Ներսեհ Ալոյան | Եղիվարդի «Ապրիլի 24» բանաստեղծությունների ժողովածուն

Ապրիլ 24-ը եղերական ժառանգութիւնն է մեր անցեալին,
իսկ իր լուսաւոր ու անմեռ յիշատակը մեր մէջ ապրեց-
նելու գործը գերագոյն պարտականութիւնն է մեր ներկայ
սերունդին:
ԵՂԻՎԱՐԴ

Եղիվարդը հայ քնարերգության նշանավոր դեմքերից է, որ բախտ է ունեցել գրեթե կես դար շարունակ ապրել ու ստեղծագործել իր ականավոր ժամանակակիցների` Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի, Բենիամին Նուրիկյանի, Անդրանիկ Անդրեասյանի, Արամ Հայկազի, Վահե Հայկի և ուրիշների կողքին` մասնակից լինելով մեր բանաստեղծական մտքի զարգացմանն ու նրա զորացման առաջընթացին:
Եթե փորձենք ուրվագծել Եղիվարդի կերպանկարը, ապա պիտի նշենք, որ նա բացարձակ անհատականություն էր, որի խոսքը` գործի ծաղիկն էր: Նրա տաղանդի աչքի զարնվող յուրահատկությունը ազնվությունն էր ու անկեղծությունը: Իր կոչումով, իր ճակատագրով, իր ամբողջ կյանքով ու աշխատանքով անմիջական շառավիղն էր իր նախորդների, նրանց մեծ գործի շարունակողը, բարդ ու դժվարահաճ սփյուռքահայ աշխարհում:
Իր ողջ կյանքի մեծ մտահոգությունը ջլատված ուժերով, փշուր-փշուր, աշխարհով մեկ ցրված, անկայան, անապավեն, անհույս, անհեռանկար սփյուռքահայ իրադրությունն էր, օտարակուլ օվկիանոսներում հայածին տաղանդների կայծկլտալով սուզվելու ցավը, հնարավորը փրկելու, անհնարինը իրականացնելու մշտական հոգսը այրվել է շարունակ նրա հայրենասեր հոգում, նրա հնարամիտ, ամենուրեք օգնող ու հասնող նրա գործարար կյանքում, խորունկ դավանանք, կամք ու ուժ է դարձել և տաք սնունդ է տվել նրա գրական զորավոր տաղանդին:
Իր բարդ ճակատագրով, մարմանդ ու հախուռն այրումների մեջ, իր բարդ ու դժվարին կյանքով Եղիվարդը ստեղծել է մի սրտահորդ ու հարուստ գրականություն, ստեղծել է հայրենաշունչ ու հայրենապինդ գործերի մի գունագեղ շարան, մի թանկ հարստություն: Փորձել է մեր հոգևոր-մշակութային անդաստանին նոր շունչ տալ, զորացնել հայի հավատքը և ոգին: Եվ ինչ էլ երգել է նա` հայրենի սեր, ներանձնական զգացումներ, հավատքի ուժ` համամարդկային գաղափարներ է արտահայտում: Այդպես է, ճշմարիտ ազգայինը նաև միջազգային ու համամարդկային է:
Հինգ տարեկանից անցել է Եղեռնի արհավիրքներով, զրկված ծնողներից, բոլոր թանկ հարազատներից, ծանր կորուստների մշտական կսկիծը մատղաշ սրտում, նետվել է նա որբանոցից-որբանոց: Մեծացել, ամրացել է օտար ափերի անկայուն մթնոլորտում և դիմացել հարափոփոխ եղանակներին:
Աշխարհով մեկ սփռված իր վտարանդի ժողովրդի մշտական ցավերն ու խորունկ խնդիրները տվել են նրան ընկալող տաք սիրտ. դառն ու դժվար կյանքը տվել է նրան արթուն թափանցող միտք ու տոկունություն. մեծ կորուստների ծանր կսկիծը տվել է նրան անզիջող ոգի. մեր ամբողջ պատմությունը տվել է նրան իմաստուն դասեր ու փորձառություն: Եվ այս ամենով ամրացած, բանաստեղծ գործիչը իր ամենօրյա հոգսերի հետ միասին գործի է դրել իր զորավոր գրիչը, ստեղծելով բավական հարուստ մի գրականություն, որի հիմնական մոտիվը մարդու հավատն է ու ոգու մեծությունը:
Իր սկզբնավորման շրջանից` 20-րդ դարի 40-ական թվականներից սկսած` Եղիվարդի պոեզիայի գլխավոր յուրահատկությունը «օրինազանցությունն է», որ նոր ժամանակ է ստեղծում, այնուհետև` անհատական սուր ներքին տեսողությունը, որ, սահմանազանցելով «կարգը», նոր կարգ է սահմանում: Նրա անցած ճանապարհի վայրկյաններն անգամ ապրված են նրա պոեզիայում, ժամանակի նշաններն արտահայտված` նրա գրքերում:
Եղիվարդի պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը: Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը: Պոետի այն նոր կերպարը որ ստեղծել է Եղի-վարդը դեռևս «Խորտակման գիշեները» բանաստեղծությամբ, ոչ թե ժամանակի կեղծ երկվորյակն է, այլև կրում է իր մէջ ժամանակի ամբողջությունը` իրական-անհերքելի, ողբերգական:

Ես Եղիվարդն եմ այս գիշեր.
Կեցած Սիոն լերան վերեւ,
Իբրեւ պահնորդ ու պահապան
Սուրբ Յակոբայ ժառանգութեան,
Որուն վրայ սլաքն ոսկի
Մարդոց սրտին,
Կը ծածանի երանագին:
Անուշութիւնն այս ամենուն,
Բաժակ մ’արցունք բռնած աչքիս,
Լուռ կը նայիմ անցեալներուն
Ոսկեպարան:
Գեղեցկութիւնն այս ամենուն,
Գործն է բազկին նախնիքներուս,
Բխած սրտէն անոնց հրաշք…

Եթե «Մագթաղինէն Մեղրամոմէ»-ն ռումբի ուժգնությամբ շեփորեց Եղիվարդի մուտքը հայ պոեզիա, եթե «Խորտակման գիշերներ»-ը եկան այդ տաղանդի տոկունությունն ու իրավացիությունը երկրորդելու, «Ապրիլ 24»-ը, սակայն, եկավ հայ բանաստեղծությանը օժտելու աննախընթաց պատգամով ու հիշեցնելու հանրությանը 100-ամյա ցավի՝ մեծ Եղեռնի և մեր մեկուկես միլիոն «գարնանամահ վկաների» կարմիր նախճիրի մասին:
«Ապրիլ 24»-ը սովորական բանաստեղծությունների հատոր չէ, այն հասկանալու համար անհրաժեշտ է ծանոթ լինել Եղիվարդի ստեղծագործական աշխարհին, ոճին, իմացական և գաղափարական ուղղվածությանը:
«Ապրիլ 24»-ը բաժանվում է չորս գլխավոր մասերի:
«Հայրենական» բաժինը, որ բաղկացած է 25 բանաստեղծությունից, բացվում է ձոներգային բնույթի հայրենասիրական՝ «Ապրիլ 24», «Եղերերգ», «Երկու Կարաւաններ» երկարաշունչ ողբերգերով, իսկ մնացյալը Երևանին, Ղարաբաղին, Արարատին, Լենինականին, Պաղեստինցիներին նվիրված ձոներգեր են:
«Ապրիլ 24» բանաստեղծությունը ամբողջովին տոգորված է անսահման ցավով, որը յուրօրինակ պատկերումով հեղինակը տեսանելի է դարձնում և ընթերցողի հոգում արթնացնում ցասման ու վրեժի շունչը.

Ու կը պայթին հրազէններ,
Կրակ-կրակ, կամար-կամար:
Կը բարձրանան այս ու այն կողմ
Սարսափահար երեւոյթներ, դէմքեր, աչքեր,
Զերթ կտորներ, ալիքներու,
Հարուածին տակ կապարներու,
Հովին ներքեւ կը դողդղան պահ մը անոնք,
Ու կը թափին նորէն գետին…

Եղիվարդի ցանկությունն էր գրական էջերով ամբողջացնել հայ հերոսների կերպարը, և խոսելով նրանց զոհողության ոգու մասին միշտ ասում էր. «Հայ գրականությունը տակավին իր տուրքը չէ վճարած այդ հերոսական մարտիկներուն»: 1988-ի Ղարաբաղյան դեպքերը շատ բան խորտակեցին իր մեջ և նա մարտի դաշտ հանելով իր զորեղ գրիչը` ձոներգ-կոչ ուղղեց «Ղարաբաղի հայորդիներին»:

Ղարաբաղի հայորդիներ,
Ունեցէ՛ք սէրը ձեր հողին,
Ոչ թէ տժգոյն յուշի նման,
Այլ տեսիլքի պէս լուսավառ:
Մի՛ թողուք զայն բախտին լըքուած
Անտէր կալուած:
Հայու նման կանգնեցէք դուք
Այս աշխարհի խղճին վրայ,
Ազատութեան իբրեւ արձան:

Իր ստեղծագործությունների մեծ մասի նյութը նա ընտրում էր Սուրբ Գրքի գլխավոր դրվագներից, տալով իր հերոսներին և գործող անձանց մոտ ժամանակների մարդկանց կյանքն ու ոգին, մեջտեղ դնելով իրեն հուզող այսօրվա հարցերն ու խնդիրները: Սա գրական ընդունված ձև է, սակայն հեղինակը օգտագործում է այն իր զբաղմունքի ու իր կյանքին բնորոշ գծերով:
«Սուրբ Գրական»` բիբլիական թեմաները բանաստեղծը մշակել է մեսրոպյան հարուստ ու հստակ լեզվով, կենդանի պատկերներով, տաք-տաք թրթռուն ու լեցուն կյանքով, իր մեսրոպեյան ընթերցողի համար: Վերցնելով հեռավոր անցյալի թեմաները, բանաստեղծը իր արվեստով տալիս էր այսօրվա գույն ու երանգ, բնական մարդկային մտորումներ, ցավեր ու խնդիրներ, ժամանակի շնչառություն, միանգամայն պահելով սրբազան վեհությունը, դրանով ցույց տալով իր նախընտրած թեմաների խորը մարդկայնությունը:
«Սուրբ Գրական» թեմաներից է «Օրօր» բանաստեղծությունը, որտեղ մանկացած Աստծու համար գողտրիկ օրօր են երգում մանուկ չեղած հրեշտակների բերանները, որպեսզի լուսածին մանուկ Հիսուսը անուշ քնով արբենա: Սակայն Հիսուսն այդ գիշեր քուն չուներ:

Օրօ՜ր մանկացած Յիսուսին համար,
Բերանէն անոնց որ մանուկ չեղան…
Օրօ՜ր լուսածին Յիսուսին համար,
Թող անոյշ քունով մանուկն արբենայ…
Օրօ՜ր որբացած պանդուխտ Աստուծոյն,
Երկինքէն իջած` կ’երգեն հրեշտակներ,
Յիսուս այս գիշեր ինչո՞ւ չունի քուն,
Աստղերէն անդին` նայուածքը սեւեռ:

«Անձինինք Նվիրյալք» բաժնի ինքնատիպ բանաստեղծությունները ձոնված են հայ եկեղեցու նվիրյալներին: Շարքը բացվում է Գրիգոր Շղթայակիր Պատրիարքին նվիրված բանաստեղծությամբ: Պատմական անուրով իրեն Երուսաղեմի Սուրբ Աթոռին և նրա պայծառացմանը կապած Շղթայակիր Պատրիարքի կատարած գործը անուրանալի է: Պարանոցին ծանր երկաթե խաչեր ու շղթաներ, շուրթին աղոթք, աչքերն արցունքոտ նա կանգնում էր եկեղեցիների մուտքին և դրամ մուրում Երուսաղեմի Սուրբ Աթոռը պարտքերից ազատելու համար: Եվ Եղիվարդը, որ նրա մեծ գործի շարունակողն էր, «Շղթաներու լեզուն» բանաստեղծության մեջ վրձնի մի քանի հարվածով նկարագրում է ժամանակի չարաղետ բերումների ու մարդկային ապիրատության դաշնակցությամբ Երուսաղեմի Սուրբ Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրանից ազատվել տենչացող Շղթայակիր Պատրիարքի գործողությունները:

Պարանոցին ծանըր երկաթ,
Շուրթին օրհնէնքն,
Ան կը կենար դարպասներուն եկեղեցւոյ,
Պալատներու շքեղ մուտքին:
Ո՞վ էր մուրիկն այս սրբազան,
Տարաշխարհիկ,
Որ սիրտէ-սիրտ, երկրէ-երկիր,
Քարշ էր տուեր ոտքերն իր հէք.
Չէին ճանչցած քուն ու հանգիստ
Աչւըներն իր,
Ըսպասին մէջ իր Աստըծոյն
Եւ իր ցեղին,
Հրաշատիպ ու աննահանջ:

«Լեռան վրայեն քերթվածներ»-ը «Ապրիլ 24»-ի վերջին և ամենաընդգրկուն բաժինն է` 41 բանաստեղծություններով: Շարքը հարուստ է իր այլազանությամբ կյանքից վերցված տարբեր երևույթների խոր ու գեղարվեստական վերլուծումներով: Նա հաճախ իր հոգեվիճակը շաղախել է բնության այս կամ այն երևույթին, ասես նրանից ուժ ստանալու աղերսով.
Վաթսունի սեմին` կեցած եմ արդէն,
Գլուխս պսակուած արծաթովն աշնան,
Հոգիէս կ’անցնի ասեղ առ ասեղ,
Մըսուք մ’անսովոր,
Իբրեւ նախերգանք մօտեցող ձմրան:
Թըռչունի թեւով թըռան ու գացին,
Օրերն իմ աղուոր,
Հովերը առին պտուղներս ամէն,
Թարմ ու հոտառատ,
Որոնցմով այնքան հարուստ էր հոգիս,
Դեռ անցեալ ամառ:
Տաք ու գունագեղ էր նրա բանաստեղծական նկարչությունը: Նրա զորեղ ու նրբաշաղ գրիչը հարուստ ու շռայլ էր իր տիրոջ նման, հստակ ու ամրակամ, երբեմն կոշտ, հաճախ շատ հանդարտ ու մեղմախոս. բանաստեղծությունը ինքը` հեղինակն էր, իր բարի ու բուխ տողերում առատորեն շաղ էր տալիս լեզվական իր հորինվածքները, գյուտերն ու փայլատակումները զարմանալի թեթևությամբ ու բնական, առանց ճիգերի և արհեստական նոտաների: Հայոց լեզուն մի զարմանալի ոսկեշաղախ էր նրա ձեռքերում և լեզուաշեն բանաստեղծը ձուլում էր իր ուզած ձևերն ու ոճերը:
Նրա լեզուն ճոխ էր, յաճախ վեհ ու բարձր, բայց ոչ երբեք վերամբարձ: Ընդհակառակը, պարզ էր ու ջերմ, ընկալվող ու համակող: Իր ազատ ու հարուստ լեզվաշաղախի մեջ, նա զարմանալի դյուրությամբ էր դասավորում իր ձուլած բառերը, որոնք միշտ ներդաշնակվում էին ամբողջության հետ և մի առանձին հմայք էին տալիս գործին, քանի որ արվում էին բնածին ճաշակով և նրա ստեղծած բոլոր բառերն ու հնարանքները բխում էին հենց մայրենի լեզվի խորքում եղած հնարավորություններից, իսկ դա ամենաթանկն է որևէ գրականության համար:
Նրա գրիչը պատկանում է բոլորիս, նրա դիզած գրական հարստությունը ամեն մեկիս հարստությունն է:
Եղիվարդը իբրև ստեղծագործող, իբրև վառ անհատականություն մեր գրականության մեջ իր մնայուն տեղն ապահովել է իր անխարդախ, մեծ ու զորավոր, ազնիվ գրիչով և բազում հրատարակություններով:
Ամփոփելով «Ապրիլ 24» բանաստեղծությունների ժողովածուն, պետք է ասել, որ Եղիվարդի պերճ, տիրական, բարձրաթռիչ եկեղեցականի բոլոր գրական ու հոգեկան տուրքերի խոսուն արձանագրությունները հենց «Ապրիլ 24» ժողովածույում զետեղված տասնյակ քերթվածքներն են:
«Ապրիլ 24»-ը հայ բանաստեղծութեանը օժտեց աննախընթաց պատգամով եւ հանրութեանը յիշեցրեց 100-ամեայ ցաւի՝ Մեծ Եղեռնի եւ մեր մէկուկէս միլիոն «գարնանամահ վկաների» կարմիր նախճիրի մասին:

* Ապրիլ 24 ժողովածուն տպագրվել է հետմահու, 2010 թվականին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *