Ռեզա Քազեմի | Անվերջ պատմություն

****
Մեր վրայից դեռ սիրո հոտ է գալիս,
ցորենի դաշտերից էլ՝ մեր,
որ անիծյալ պատերազմը սուլեց,
ու սուրացին գնացքները հարավի։
Դու բաց թողեցիր պատուհանները,
որ քամին սենյակ մտնի,
թարմ ծաղիկների հոտը տարածի,
հետո կիսասիրտ
ինձ կիսատ թողիր ու գնացիր։
Մեր վրայից դեռ սիրո հոտ էր գալիս,
ձկան հոտ, ծովի, ոստրեի,
ծովափին, գետի չորացած հունին վազելու հոտ,
անանուխի ու կանաչ ջրերի հոտ,
որ կիսասիրտ
ինձ կիսատ թողիր ու գնացիր։
Հիմա պատերազմի հնոցները դուրս են եկել շարքից,
հարավի գնացքները՝ վերադարձել,
բայց դու չես եկել,
տարածդ կիսասիրտը որ լրացնես։
Տե՛ս, վրայիցս դեռ սիրո հոտ է գալիս։

 

****
Մի առավոտ վեր ենք թռչում,
ու ձեռքերիս կողքը
ինչ-որ մեկի տեղը դեռ տաք է։

 

****
Քո պատմությունն
անվերջ է։
Դու
արհեստական ոտքով
դեռ նստում ես փայտե աթոռին,
խոսում թռչունների հետ,
և երազներդ
ճախրում են սենյակով մեկ։
Քո պատմությունն
անվերջ է։
Դու
արհեստական ոտքով
դեռ մեզ տանում ես երևակայական փողոցներ,
սոճիներով բուրող ծառուղիներ,
ճնճղուկների երգից ալիքված տներ
ու մեզ համար գնում այն, ինչ ուզում ենք։
Քո պատմությունն անվերջ է
դու
դեռ նստած ես փայտե աթոռին։

 

****
Մտրակել պետք չէ ձիուն,
որ մնացել է ճամփին,
կամ ձգանը դի՛ր բերանը,
կամ հե՛տը մնա, մեռի՛ր։

 

****
Գարուն
ու այսքան կարո՞տ։
Չէ՜,
երևի մի հրեշտակ
սխալմամբ շրջել է եղանակները։

 

****
Արի խաբենք իրար.
ես ասեմ՝ գարուն է,
դու հավատաս
ու գաս։

 

****
Արևին ասա՝
ամպ շապիկը հագնի.
գնալը չի հետաձգում։

 

****
Երկնքի փոխարեն
ամպից եմ կախվել,
ու ամեն թեթև քամի
տարուբերում է տունն իմ։

 

****
Հիմա կարող եմ ձեռքս մեկնել,
երկնքի ճյուղերից
արևի նարինջը քաղել
ու տալ մանուկներին։
Հիմա կարող եմ ձեռքս մեկնել,
գիշերվա մութը
երկնքի ապակուց
մաքրել
լուսնի ճերմակ թաշկինակով։
Հիմա կարող եմ ձեռքս մեկնել,
սեղանի վրայի բաժակը վերցնել
ու լցնել գետնին. դառնա ծով,
ու ես փոքրիկ մակույկով
մինչև ափ հասնեմ
թիավարելով մատներով։
Հիմա շատ բան կարող եմ անել,
թե չխռովես իմ երազներից։

 

***
Սերը մի պատում էր,
Որ տատս էր ինձ համար
Գործում ձմեռվա գիշերներին.
Մի հատ վերևից, երկու հատ՝ տակից…
Ծածկոց, որ երբեք ինձ չջերմացրեց:

 

****
Հենց այնպես չէ,
Որ չի բացվում դուռը,
Որ ծեծում ենք.
Կամ հետևում մարդ չկա,
Կամ կա ու բաց չի անում:
Կամ էլ դուռ չկա. պատ է:

 

****
Մենք իրար չենք հասնում երբեք:
Տարիներ է՝ իրար առաջ՝
Ռելսերի երկու կողմում, կանգնում ենք,
Իրար ենք նայում,
Եվ ծաղիկները թառամում են
Մեր ձեռքերի մեջտեղում:
Մեղքը մերը չէ.
Գնացքներն են
Արագ անցնում:

 

****
Մենք միայն իրար մասին ենք մտածում.
Դու՝ Փարիզում՝ սրճարանի սեղանի առաջ,
Ես՝ Թեհրանում՝ սենյակիս պատուհանի առաջ,
Եվ միմյանց հասնելու կամուրջն էլ չկա.
Միայն սերն է,
Որ տարեցտարի ավելի է ծերանում:

 

****
Ձեռքս թողեցիր,
Մարդկանց մեջ անհետացա:
Ինչ լավ է անհետանալը,
Բայց՝
Ոչ մարդկանց մեջ:

 

****
Լուսին եմ դարձել՝
Ճամփորդներին ուղեցույց:
Ախ ի՜նչ տխուր է պատմությունը ճամփորդի,
Որ ճանապարհի վերջում
Լուսին է դառնում:


Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *