Մերի Հովհաննիսյան | Արի ապրենք էս կյանքը մեր ուզածով

Արի գրկեմ էս ոչնչացող մայրամուտների արանքում, ու հասկանանք, որ դա էլ չփրկեց:
Շտապիր սիրել հողը, օդը, ջուրը, օդը, վարդակը, որովհետև հետո ժամանակ չես ունենալու. սկսելու ես մարդկանց սիրել-վազել, սիրել-հանգստանալ, սիրել-մոռանալ, սիրել-լինել, սիրել-ուտել, սիրել-հոգնել, սիրել-կորել և այլն:
Մի՛ վախեցիր երազներիդ դիակներից, եթե անգամ արնաշախաղ են, տձև ու զզվելի, երբ քերում են մաշկդ ու խառնում մազերդ: Վերջապես տո՛ւր պատասխաններ էն հարցերին, որ էդպես ամուր կպան էն հսկա, մեկ բաոբաբի ու կես մարդաչափ, կանաչ-կանաչ ծառի արմատներին ու հեչ էլ տեղաշարժվելու հավեսը չունեն, էն ծառի, որի միջից ամեն տեսակ կենդանակերպ մարդիկ դուրս եկան`խոզի քիթ մռթով, մկան դնչով, կովի պոչով և այլն: Իսկական եգիպտական սվինքսավարի խրախճանք դուրս կգա էս տոլմայից: Ու էստեղ խիստ ավանդական խոհանոցային խորհուրդները անիմաստ են, որովհետև էդ տոլման պետք է խառնել, խառնել այնքան, որ ամբողջը քանդվի, իսկ գազօջախը դեռ միացրած, խառնել այնքան, որ վառվի մի քիչ, որ ցավի մի քիչ, որ մեռնես մի քիչ ու իմանաս ինչպես զգացիր մահը` լյարդովդ ու ատամներովդ, ոսկորներովդ ու երակներովդ։ Հասանք դժոխքի չորրորդ պարունակ։ Կամ էլ մի երրորդ տարբերակ մտածիր քեզ համար հարմար։
Արի հասնենք մեր նպատակներին ու հասկանանք, որ դա էլ չփրկեց
Մարդը զոհ դարձավ, որ հետո տասնապատիկ հետ վերադարձնի, երբ մոռացել ես, երբ ուրախ ես, երբ սիրուն ես, երբ հաց ես ուտում, երբ ծեր ես, երբ տխուր ես, երբ երեխա ունես: Եվ ատելի լինի գոյդ, ու դու, թարսի պես, մահացու հիվանդ չես։ Խղճի անպարկեշտ խայթերին դեռ սովորելու ես, բայց ոչ հիմա։ Մեծանալ է պետք։ Ու եթե անգամ սիլիկոնի պես ճկվող մեկը, որի թափանցիկ սպիտակ մաշկի տակից երևում են ճեփ-ճերմակ ոսկորները ու միայն որովայնի հատվածում մի սպիտակ մսագունդ ու մի կապույտ երակ, պոկի իր մարմնից ու քեզ վրա շպրտի իր ոսկորները, դու կարող ես դրանք հետ շպրտել, եթե անգամ զզվում ես, սարսափում ես, փախչում ես կամ հաց ես ուտում։
Արի Կոմիտաս լսենք ու հասկանանք, որ դա էլ չփրկեց
Անցնել սահմանները սիրազեղ անպատկառությամբ, որ քերվի կոկորդդ ու մաշվեն կրունկներդ, ու լինես նրբամաշկ։ Քո մաշված ու պրծած նյարդերով եկել կանգնել ես դիմացս որ ի՞նչ ասեմ քեզ։ Դու կես դար առաջ որոշեցիր ուղղակի չգնալ, իսկ ես կես դարի համար արդեն չունեմ նյարդեր։ Ասացին` կբերեն, խաբեցին։ Ու ես դա հասկանում եմ, բայց չեմ ընդունում, իսկ ժամանակը սովոր է ամեն ինչ կարգավորել մի կոնտրաստային եսասիրությամբ։
Արի փախչենք էս ոչնչացող մոլորակից, ու հասկանանք, որ դա էլ չփրկեց
Թքած, որովհետև սովորեցրին քեզ սիրել ուրիշներին, մտածել ուրիշների մասին, լինել լավը, վսեմը, գեղեցիկը, բարին ուրիշների համար, իսկ քո համար, դե գնա… գրողի ծոցը կամ նման մի բան։ Իսկ իրականում, մոլորակի հեչ էլ պետքը չեն ներքին խմորումները քո, իսկ դու շարունակիր դեռ երկար մեղադրել օձերին, կապիկներին ու ձկներին, որ քո կյանքը լավ չդասավորվեց ու դու դեռ մինչև հիմա հին-մին վերքեր ես պեղում-գտնում։ Շիտակ նայենք ճշմարտության ձեռքերին. դա թուլամորթությունն է կամ ավելի պատասխանատու արտահայտմամաբ` դու թուլամորթ ես:
Արի փաթաթվենք արևներին, որ ջերմանանք մի քիչ ու հասկանանք, որ դա էլ չփրկեց
Ու մարդիկ եղան ավելի շատ կարոտ քան մնացյալ բաները, որ անհրաժեշտ էր։ Հողն ավելի շատ պաշտպանվել սիրող, քան արյունն էր, ու անձրևն ավելի ձյուն ու սառը։ Ու երբ մի ընկերական հանդիպման ժամանակ թեթև ու հումորային նրբերանգով ասացի, որ տանը լացել նոր եկել եմ, չէի ստել, բայց էական չէ դա, որովհետև կան օրեր, երբ ուղղակի տխուր լինել է պետք` առանց ինքդ քո և դիմացինին չժպտալուց առաջացած խղճի խայթի, որովհետև գնալը ցավոտ է, երբ մնացողը դու ես, և հատկապես, երբ գնացողն ես դու այնտեղ, որտեղ սպասող չունես, ու նոր է ապրելու կերպը, ու վարդակներին դեռ հարմարվել է պետք, իսկ դու մենակ։ Իսկ դու մենակ ես միշտ, հատկապես, երբ քո տեղն են որոշել, երբ քեզ են որոշել։
Գիտես` ինչ կա, հավաքի՛ր փալաս-փուլուսն ու սրբի՛ր փոշիները, քանի դեռ ուրիշը ծաղիկներ չի նկարել ու նետել համացանց։ Ու ես հիմա խճճվել եմ. մենք ապրում ենք էս կյանքը, թե ուղղակի ծնվում, որ դանդաղ մեռնենք։
Արի ապրել մեռնելու մեջ ապրելն ընտրենք ու հասկանանք, որ դա էլ չփրկեց

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *