Նուշիկ Միքայելյան | Արի քեզ հեքիաթներ պատմեմ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ես շա՜տ -շատ վաղուց,
Իմ ու քո թվարկությունից առաջ,
Մոռացել եմ ազատության մասին՝
Թե ինչպես է գրվում,
Թե քանի վանկ, քանի հանգ ունի…
Ես մոռացել եմ զարթնել իմ մեջ…
Ու ամեն քնից հետո, ամեն արթնացման հետ
Զարթնել եմ քո, նրա, հեռավորի ու մոտավորի մեջ,
Եվ կորցրել եմ օրս
Ուրիշների անհյուրընկալ ծոցում,
Ուրիշների բոցում
Իմ լուցկին փնտրելով։

Ամեն արթնացման հետ
Վարագույր եմ փռել առագաստիս վրա
Ու վերմակ եմ փռել մարմնիս վրա
Եվ իմ կյանքն եմ ծռել կյանքիս վրա…

Ամեն արթնացման հետ
Ուրացել եմ ծովս
Եվ փակել եմ կոպս
Ու քո , նրա, մյուսի և էն՝ մեկ ուրիշի երգն եմ անգիր արել
Եվ բոլոր -բոլորի
Վերքն եմ մաշկիս կարել
Ու մեծ -մեծ աչքերով՝
Մանր ու օտար,
Սին ու տկար
Պատկերներ նկարել
Միակ, ճերմակ, մաքուր,
Անտառների բույրով
Թղթիս վրա։

Ամեն արթնացման հետ
Ես ջազ եմ ունկնդրել՝
Բախիս նոտաներով
Թղթե նավաստիներ,
Թղթե նավեր պատրաստելով,
Թղթե՛ ծովիս վրա
Փրկվելու և փրկելու հույսով…

Եվ ոչ մեկի, և ոչ մյուսի, ոչ էլ էն ուրիշի զույգը չգտնելով,
Թղթե տապանիս մեջ,
Ազատորեն՝
Վերին հրահանգին չենթարկվելով,
Բոլոր- բոլորին եմ պատսպարել,
Որ շարունակվի սո՜ւտը…
Որ այս անգիր արած պատմությունը ապրի՛,
Որ կյանք կոչվի ինձ, քեզ, նրան բաժին ընկած կուտը,
Որ միասին,
Չհեղեղված ջրհեղեղի մասին հեքիաթ գրենք,
Չնորոգված մարդու մասին՝
Դամբանական…

Ամեն արթնացման հետ
Ես քնում եմ՝
Օդում,
Իմ աջ ցուցամատի ծայրով
Փորձելով վերհիշել,
Թե ինչպե՛ս է գրվում
Ազատություն բառը՝
Թե քանի վանկ
Եվ քանի հանգ ունի…
…Ու զգում եմ
Թե ինչպես է ինչ -որ մեկը
Մատս բռնում։


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Միլիոնավոր անշարժ ծառերից մեկը քայլեց…
Եվ դա ոչ թե հրաշք համարեց անտառը,
Այլ ՝ վտանգավոր հիվանդություն…

Այդ օրվանից՝
Կացնի արժեքը կտրուկ բարձրացավ,
Իսկ անտառի վրա հաստատվեց
Անտառահատի իշխանությունը։


ԴՈՒ ԶՈՐԵՂ ՉԵՍ

Դու զորեղ չե՛ս,
Ինչպես ասել են քեզ,
Կամ համոզել հաճախ
Կյանքը ձեռքից- ձեռք
Փոխանցող հարազատներդ…

Դու չես կարող ծամել ցավը
Եվ չես կարող կուլ տալ տառապանքը սիրո
Կամ չես կարող մնալ լրիվ մենակ՝
Առանց ձեռքդ -ձեռքին հպելու,
Առանց ճաշելու այն միակի հետ,
Որի շնչառությունը
Կօգնի քեզ հայհոյել,
Բարկանալ՝ փող չունենալուդ համար,
Երազել օդանավ նստել,
Պառկել ծովեզրին,
Ոտքերով ընդունել ալիքներ,
Եվ փակել աչքերդ ափերով՝
Արևի վառող խաղից դադա՛ր առնելու համար,
Կամ, սառույցով պեպսին բաժակիդ մեջ՝
Մխիթարել տաքդ՝ պաղով,
Մաշկդ ավազին փռած…

Դու զորեղ չես…
Հետևաբար, դու հագնում ես
զորավարի շորեր,
Պատառոտված ջինս,
Կոճակներն արձակած վերնաշապիկ,
Անուշահոտ փչում վզիդ և երեսիդ
Ու կապում ես երևակայական ձիդ
բազմոցիդ,
Որ միասին թռչեք
Այն փոսի վրայով՝
Որտեղ չե՛ն հայտնվում,
Որտեղ՝
Կիտրոնի ծառի սերմի նման
Թաղվո՛ւմ են,
Վառ դեղին կիտրոնաբույրը չճանաչած՝
Հույսով,
Որ հողից բան չի՛ պակասի
Քո չափերով փորված փոսով,
Հույսով,
Որ աշխարհը կշնչի անմահական բույրը կիտրոնի ծառի,
Որի դեղինը՝
Օվալ-արև,
Քեզ կհուշի,
Որ մեռնում են միայն նրանք,
Որոնք գույն չունե’ն,
Որ մեռնում են միայն այնժամ,
Երբ դադարում են հիշել
Պատանեկան հիմարությունների մասին՝ ժպիտով…

 

Դու զորեղ չես…

Ու ես քեզ մեջքից գրկել չեմ կարող…
Ինձ իմ թևերն են պետք ապրելու համար,
Քեզ՝ քո մեջքը…

Ու բոլորով, շատով, ամենքով,
Մենք ծովեզրին պառկած՝
Կփակենք մեր աչքերը ափերով խոշոր,
Որ արևը վառ
Մեզ չթվա՛ օվալաձև կիտրոն,
Դեղին այնքան,
Եվ կյա՛նք բուրող այնքան,
Որի տակ պառկած՝
Մենք բոլորս ուրանանք կյանքը
Մեկ համբույրով…

Որ բոլորս՝
Զորավարի հագուստով,
Ջինսով,
Կոճակներն արձակած վերնաշապիկով,
Ծալած ծնկներն իրար վրա սեղմած՝
Լաց չլինենք
Մեկս մյուսից թաքուն,
Մեկս մյուսի նման,
Մեկս մյուսի համար,
Առա՛նց մեկս՝ մյուսի…
Մենակ,
Մենակ,
Մենա’կ այդքան…

 

ԱՐԻ ՔԵԶ ՀԵՔԻԱԹՆԵՐ ՊԱՏՄԵՄ

Եվ քանի որ երբեք, երբեք չի գալու այն օրը,
Երբ ատոմային ռումբը
Երկրագնդի ողջ մակերեսին
Շոկոլադներ ցրի երեխաներին,

Եվ քանի որ երբե՛ք, երբե՛ք չի լինելու այնպես,
Որ երբ ոտքդ սեղմես հողին՝
Ականի փոխարեն մի հսկա կարմիր կակաչ
Գրկախառնվի քեզ մտերմի պես,

Եվ քանի որ երբեք, երբե՛ք չենք տեսնելու
Անօդաչու թռչող սարքեր,
Որոնք դեմքդ կողողեն համբույրներով,

Ուրեմն,
Արի քեզ հեքիաթներ պատմեմ
Շոկոլադների,
Կարմիր կակաչների
Եվ համբույրների մասին,
Որ խինդդ չխամրի՜,
Եվ չմեռնի՛ հոգիդ
Ու միասին՝ կյանքի բոլո՛ր ճանապարհներն ու սահմաններն անցնենք՝
Սիրո մահազերծող թիկնոցի տակ պահած
Ապրելու ի՛ղձը մեր,
Որին,
հարվածող ո՛չ մի սարք
Դեռ չի՛ սպանել։

 

ԾԱՌԻ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ պարզեցի ես
Որ ծառի միայնությունը
Փայտփորիկի կտցահարումից
Բազմապատկվում է…

Վայրկյանում՝ քսան հարված ծառաբնին…

Ծառը հնար չունի հեռանալու,
Իսկ անտառի համար,
Կատարվածն ընդամենը
Բնություն է…

 

ԻՐԱՐ ԱՆԾԱՆՈԹ, ԻՐԱՐ ՀԱՐԱԶԱՏ

Գուցե դու նրան չե՛ս ճանաչի,
Գուցե դու նրան չե՛ս իմանա,
Բայց գնդի վրա այս կապտականաչ,
Ինչ-որ մի կետում,
Ինչ-որ երկնի տակ
Կլինի մեկը՝
(Եվ դու անպայման կզգաս դա հստակ),
Որի ձեռքերը կսառչեն այնպես, ինչպես ձեռքերդ,
Որի աչքերը չեն հոգնի երբեք քեզ որոնելուց,
Որի տագնապը կտասնապատկվի՛ տագնապներով քո,
Որի ծիծաղից՝ սիրտդ կճչա՛…

Գուցե դու նրան չես տեսնի բնավ…
Գուցե դու նրան կսպասես անվե՛րջ…
Բայց երկրի վրա այս կապտականաչ,
Ինչ-որ մի կետում,
Ինչ-որ ամպի տակ,
Մեկը կլինի՛,
Որ երազներիդ գերագույն ժամին
Աննկատ մատով՝ հեռվից կանջատի՛ զարթուցիչը քո,
Եվ կոպերը իր չեն փակվի երբեք՝
Մինչև արթնանաս…

Գուցե անունն իր դու չե՛ս իմանա,
Գուցե անունդ չի՛ իմանա նա…
Բայց եզերքներում այս կապտականաչ՝
Քեզ կընկերանա՛,
Առա՛նց հանդիպման՝ կճանաչի՛ քեզ,
Առա՛նց բաժանման՝ քեզ կկարոտի՛…

Եվ դուք՝ ինչ-որ տեղ,
Ինչ-որ ժամանակ,
Նո՛ւյն ճամփաներով կքայլեք երկար,
Նո՛ւյն ծիածանը ձեզ կկամարի,
Առանց մեկմեկու՝ կլինեք տկա՛ր,
Նույն հոգնությունը ձեզ կարհամարհի,
Եվ չե՛ք վախենա դուք մահից բնավ,
Եվ չե՛ք դժգոհի չսպասված բախտից…

Կսրբե՛ք ձեր զույգ աչքերը խոնավ,
Կապրեք միասին՝ իրարից անջա՛տ,
Իրարից հեռու՝ իրարու ծարա՛վ,
Իրար անծանո՛թ,
Իրար հարազա՛տ…

 

ՍՊԱՍՈՒՄ

Բազմապատկման աղյուսակը
Փլուզվում է
Ամեն սպասման հետ…
Եվ օրերն ու ամիսները
Դադարում են ենթարկվել որևէ տոմարի…

Սպասման իմ ժամանակը
Թվե շապիկը հանած՝
Ամբողջովին մերկ,
Կանգնում է քեզ հանդիպելու ամենահավանական կետում
Եվ տիեզերական հաշվապահի ճշգրտությամբ
Կարոտին՝ կարոտ գումարում…

Ձմեռն ուր որ է՝
Քեզ իր մոտ կպահի
Ջերմանալու համար…

Իսկ ես որպես ճակատագի՛ր կընդունեմ
Իմ՝ ամառ չունենալու
Քո վճիռը…

 

ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍ ԱՅԼ Է

Ոստրեի համար աշխարհն այս այլ է՝
Թափանցիկ արյան հիշողության մեջ
Ծովախորշերի անգույն պատկերներ,
Լույսի ու մթի ընկալման համար
Աներևելի՛ մի տեսողություն,
Զգացողություն և…
Մարգարիտնե՛ր…

Ծառերի համար աշխարհն այս ա՛յլ է՝
Շարժումն անհնա՛ր միավոր կյանքի,
Ցավը՝ արձակված անլսելի ճիչ,
Հողի մեջ խրված նյարդերի քարտեզ
Զգացողություն և…
Պարտե՜զ, պարտե՛զ…

Ջրերի համար աշխարհն այս ա՛յլ է՝
Հավերժի գաղտնիքն իր մեջ պահպանող
Փոխակերպություն,
Ամե՛ն ձևի մեջ ապրող էություն,
Զգացողություն և…
Տեղատարա՛փ…

Աչքերիս համար աշխարհն այս ա՛յլ է՝
Պատասխանի մեջ հարցի որոնում,
Որոնման մեջ՝ ցավ,
Բանականություն,
Ոչ միայն հացիվ ոգեղենություն,
Ինքնագիտակից զգացողություն և…
Ձգտո՜ւմ, ձգտո՜ւմ…

Բոլորի համար
Եվ ամե՛ն մեկի՝
Ա՛շխարհն այս ա՛յլ է…
Այլ եմ նաև ե՛ս՝
Մերթ ոստրեի մեջ,
Մերթ պարտեզների,
Մերթ՝ ջրերի մեջ,
Մերթ՝ իմ բբերի…

Թերի՛
Անթերի…
Անթերի՛
Թերի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *