Անրի Գրիգորյան | PATRIA

Անրի ԳրիգորյանԴեմքով խրվեց նրա մազերի մեջ: Մարմնի ծանրության տակ կուրծքը տափակեց: Հազիվ էր շնչում: Մտածեց կշարունակի: Բայց նա չէր շարժվում: Խփեց մեջքին: Սկզբում զգույշ: Անհամարձակ: Հետո վրա-վրա: Փորձեց դուրս սողալ նրա մարմնի տակից: Չկարողացավ: Ձեռքերը փռեց բարձի վրա: Մեռած, բայց դեռևս տաք բջիջները պինդ գրկել էին իրեն: Շուտով կսկսեն քայքայվել իր կենդանի մաշկի վրա: Հետո անտանելի հոտ կտարածեն:

Տղամարդը գիրությունից ծանր էր շնչում: Երկար ներշնչում ու արտաշնչում էր: Արտաշնչելը վերջում սուլոցի էր նմանվում: Փորը ծովի վիթխարի լպրծուն կենդանու պես ծուլորեն քսվում էր իր փորին: Ինքը բռնվել էր նրա թևերից ու նայում նրա կախ ընկած շրթունքին, որը մեջտեղից թելով սեղմած կարճ նրբերշիկ էր հիշեցնում: Ծիծաղը հազիվ էր զսպում:
Բայց նրա դիակից ավելի շատ զզվեց: Նրա դիակը ավելի շատ էր իրեն տիրել: Նրա դիակի մասին ավելի շատ էր մտածում: Դիակը փլվել էր իր վրա: Վաղուց ինչ-որ բան փլվել էր իր վրա: Հիմա ուղղակի տեսնում էր: Ֆիզիկապես զգում: Իր մեջ զգում էր անկենդան անդամը, որը հասցրեց նրա մարմինը կապել իրենին: Նրա դիակը դարձավ իր արտաքին լրացուցիչ օրգանը: Անկենսունակ ու անպետք:
Մի ճանճ նստեց նրա մեջքին: Մաշկի ծակոտիներից մահվան հոտն առավ ու թռավ: Նորից հետ եկավ: Երևի հենց հոտն էր ձգում: Ու մենակ ինքն էր զգում հոտը: Թափառեց այս ու այն կողմ ու կորավ տեսադաշտից:
Փորձեց նրան թեքել մի կողմի վրա: Չկարողացավ: Նրա ուսին երեք խալ նկատեց: Թեթևակի ժպտաց: Ձեռքերը դրեց նրա հետույքին՝ համոզվելու համար, որ դեռ չի սառել: Եթե տաք է, ուրեմն մի քիչ ապրում է: Մտովի խալերը միացրեց իրար: Խալը կպած էր քրոջ շրթունքի եզրին:
-Ես գեշ եմ…
-Խալի յուրահատկությունը չես հասկանում…
-Չէ, ես գեշ եմ…
-Արտասահմանում փող կհավաքեմ ու խալդ կհեռացնենք…
-Ամեն առիթով նույնն ես ասում, ո՞ր մեկն ես անելու…
Խալն այնքան մեծացավ, որ ջնջեց քրոջ դեմքը: Մի կերպ դուրս սահեց տղամարդու տակից: Կուչ եկավ նրա կողքը: Անսպասելի հեկեկաց:
Էմման նայում էր կեղտոտ սավանին: Գրետան՝ առաստաղին: Նա նորից թաքուն հանել էր տակդիրն ու պահել ներքնակի տակ: Էմման չոքեց անկողնու մոտ ու շոյեց նրա գլուխը:
-Դուրդ եկա՞վ:
Գրետան լուռ էր:
-Հարցնում եմ՝ դուրդ գալի՞ս է, որ պառկած ես քաքի մեջ: Ուզո՞ւմ ես թողնեմ ամբողջ օրը մնաս պառկած: Թողնե՞մ:
Գրետան շարունակում էր նայել առաստաղին:
-Երևի քաքդ սիրում ես հա՞: Ասա, որ սիրում ես: Տա՞մ ուտես: Տա՞մ,- ձայնը դողաց:
-Չեմ հագնի դա:
-Խնդրում եմ, Գրետա, շատ եմ խնդրում, սիրելիս, երբ հագցնեմ, էլ չհանես: Մի բարդացրու, խնդրում եմ…
-Դրա համար փող ես ստանում: Ծույլ:
Գրետան ձեռքերով փակեց աչքերը: Էմման ցնցուղը պահեց նրա գլխավերևը: Ջրի շագանակագույն առվակը ոտքերից հոսելով ներքև՝ արագ լցվեց հոսակի մեջ: Մարմինը օճառեց:
-Առաստաղին վարագույր քաշի,- ասաց Գրետան:
-Առաստաղին վարագույր չեմ քաշի:
Գրետան սկսեց թափահարել թևերը:
-Հանգիստ կանգնի: Կընկնես: Հանգի՛ստ:
-Առաստաղում ես եմ: Ամեն անգամ ես նայում եմ ինձ: Չես հասկանո՞ւմ: Չնայած դու ի՞նչ հասկանաս: Անխելքի մեկը: Ասում եմ՝ առաստաղում ես եմ: Լրիվ տկլոր վազում եմ: Նայում եմ ինձ ու ասում՝ երջանիկ քած: Լսո՞ւմ ես, դու մենակ օճառ քսել գիտես: Մեկ էլ տակդիր հագցնել: Անշնորհք:
Ցնցուղը նորից պահեց գլխավերևը:
-Լավ չես մաքրել ներքևը:
-Ի՞նչ:
-Ներքևը լավ չես մաքրել: Անպայման կոնկրետացնե՞մ:
Էմման ցնցուղը գցեց հատակին: Օճառեց սպունգը:
-Կամա՜ց: Ցավացնում ես: Զգո՜ւյշ: Ա՜յ: Կասե՜մ: Աղջկաս կպատմե՜մ:
Գրետան արտասվեց: Էմման կանգ առավ: Դաստակով մազը հետ տարավ: Գրետան հեկեկում էր:
-Լավ: Կներես: Լավ, լավ: Կներես ասի: Բլիթ կտամ: Հանգստացի:
-Կարմրե՞ց,- լացակումած հարցրեց:- Կռացի, շուտ, կռացի, նայի, լավ նայի, տես, կարմրե՞ց, անկեղծ ասա:
Էմման վերնաշապիկի վեր քշտած թևով սրբեց աչքը: Կռացավ ու նայեց նրա հետույքին: Կարմրել էր:
-Չէ, կարմիր չի:
-Խաբում ես, բոզ, լավ էլ կարմրացրել ես, արյուն կա՞, լավ նայի, կա՞, կա չէ՞, աղջկաս կասեմ՝ քեզ դուրս շպրտի, քոսոտ շան պես դուրս շպրտի:
-Առաստաղին վարագույր կքաշեմ:
-Չեմ ուզում: Թող էդ երջանիկ քածը վազվզի ինչքան ուզի: Ես համբերատար կին եմ: Մի օր ես էլ կվազեմ տկլոր: Հա, հենց տկլոր, առանց քեզ, առանց ոչ մեկի, մեն-մենակ: Ու շատ երջանիկ: Լավ, լավ, մի տխրի, չեմ ասի աղջկաս ոչ մի բան, բայց փոխարենը դու մի բան պիտի անես ինձ համար: Հիմա պառկացրու ու բլիթ տուր: Բայց աղջկաս չասես, որ կերա: Հիմար բժիշկներին որ մնա օդն էլ սահմանափակումներով կտան:
Գրետան պառկեց անկողնուն ու լուռ նայեց առաստաղին:
-Կողքի վրա պառկի,- ասաց Էմման:
Գրետան հնազանդվեց: Էմման հագցնում էր տակդիրը:
-Հայրենիքից երբեք չես պատմում,- ասաց Գրետան:
-Պատմելու բան չկա:
-Էնտեղ մի ծուռտիկ փողոց կա:
-Չեմ հիշում:
-Ո՞նց չես հիշում: Այ քեզ բա՜ն: Ամենահայտնի փողոցն է:
-Չեմ հիշում:
-Դու նոր ես եկել: Իսկ ես… դու դեռ ծնված չէիր: Էդ ծուռտիկ փողոցը մինչև քո ծնվելն էլ կար: Երբ վերադառնաս, անպայման գնա էդ փողոցն ու մանգոյի հյութ խմի:
-Չեմ կարծում այսօր էլ էդ հյութը լինի էնտեղ:
-Էդ աստվածային հյութն էլ մինչև քո ծնվելը կար: Ասում եմ գնա: Ու երկու բաժակ խմի:
Գրետան նայեց առաստաղին:
-Հիմա ճաշ եփի, հետո արի մոտս ու կասեմ ինչ պիտի անես, որ աղջկաս չպատմեմ եղածը: Գնա, գնա:
Էմման դուրս եկավ սենյակից:
Գրետան հանեց տակդիրը:
Էմման քայլում էր մայթին: Մի խումբ տղաներ առաջ անցան: Նրանցից մեկը գետնից մի քար վերցրեց ու շպրտեց երկրորդ հարկի պատուհանին: Ապակին փշրվեց: Վարագույրն առագաստի պես ուռեց: Գոռգոռալով ու հռհռալով՝ տղաները փախան: Էմման անտարբեր անցավ ջարդված պատուհանի տակով: Քայլեց մայթեզրին: Աչքերը փակ: Մեկ, երկու, երեք: Չընկնես: Յոթ, ութ, ինը: Չընկնես: Չընկնես: Չընկնես: Ոտքը սահեց մայթեզրից:
-Սե՞քս,- հարցրեց մոտեցող տղային: Տղան լուռ անցավ կողքով: Հետո շրջվեց:
-Ինչքա՞ն:
-Հիսուն:
-Որտե՞ղ:
-Հոթել:
-Գնանք:
էմման ձեռքի նշանով խնդրեց սպասել: Կպցրեց ծխախոտն ու ծուխը քաշելով նայեց տղային: Նա, ձեռքերը գրպանները խոթած, աջուձախ էր նայում: Նրա սանրվածքը վանում էր: Կողքերը սափրել էր, իսկ մեջտեղի երկար մազերը երկու կես արած հետ տարել:
Հյուրանոցի համարում տղան արագ մերկացավ: Միացրեց հեռուստացույցն ու սկսեց արագ-արագ փոխել ալիքները: էմման անկողնուն նստած անշտապ հանում էր կոշիկները, ջինսն ու հետևում էկրանի արագ թարթվող կադրերին: Կադրերից մեկը իսկույն մտավ մեջը: Ծորակից հոսող ջուրը: Պառկեց՝ ոտքերը անկողնուց կախելով:
-Կրծկալը հանի,- ասաց տղան՝ տեղից չշարժվելով:
-Չէ:
էմման գլուխը թեքեց անկողնու հետևը կախած մեծ հայելու կողմը: Տղան առաջ եկավ:
-Ասի՝ կրծկալը հանի:
-Քսան դոլար ավելացրու:
Էմման ոտքը դրեց նրա ուսին:
-Դու ասիր՝ հիսուն:
-Կրծկալով հիսուն:
Տղան տրորեց դեմքը: Իջացրեց նրա ոտքը: Նստեց կողքը: Բացեց դրամապանակը:
-Հանի:
էմման վերցրեց գումարն ու հանեց կրծկալը:
Գլուխը հետ գցած, տնքում էր: Բարձր ու անշնորհք: Համարյա գոռում էր: Այդպես մտքերը չէին լսվում: Այդպես չէր զգում նրան: Այդպես ջնջում էր նրան: Ընդհատեց տնքոցն ու գլուխը բարձրացրեց: Տղան նայում էր հայելուն: Նա իրենց հետևում էր կողքից: Նա ապրում էր ու միաժամանակ դիտում: Նա լրտեսում էր իրենց մարմիններին:
-Ի՞նչ ես անում,- հարցրեց Էմման ու ծիծաղեց:
Տղան թեթև կարմրեց: Կծեց շրթունքը: Այնքան ուժեղ, որ կարմիր պուտ հայտնվեց: Հանկարծ երկու հարված հասցրեց դեմքին: էմման կարողացավ զսպել ճիչը: Տղան բռնեց նրա կոկորդից ու շարունակեց: էմման գլուխը շրջեց հայելու կողմը: Հայելու մեջ իրենց տան ծորակից հոսող ջուրն էր: Գլուխը ձգտում էր տանել դեպի հայելին: Գլուխը ծռվեց: Պոկվեց մարմնից: Հայելուց ներս գլորվեց: Ասուպի պես գլուխը սլացավ դեպի իրենց շենքը: Տունը: Ծորակը: Շուրթերին խոնավություն զգաց: Տղան սերմը թափեց դեմքին:
Պառկած էր դիակի կողքը: Նայում էր առաստաղին: Իսկ էկրանին բեղերով մարդը քայլում էր բեմին ու համոզում հանդիսատեսին, որ իրականում ամեն բան շատ սովորական է: Օրինակ՝ դուռը, պատուհանը: Սովորականից անսովոր դրանց դարձնում են մարդիկ՝ բացել-փակելով: Մարդը պոկեց սոսնձած բեղերն ու շպրտեց մի կողմ: Լռեց՝ հայացքը պտտելով դահլիճում: Էմման ձեռքը դրեց դիակի մեջքին, ստուգելու համար, թե արդյո՞ք նրա մարմինը կորցնում է ջերմությունը: Երբ ես ուսումնասիրում էի մարդու ուղեղը, մի օր հասկացա, որ ամեն ինչ շատ պարզ է: Այսինքն ուղեղի բոլոր պրոցեսները ինքնին բարդ են, բայց քանի որ դրանք բարդ են, արդյունքն արդեն թվում է՝ պարզ: Այդ պրոցեսները առաջացնում են ագրեսիա, վախ, զայրույթ, հիասթափություն: Սրանք ու մյուս բոլոր հույզերը, որոնց հիմքում կարող են լինել տարբեր հասկացություններ՝ արդարություն, օտարացում, հայրենասիրություն և այլն, կենսաբանական մակարդակի վրա դիտարկելիս, այսինքն՝ նեյրոնի ու սինապսի տեսանկյունից, ինձ թվացին չափից դուրս պարզ: Ու մեկի ագրեսիան իմ մեջ այլևս չէր առաջացնում ագրեսիա կամ վախ, վախը՝ զայրույթ, զայրույթը՝ վախ, հիասթափությունը՝ կարեկցանք: Որովհետև դրանք տանում էի դեպի նեյրոն ու սինապս:
Էմման ձեռքը նորից դրեց դիակի մեջքին: Հետո մատները խրեց նրա մազերի մեջ: Փոխեց ալիքը՝ առանց էկրանին նայելու: Ես միշտ փախչում էի սպիտակ գույնից: Ու չէի փնտրում պատճառները: Միայն գիտեի, որ, օրինակ, ոմանք սրտխառնոց են զգում կարմրից: Իսկ մի օր պատահաբար իմացա, որ գնչուները սպիտակը համարում են մահվան ու ողբի գույնը: Գիտենալով, որ ինձ որդեգրել էին, բերել ուրիշ երկրից, խոսեցի մորս հետ: Նա խոստովանեց, որ գնչուհի եմ: Այսօր էլ ապրում եմ իմ երկրում: Բայց սպիտակ գույնը, անգույն սպիտակը, անբովանդակ սպիտակը միշտ հիշեցնում է, որ մեջս հետք կա: Չապրածի հետքը: Բայց չգիտեմ, թե որքանով է այդ հետքը կարևոր:
Էմման նորից փոխեց ալիքն ու այս անգամ նայեց էկրանին: Հիսունն անց հղի կինը կանգնած էր ստորոտում: Ձեռքը ճակատին պահած նայում էր վեր: Սկսեց բարձրանալ: Վերևում վանքն էր: Վանքը երկրի սահմանին էր: Չէր վախենում բարձրությունից: Վախենում էր ներսինից: Ներսինը պատկանում էր իրեն: Ինքը պարտավոր էր սիրել ներսինը: Բայց վախենում էր նրանից: Նրա ժպիտից: Նրա ձայնից: Նրա հոտից: Նրա առաջին քայլերից: Նրա մասին հոգ տանելուց: Ուժեղ անձրև սկսվեց: Հագուստը ծանրացավ: Հագուստը թողեց ճանապարհին: Ցեխաջրերը լցվեցին կոշիկների մեջ: Կոշիկներն էլ հանեց: Մոտենում էր վանքին: Վանքն անհարմար տեղ էր ընկել: Պարզ չէր, թե ում էր պատկանում: Երկու կողմերը կռվում էին: Բայց դա նրան չէր հետաքրքրում: Միայն անհանգստանում էր, որ վանքի դռները փակ չլինեն: Էմման անջատեց հեռուստացույցը: Շրջվեց դիակի կողմը: Դիակը չկար: Չկար նաև ինքը: Ամեն ինչ սոսկալի սպիտակ էր:
-Էմմա՜: Էմմա՜: Էմմա՜:
Էմման ներս մտավ: Գրետան գլուխը բարձրացրել էր անկողնուց:
-Ո՞ւր ես, մեռա կանչելով: Ինձ մենակ ես թողնում: Անաստված: Գնում ես, եսիմ ինչ ես անում: Գիտե՞ս, երբ է մարդ երջանիկ: Երբ չի վախենում, մենակ մնալուց: Հլա լավ նայիր դեմքիս: Ասում եմ՝ նայիր դեմքիս: Դմբո: Ո՞նց էիր հետույքիս նայում: Այդպես էլ դեմքիս նայիր: Ես նմա՞ն եմ երջանիկ կնոջ: Հա՞: Բա ուրեմն ինչո՞ւ ես ինձ մենակ թողնում: Հը՞: Էմմա: Էմմա: Էմմաս: Աղջիկս: Խիղճս:
-Գործ եմ անում:
-Դու ինձ ուզում ես սպանել: Ես գիտեմ դու ինձ մի օր կթունավորես: Ոչ մի գործ չես անի: Դու միայն իմ հրամանները կկատարես: Մոռացա՞ր, որ աղջկաս կարող եմ պատմել ամեն ինչ: Քեզ դուրս կշպրտի փողոց: Ստիպված պոռնկություն կանես: Բաց պահարանը: Շուտ: Ներքևի արկղը տեսա՞ր: Բաց: Հանի էդ զգեստը: Հարսանիքիս շորն է: Հագի: Չէ, սենյակում մնա, ես պիտի տեսնեմ ոնց ես հագնում:
Էմման հագավ զգեստը: Մտացրիվ կանգնեց Գրետայի առաջ: Չգիտեր՝ ձեռքերն ուր տանի: Ուսերը կծկվեցին:
-Պտտվի:
Էմման պտտվեց: Զգեստի շրշյունը հառաչանքի էր նման:
-Մի բան էն չի:
Գրետան ներքևից վերև նայեց նրան: Զգեստն ընդամենը մի օր էր հագել, բայց թվում էր՝ այնտեղ, արկղի մեջ, նա զուգահեռ ծերանում էր:
-Դեմքդ էն չի: Տխուր ես: Ժպտա: Ժպտալ էլ չգիտես: Էդպե՞ս են ժպտում: Էդքան տխո՞ւր: Ո՞րբ ես: Հարգիր էդ շորը: Զինվորական համազգեստ է: Մի օր դու էլ կունենաս քոնը:
Գրետան ծիծաղեց: Տասնյակ կատուներ արձագանքեցին նրա թոքերից:
-Դու էլ կպահես: Ուր էլ գնաս՝ հետդ կտանես: Մենակ չես թողնի: Բայց երբեք չես հանի ու հագնի: Միշտ կվախենաս նրանից:
-Հիմա ազա՞տ եմ:
-Չէ: Ինձ մոտ նստի: Ես էդպես եմ ուզում: Աղջիկս բան չի ասի քեզ: Մի վախեցիր:
Էմման մոտ քաշեց աթոռն ու նստեց: Երկար նայեցին իրար: Գրետան ձեռքն իջացրեց անկողնուց ու բռնեց զգեստի փեշը: Հավաքեց բռի մեջ: Բարձրացրեց վեր: Ավելի վեր: Երևաց ծունկը: Ձեռքը դրեց ծնկին: Վեր: Ավելի վեր: Էմման վեր թռավ: Մի քանի քայլ ետ գնաց: Գրետան վախեցած նայեց նրան: Հետո գլուխը դրեց բարձին ու փակեց աչքերը: Էմման դուրս վազեց սենյակից:
Նստած էր հատակին: Մի ձեռքին ծխախոտն էր: Մյուսին՝ լսափողը: Ոտքերի մոտ Գրետայի զգեստն էր: Իսկ ոտքերի մեջտեղում՝ մի շիշ գինի: Հայրենիքում ոմանք կարծում են, որ դու մարմնավաճառ ես… Ոմանք համոզված են… Ոմանք կասկածում են… Ոմանք ուղղակի գիտեն… Ոմանք ոչինչ չգիտեն… Իսկ ոմանք կարծում են, որ ես մեռել եմ… Չկամ… Սահմանն անցնելիս սպանել են… Կենդանիներն են կերել… Մարմինդ վերացնում են կամ ծախում… Լավագույն դեպքում անտեսում… Անտեսումն ավելի լավ է… Անտեսված մարմինն ապրում է… Մոռացիր… Ժպտա… Ժպիտդ չեմ տեսնում, բայց զգում եմ, որ անկեղծ չի… Անկեղծ է լինում, երբ ժպտալիս աչքերի շուրջ կնճիռներ են հավաքվում… Բայց դու աչքերս էլ չես տեսնում… Ասի՝ զգում եմ… Ես աչքերդ էլ եմ զգում… Ես ժպտալ չգիտեմ… Մի հավատա պառավին… Ես ուզում եմ սպանել պառավին… Անցյալ տարի մի կին իր պառավին սպանեց… Պապիկն անընդհատ ձեռ էր գցում նրան… Թքում էր դեմքին, երբ կինը ատամնապրոթեզը մաքրելուց հետո դնում էր նրա բերանը… Ես կսպանեմ իմ պառավին… Չանես նման բան… Ավելի լավ է փախչել հանցանքից, քան հանցանքի վայրից… Մյուս կանանց պառավները չեն կարողանում նույնիսկ քայլել ու կանգնել… Իսկ քոնը մի կերպ քայլում է… Նույնիսկ կանգնում է ցնցուղի տակ… Իսկ ես դժգոհում եմ… Իսկ դու վախենում ես… Ինչպես այն կնոջից, որը մի օր հանեց սև կոստյումն ու ցույց տվեց իր հարթ մարմինը… Անկուրծք… Անպտուկ… Նրան համարեցին այլմոլորակային… Սկսեցին փնտրել նրա մոլորակը… Չգտան… Նրան համարեցին անհայրենիք… Ու վտարեցին… Մի օր ինձ էլ կվռնդեն… Հենց նրա համար, որ կուրծք ունեմ… Հարբած ես… Դեռ չէ… Փակիր աչքերդ… Հիշո՞ւմ ես Ջոպլինի հարցազրույցը… Նա բողոքում էր եվրոպացի հանդիսատեսից… Դժգոհ էր… Նրանք իր զգացածի պես չէին պարում… Նրանք նման չէին իր հայրենակիցներին… Հիշում եմ, հետո ծիծաղեց, երբ պատկերացրեց իրեն՝ բուխարու մոտ նստած Դիկենս կարդալիս… Իսկ հետո լրջացավ… Բեմին դու զգում ես այն, ինչ արդեն կա ներսումդ, ասում էր նա… Ես փակում եմ աչքերս ու թույլ տալիս այդ ամենին դուրս գա, ասում էր նա… Փակիր աչքերդ… Թող դուրս գա… Թող սպիտակ հագած աղջիկը քայլի պարանին… Չընկնես… Լսո՞ւմ ես… Չընկնես…
-Սե՞քս,- հարցրեց մոտեցող տղամարդուն:
Հյուրանոցի համարում նրանք նստած էին անկողնուն: Տղամարդը մոտ քաշվեց ու շոյեց նրա կուրծքը: Էմման բարձրացրեց ուսերն ու կորացավ:
-Ի՞նչ եղավ:
-Ձեռքերդ սառն են:
Տղամարդը քմծիծաղեց: Իրար շփեց ձեռնափերն ու նորից փորձեց շոյել նրան: Էմման նորից կծկվեց:
-Մրսում եմ: Մի արա:
-Կտաքացնեմ:
-Մի կպի ինձ:
Տղամարդը ծիծաղեց:
-Բա ո՞նց անեմ:
-Ես վերևից կլինեմ:
Էմման նայում էր հայելուն: Հայելում ինքն էր: Նա հայելուց նայում էր ինքն իրեն: Նա տեսնում էր իր մարմինը, որն իրենից դուրս էր: Առանձին: Առաջ թեքվեց ու ձեռքերով հենվեց հայելուն: Տղամարդն անընդհատ փորձում էր նստել տեղում ու գրկել նրա մարմինը: Թույլ չէր տալիս: Փորձում էր հնարավորինս չափ քիչ հպվել նրան: Մեծացնել նրանց միջև հեռավորությունը: Փախչել նրանից: Փակեց աչքերը: Կտրվեց տղամարդուց: Գլուխը հետ գցեց: Բերանից սպիտակ ժապավեն դուրս եկավ: Ծածանվեց: Ալիքվեց: Կախվեց պարանից: Երևաց ոտքը: Սպիտակ հագած աղջիկը քայլեց պարանի վրա: Համարձակ: Վախերով լի: Չիմանալով, թե որտեղ է ավարտվում պարանը կամ որտեղ կարող է հանկարծ կտրվել: Ոտքերի տակ չզգալով հողը: Երկիրը: Օդի մեջ: Պարանի հույսին: Ներքև չէր նայում, որ չտեսնի անկումը: Վերև չէր նայում, որ չտեսնի թռիչքը: Միայն առաջ: Ինքն իրեն հրում էր առաջ: Ուղիղ գծի վրա: Միայն ուղիղ: Բացեց աչքերը: Տղամարդը տակից նայում էր նրան: Տնքում էր: Վերջում բռնեց նրա կոնքերից ու նրան պինդ սեղմեց իրեն: Կինը ձեռքերով ծածկեց նրա դեմքը:
Երբ իջան դուրս, տղամարդը ծխախոտ վառեց:
-Ուզում եմ կտուրների վրա անենք,- ասաց նա:- Իհարկե ամեն անգամ կվճարեմ:
-Կտուրների՞:
-Ուզում եմ զգամ, որ քաղաքն իմն է: Ուզում եմ իմ ու քաղաքի միջև ինտիմ կապ ստեղծեմ, որ միայն իմը լինի: Ուզում եմ կտուրներից գրավեմ այն: Դու չես հասկանա: Կապ չունի: Մոռացիր: Ինձ պետք էլ չի, որ հասկանաս: Կարևորը համաձայնվես: Կանայք վախենում են օգտագործված լինելուց: Կներես, բայց դու ուրիշ ես: Դու պիտի համաձայնվես:
-Չէ, համաձայն չեմ,- պատասխանեց Էմման՝ արագացնելով քայլերը:
-Ինչո՞ւ…- կանգ առավ տղամարդն ու բացեց ձեռքերը:
-Որովհետև աննորմալի մեկն ես:
-Ես ընդամենը ուզում եմ, որ հասկանամ նրան, իսկ նա՝ ինձ: Դու կլինես պորտալը, որի միջոցով կապ կստեղծեմ նրա հետ:
-Մտի զուգարան: Ավելի լավ պորտալ չես գտնի: Միանգամից ուղիղ կապ կստեղծես:
Տղամարդը հայհոյեց նրան: Էմման թեքվեց մյուս փողոցը: Հետո մյուսը: Մյուսը: Մյուսը: Հայտնվեց նեղ փողոցների խաչմերուկում: Անմարդ ու անաղմուկ: Այնպիսի զգացմունք էր, որ ընկավ շշի մեջ: Շիշը փակեցին փայտե խցանով: Խցանը շշի մեջ խցկելիս, մեղմ ճռռոց լսվեց, որը հաճելի դողի պես անցավ մարմնի միջով: Նստեց սյան տակ ու նայեց դիմացի պատուհանին: Աղոտ լույս կար մեջը: Սիրում էր փողոցից նայել միայնակ պատուհաններին: Երկու հոգի երևացին: Մեկը մյուսից բարձր: Պարում էին: Երևի խմել էին: Իսկ հիմա պարում էին: Մի տղամարդ երևաց պատուհանի մեջ: Նա մի կողմ տարավ վարագույրն ու առաջ եկավ: Ծխում էր: Այն երկուսը սև ստվերներ էին, որոնք շարունակում էին պարել նրա հետևը: Նրանից պոկված: Նրանից անկախ: Տղամարդը ձեռքով ողջունեց Էմմային: Այդ ժեստը մատնեց նրան: Նա էմիգրանտ էր: Նա հաստատ էմիգրանտ էր:
-Թույլ տուր գնամ, խնդրում եմ,- ասաց Էմման կնոջը, որը շվարած նայում էր մեկ նրան, մեկ դիակին:
-Չեմ հասկանում…
-Ասա նրանց, որ փախա, որ չգիտես ով եմ…
-Բայց ես պարտավոր եմ բոլորին գրանցել…
-Կարտաքսեն, հասկանո՞ւմ ես…
-Բայց ի՞նչ ասեմ դիակի մասին…
-Կարտաքսեն…
-Ուրիշ ելք կա՞…
Էմման մի պահ լուռ նայեց նրան: Անսպասելի ցատկեց դիակի վրա ու սկսեց հարվածել նրա մեջքին: Հարվածում էր նրան, բայց ցավն ինքն էր զգում: Թվում էր՝ ինքն այդ անձև մարմնի մեջ է: Կուչ է եկել նրա մեռած ողնուղեղի տակ: Դիակը սառում է: Ինքը մրսում է: Պիտի պատռի մաշկը: Ճարպերի տակից պիտի ազատի ինքն իրեն: Երբ նրան հեռացնում էին դիակից, նա թափահարում էր ոտքերը: Ոչինչ չէր տեսնում: Ոչինչ չէր լսում: Հետո սկսեց տարբերել դեմքերը: Հետո դռները: Հետո միջանցքները: Հետո ձայները: Հետո ամեն ինչ սպիտակեց: Հետո սպիտակը խամրեց: Հետո ամեն ինչ դառավ չափից ավելի սովորական: Անտանելի սովորական: Սոսկալի սովորական:
բարև Ա գրել չեմ սիրում ինձ չփնտրես ուրիշ պորտալ փնտրի ես լավ եմ չեմ վերադառնա այսինքն չեմ կարող կտուրները չսիրեցի բարձրությունից վախենում եմ բայց հարմար էր որովհետև դու չէիր մտածում իմ մասին չգիտեմ ինչ էիր մտածում ուղղակի հեռու էիր ինձնից մտնում էիր մեջս ու մենակ թողնում ինձ ու դա ինձ դուր էր գալիս միայն շատ էիր խոսում բան չէի հասկանում չգիտեմ ինչու գրեցի շարունակի գրավել քաղաքդ գուցե սիրի քեզ կամ մի լավ կին գտի ու ամուսնացի հետը դու գիտես պոետ հաջող երբեք քո Է
բարև Է լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն լռություն էս եմ լսում տեսնում շնչում գրկում հիմա միևնույն է չես հասկանա մնաս բարով միշտ քո Ա
բարև Գ մանգոյի հյութը խմեցի բոլոր հնարավոր տեղերում բարևիր առաստաղի երջանիկ քածին հաջող Է
Էմման վերջին նամակն ուղարկելուց հետո գնում է տուն: Երկու հաբ է կուլ տալիս: Քնում է: Երեկոյան տնից դուրս է գալիս: Քայլում է մայթեզրին: Մի խումբ տղաներ են անցնում կողքով: Բարձր խոսում են ու հռհռում: Նրանցից մեկը կռանում է ու գետնից մի քար վերցնում: Շպրտում է երկրորդ հարկի պատուհանին: Ապակին փշրվում է: Տղաները փախչում են: Էմման կանգ է առնում: Նայում է պատուհանին: Ապակին վերականգնվում է ու նորից փշրվում: Փշրվելու հետ բոլոր նյարդարմատները կտրատվում են: Մտքում հայհոյում է տղաներին:
Մի տղամարդ է մոտենում նրան ու սկսում հարցուփորձ անել: Պայմանավորվելուց հետո միասին նստում են տաքսի: Տաքսին կանգ է առնում քաղաքի ծայրամասի զբոսայգու մոտ, որը մատնվել էր անուշադրության ու վայրի տեսք ստացել: Թփերի մոտ տղամարդը փռում է իր վերնաշապիկը: Մի կողմ է դնում կոշիկներն ու հանում տաբատը: Էմման մերկ արդեն պառկած է վերնաշապիկի վրա: Նայում է երկնքին: Տղամարդը տեղավորվում է նրա ոտքերի մեջտեղը: Ընդունում հարմար դիրքը: Հակվում է Էմմայի վրա՝ ձեռնափերը դեմ տալով գետնին: Էմման փորձում է բռնել նրա հայացքը: Բայց նա չի նայում իրեն: Էմման փնտրում է նրա հայացքը: Բայց նրա դեմքը կարծես զուրկ է հայացքից: Մի թեթև ծամածռվել է: Երևի հաճույքից: Ձեռքերով օղակում է նրա պարանոցը: Տղամարդն իսկույն իջացնում է նրա ձեռքերը: Էմման նորից փորձում է օղակել պարանոցը: Տղամարդը թույլ չի տալիս: Հետո ձեռքերը մեջքի վրայով սահում են ներքև: Կանգ առնում հետույքի վրա: Սեղմում է: Ավելի խորն է ուզում: Տղամարդն ընդդիմանում է: Էմման տեղից անընդհատ բարձրանում է, որ կպնի նրա կրծքավանդակին: Կախվում է նրա ուսերից: Նրան քաշում է դեպի իրեն: Տղամարդը հեշտությամբ դիմադրում է: Արագացնում է թափը: Իսկ Էմման շարունակում է մոտենալ նրան: Նետվել դեպի նա: Թափանցել նրա մեջ: Հպվում է նրա մարմնի բոլոր հասանելի կետերին: Նրա մարմնին փռում է իր մատնահետքերի քարտեզը: Բայց նա նահանջում է: Հեռանում է: Իսկ ինքն ուզում է, որ նա պառկի իր վրա: Ուզում է կուչ գա նրա ծանրության տակ: Ուզում է, որ իր մաշկը ներծծի նրա քրտնքահոտը: Ուզում է, որ պտուկները կորչեն նրա կրծքավանդակի մազածածկույթի մեջ: Բարձրանում է տեղից ու ատամներով բռնում նրա շրթունքը: Տղամարդն անակնկալի է գալիս: Էմման ձգտում է լեզուն մտցնի նրա բերանը: Բայց նա ամուր սեղմել է ատամները: Լեզուն չի կարողանում ճեղքել ատամների պատը: Նրա լեզուն նման է ժայռի ծնկներին փշրվող ալիքի: Հետո շուրթերով հավաքում է նրա շրթունքն ու ագահորեն ներքաշում բերանը: Անսպասելի հարվածից շշմում է: Գլուխն ընկնում է գետնին: Տղամարդը հայհոյելով՝ էլի մի քանի հարված է հասցնում դեմքին: Հետո նրան շրջում է փորի վրա: Բռնում մազերից ու սկսում նրա դեմքը տրորել գետնին: Քրքջոց է լսվում: Տղամարդը կանգ է առնում: Էմման շրջվում է: Այլանդակված դեմքով նայում է նրան ու շարունակում ծիծաղել: Հետո նստում է ծնկների վրա: Բռերով հավաքում է հողն ու ուտում: Տղամարդն ընկրկում է: Էմման նորից ծիծաղում է՝ բացելով հողով պատված ատամները: Տղամարդն արագ հագնում է տաբատը: Կնոջ տակից դուրս է քաշում վերնաշապիկը: Վերցնում կոշիկներն ու հեռանում: Էմման պառկում է մեջքի վրա: Նայում երկնքին: Փակում աչքերը: Խորը շունչ քաշում: Կուլ տալիս թանձրացած թուքը: Բացում աչքերը: Լռություն: Լռություն: Լռություն: Լռու

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *