Հրանուշ Խառատյան | Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղին»

Լուսինե Խառատյան, Անմոռուկի փակուղի, Գրանիշ, 2020

Համարյա գրախոսություն

Կարդում եմ Լուսինեի «Անմոռուկի փակուղին»: Կարդացել էի, իհարկե, բայց նորից եմ կարդում: Պատերազմից հետո: Հիշեցի, որ գիրքը հրատարակվելուց հետո Լուսինեի հետ անհամաձայնություններ ունեի և հիմա հանկարծ որոշեցի նորից կարդալ: Կարդալուց հետո Լուսինեի համաձայնությունը խնդրեցի իմ դիտարկումները դնել հանրային տարածքում: Նա չի առարկել:
Գիրքը մեր անցյալի ու ներկայի վախերի մասին է: Մեր անցյալի ներկան՝ վախերն ու վիրավորանքները անցյալում չեն մնացել: Մի դեպքում դրանք անթեղվել են մարմնի՝ «գլխի», «սրտի», «հոգու» (եթե, իհարկե, հոգին մարմնի մեջ է) անկյուններում և վերադառնում են պատեհ առիթներով, մյուս դեպքում նորերն են: Մեր ապրած ներկա կյանքում վախերը միշտ և ամենուր ուղեկցում են մեզ: Վախը՝ թուրքից, պարսիկից, ԿԳԲ-ից, հարևաններից, իմպերիալիստներից, հարբեցողներից, մանրէներից… Գուցե նաև ինքներս մեզնից:
Վախը առկա է «Անմոռուկի փակուղու» բոլոր պատմվածքներում: Մի կողմից վախը անցյալի փորձից է կամ այդ փորձի մեկնաբանությունից, մյուս կողմից անցյալը մեզ բերեց փակուղու, փակուղին դարձավ թակարդ և հենց թակարդ-փակուղին ծնում է նոր վախեր: «Լարսի թակարդը» պատմվածքում Լարսի միջանցքի հերթական բնական կամ քաղաքական աղետի պատճառով «Լարսի թակարդում» մնացածներից շատերը ցամաքային ճանապարհներ ունեն՝ ադրբեջանցիները, ռուսները, վրացիները… կգնան և գնում են Դաղստանով: Բոլորը՝ հայերից բացի: Հայերը կարող են գնալ կամ օդանավով, կամ ծովով՝ Բաթում, Բաթումից շարունակելով ճանապարհը: Միայն թե այդ օրերին օդանավի և նավի տոմսերի գները հասնում են առասպելական թվերի: Ուրեմն չեն կարող: Մնում են թակարդում: Կամա թե ակամա ծնվում է ամփոփումը՝ «Դժվար է ապրել Հայաստանում և կլաուստրաֆոբիա չունենալ»: Կլաուստրաֆոբիան ուժեղ վախ է և ծնունդ է տալիս վախի բազմաթիվ այլ տեսակների: Եվ զուր է գրքի «Սահմանային պատում» պատմվածքի խելոք կոնստրուկտիվիստը Ագարակում՝ հայ-իրանական սահմանում համոզում, որ վախերը նույնպես հնարովի «կուստրուկտներ» են, որ մարդը կարող է լինել ոչ թե այն, ինչ իրենից սարքել են, այլ այն, ինչ ինքն է ուզում: Եվ այնքան, որքան ուզում է: «Լարսի թակարդում» մնացածներից առնվազն հայերը և հայաստանցիները գիտեն, որ տոմսերը թանկանում են հենց հայերի (հաստանցիների գործոնով, և ոչ ոք նրանց չի հարցնում, թե իրենք ով են) ինչ են: Որովհետև… Որովհետև հնարավոր է բազմաթիվ փախստականներ ընդունել կամ նրանց առաջ երկրների դռներ շրխկոցով փակել, բայց «հնարավոր չէ» փախստականություն ծնող գործողություններ թույլ չտալ: Որովհետև «հնարավոր է Աֆրիկայի ամենախորքերը կոկա-կոլա ու գարեջուր հասցնել, իսկ անհրաժեշտ դեղ հասցնել հնարավոր չէ»: Որովհետևները շատ են ր դրանք «կոնստրուկտիվիզմի» տեսաբանների կարծիքը չեն հարցնում: Կյանքը տեսություն չէ, գործնական է:
Գրքի «Karabakh Meat Narket» պատմվածքում ամերիկյան Լոսից Հայաստան վերադարձող հերոսուհին համարյա նախանձով է լսում Լոսի ընդարձակ, լայն, երկար մայրուղիներով իրեն օդանավակայան տանող պեպենոտ մաշկով, «բաց շագանակագույն, արևի տակ փայլող, խոպոպների ու ջազի նման ձայնով» երկարաոտ, գեղեցկուհի ինքնավստահ տաքսիստուհու պատմությունը: Եվ մինչ ես կարդալիս փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է լինել «բաց շագանակագույն, արևի տակ փայլող խոպոպների ու ջազի նման ձայն», գեղեցկուհի տաքսիստուհին պատմում է, որ յոթ տարի բանակում է ծառայել, նույնիսկ որոշ ժամանակ՝ Մերձավոր արևելքում, իսկ հիմա փորձում է դերասանուհի դառնալ…Կարդալիս տեսնում եք, որ Հայաստան վերադրաձող հերոսուհին նախանձում է, որ ամերիկուհին դրանով անցել է մեծ երկրում իր ընտրությամբ, ոչ թե փակուղու թելադրանքով, և հանկարծ հասկանում է, որ մեծ երկիր է ուզում, որտեղ կարող ես ընտրել փակուղի չտանող ճանապարհ և, նաև… բայց ոչ նաև, այլ հիմնականը, ամենակարևորը, ամենագլխավորը, ուզում է փակուղի չտանող կյանք: Որովհետև քո սեփական կյանքում ոնց շարժվում ես՝ փակուղի տանող փոքր ճանապարհ է: Ու կյանքդ էլ փոքրի~կ, փոքրիկ, որքան էլ երկար կյանք լինի… մտածում է և լսում «դաշնամուրային ջազի ձայնով խոսող» տաքսիստուհուն. «ծնողնրս Իտալիայից են, իտալացի են, ես ամերիկացի եմ»… և մտածում, զգում, ապրում՝ «փակուղի չլիներ, փակ սահման չլիներ, օվկիանոս լիներ»: Եվ ես՝ կարդացողս ֆիզիկապես տեսնում և հասկանում եմ, որ «փակուղի չկա»-ի, «փակ սահման չկա»-ի, «օվկիանոս կա»-ի» քաղաքացին կարող է «դաշնամուրի ջազի ձայնով խոսել», առհասարակ կարող է այդպիսի ձայն լինել, եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ, վախերդ անհատական են և դու ընտրության հնարավորություններ ունես: Նույնիսկ վախենալ/չվախենալու միջև:
«Անմոռուկի փակուղու» բոլոր կերպարները վախից փախչելու տարբեր հնարքներ են փնտրում: Փախչելու, ոչ թե վերացնելու: Փախչել մեծ քաղաքներ՝ մեգապոլիսներ, որտեղ մարդը հյուլե է, անդեմ, համարյա անիրական: Որտեղ այնքան շատ մարդ կա, որ մարդ համարյա չկա: Պատմվածքներից մեկի հերոսուհին «մեծ քաղաքներում կորցնում է վախերը»: «Մեծ քաղաքները սպանում են վախերդ»: Դա կյանքից փախուստի տեսա՞կ է, թե՞ օբյեկտիվ իրողություն: Փախչել կյանքից: Շատ աշխատել: Թաքնվել աշխատանքի հետևում: Գիրք կարդալ: Թաքնվել գիրք կարդալու հետևում: Կյանքը դավաճանել «գրքի հետ», «աշխատանքի հետ»… Որովհետև… Փակուղում ես: Փակուղու մեջ վախը հաղթահարելու մյուս ձևը եսակենտրոնությունն ու չարանալն է: Փակ տարածքի փոքր հաղթանակները իր տեսակի, իր նմանի նկատմամբ: Բայց «Անմոռուկի փակուղու» հերոսների մեջ այս կերպարները չկան: Այս հարցադրումներն էլ չկան:
«Անմոռուկի փակուղին» հավաքական և անհատական վախերը հաղթահարելու՞, թե՞ թաքցնելու մասին է: Հեղինակի ամփոփումով «Անմոռուկի փակուղին» Հայաստանն է: Այստեղ «Ժամանակը մեռել է ժամանակների սկզբում» և «մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեն պատասխանները և հարցեր չեն տալիս»: Այստեղ մենք «չենք ապրում, սպասում ենք կյանքի վերջին: Մենք շարունակ հետաձգում ենք մահը: Թե՞ կյանքն ենք հետաձգում»:
Մենք կյանքն ենք հետաձգում: Բայց ապրում ենք, և դա նույնպես կյանք է: Ուրեմն հետաձգում ենք այն կյանքը, որը կուզենայինք, որը պիտի… «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Բայց «վաղվա Հայաստանը» չի գալու, այն պիտի բերվի: Պիտի բերենք: Իսկ առայժմ վախից թշնամանում ենք միմյանց դեմ, և թշնամանալուց ավելի ենք վախենում: Վախենում ենք ապրելուց: Որովհետև ապրելը պատասխանատվություն է: Փոխելու պատասխանատվություն:
Գրքում ամենուր, բոլոր պատմվածքներում հայկական փակուղային փակ սահմաններում կարճ կամ երկար ընդհարումներ, կռիվներ կան, զոհեր կան… և եթե չես կարող դրան որևէ կերպ ազդել՝ այդ ամենը կյանքն ինչ որ իմաստով անիմաստ է դարձնում: Իմաստով անիմաստ… Թե՞ «անիմաստ իմաստ»… Կոբո Աբեի ավազների մեջ ապրելուն հաշտված կինն է… Փակուղին ինչքա՞ն է, 50 մետր, 500, 5000… Ամենաերկար փակուղում ապրելն էլ նույն ավազների մեջ ապրելուն դատապարտվելն է: Քանդել, քանդել, քանդել է պետք բոլոր փակուղիները: Չվերջացող ճանապարհ է պետք, ճանապարհներ…ֆիզիկական, հասարակական, իրական, ոչ միայն զուգահեռ, նաև խաչվող…ճանապարհներ, փակուղուց, թակարդներից ելքեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *