

– Դե, հապա վե´ր կաց, հերիք է պառկես, – եւ նա ձեռքս բռնեց։ Ես թռայ դէպի վեր՝ դէպի ապակէ առաստաղը, եւ շատ դանդաղ իջայ ցած։

– Գնա´նք, ես կը ծանաւթացնեմ քեզ իմ ստորգետնեայ բնակարանին, – ասաց Վագները։

Կացարանը բաղկացած էր երեք սենեակներից, երկու մութ՝ միայն ելեկտրական լամպերով լուսաւորուող, եւ մեկ մեծ՝ ապակէ առաստաղով թե յատակով, դժուարանում եմ ասել։ Բանն այն է, որ մենք, ակնյայտ է, վերապրել էինք այն պահը, երբ երկրի ձգողութիւնն ու կենտրոնախոյս ուժը մեր մարմինները դարձրել էին անկշիռ։

Դա ծայրաստիճան դժուարացնում էր սենեակներով մեր ուղեւորութիւնը։ Մենք ոտնաթաթի վրայ ամենաարտասովոր պտոյտներն (պիրուետներ) էինք կատարում, կառչում էինք կահոյքից, հրուում էինք, ցատկում, թռչում սեղանների վրայ, երբեմն անաւգնական կախուում էինք աւդում՝ միմեանց ձեռքեր ձգելով։ Ընդամէնը մի քանի սանտիմետր էր բաժանում մեզ, բայց չէինք կարողանում յաղթահարել այդ տարածութիւնը, մինչեւ որ մի խորամանկ հնարք դուրս չէր բերում մեզ այդ անկայուն հաւասարակշռութիւնից։ Մեր հրած իրերը թռչում էին մեզ հետ միասին։ Աթոռը «ճախրում էր» սենեակի մէջտեղում, ջրով լի բաժակները կողքի էին շրջուել, եւ ջուրը համարեայ դուրս չէր հոսում. այն միայն թեթեւակի ծորացել էր ապակու արտաքին պատերին…

Ես նկատեցի չորրորդ սենեակ տանող դուռ։ Այնտեղ ինչ-որ բան գըւուում էր, բայց Վագներն ինձ չթողեց այդ սենեակ։ Ըստ երեւոյթին այնտեղ էր երկրի շարժումն արագացնող սարքաւորումը։

Շուտով, այնուամենայնիւ, մեր «միջմոլորակային ճանապարհորդութիւնը» աւարտուեց, եւ մենք վայրէջք կատարեցինք… ապակէ առաստաղին, որն արդէն մեր յատակն էր լինելու։ Իրերը տեղափոխելու կարիք չեղաւ. նրանք իրենք վերադասաւորուեցին, եւ առաստաղին ամրացուած ելեկտրական լամպը, միանգամայն տեղին, յայտնուեց մեր գլխավերեւում՝ լուսաւորելով մեր սենեակը կարճատեւ գիշերներին։

Վագներն իսկապէս ամէն ինչ նախատեսել էր։ Մեր ապաստարանը լաւ մատակարարուում էր յատուկ ամբարներում պահուող աւդով։ Մենք ապահովուած էինք պահածոներով ու ջրով։ «Ահա ինչու տնտեսուհին շուկայ չէր գնում», – մտածեցի ես։ Տեղափոխուելով առաստաղի վրայ՝ մենք քայլում էինք այնտեղով նոյնքան ազատ, որքան յատակով, թե եւ սովորական իմաստով՝ մենք քայլում էինք գլխիվայր։ Սակայն մարդն ամէն ինչի ընտելանում է։ Ես համեմատաբար լաւ էի զգում ինձ։ Երբ ես ցած էի նայում՝ ոտքերիս տակ, հաստ, բայց թափանցիկ ապակու միջով իմ ներքեւում տեսնում էի երկինքը, եւ ինձ թուում էր, թե կանգնած եմ այդ երկինքն իր մէջ արտացոլող կլոր հայելու վրայ։

Բայց եւ այնպէս հայելին երբեմն իր մէջ արտասովոր ու սարսափելի բաներ էր անդրադարձնում։

Տնտեսուհին հաղորդեց, որ ինքը պիտի տուն մտնի, որովհետեւ մոռացել է եւղը։

– Ինչպէ՞ս կը գնաք, – ասացի ես։ – Ախր կը տապալուէք ցած, այսինքն՝ վեր, թո´ւհ , գրողը տանի, ամէն ինչ խճճուել է։

– Ես կը բռնուեմ հողում ամրացուած երկաթակապերից, ինձ գիտապետն է սովորեցրել։ Երբ դեռ գլխիվայր չէինք շրջուել, երկաթակապեր ունէինք այն տանը՝ առաստաղում, եւ ես սովորել եմ «ձեռքերով քայլել», բռնուում էի նրանցից եւ քայլում առաստաղով մեկ։

Գիտապետ Վագներն ամէ՜ն ինչ նախատեսել է։

Ես չէի սպասում կնոջից այսպիսի հերոսութիւն։ Վտանգի ենթարկել իրեն, «քայլել ձեռքերով» անդունդի վրայով՝ ինչ-որ եւղի համար։

– Բայց, այնու ամենայնիւ, դա շատ վտանգաւոր է, – ասացի։

– Ոչ այնքան, որքան կարծում ես, – առարկեց գիտապետ Վագները։ – Մեր մարմնի կշիռը դեռ աննշան է, այն նոր-նոր սկսել է մեծանալ զրոյից, եւ բոլորովին ոչ մեծ մկանային ուժ է պէտք չընկնելու համար։ Ընդ որում, ես կուղեկցեմ նրան. ի դէպ, ես նոթատետրս պիտի վերցնեմ տանից, մոռացել եմ։

– Բայց չէ՞ որ դրսում հիմա աւդ չկայ։

– Ես սեղմուած աւդով թասակներ ունեմ, որոնք գլխներիս կառնենք։

Եւ այդ տարաւրինակ մարդիկ աւդամեկոյս սաղաւարտներով (scafander) զգեստաւորուած, ասես պատրաստուում էին ծովի յատակն իջնել, ճանապարհ ընկան։ Կրկնակի դուռը շրխկաց։ Ես լսեցի դրսի դռան թխկոցը։

Պառկած իմ ապակէ յատակին՝ ես դէմքս սեղմեցի հաստ ապակուն եւ յուզուած սկսեցի հետեւել նրանց։ Գնդաձեւ թասակներով երկու մարդիկ, ոտքները վեր եւ հողում ամրացուած երկաթակապերից կառչած, արագ «քայլում էին ձեռքերով» դէպի տուն։ Հնարաւո՞ր է պատկերացնել աւելի տարաւրինակ բան։

«Իսկապէս, այդքան էլ սարսափելի չէ, – մտածեցի ես։ – Բայց, այնու ամենայնիւ, սա արտասովոր կին է։ Բա որ յանկարծ նրա գլուխը պտտուի՞»։ Վագներն ու տնտեսուհին նոյն դիրքով անցան ծածկապատշգամբի աստիճաններով եւ ծածկուեցին տեսադաշտից։

Շուտով նրանք դարձեալ յայտնուեցին։

Նրանք արդէն ճանապարհի կէսն անցել էին, երբ յանկարծ մի բան տեղի ունեցաւ, որից ես սահմռկեցի։ Տնտեսուհին եւղով բանկան գցեց եւ, ցանկանալով աւդում բռնել այն, պոկուեց ու թռաւ դէպի անդունդը…

Վագները նրան փրկելու փորձ արեց. նա անսպասելիաւրէն ետ կծկեց գաւտուն ամրացրած պարանը եւ երկաթակապից բանդ գցելով՝ նետուեց տնտեսուհու ետեւից։ Դժբախտ կինը ընկնում էր բաւականին դանդաղ։ Իսկ քանի որ Վագներն ուժգին հրումով իր մարմնին աւելի արագ շարժում հաղորդեց, յաջողեց հասնել նրան։ Նա արդէն ձեռքը մեկնեց կնոջը, բայց չկարողացաւ հասցնել նրան. կենտրոնախոյս ուժը շեղեց կնոջ թռիչքը մի քիչ այլ ուղղութեամբ։ Եւ շուտով նրանք հեռացան իրարից… Վագները որոշ ժամանակ կախուած մնաց արձակ պարանից եւ սկսեց դանդաղ բարձրանալ երկնքի անհունից դէպի երկիր…

Ես տեսայ, թե ինչպէս էր դժբախտ կինը ձեռքերը թափահարում… նրա մարմինը արագ փոքրանում էր… Վրայ հասնող գիշերը վարագոյրի պէս ծածկեց կործանման այդ տեսարանը…

Ես ցնցուեցի՝ պատկերացնելով նրա վերջին զգացողութիւնները… Ի՞նչ է լինելու նրա հետ… Տիեզերքի սառնութեան մէջ չքայքայուող նրա մարմինը յաւերժաւրէն առաջ կընթանայ, եթե մաւտերքով անցնող որ եւ է լուսատու չձգի այն։

Ես այնպէս էի տարուել իմ մտքերով, որ չնկատեցի՝ ինչպէս մտաւ Վագները եւ իջաւ իմ կողքով։

– Հրաշալի մահ, – հանգիստ ասաց նա։

Ես սեղմեցի ատամներս եւ չպատասխանեցի նրան։ Իմ մէջ կրկին ատելութիւն արթնացաւ Վագների հանդէպ։

Ես սարսափով էի նայում ոտքերիս տակ փռուած անհունին, եւ առաջին անգամ անսովոր յստակութեամբ հասկացայ, որ երկինքը երկնագոյն տարածութիւն չէ մեր վերեւում, այլ անդունդ… որ մենք, կպած փոշեհատիկին՝ երկրին, «ապրում ենք երկնքում», եւ այդ պատճառով մեզ աւելի մեծ իրաւունքով կարելի է անուանել երկնքի բնակիչներ, «երկնաբնակներ», քան բնակիչներ երկրի։ Խղճո՜ւկ երկնաբնակներ։ Երկրի ձգողութիւնը, ակներեւաբար, ներգործել է ոչ միայն մեր մարմնի, այլեւ մեր գիտակցութեան վրայ՝ գամելով այն երկրին։ Հիմա այդ կապը կտրուած է։ Ես զգում էի մեր երկրային գոյութեան փխրունութիւնը…. Մեր գիտակցութիւնը գոյացել է երկրի հետ միասին՝ երկնքի անհուններում, անսահման տարածութեան անհուններում եւ այնտեղ էլ այն հանգչելու է…

Ես մտածում էի, իսկ իմ աչքերի առջեւ ինչ-որ արտասովոր բան էր տեղի ունենում… Երկրից պոկուում էին քարերն ու ընկնում վեր… Շուտով սկսեցին պոկուել ժայռերի զանգուածեղ բեկորներ… Աւրն ու գիշերը միմեանց հերթագայում էին աւելի ու աւելի արագ… Արեւը սլանում էր երկինք-անհունով, եւ իջնում էր գիշեր, աստղերը սուրում էին նոյն խելայեղ արագութեամբ, եւ կրկին արեւը, եւ վերստին գիշեր… Ահա, արեւի լոյսով ես տեսնում եմ, թե ինչպէս պոկուեց ու ընկաւ պարիսպը՝ բացելով հորիզոնը։ Ես տեսնում եմ ծովի չորացած յատակը, ամայացած երկիրը… Ես տեսնում եմ, որ շուտով վերջն է…

Բայց դեռ մարդիկ կան երկրի վրայ… Ես լսում եմ, թե ինչպէս է խաւսում մեր ռադիոկայանի ոչ մեծ բարձրախաւսը…

Երկիրը ամայացած է գրեթե մինչեւ բեւեռները։ Ամէն ինչ կործանուում է։ Սա վերջին փրկուած ռադիոկայանն է Վրանգելի կղզում։ Այն ազդանշաններ է տալիս, սպասում է եւ չի ստանում պատասխան… Ռադիոալիքները թռչում են դէպի մեռեալ դատարկութիւնը… Լուռ է երկիրը, լռում է եւ երկինքը։

Աւրերն ու գիշերներն այնքան արագ են փոխարինում միմեանց, որ ամէն ինչ միախառնուում է մշուշում… Երկնքով սլանալով՝ արեւը մութ ետնապատկերի վրայ հրէ շերտագիծ է քաշում, մթնոլորտի վերջին մնացորդների հետ երկիրը կորցրել է իր երկնագոյն վարագոյրը՝ երկնային լաջուարդի լոյսը… Լուսնի չափերը փոքրացել են, երկիրն այլեւս չի կարողանում պահել իր արբանեակը, եւ լուսինը հեռանում է երկրից…

Ես զգում եմ, թե ինչպէս են ձգուել մեր ապակէ յատակի ապակիները, ուռուցիկ դարձել, դողում են… Շուտով նրանք չեն դիմանայ, եւ կը նետուեն անհունի մէջ…

Այս ո՞վ է փնթփնթում իմ կողքին… Հա, գիտապետ Վագներն է։

Ես դժուարութեամբ բարձրանում եմ. երկրի խելայեղ արագութիւնն իմ մարմինը կապարով է լցրել։ Ես ծանր եմ շնչում…

– Դո´ւք… – չարութեամբ դիմում եմ գիտապետ Վագներին։ – Ինչո՞ւ այսպէս արեցիք։ Դուք կործանեցիք մարդկութիւնը, Դուք ոչնչացրիք կեանքը երկրի վրայ… Պատասխանէ´ք ինձ։ Հէնց հիմա նուազեցրէ՛ք երկրի շարժումը, այլապէս ես…

Բայց գիտապետը լուռ տարուբերում է գլուխը բացասաբար։

– Պատասխանէ´ք, – ճչում եմ ես բռունցքներս սեղմած։

– Ես ոչինչ անել չեմ կարող… հաւանաբար ես հաշուարկներում սխալ եմ թոյլ տուել…

– Դե դուք պատասխա´ն կը տաք այդ սխալի համար, – գոչեցի ես եւ խելակորոյս յարձակուեցի Վագների վրայ եւ սկսեցի նրան խեղդել… Հէնց այդ նոյն պահին զգացի՝ ինչպէս է ճաքում մեր յատակը, պայթում են ապակիները, եւ ես, բաց թողնելով Վագներին, նրա հետ միասին սլանում եմ դէպի անհունը…

 

Մաս Ե.
«ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ»

Իմ առջեւ գիտապետ Վագների ժպտացող դէմքն է։ Ես զարմանքով նայում եմ նրան, յետոյ՝ շուրջս։

Վաղ առաւաւտ։ Երկնքի երկնագոյն շղարշ։ Հեռուում կապոյտին է տալիս ծովը։ Ծածկապատշգամբի մաւտ խաղաղ թռվռում են երկու սպիտակ թիթեռներ։ Իմ կողքով անցնում է տնտեսուհին՝ կարագի մեծ կտորով ափսէն ձեռքին…

– Սա ի՞նչ է… Ի՞նչ է նշանակում այս ամէնը, – հարցնում եմ գիտապետին։

Նա ժպտում է իր երկար բեղերի միջով։

– Ներողութիւն եմ խնդրում, – ասում է նա, – որ ես առանց քո թոյլտուութեան եւ նոյնիսկ առանց քեզ ճանաչելու՝ աւգտագործեցի քեզ մի փորձի համար։ Եթե դու ճանաչում ես ինձ, ապա քեզ ամենայն հաւանականութեամբ յայտնի է, որ ես վաղուց աշխատում եմ այն խնդրի լուծման վրայ, որ մարդը կարողանայ իր մէջ ամփոփել ժամանակակից գիտական գիտելիքների հսկայական ծաւալը։ Ես անձամբ, աւրինակ, հասել եմ նրան, որ իմ ուղեղի իւրաքանչիւր կէսը աշխատում է ինքնուրոյն։ Ես վերացրել եմ քունն ու յոգնութիւնը…

– Ես կարդացել եմ այդ մասին, – պատասխանեցի ես։ Վագները տմբտմբացրեց գլուխը։

– Աւելի լաւ։ Բայց բոլորը չէ, որ հասու են դրան։ Եւ ես որոշեցի մանկավարժական նպատակների համար աւգտագործել հիպնոսը։ Չէ՞ որ վերջ ի վերջոյ նաեւ սովորական մանկավարժութեան մէջ կայ հիպնոսի բաժին… Այսաւր վաղ առաւաւտեան ելնելով զբաւսանքի՝ ես նկատեցի քեզ… Դու առաջին աւրը չէ՞, որ հսկում էիր մոշի թփերի հետեւից, – հարցրեց նա՝ աչքերում զուարթ կայծեր։

Ես շփոթուեցի։

– Դե, ահա ես էլ որոշեցի քեզ քո հետաքրքրասիրութեան համար պատժել ՝ ենթարկելով հիպնոսի…

– Ինչպէ՞ս, մի՞թե այս ամէնը…

– Միայն հիպնոս էր, հէնց այն պահից, երբ դու տեսաք ինձ։ Ճիշտ չէ՞, դու ամէնը վերապրեցիր որպէս իրականութիւն։ Եւ, իհարկէ, այլեւս երբեք կեանքում չես մոռանայ վերապրածը։ Այսպիսով, դու հնարաւորութիւն ունեցար ստանալ իրազննական ուսուցման դաս՝ ծանրութեան ուժի եւ կենտրոնախոյս ուժի աւրէնքների մասին… Բայց պարզուում է, դու շատ նեարդային աշակերտ ես եւ դասի աւարտին մաւտ քեզ մի քիչ բորբոքուած դրսեւորեցիր…

Իսկ որքա՞ն տեւեց դասը։

Վագները նայեց ժամացոյցին։

– Երկու րոպէ, ոչ աւելի։ Ճիշդ չէ՞, որ գիտելիքների իւրացման արդիւնավետ եղանակ է։

– Բայց ինչպէ՞ս, – բղաւեցի ես, – իսկ այն ապակէ լուսամո՜ւտը, այն երկաթակապե՜րը հողում… – Ես երկարեցի ձեռքս ու յանկարծ լռեցի։ Բակի մակերեսը բացարձակապէս հարթ էր, չկային ո՛չ երկաթէ կեռեր, ո՛չ էլ ապակէ շրջանաձեւ «լուսամուտը»…

– Ուրեմն դա … է՞լ էր հիպնոս։

– Դե, ի հարկէ… Խոստովանիր, որ այնքան էլ չես կարաւտել բնագիտութեան իմ դասը։

Թիմա՜, – կանչեց նա, – սուրճը պատրա՞ստ է։ Գնանք նախաճաշելու։

ՎԵՐՋ

Թարգմ.՝ Լուսինէ Աւետիսեան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *