Արմեն Շեկոյան | Բախտ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

(Սոնետների պսակ)

1
Այս աստիճաններն այնպես են շարել,
որ քայլ անելիս վերև չնայես։
Այդպես գլուխկախ բարձրանում եմ ես
և դեռ չեմ տեսել երկինք ու արև։

Կույր շարժում է։ Հա։ Այսպես է հաստված։
Ականջ չենք արել հրամաններին։
Բայց ես տեսել եմ ինձ նմաններին —
ամեն ոք սրտում ունի մի աստված։

Սա մեր շարժումն է։ Մերն է։ Իմ ու քո
համառությունն է, որ ճոճվում է դեռ
այս համատարած երկնքի ներքո։

Դու ես շարժումը — Մարդ — կույր արարած։
Դու անվերջ գալիս, բարձրանում ես վեր,
որ սայթաքելով գահավիժես ցած։

2
Որ սայթաքելով գահավիժես ցած,
չըկարծես, թե դա քո ժամն է վերջին։
Դեռ թռիչք ունես։ Եվ մահը դեռ չի
եզրափակելու ցնծություն ու լաց։

Դու ես շարժումը — Մարդ — կույր արարած։
Եվ դու ես կրկին քո մահը հերքում։
Դու ես շողշողում տիրամոր գրկում։
Դու ես արարում լույս համատարած։

Քեզ համոզելով՝ ինձ եմ համոզում։
Ինձ փարատելով՝ փարատում եմ քեզ։
Այս զբաղմունքն ինձ գուցե չի սազում,

և գուցե ձևն այս շատ է հնացած,
սակայն ես պիտի պատմեմ, թե ինչպես
այս նախորոշված ճանապարհն անցա։

3
Այս նախորոշված ճանապարհն անցա՝
պաղ դիմակներից ժպիտ մուրալով։
Եվ մեղրի նման անուշ ծորալով՝
ներկան կաթում ու դառնում էր անցյալ։

Եվ իմ մարմինը՝ տաք ու ապահով,
ինձ հազար ու մի ծակուծուկ տարավ,
մարմանդ տարածեց հյուսիս ու հարավ
իմ սերը՝ կնքած կյանքով ու մահով։

Մուրացի, սակայն տոթ էր ու հեղձուկ…
Բայց դուք չկարծեք, թե ես եմ եղել
իմ եղբոր համար եղբայր ունեցուկ։

Մեր միջև ո՞վ այս սև պատը շարեց։
Պատասխան չըկա։ Լուռ ենք ինչպես ձուկ։
Եվ սոնետացավն ինձ էլ պաշարեց։

4
Եվ սոնետացավն ինձ էլ պաշարեց։
Ինձ էլ կըփակի իր պաղ թմբիրով։
Եվ ես՝ կըլանված ձևի խնդիրով,
էլ չեմ իմանա, թե պատն ով շարեց։

Ձևը կապանք է — կոկիկ մահարձան,
բայց կապոտում եմ ես ինձ սոնետով,
քանզի կապանքից փրկվելուց հետո
ես կհասկանամ գինն ազատության։

Ավելի ստույգ ես բան չգիտեմ։
Եվ դուք չգիտեք։ Ոչ ոք չգիտի։
Մեզ ո՞ւր է տանում այս ընթացքն անդեմ։

Մենակ եմ դարձյալ։ Արդյոք ո՞վ պիտի
դառնա ինձ ճամփի ընկեր ու վկա։
Մենակ եմ դարձյալ, և ոչ ոք չըկա։

5
Մենակ եմ դարձյալ։ Եվ ոչ ոք չըկա,
որ արդարամիտ նայի վերնից։
Ես կասկածում եմ հիմա։ Երևի
հոգնել եմ արդեն իմ հոգուց տկար։

Մենակ եմ դարձյալ։ Եվ ես էլ մեկն եմ
ճշգրիտ ու ճապուկ խուսափողներից։
Էլ ես չեմ կարող կիսատ թողնել ինձ
և արդարամիտ մեկի հետ մեկնել։

Առավոտների սրսուռ երամն ինձ
մնաս բարով էր ասում, բայց դարձյալ
կառչել եմ ահա այս հին տեղերից։

Մանկություն — մեծ ու միամիտ անցյալ,
ո՞ւր կորար։ Հավերժ մենակ մնացի։
Ոչ թշնամի կա և ոչ դրացի։

6
Ոչ թշնամի կա և ոչ դրացի։
Չըկա մեկը, որ ինձ մի բան հուշի։
Այս աղիողորմ լացը բայղուշի
ո՞վ պիտի իր ջինջ ձայնով խլացնի։

Եվ ցուցամատը դանդաղ բացելով՝
ո՞վ պիտի ինձ իր հրաշքը ցույց տա։
Ո՞վ պիտի խամրած երազին գույն տա՝
թեկուզ ինձ այսպես անվերջ խոցելով։

Թեկուզև այսպես անվերջ խոցվելով՝
ես կրկին մի օր լույսաշխարհ գայի՝
առավոտվա դեմ կրկին բացվելով։

Ոչ թշնամի կա և ոչ դրացի
այստեղ, ուր մի օր սրտից խոցվելով՝
ես ընկա, սակայն կառչած մնացի։

7
Ես ընկա, սակայն կառչած մնացի
փոփոխվող օդից — մի գեղադիտակ։
Եվ հեռացել են երկինք ու հատակ։
Եվ դեռ ճոճվում եմ այսպես ցանուցիր։

Մի քամի գար ու ինձ իսպառ ցփներ՝
որպես ապագա սիրո սերմացու։
Եվ ես՝ թոթափած կսկիծ ու հեղձուկ,
ջուլալված ձայնով ճչայի. — Ցնոր

հանդիպում, դժվար ժամի ընկերներ,
մոռանանք դարձյալ կապանք ու լկամ
և հաճենք սիրո մեր բառը երկնել։

Լուռ ենք։ Ձայն չըկա։ Եվ քամի չըկա։
Եվ… զարմանք — ես կամ — ես դեռ չըկամ
այս հայացքներից՝ ողորկ ու չըկամ։

8
Այս հայացքներից՝ ողորկ ու չըկամ,
բան չեմ հասկացել։ Չեմ նայել ես ինձ
նրանց աչքերով։ Տոչորվող ես-ից
դեռ չեմ բարձրացել։ Ինձնից դուրս — չըկամ։

Հպարտ անցնում եմ ես նրանց կողքով։
Ասել է՝ ես էլ դիմակ եմ մի պաղ։
Եվ չեմ արթնացել ես գոնե մի պահ։
Լոկ հիացել եմ իմ թեթև շողքով։

Այսպես ձմռան մեջ տնքա ու մրսիր։
Այսպես — առանց սեր ու առանց ձգտում։
Այսպես ջնջել եմ ինձ ներսուդրսից։

Այսպես իմ ձայնն է դեռ անկոչ ձգվում՝
քողարկելով ինձ ներսից ու դրսից։
Ընկել եմ ու էլ վերև չեմ ձգտում։

9
Ընկել եմ ու էլ վերև չեմ ձգտում։
Ամեն ինչ արդեն սուտ է և օտար։
Ինձ չհանդիպեց հավատարմատարն
այն ամենի, որ դեռ կա ձեր սրտում։

Մինչ ես խոսում եմ ձեզ հետ այն մասին,
թե ոնց մնացի վտիտ ու կիսատ,
ինձ երևացին մեղքերս — մի սար,
որ կուտակել եմ ձեզ հետ միասին։

Այսպես ձմռան մեջ տնքա ու մրսիր,
մինչև հասկանաս, թե ուր ես հասել,
մինչև որ մաքրես քեզ ներսուդրսից,

մինչև որ կրկին նայես զարմացած
և զարմանալով ցնծաս ու ասես. —
թռչում եմ ու էլ չեմ նայում ես ցած։

10
Թռչում եմ ու էլ չեմ նայում ես ցած,
ուր տարածվել է անցյալի փոշին։
Իմ նմանակն է հայտնվում՝ դոշին
մի ճերմակ ծաղիկ — նշան հարսանյաց։

Հիմա անհանգիստ այս հողի վրա
և այս տոնական երկնակամարում
մենք կանք և տոնը մերն ենք համարում,
և չենք դողդողում մեր կյանքի վրա։

Կարճատև պահի ամեն մի զեղում
մեր մեջ թողնում է զնգուն արձագանք։
Մենք հմայված ենք ու էլ չենք շեղվում։

Մեր սիրտն է ներող։ Մեր միտքն է ճկուն։
Եվ տոնը մերն է։ Եվ այսօր մենք կանք։
Եվ լույսն է ուժեղ։ Եվ հողն է ձգում։

11
Եվ լույսն է ուժեղ։ Եվ հողն է ձգում։
Եվ արդեն հոգու պարապուրդ չկա։
Ես եմ իմ ցավի ու սիրո վկան։
Ես իմ ցավն ու իմ սերն եմ երգում։

Ավելի ստույգ ես բան չգիտեմ։
Եվ դուք չգիտեք։ Ոչ ոք չգիտի։
Պիտի ինձ ու ձեզ համոզեմ։ Պիտի
մի օր համոզվեմ, որ բան չգիտեմ։

Հիմա անհանգիստ այս հողի վրա
և այս տոնական երկնակամարում
իմ իմացածը դնում եմ գրավ

և պարտությունս իմն եմ համարում,
քանզի ժպտում եմ ես իմաստնացած,
և իմ հայացքն է շողում զարմացած։

12
Եվ իմ հայացքն է շողում զարմացած
մոտեցող օրվա ճնշող ոսկու մեջ։
Մենք, որ չենք մտել դեռ մեր խոսքի մեջ,
նայում ենք իրար խեղճ ու համրացած։

Նայում ու իրար ոչինչ չենք ասում։
Մեր բառը դեռ չի ելել իր բնից։
Մենք արթնացել ենք մեր վերջին քնից,
սակայն ճախրում ենք դեռ մեր երազում։

Սա թռիչքն է մեր։ Հոսանքն է գետի։
Ավելի ստույգ ես բան չգիտեմ։
Եվ դուք չգիտեք։ Ոչ ոք չգիտի։

Քանի դեռ ստույգ չգիտեմ, պիտի
ևս մի անգամ դանդաղ պտտվեմ
այն ամենի շուրջ, որ անգիր գիտեմ։

13
Այն ամենի շուրջ, որ անգիր գիտեմ,
ես կամ — նայում եմ վար ու վերնից։
Ես մի հերթական նայող եմ, և ինձ
չի ահաբեկում անցողիկն արդեն։

Արևը կրկին կանք է ավանդում։
Ես տրվում եմ իր ատրուշաններին։
Եվ ցայգալույսի տաք նշաններն ինձ
շարունակում են ու չեն ավարտում։

Սա մեր ներկան է։ Մերն է։ Իմ ու քո
համբերությունն է, որ ճոճվում է դեռ
այս համատարած երկնքի ներքո։

Ո՞վ է տարածել իր թեթև ձեռքով
այս փոփոխական հրաշքը մեր դեմ —
հավիտենական դժոխք ու եդեմ։

14
Հավիտենական դժոխք ու եդեմ —
փոփոխվող ինչպես մի գեղադիտակ։
Ես հիմա կրկին մրսում եմ՝ մենակ
շապիկով կանգնած քամիների դեմ։

Ու տերևի պես դողում եմ։ Բայց ես
գիտեմ, որ դժվար այս ժամն էլ կանցնի,
և ծանոթ մի ձայն կտեղեկացնի —
ես առա՞ջ գնամ, թե՞ ներում հայցեմ։

… Սպասում էի այսպես կարկամած։
Դողում էր ձեռքը, որ գիրն այս շարեց։
Դողում էր ձեռքս, բայց կամաց-կամաց

այս փոփոխական երգն ինձ կաշառեց…
Ընկած տեղիցս ելնեմ — ի՞նչ արած —
այս աստիճաններն այսպես են շարել։

15 (Մագիստրոս)
Այս աստիճաններն այսպես են շարել,
որ սայթաքելով գահավիժես ցած։
Այս նախորոշված ճանապարհն անցա,
և սոնետացավն ինձ էլ պաշարեց։

Մենակ եմ դարձյալ, և ոչ ոք չըկա։
Ոչ թշնամի կա և ոչ դրացի։
Ես ընկա, սակայն կառչած մնացի
այս հայացքներից՝ ողորկ ու չըկամ։

Ընկել եմ ու էլ վերև չեմ ձգտում։
Թռչում եմ ու էլ չեմ նայում ես ցած։
Եվ լույսն է ուժեղ, և հողն է ձգում,

և իմ հայացքն է շողում զարմացած
այն ամենի շուրջ, որ անգիր գիտեմ —
և հավիտենական դժոխք ու եդեմ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *