Արման Գասպարյան | Թռիչք

2023 թվականի նոյեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը չորսն անց երեսունվեց րոպեին ու տասներկու վարկյանին, «Սթոյեր» հաշվապահական ընկերության աշխատակից 57-ամյա Ջեֆրի Դինն արթնացավ սարսափելի ցավերից։

Ուղեղն անմիջապես հրաման ուղարկեց կրծքավանդակի մկաններին, որ խեղճն ամբողջ ուժով աղիողորմ գոռա, օգնություն կանչի, բայց մինչ մկանների կծկվելը, թոքերում հավաքված օդը արագությամբ դուրս մղվեց` պատառոտելով շնչափողն էլ, ձայնալարերն էլ։ Դինը փորձեց շնչել, բայց զգաց միայն, թե ինչպես են թուքն ու արյունը եռում բերանում։ Աչքերը բացեց, ու լույսն ակնթարթորեն վառեց ցանցաթաղանթը։ Կուրացած ու խլացած, գրեթե ոչ մի սենսորային ինֆորմացիա չստացող, ցավային անդադար իմպուլսների մեջ եփվող ուղեղն անկանոն հրամաններ ուղարկեց բոլոր մկաններին, սակայն Դինի այտուցված վերջույթները չենթարկվեցին։ Միզապարկն ու ուղիղ աղիքը դատարկվեցին նույն պատառոտող ցավով, իսկ հոգեվարքի մեջ գտնվող ուղեղում առկայծեց միակ միտքը. «Մեգգի»։

Երեք վայրկյան անց Դինը կորցրեց գիտակցությունը, մոտ մեկ րոպեից էլ մեռավ նախկին հաշվապահի ուղեղը։ Իսկ 350 տարի անց 57-ամյա Ջեֆրի Դինի մարմինը Երկիր մոլորակից 23 մլրդ 567 մլն 98 հազար 654 կմ հեռավորության վրա հայտնաբերեց «Մացուշիտա» տիեզերանավը։

***

Քանի դեռ «Մացուշիտայի» արտաքին մանիպուլյատորը փորձում էր որսալ դատարկության մեջ լողացող փքված մարմինը, հրամանատարական սենյակում իրարանցում էր: Մոտ հարյուր քառակուսի մետրում, միմյանց չնկատելով, հրելով ու հայհոյելով, այս ու այն կողմ էին շտապում անձնակազմի անդամները՝ հայացքները թաղած ձեռքերի պլանշետներում, յուրաքանչյուրի դեմքին` խորը մտահոգություն, իսկ մտքում՝ առաքելությունը հնարավորինս շուտ ավարտելու ու Երկիր վերադառնալու ցանկություն: Շրջանաձև սենյակի պատերը ծածկված էին դիսփլեյներով, դրանց մոտ հավաքվածները հետևում էին մանիպուլյատորի գործողություններին:

– Գրողը տանի, հագին ի՞նչ է,- հարցրեց ավագ մեխանիկ Սեմ Մարտինեզը: Որևիցե մեկին չհասցեագրված հարցը կախվեց օդում։

– Դժվար է ասել, բայց, հավանաբար, գիշերանոց,- շշնջաց Լեյան` ուշադիր զննելով իր կոշիկները, ապա մոտեցավ դիսփլեյին,- ճաղատությունից դատելով՝ տղամարդ է: Ու եթե ինչ-որ էքստրավագանտ տիպ չի եղել, որը կարող էր փողոց դուրս գալ կապույտ փղիկներով սպիտակ գիշերանոցով, ապա, հավանաբար, սա մեր հայտնաբերած ամենադաժան թռիչքի օրինակն է:

– Երևի գիշերը, քնած ժամանակ,- եզրակացրեց Սեմը,- ավելի սարսափելի մահ անհնար է պատկերացնել:

– Սամուս, թռիչքը ցանկացած դեպքում նշանակում է սարսափելի մահ,- Լեյան խուսափեց մեխանիկի ուղիղ հայացքից` շտապելով հեռանալ ու քթի տակ փնթփնթալով,- նախորդ քսանհինգից ո՞րի մահն էր քեզ համար պակաս սարսափելի:

Սեմը կտրվեց դիսփլեյից ու հետևեց Լեյային.

– Բոլորն էլ ոռի են, Լեյ, բայց եթե մեկն ինձ հանձնարարեր կառուցել թռիչքների դիագրամ ըստ ոռիության աստիճանի, սա հաստատ չեմպիոն կլիներ:

***

– Լեյա Դելանի, միջուկային ֆիզիկոս, Փրինսթոն,- ներկայացավ Լեյան ու նստեց: Աուտիստիկ սպեկտրի թեթև խանգարման պատճառով Լեյան իրեն խիստ անհարմար էր զգում մարդկանցով լցված տարածքներում, իսկ հիմա սոցիալական հաղորդակցություն էին պահանջում ոչ միայն «Մացուշիտայի» վեց հրամանատարները, տեղավորված սեղանի շուրջը, այլև հսկայական էկրանից նայող բեղերով գլուխը:

– Շատ լավ, տիկին Դելանի,- սկսեց խոսել գլուխը, բայց Լեյան ընդհատեց:

– Դոկտոր:

– Կներե՞ք,- հարցրեց գլուխը:

– Դոկտոր Դելանի, պարոն գնդապետ,- միապաղաղ տոնով հավելեց Լեյան:

– Դոկտոր Դելանի,- փոքր ընդմիջումից հետո գնդապետը շարունակեց,- սա ձեր առաջին որոնողական առաքելությունն է:

– Այո,- համաձայնվեց Լեյան՝ հսկա մոխրագույն աչքերի ճնշումից կուչ գալով:

– Շատ լավ: Հայցում նշված էր, որ ձեր մասնակցությունն անհրաժեշտ է ինչ-ինչ տեսական մոդելներ ստուգելու համար, ճի՞շտ է:

– Ճիշտ է,- Լեյան աշխատում էր չնայել էկրանին՝ հայացքը կենտրոնացնելով սեղանին իր առջև դրված պլանշետին,- ու արդեն ունենք նախնական արդյունքներ:

– Մենք անպայման կլսենք ձեր եզրակացությունները հրամանատարի զեկույցից հետո,- գնդապետը հայացքն ուղղեց սեղանի մյուս կողմում նստած երիտասարդին` թույլ տալով Լեյային հանգիստ շունչ քաշել:

«Մացուշիտայի» հրամանատար Օտտո Սթիգլերը ոտքի կանգնեց, գնդապետը ձեռքով նշան արեց, որ նստի: Սթիգլերը նստեց, ապա սկսեց քթի տակ, դանդաղ ու առանց էնտուզիազմի կարդալ զեկույցը: Ընդամենը 33 տարեկան, նա առաջին անգամ էր ղեկավարում 200-օրյա առաքելությունն ու տիեզերանավի հրամանատարական սենյակ էր տեղափոխվել անմիջապես օդատիեզերական ուսումնարանից:

Սթիգլերը պատմեց, թե ինչպես է «Մացուշիտայի» թիմը կարողացել հսկա տիեզերական դեզում գտնել միկրոսկոպիկ ասեղ՝ ազատ դրեյֆի մեջ գտնվող մարդկային մարմնի տեսքով: Նավի օպտիկական, ինֆրակարմիր ու ռադիոդետեկտորները սկզբում ֆիքսել են մարմինը՝ հիմնվելով մոտ երեք հարյուր փոքր ու միջին տիեզերական սարքերի ստացած 15-ամյա տվյալների վրա. դրանք շարունակում են անդադար փորփրել Արեգակնային համակարգի բոլոր անկյունները: Ռադիոալիքներ որսացող ռադարների միջոցով հնարավոր է դարձել մոտավորապես նույնականացնել օբյեկտը, իսկ լազերային համակարգերը ճշգրտել են հեռավորությունն ու արագությունը: Լազերային ալտիմետրը չափել է օբյեկտի պարամետրերը, տեսախցիկներն ու սպեկտրոմետրերը նկարել են այն՝ թույլ տալով մասնագետների վերլուծել ստացված պատկերները: Օբյեկտի չափերի, ձևի, սպեկտրալ կազմի ու արտացոլման հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը թույլ է տվել վստահաբար ասել, որ խոսքը 26-րդի մասին է:

Լեյայի մոտ սրտխառնոց էր առաջացնում Սթիգլերի տերմինաբանությունը. «երկնային մարմին», «օբյեկտ», «թիրախ»։ Դժվար էր ասել՝ ինչ են սովորեցնում նորակոչիկներին ուսումնարանում, բայց մարդկային կյանքի, մահվան, մարդկային մարմնի նկատմամբ նման իներտ վերաբերմունքը չէր տեղավորվում Լեյայի պատկերացումներում: Մյուս կողմից՝ Լեյան շատ լավ հասկանում էր, որ արդեն գրեթե մեկ հարյուրամյակ շարունակվող որոնողական առաքելությունները թրծել են մարդկանց, ստիպել են հաշտվել իրականության հետ, նայել ամեն ինչին չոր գիտական կամ էլ ավելի սառը ռազմական տեսանկյունից:

– Օբյեկտը «Մացուշիտա» է տեղափոխվել Գրինվիչի ժամանակով ժամը 17.03-ին: Երեք օր հետո ստացվել է պաթոլոգոանատոմների նախնական եզրակացությունը: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մահը վրա է հասել…,- Սթիգլերը փորձում էր ճանապարհ հարթել բարդ կենսաբանական ու անատոմիական տերմինների մացառուտներով, իսկ Լեյան էլ ավելի էր սուզվում ինքն իր մեջ: «Մաշտաբային այտուց» նշանակում է, որ արտաքին ճնշման բացակայության պայմաններում մարդու ներքին հեղիկները սկսել են արագությամբ ընդլայնվել: «Մաշկային շերտի խորը այրվածքներ». Երկրի մթնոլորտը պաշտպանում է Արեգակի ուղիղ ճառագայթներից, բայց վակուումում, չնայած ինքը՝ վակուումը, վատ ջերմահաղորդիչ է, գամմա ճառայաթները բզկտում են փխրուն ու անպաշտպան մաշկը: «Ներքին օրգանների պոլիվնասվածքներ», «ծանր հիպոքսիա, որից էլ, հավանաբար, առաջացել է կենսաբանական մահը»… Տիեզերքը բառի բուն իմաստով պատառ-պատառ է արել խեղճին: «Ուժեղ արյունահոսություն աջ սրունքից»… Լեյան զգաց, թե ինչպես է սառնության զգացումը սողում մեջքով։

– Այս անգամ անձի նույնականացման հարցում մեր բախտը բերել է,- շարունակեց Սթիգլերը, իսկ Լեյան ուրախացավ, որ հրամանատարը վերջապես «օբյեկտը» փոխարինեց «անձով». էլի առաջընթաց է,- ԴՆԹ անալիզը ու մեր բազաների հետ դրա համեմատությունը թույլ տվեց պարզել, որ զոհվածը Ջեֆրի Դինն է, ով անհետացել է 2023 թվականի նոյեմբերի 8-ի գիշերը: Տվյալները բավականին հին են, բայց ըստ այն ժամանակների լրատվական հրապարակումների, Դինի կինը՝ Մեգգի Դինը, առավոտյան անկողնում հայտնաբերել է ամուսնու աջ ոտնաթաթը, որն էլ ԴՆԹ թեստի են ենթարկել՝ համոզվելու համար, որ… հմմմ… մարմնի մասն իրոք պատկանում է Դինին: Հետո խեղճ կնոջը երկար ժամանակ քաշքշել են, սակայն դին ու հանցագործության գործիքը չգտնելու հիմքով գործը կարճել: Երևի այսքանը,- Սթիգլերը պլանշետը դրեց սեղանին ու թեթևացած շունչ քաշեց:

– Դոկտոր Դելանի, մենք պատրաստ ենք լսել ձեզ,- գնդապետը կրկին հայացքը հառեց Լեյային, վերջինս սեղմվեց աթոռի մեջ, փոքրացավ: Բայց փախուստի ճանապարհ այլևս չկար, անհրաժեշտ էր խոսել: Լեյան մի քանի անգամ խորը շնչեց ու արտաշնչեց՝ փորձելով վանել վրա հասնող տագնապի նախանշաններն ու պատկերացնելով, որ սենյակում լրիվ մենակ է ու սովորականի նման խոսելու է ինքն իր հետ: Կրկին հայացքը չկտրելով սեղանից՝ Լեյան ասաց.

– Իմ նկարագրությունը գիտական հոդվածի տեսքով արդեն իսկ Փրինսթոնի տվյալների բազայում է, սպասում է ռեցենզավորման: Այստեղ ես կփորձեմ հնարավորինս խուսափել խիստ տեխնիկական մանրամասներից:

– Շատ շնորհակալ կլինեմ,- քմծիծաղով նշեց գնդապետը: Լեյան անտեսեց հարձակումն ու շարունակեց.

– Ի՞նչ գիտենք մենք թռիչքների մասին: Գրեթե ոչինչ։ Արձանագրել ենք փաստը։ Մոտ հարյուր տարի առաջ Մարսի ուղեծրին հայտնաբերվեց բարուրված նորածնի մարմին, ու այդ օրվանից մենք անդադար որոնումների մեջ ենք: Աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ անհետ կորում են, նրանց մի մասին այդպես էլ չեն գտնում, ու կարող ենք վստահաբար պնդել` որոշները թռիչքի զոհ են դառնում: Բայց ի՞նչ է թռիչքը: Ի՞նչ մեխանիզմներ են կանգնած այդ երևույթի հետևում: Ու, ամենակարևորը, ի՞նչ կարող է այն պատմել Տիեզերքի ու դրանում մեր տեղի մասին։

Հարյուր տարում առաջարկվել են տասնյակ հազարավոր վարկածներ, որոնք այս կամ այն կերպ փորձում են բացատրել թռիչքները։ Սկսած միստիկ, կրոնական, գերբնական նկարագրություններից ու այլմոլորակայինների գիտափորձերից մինչև Բնության՝ առայժմ մեզ անհայտ օրենքների դրսևորում,- Լեյան միացրեց պլանշետն ու ցուցամատի կտրուկ շարժումով հոլոգրաֆիկ պատկերը տեղափոխեց սեղանի կենտրոն. օդում լողացող մաթեմատիկական ֆունկցիայի սկիզբն ու վերջը գրեթե հպվում էին հորիզոնական առանցքին, իսկ կենտրոնում այն փքված էր` փիղ կուլ տված օձի նման:- Սա նորմալ կամ Գաուսյան բաշխում է, իրական արժեքով պատահական մեծությունների հավանականության բաշխման տեսակ: Այսպիսին է սովորական քվանտային հարմոնիկ օսցիլյատորի հիմնային վիճակի հավանականությունների բաշխումը, սակայն լայն իմաստով բաշխումները շատ, շատ ավելի բարդ են: Քանի որ խոստացել եմ չխորանալ տեխնիկական մանրամասների մեջ, կարծում եմ, զուտ որակական բացատրության համար այս պատկերը լրիվ բավարար է:

– Դոկտոր Դելանի, հուսանք մենք հիմա քվանտային մեխանիկայի դաս չենք լսելու,- ընդհատեց գնդապետը: Ներկաները սկսեցին տեղերում անհանգիստ շարժումներ անել՝ ի ցույց դնելով իրենց ձանձրույթը: Լեյան աչքի տակով նայեց նրանց, ապա անմարդկային ջանքեր գործադրելով՝ ուղիղ գնդապետի աչքերին.

– Կփորձեմ բացատրել հնարավորինս հասկանալի լեզվով: Եթե թույլ տաք,- ապա ուշադրություն չդարձնելով դժգոհ մռթմռթոցներին՝ աչքերն ուղղեց փրկության օղակ պլանշետին,- քվանտային մեխանիկայում մասնիկների ֆիզիկական մեծությունները, օրինակ՝ կոորդինատները, կամ արագությունները, մինչև դիտարկումը չունեն կոնկրետ արժեքներ: Կոպիտ ասած, քանի դեռ չի դիտարկվել, քվանտային մասնիկը չի գտնվում որևիցե կոնկրետ տեղում, կամ չունի որևիցե կոնկրետ արագություն: Կարելի է ասել, որ մասնիկը «լղոզված» է մեծության արժեքների ամբողջ տարածությունում: Եթե խոսքը, օրինակ, էլեկտրոնի կոորդինատների մասին է, ապա մինչև դիտարկումը էլեկտրոնը «լղոզված» է ամբողջ Տիեզերքով մեկ,- Լեյան հոգոց հանեց,- իմ դասախոսները միաձայն կպնդեին, որ պետք չէ վերոնշյալը բառացի հասկանալ: Օրթոդոքսալ պատկերացմամբ` «լղոզված» է ոչ թե էլեկտրոնը, այլ մեր՝ գիտնականների սպասելիքները, թե ինչ արդյունք կստանանք էլեկտրոնի կոորդինատները չափելիս: Օրինակ, ես սպասում եմ, որ կոորդինատները չափելիս այսինչ հավանականությամբ կգտնեմ էլեկտրոնը տարածության A հատվածում, մեկ այլ հավանականությամբ՝ B հատվածում և այլն: Այդ բոլոր հավանականությունները նկարագրվում են մաթեմատիկական գործիքով, որը կոչվում է էլեկտրոնի ալիքային ֆունկցիա: Այսինքն, «լղոզված» է ոչ թե էլեկտրոնը, այլ էլեկտրոնի ալիքային ֆունկցիան, ավելի ճիշտ` իմ սպասումները՝ կապված գիտափորձի ընթացքում էլեկտրոնը հայտնաբերելու հետ:

– Դոկտոր, թույլ կտա՞ք,- միջամտեց Սթիգլերը:

– Լսում եմ,- դժկամությամբ պատասխանեց Լեյան՝ անգամ չնայելով հրամանատարին:

– Ես քվանտային մեխանիկայի գիտակ չեմ, բայց անգամ ես եմ տեղյակ, որ թռիչքների հետ կապված հազարավոր տեսություններ կան՝ հենց քվանտային մեխանիկայի առանձնահատկությունները հաշվի առնելով: Քվանտային տելեպորտացիա, աշխարհների կիսում, երբ զոհերը ինչ-որ տատանումների պատճառով սկզբում հայտնվում են իրականության մի ճյուղում, ապա՝ հետ նետվում մեր իրականություն, բայց ոչ այնտեղ, ուր պետք է: Բնությունը չի կարողանում լավ նշան բռնել,- հավաքվածները ծիծաղեցին: Լեյլան կուչ եկավ.

– Իմ տեսությունը, կամ, ավելի ճիշտ, հիպոթեզը, քվանտային մեխանիկայում որևիցե նոր բան չի ավելացնում: Սակայն մինչև դրան հասնելը խնդրում եմ ուշադիր լսել: Լեյան խորը շունչ քաշեց ու շարունակեց:- Ես համոզված եմ, որ հենց քվանտային մեխանիկան է ապահովում թռիչքների լավագույն բացատրությունը, սակայն անհրաժեշտ է եղել մշակել նաև լրիվ նոր ինտերպրետացիա, որն առանց հակասությունների նկարագրում է այդ մեխանիզմը: Ավանդական Կոպենհագենյան ինտերպրետացիան պիտանի չէր, որովհետև այն հստակ տարանջատում էր միկրոսկոպիկ, քվանտային օբյեկտները մակրոսկոպիկներից. վերջինները սկզբունքորեն չեն կարող քվանտային վարքագիծ դրսևորել: Նույնը վերաբերում է մնացած ինտերպրետացիաներին: Բացի մեկից: Փուլային օբյեկտիվ հարաբերական կոլապսի ինտերպրետացիան հրաշալի բացատրում է այն, ինչին մենք ականատես ենք:

Լեյան նայեց սեղանի կենտրոնում նյութականացված պատկերին.

– Ենթադրենք, այս նորմալ բաշխումը նկարագրում է էլեկտրոնի կոորդինատները միաչափ տարածությունում,- Լեյան հպվեց պլանշետի դիսփլեին, հորիզոնական առանցքը կապույտից դարձավ կարմիր,- սա աբսցիսի առանցքն է, որով սահմանված են էլեկտրոնի կոորդինատները՝ սկսած զրոյական կետից մինչև 50 նիշը,- նա կրկին հպվեց պլանշետին ու կարմրեց ուղղահայաց առանցքը,- սա էլ օրդինատ առանցքն է, որով սահմանված է ալիքային ֆունկցիայի ամպլիտուդը: Այդ ամպիլտուդի բացարձակ արժեքի մոդուլի քառակուսին սահմանում է, թե որտեղ ինչ հավանականությամբ կգտնեմ էլեկտրոնը:

– Կարճ ասած՝ որքան տռզած է ֆունկցիայի հատվածը, այնքան մեծ է հենց այդ հատվածում էլեկտրոնը գտնելու հավանականությունը,- միջամտեց Սթիգլերը։

– Այո,- համաձայնվեց Լեյան՝ շարունակելով,- կարող ենք պատկերացնել, որ սա մինչև դիտարկումը միաչափ տարածությունով մեկ «լղոզված» էլեկտրոնն է: Այն գտնվում է բոլոր հնարավոր կոորդինատների սուպերպոզիցիայում: Սակայն դիտարկումից հետո,- Լեյան հպվեց դիսփլեին ու սապատավոր ֆունկցիան վերածվեց ուղղահայաց գծի,- էլեկտրոնը հայտնաբերվում է ոչ թե ամբողջ տարածությունում, այլ տարածության որևիցե փոքր հատվածում՝ կախված դիտարկման սարքից: Իդեալական դեպքում Գաուսյան ֆունկցիան դիտարկումից հետո վերածվում է դելտա ֆունկցիայի՝ էլեկտրոնի կոորդինատների ամբողջ արժեքը կենտրոնանում է մեկ կետում,- Լեյան խաղաց պլանշետի դիսփլեի հետ ու ուղղահայաց գիծը լայնացավ, տարածվեց, փքվեց՝ վերադառնալով նախկին տեսքին,- իսկ դիտարկումից հետո այն կրկին «լղոզվում է»։ Մենք բոլորս բաղկացած ենք քվանտային մասնիկներից, որոնք ենթարկվում են նույն օրենքներին, ինչ սովորական էլեկտրոնը:

– Ու ի՞նչ ենք դրանից եզրակացնում: Որ քսանվեց դժբախտների ալիքային ֆունկցիան վերածվել է դելտա ֆունկցիայի Երկրից միլիարդավոր կիլոմետրեր հեռավորության վրա՞, – կրկին միջամտեց Սթիգլերը,- ես դեռ նոր բան չեմ տեսնում: Դրա մասին նույնպես բազմիցս խոսվել է:

– Փուլային օբյեկտիվ հարաբերական կոլապսի ինտերպրետացիայից բացի ոչ մի այլ ինտերպրետացիա ամբողջապես չի կարողանում դա բացատրել,- Լեյան զգաց, ինչպես է եռում զայրույթից, բայց փորձեց ինքն իրեն հանգստացնել:- Իմ հիպոթեզն այս ամենի մասին չի, բայց դրան հասնելու համար պետք է անցնենք արդեն ծանոթ քվանտային ուղիներով: Եթե թույլ կտաք:

Սթիգլերը դժկամությամբ համաձայնության նշան արեց: Լեյան շարունակեց:

– Փուլային օբյեկտիվ հարաբերական կոլապսի ինտերպրետացիային (Լեյան առանձին շեշտեց ամեն բառը) պետք չեն բանական դիտորդներ, կամ դիտարկման սարքեր՝ քվանտային մասնիկի ալիքային ֆունկցիան այս տեսքից,- Լեյան ցույց տվեց Գուսյան բաշխումը, հպվեց դիսփլեին, բաշխումը կրկին սեղմվեց՝ վերածվելով ուղղահայաց գծի,- այս տեսքի բերելու, կամ, տեխնիկական լեզվով ասած` կոլապսի ենթարկելու համար: Ընդամենը պետք է, որ քվանտային մասնիկը մեկուսացված չլինի ու փոխազդի այլ քվանտային մասնիկի հետ: Մասնիկներն իրենք են կոլապսի ենթարկում միմյանց ալիքային ֆունկցիաները: Եթե էլեկտրոնը հանդիպի մեկ այլ էլեկտրոնի, ապա «լղոզված» վիճակից կանցնի ոչ «լղոզված» վիճակի, իր ալիքային ֆունկցիան կոլապսի կենթարկվի։ Ընդ որում՝ կախված փոխազդեցության տեսակից, այդ անցումը տեղի կունենա կամ կոորդինատների, կամ իմպուլսի, կամ էլ որևիցե այլ բազիսում: Այլ կերպ ասած՝ մեկ այլ էլեկտրոնի հանդիպելու դեպքում մեր էլեկտրոնը, կախված փոխազդեցության տեսակից, կամ կդադարի «լղոզված» լինել ամբողջ տարածությունում ու կհայտնվի տարածության որևիցե կոնկրետ հատվածում, կամ կդադարի «լղոզված» լինել արագությունների ամբողջ տարածությունում՝ ձեռք բերելով որևիցե կոնկրետ, իհարկե, ոչ ճշգրիտ կոնկրետ, արագություն: Բայց երբեք ոչ երկուսը միասին,- Լեյան մի քանի անգամ հպվեց դիսփլեին՝ ցույց տալով, թե ինչպես է Գաուսյան ֆունկցիան սեղմվում ու վերածվում ուղղահայաց դելտա ֆունկցիայի՝ աբսցիսի առանցքի տարբեր կետերում, ապա կրկին լայնանում է, «լղոզվում», որպեսզի նորից վերածվի ուղղահայաց գծի, այս անգամ` մեկ այլ կետում:- Այս ինտերպրետացիայում ալիքային ֆունկցիան ոչ թե ուղղակի մաթեմատիկական գործիք է, այլ գոյություն ունեցող օբյեկտ, մասնիկը՝ փոխազդեցությունների արանքում, ու այն օբյեկտիվորեն կոլապսի է ենթարկվում։

– Ի՞նչ է նշանակում փոխազդեցությունների արանքում,- հետաքրքրվեց գնդապետը:

– Նշանակում է, որ մասնիկները միմյանց հետ փոխազդում են ոչ թե անընդհատ, այլ «թարթումներով»,- Լեյան ավելի ճշգրիտ բառ չգտավ, բայց, նայելով հավաքվածներին ու համոզվելով, որ իրեն հասկացել են, շարունակեց,- երկու էլեկտրոնի փոխազդեցության ընթացքում մասնիկները «թարթում են»՝ ժամանակի մի մասն անցկացնելով «լղոզված», մյուս մասը՝ կոլապսի ենթարկված, կոնկրետ արժեքների վիճակում: Այն, թե «լղոզվելուց» հետո ինչ արժեք կստանա կոլապսի ենթարկված մասնիկի տվյալ մեծությունը, կախված է ալիքային ֆունկցիայից, որն էլ նկարագրում է «լղոզված» վիճակը: Կոնկրետ այս ֆունկցիայի դեպքում,- պատկերը շարունակում էր թարթել՝ վերածվելով Գաուսյան ֆունկցիայից դելտա ֆունկցիայի ու հակառակը,- դելտա ֆունկցիաներն առաջանալու են այնտեղ, որտեղ Գուսյան ֆունկցիան առավել ուռուցիկ է, այսինքն՝ այնտեղ, որտեղ դելտա ֆունկցիայի առաջանալու հավանականությունն առավել մեծ է:

– Շատ լավ, մենք հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի դա թռիչքների հետ,- հարցրեց գնդապետը:

– Ամենաուղիղ: Ինչպես նշեցի, Տիեզերքում ամեն ինչ բաղկացած է քվանտային մասնիկներից՝ ես, դուք, այս տիեզերանավը, ամեն ինչ: Մեր մասնիկներն անդադար փոխազդում են միմյանց հետ, անդադար փոխազդում են շրջակա միջավայրի մասնիկների հետ՝ անթիվ քանակի տարբեր տիպի փոխազդեցություններով, որոնք ալիքային ֆունկցիայի տեսքով նկարագրելու համար ոչ մի համակարգչային հզորություն չի բավարարի: Դրանք անդադար «թարթում» են, յուրաքանչյուրն` իր ձևով. մի մասը կոլապսի է ենթարկվում կոորդինատների բազիսում, որովհետև շրջակա միջավայրի հետ փոխազդում է ինչ-որ ձևով, մյուս մասը՝ արագության բազիսում, որովհետև փոխազդում է մեկ այլ ձևով։ Այդ անթիվ-անհամար «թարթումները», որոնք տեղի են ունենում այնքան արագ, որ մարդկային գիտակցությունն անկարող է դրանք որսալ, միջինում բերում են նրան, որ մեզ թվում է, թե մենք ժամանակի մեծ մասը գտնվում ենք կոնկրետ տեղում, շարժվում ենք կոնկրետ արագությամբ: Սա պատրանք է՝ պայմանավորված մեզանից յուրաքանչյուրի ալիքային ֆունկցիայով, – Լեյան մատնացույց արեց պատկերը, – Այս ֆունկցիան կիրառելի չի անգամ սովորական էլեկտրոնի դեպքում, իսկ մենք խոսում ենք համարյա երեք տասնյակ կարգով ավելի շատ մասնիկների մասին, որոնք միմյանց հետ փոխազդում են։ Այդ փոխազդեցությունն առաջացնում է միասնական, ծայրահեղ բարդ ալիքային ֆունկցիա, որը, սակայն, ունի կարևոր առանձնահատկություն,- Լեյան հպվեց դիսփլեյին ու Գաուսյան ֆունկցիան սեղմվեց, սակայն այս անգամ ուղղահայաց գիծը մի փոքր ավելի լայն էր,- ահռելի քանակությամբ ալիքային ֆունկցիաների փոխազդեցության արդյունքում ձևավորվող միջինացված ալիքային ֆունկցիան շատ լավ լոկալիզացված է: Իր ամպլիտուդի 99.99999 տոկոսը, կարող եք ցանկացած քանակի թվանշան ավելացնել, կենտրոնացած է տարածության կոնկրետ հատվածում ու շարժվում է` ենթարկվելով սովորական դասական մեխանիկայի օրենքներին։ Այդ պատճառով, երբ մեր այս ծանրաքարշ ու բարդ ալիքային ֆունկցիան կոլապսի է ենթարկվում իր մասնիկների միջև ու շրջակա միջավայրի մասնիկների հետ փոխազդելիս, մենք ամեն անգամ հայտնվում ենք նույն տեղում:

– Ու կրկին, ոչ մի նոր բան,- թունոտ նկատեց Սթիգլերը,- դոկտոր Դելանի, միգուցե անցնեք խնդրի բուն էաությա՞նը։

– Ես մոտենում եմ, Սթիգլեր,- մռնչաց Լեյան, ապա հանգստացնելով ինքն իրեն` շարունակեց,- մեզանից յուրաքանչյուրի մասնիկների մի մասը ինչ-որ ժամանակ անցկացնում է «լղոզված» վիճակում, երբ դրանց ալիքային ֆունկցիաները տարածված են ամբողջ Տիեզերքով, ոչնչի հետ չեն փոխազդում, ու կոլապսի վիճակում, երբ դրանք փոխազդում են միմյանց ու շրջակա միջավայրի հետ։ Եթե իդեալականացնենք իրավիճակը, միջինացնենք բոլոր փոխազդեցությունները, ապա կարող ենք պնդել, որ յուրաքանչյուր մարդ ժամանակի մի մասը գտնվում է «լղոզված», մյուս մասը` նորմալ վիճակում։ Սա վերաբերում է կոորդինատներին, սակայն նույնը կարելի է ասել ցանկացած մեծության մասին։

– Ու որքա՞ն են տևում այդ, ինչպես դուք բնորոշեցիք, «թարթումները»,- հարցրեց գնդապետը։

– Ամեն ինչ կախված է փոխազդեցության տեսակից, ուժից ու մասնիկների քանակից, սակայն պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ «լղոզված» ու կոլապսի ենթարկված ցանկացած փուլ տևում է ոչ պակաս, քան մեկ Պլանկի ժամանակը, այսինքն` 10^-44 վայրկյանն ու ոչ ավելի, քան 1 ատտովայրկյանը, որը կազմում է վայրկյանի միլիարդ միլիարդերորդ մասը։ Որքան մեծ է մարմինն, այնքան արագ է այն «թարթում»։

– Բայց մենք ոչինչ չենք հիշում մեր ակնթարթային «լղոզված» վիճակների մասին,- նկատեց գնդապետը։

– Մարդկային գիտակցությունը չի կարող ընկալել նման կարճ ժամանակահատվածներ։ Օրինակ, մեկ ատտովայրկյանում լույսը կարող է հաղթահարել ընդամենը ջրածնի երեք ատոմի տրամագծի չափ հեռավորություն։ Բնական է, որ ոչ մի նեյրոնային պրոցես ուղեղում այդքան արագ տեղի չի ունենում։ Սակայն մարդկային ուղեղի կառուցվածքն այնպիսին է, որ գիտակցական ընկալումը կառուցվում է միմյանց հաջորդող կոլապսի վիճակների հիման վրա, ինչպես կինոժապավենի կադրերը։ «Լղոզված» վիճակները կադրերի արանքում են, բայց, առայժմ անհայտ պատճառներով, դրանցից «ֆիլմ» չի ստացվում։ Նորից եմ կրկնում, սա իդեալականացված պատկերն է, համաձայն որի մեր բոլոր մասնիկները «թարթում» են միաժամանակ։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։

– Շարունակեք,- գնդապետն ակնհայտորեն հետաքրքրված էր։

– Ուշադրություն դարձրեք ֆունկցիային,- Լեյան հայացքն ուղղեց սեղանի վրա պտտվող պատկերին,- դրա «պոչերը» գրեթե հպվում են աբսցիս առանցքին։ Գրեթե։ Իրականում դրանք ասիմպտոտիկ ձգտում են հպվել առանցքին, բայց ոչ մի տեղ չեն հպվում։ Ավելի պարզ ասած` ալիքային ֆունկցիայի այն չնչին հատվածը` 0.0000000…1 (Լեյան ձեռքերով օդում զրոներ նկարեց) տոկոս, որը չի մտնում այս պիկի մեջ, բաշխված է մնացած ամբողջ տարածությունով, որի ոչ մի կետում այն ճշգրիտ զրոյի չի հասնում, ֆունկցիան չի կտրվում։ Սակայն ամպլիտուդն այդտեղ այնքան փոքր է, որ կարելի էր համարել զրոյական ու հանգիստ ապրել։

– Կարելի՞ էր։

– Կարելի էր, մինչև այն պահը, երբ սեփական աչքերով տեսանք թռիչքների հետևանքները։ Մարդ արարածի նման զանգվածեղ, շատ մասնիկներից բաղկացած օբյեկտի (Լեյան սկսեց ատել ինքն իրեն այդ բառն օգտագործելու համար) ալիքային ֆունկցիան անգամ «լղոզված» վիճակում բավականին մեծ ճշգրտությամբ լոկալիզացված է։ Չմոռանանք նաև, որ մարմնի բոլոր մասնիկները միաժամանակ չեն «թարթում»։ Դրանց «թարթումները» դեսինքրոնացված են։ Մեկը «թարթում» է ավելի արագ, մյուսն՝ ավելի դանդաղ, մեկը գտնվում է «լղոզված» վիճակում, մյուսը` ոչ, և այլն։ Սակայն դրանք այնքան շատ են, որ միջինում ամբողջ այդ զանգվածը չի կազմաքանդվում, չի տրոհվում մասերի։ Այսպիսով, պարոնայք, թռիչքի համար հերթական «լղոզված» վիճակից կոլապսի վիճակի անցնելիս զոհերի ալիքային ֆունկցիան պետք է ոչ միայն ռեալիզացվեր ֆունկցիայի «պոչի» հատվածներում, այլև բոլոր մասնիկների փոխազդեցությունները, որոնք, նկատեք, պատահական են, պետք է այնպես դասավորվեին, որ մարմինը, կամ, գրեթե ամբողջ մարմինը, ինչպես խեղճ Ջեֆրի Դինի դեպքում էր, երբ միայն ոտնաթաթն էր կոլապսի ենթարկվել իր սովորական տեղում, հերթական «թարթման» արդյունքում հայտնվեր գրաֆիկի պոչում, այսինքն` բաց տիեզերքում, իր անկողնուց, իր նախկին, առավել հավանական լոկալիզացիայից միլիարդավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Յուրաքանչյուր մարդու մարմնում կա մոտ 10^28 տարրական մասնիկ։ Կարելի է պատկերացնել, որ դրանցից մեկ-երկուսը հերթական կոլապսի ժամանակ հայտնվում են, ասենք, Լուսնի մակերևույթին կամ Մարսի ուղեծրին։ Դա քիչ հավանական է, բայց պատկերացնել կարելի է։ Կարելի է անգամ պատկերացնել, որ հերթական, սինքրոն կոլապսի ժամանակ բոլոր 10^28 մասնիկները հայտնվում են ֆունկցիայի պոչի տարբեր կետերում` Տիեզերքի տարբեր հատվածներում։ Դա էլ ավելի քիչ հավանական է։ Բայց այն, որ բոլոր այդ մասնիկները կարող են հերթական կոլապսի արդյունքում հայտնվել ֆունկցիայի պոչում, միմյանց բավականին մոտ, ոչ թե ուղղակի մոտ, այլ միմյանց նկատմամբ այնպիսի հարաբերական դիրքում, որ կրկին ձևավորեն մարդկային մարմին… դա աներևակայելի է։

– Ու ի՞նչ է դա նշանակում,- հարցրեց գնդապետը։

– Դա նշանակում է, որ մենք գործ ունենք չափազանց քիչ հավանական պրոցեսների հետ։

– Քիչ հավանական բաներ պատահում են։ Օրինակ, ծանոթիս տղան կազինոյում ջեք փոթ էր շահել, հինգ միլիոն դոլար,- հավաքվածները մեկ մարդու նման ծիծաղով արձագանքեցին գնդապետի խոսքերին։

– Պարոն գնդապետ, իրադարձությունները, որոնց մասին ես խոսում եմ, անվերջ անգամներ ավելի քիչ հավանական են, քան կազինոյում հինգ միլիոն կամ հինգ տրիլիոն, կամ անգամ հինգ գուգոլ դոլար շահելը,- Լեյան անջատեց հոլոգրամը` նայելով հավաքվածներին,- եթե ես նետեմ սովորական վեցակողմ զառը, հավանականությունը, որ կընկնի իմ գուշակած թիվը, հավասար է 1/6-ի։ Երկու զառի դեպքում այդ հավանականությունները պետք է բազմապատկել` 1/6×1/6, արդյունքում, երկու զառի վրա իմ գուշակած թվերի ընկնելու հավանականությունը հավասար է 1/36-ի։ 10^28 զառ նետելու դեպքում այդ հավանականությունը հավասար կլինի 10-^10^27-ի։ Դա այնքան փոքր թիվ է, որ այն անհնար է տարբերել զրոյից, ընդ որում` ես խոսում եմ դասական զառերի մասին։ Քվանտային մեխանիկայում հնարավորություններն էքսպոնենցիալ ավելի շատ են։ Հետևաբար, ցանկացած խելամիտ հաշվարկի դեպքում անգամ մեկ մարդու թռիչքը, էլ չասած 26-ի, անհնարին է։ Ու որքան հեռու, այնքան ավելի քիչ հավանական, որովհետև ալիքային ֆունկցիայի ամպլիտուդը հեռավորության հետ նվազում է։

– Հետևաբար, քվանտային մեխանիկական բացատրությունը բանի պետք չի,- եզրափակեց Սթիգլերը։

– Ես դեռ չեմ ավարտել,- Լեյան նայեց ուղիղ գնդապետին,- պարո՛ն գնդապետ, դուք լսե՞լ եք անվերջ կապիկների թեորեմի մասին։

– Վստահ չեմ, կարծես խոսքը գրամեքենայի, կապիկի ու Շեքսպիրի մասին է,- հավաքվածները նորից ծիծաղեցին։

– Այո, դա հավանականությունների տեսությունում ապացուցված թեորեմ է, համաձայն որի, եթե անվերջ քանակի կապիկներ գրամեքենայով պատահական տառեր հավաքեն, մեկին ձգտող հավանականությամբ անգամ վերջավոր ժամանակում նրանցից գոնե մեկը պատահաբար կտպի Շեքսպիրի բոլոր գործերը` տառ առ տառ,- Լեյան կտրուկ ոտքի կանգնեց` քայլելով սենյակում: – Ու եթե նույն այդ կապիկներից յուրաքանչյուրին տանք 10^28 հատ զառ, ապա կարող ենք վստահ լինել, որ նրանցից որոշները, անգամ` անվերջ քանակի կապիկներ, առաջին իսկ նետումից կստանան միևնույն կողով ընկած զառեր։

– Ի՞նչ եք ուզում դրանով ասել,- միջամտեց Սթիգլերը։

– Մենք գիտենք, որ դիտարկելի Տիեզերքն առաջացել է մոտ 14 մլրդ տարի առաջ։ Դա ապացուցված փաստ է, որի հետ ոչ ոք չի կարող վիճել,- Լեյան գնահատող հայացքով նայեց նստածներին` կարծես սպասելով, որ ինչ-որ մեկը կարող է առարկել։ Սեփական հիպոթեզի նկարագրությանը հասնելու պահից տագնապայնությունն անցել էր, Լեյան իր տարերքում էր,- բայց չափերի մասին, ամբողջ մեծ Տիեզերքի չափերի մասին մենք ոչինչ չգիտենք։ Միայն այն, որ դիտարկելի հատվածի տրամագիծը մոտ 96 մլրդ լուսատարի է։ Նման փոքր տարածքում ու այդքան կարճ ժամանակահատվածում հավանականությունը, որ մասնիկների ինչ-որ խումբ, էլ չասած 26 խմբի մասին, կարող է այնպիսի քվանտային հրաշքներ գործել, ինչպիսին ալիքային ֆունկցիայի պոչում ռեալիզացվելն է, գրեթե ճշգրիտ հավասար է զրոյի։ Ժամանակի ցանկացած պահի այդ հավանականությունը գրեթե ճշգրիտ զրոյական է, ժամանակի ընթացքում, եթե վերցնենք խոշոր ժամանակային հատվածներ, հավանականությունը շատ դանդաղ աճում է, սակայն անհրաժեշտ կլինի սպասել Տիեզերքի տարիքին գրեթե անվերջ անգամներ գերազանցող ժամանակահատված, մինչև նման մի երևույթ ռեալիզացման որևիցե շոշափելի շանս կունենա։ Այլ կերպ ասած, եթե դիտարկելի Տիեզերքը լցնենք կապիկներով ու այդ վերջավոր քանակի կապիկներից յուրաքանչյուրը ամեն վայրկյան նետի իր 10^28 զառերը, միևնույն է, անհրաժեշտ կլինի մի ամբողջ հավերժություն, մինչև գոնե մեկի մոտ բոլոր զառերը նույն կողի վրա ընկնեն։

– Դուք արդեն սկսում եք կրկնվել,- չդիմացավ Սթիգլերը։

Լեյան անտեսեց նկատողությունը.

– Սակայն եթե տարածությունը բավարար մեծ է, իդեալական դեպքում` անվերջ մեծ ու լցված է անվերջ քանակի կապիկներով, գրեթե 100 տոկոս հավանականությամբ նրանցից շատերը առաջին իսկ նետումից հաջողության կհասնեն։ Ոչ թե շատերը, այլ անվերջ քանակի ենթախումբ` բաղկացած անվերջ քանակի հաջողակ կապիկներից։ Իմ հիպոթեզը օգտագործում է թռիչքների փաստը որպես ամբողջ Տիեզերքի շատ մեծ, անգամ` անվերջ մեծ լինելու հիմնավորում։

– Ենթադրենք, բայց ի՞նչ է դա նշանակում մեզ համար,- հետաքրքվեց գնդապետը։

– Անվերջ մեծ Տիեզերքում անվերջ անգամներ տեղի կունենա այն ամենն, ինչ արգելված չէ քվանտային մեխանիկայի պահպանման խիստ օրենքներով։ Տիեզերքի մեծ մասում, իհարկե, ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենա, սակայն կլինեն անվերջ քանակի հատվածներ, որոնցում տեղի կունենան ծայրահեղ քիչ հավանական բաներ. աստղը կարող է սպոնտան վերածվել սև խոռոչի, մի ամբողջ մոլորակ կարող է ուղղակի անհետանալ ու հայտնվել գալակտիկայից դուրս…

– Մարդիկ կարող են քնած ժամանակ հայտնվել բաց Տիեզերքում,- հավելեց գնդապետը։

– Այո, ընդ որում, ոչ թե մեկ մարդ տվյալ մոլորակի ամբողջ պատմություն ընթացքում, այլ առնվազն 26 հոգի։ Մենք ապրում ենք անվերջ մեծ Տիեզերքի այն հատվածներից մեկում, որտեղ տեղի են ունենում խիստ հազվագյուտ երևույթներ,- Լեյան մի պահ դադարեց խոսել, մի քանի անգամ շնչեց ու արտաշնչեց,- երբ հայտնաբերվեց առաջին մարմինը, մենք բացատրություն չունեինք։ Երկրորդն ու երրորդը գտնվեցին նույնքան պատահական։ Գոհացուցիչ բացատրություն կրկին չկար, բայց ինչ-որ մարդկային, ալտրուիստիկ մղում ստիպեց սկսել նպատակաուղղված որոնումներ։ Կարծես շինարարություն սկսելիս հանդիպեինք մարդկային ոսկորների, եզրակացնեինք, որ բախվել ենք հնադարյան գերեզմանոցի ու շարունակեինք պեղումները։ Բայց ռետրոսպեկտիվով, երբ այս ամենին նայում ենք, արդեն ունենալով բացատրություն, գերեզմանոցի հետ համեմատությունը ոչ կոռեկտ է։

– Ո՞րն է կոռեկտ համեմատությունը,- հետաքրքրվեց Սթիգլերը։

– Կապիկները։

– Չհասկացա։

– Մենք այն հետազոտողն ենք, ով Տիեզերքը լցրել է անվերջ քանակի կապիկներով, որոնցից յուրաքանչյուրը պատահական սեղմում է գրամեքենայի ստեղներին։ Հետազոտողը մոտենում է կամայական կապիկին, վերցնում տպագրված տեքստով թղթերի տրցակը` բացարձակ համոզված, որ այնտեղ ուղղակի քաոտիկ տառային սպիտակ աղմուկ է։ Ու կարդում է առաջին էջը. «Իշխան Դանեմարքայի, Ողբերգություն հինգ արարվածով…»։ Հետո մաքրում է ճակատի սառը քրտինքը` կրկին համոզված, որ մնացած տեքստը անընթեռնելի քաոս է լինելու, սակայն պարզվում է` կապիկը տպել է ամբողջ «Համլետը», բառ առ բառ, տառ առ տառ։ Պատկերացրի՞ք,- հավաքվածները լուռ էին,- մեր հետազոտողը, չզգալով ոտքերը, մի կերպ հասնում է հարևան կապիկին, նա էլի համոզված է, որ այստեղ հավանականությունների տեսության հաստատումը վերջապես ամուր հող կդառնա իր մոլեգնող գիտակցության համար։ Վերցնում է թղթերն ու, համոզված լինելով, որ տառերից բաղկացած քաոս է տեսնելու, կարդում է պատահական ընտրված էջը,- Լեյան մի պահ կանգ առավ ու բարձրացնելով ձայնի տոնայնությունը` արտասանեց.

«Ոչ իսկ ահռելի դժոխքի բոլոր լեգեոններից
Կարող է դուրս գալ չարություններով այնքան ժանտ մի դև,
Որ կարողանա Մակբեթից անցնել…»։

Լեյայի գիտակցության մեջ Ջեֆրի Դինի մարմինը կազմող մասնիկներն էին, որոնք ինչ-որ անընկալելի դավադրությամբ միասնական թռիչք էին կատարում դեպի տիեզերական անդունդը։ Լեյան շարունակեց անհանգիստ քայլել.

– Հետազոտողն արդեն պատրաստ է կորցնել գիտակցությունը, որովհետև, չնայած ռացիոնալ առումով վստահ է, որ մնացյալ տեքստը պարտավոր է քաոտիկ լինել, զգում է, որ այդպես չի լինելու։ Երկրորդ կապիկը ճշգրիտ տպել է Շեքսպիրի մյուս ողբերգությունը։ Ու այդպես, գրեթե մթագնող գիտակցությամբ, մղձավանջային անելանելիության զգացումով, հետազոտողը տենդագին անցնում է կապիկից կապիկ։ Անմարդկային, տիեզերական զարհուրանքը պատում է նրա ամբողջ էությունը, նա այլևս չի վստահում ո՛չ Բնության օրենքներին, ո՛չ մարդկանց կանոններին, ո՛չ էլ սեփական գիտակցությանը. կապիկներից 26-ը տպել են դասական գրական ստեղծագործություններ։ Ոչ մի նորմալ մարդու բանականություն դրան չի դիմանա։

– Հետազոտողը պիտի որ խելագարվի,- շշնջաց գնդապետը։

– Չէ, – Լեյան փլվեց իր աթոռին,- նա հիմա մոտենում է հաջորդ կապիկին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *