Առաքել Սեմիրջյան | Օձ

Ավտոմեքենաների հերթը ձգվում էր լեռնաշխարհով մեկ. կարծես բարակ թել անցնելուց լիներ անցյալի ու ներկայի միջով։ Էդ թելը ամեն տեղից կարող էր կտրվել, սակայն ամենավտանգավոր տեղը վերջից կտրվելն էր` ավելի շուտ կտրվելը չէ, այլ ավարտվելը։ Թվում էր` ավտոմեքենաների հոսքն անվերջ է, բայց դու էլ գիտեիր, որ մի քանի օրից երազելու էիր էդ պատկերը տեսնելու համար։ Թելը գնում հասնում էր մինչև ամեն մեկի նյարադային համակարգ ու էնտեղից ուղեղին ազգանշան տալիս, որ սա ես չեմ՝ ես կողքից պարզապես դիտորդ եմ, ու այս ամենը իմ հետ որևէ կապ չունի։ Դե ուղեղը էդպիսի հատկություն ունի՝ աղավաղել իրականությունը, որ ցավը միանգամից մահվան չբերի, իսկ թույնի քիչ-քիչ ընդունումը դեռ հնարավորություն է տալիս ինչ-որ կերպ կյանքը փրկել։
-Դուք կամավո՞ր եք հեռանում ձեր տնից,- մի ադրբեջանցի ճտպտան լրագրող հարցնում է եղբորը վերջին օրերին կորցրած ու երեխաներից մեկին գրկած կնոջը, ով հաստատ գիտի, որ իր ետևում մնացած հոր ու մոր գերեզմանը մեկ շաբաթից պղծելու են։
– Իհարկե կամավոր,- պատասխանում է կինը ու պինդ գրկելով երեխային՝ ստիպում նույնն էլ ինքը ասի։
– Իսկ որտե՞ղ է ձեր ամուսին,- հարցնում է լրագրողը։
– Չգիտեմ,- վախեցած պատասխանում է կինը ու գրկի երեխային բզում, որ ժպտա։
Փեշից կախած մյուս երեխան ուզում է բան ասել, բայց մոր դողը զգալով՝ լալկվում է։ Ադրբեջանցի լրագրողը, միկրոֆոնի կոթը երեխու բերանը խոթելով, գրպանից հանում է մի կոնֆետ ու ասում՝ կեր։ Երեխան ենթարկվում է հրամանին ու սկսում ուտել։
Սույն թողարկումը, իրենց դիվանին նստած դիտելով, հայ հեռուստադիտողներից ոմանք ասում են. «Լավ կլիներ՝ թքեր կոնֆետը»:
բայց երեխու մտքից իսկի տենց բան չի էլ անցնում։ Երեխան շարունակում է կոնֆետը ծամել ու խնդրում.
– Մի հատ էլ ախպորս ու մամայիս էդ կոնֆետից կտա՞ս։
Ադրբեջանցի լրագրող աչոնիկը, մի հատ էլ է կոնֆետ հանում ու տալիս նրա փոքր եղբորը և շուտասելուկի պես երեխուն դիմում.
– Դե հիմա ասա Խանքենդի։
Երեխան կրկնում է Խանքենդի ու բոլորով միասին հռհռում են։
Չգիտես ինչի՞ էին ծնողները անունը Նվեր դրել։ Էդ Նվերը աշխարհի՞ն էր վերաբերվում, ծնողների՞ն, թե՞ Աստծուն՝ դժվար է ասել, սակայն Նվերի ութը տարվա կյանքը հաստատ ինչ-որ նպատակ ուներ, թե չէ Աստված էդքան դաժան չէր գտնվի։ «Իսկ միգուցե մեր Նվերը բոլոր նրանց համար էր աշխարհ եկել, ովքեր ուրիշի արյան գնով փորձում էին ինքնահաստատվե՞լ»,-մտածում էր մայրը ու արագ հեռացնում իր միտքը։
Բազկաթոռին նստած քաղտեխնոլոգ ջեբրաիլագետները մի անգամ էլ են ադրբեջանցի լրագրողի հարցազրույցը ուսումնասիրում ու ասում. «Բայց մոր գրկի երեխեն պետք է կոնֆետի թուղթը ճմրթեր ու շպրտեր ադրբեջանցի լրագրողի դեմքին»։
Սփյուռքահայ փորձագետն էլ, որն ունի տարբեր հայապահպանման կոնֆերանսներից պահպանված մի նկար Նիկոլի, մի նկար Ռոբերտի, մի նկար էլ Սերժի հետ, ասում է. «Իսկական տղաքը անոնք էին, որ թուրքին մարը կարգադրեցին՝ ան ալ UN-ին ամբիոնեն»։
Նրան հակադարձող ֆեյսբուկյան օգտատերն էլ, թե մարդ ո՞նց կարա, հա՛մ ռոբիկին, հա՛մ սերժիկին, համ էլ նիկոլին նույն շարքին դասի. նրանցից երկուսը կոռուպցիոներ են, իսկ վերջինը մեր դիմացի վարսավիրանոցում է մորուքը խուզում։ Համ էլ անալ բառը մի օգտագործեք՝ ես ձեզ չվիրավորեցի։
«Ան ալ, ուրիշ բան կնշանակե»,- փորձում է ինզինքը պաշտպանել սփյուռքահայը։
Երրորդ քոմեթչին էլ, պատասխանելով նախորդ գրառմանը, նշում է. «Մորուքը լավ կլինի թրաշի, որովհետև մորուքը մենակ Վազգենին էր սազում»։
Չորորդ օգտատերն էլ, թե. «Մորուք ասիր հիշեցի՝ Վազգենի մորու քու․․․»
«Հեսա կջնջեմ իմ պատի տակ արված ձեր քոմենթները,- ջղայնանում է ստատուսի հեղինակը, որը ադրբեջանական կայքից հղում է դրել, պատճառաբանելով, որ- իմ էջին միայն կուլտուրական լեզվով պետք է խոսել»։
«Բայց ես բան չասացի։ Ես գրել էի Վազգենի մորուքը նրա մորուքից ավելի սիրուն է»,- բացատրություն է տալիս նախորդ քոմենթի հեղինակը։
Անվերջ՝ բայց հաստատ գիտես, որ մոտ օրերս վերջանալու է։
Վերջավոր ավտոների հերթի մեջ, մեկի ուշքը գնում է։
-Ջո՝ւր, Ջու՝րր, Ջո՝ւր,- գոռում են հետևի մեքենայի կուզովում հայտնվածները։ Ադրբեջանցի մեկ այլ կուլտուրական լրագրող վազելով մոտենում է ուշագնաց եղող ծերունուն ու թուրքերենի ընդգծված ակցենտով ռուսերենով, հարցնում
-Ջուր կուզե՞ք։
Պապին գլխով է անում։ Ջուրը տալիս է։ Պապին խմում ու մի փոքր խելքի է գալիս։
Փարիզում նստած ՄԱԿ միջազգային դիտորդը արձանագրում է․ «Երկու ազգերը իրար հետ կարող են համատեղ ջուր խմել։ Դրական տեղաշարժ»։
«Բա որ էդ ջուրը թույնած լինե՞ն»,- կողքից քոմենթում է մի շարքային թոշակառու դաշնակ։
Մի օգտատեր էլ, թե, եթե էդքան լավն ես գնա քո խմած կոլան տուր էդ խեղճ մարդկանց։
Էդ պահին ճանապարհին հայտնվում է մի ռուս զինվորական ու առաջարկում մեկ շիշ արաղի փոխարեն մեկ լիտր բենզին, որ տեղահան լինողների ավտոմեքենայում գիշերը կարողանան տաքանալ։ Վարորդը համաձայնվում է, բայց վերջին պահին ռուս խաղաղապահը երեք շիշ օղի է պահանջում էն պատճառաբանությամբ, որ մեծ պայթյունից հետո բենզինի գինը թանկացել է։ Կոտրված պատուհաններով ավտոմեքենայի վարորդը դրան էլ է համաձայնում։
«Այ, որ էն ժամանակ դրանց կզցնեինք հմի սենց ցինիկաբար ջուր չէին բաժանի»,- ստատուսի վրից բոլդ արած տառերով գրում է մյուս ստատուսչին, որը կես դրույք աշխատում է իշխանության ՊՕԱԿ-ում։
«Թաղեմ Լևոնի ազիզը։ էդ ուզում էր հողերը ծախեր, բայց մեր հերոսները՝ Ռոբիկը, Սերժիկը, Վազգենն ու Նիկոլը չթողեցին»,- հայտարարում է Հանրային խորհրդի մի անդամ։
Լայքում են վերևում նշած անունների տակ թաքնված շուրջ 14430 կեղծ օգտատերեր։
Նվերիկը իր եղբոր հետ հիմա երևի մի տեղ թաքնվել է ու սպասում է, որ իրեն գտնեն․․․
Մեկ օր, Երկու Օր, երեք օր, չորս Օր․․․
Նվերը չկա։
-Ա՜խ, Աստաված ջան, մի հրաշք լիներ, Նվերին գտնեինք։ Եղբորը արդեն գտել ենք, մնում է իրեն էլ գտնենք ու մտնենք ավտոշարասյան մեջ ու գնանք «փրկության»։
Վեցերորդ օրն է։
Մի լավ լուր է գալիս։ Ծնողը գոնե կարող է երեխաներին թաղելուց հետո հեռանալ, այլ ոչ թե ամբողջ կյանքը շարունակի ապրի երեխային չթաղած հեռանալու մեղքով։
-Թող մեռելները իրենք-իրենց թաղեն,- միտինգում ելույթ է ունենում մի հոգևորական։
-Բայց ու՞ր թաղենք։ Հին մեռելների հարցը դեռ պարզ է՝ կարելի է ասել քառասունքը տվել պրծել են, բայց ո՞ւր թաղել էն մեռելներին, որ գիտեն սկի 40 օր էլ իրենց թաղված հողի մեջ չեն մնալու։
-Իսկ միգուցե հետներս վերցնե՞նք- հարցնում է, երեխայի տատը։
-Չէ, ավտոյում տեղը քիչ է, դրա տեղը վերմակ կվերցնենք, որ էն վերջին մնացած երեխեն ճամփին չսառի՝ դեռ չգիտենք քանի օր պետք է ճամփեքին լինենք։
-Ստոր մայր,- ճչում է մի հիստերիկ ցուցարար, որը նոր է լսել էս պատմության մասին ու մազերը փիտտելով՝ բացատրում է, թե ո՞նց կարող է մայրը իր նոր մահացած երեխաների դիակները փոխի վերմակի հետ։
-Ի՞նչ եք վերցրել ձեզ հետ,- բռնի տեղահանվածից հարցնում է հայկական կողմում հայտնված փրկարարը։
-Շանս,- չէի կարող նրան թողնել սոված սադկեր։
-Շանս,- ականջի պոչով լսում է ՄԱԿ դիտորդը ու ուղիղ թարգմանելով՝ գրանցում, որ փախստականները նոր շանս են տեսնում այս իրավիճակի մեջ։
-Ստեփանակերտի կենտրոնական եկեղեցում պառկած հաշմանդամը միայն աղոթում է, որ իրեն չմոռանան գրանցել քաղաքից էվակուցվողների շարքում հերթական ավտոբուսի հայտնվելու դեպքում։
«Սենց էլ դավաճան ազգ կլնի, որ շանը բերեց, բայց մեր թաղի տատիկին չվերցրեց հետը»-, միանգամից եզրակացություն է անում «հող հանձնողին հանձնենք հողին» պրոֆիլի տակի ոչմիթիզականը Բոստոնից։
«Բա ո՞ւր են նախկին պաշտպանության նախարարները, որ երկիրը թալանեցին, ազգ-բանակի սոուսի տակ ու թռան Բոստոն՝ մեղքը գցելով ուրիշների վրա»,- գրում է մի լիբերալ-դեմոկրատ, որին անմիջապես հողատու են ասում ու ֆեյսբուկում բլոկ գցում։
«Սաղ Լևոնն ա մեղավոր՝ ինքը կռռաց, դրա համար սենց եղավ»,- միաձայն գոռում են Ռոբի, Սերժի ու Նիկոլի պրոֆիլի տակ թաքնված ֆեյքերը։
-Բա լա՞վ էր, որ Վազգենի արձանը Շուշիում թողեցիք, հիմա էլ Մոնթեինն եք թողում- ամբիոնից հայտարարում է կամուֆլյաժ հագած մի գործակալ՝ իր ասածից միանգամից փոշմանելով, որ Մոնթե բառը օգտագործեուց հետո կարող է ամերիկյան վիզա չտան։
-Մեզ Ամերիկան կփրկի։ Այ, որ ՕԴԿԲ-ից դուրս գանք ու ռուսին սիքտիր անենք փրկված ենք, -շարունակում է մեկ այլ ռուսական գործակալ։
-Պրովոկատոր,- գոռում եմ բոլորով միասին։
-Կեղտոտ Արևմուտքն է մեղավոր այս ամենում,- միտինգում կանգնածի կողքինի ականջին շշնջում է ամերիկյան գրանտ ստացածը, որ տեսնի կողքի կանգնածը կհամաձայնի իր հետ, թե ոչ, ու այդ պատասխանը գրանցի իր հերթկան զեկույցում։
– Մի քանի հատ տախտակ կտաս, որ դագաղ սարքեմ, ու Նվերին հանձնեմ հողին,- հարևանից խնդրում է Նվերի մայրը։
-Հարևանը դժկամությամբ էդ տախտակները տալիս է, բայց մի որոշ մաս մոտը պահում, որ գիշերը տաքանա, քանի որ չգիտի դեռ քանի օր էդ ցրտին պետք է դիմանա։
-Մենք պետք է մի բռունց դառնանք, – հայտարարում է նախկին բռնցքամարտիկը, որը որոշել է այսուհետ քաղաքականությամբ զբաղվել։
– Էդ ղարաբաղցիները, սաղ ուզում են Երևանում տուն ունենան,- իր հաջորդ կլինետին տեղեկացնում է Տեղի կռուգում կանգնած մարմնավաճառ մի տրանսգենդեր, որը երեկ է սպասարկել Ղարաբաղից 20 տարի առաջ Հայաստան եկած ու Ղարաբաղի հետ որևէ կապ չունեցող մի օլիգարխի։
– Ո՞ւր էիր Աստված, երբ խենթացավ մի ժողովուրդ,- լսվում է ճռռացող Նիվայի միջի երաժշտությունը, որը բացի ձայնից շուրջբոլորը տարածում է նաև պլանի հոտ։
Մայրը Նվերի խաղացած հոլը փաթաթում է խուրջինի մեջ ու մտածում, թե կարո՞ղ է անցակետում որպես սառը զենք ձեռքից վերցնեն։ Հոլի թելը փաթաթում է ձեռքին՝ որպես թալիսման։ Թելը ավտոշարասյան պես ձգվում է լեռնաշխարհի երկայնքով ու հասնում Նվերի ծնվելուց սկսած մինչև վերջին օրվան։
Նվերը գյուղամիջի նստարաններից մեկի վրա բիձեքի մոռացած սիգարետ էր գտել ու ղուլաբ տվել։ Մեծ ախպերը իմացել էր էդ մասին ու քացով ոռին խփել։ Նվերը չէր լացել, ու խոստացել էր մեծ ախպորը էլ տենց բաներ չանի։
-Միջազգային հանրությունը ձեր կողքին է,- Հակարիի կամրջի մոտից հարցազրույց է տալիս ԱՄՆ Կոնգրեսականը ու անմիջապես թարգմանչին հորդորում, որ հանկարծ սխալ չթարգմանի։
-Թարգմանիչը հաղորդում է,- վաղը Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառվեն։
Մի քանի սորոսական էդ պահին տեղում օրգազմ են ապրում։
-Հեսա ձեր հերը կանիծենք, որ հետո իմանաք, թե ոնց եք թողել, որ ԱՄՆ քաղաքացին հայտնվի ձեր կամրջի եզրին,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նույն հարցին ավելի վատ անդրադառնում են Պեսկովն ու Լավրովը։
-Հռոմի Ստատուտ, Հոռոմի տեռ,- գոռում է խելքը թռցրած մի վերլուծագանգ։
-Իսկ ձեզ մոտ կառքով թաղումներ դեռ անո՞ւմ են,- հարցնում է մի անգլիացի հնէաբան, որը 20-րդ դարում ուսումնասիրել է Կովկասյան ժողովրդների ավանդույթները։
-Մենք ունենք ռուսների հետ ամենաբարձր հարաբերությունները մեր պատմության օրվանից սկսած,- պատասխան է հնչեցնում ԱԺ փոսնակը։
-Նա իր մորը մայր էր հայհոյում,- իր գրքից կարդացած տողերն է մեջբերում արտասահմանցի հնէաբանը։
Շարասյան մեջտեղներում մեկի մոտ փորլուծություն է սկսվում։ Բաց դաշտի մեջ միակ թաքնվելու տեղը Պուտինի պաստառի տակի ձողն է։ Ռուս խաղաղապահը արգելում է այդ ձողի տակ փորլուծել, ու ծեր կինը ամոթից ստիպված է լինում ավտոմեքենայի մեջ հոգալ իր կարիքները։
-Սնուփ Դոգի տոմսերս որտե՞ղ կարող եմ հետ հանձնել,- ընկերներին հարցում է անում մի հայտնի բլոգեր։
-Ադրբեջանցի սահմանապահները ինձ չճանաչեցին՝ երիտասարդ էին,- հարցազրույց է տալիս սպարտիվկայով ու բեղերը թրաշած մի անձնավորություն։
Օգտատերերից մեկը տեղադրում է ադրբեջանցի զինվորականի նկար՝ հայ զինվորի դիակի կողքին կանգնած՝ կտրած ականջը ձեռքին։ 20 րոպե որևէ մեկը քոմենթ չի գրում, հետո ադրբեջանցի օգտատերերից մեկը արդարանում է . «Վան Գոգն էլ էր ականջ կտրում»։
-Տախտակը չհերիքեց։
-Ոչինչ, առանց տախտակի էլ կթաղենք, պատասխանում է երեխայի տատը։
-Բայց ավելի լավ է մյուս երեխուս փորձանքի չենթարկեմ ու հոլն էլ Նվերիկի հետ թաղեմ՝ մեկ ա էդ հոլով ոչ մի բան չի փոխվի,- իր մտածածի պես անում է Նվերի մայրիկը։
Մոր ձեռքին փաթաթված հոլի թելը անցնում է դագաղի մեխին ու քիչ է մնում դագաղը շուռ գա։
Հունաստանի լողափից իշխանական պատգամավորը հայտարարություն է տարածում, որ հույները հայերի պես չեն սիրում թուրքերին։
Վարչապետի տիկինը ժպտացող նկար է հրապարակում։
«Բարի լուր։ Մենք ավտոշարասյան մեջ արդեն ունենք առաջին ծնունդը»,- ավետում են հայկական լրատվամիջոցները։
Վազող տողով գրվում է, որ ունենք շարասյան առաջին մահը։ Էդ գրառումը էլ չի հայտնվում էֆիրում։
Մայրը մի պահ գլուխը շրջում է ու շարասյան վերջում փնտրում Նվերին։ Նվերի տեսիլքը ողջ ճամփի ընթացքում հետևում է շարասյան ավտոմեքենաներին։ Նվերիկի միայնակ պատկերը երևում է լեռնաշխարհի մեկ թփի տակ, մեկ քարի վրա կանգնած, մեկ եղբոր ուսին ձեռքը դրած ու նկարվելու դիրք ընդունած։ Շարասյան ամեն հաջորդ մեքենայի ուղևորը պտտվում ու ստուգում է, թե իր ետևից դեռ մեքենա կա, թե՞ ինքը վերջինն է, ու տեսնելով, որ դեռ ետևում մեքենա կա՝ հանգիս շունչ է քաշում ևս 100 մետր։
Ավտոշարասյունը սողացող օձի պես շարժվում է առաջ։
-Իսկ միգուցե իրական Աստվածը թաքնված էր նկուղում ու տենց էլ նրան չկարողացանք գտնել,- պապը հարցնում է թոռանը, որը թաղի ամենալավ պախկվոցի խաղացողն էր ու ում ծնողներին թաքնվելուց հետո տենց էլ չէին կարողացել գտնել։
-Բայց սաղ մի կողմ՝ էսքանից հետո ո՞նց ենք շարունակելու ապրել, – ահազանգում է էս ամեն ինչի մասին նախկինում կանխատեսած մի մահացած գրող։
-Լավ էլ կապրենք- նրան հակադարձում է փոթքաստի վարողը ու անցնում հաջորդ թեմային։
Դեռ մի քանի օր առաջ երկու ախպերով իրար հետ կռիվ էին տալիս մի քանի չրի համար։ Էն մեծը ասում էր
-Արա, քիչ կեր, բա որ սաղը կերար՝ Ձմեռը ո՞նց ենք հանելու։
-Բայց լավ, էսքանից հետո, ո՞նց ենք կարողանալու մեր երեխեքի երեսին նայե՞լ,- շարունակում է իր ասածը պնդել մեկ այլ հոգեկան՝ խաչակնքվելով։
-Մի հատ նվեր կտաս երեխեն կմոռանա՝ երեխեքը նվեր շատ են սիրում,- պատասխանում է Նիվայի միջի էն նույն ուռչիկը: Ու չես հասկանում, նա արդեն «Ո՞ւր էիր Աստված» երգի միջի Աստծուն գտել է, թե՞ դեռ գտնելու ճանապարհին է։
Ճանապարհը ձգվում է ու ձգվում, բայց դեռ վերջը չի երևում, սակայն բոլորն էլ գիտեն, որ մի քանի օրից երազելու են էդ սողացող օձի պատկերը տեսնելու համար, որ դեռ հույս կար թե այն վերջ չի ունենա․․․
Բոլորը նաև գիտեն, որ այդ օձը սողալու է իրենց ճակատագրի երկայնքով ու թունավորելու իրենց ամբողջ կյանքը, բայց հույս ունեն, որ շարասյան ետևում իրենցից հետո դեռևս մեկը կա։
-Ես ձեր սաղի լավը քունեմ,- լսվում է լացակումած մի ձայն շարասյան վերջից։

28-09-23

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *