Ծերենց | Օսմանեան ինքնակալութիւն. տաճկահայք եւ ռուսահայք

(ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

Ծերենցն (Հովսեփ Շիշմանյան, 1822-1888) իր այս հոդվածը գրել է հայկական միջավայրում՝ Բեռլինի վեհաժողովին հաջորդած իրարամերժ տրամասույթների, նորանոր սպասումների ու հիասթափությունների, բուռն քննարկումների, վերագնահատումների եւ տրամադրությունների պայմաններում: Հայ հասարակական-քաղաքական մտքի համար շրջադարձային իրավիճակ. մի կողմից՝ «Հայկական հարցի» միջազգայնացումը, մյուս կողմից՝ Սուլթան Աբդուլ-Համիդի հակահայկական քաղաքականությունը, մեկ այլ կողմից էլ՝ երկփեղկված (բազմափեղկված) հայկական համակեցությունը: Եթե մինչ այդ Օսմանյան կայսրության քաղաքականության առանցքը Բալկաններն էին, ապա այժմ աստիճանաբար ուրվագծվում էր նոր առանցքը՝ Փոքր Ասիան եւ Արեւելյան Հայաստանը: Օսմանյան իշխանությունը մտահոգված էր հայկական վտանգը կանխելու, իսկ հայ հասարակական-քաղաքական միտքը՝ իրավիճակի նոր լուծումներ գտնելու խնդրով: Արժեքների (հայրենիք, ընտանիք, ազատություն, անկախություն եւ այլն) վերարժեւորման  համատեքստում էլ սկսվում է հայության ազատագրական պայքարի նոր փուլը, որն առանձնանում էր հիմական երկու միտումներով. ոմանք կողմ էին բալկանյան ժողովրդի օրինակով զենքի դիմելուն, ոմանք՝ կրթական-մշակութային՝ «մշակութային ինքնավարությանը» զարկ տալուն. «[Հ]այ գործը փեղկվեց, ընտրելով տարբեր ուղիներ, փոթորկի եւ աշխատանքի ուղիներ» (Ն. Ադոնց, Մեծ եղեռնի տարելիցին, Ն. Ադոնց, Երկեր, հ. Զ, Ե., ԵՊՀ հրատ., 2012, էջ 257): Չնայած նման երկփեղկվածությանը՝ միջազգային քաղաքական կյանքի վերափոխության արդյունքում ու դրան զուգընթաց նոր ձեւ ու բովանդակություն էին ստանում եւ հայրենասիրական զգացումները: Քաղաքական իրադարձությունների նման շրջադարձը նշանակալից էր եւ Ծերենցի ստեղծագործական որոնումների համար, երբ գիտակցվում է «ազգային ինքնագիտակցության բարձրացման», «ներքին ուժերի լարման եւ կազմակերպման» հիմնախնդիրը. «պետական մարդ՝ գիտնական մարդ՝ փիլիսոփայ՝ պատմաբան՝ վերջապէս աշխարհք բոլոր եւ ընդհանուր՝ իրաւունք ունի մեծ ինքնակալութեան մը ճգնաժամին վրայ մտածելու՝ խորհրդածելու», մի բան, որի շուրջ խորհրդածելու «թերեւս քիչմ’ աւելի մեծ իրաւունք ունի հայ ազգի անհատները թէպէտ ցրուած՝ կամ մնացած հայրենի երկրին մէջ խորհրդածելու իրենց վիճակին վրայ, որ նոյն տէրութեան վիճակին հետեւանք կրնայ լինիլ» (Ծերենց): Խորհրդածությունների հիմնական թեմաներն էին Արևմտյան Հայաստանում հայության վերահաստատման, ազգապահպանման աշխատանքների, դպրոցների եւ մշակութային օջախների հիմնման, արտագաղթի կասեցման եւ այլ հրատապ հիմնախնդիրները: Այս խնդիրներին է նվիրված եւ Ծերենցի ստորեւ ներկայացվող հոդվածը, որտեղ հեղինակը փորձում է մի կողմից վեր հանել, թե «ուր կը սխալի Օսմանեան պետութեան քաղաքականութիւնը Հայոց վերաբերմամբ», մյուս կողմից՝ «ի՞նչ կրնան ընել հայք եւ ի՞նչ պէտք են ընել թե նոքա որ հայրենի երկրին մէջ կը բնակին, թե նոքա որ հայրենեաց դուրս գաղթեալ, չեն կրնար իբրեւ համազգային արենակից եղբայր՝ իբրեւ Քրիստոնեայ համակրօն եղբայր չի տեսնել, չի լսել իրենց հարազատաց տառապանքը, նոցա եղերանաց ձայնը եւ անտարբեր մնալ անկարեկիր»: Ըստ այդմ էլ Ծերենցն իր հոդվածը բաժանել է երկու մասի, որոնցից առաջինի հիմնական ուղերձն այն է, որ շահերի տարբերությունների, բազմազգության, բազմատարրության, բազմալեզվության եւ բազմակրոնության  պայմաններում այդուամենայնիվ հնարավոր է քաղաքագիտություն՝ միմյանց «միացնելու համար շահերը, մօտեցնելու համար ազգերը, ընտելացնելու համար լեզուները, յարգելու համար կրօնները» եւ  որ «Այս օր մենք մեզի օգնենք, վաղիւ Աստուած մեզի կօգնէ եւ իր ձեռքը՝ պաշտպաններ կը յարուցանէ, եւ նոյն իսկ Հայաստանի տեարց՝ քաղաքագէտ, խոհուն եւ հեռատես խորհրդականներ կարող է յուրացնել»: Իսկ երկրորդ մասում արդեն տալիս է յոթ կետից բաղկացած գործողությունների իր տեսլականը:

Տեքստը թվայնացնելիս պահպանել եմ հրատարակված բնագրի թե՛ կետադրությունը, թե՛ ուղղագրությունը:

 Սմբատ Խ. Հովհաննիսյան

Կարելի չէ ընդհանրապէս խորհրդածող մարդու անտարբեր մնալ և չի մտածել այն վիճակին վրայ՝ որու մէջ կը գտնուի Օսմանեան լայնատարած ինքնակալութիւնը, և ի մասնաւորի նոյն միջոցին ո′ և իցէ հայու իւր ազգին վրայ չի դարձնել միտքը և նորա ապագային վրայ չի խորհիլ: «Ո′ և իցէ» հայու ըսինք, վասն զի հայը օտարացեալ նաև իւր հայրենի երկրէն՝ հիւսիսային սառնամանեաց մէջ կամ այրեցած գօտւոյն տակ հառաչանք մը ունեցել է հին հայրենի երկրին համար, և ազգային աշխարհագրութեան տգէտներ տեսած ենք՝ որ իրենց պապենական յիշատակաւ՝ Տայոց գաւառի և Սիւնեաց երկրի վրայ տեղեկութիւն հարցնելու կ’ելնէին:

Այո′, պետական մարդ՝ գիտնական մարդ՝ փիլիսոփայ՝ պատմաբան՝ վերջապէս աշխարհք բոլոր և ընդհանուր՝ իրաւունք ունի մեծ ինքնակալութեան մը ճգնաժամին վրայ մտածելու՝ խորհրդածելու. ոմանք իրենց շահերու կամ վնասներու հետևանաց համար, ուրիշներ իրենց ուսման նիւթական և բարոյական պատճառներու քննութեան ճոխ նիւթ գտնելուն համար: Բայց նոյնպէս և թերևս քիչմ’ աւելի մեծ իրաւունք ունի հայ ազգի անհատները թէպէտ ցրուած՝ կամ մնացած հայրենի երկրին մէջ խորհրդածելու իրենց վիճակին վրայ, որ նոյն տէրութեան վիճակին հետևանք կրնայ լինիլ:

Երկու հարիւր տարի է որ քաղաքագէտ աշխարհք կը նշմարէր փոթրկալից սև ամպերը որ Թուրքիոյ գլխուն վրայ կը ժողվուէին[1]. կը տեսնէր վտանգը դուրսէն և ներսէն որ իրեն կ’սպառնար, և երկայն ժամանակներ ոչ ոք այս մեծ տէրութեան ղեկավարներէն չէր տեսել վտանգը. կասկածոտ հայրենասիրութիւն՝ ոչ ուրուք սրտին թելերը չէր արթնացնել մահամերձ թմրութենէն, և պատճառ, վասն զի անցելոյն փառքը և յիշատակին շլացուցիչ փայլը՝ Օսմանցի պետական մարդոց աչքը նսեմացուցեր էր, թերևս տգիտութենէն աւելի՝ կրօնական համոզմունք շնթած էր իրենց թէ՝ այդչափ յաջողութիւն տուողն Աստուած զիրենք չի կրնար թողուլ:

Իսկ երբ թուրքը վիճակն այսպէս կը տեսնէր և կը դատէր, հայը նոյնչափ տգէտ, նոյնպես և նոյնչափ համոզեալ, և թերևս իրաւամբ թէ Օսմանցի թագաւորէն աւելի արդար ոչ ոք չկար իւր շահերը՝ իւր կեանքը պաշտպանող, նորա կենաց և զօրութեան համար աղօթք կ’ըներ:

Բայց երբ թագաւորական իշխանութիւն տէրութեան հետ միասին սկսաւ տկարանալ, երբ նորանոր աշխարհակալութիւնք ոչ միայն սկսան սանձուիլ՝ այլ նաև յարձակմունք յարձակմանց սկսան պատասխանել, երբ ժողովրդոց և կուսակալաց ապստամբութիւնք իրարու սկսան յաջորդել, հարստահարութիւնք և բռնութիւնք աղքատութիւնը երկրին մէջ սովորական ըրին, և կեդրոնական իշխանութեան գլուխ վեհապետին հրամանները անլսելի եղան, իւր հրովարտակաները մեռեալ թուղթք մնացին նախարարաց ձեռք և կուսակալաց բարձի թողի եղան և չեղեալ համարեցան. անկայուն՝ վրանաբնակ՝ աւազակաբարոյ ժողովուրդք տանելի հարստահարութիւնքը անտանելի վիճակի հասուցին: Հայաստանու բնիկ հայը տառապեալ, ճնշեալ, հոգեսպառ մեծ և պզտի աւազականերէ, ուրացաւ՝ մէկ մասը իւր բազմադարեան հաւատքը առ Աստուած, միւս մասն ուրացաւ իւր նախնեաց երկիրը՝ թողուց տուն՝ եկեղեցի և հարց և սիրեալ ոսկորներ և գաղթեց յօտարութիւն. ի՞նչ զարմանք նաև երբ մնացեալը հաւատարիմ երկրին և կրօնքին և թագաւորին արքայական անկարող արդարութեան վրայէն հաւատքը վերուց և օտարէն յոյս սկսաւ փնտռել, վասն զի տեսաւ նոյն ինքը վեհապետը այս վերջին օրերս օտարին կը դիմէր, յոյս փրկութեան փնտռելու ի Բեռլին:

Հայ ազգին մէջ տեսանք մարդիկ բարձր դիրքով կամ գիտութեամբ կամ խելքով, որ իրենց ազգայնոց այս ձգտմունքը մեղադրեցին, իբրև թէ «հայ ազգը պէտք չէր զատել իւր շահերը Օսմանեան ինքնակալութեան շահերեէն». մենք յայտնի կը զրուցենք թէ հայ ազգը չէր որ ի Բեռլին դիմելով իւր շահերը զատեց և որոշեց Տաճկական պետութենէն, այլ սխալ և ծուռ քաղաքագիտութիւնը որ շատ անգամ կը մոլորցնէ կառավարող ձեռքերը՝ այդպես կարծեց և ըստ այնմ շարժեցաւ ի վնաս անձին՝ ի վնաս հաւատարիմ հանդարտ ազգին՝ որ իւր դրօշակին տակ խաղաղ ապրիլ կը փնտռէր և խաղաղութեան տեղ դառն հալածանք կը կրէր:

Զրուցենք՝ ցցնենք ուրեմն թէ ո′ւր կը սխալի Օսմանեան պետութեան քաղաքականութիւնը Հայոց վերաբերմամբ, և ի՞նչ կրնան ընել հայք և ի՞նչ պէտք են ընել թե′ նոքա որ հայրենի երկրին մէջ կը բնակին, թե′ նոքա որ հայրենեաց դուրս գաղթեալ, չեն կրնար իբրև համազգային արենակից եղբայր՝ իբրև Քրիստոնեայ համակրօն եղբայր չի տեսնել, չի լսել իրենց հարազատաց տառապանքը, նոցա եղերանաց ձայնը և անտարբեր մնալ անկարեկիր:

Ա

Հարիւր տարի կայ որ հայ ազգին դրութիւնը հայրենի երկրին մէջ անտանելի եղած է, վասն զի ինչպէս պատմութիւն, աւանդութիւնք, նոյնպէս և աւելի զօրաւոր աւերակք աւերակաց վրայ կը վկայեն թէ հարիւր տարուան միջոցին մէջ այս ազգը սաստիկ տառապեր է, բայց միշտ յոյս պահելով և վստահանալով Օսմանեան ինքնակալաց խոստմանց վրայ, մանաւանդ վաթսուն տարուընէ ի վեր Սուլթան Մահմուտէ[2] սկսեալ՝ որ շատ քաղաքագէտք և պատմաբանք վերանորոգիչ Օսմանեան պետութեան անուանեցին, ոչ խլրտմունք և ոչ ամենափոքր գանգատանաց ձայն ձգած չէ, յուսալով թէ վեհապետք և կրօնական մահմէտականութեան իրենց ձայնը և իրենց հրամանը լսելի ընել տալու ոչ միայն փափաք այլ և կարողութիւն ունէին: Ուստի երբ արքայական հրովարտակներն կը քարոզեն կրօնից անխտրութիւն, օրինաց առջև հաւասարութիւն, դատաստանարանաց արդար իրաւարարութիւն, կառավարող անձանց անկողմնակալ ընտրութիւն, հարկաց արդար բաժանումն, ստացուածոց կենաց և պատւոյ ապահոթիւն[3], չէին կարծեր թէ այդ ահարկու Մէհմէտներու[4], Սէլիմներու[5], Սիւլէյմաններու[6] թոռներուն, Սուլթան Մահմուտի՝ Սուլթան Ապդիւլ-Մէճիդի[7], Սուլթան Ապդիւլ-Ազիզի[8], Սուլթան Մուրատի[9] և Սուլթան Ապդիւլ-Համիտի[10] հանդիսաւոր ու պառճառաբանեալ հրովարտակք և սահմանադրութիւնը անկատար և անգործադրելի պիտի մնան, ուստի յուսով ապրեցան և ոչ միայն գործով՝ այլ և ոչ խօսքով և ոչ գրով բան մը՝ բառ մը չարտասանեցին և չի դրոշնեցին Օսմանեան պետութեան դէմ:

Բայց եթէ չի խօսեցան և չի գործեցին, եթէ իրենց դարաւոր հաւատարմութեան չի դրժեցին, միթէ՞ կարելի էր այդ կեդրօնական զօրութեան վրայ որ կը խոստանար և չէր կրնար կատարել՝ որ գիտէր ներել ապստամբաց և անզգամաց և չէր կրնար պաշտպանել դատը անմեղ հլու աղերսարկուաց, կարելի՞ էր վստահութիւն ունենալ: Մանաւանդ որ նա հզօրն և ահարկու երբեմն, հիմա յայտնի կարօտ էր պաշտպանութեան քրիստոնեայ պետութեանց որ այդ վճռելու համար ժողովուեր էին ի Բեռլին:

Եւ որոհետև Սէն-Սթէֆանօի և Բեռլինի[11] սեղաններէ ինկած փշրանքներ հայուն կենաց փոքր ճարակ մը խոստացան, պէտք էր որ Հայաստանի և Կիլիկիոյ հայը ամեն տեսակ և աւելի տառապանաց ու հալածանաց ենթարկի. պէտք է՞ր որ դրական թշուառութիւն մը կառավարութեան կողմէն զինք ոգեսպառ ընելու աշխատի. այս ահա մենք և հայ ազգը չէ կարող հասկնալ:

Այդ երիտասարդ Թուրքիան եթէ այդպէս կը ծառայէ հայրենեաց և Քեամիլ փաշային[12] պէս կը մտածէ և խորհուրդ կուտայ վեհապետին, կարծելով թէ Տաւրոսի բարձանց վրայ բնակող քանի մը հայք ջնջելով կենդանութիւն կ’առնու Տաճկաստան և թէ իր վտանգը հայոց ազգէն է՝ շատ կը սխալի: Փոխանակ ներքին, բայց ճշմարիտ բարեկարգութիւնք իրագործելու, երկիրն անապատացնելու դրութիւնը ոյժ և զօրութիւն չի տալ Օսմանեան պետութեան և թերթ թերթ կ′ընկնին այդ գաւառները որ այդ մեծատարած ինքնակալութիւնը կը կազմեն:

Եթէ իրոք վտանգ մը կայ պետութեան, իր ելևմտական վիճակն է, կոյր են անոնք որ չեն տեսներ և վտանգ հոն կը փնտռեն ուր չի կայ և ուր կ′ուզեն ստեղծել յիմարաբար: Այսչափ տարի բարենորոգութիւն խոստանալ և չի կրնալ կատարել այլ վատէն ի վատթարագոյն երթալ, հոն է վտանգը:

Փորձուած՝ յայտնի եղած ճշմարտութիւն է որ ինչպէս առանձին մարդկան. նոյնպէս պետութեանց համար միմիայն ճանապարհ կայ փրկութեան, լինիլ ուղիղ և պարզ: Մաքիավէլական քաղաքագիտութիւնը որ բռնութեան, խաբէութեան, ստութեան, և խարդախութեան վրայ կը հիմնի՝ ոչինչ չի կրնար ստեղծել:

Մաքիավէլի հայրենեաց որդիք, Քավուր[13] և Վիքտօռ Էմմանուէլ[14] Մաքիավէլական քաղաքականութեամբ չի կազմեցին Իտալիա, այլ պարզ՝ ճշմարիտ ուղղութեամբ և համարձակութեամբ անյուսալի և երազ կարծուած Իտալիան: Սօլֆերինջյէ[15] և Սատովայէ[16] վերջ Աւստրիա նոցա օրինակէն խրատուած, իւր քայքայմունքէն կանգնեցաւ ոչ կեդրոնականութեան դիմելով և ոչ սահմանադրութեան հրատարակմամբ և առ ժամանակեայ գործադրութեամբ դուրս ու ներսը շլացնելով, այլ հիմամբ և ուղղութեամբ ամեն ինչ գործադրելով: Հոն էլ շահերը տարբեր էին, հոն նաև բազմազգի, բազմատարր և բազմալեզու և բազմակրօն ժողովուրդք էին, բայց քաղաքագիտութիւն մը կար միացնելու համար շահերը, մօտեցնելու համար ազգերը, ընտելացնելու համար լեզուները, յարգելու համար կրօնները, և այսպէն կորուսեալ Իտալիոյ տեղ, Աւստրիա չի խորշեցաւ դարաւոր անունը նաև փոխելէ, Աւստրիոյ-Հունգարիոյ անունն առաւ և Բօսնա գրաւեց[17], եթէ շրջակայքը նաև չի գրաւէ:

Կարելի է որ այդ երիտասարդ Թուրքիոյ կարճատես կրօնամոլք, աշակերտք կամ համախոհք Քեամիլ փաշայի, կը խորհրդածին թէ, «ի՞նչ օգուտ տեսանք Ռումանիոյ, Սերպիոյ տրուած յինքնուրութեանց կամ ինքնիշխանութեանց. ամեն դաշինք ոտնակոխ ըրին, Վեհապետական լուծը խորտակելու ամեն ջանք ի գործ դրին, բուն, մեծ և հզօր թշնամին չի տեսնուած իրենք թշնամին դարձան, իրենց տկար և ողորմելի զէնքերը մեզի դէմ շարժելու առաջին փորձ ըրին, թշնամւոյն հետ դաշնակից, մեզ հպատակ եղողները զմեզ դաւաճանեցին և մեզի դէմ յարձակեցան, և մեր մեծ դատաւորն Եւրոպա ոչ միայն մեր յաղթական զէնքերը դադրեցուց նոցա դէմ՝ այլ նաև այն բարբարոս ապստամբաց՝ որ մեր կալանաւորներն կ’սպանէին գազանաբար, քիթ և ականջ կը կտրէին, վերջին կողմնակալութեամբ վարուեցաւ: Եթէ Եւրոպիոյ մասին մէջ մեր ծոցը օձ սնուցինք, պէտք չէ որ նոյն յիմարութիւնն ընենք մեր Ասիական Տաճկաստանի մէջ. խելոքութիւնը ջնջել վերցնել է այն ամեն տարերքը որ օր մը կրնան մեզ նոյն վտանգը ծնանիլ և օտարին ձեռնամխութեան առիթ և գործիք լինիլ:

Հիմա, այս օր գոնէ Անգլիոյ շահերն կը պահանջեն որ Փոքր Ասիոյ (մենք և Անգլիա Հայաստան բառը ոչ միայն չենք ճանաչեր, այլ այդ անունը հնչող կզակները պէտք է ջախջախենք) մեր ունեցած երկիրները ազատ մնան օտարին միջամտութենէն և միջամտութեան ամեն առիթներէն. ուստի այդ սուրբ նպատակին համար պէտք է և պետական իրաւունք կը պահանջէ որ ո′և իցե կասկածելի տարր անհետ ընենք, որպէս զի ապագայն ապահովենք. ուրեմն այդ հայ ազգը վերցնելու, անհետ և անճետ ընելու ենք: Եւ այդ ի գլուխ հանելու համար բան չի պակասիր մեզ. ամեն գործիք պատրաստ ունինք – Քուրդ, Չէրկէզ, կուսակալ, դատաւոր, հարկահան, ոստիկան, վերջապէս ամենայն ինչ. կրօնական պատերազմ մը կը հրատարակենք, և դիւրին պատերազմ այնպիսի ազգի մը դէմ՝ որ ոչ զէնք ունի, ոչ զինւորութիւն և ոչ պաշտպան. երբ ընդ հակառակն, մեք զէնք էլ ունինք, զինւորութիւն էլ և աշխարհիս ամենէն մեծ տէրութեանց մէկը՝ և ամենէն հարուստը մեզ նիզակից է և մեր Ասիական աշխարհքին երաշխաւոր: Եւ եթէ այդ հայ ազգը բնաջինջ լինի և քրիստոնեայ Եւրոպա կրօնակից մը փնտռէ և չի գտնէ Տաճկական Ասիոյ մէջ, կը թողու զմեզ հանգիստ և այն ատեն կ′զբաղինք ներքին գործերով և բարեկարգութեամբ: Ի՞նչ կը պակսի մեզ, – հո՞ղ, – մեր Ասիոյ երկրին տարածութիւնը միայն՝ գրեթէ չորս անգամ Ֆրանսայի չափ ընդարձակ է. ամեն տեսակ հարստութիւն, ամեն տեսակ կլիմա, ամեն տեսակ բերք, քաջ, պատերազմող, սակաւապէտ ժողովուրդներ, որ երբեմն աշխարհք բոլոր սարսեր են, և ամենուն կապ, կեդրոնական կառավարութիւն նիւթական և աննիւթական տապարով զինեալ: Ան ատեն կրնանք մեր ձայնը բարձրացնել, ան ատեն կրնանք մեր հին փառքը կենդանացնել, մեր ելևմտական վիճակը կանոնաւորել, մեր դատարաններն օրինաւորել, արհեստներ, գիտութիւնք ծաղկեցնել, փոխանակ դաս առնելու, դաս տալ Եւրոպիոյ…»:[18]

Ահա երազը որ կ′երազեն երիտասարդ Թուրքիոյ իմաստունք և գիտնականք, և չեն խորհրդածեր թէ՝ այդ ամեն բարելաւութեանց ոչ ոք արգելք չէ եղած ի քրիստոնեայ ժողովրդոց այսչափ տարիներէ ի վեր, ո′չ նոքա որ այսօր ազատ են իրենց լծոյն և ոչ նոքա որ նոյն լծոյն տակ կը հեծեն, բարելաւութեանց կը սպասեն և ոչ բնաջինջ լինելու. պէտք է գիտնան այդ Քեամիլ փաշայի արբանեակք թէ կը սխալին իրենց բոլոր այդ տրամաբան խորհրդածութեանց մէջ:

Ո′չ մէկ երկիր, ո′չ մէկ ազգութիւն և ոչ ամենափոքր մէկ ժողովուրդ, Հելլէն, Ռումէն, Սերպ, Չեռնագորցի, շնորհք չեն տեսեր տիրող ազգէն, և ի′նչ որ եղեր են և են ասօր, բուռն, յուսահատ ջանքով և իրենց կրօնակից պետութեանց օգնութեամբ և թևարկութեամբ եղեր են, և ամեն յարաբերութեանց մէջ դժկամակութիւն, նախատինք, արհամարհանք գտեր են միշտ ինքնակալ կառավարութենէն և փոխարէն իրենք հեռ և ատելութիւն տածեր իրենց սրտին մէջ, և առաջին առթին չեն սապասեր, այլ այդ առիթը ստեղծելու ջանացեր են: Եւ Եւրոպա մեծ դատաւորը արդար լինելու համար պարտաւորուել է, զանոնք անգութ վրէժխնդրութենէ և բնաջինջ լինել է ազատելու համար օր մը լուծը թեթևցնել և վերջը այդ անիրաւ լուծը բնաւ խորտակել:

Քեամիլ փաշայի արբանեակները այս օր Տօրոսի լերանց վրայէն, վաղը Վանայ ծովուն եզերքէն, միւս օր Մշոյ դաշտերէն բնաջինջ ընել կը մտածեն հայ ազգը և անունը: Հայաստան անունը մենք հայերս չենք պահեր, մենք աշխարհագրութիւննը մոռցած ժամանակնիս նաև աշխարհագիրք այդ երկրին անունը այդպէս պահեր են դարերով և մինչև մեր օրերը հասուցեր, և հիմա մեր տղաքը երբ աշխարհագրութիւն գիտեն, այդ բառերը ջնջել Քեամիլ փաշայի մը կարողութենէն վեր է:

Իսկ անզէն հայ ազգը անհետ և անչետ ընել, այսօր, ներկայ ժամանակիս մէջ շատ դժուարին է, իսկ վաղը, ապագային մէջ անկարելի. վասն զի ապագան Ճէնկիզներու՝ Լէկթիմուրներու չէ. դեռ այսօր կրնար գտնուիլ և կան քաղաքագէտք՝ որ տկարը, թշուառը արհամարհեն, հառաչանաց ձայներու խուլ լինին, ինկածին ոտնահար լինին, բայց մշտնջենաւոր չեն: Վասն զի նոյն այդ քաղաքագէտք ամօթապարտ իրենց քաղաքագիտութենէն, վերջին փորձ մը միայն կը խոստանան փորձել, և այս փորձին համար, ահա տարի մ′է որ ոսկւոյ մը զոհողութիւն չեն ընել:

Ապագային վրայ վստահութեամբ, թէ մեր ազգին աւելի լաւ օրեր կը պահէ, մտածենք թէ ի′նչ կարելի է ընել, այն ընենք և չի դանդաղինք. ճշմարիտ է որ շատ փոքր է մեր կարողութիւնը, և շատ մեծ է մեր անոք, անօգնական՝ յամենուստ լքեալ ազգին թշուառութիւնը, բայց մեզմէ թշուառներ էլ կան, մեզմէ աւելի մերժեալ և հալածեալ և տարագիրք ի հայրենի երկրէն կը գտնուին, և նոքա այսօր լուռ՝ անձայն կ′աշխատին և իրենց ազգը կը ջանան կանգնեցնել: Ջանանք ուրեմն այս վիճակին մենք էլ դարման գտնել և հնարել: Այս օր մենք մեզի օգնենք, վաղիւ Աստուած մեզի կ′օգնէ և իր ձեռքը՝ պաշտպաններ կը յարուցանէ, և նոյն իսկ Հայաստանի տեարց՝ քաղաքագէտ, խոհուն և հեռատես խորհրդականներ կարող է յուրացնել:

Բ.

Երկիւղը «վատ խորհրդական» Հայաստանի հայուն դէմ կը զինի: Ի՞նչ է ուրեմն մեր պարտքը, ամեն հայու սրբազան պարտաւորութիւնը:

Ա. Տեսանք և կը տեսնենք թէ երիտասարդութիւն մը կայ ոչ Հայաստանի մէջ, այլ Հայաստանէ մասամբ դուրս, որ խելքով և խոհեմութեամբ կ′աշխատի բարոյապէս իւր տգէտ և անկիրթ եղբարց գիտութիւն հայթայթել, ուսումնարանհաստատելով, ուսուցիչ յուղարկելով՝ դասագիրք հասցնելով: Ազգը մեծ և պզտի, այր և կին, ծեր և տղայ, հարուստ և աղքատ սկսաւ իւր օգնութիւն ընել այդ, երիտասարդութեան, և մենք հաւատք ունինք որ այդ օգնութիւնը ոչ թէ տարուէ տարի պակսի այլ տարի տարւոյ վրայ աւելնայ և վերջապէս հայրենի հողին վրայ հայը լինի այն մարդը, որ իւր բնական տոկունութեան և հաստատամտութեան վրայ իւր ընտանեկան մաքուր բարոյականին վրայ՝ իւր մտաւորական սրութեան, իւր ձեռագործից և արհեստի յարմարութեան վրայ աւելցնէ ուսմամբ և գիտութեամբ այն սուր տեսութիւնը որ ապագային քօղը պատռէ, բարեկամը և թշնամին կ′որոշէ, երկուքին ևս զօրութիւնքը կը կշռէ, և իւր բռնելու ընթացքին ըստ այնմ ուղղութիւն կուտայ:

Բ. Եթէ երիտասարդութիւն այսպէս կ′աշխատի, և մենք ազգովին կ′ուրախանանք ու կը ծափահարենք և կսկսինք իւր ջանից պատասխանել, չենք կրնար մեր ազգին մտածող մասը առանց տխրութեան, առանց զայրոյթի տեսնել եկեղեցական դասուն մէկ մեծ մասին ընթացքը որ ոչ միայն անզգայ է ազգի օգտի, այլ որ աններելին է ազգին դէմ ամեն օր, ամեն վայրկեան դաւ և որոգայթ կը նիւթէ: Չի կարծէ ոք թէ զրպարտիչներու՝ մատնիչներու համար է խօսքս, զրպարտութեան զօրութիւնը առ ժամանակեայ է, մատնութենէ երկիւղ չունի ազգը վասն զի գաղտնիք չունի և ամենուն մէջ կը գործէ, լուսոյ առաջ իր վէրքերը պատել կ′աշխատի և այս պիտի լինի իր ընթացքը: Ո′չ, այդ անարգ սողուններուն համար չէ խօսքս, այլ նոցա համար կը խօսիմ՝ այն եկեղեցականաց համար որ դաւաճան են ազգին ապագային, որ տգէտ, և անպիտան՝ և անբարոյական կղերով ազգը կը խճողեն իրենց գրպանը Յուդայի արծաթով լցնելու համար: Հայաստանեայց եկեղեցին՝ ազգին դրօշակը պատառ պատառ կը յօշոտեն, անամօթութիւնը վեհանձնութիւն կարծելով արդար ազդարարութիւնք կ′արհամարհեն, և ապագային նզովքը իրենց նիւթականութիւնը չի խրտնցներ: Պէտք է որ այդ անարգ վաճառականութիւնը դադրի, եթէ ոչ պետք է ազգը այդ ձեռնադրութեանց դէմ իւր ձայնը բարձրացնէ և ամեն մէկ անարժան ձեռնադրութեան բողոքէ օրագրաց միջոցաւ, մատնանիշ ընէ ձեռնադրող և ձեռնադրեալ: Սիմոնականութիւն, վարուց և բարուց անառակութիւն, չար օրինակ նաև Աստծոյ դատաստանին թողունք, բայց տևական յաջորդութիւն ձգել այդ անզգամութեանց՝ իրենց անարգ և զզուելի կեանքին շարունակութիւնն թողուլ ազգին – այդ աններելի պէտք է համարիլ: Ազգը՝ այդ բանին պէտք չէ հանդուրժէ: Պէտք է ինք ջանայ՝ հնարք գտնէ այդ վիճակին դէմ, վասն զի իւր ներկայացուցիչ՝ եկեղեցականն է ամեն տեղ, այո, ամեն տեղ: Ինչպէս ազգը Ներսէսներու[19] նման առաքինի և անձնուէր եկեղեցականաց անցեալին մէջ յիշատակը կ′օրհնէ և ներկայիս մէջ նոցա անձը կը գովաբանէ, պէտք է որ նոցա հակառակ ընթացք ունեցողներուն ճակատը վատահամբաւութեամբ դրոշմէ:

Գ. Ազգը պէտք է նաև հին հայրենեաց մէջ գտնուած աղքատութեան դարման տանի, ոչ ողորմութեամբ՝ այլ անձնական շահը Հայաստանի հայուն օգտակար ընելով: Ի՞նչ օգուտ անգութ վաշխառուաց դէմ բողոքելէ, միթէ՞ աւելի լաւ չէր ընկերութեամբ դրամատուններ հաստատելով հայ գիւղացին պանդխտութենէ և վաշխառուաց հարստահարութենէն ազատել: Մենք ազգին մէջ ուրախութեամբ կը տեսնենք թէ Թիֆլիս և թէ Պօլիս երիտասարդներ որ Քաղաքական Տնտեսութիւն ուսումնասիրել են, իրենց մեծ պարտաւորութիւն կը կարծենք այդ խնդրոյն վրայ թէ վարդապետել և թէ գործադրութեան միջոցներու ձեռնարկել:

Դ. Նոյնը պէտք է զրուցենք նաև ազգային վաճառականութեան համար: Շատ տեղուանք կը տեսնենք որ Եւրոպայէն ոչ ուսմամբ միայն այլև հօվանաւորութեամբ օտարներ կուգան և կը խլեն հայ վաճառականաց շահը, և քիչ ժամանակի մէջ տեղացիք կը դառնան ողորմելի խանութպան՝ օտարը կը լինի մեծ վաճառական: Եթէ մեխ դրամագլխոյ տեարք միայն այնպէս տեսնէինք Տաճկահայոց մէջ, կ′ըսեինք թէ դրամական զօրութեան արդիւնքն է այդ, բայց որովհետև շատ անգամ տկար դրամագլխով օտարը կը յառաջանայ, պատճառը քննելով կը գտնենք որ վաճառական ուսմունք և օտար մեծ տէրութեան մը հովանաւորութիւն գլխաւոր պատճառ են նորա յառաջադիմութեան: Ուստի խորհուրդ կուտանք Ռուսաստանի հայրենակցաց որ իրենց հզօր տէրութեան հովանաւորութենէն օգուտ քաղեն, և այն Տաճկական մեծ նաւահանգիստները տուներ հաստատեն՝ ուր սրամտութեամբ արգասիք կրնան քաղել Անգլիացի, Ֆրանսիացի, Իտալացի վաճառականաց հետ մրցելով, որոնց հետ տեղացի բնիկներ շատ դժուարութիւն կը քաշեն մրցելու, արգելքի հանդիպելով տեղական կառավարութենէն որ միայն օտար դեսպանատնաց թարգմաններուն պահանջանաց և թախանձանաց կը զիջանի: Եթէ Յունաց ազգը մեծ յաջողութիւն գտած է այս վերջին ժամանակներս վաճառականութեան ասպարիզին մէջ կրնանք զրուցել թէ մէկ մեծաւ մասամբ զանազան տէրութեանց հպատակ լինելուն արդիւնքն է:

Ե. Նոյնը կրնանք զրուցել մեծամեծ կալուածատիրաց համար, որ երկրագործութեան մէջ մեծ յաջողութիւն գտած են, վասն զի բացի մշակութեան արհեստին ուսմունքէն, ազատ են այն զրկանքներէ և ճնշումներէ՝ որ անպաշտպան Հայ քրիստոնէին վրայ կը ծանրանայ անպիտան պաշտօնակալաց իշխանութենէն:

Զ. Նոյնը Ռուսահայ եղբարց կը փափաքինք տեսնել և խորհրդածել թէ՝ – Լազարիսթներ և Ամերիկայի ծայրերէն կաթոլիկութեան և պռօտեստանութեան քարոզիչներ կուգան, որ պաշտօն ունին իրենց կրօնքը տարածելու Տաճկաստանի Քրստոնէից մէջ. և որպէս զի իրենց այս կրօնական առևտուրը աւելի ազդու ընեն արևելեան խեղճ և տգէտ Քրիստոնէից մէջ, արևմտեան ժողովուրդք արևելեան լեզուններ կ′ուսնին և ուսումնարանք կը հաստատեն և մինչև համալսարանական գիտութեանց դասերով կը շլացնեն միամտաց աչքերը և այդ ուսմունքներով իրենց կրօնական քարոզութեանց մեծ զօրութիւն կուտան: Նոցա համարձակութիւնը մեծ է, և ամէն կողմնակալ՝ կուսակալ և պաշտօնատար կամայ ակամայ պարտաւոր է նոցա յարգութիւն մատուցանել և մինչև անգամ նոցա զեղծմանց համբերել: Ուստի այդ վիճակը նկատելով կը զրուցենք մեր Ռուսահայ եղբարց՝ ինչո՞ւ իրենք նաև նոյն և նման հզօր տէրութեան մը հպատակ լինելով ու պաշտպանութիւնն ունենալով նոյն օրինակին չեն հետևիր: Ի՞նչ կ′արգիլէ զիրենք Հայաստանեայց Եկեղեցւոյ դրօշակը պարզելու ընդդէմ կաթոլիկութեան և պռօտէստանութեան հայրենի երկրին մէջ, ուսմունքով և ուսումնարանով մրցելու այդ օտար քարոզութեանց հետ և նոյն ազատութիւնքը և համարձակութիւնքը վայելելու, մինչդեռ իրենք մեծ դիւրութիւն ունին արևելեան և ազգային լեզուներ արդէն գիտնալով:

Է. Չեմ ուզեր լռութեամբ անցնիլ իսրայէլեան ուխտին նման[20], հայկական ուխտ մը հաստատելու առաջարկութեան վրայ որ եղած է քանի մը տարի առաջ, և որ պէտք է յիշեցնել, վասն զի միշտ օգտակար կրնայ լինիլ ազգին և կեդրոն հայ ցրուածութեան:

Եթէ միայն սոքա և սոցա նման դեռ քանի մը առաջարկութիւնք որ եղած են զանազան հայրենասէր անձանցմէ ի գործ գրուին, անզգամ դիտաւորութեանց՝ որոնք միշտ առ ժամանակեակ կը հաւտանք՝ և որ քանի մը տկարամիտ և կարճատես երիտասարդ թիւրք հայրենասիրաց հիւանդ մտաց ծնունդք են, դարման կրնան լինիլ հայրենի երկրին վիճակին, մինչև որ Օսմանեան կառավարութեան այնպիսի իմաստուն խորհրդականք յաջորդեն, որ գիտնան կրօնից շահերն իրար կապել և լծորդել և Հայաստանի բնիկ հայը ազատի այն դառն հալածանքէն որուն ենթարկեալ է այժմ սխալ քաղաքականութեամբ:

Այս վիճակին հետևանք կը լինի, օր աւուր ազգային նիւթական և բարոյական յառաջադիմութեամբ նոյն իսկ այսօրուան մեր ինքնահաւան կէս գիտուն, իմաստակ, բանաքաղ անձանց, ուսումնական դաստիարակութեան և գրական ասպարիզէն հրաժարիլն, կամ նորա մէջ կատարելագործուիլն. և այն ատեն չենք տեսնիր այնպիսի անձինք որ ուսուցանեն ինչ որ չեն ուսեր, գրեն այն լեզուաւ որ չեն գիտեր, քարոզեն՝ պաշտպանեն այն որ իրենց կեանքին անբարոյականութիւնն է, և որ կրօնք կ′արգիլէ և սովորութիւն կը դատապարտէ, ամեն օր նոր բան մը զրուցելու համար այսօրուան ըսածին վաղը կը դատապարտեն, լինին ծաղր գիտունին իրենց կիսակատար գիտութեամբ և հոգւոյն և սրտին տգեղութեամբ շփոթեն խեղճ տգէտ ժողովրդեան միտքը:

Այո′, դաստիարակութիւնը՝ տգէտ վարժապետներու տեղիք չի տալով, կրօնքը՝ տգէտ եկեղեցականքը խորանէն հեռացնելով, լրագրութիւնը՝ առանց սկզբունքի, կիսաուսումն և անհեթեթ գլուխներ առանց ընթերցման թողլով, – արժանաւորները վարժապետական աթոռը կը բազմին, եկեղեցականք հայրենի կրօնքին սրբութիւնը օրինակաւ և բանիւ կը քարոզեն, խմբագրապետք գիտունք և հմուտք անճոռնի նամակագրաց, ստայօդ լուրերու և յիմար տրամաբանութեանց և անբարոյականութեան խառայիչք չեն լինիր, հեղինակք թե լեզուին գիտութեամբ և թէ ուսմանց տեղեկութեամբ լուրջ և վայելուչ կը գրեն, ազգին մէջ բաժանման հոգին գրգռողներ կը կարկին, և միութիւնը դէպ’ յառաջադիմութիւն կը տիրապետէ:

ԾԵՐԵՆՑ

 

23 յունիսի 1879 Տփխիս

«Փորձ», 7-8 (1879)

© Թվայնացրեց, առաջաբանը գրեց եւ ծանոթագրեց՝ Սմբատ Խ. Հովհաննիսյան

Ծանոթագրություններ

 

[1] Երկու հարիւր տարի է … Թուրքիոյ գլխուն վրայ կը ժողվուէին  – Հայտնի է հնագույն մի լեգենդ, համաձայն որի՝ արաբ գիտնական Մուստա-Էդդինը, որն ապրել է XVI դարում, Օսմանյան սուլթան Մուրադ III-ին (օսմ.՝ مراد ثالث‎ – Murâd-ı sâlis, թրք.՝ Üçüncü Murat, 1546-1595) հայտնել է իր կանխատեսումը կայսրության անկման մասին: Համաձայն լեգենդի՝ գիտությունների սիրահար Սուլթան Մուրադը, որը գլխավորապես զբաղվում էր աստղագիտությամբ, արքունիք է հրավիրում արաբ նշանավոր գիտնական Մուստա-Էդդինին, որի ցանկությամբ Կոստանդնուպոլսում աստղադիտարան է կառուցում: Այդուհետ սուլթանը հաճախ է այցելում նրան և հարցնում դիտումների մասին: Մի անգամ էլ սուլթանը հարցնում է, թե նա ի՞նչ արտառոց կամ նշանակալի բան է տեսել երկնքում: Մուստա-Էդդինը պատասխանում է. «Ես մի նշան տեսա, որը կանխատեսում է, թե Ձեր մեծ վեզիրը մեռնելու է իր ստրուկի ձեռքով դաժան մահվամբ»: Եվ իրոք. չանցած մի քանի ժամ՝ սուլթանին զեկուցում են, որ նրա վեզիրը սպանված է: Բազմաթիվ նման գուշակություններից հետո մի օր էլ սուլթանը որոշում է հարցնել, թե «Բարեհաջող կընթանա՞ արդյոք իր գահակալումը, և երկա՞ր կգոյատևի Օսմանյան կայսրությունը, և ո՞ւմ կողմից այն կկործանվի»: Մուստա-Էդդինը պատասխանում է. «Տիրակա′լ, դու խաղաղության մեջ կապրես այնքան, քանի դեռ դու ես ցանկանում: Դու կհաղթես քո բոլոր թշնամիներին. Ոչ մի ժողովուրդ քեզ ու քո թագավորության համար սարսափելի չի լինի և ոչ ոք չի կարողանա հաթել քեզ: Բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ հարաբերություններ կպահպանեք կեսգիշերից դեպի արևելք ապրող ժողովրդի հետ: Ժողովուրդն այդ ուժեղ է և փառահեղ, և անունը նրա կթնդա ողջ աշխարհով, և բոլորը կհպատակվեն նրան: Հենց այդ մեծ ժողովրդի կողմից էլ կտապալվի տերությունը՝ ժառանգությունը քո, այդպիսին է կամքը Բարձրյալի»: Այս ամենից հետո սուլթանը խորհուրդ է հրավիրում և քննարկում գուշակությունն ու անելիքները: Խորհուրդը որոշում է մահապատժի ենթարկել Մուստա-Էդդինին, քանի դեռ չի հաղորդել գուշակությունն այդ ժողովրդին: Եվ մահապատժի են ենթարկում արաբ գուշակին, սակայն լեգենդը մնում է և պարբերաբար ոմանց կողմից վերհիշվում: Գուշակության մասին տեղեկատվությունը պահպանվել է «արաբական աստղագուշակ Մուստա-Էդդինի հետաքրքրական կանխագուշակություն Թուրքական թագավորության անկման մասին»-ում: Ուշագրավն այստեղ այն է, որ ռուսական վերոհիշյալ գիրքն իր հրատարակությամբ ու վերահրատարակությամբ ժամանակագրորեն համընկել է ռուս-թուրքական պատերազմների հետ (1828, 1854 և այլն): Թերևս այս կանխատեսմանը կարելի է համադրել նաև 1853 թվականին՝ Ղրիմի պատերազմի ժամանակ, ռուս ցար Նիկոլայ I-ին (Николай I, 1825-1855) վերագրվող «Եվրոպայի հիվանդ մարդը (անգլ.՝ sick man of Europe)» արտահայտությունը Թուրքիայի մասին: Այս ամենի մասին ավելի մանրամասն տե′ս Любопытное предсказание о падении Турецкаго царства Аравийскаго Звездослова Муста Эддина. Отпечатано в типографии С. Селивановского. СПб, 1828. А. М. Зайончковский, Восточная война 1853-1856, СПб: Полигон, 2002:

[2] Սուլթան Մահմուտ –  Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ի (օսմ.՝ محمود ثانى‎ – Mahmûd-u sânî, թրք.՝ İkinci Mahmut, 1785-1839) մասին է, որի անվան հետ է կապված Օսմանյան կայսրության մեջ թանզիմաթյան «բարենորոգումների» ծրագիրը:

[3] կրօնից անխտրութիւնև պատւոյ ապահոթիւն – Նկատի ունի Թանզիմաթը (օսմ.՝ تنظيمات – «կարգավորումներ», «օրենսգիրք»)՝ Օսմանյան կայսրությունում 1839-1876 թթ. ծավալված վերափոխական ծրագիրը, որի հիմնական սկզբունքները շարադրված էին Գյուլհանեի Հաթթ-ը Շերիֆի (Վարդաստանի հրովարտակ, 1839 թ. նոյեմբերի 3) և Հաթթ-ը Հումայունի (1856 թ. փետրվարի 18) մեջ, որոնց բովանդակության մի մասը թվարկել է Ծերենցը: Թանզիմաթի մասին ավելի մանրամասն տե՛ս Ա. Փափազյան, Թուրքական վավերագրական նյութեր Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների մասին (1839-1915), Ե., Զանգակ-97, 2002. I. Hussain, The Tanzimat: Secular reforms in the Ottoman Empire, Faith Matters, 2011, URL:// http://faith-matters.org/images/stories/fm-publications/the-tanzimat-final-web.pdf:

[4] Մէհմէտներու – Օսմանյան կայսրության պատմության մեջ հայտնի են Մեհմեդ անունով 5 սուլթան, բայց Ծերենցը նկատի ուներ առաջին չորսին, քանի որ վերջին՝ 5-րդ Մեհմեդն ավելի ուշ է սուլթան դարձել: Դրանք են՝ Մեհմեդ I Չելեբին (օսմ.՝ محمد اول‎ – Mehmed-i evvel, թրք.՝ Birinci Mehmet, Çelebi Mehmet; շուրջ 1387-1421), Մեհմեդ II Նվաճող (օսմ.՝ محمد ثانى‎ – Mehmed-i sânî, թրք.՝ İkinci Mehmet, Fatih Sultan Mehmet, 1432-1481), Մեհմեդ III (օսմ.՝  محمد ثالث‎ – Mehmed-i sâlis, թրք.՝ Üçüncü Mehmet, 1566-1603), Մեհմեդ IV Որսորդ (օսմ.՝ محمد رابع‎ – Mehmed-i râbi‘, թրք.՝ Dördüncü Mehmet, Avcı Sultan Mehmet, 1642-1693):

[5] Սէլիմներու – Օսմանյան կայսրության պատմության մեջ հայտնի են Սելիմ անունով 3 սուլթան: Դրանք են՝ Սելիմ I Ահեղ (օսմ.՝ سليم اول‎ – Selîm-i evvel, թրք.՝ Birinci Selim, Yavuz Sultan Selim, 1465-1520), Սելիմ II (օսմ.՝ سليم ثانى‎ – Selîm-i sânî, թրք.՝ İkinci Selim, 1524-1574) և Սելիմ III (օսմ.՝ سليم ثالث‎ – Selîm-i sâlis, թրք.՝ Üçüncü Selim, 1761-1808):

[6] Սիւլէյմաններու – Օսմանյան կայսրության պատմության մեջ հայտնի են Սուլեյման անունով 2 սուլթան: Դրանք են՝ Սուլեյման I Հրաշալին (օսմ.՝ سليمان اول‎ – Süleymân-ı evvel, թրք.՝ Birinci Süleyman, Kanuni Sultan Süleyman, 1494-1566), Սուլեյման II (օսմ.՝ سليمان ثانى‎ – Süleymân-ı sânî, թրք.՝ İkinci Süleyman, 1642-1691):

[7] Սուլթան Ապդիւլ-Մէճիդ – Օսմանյան կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ-Մեջիդ I-ի (օսմ.՝ عبد المجيد اول‎ – Abd ül-Mecîd-i evvel, թրք.՝ Birinci Abdülmecit, 1823-1861) մասին է:

[8] Սուլթան Ապդիւլ-Ազիզ – Օսմանյան կայսրության 32-րդ սուլթան Աբդուլ-Ազիզի (օսմ.՝ عبد العزيز‎ – Abd ül-Azîz, թրք.՝ Abdülaziz, 1830-1876):

[10] Սուլթան Մուրատի – Օսմանյան կայսրության 33-րդ սուլթան Մեհմեդ Մուրադ V-ի (օսմ.՝ مراد خامس‎, թրք.՝ Beşinci Murat, 1840-1904) մասին է:

[9] Սուլթան Ապդիւլ-Համիտ – Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ-Համիդ II-ի (օսմ.՝ عبد الحميد ثانی‎ – Abd ül-Hamîd-i sânî, թրք.՝ İkinci Abdülhamit, 1842-1919) մասին է, հայտնի էր նաև «Կարմի սուլթան» անվամբ, որի հետ է կապված «զուլումի» ժամանակաշրջանը:

[11] Սէն-Սթէֆանօի և Բեռլինի – Նկատի ունի Սան-Ստեֆանոյի 1878 թվականի մարտի 3-ի (հին տոմարով՝ փետրվարի 19-ի) ռուս-օսմանյան պայմանագիրն ու նույն թվականի Բեռլինի վեհաժողովի (հունիսի 13-հուլիսի 13) արդյունքները, երբ Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի կետերը վերնայվեցին Բեռլինի վեհաժողվի ժամանակ, որի արդյունքում էլ հայությանը վերաբերող 16-րդ հոդվածը («հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ») վերաձևակերպվեց 61-րդ հոդվածի («հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»): Այս առումով հայ իրականության մեջ ծայր էին առել իրարամերժ կարծիքներ. Ոմանք գտնում էին, որ հայերը Բեռլինի վեհաժողովից «մի ոսկե հանք շահեցինք. Մեզ հարկ է խիզախել և հանել ոսկին» (Մինաս Չերազ), իսկ ոմանք էլ նշում էին, որ «Հաջողեցանք 61-րդ հոդված մը դնել Բեռլինի դաշնագրի մեջ, իցիվ թե հաջողեինք ջնջել այն» (Գրիգոր Օտյան), և որ «Բեռլին տեսած ըլլալեն» զատ ուրիշ օգուտ չունեացնաք (Ստեփան Փափազյան): Ավելի մանրամասն տե′ս Ջ. Կիրակոսյան, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ.), Ե., Հայաստան, 1978, էջ 300-353:

[12] Քեամիլ փաշա  –Օսմանյան կայսրության պետական և քաղաքական գործիչ Մեհմեդ Քյամիլ փաշայի (Mehmet Kâmil Paşa, 1833-1913) մասին է, որը չորս անգամ եղել է մեծ վեզիր (հընթացս 1884-1912 թթ.): Գրել է «Օսմանյան պետության քաղաքական պատմությունը» (հ. 1-3, 1909-10, արաբատառ թուրք.), իսկ 1911 թվականին՝ հրատարակել է նաև իր հուշերի առաջին հատորը: Տե′ս Ս. Փափազյան, Քյամիլ Փաշա, Հայկական Հարց Հանրագիտարան, խմբ.՝ Կ. Խուդավերդյան, Ե., Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն,1996 էջ 462:

[13] Քավուր – Իտալացի պետական գործիչ և դիվանագետ, Սարդինյան թագավորության, իսկ ապա Իտալիայի առաջին վարչապետ Կամիլլո Բենսո դե Կավուրի (իտ.՝ Camillo Benso conte di Cavour, 1810-1861) մասին է, որը առանցքային ներդրում է ունեցել Իտալիայի միավորման գործում: Հայտնի է Կավուրի 1861 թվականին հնչեցված արտահայտությունը. «Մենք ստեղծեցինք Իտալիան, մնում է  ստեղծել իտալացիներին»: Ավելի մանրամասն տե′ս E. Holt, The Making of Italy: 1815–1870, New York: Murray Printing Company, 1971:

[14] Վիքտօռ Էմմանուէլ – Սարդինյան թագավորության Սավոյական դինաստիայի թագավոր, ինչպես նաև միավորված Իտալիայի առաջին թագավոր Վիտտորիո Էմանուելե կամ Վիկտոր Էմմանուիլ II-ի (իտ.՝ Vittorio Emanuele II, 1820-1878) մասին է: Լինելով Իտալիայի ազգային-ազատագրական պայքարի գործում մեծ ներդրում ունեցած գործիչներից (ինչպիսիք էին Ջ. Մաձձինին, Ջ. Գարիբալդին, Կ. Կավուրը և այլք), Վիկտոր-Էմանուել II-ը, իր տարաբնույթ քաղաքական հայացքներով հանդերձ, կարողացել է ինքնատիպ կերպով ներգործել տևական ժամանակ մասնատված երկրի միավորման գործընթացի վրա: Ավելի մանրամասն տե′ս Denis M. Smith, Vittorio Emanuele II. Milan: Mondadori, 1995:

[15] Սօլֆերինջո – Իտալիայում՝ Լոմբարդիայի շրջանում գտնվող կոմունա: Ծերենցը նկատի ունի 1859 թվականի հունիսի 24-ին այստեղ տեղի ունեցած ավստրա-իտալա-ֆրանսիական ամենախոշոր ճակատամարտը. միմյանց դեմ էին մարտնչում Ֆրանսիայի (Նապոլեոն III-ի (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte, 1852-1870) գլխավորությամբ) և Սարդինյան թագավորության (Վիկտոր Էմմանուել II-ի (իտ.՝ Vittorio Emanuele (Վիտտորիո Էմանուելե) II, 1849-1861) գլխավորությամբ) միացյալ զորքերն ու Ավստրիայի զորքերը (Ֆրանց-Յոզեֆի (գերմ.՝ Franz Joseph I, 1848-1916) գլխավորությամբ), որն ավարտվեց ֆրանս-իտալական դաշինքի հաղթանակով: Ավստրիական զորքերի պարտությունը հանգեցրեց Իտալիայում ազգային-ազատագրական շարժման վերելքին: Ճակատամարտի ականատես շվեյցարացի Անրի Դյունանը (ֆր.՝ Jean Henri Dunant, 1828-1910) ցնցված էր Սոլֆերինոյի ճակատամարտի սարսափելի հետևանքներից (ընդմանեը մեկ օրում շուրջ 40 հազար զինվոր էին զոհվել և բազմաթիվ վիրավորներ էին լքվել), որից հետո վերադառնալով Ժնև՝ ձեռնամուխ է լինում «ազգային կամավորական օգնության կազմակերպությունների ձևավորման գաղափարի» իրագործմանը, որպիսին ի վերջո կդառնա «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»: Ճակատամարտի մասին ավելի մանրամասն տե′ս R. Brooks, Solferino 1859: The Battle for Italy’s freedom, Osprey Publishing, 2009:

[16] Սատովա – Սադովան (չեխ.՝ Sadová, գերմ.՝ Sadowa) Չեխիայում գտնվող գյուղ է: Ծերենցն նկատի ունի 1866 թվականին հուլիսի 3-ին այստեղ տեղի ունեցած ավստրա-պրուսական գլխավոր ճակատամարտը, որը հայտնի է նաև մեկ այլ՝ Քյոնիգգրացի ճակատամարտ (գերմ.՝ Schlacht bei Königgrätz) անվամբ: Արդյունքում թագավորական Պրուսիան պարտության է մատնում կայսերական Հունգարիային. վերջնականապես հօդս են ցնդում Եվրոպայում գերիշխանություն հաստատելու Հաբսբուրգյան երազանքը: Այսպիսով՝ Սոլֆերինոյի և Սադովայի ճակատամարտերում կրած պարտության և 1867 թվականին Հյուսիս-Գերմանական միության կազմավորման արդյունքում Ավստրիան գերմանական պետությունների վրա կորցնում է իր ազդեցությունն ու դիրքը: Ստեղծված ճգնաժամային պայմաններում Ավստրիայի կառավարող շրջանները 1867 թվականի մարտի 15-ին կնքված ավստրա-հունգարական համաձայնագրով ավստրիական կայսրությունը վերածվեց դուալիստական միապետության՝ Ավստրա-Հունգարիայի: Ճակատամարտի մասին ավելի մանրամասն տե′ս Q. Barry, The Road to Königgrätz: Helmuth von Moltke and the Austro-Prussian War 1866, Solihull: Helion, 2009:

[17] Աւստրիոյ-Հունգարիոյ անունն առաւ և Բօսնա գրաւեց – Նկատի ունի 1878 թվականին Բեռլինի վեհաժողովի որոշմամբ Ավստրա-Հունգարիան անորոշ ժամանակով իրավունք է ստանում իր կառավարումը հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում՝ զավթելով դրանք: Ավելի մանրամասն տե′ս J. Kwan, Liberalism and the Habsburg Monarchy, 1861-1895, Palgrave Macmillan, 2013:

[18] Քյամիլ փաշային վերագրվող վերոհիշյալ հատվածի սկզբնաղբյուրը չկարողացանք գտնել. հայ պատմագիտության մեջ բազմից մեջբերվող այս հատվածը միշտ հղվում է Ծերենցի այս հոդվածին: Բայց և պարզ է, որ այն ասվել է 1878 թվականի աշնանը Զեյթունում  բարձրացված ապստամբության ժամանակ, որի արդյունքում Քյամիլ փաշան պաշտոնանկ է արվում, որը «շատ լավ էր հասկանում, թե կառավարությունն իրեն պաշտոնանկ է անում լեռնականներին հանգստացնելու համար միայն» (Հ. Մ. Պողոսյան, Զեյթունի պատմությունը, Ե., Հայաստան հրատ., 1969, էջ 292):

[19] Ներսէսներու – Թերևս նկատի ունի հատկապես Ներսես Ա Մեծին (շուրջ 329-373), Ներսես Դ Կլայեցի Շնորհալուն (1100/1102-1173), Ներսես Ե Աշտարակեցուն (1770-1857): Ընդհանուր առմամբ՝ Ներսես-ները շատ են հայոց պատմության մեջ, որոնցից կարելի է նշել նաև Ներսես Բ Բագրևանդցուն (?-557), Ներսես Գ Տայեցուն (?-661), Ներսես Լամբրոնացուն (1153-1198):

[20] իսրայէլեան ուխտին նման – Թերևս նկատի ունի 1860 թվականին Ադոլֆ Կրեմյոի (ֆր.՝ Adolphe Crémieux, 1796-1880) կողմից հիմնված «Համաշխարհային հրեական դաշինք»-ը (ֆր.՝ Alliance Israélite Universelle, եբր.՝ ‏כָּל יִשְׂרָאֵל חֲבֵרִים‏‎), որի նպատակն էր «պաշտպանել հրեաների իրավունքը բոլոր այն երկրներում, որոնց քաղաքացիներն են»: Բացի դրանից՝ Դաշինքը ֆինանսավորում և կառավարում էր տարբեր երկրներում հիմնված հրեական դպրոցները: Դաշինքի մասին ավելի մանրամասն տե՛ս A. Kaspi, Histoire de l’Alliance israélite universelle – De 1860 à nos jours, Paris, Armand Colin, 2010. N. Leven, Cinquante ans d’histoire: l’Alliance israélite universelle (1860-1910), Paris, F. Alcan, 1911:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *