(Ուսումնասիրությունը կատարվել է ըստ հեղինակի գրառած անեկդոտների)
Ժողովրդական սրամտությունը, երգիծանքը, կատակելու կարողությունը տարբեր ձևերով դրսևորվել են բանահյուսական գրեթե բոլոր ժանրաձևերում՝ էպոս, խաղիկներ, հեքիաթներ, առակներ և այլն: Սակայն ժողովրդական երգիծանքի ամենացցուն և բյուրեղացած դրսևորումը անեկդոտներն են: Դրանք քաղաքային բանահյուսության ամենակենսունակ ժանրերից են և կենցաղավարում են ժողովրդի գրեթե բոլոր շերտերում՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից և կրթության աստիճանից: Սակայն սոցիալական կամ տարիքային այս կամ այն խմբում պատմվող անեկդոտները դրսևորում են որոշակի տարբերություններ, որը բացատրվում է տվյալ մարդու (այս դեպքում պատմողը նախ և առաջ որոշակի սոցալական խմբի ներկայացուցիչ է) մտածելակերպով, աշխարհայացքով և այլն: Ըստ անեկդոտների սոցիալ-հոգեբանական վերլուծության՝ անեկդոտները արտահայտում են որոշակի սոցիալական խմբի դիրքորոշումները և տեսակետները, որոնք երբեմն անգամ կարող են թաքնված լինել:
Իհարկե, անեկդոտների արվեստը և բնույթը մեծապես կապված են ասացողի պատմելու ունակություններից և որպես բանավոր ժանր, այս կամ այն անեկդոտը հիմնականում պատմվում է ըստ իրադրության, բայց փորձենք նկատել, թե անեկդոտների որ խմբերն են կենցաղավարում տարիքային, մասնագիտական կամ սոցիալական տարբեր խմբերում՝
ա) Մտավորականության շրջանում տարածված անեկդոտներ.
Սրանք զգալիորեն տարբերվում են այլ խմբերում տարածված անեկդոտներից նախ և առաջ իրենց լեզվական շերտով. որպես կանոն այս անեկդոտները զերծ են հասարակաբանություններից ու գռեհկաբանություններից, որևէ մեկի հասցեին վիրավորանք կամ հայհոյանք չեն պարունակում, թեև քաղաքական կամ ազգային ագրեսիայի դրսևորումներ կարելի է երբեմն գտնել նաև այս անեկդոտներում: Մտավորականության շրջանում տարածված անեկդոտների համար բնութագրական է «դաստիարակաչական» գործառույթը. օրինակ գրողների մոտ տարածված է Չուկչայի մասին հետևյալ անեկդոտը, որը պատմվում էր դեռևս Խորհրդային շրջանում.
Մի չուկչա գալիս ա Գրողների միություն, ասում ա.
-Գիրք եմ գրել, տպեք:
Ասում են.
-Իսկ ի՞նչ գրքեր եք ընդհանրապես կարդացել:
Չուկչան պատասխանում ա.
-Նետ, նետ, յա նե չիտատել, յա պիսատել:
Իսկ բանասերները հաճախ են հնչերանգի մասին խոսելիս պատմում հայտնի անեկդոտը, որտեղ ասվում է.
Մի երեխա դպրոցում շատ վատ է սովորում, ինչպես իր հայրը: Մի անգամ ուսուցչուհին նրան բարկացած ասում է.
–Սովորի՛, հորդ պես էշ մի՛ մնա:
-տղայի հայրը գալիս է պատիվ պահանջելու, և ուսուցչուհին պատասխանում է.
-Ես ասել եմ «Սովորի՛ հորդ պես, էշ մի՛ մնա»:
Հետաքրքիր է, որ այս անեկդոտը անգամ գրառվել է դասագրքում: Մտավորականության շրջանում տարածված են նաև այնպիսի զվարճապատումները, որոնք հյուսված են որևէ նշանավոր գրողի, գիտնականի կամ այլ մտավորականի անվան շուրջ. սրանց հիմքում սովորաբար իրական պատմություն է լինում, որը , բերնեբերան անցնելով, վերածվում է անեկդոտի: Այս կերպ են ստեղծվում նաև գավառներում տարածված զրույցները տվյալ տարածքի զվարճախոսի մասին.սրանք , ըստ Արամ Ղանալանյանի, սկզբնապես ավանդություններ են եղել. « Դրանք իրենց կատարած այս կամ այն արարքով , խելքով , սրամտությամբ կամ ընդհակառակը՝ թեթևամտությամբ ու բթությամբ աչքի ընկած իրական պատմական մարդկանց մասին պատմված այն հուշապատումներն են, որոնք , բերանից բերան անցնելով, ենթարկվել են «մշակման և խմաբագրության, հնարովի հավելումների ու չափազանցությունների» և կորցնելով իրենց երբեմնի վավերական հավաստիությունը` դարձել են յուրահատուկ, ինքնակա երգիծական հորինվածքներ»:
Երևանում՝մասնավորապես մտավորականների շրջանում տարածված է այդօրինակ պատումներից հայտնի գիտնական ու մանկավարժ Հրաչյա Աճառյանի մասին հետևյալ անեկդոտը.
Հրաչյա Աճառյանը ակադեմիայում աշխատելիս մի օգնական է ունենում՝ Գեղեցիկ անունով , որը շատ տգեղ է լինում: Մի անգամ Աճառյանը ասում է «Գեղեցի՛կ, քո անունը այնքան շատ է քեզ սազում, ոնց որ իմը՝ ինձ»: (Հայտնի է, որ Աճառյանը աչքերի հետ խնդիր ուներ)
Եթե բանասերների մոտ այսօրինակ անեկդոտներն են առավելապես կենցաղավարում, ապա այլ մասնագիտության տեր մարդկանց բնորոշ է իրենց մասնագիտությանը վերաբերող անեկդոտների տարածումը. հայտնի է քիմիկոսների մասին հետևյալ զվարճապատումը.
Մեկը վարձով տուն ա ման գալիս, մի տեղ տան տերը սենյակները ցուց տալուց պատմում ա, որ ստեղ քիմիկոս ա վարձով ապրել…(սա խառնած ա տունը իրար…կոլբա, բան…) վերջին սենյակը մտնելուց տեսնում ա առաստաղին մեծ սև հետք: Հարցնում ա ՝ էս ի՞նչ ա: Տան տերը ասում ա, որ դա քիմիկոսն ա իր վերջին անհաջող փորձից հետո:
Առհասարակ, քիմիկոսների մասին պատմվող անեկդոտներում հաճախադեպ է անհաջող փորձի մոտիվը, ինչպես Ֆիզիկոսների դեպքում՝ նյուտոնի խնձորի հիշատակումը, և այլն:
Հետաքրքիր է, որ այսօրինակ անեկդոտներում մասնագիտությանը կամ տվյալ մասնագետին ներհատուկ որևէ կողմն է դառնում անեկդոտի ստեղծման հիմնական առանցքը, հաճախ այս անեկդոտները կառուցվում են մասնագիտական որևէ երևույթը կյանքի սովորական դրվագներում ներկայացնելով, ինչը դառնում է զավեշտալի և ծիծաղ է առաջացնում: Վերոնշյալ սկզբունքով է կառուցված մաթեմաթիկոսների մասին հետևյալ անեկդոտը.
Մաթեմատիկն ուզում է լողանալ, ջուրը սառն է լինում: Ասում է.
-Ենթադրենք` տաք է:
իսկ երբ լողանում, հիվանդանում է, ասում է, թե այստեղից հետևություն` ջուրը սառն էր:
Ընդ որում, մասնագիտությունների մասին պատմող անեկդոտները լայն տարածում ունեն նաև ուսանողության և դպրոցականների շրջանում:
բ) Դպրոցական և ուսանողական անեկդոտներ.
Անեկդոտների հիմնական գործառույթը զվարճացնելն ու սրամտությունը ցույց տալն է, որը առաջին հերթին բնորոշ է ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ռուս գիտնական Լյուրեն իր «Մանկական ժամանակակից անեկդոտը» հոդվածում գրում է, որ անեկդոտներ սկսում են պատմել արդեն 5-8 տարեկանից, իսկ ավելի փոքր ՝ 3-4 տարեկան երեխաների համար անեկդոտը սիրած մուլտֆիլմերից կամ զվարճալի հաղորդումներից արված մեջբերումներն են: Այս տվյալները կիրառելի են նաև մեր իրականության համար, որտեղ ևս անեկդոտները սկսում են պատմել դպրոցական տարիքից և հաճախ դրանք, այսպես ասած, «մեծահասակների անեկդոտների» տարբերակներն են կամ պատճենումը, բայց, այնուհանդերձ, կա անեկդոտների որոշակի խումբ, որը կենցաղավարում է միայն դպրոցականների շրջանում: Այսօրինակ անեկդոտները հիմնականում վերաբերում են դպրոցական կյանքին. աշակերտ-ծնող, աշակերտ-ուսուցիչ հարաբերություններին և այլն:
Հաճախադեպ են այն անեկդոտները, որոնք կառուցվում են ուսուցիչ-աշակերտ երկխոսությամբ.
Դպրոցում ուսուցիչը երեխաներին հարցնում է.
– Երեխանե՛ր, ով իրեն հիմար է համարում, թող կանգնի:
Մի քանի րոպե անց մի աշակերտ կանգնում է:
– Դու իրո՞ք քեզ հիմար ես համարում:
-Ո՛չ, իհարկե, ուղղակի անհարմար է, որ դուք եք մենակ կանգնել:
Դպրոցականների շրջանում տարածված է նաև այս նույն անեկդոտի մեկ այլ տարբերակը, որտեղ հերոսները ընկեր Մարգոն ու Վարդանիկն են: Վերջիններս սկզբնապես միայն Գյումրու անեկդոտներին էին բնորոշ, այնուհետև նրանց կերպարը յուրացվեց նաև քաղաքային աշակերտական այլ անեկդոտներում ևս: Աշակերտական անեկդոտները ընդգրկում են նաև այնպիսի անեկդոտներ, որտեղ կարող ենք նկատել հասարակական և տեխնիկական նոր իրողություններ, ինչպիսին են օրինակ համացանցը, բջջայինը և այլն: Բնութագրական է հետևյալ անեկդոտը.
Ինֆորմատիկայի դասատուն «Odnoklassnik» է մտնում, երեխեքը ոտքի են կանգնում:
Աշակերտական, ինչպես, առհասարակ, բոլոր անեկդոտների տարածումը մեծապես կապված է գիտատեխնիկական առաջընթացի հետ: Դրանց տարածմանը մի կողմից նպաստում է համացանցը, որի մասին առանձին կխոսվի ստորև, մյուս կողմից էլ հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկապատենական բազմաթիվ հաղորդումները, որոնք էկրանավորում էին հայտնի մանրապատումները :
Դպրոցական և, առհասարակ, մանկապատենական տարիքի երեխաների և դեռահասների շրջանում պատմվող անեկդոտների կենցաղավարման մյուս կերպը մանակապատանեկան թերթերի հավելվածներն են, որտեղ անեկդոտները սակայն մշակման են ենթարկվում (հիմնականում լեզվական բնույթի) և տպագրվում : Այդպիսի հավելվածներ ունեն օրինակ «Խատուտիկ»-ը և ՀԳՄ-ի «Ցոլքեր» պարբերականը: Սակայն, դպրոցական անեկդոտների տարածման հիմնական աղբյուրը, բնականաբար, բանավոր կերպն է:
Ընդ որում, այս անեկդոտներում էլ երբեմն պատահում է անունների փոփոխություն. աշակերտները այս կամ այն զվարճալի պատումը վերագրում են իրենց ուսուցչին կամ դասընկերոջը: Այս երևույթը ավելի շատ բնորոշ է ուսանողական անեկդոտներին. տարբեր համալսարանների և տարբեր ֆակուլտետների ուսանողները նույն պատումը վերագրում են իրենց դասախոսներից որևէ մեկին.այդպիսին է օրինակ այս անեկդոտը.
Ընկեր ….յանը բռնում ա հային, թուրքին, վրացուն, մոռանում ա՝ ինչ պիտի անի:
Վերոնշյալ օրինակում նկատում ենք, որ յուրացված է ավանդական անեկդոտի կառույցը. միայն թե հերոսը տվյալ դասախոսն է, որի դեմ ուղղված է ուսանողի ծաղրը: Տվյալ պարագային կարելի է ենթադրել, որ գործում է Արխիպովայի նշած այն դրույթը, որ անեկդոտը կարող է լինել «Թաքնված բողոքը կամ մի սոցիալական խմբի մեկ այլ սոցիալական խմբի դեմ ուղղված ագրեսիան արտահայտելու ձև»:
Գ) Դեռահաս տղաների շրջանում պատմվող անցենզուր անեկդոտներ
Թաքնված բողոքն ու թաքուն ցանկություններն արտահայտելու միտում ունեն հատկապես այն անեկոտները, որ պատմվում են դեռահասների՝ մասնավորապես դեռահաս տղաների շրջանում: Նրանց մոտ լայն տարածում ունեն այսպես ասած «անցենզուր» անեկդոտները: Հետաքրքրական է, որ անցենզուրությունը անեկդոտի նախնական ու հիմնական հատկանիշներից է եղել, ինչի մասին վկայում է նաև անեկդոտ անվանումը, որն առաջացել է հունարեն anekdotos, բառացի՝ անտիպ անվանումից : Անցենզուր լինելու համար էլ հենց սրանք չեն տպագրվել և ստացել են իրենց անվանումը: Անեկդոտների անցենզուր լինելը կարող է պայմանավորված լինել
1)Գռեհկաբանությունների առկայությամբ:
2) Ուղղակիորեն կամ անուղղակի հայհոյանք կարող է պարունակել:
3) Ոչ պատշաճ մարմնամասերի հիշատակում կարող է լինել:
4) Սեռական բնույթի ակնարկներ կարող է պարունակել:
Արխիպովան այսօրինակ անեկդոտների սոցիալ-հոգեբանական վերլուծությունը կատարում է ըստ Ֆրոյդի տեսության և նշում, որ «Անեկդոտները պարունակում են գաղտնի մտքեր, որոնք, Սուպեր-Էգոյի ներքին քննադատությամբ պայմանավորված, մարդուն չեն տրվում ուղղակիորեն: Ծիծաղով արձագանքը նպաստում է թաքնված մտքերը արտահայտելուն: Հետևաբար անեկդոտը կարող է ծառայել որպես կոմպենսատոր, որն օգնում է ազատվել բացասական հույզերից: Սեռական բնույթի ակնարկեր արող անեկդոտներ պատմելու նպատակը կամ պատճառն այն է, որ պատմողը ցանկանում է իր փորձը ներկայացնել երրորդ դեմքով, սակայն հասցեատիրոջը ուղղակիորեն չի ուղղվում տվյալ նյութը, թեև խոսակցության հիմնական ուշադրությունը սեռական բնույթի է լինում»:
Փաստորեն, անեկդոտները, ըստ Արխիպովայի, սեռական էներգիան և անհարիր մտքերը դուրս հանելու միջոց կարող են նաև ծառայել :
Դ)Ասացողների այլ խմբեր
Անեկդոտների ասացողների խմբերը կարելի է տարբերակել նաև ըստ իրենց հայացքների. օրինակ ընդդդիմադիր և իշխանական քաղաքական հայացքներ ունեցողների շրջանում քաղաքական անեկդոտների հերոսները հակառակ թևի ներկայացուցիչներն են, որոնց դեմ էլ հենց ուղղված է անեկդոտների սուր ծաղրը և սարկազմը : Այս սկզբունքով անգամ ֆուտբոլային հակառակ թիմերի երկրպագուների անեկդոտները կարելի է առանձնացնել: Այսօրինակ անեկդոտների համար հատկանշական է այն, որ կենցաղավարում են մարդկանց ավելի նեղ շրջանում, պատմվում են միայն որոշակի խմբում՝ որոշակի իրադրությամբ պայմանավորված:
Կենցաղավարման նեղ շրջանակ ունեն նաև մի շարք անեկդոտներ, որոնք, ըստ պատմողների հավաստիացման, չափազանց ծիծաղելի են լինում գինովցած ժամանակ: Այդպիսին է օրինակ հետևյալ զվարճախոսությունը
Վարդանիկը վեպ է գրում.
«Ձին գնաց տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ, տկըլ….»
Ձին տեղ հասավ:
Այս և նմանատիպ շատ անեկդոտներ, որոնք, ըստ էության, իմաստային, ճանաչողական, դաստիարակչական կամ որևէ այլ խորհուրդ չունեն, բնութագրվում են անեկդոտների ամենահիմնական հատկանիշով. զվարճացնելու և ծիծաղ առաջացնելու համար են հորինվել:
Ընդ որում, այս դեպքում անեկդոտի ստեղծման հիմնական պայմանը անհեթեթ վերջաբան ունենալն է: Ոչ սթափ վիճակում պատմվող անեկդոտների մեջ հաճախակի կիրառելիություն ունեն այն անեկդոտները, որոնց կենցաղավարման միակ կերպը բանավոր եղանակն է:
Հայտնի փաստ է, որ տեխնոլոգիական առաջընթացը, ժամանակաշրջանը մեծապես ազդում են մարդկային մտածելակերպի, աշխարհայացքի, հասարակական կացութաձևի վրա: Այս ամենը իրենց արտահայտությունն են գտնում նաև բանահյուսության մեջ, և հասկանալի է, որ ժամանակի ընթացքում փոխվում են նաև բանահյուսության բնույթը և կենցաղավարման կերպը: Արդի անեկդոտները աչքի են ընկնում կենցաղավարման ձևերի բազմազանությամբ, որոնցից ամենատարածվածը համացանցն է:
Ա) Համացանցում անեկդոտները «սփռված» են ամենուր՝ առանձին զրույցներում, սոցիալական ցանցերում, ժամանցային կայքերի համապատասխան էջերում, անեկդոտներ պարունակող առանձին կայքերում և այլուր: Տարածման այսպիսի մեծ ծավալները պայմանավորված են անեկդոտների հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Համացանցում անեկդոտ փնտրաբառով տեքստերը ընտրության լայն հնարավորություն են տալիս և հիմնականում արդարացնում են ընթերցողի «ժանրային» սպասելիքները:
Թե’ համացանցային և թե’ այլ ձևերով կենցաղավարող անեկդոտների համար որպես կենսունակության կարևոր պայման գիտնականների կողմից նշվում է այն հանգամանքը, որ անեկդոտում պատկերված իրականությունը որոշակիորեն պետք է ծանոթ լինի լսարանին: Այսօրվա ունկնդիրը, համացանցային անեկդոտի դեպքում՝ ընթերցողը, այլևս չեն ցանկանա լսել այնպիսի անեկդոտներ, որտեղ պատկերված են խորհրդային հասարակարգին բնորոշ երևույթներ, և կամ հերոսները այն ժամանակաշրջանի գործիչներն են՝ Լենինը, Բրեժնևը և այլք, որոնց կերպարները վաղուց արդեն դուրս են մղվել բանահյուսական տեքստից:
Դրան հակառակ՝ հայ և համաշախարհային իրականության մեջ տեղի ունեցող ցանկացած իրադարձության, առօրյայում կամ կենցաղում հանդիպող իրի ի հայտ գալը կարող է անեկդոտի ստեղծման պատճառ դառնալ. համացանցում հանդիպող անեկդոտներից մեկի առանցքում էլեկտրոնային տարբերակով շփումն է, ինչը վաղուց արդեն դարձել է հայ երիտասարդության առօրյայի մի մասը , ինչը ևս չի վրիպել ժողովրդի սուր աչքից ու կատակելու հնարավորություն տվել.
Տղան՝ աղջկան.
– Բարև’, գեղեցկուհի, ինչպե՞ս ես: -Բարև’, լա’վ, իսկ դու՞ք:
-Լա’վ, շնորհակալ եմ, ինձ Ձեր էլեկտրոնյաին հասցեն կտա՞ք, որ կարողանանք շփվել:
-Այո’, իհարկե’, սա է. ԵսԸնկերՈւնեմ@ԿորիրԱյստեղիցMAIL.RU
– Շատ լա’վ, սա էլ իմն է. ԵսԵղբայրդԵմ@ՍպանելուԵմՔեզMAIL.RU (facebook)
Կենցաղային և առօրյա անեկդոտները, իհարկե, մեծ տեղ են զբաղեցնում համացանցային բանահյուսության մեջ առհասարակ, սակայն հայ համացանցային անեկդոտները աչքի են ընկնում թեմաների բազմազանությամբ՝ քաղաքական, տարածքային, կենցաղային, մասնագիտությունների, ընտանեկան հարաբերությունների և այլնի մասին. դրանցից տարածված են հատկապես ապարանցիների մասին տարատեսակ զվարճախոսությունները.
Ապարանցին գնում ա հարսանիք: Երաժշտություն չի լինում, ինքը վեր ա կենում, պարում: Մոտիկանում, հարցնում են.
-Էս երաժշտություն չկա, խի՞ ես պարում:
Ասում ա.
-Ես վռազ եմ, պարեմ, գնամ: (www.copypaste.am/2012/05/14/անեկդոտներ-1337060802/)
Իր տարածվածությամբ հայտնի մյուս խումբը հայի, թուրքի ու վրացու մասին անեկդոտներն են.
Դևը հային, թուրքին, վրացուն բռնում ա, սկզբում հային ա ուտում, որ կռուտիտ չըլնի: (http: //www.akumb.am/archive/index.php/t-61-p-4.html)
Այս և նմանատիպ այլ անեկդոտներ կարելի է հանդիպել ցանցային գրեթե բոլոր տարածություններում: Սրանք հաճախ ներկայացված են լինում հենց առանձին թեմատիկ խմբով, որը պայմանավորված է նաև փնտրողական համակարգի առանձնահատկություններով:
Կայքերի կամ էջերի պատասխանատուները այնպես են կառուցում իրենց էջերը, որ ընթերցողները, տվյալ թեմային համապատասխան, իրենց հայտնի անեկդոտները գրառում են տվյալ կայքում կամ էջում: Այս դեպքում, համացանցը կարծես դառնում է և՛ բանահավաք, և՛ բանասաց: Հետաքրքիր է համացանցին տրված Կրասիկովի որակումը. նա բանահյուսության՝ մասնավորապես ուսանողների բանահյուսության կենցաղավարման համար համացանցը որակում է որպես գրատախտակ: Այսինքն, ըստ գիտնականի, համացանցը այն տարածքն է, որտեղ անվանական կամ առանց անվան գրառումներ են արվում, ջնջվում՝ ի տես հանրությանը:
Մյուս կողմից էլ համացանցը շտեմարանի դեր է կատարում, քանի որ շատ անեկդոտներ ժամանակի ընթացքում դուրս են մղվում ժողովրդի կյանքից և միայն համացանցի շնորհիվ պահվում:
«Անեկդոտների՝ մի մասի այլևս չպատմվելը բնականոն գործընթաց է: Ի տարբերություն ժողովրդական բանաձևերի , ասացվածների, աղոթքների՝ անեկդոտը մշտապես պետք է նոր լինի: Եթե բանասացը անեկդոտ է պատմում կամ գրում համացանցում, ենթադրում է, որ այն ծանոթ չէ լսարանին, հակառակ դեպքում, անեկդոտն, իհարկե, իր ժանրային բնութագիրը չի կորցնում, բայց համարվում է չստացված» : Իհարկե, համացանցում անհնար է խուսափել կրկնություններից և միևնույն անեկդոտի տարբերականերից, սակայն համացանցային անեկդոտները աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, քանի որ համացանցից օգտվում են գրեթե բոլոր տարիքի, մասնագիտության, սեռի ու սոցիալական խմբի ներկայացուցիչներ: Իհարկե, օգտատերերի մեծամասնությունը երիտասարդներն են, և , որոշակի վերապահումով անգամ կարելի է համացանցային անեկդոտը, ինչպես նաև համացանցային բանահյուսությունն, առհասարակ, երտասարդական որակել:
Բ) Երիտասարդական անեկդոտների տարածման ժամանակակից միջոցներից մեկն էլ տեքստային հաղորդագրությունն է. այն տարածված էր հատկապես 2000-ականների սկզբում: Տեքստային հաղորդագրությամբ ուղարկվող անեկդոտների առանձնահատկությունը այն է, որ կառուցվում է հիմնականում սիրային խոստովանություն հիշեցնող սյուժեով, որին կցվում է որևէ անսպասելի բառ.այդօրինակ տեքստերից հատկապես հայտնի էր հետևյալը.
Ես շուտով կգամ քեզ մոտ, ու կտանջեմ քեզ, քո աչքերը կկարմրեն ցավից, ես քեզ քարշ կտամ անկողին ու դու չես ազատվի ինձնից: Քո Գրիպ:
Գ) Անեկդոտների տարածման ժամանակակից եղանակների մեջ թերևս կարելի է ընդգրկել նաև համացանցային և տպագիր կոմիքսը՝ պատկերազարդ տեքստը, ուր երգիծական տեքստը և նկարը միասին ձևավորում են անեկդոտի սյուժեն, որը կարող է հաճախ պատմվել նաև առանց նկարի:
Դ) Արդի անեկդոտները աչքի են ընկնում կենցաղավարման ձևերի բազմազանությամբ, սակայն, բնականաբար, որպես բանահյուսական ժանր, անեկդոտների տարածման ամենաընդունված ձևը բանավոր եղանակն է. որոշ անեկդոտների համար սա կենցաղավարման միակ կերպն է, ինչպես նկատվում է «Рассказывание анекдота как жанр современной русской речи: проблемы вариативности» հոդվածում «Անեկդոտը իր լեզվական հատկանիշներով նման չէ բանահյուսական էպիկական մյուս ժանրերին: Անեկդոտ պատմելը ոչ թե զուտ նկարագրություն է, այլ մեկ դերասանի կողմից բեմադրվող ներկայացում: Որոշ դեպքերում անեկդոտի, այսպես ասած, «աղը» պատմողի ձայներանգը, շարժումներն ու դիմախաղն են ստեղծում: Այդ պատճառով էլ դրանք չեն գրառվում անեկդոտների ժողովածուներում: Այս դեպքում պետք է օգտագործել հատուկ մեթոդներ, որոնք կիրառվում են ժողովրդական թատրոնում(ընդ որում, անեկդոտները շատ ավելի մոտ են թատրոնին, քան պատմողական մյուս ժանրերը, ինչպիսին են օրինակ իրապատում հեքիաթը կամ երգիծական նովելները»):
Այդպիսի անեկդոտներից է «Լալոշի» մասին հայտնի անեկդոտը, որի ծիծաղելի կողմը նկատելի է լինում միայն պատմելիս: Առհասարակ էլ, բանավոր պատմվող անեկդոտի հաջողվածության առաջնային պայմանը պատմողի՝ բանարվեստի հմտություններին տիրապետելն է:
Ե)Հենց վերոնշյալ հատկանիշներն են թերևս պատճառը, որ ժամանակակից անեկդոտներից շատերը էկրանավորվում են տարբեր զվարճալի հեռուստահաղորդումներում, որոնք ևս կարող են համարվել անեկդոտների տարածման հիմնական աղբյուրներից մեկը: Իհարկե, ոչ բոլոր անեկդոտներն են կարող էկրանավորվել: Մենախոսական անեկդոտներից շատերը, ինչպիսին է «Ապարանցին ձեռի հետ գործ ա բռնում , ձեռը չի համաձայնում» հայտնի անեկդոտը և շատ ու շատ այլ անեկդոտներ, որոնցում սյուժեն բացակայում է, չեն էկրանավորվում:
Զ) Անեկդոտների կենցաղավարման մյուս ձևը տպագիր կամ առցանց մամուլն է, որտեղ սակայն, ի տարբերություն կենցաղավարման մյուս եղանակների, պարտադիր է դառնում «մշակումը»: Սա, թերևս որոշակիորեն արժեզրկում է անեկդոտը, քանի որ , ըստ էության, բանահյուսական ստեղծագործությունների կարևորագույն արժեքը ժողովրդական բառն ու բանն է: Անեկդոտներ տպագրվում են ինչպես երգիծական թերթերում, այնպես էլ ժամանցային պարբերականներում:
Այսպիսով, ամփոփելով արդի քաղաքային անեկդոտի կենցաղավարման մասին մեր դիտարկումները, փաստենք, որ ժամանակակից անեկդոտները խիստ տարաբնույթ են և տարածված են ժողովրդի գրեթե բոլոր շերտերում, սակայն որոշակիորեն տարբերություններ են դրսևորում տարիքային կամ սոցիալական այս կամ այն խմբում պատմվողները: Իսկ անեկդոտների կենցաղավարման ձևերը՝ ավանդական բանավոր կերպը, ինչպես նաև տարածումը մամուլում, համացանցում և այլուր, պատկերացում են տալիս ոչ միայն անեկդոտների, այլ նաև արդի քաղաքային բանահյուսության կենցաղավարման հիմնական միտումների մասին, որը, բնականաբար, մեկ հոդվածի շրջանակներում չի սպառվում, և սույն հոդվածը միտում ունի բանագետների ուշադրությունը հրավիրել անեկդոտների կենցաղավարման և այլ խնդիրների վրա, որոնք տարաբնույթ ուսումնասիրությունների լիուլի հիմք են տալիս:
[1] А.С. Архипова. Анекдот в зарубежных исследованиях XX века// http: //www.ruthenia.ru/folklore/arhipova2.htm//15.04.13:
[2] Ա.Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե, 1982. Էջ 15:
[3] Արամ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1961 , էջ ԻԱ:
[4] М.Л. Лурье. Детский современный анекдот//[1] http: //www.ruthenia.ru/folklore/luriem3.htm .20.04.13:
[5] А.С. Архипова. Анекдот в зарубежных исследованиях XX века// http: //www.ruthenia.ru/folklore/arhipova2.htm 10.04.13:
[6] Ջրբաշյան Էդ., Մախչանյան Հ…. Գրականագիտական բառարան, Ե., 1989 , էջ 11:
[7] Նույն տեղում:
[8] О.Е. Фролова Анекдот как отражение интересов пользователя, Интернет и фольклор. Сборник научных статей. М.: , 2009.էջ 121:
[9] Անի Հովնանյան «Բանահյուսությունը համացանցում»», Cultural.am
[10] М.М. Красиков. Интернет как парта (Студенческая эпиграфика в сети)//ruteria.ru . 19.03.13:
[11] Шмелева Е.Я., Шмелев А.Д. Рассказывание анекдота как жанр современной речи: проблемы вариативности. – Жанры речи:
[12] Նույն տեղում:
Շատ հետաքրքիր աշխատանկ է կատարվել: Կեցցես!
Ապրես 🙂
Սալմաստեցուն ասում են, ձեր բարբառը՝ հարուստ է եւ քաղցր: Մի նախադասություն կասեք:
-Խերու չէ խերըզնամ, խերքրոջս խարսի խառնըսին, խինգյ խա՝յիր խինգյ խատ խավ խատավ:
«Անցյալ տարի չէ, նախանցյալ տարի, հորաքրոջս հարսի հարսանիքին, հինգ հարյուր հինգ հատ հավ սատկեց»: