Արթուր Բախտամյան | Սկիֆ

Մարդկանց մեծամասնությունը

Չի ցանկանում լողալ, մինչև լողալ

Չի սովորում:

ՆՈՎԱԼԻՍ

Իհարկե չեն ցանկանում լողալ, քանի որ

ստեղծված են ցամաքի համար, այլ ոչ թե ջրի:

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

ՍԿԻՖ

Նեղ, երկար, թեթև սպորտային նավակ

Շահենը, Լյովը, ես որոշեցինք գնալ ՍԿԻՖ: Ինչպես էր բացվում այս հապավումը ոչ մեկս չգիտեր, ու կարևոր չէր. գիտեինք, որ այդպես է կոչվում այգու եզրին, տրամվայի գծերի մոտի լողավազանը: Լյովն ասում էր, որ կայֆ աղջիկներ կան, որոնց տեսնում էր դիմացի իրենց տան պատուհանից: Լողազգեստով աղջիկների կարելի էր տեսնել միայն լողավազանում և հեռուստացույցով` մարմնամարզության առաջնությունների ժամանակ կամ առավոտյան հեռուստաֆիզկուլտուրայի ժամին: Բայց տպավորիչը աշխատավորների մայիսմեկյան շքերթի վերջում մարմնամարզիկների երթն էր` հեծանիվի վրա ամրացված ձողի կատարին մարմնամարզուհին խելացունց վարժություններ էր անում: Ասում էին, որ այս ծրագիրը հատուկ մշակվել է Քաղբյուրոյում: Ահա ձողապարի ակունքը:

Լողաոճերը մի քանիսն են` շնալող, թևալող, գորտալող, դելֆին: Մեկ էլ մեջքի վրա:

Արտաշունչ- շունչ:

Արտաշունչ- շունչ:

Արտաշունչ- շունչ:

– Ոնց շնչեմ ջրի տակ:

– Ջրի տակ արտաշնչում ես, գլուխդ հանում շնչում ես:

– Աչքերս բա՞ց, թե՞ փակ:

– Շատ ես խոսում:

Հիմա չգիտեմ՝ բա՞ց, թե՞ փակ:

– Կողքերդ մի նայիր, նայիր հատակին:

Ուրեմն բաց:

Լողավազանի պատին կպած, առաջին օրվա շնչել-չշնչելուց խճճված՝ մարզչին ասացինք, որ սիրողական լողով ենք ուզում զբաղվել, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ:

– Գետառում զբաղվեք սիրողական լողով,- ու վռնդեց լողավազանից:

Քառասունհինգ տարի անց:

Լյովը, ես, Շահենը հոլանդաբնակ է դարձել:

– Այս ճարտարապետը լողով չի զբաղվել:

– Ինձ թվում է այս ճարտարապետը երբեք լողավազանում չի եղել:

– Լողավազանի պատերը կլոր են, ու հրվել չի լինում:

– Մեջքի վրա գնալիս պետք է կասկա հագնես:

– Իմ ակնոցը քրտնում է:

Ձիու պոչի նման մազերը հավաքած մարզչուհին բղավում է. «Մարմնով շնչիր, ոչ թե գլխով»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաճառվում է սկիֆ (Ավտոտնակ): Ունի երկու սենյակ: Սկիֆը գտվում է իդեալական վիճակում: Մանրամասների համար զանգահարել:
ՇԱՏ ՇՏԱՊ!

Երևանի ձմեռային տասնօրյա թանձր մառախուղը ստիպեց դուրս գալ և քայլել դեպի նորաբաց լողավազան: Ինչ է պակասում հային` ծով կամ ջրին նայելու հնարավորություն, էլ չասեմ սուզվելու մասին: Գոնե կորալների փոխարեն մետլախ ու լաստեր հագած, կողքից սուրացող կանանց կարելի է տեսնել:

Այստեղ գալիս են տարբեր նկատառումներով`

– Նստակյաց աշխատանքից մեջքս ցավում է:

– Փորս մեծացել է:

– Հունաստանից առաջ որոշեցի լավացնել լողս:

– Հունական ո՞ր ափին եք լինելու:

– Չգիտեմ, քանի ափ կա:

Ահա մի կին՝ սրունքին մեծ կապտուկով, կանգնած է լողուղու կենտրոնում ու չի կողմնորոշվում՝ որ կողմ լողա: Մյուսը այֆոնն է քրքրում:

Ջաքուզիի փրփուրների մեջ հղի կինն է, ու այնպիսի տպավորություն է, թե ուր որ է կծնի:

Լողավազանը երկրորդ հարկում է, յոթ հարյուր տոննա ջուրը փաստորեն օդի մեջ է` տպավորիչ է: Երկարությունը՝ ֆուտուրիստական, նկատի ունեմ՝ ստանդարտից դուրս, պատերը՝ օվալ, ինչը արկածային ժանրի սիրահարների համար ադրենալինի ժայթքում է ապահովում: Երկու կողքերից ջրի հզոր շիթերի խողովակներ են, ասում են՝ մի անգամ, երբ միացրել էին, տակը հայտնված կնոջ կրծկալը բզկտվեց, դրանից հետո չեն միացնում:

Առաջին հարյուր մետրը.

Շնչահեղձություն:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան բանակցում է մի շարք երկրների հետ «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրների առաքման շուրջ: Ինչպես հաղորդում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը, այսօրվա դրությամբ «Սկիֆ»- ի պատվիրատուներ են Ադրբեջանն ու Բելառուսը:

Բանակցություններ են ընթանում արևմտյան երկրներին այդ հակատանկային զենքի մատակարարման շուրջ, հաղորդում է Siteua- ն:

ՓՇՐՎԱԾ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Բեմում տղամարդու յոթ սիլուետ է:

Բարձրահասակ- Դեռ դպրոցից նրանք` ուսուցչուհիները, քեզ ստորացնում են: Իրենց ողջ զզվանքը, այսպես կոչված խաբկանքը, որ ապրել են գյուղից, մանկավարժական ընդունվելուց ու ասպետ որոնելու փափագով, իրենց մայրանալու վեհ բնազդով ու բարեկեցիկության մռլտումներով, մի տաքուկ անկյան շինարարությամբ, երեխաներին խմբակներ քաշ տալու մոլուցքով, որ մարդ դառնան ու մտահոգության անսպառ այլ բարբաջանքներով…Այդ ամբողջ ձնահյուսքը թափում են դասարանի տղաների գլխին, ու բավականություն են ստանում, գոնե կյանքի թորշոմած այդ հատվածում, հոլովելով՝ քսանհինգ տարվա մանկավարժ եմ:

Միջահասակ- Նրանք վստահ են, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի, որ պետք է մշտապես հիանան իրենցով, մանավանդ խելքով ու գործունեությամբ: Նրանք շարունակ ֆան ակումբ են ստեղծում իրենց շուրջը, պահանջում են անմնացորդ նվիրում՝ երբեք չմտածելով, իսկ ինչու… հետո գալիս է ատելությունը, հիասթափությունը, անշնորհակալության զգացողությունը: Ու ինչ, կարծում եք՝ դա նրանց ընկճո՞ւմ է, բնավ…Նրանք իրենց ավելի ուժեղ են զգում, քանի որ վեհ են` մայր են կամ նման մի բան: Ես զզվում եմ էդ փսլնքոտ սևակիզմից:

Տենոր- Մենք ծանոթացանք գրադարանում, քննական շրջան էր: Նա բժշկականից էր: առաջին համբույրը հենց այգում էր: Ես խոսում էի, պատմում հունական աստվածներից, ինչպես էինք նրանք կենակցում պարզ գեղջկուհիների հետ, որոնցից ծնվում էին կիսաստվածներ: – Իմ Ապոլոն,- ասաց ու գրոհեց:

– Ինչքան եմ քեզ սպասել, տար ինձ՝ ուր կուզես, ես քոնն եմ: Այն ժամանակ այդ բառերը այդքան պաթետիկ չէին, կամ ես էի խլացել, կամ ինձ դուր էր գալիս… իրականում ծուղակ էր: Մենք շարունակ ականապատ դաշտում ենք:

Թմբլիկ- Իսկ ինչքան են գլուխ տանում իրենց կուսությամբ, սպասումով, վստահությամբ, որին արժանի չես, և հետո լուտանքներ են թափում, երբ ասում ես, որ մենք չենք կարող միասին լինել: «Ինձ օգտագործել ես, ինչ ասես արեցիր», «Ես փշրանքներ եմ ստացել», «Հիմա կտեսնես», ու սկսվում է ինքնհոշուտումը: Սարսափ ֆիլմերի ակունքը կինն է:

Նիհար- Նրանք չեն կարող կյանքին նայել հումորով: Շարունակ մրցավազքի մեջ են` մորքուրների, հորքուրների, քեռի- հոպարների աղջիկների, ընկերուհիների հետ: Հնարում են պատմություններ, իրենց շնորհների ու բարեմասնությունների մասին, տարբեր մառոզ երկրպագուների, որոնց մերժել են, իսկ դու չես արդարացրել իրենց սպասումները:

«Դու ինձ երբեք չես հասկացել», ով ասաց, որ պարտադիր է հասկանալը: Հաստատ, տղամարդն ու կինը տարբեր մոլորակներից են եկել:

Բարձրահասակ- Հետո գալիս են երեխաները: Ու բավական չէ, որ պարզվում է՝ դու լավը չես անկողնում, կարծես այնքան լավերին են տեսել, նաև վատ հայր ես: Ընդ որում՝ երեխան նրանց սեփական տարածքն է, սահմաններ խախտելը միայն իրենց մենաշնորհն է, իսկ դու վատ ոստիկանի դերում պետք է լինես, որով շարունակ սպառնում են` – էսա կգա՝ կասեմ, հիմա կզանգեմ: Ու երբ զանգում է, հիշում եք, առաջին հարցը,- ՈՐՏԵ՞Ղ ԵՍ: Կարծես քո պրարաբն է:

Մտամոլոր- Քեզ շարունակ հետապնդում է հանցագործի սինդրոմը: Երջանկություն ու սեր խնայողի բարդույթը: Քո տառապանքը, նույնիսկ ֆիզիկական տկարությունը նրա համար բերկրանք է: Ինչքան ուրախ է քո անհաջողությունների համար, որովհետև կարող է «հոգ» տանել, ցուցադրել իր անձնազոհության և ներելու ողջ զինանոցը: Նրանք կայանում ու հաղթանակած են զգում հենց այդ պահին:

Փիլիսոփա- Կյանքում ամեն ինչ հրաշալի է: Ուղղակի այն ամենուր չէ, միշտ չէ և ամենքի համար չէ: Ահա այսպիսի դիլխոր կյանք:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ`

Դիլխոր- տխուր.սրտնեղած բառը պարսկերեն դելխոր բառի հնչյունափոխված ձևն է, որը ստուգաբանվում է դել`սիրտ և խորդան`ուտել արմատներով:  Բառացի նշանակում է սիրտը կերած, սակայն ունի վիրավորված, նեղացած, սրտնեղած, զայրացած, դժգոհ, տխուր, խոժոռ իմաստները:

 

Վերադառնանք լողավազան:

Երկու հարյուր մետր:

Լողորդի մի քանի հատկանիշ:

Կանանց լողազգեստը միասնական է, թե երկու մասից: Ծաղկավոր, հանած հին դարակներից, թե սպորտային:

Տղամարդիկ պարզ շորտով են, թե անջրաթափանց, թե մարմնին քիպ կպած: Ակնոցով են, թե ոչ:

Լողալու ձևից կարելի է ուրվագծել մարդու կենսագրությունը:

Լողավազան ցատկում են քիթը բռնած:

Լողում են թևերը շաղ տալով, գլուխը ցից, շուրջը նայելով:

Նշանակում է լողալու հմտությունը ստացել են գյոլ հորջորջվող լեռնային մի գետակում: Նման փորձառությամբ լողորդները հարյուր մետրից ավելի չեն անցնում: Շրխկացնում են ջուրը ու կպնում պատին:

Լողում են գլուխը սուզելով, բայց մեջքը դրսում ու շունչ քաշելու համար վայրկյանը մեկ գլուխը հանում են: Իրականում շատ ծիծաղելի տեսք ունեն: Սրանք ջանասեր ինքնուսներ են: Երեք հարյուր մետրից ավելի չեն գնում:

Հազվադեպ են տորպեդոները: Որոնք սահում են ջրի հարթության վրայով, կարծես թթվածնի կարիք չունեն, շատ աննկատ է նրանց շնչելը և իրական լողը նրանց համար սկսվում է հազար մետրից հետո:

Լողավազան գալու միտումը նաև ծանոթությունն ու զրուցացավն է: Կարևոր չէ՝ լողում ես, թե ոչ, բայց խոսել ցանկանում ես ամեն քայլափոխի ու հիմնականում ոչ թե լողի այլ միջավայրի, եկող գնացողների, ծառայությունների ու, իհարկե, քո վճարողունակության կարգավիճակի: Եթե քեզ լսող զրուցակից չկա, խոսում ես ԱՅֆոնով:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`

SKIFF- աստերոիդ, հայտաբերվել է 1980թ. հուլիսի 17- ին:

ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Բեմում յոթ կնոջ սիլուետ է:

Բարձրահասակ- Ես ուղղակի զզվում եմ նրանցից: Շարունակ քեզ սքան են անում: Չգիտես ինչ հագնես, միևնույն է, մտնում են մեջդ: Կարևոր չէ՝ որտեղ ես, ում հետ, այնպես են տնտղում, կարծես ստրկավաճառ լինեն: Ու իրավունք են վերապահում այդ մասին հայտնել իրենց կարծիքը,- ինչ գայթակղիչ պարանոց ունեք, և դեռ պետք է շնորհակալություն հայտնես:

Ինքնամփոփ- Ես չեմ ձգտում ոչ մի հանդիպման, ես չեմ հավատում ոչ մի խոսքի: Նրանք շարունակ խոսում են ու պահանջում, որ ուշադիր, հիացած լսես, չեն հանդուրժում ոչ մի այլ կարծիք: Միշտ վստահ են, որ կարող են քեզ խելքահ անել: Պետք է զարմանաս իր անդամով, երկրպագես, մռլտաս, գուրգուրես ու բաց աչքերով ներբեռնես: Թող մի անգամ փորձեն, տեսնենք: Ես ոչ ոքի չեմ հանդիպում, որ հետո չասեմ հիացմունքի փսլնքոտ բառեր:

Ինքնավստահ- Կարծես դու փորձադաշտ ես` նա որոնում է, նա կասկածում է, նա հառաչում է, նա փնտրում է ոգեշնչում: Գիտե՞ք՝ ինչքան եմ լսել էդ նվնվոցները ու հետո ուղղակի շնթռում են:

Ռեալիստ- Ամենասարսափելին ռոմանտիկներն են, նրանք միշտ չունեն ուղիղ պատասխան, նրանք ամեն ինչ ուզում են սիրով, մոմով, հոտով, գույնով և իրենցից հնության հոտ է բուրում: Հետո ապուշ հարցեր են տալիս,- ինչպես էր առաջին անգամ, ինչու բաժանվեցիր, ինչու չես սափրում …, կարծես գինեկոլոգի աթոռին լինես:

Հիասթափված- Շարունակ ինչ- որ իդալական մարմին են փնտրում, խոսում են քո թերություններից, չտեսնելով իրենց կախ փորը, դեղին ատամները, թեփոտ մազերը: Հետո դաստիարակի դեր են ստանձնում, մանկապղծի նման մտնում են ոտքերիդ արանքը, քթիդ առաջ տնգացնում են իրենց «մինարեթը» և պահանջում են հիանալ, հետո սկսում են լպստել քեզ: Ես հո նորածին հորթ չեմ կամ կատվի ամորձիներ:

Լավատես- Թող նրա կղկղանքը ցփնած լինի ունիտազով, խոնավ սրբիչները կոլոլված լողասենյակի անկյուններում, ծխախոտի քնթուկները ամենուր ու տուփերը հատակին: Նունիսկ օտար օծանելիքով ու ալկոհոլով պատված. ես սպասում եմ;

Փորձառու- Հարիֆ: Նրանք «հինգրոպեանոց» մարզական ակումբի անդամներ են, նայում են պոռնո սայթեր ու նույնը ուզում են իրականացնել: Նրանց չի հետաքրքրում քո ցանկությունը:

– Կերակրիր ինձ,- ու պետք է ստանձնես ստնտու մոր կերպար, ինքն էլ անկուշտ նորածնի: Ես երբեք չեմ զանգում, չեմ գրում, ու չեմ սպասում ու ատում եմ` ներողությունները, լացակումած տեքստերը, «մենք պետք է խոսենք» նախադասությունը:

Լողավազան: Երեք հարյուր մետր:

Երեկոյան հինգից հետո սկսում են մոտենալ «կյանքի տերերը»` ոսկե շղթաներով, տատուներով, ՖՍԲ- ում հինգ հազար լայքով ու վերացած նայելով շուրջը պառկում են ափին:

Ծորում են կանայք` ականջակալներով, երեք տակ սրբիչի տակ:

Բոլորին համախմբում է մռթնած դեմքի արտահայտությունը:

Այս հիասքանչ ներդաշնակության հետ մեկի հեռախոսից ներս է հնչում է հաղորդավարի պաթետիկ ձայնը` ուրախալի լուր, այսուհետ Ռուսաստանի դաշնության քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով, այսինքն հողաթափերով, պարզաբանում է մեկնաբանը:

Հողաթափերով գնում են զուգարան:

Լողավազան: Չորս հարյուր մետր:

Մի կողմից Շանել Շանսը, մյուս կողմից սխտորահոտը տարածվեցին ջրի մակերեսով ու անկանոն, հիստերիկ ընթացքով բախվեցին: Դժգոհ «ծովափոկերը» նայում էին ջաքուզիի փրփուրների միջից, բիցեպսներով ինքնասիրահարվածները ամսագրի իրենց էջն էին փնտրում: Կապույտ սուզորդուհու կիլվատերը քսան մետրի վրա էր պահում բոլոր հավակնորդներին և զուր էր զրուցելու շանսերը: Երբ Տանկերները մոտեցան ջրին արդեն կեսօր էր և աշխատանքային հերթափոխը ձգվեց դեպի ՍՊԱ:

Սպա` Բելգիական նշանավոր առողջարանային քաղաք: Ժամանակի ընթացքում այս անունը դարձավ հոմանիշ հանքային ջրերով բուժում իրականացնող առողջության և կազդույրի կենտրոնների:

Տեսարան լողավազանի մուտքի մոտ:

– Ներեցեք, լողավազանում սպա կա,- հարցրեց քառասունը բոլորած կինը կանգնած տղամարդկանց:

– Տեղյակ չենք, մենք հրաձիգ ենք:

Նրանք լողում էին զուգահեռ լողագծերով և միշտ դեմ հանդիման էին: Ամեն ակնթարթը մի հարց էր, հաջորդը պատասխան: Կինը` Ադիդասն է, տղամարդը` Սպիդոն:

– Դուք լավ եք լողում:

– Դուք էլ:

– Ես նոր եմ սովորել:

– Ես էլ:

– Ակնոցները չեն քրտնում:

– Ձեզ տեսնելու համար բավական է:

– Լավիկն եմ:

– Շատ:

– Ջուրը սառը չի:

– Պղտոր է:

– Ակնոցներից է, ձեզ սփրեյ կտամ:

– Ակնոցից,- ուղղում եմ:

– Հայերեն լավ չգիտեմ, աշխարհով մեկ մի հարյուր դպրոց եմ փոխել:

– Լողազգեստը ձեզ սազում է:

– Նոր եմ գնել, առաջ երկու կտորից էր:

– Վաղը կհագնեք:

– ՈՉ:

– Էս մեջքի վրա գնացողները, ապպայի բուն են:

– Մի տրտնջացեք: Տրտնջալ բառը ասվեց ռուսերեն:

– Ինչքան եք լողում:

– Կես ժամ: Չեմ հաշվել:

– Պետք է նշաձող դնել, ասենք յոթ հարյուր մետրից ոչ պակաս:

– Ես հաշվապահությունից գլուխ չեմ հանում:

Օրհանի որդի Մուրադը օսմանների առաջին տիրակալն էր, որ ընդունեց սուլթանի տիտղոսը և մի փոքր ցեղախմբից դարձրեց պետություն, ընդլայնելով սահմանները մինչև Անատոլիա և Բալկաններ: Նրա օրոք հաստատվեց դևշիրմեն` մանկահավաքը կամ արյան հարկը, երբ հպատակ քրիստոնյա համայնքից բռնի հավաքագրում էին մանկահասակ տղաներին` ենիչերների շարքերում ծառայելու համար:

Մուրադի գահակալությունից մեկ դար անց, Կոստանդինապոլսի անկման երեսունվեցերորդ տարում Կեսարիայի Մաժաժ գյուղում ծնվեց` ավազանի անունով Հովսեփը: Նա ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից մինչև մանկահավաքը: Մահմեդականություն ընդունելուց հետո Սինանը` (առջևից գնացող ծ.հ.) ծառայության անցավ սուլթանի անձնական գվարդիայում: Որպես սակրավոր սպա մասնակցեց Բալկանների և Բաղդադի արշավանքներին:

Քառասունիննամյա Սինանը, Սուլեյման սուլթանի կողմից նշանակվեց արքունի գլխավոր Միմար` ճարտարապետ: Նրա կառուցած հարյուրավոր մզկիթները, մեդրեսեները, դամբարանները, հիվանդանոցները, պալատները, քարավան- սարայները, ջրատարները և բաղնիքները սփռված են Բալկաններից մինչև Երուսաղեմ: Կյանքի վաթսունյոթերորդ տարում Խոջա Սինանը հանդիպեց Սուլեյման սուլթանի սիրելի կնոջը` Հասեկի Հուրիեթին:

Ռոքսալաննան նման չէր հարեմի հարճերին: Չուներ լայն ազդրեր, փարթամ կուրծք, շիկահեր էր, նեղ շուրթերով: Առևանգվել էր Ուկրաինայի տափաստաններից ու ընծայվել սուլթանին: Ոչ ոք չհասկացավ, թե ինչպես այս դեռատի աղջիկը հմայեց Փառահեղ Սուլեյմանին, որը վտարեց առաջին կնոջն ու որդուն և ամուսնացավ ուրախ` Հուրիեթ- Ռոքսալանայի հետ: Երբ Սինանը հանդիպեց սուլթանուհուն նա արդեն վեց երեխաների մայր էր:

– Ով ես դու ես Խոջա Սինան:

– Մենք բոլորս խալիֆի հպատակներն ենք:

– Դու նման չես բոլորին:

– Հասեկի Սուլթան, դու էլ նման չես բոլորին:

– Այդ պատճառով էլ հարցնում եմ, հիշում ես քո անունը:

– Իոսիֆ:

– Մենք երկուսս էլ նույն ակունքից ենք: Բայց ես ոչինչ չեմ հիշում:

– Հիշողությունը թանձր աղջամուղջ է:

Սուլթանուհին լռեց, հետո դանդաղ, հատ- հատ արտաբերեց, ինչպես լինում էր, երբ ընդունում էր եվրոպացի բանագնացների:

– Մարգարեն ասել է` մաքրությունը հավատի կեսն է, կառուցիր համամ խոջա Սինան, Թոփ Քափիի մոտ, այնպիսին որը կմնա դարեր որպես հավատի ատրուշան:

Լողավազան: Հինգ հարյուր մետր:

Առավոտ վաղ լողորդները բանկիրներն են, նրանք երեսուն րոպե սուրում են և շտապում օրվա փոխարժեքը որոշելու: Հետո հարաբերական անդորր է, ինչպես Անդորայում:

Հայտնվում են ջրի փերիները: Գլուխը ջրի տակ է, տուտուզը դուրս է գալիս, հետո լաստերով ոտքերը պոչի նման չլմփացնում են:

Նա լաստերի գույնին համահունչ փոխում էր լաղազգեստը, կամ հակառակը, ըստ լողազգեստի` այսօր կապույտ է: Պատկերացրեցիք ինչ է կատարվում, մարմինը զսպանակի նման սահում է մակերեսի վրայով:

«Ադիդասը» մեկ շաբաթ չերևաց, առաջին երեք օրը կամ նույնիսկ չորս կարելի էր գտնել հասկանալի պատճառ, բայց շաբաթն անցավ ու չկար, երևի մեր լողուղիները բեկվեցին:

Ես օլիմպիական հիվանդանոցում եմ:

Մարտ ամիսն է, լիալուսին:

Իրականում այն հիսուն մետր երկարության, երկու կողմից ապակեպատ, լուսավոր սրահ է, մի կողմում այգի է, մյուս կողմում լճակ: Շարժական էլեկտրամահճակալները դասավորված են լողուղիների նման, իրարից հավասարաչափ երկու մետր հեռու, վեց շարք, ամեն ուղու կամ շարքի վերջում` մեծ էկրաններ են, յուրաքանչյուրը տարբեր սպորտաձևեր են ցուցադրում: Պահանջարկ ունեցողը կենտրոնին է` ֆուտբոլ: Այստեղ հենց տեղ է ազատվում արագ տեղափոխվում են կողքի շարքերից: Մի առանձնահատկություն էլ, տղամարդ կին խառն են: Նրանք իրար հետ չեն շփվում, միայն ճաշի կամ ընթրիքի ժամանակ, որը այգում է կամ լճափին: Ծանոթությունները կարճատև են, պատահական և ըստ էության անիմաստ: Շփումը միայն բուժանձնակազմի հետ է: Մնացած ժամանակ անցկացնում ես սպորտային ռեպորտաժներին հետևելով: Երբեմն որևէ հայտնի ուղիղ դերբիի ժամանակ բոլոր էկրանները նույնն են ցուցադրում կամ եթե միաժամանակ երկու հանդիպում է երեք- երեք կիսվում են` Ռեալ Մադրիդը մի կողմ, Բավարիան մյուս: Քո ցանկությունը կամ առաջարկությունը հայտնում ես մահճակալի մոտ գտնվող էկրանի միջոցով, որտեղ գտնվում են բոլոր սպորտային ալիքները, կարող ես նայել նույնիսկ ափաչափ մոնիտորով: Ընդհանուր առմամբ Օլիմպիական հիվանդանոցը մոտոմահճակալների, տեղափոխումների, հետ ու առաջ գնալու մի երթևեկություն է, դրա համար են լայն միջանցքներ: Դու կարող ես բանակցել նաև մյուս անդամների հետ` ասենք գրում ես.- Դ1 տեղը փոխում եմ Ա10- ի հետ: Փոխանակումներ կամ հայտեր կարող ես կատարել մեկ օր առաջ, մինչև կեսօր: Առաջին երկու օրը շարունակ վազքի մեջ ես, հետո ձանձրանում ես, ընտրում կայուն դիրք ու անտարբեր նայում քո ափէկրանին:

Թեթև ժպիտով քույրը մոտեցավ, բաժակով հաբեր տալու, սա այն կարճ պահն է, երբ դուք մի քանի բառ եք փոխանակում, մնացածը գրավոր է, այն էլ նախազգուշացնում են, որ գրառումները ադմինիստրացիայի հսկողության տակ է: Բուժքույրը խշխշալով գնաց: Ճաշից առաջ նայում էի կանանց արգելափակոցներով վազքը, հիացրեց ավսրալիացի Միշել Ջենիկեն: Հիմա մտածում եմ մի երկու բառ գրել քույրին ու եթե նա պատախանի ուրեմն դեմ չէ շփմանը: Ես միայն մեկ հարցի իրավունք ունեմ, և չսխալվելու իրավունք:

– Հիշում եք Հանովերի լողավազանը,- գրեցի երկտողը: Չգիտեմ, որտեղից եկավ մտքիս քաղաքը, որտեղ երբեք չէի եղել, բայց իրականում հարցի մեջ որևէ անպարկեշտ ակնարկ չկար, կարող էր արձագանքել:

Կանխատեսվող պատասխաններ.

Ա. Ինչ որ մեկի հետ շփոթում եք:

Բ. Լողալ չգիտեմ:

Գ. Հանովերում չեմ եղել:

Երբ սպորտային ռեպորտաժները անհետանում են էկրանից, լսվում է թռչունների ծլվլոցը, որը ազդարարում է ընթրիքի ժամը: Ընթրիքը ես պատվիրել եմ լճափին, երեկվա տիկինը, որը հուզառատ պատմում էր իր վաղամեռիկ եղբորից, ասաց, որ ինձ տեսնելիս միշտ հանգուցյալին է հիշում, աչքերը խոնավացան, ափսեն սրբվեց, ասաց, որ եղբոր մահից հետո երեսուն կիլո ավելացել է, ստրեսից է ու այդ պատճառով է այստեղ: Այսօր չկար, երևի հիշողության հետ չհանդիպելու համար տեղափոխվել է:

– Դուք էլ էիք այցելում լողավազան,- մտքերս ցրեց անծանոթ առոգանությամբ ձայնը: Առջևում կանգնած էր բուժքույրը:

Լողավազան: Յոթ հարյուր մետր:

Հռթիռի արագությամբ կողքիցս սուրաց ամբողջովին սև լողազգեստապատված կինը: Փորձում եմ հասկանալ, ևս մեկ ուրիշը` Վերջինիա տեսակի սուզանավը գալիս է ընդառաջ, լսվում են անհասկանալի բառեր… հարևաններն են եկել արձակուրդի: «Մահմեդական» լողազգեստը ամբողջովին փակ է ու ավելի գայթակղիչ բան հնարավոր չէր հորինել: Հաջորդ օրը, ջաքուզիում կանայք քննարկում էին համամի անցուդարձը, երբ առանց լողազգեսի «այլադավանները»  մտել էին կանանց սպա գոտի, նրանք այնքան վիրավորված էին զգացել իրենց, որ հեռացել են:

– Ինչի, իրենց երկրում այդպես են պահում,- փնչաց հաստլիկը:

– Ուրեմն շատ գեղեցիկ էին,- եզրակացրեց տղամարդկանցից մեկը:

Հեփփի Նովրուզ:

– Ամուսնացա: Մեկնեցինք Հանովեր: Մեկ տարի ապրեցի: Տխուր տարի էր, մի տեսակ տեղս չէի գտնում, շատ օտար էի: Թվում է ամեն ինչ լավ պետք է համարվեր, հոգս չկար, անելիք չկար: Սեր չկար: Երևի չկար: Լողավազանը միակ տեղն էր, որ լավ էի զգում: Բոլորը անծանոթ, ոչ մեկը մյուսին չի սքանում: Այնտեղ ենք հանդիպել,- հարցական նայեց բուժքույրը:

Իմ լռությունը ընկալվում էր չարտահայտված երկրպագուի և պատահականության բերումով կրկին հանդիպած, ինչ որ բանի սկիզբ…ես մատով թեթև հպվեցի դաստակին: Աչքերիս նայելով ձեռքը քաշեց:

– Ես Հանովերում չեմ եղել: Համաձայն եմ, մռայլ պատասխան էր:

Տարիներ շարունակ ես երազում էի թուրքական հեքիաթային բաղնիքի մասին: Ես անպայման պետք է համտեսեի այդ պտուղը: Քանի- քանի անգամ երզում տեսել եմ, ինչպես եմ պառկած մարմարե ավազանում, շրջապատված դրախտային անուշահոտերով, հետո թանձր գոլորշու մեջ ընդարմացած, տասնյակ մատիկներ սկսում են քեզ տրորել, քերել, ճզմել: Դու տարալուծվում ես նրանց թաթերում, որից հետո կախարդական գորգի վրա սավառնում ես դեպի սուլթանական դիվան, ընկղմվում ես կարապե փետուրներով հարյուրավոր բարձերի մեջ, սուրճի զգլխիչ հոտը և նարգիլեն ռմբահարում է գիտակցությունդ և անդառնալիորեն համոզվում ես, որ դրախտ կա: Հատված հարյուրհիսուն տարի առաջ Մարկ Թվենի գրառումներից: Դեպի արևելք ճանապարհորդության ժամանակ նա այցելում է Ստամբուլի բաղնիքներից մեկը:

Հանվեցի ինչ-որ խցում:

Ազդրերի շուրջ գույնզգույն սփռոց փաթաթած, մրոտ բաղնիսպանը վրաս սպիտակ մի լաթ գցեց և առաջնորդեց խոնավ սանդուղքով վար:

Սոթլիկ աստիճանների վրա, կրունկներս հայտնվեցին օդում, որը շրջապատի կողմից ընդունվեց որպես առաջին մկրտություն: Ինձ տվեցին նստարաններ հիշեցնող փայտե մաշիկներ, որը ոտնաթաթին ամրանում էր կաշվե փոկերով: Վիճակը էլ ավելի ծանրացավ, քանզի յուրաքանչյուր քայլը կարող էր ավարտվել բազմաթիվ կոտրվածքներով: Տարօրինակ է, որ այդ ամենն արևելյան բերկրանքի անբեկանելի մասն է: Այդպես հասա մեծ գոմ հիշեցնող մի տարածք, պատերի տակ ծղոտե դագաղների նման նստատեղեր էին: Կմախքանման մեկը մեկնեց նարգիլեն, ճիշտ այն տեսքով ինչպես սուլթանն է պատկերված բացիկներում: Մի քաշից հետո ծուխը ներխուժեց ստամոքս, թոքեր, ես սկսեցի հազալ հրաբխի նման, չէի հանգստանում, կարծես ծխացող տուն լինեի: Ավելի զզվելի ու անօգնական զգացողություն չեմ ունեցել: Մարմարե այդ զնդանից հետո ինձ տարան գոլորշիով լեցուն մի տաք խուց: Քիսաչին հագավ կոպիտ ձեռնոցը ու սկսեց ոտից գլուխ քերել: Ինձանից ինչ որ անդուր հոտ էր տարածվել, երևի ժամերս հաշված են: Սպիտակ, երկար կաշվե գլանակները թափվում էին վրայիցս ու ես աստիճանաբար բարակում էի: Հետո պատեցին օճառափրփուրով ու գլխավերևում շառաչեց ձիու պոչ հիշեցնող մտրակը: Մտրակով հալածելուց հետո քիսաչին անհետացավ: Միառժամանակ հետո, սպիտակաթույր արձանի նման գնացի նրան որոնելու ու գտա կողքի սենյակում քնած: Անակնկալի չեկավ, տաք ջրով պարզաջրեց և տեղավորեց մեծ սրահի ցանցապատ հովանոցում: Նորից հրամցրին նարգիլե, ես կտրուկ հրաժարվեցի: Մատուցվեց հանրահայտ սուրճը` այս ըմպելիքը գովերգող պոետների քանակը անհաշիվ է, այն իմ վերջին հույսն էր և կրկին խաբեյություն: Բարբարոսության իսկական նմուշ` թանձր, սև, զզվելի հոտով ու համով այդ «բերկրանքը» լռվում է կերակրափոխի մեջ, որից շարունակ հազում ես: Մարդը, որը կարող է հաճույք ստանալ այդ ամենից, փառաբանել և գովասանքներ հյուսել, աչքակապության խորհրդանիշ է: Չկա ավելի ձանձրալի, սարսափելի ու սրտխառնոց առաջացնող բան աշխարհում: Շատ կուզեի հանդիպել հիացած այդ ճանապարհորդներին:

Լողավազան: Հազար մետր:

Լողաոճը մարդաբանության էվոլյուցիայի հրաշալի միջոց է: Լինելով Ադամի ուղիղ ժառանգները մեզանում տարածվածը շնալողն է, այն նույնիսկ հայկական ենթախումբ ունի, գասպարալող: 40000 տարի է մարդը հողի վրա է, բայց չի մոռացել:

– Մրցենք սուզված: Ով ինչքան երկար…

Հագնում ենք լաստերը:

– Ledis the frst: Նա պոկվեց: Գնաց- գնաց- գնաց մինչև կեսը: Հիմա ես: Խորը շունչ, դանդաղ արտաշնչել, կարծես վատ չի ստացվում: Չհասա:

– Դուք չեք սուզվում, ուղղակի գնում եք ջրի տակով:

– Մեկ շաբաթից կրկին կփորձենք:

Միջնադարից հայտնի էին հայկական բաղնիքները: Մասամբ պահպանված են` Գառնիում, Դվինում, Զվարթնոցում, Լոռի Բերդում, Ամբերդում, Անիում, Կարինում:

1673 թվականին, Երևանի մեծ երկրաշարժից վեց տարի առաջ, ասպետ Ժան Շարդենը իջևանեց Երևանում:

«Այս բաղնիքները, բացառությամբ բերդի ներսի խանական բաղնիքի, գտնվում են անմխիթար վիճակում, նրանք ոչ թե մաքրության, այլ վարակի ու հիվանդության բուն են»:

Մինչև անցած դարի վերջը, կինո Մոսկվայից ոչ հեռու, աղյուսաշեն կլոր շինություն կար, ասում էին թուրքի բաղնիք, գետնից ցածր դուռը շղթայով փակ էր, մենք` Լյովը, նրա ավագ եղբայր Գեղամը, բարձրանում էինք կլոր տանիքի վրա ու հանում թուլացած աղյուսները: Խոնավության հոտը դուրս էր հորդում, մութ- մութ էր: Հետո նման գործող բաղնիքներ տեսա Թբիլիսիում: Փարաջանովը մի մեծ տեսարան ունի «Նռան գույնը» ֆիլմում: Մանկահասակ տղան նայում է երդիկից, ներքևում մերկ կանայք են, կաթնաջուրը, թե սերմնահեղուկը ծորում է կրծքի վրայով: Մանկահասակ բոկոտն աղջիկները, կրունկներին ապարանջաններով վազվզում են թաց գորգի վրայով ու ջուր են լցնում: Պատմում էին, որ այդ դրվագի համար ռեժիսորը պահանջել է բերել կույս քրդուհիներ: Չեմ նախանձում ասիստենտին:

– Հարսի բաղնիս:

– Փեսա բաղնիս:

– Տղամարդկանց օր, կանանց օր, ընտանիքի օր:

1895 թվականին Երևանում Օրիենտ հյուրանոցի, Թիֆլիսի առևտրային բանկի մասնաճյուղի հետ միաժամանակ բացվեց եվրոպական առաջին բաղնիքը: Այն ուներ առանձին սենյակներ:

Լողասենյակի վերևում գտնվող լուսամուտի ապակին շրջանակից նեղ էր, երևի գոլորշին դուրս գալու համար: Նա ամեն շաբաթ գալիս էր լողանալու, սիրում էր, որ ջուրը տաք լինի, շատ տաք, ապակին անմիջապես քրտնում էր: Ապակու մյուս կողմում խոհանոցն էր, այդ ընթացքում այնտեղ կերակուրներ էին պատրաստվում և օճառի ու յուղի հոտը, դանակ պատառաքաղի անցուդարձի հետ կախվում էին առաստաղից: Նա մեջքով էր լուսամուտին, մի անգամ, երբ օճառը պլստած թևատակից ու ընկավ կիսով չափ լցված լողարանի մեջ, տարօրինակ զգացում ապրեց, հայացքի նման մի բան, պարանոցի վրա, սկզբում թվաց ջուրը ավելի տաքացավ, ու օճառը դանդաղ որոնելու ընթացքում հստակ զգաց, որ իրեն նայում են: Կտրուկ շարժումներ չարեց, դանդաղ կանգնեց լողարանի մեջ, դեռ մեջքով էր դեպի լուսամուտը: Սկսեց օճառել երկար մազերը ու շատ դանդաղ շրջվել դեպի ապակու ճեղքը: Քրտնած, կաթիլապատ ապակու ետևում լռություն էր (խոշորացում), նեղ ճեղքի խորքում մեկ բաց աչք ու արագ շնչառություն: Այդպես դեմ դիմած աչքեր:

Ամեն շաբաթ նա գալիս էր լողանալու:

Լողավազան: Հազար հարյուր մետր:

Տղամարդիկ ջաքուզիում:

– Էս մաքրարարների մուգ արտահագուստը առնետների է հիշեցնում:

– Երեկ պառկած եմ համամում, մտավ ու սկսեց լվալ հատակը:

– Անցյալ օրը հանգստի սենյակում ջրով գրաֆինից ձեռքով լիմոն էր հանում:

– Ամեն անգամ տատմոր նման հարցնում է,- լավ չարչարվար, ախպերս:

– Ոչ մի կերպ նիհարել չի լինում:

– Ուտելուց հետո կես ժամ ջուր մի խմեք: Պատկերացրեք, ստամոքսը տաք կաթսա է, սկսում է խժռել կերակուրը, իսկ դուք վրան սառը ջուր եք լցնում, կերակուրը լիարժեք չի մարսվում, վերածվում է ճարպի:

– Ես օրը երկու անգամ մեղրախոտի թուրմ եմ խմում, երկու ամսում տասը կիլո վառեցի:

– Ասում եմ շոգեբաղնիսը անորակ լուծույթներով են մաքրում, երբ մտնում ես, հասարակական զուգարանի տպավորություն է, մանավանդ էդ տաքության մեջ: Չգիտեմ ինչ մենեջեր էր, ասում է կփոխանցեմ: Դուք չպետք է փոխանցեք, պետք է զբաղվեք:

– Միշտ պատասխան ունեն, երեք շաբաթ է ասում եմ, մի տետր դրեք գրենք մեր առաջարկությունները, մինչև հիմա չկա: Նույնիսկ չեն հասկանում, որ գրելով դու լիցքաթափվում ես:

– Ուրբաթ գնում եմ Իտալիա, երկու շաբաթով աբոնեմենտը սառեցնում եմ, հայտարարեց կինը և դուրս եկավ փրփուրներից, որի վտիտ ազդրերի միջից կեսօրվա սառը արևը շողրձակեց:

Լողավազան

LA PISCINE, 1969

Նրանք կրկին հանդիպեցին, Սան Տրոպեում, բաժանումից վեց տարի անց: Մարիանը և Ժան-Պոլը հանգստանում էին լողավազանով շքեղ առանձնատանը: Ծովափը հեռու չէր, բայց նրանք լողավազանից հեռու չէին գնում: Օրը լեցուն էր տապով ու սիրով: Արևահարված գեղեցիկ մարմիններ, սիրառատ հայացքներ: Մի առավոտ երկար զանգում էր հեռախոսը, ոչ մեկը չէր մոտենում, հեռախոսը համառորեն զանգում էր: Հարին էր, Մարիանի նախկին սիրեցյալը, Մարսելի ճանապարհին էր, դեռահաս դստեր` Պենելոպայի հետ: Մարիանը հրավիրեց հյուրընկալվել: Նախկին սիրեկաններ, ակնարկներ, խանդի ելևեջներ, անմեղ թվացող խարդավանքներ, վաթսունականների գժություններ, Ժան- Պոլ և տասնութամյա աղջնակի` Պենելոպեի սիրո պոռթկում, (ինչ գրավիչ տձևություն ունի է այստեղ Ջեյն Բիրկինը` (մեկնաբանությունը՝ հղ.) և ողբերգության ոչ մի կանխատեսում: Հարբած տղամարդկանց գիշերային վեճ լողավազանի մոտ, առավոտյան` դիակ, ջրի մեջ: Սպանություն, թե դժբախտ պատահար: Ճշմարտությունը գիտեն միայն երկուսը: Եվ լողավազանը:

Դերերում`

Ռոմի Շնայդեր, Ալեն Դելոն, Մորիս Ռոնե, Ջեյն Բիրկին:

Ռեժիսոր` Ժակ Դերե, կոմպոզիտոր` Միշել Լեգրան

Ջուրը սկսեց կանաչել:

Լողավազանի թափանցիկությունն ու մաքրությունը պահպանելու համար ջրի pH (pondus Hydrogeni) լուծույթում ջրածնի իոնների ակտիվության մեծությունը, որը բնութագրում է լուծույթի թթվայնությունը, լողավազանում չպետք է 7.4 աստիճանից ավել կամ պակաս լինի: Հին եղանակներից հայտնին քլորն էր, հիմա կան իոնացման տարբեր համակարգեր, ինչպես նաև խառնում են լուծույթներ` տարածված ու մատչելին ջրածնի պերօքսիդն է H2O2 Hydrogen peroxide, իսկ ջրի կանաչելու դեմ հրաշալի գործում է Desalgin- ը:

Ականակիրներ:

Ավելի շատ մարդ էր ներգրավվում սուզալողում: Երկու շաբաթվա մարզումներից հետո երևաց դիմացի պատը, սկզբում` աղոտ, հետո` ավելի մոտ ու մեկ էլ` միանգամից, այնպես որ բախումը անխուսափելի էր:

– Պետք է սովորել ընթացքից շրջադարձ կատարել:

– Գուցե անվադողեր կախենք պատերին…

– Կամ սաղավարտով լողանք:

– Նոր «շնաձուկ» է հայտնվել, միայն դաջված ուսերն են երևում, երեք կմ անվերջ կռոլում է:

– Երկու շաբաթ արգելում եմ մարզումները, մինչև Իտալիայից չգամ ոչ մի գլուխկոնծի ու սպորտային այլ նախաձեռնություններ:

Հանգստյան օրերին գալիս են նախնիները, իրենց «քոփի փեսթերի» հետ: Տրամադրությունը մռայլ հանդիսավոր է, հստակ կարելի է փաստել, խնձորը խնձորենուց ձորը չի ընկել:

Մայիսին երկար հանգստյան օրեր կային, գրասենյակի մենեջերը, որը սպիտակաբաշ վիկինգ էր ու արդեն վեց ամիս աշխատում էր Հայաստանում, հրավիրեց մեկնել Հորդանան: Ընկերուհիները խորհուրդ տվեցին չմերժել.

– Սիրուն, պարկեշտ մարդ է, դու էլ՝ անմարդ, երեխայով:

– Մի քանի օր կանցկացնեք, դուրդ չի գա, չի գա, բայց կհանգստանաս, թե չէ լրիվ սմքել ես:

Հյուրանոցը Մեռյալ ծովի ափին էր, տարածքում յոթ լողավազան կար` երկու փակ, բաց տաքացվող, բնական ծովի ջրով, քաղցրահամ ջրով, ջրվեժով, սահանքներով ու…Լողասենյակում կինը հագել էր նոր գնված խորը բաց մեջքով լողազգեստը և հայլու մեջ նկատեց ողնաշարին հորզոնական ձգվող եղունգների հետքեր: Լողազգեստը շատ ռումբ էր, մեջքի խազերն էլ…ցնցիչ:

– Իջնենք լողավազան,- լսվեց սենյակից վիկինգի ձայնը:

Առաջին անգամ էին միասին, առաջին անգամ պետք է գիշերեին, հաստատ ուզում էր լողավազանում չափչփել:

«Էս որտեղ եմ քսվել… Հիշեցի, ես էի քորվում…լողավազանի քլորը ավելացրել էին:

Ինչ կմտածի»:

– Լողազգեստս չեմ գտնում, վաղը գնանք: Ներսից պատասխանեց կինը: Այստեղից մի փակ բան կգնեմ:

Երեկոյան գնացին ծովի մոտ գտնվող սրճարանում ընթրիքի: Հեռվում Երուսաղեմի լույսերն էին, մի քիչ սառը քամի էր, Վիկինգը մեծ շարֆեր բերեց ու կարմիր գինի: Շատ սիրալիր էր:

– Նայեցի՞ր «Խոստումը» ֆիլմը,- հարցրեց Վիկինգը:

– Դեռ չեմ հասցրել:

– Ես չհասկացա: Տղան հորեղբորն ասում է՝ գյուղում ես նշանած ունեմ, որի հայրը իմ սովորելու համար չորս հարյուր ոսկի է տվել, ես խոստացել եմ, որ կվերադառնամ ու կամուսնանանք: Հորեղբայրն էլ, թե՝ վեցհարյուր ես կտամ, ուղարկիր այդ աղջկան, դու էլ Աննային առ: Իսկ Աննան իր հերթին սիրած ունի կամ նման մի բան: Ու Ստամբուլում բոցավառվող հայերի տների արտացոլանքի տակ Նա` խոստում տվածը, Աննայի հետ սիրաբանում է: Ինչ եղավ խոստումը, թուրքերն էլ փողոցում բղավում են դավաճաններ ու սպանում, թալանում, արտաքսում են:

– Պետք չէ հանցագործության պատճառաբանություններ մոգոնել,- սրտնեղեց կինը:

– Բայց փնտրենք պատճառները, ում կողմից էին հայերը:

– Նրանք ընտրություն չունեին, ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները գրոհում էին, իրենք հարյուրամյակներով երկրորդ տեսակի մարդիկ էին իրենց իսկ երկրում…

– Բայց կուտակել էին հսկայական կապիտալ:

– Ոչ հատուկ արտոնությունների, այլ բացառապես իրենց (փնտրում է համապատասխան բառ) տաղանդի շնորհիվ:

– Նույն երկրում, որի վախճանի մասին ամեն օր աղոթում էին:

– Այնուամենայնիվ հանցագործությունը արդարացում չունի:

– Իսկ դուք նրանց տեղը ինչպես կվարվեիք:

– Արի վերջացնենք այս անպտուղ խոսակցությունըը, այսօր Եվրատեսիլի կիսաեզրափակիչն է,- փորձեց շեղել թեման կինը:

– Հետո ինչ,- քթի տակ փնչաց Վիկինգը:

– Հայաստանը մասնակցում է, շատ անուշիկ աղջիկ է ու նա կհաստատի մեր ապրելու իրավունքը:

– Բայց Ռուսաստանին արգելեցին մասնակցել:

– Հետո ինչ:

– Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, պատկերացրու քո բարեկամին կամ հարազատին հարսանիք չեն կանչում ուրեմն դու էլ չպետք է գնաս: Նրանք վիրավորում են նաև քեզ: Ինչպես ուրախանալ, երբ քո հարազատին նսեմացրել են, ես ճիշտ չեմ,- հաղթական հորդաց Վիկինգը ու հասկացավ, որ այս ուիք ենդը կանցկացնի բազմոցին միայնակ:

Լողավազան: Հազար հինգ հարյուր մետր:

– Կառավարչին փոխել են:

– Միևնույն է:

– Չէ, կտեսնեք, ես նորին ճանաչում եմ:

– Գիտեք, նախորդը մի փեշ փող էր ստանում ու բոլոր աշխատողներից էլ ատկատ էր վերցնում:

– Հետո ինչ:

– Հարևանս տունը չէր կարողանում ծախել, էդ ժամանակ էլ Շվեցարիաայից մի ծանոթ էր եկել, այդ տունը շատ հավանեց, ես էլ առաջարկեցի գնել: Գիտես ինչքան եմ փոշմանել:

– Փայ չտվին:

– Չէ, առավոտից գիշեր «բուլղարուհին» ղժժում է:

– Գիտեք «բոլգարկայի» անեկդոտը: Կինը սկանդալ է անում, երբ ամուսնու գրպանից գտնում է խանութի կտրոն` երկու ալմաստե դիսկ բոլգարկայի համար:

– Երեկ սևամազ կապույտ երանգներով ժպտերես ու մտահոգ մի կին էր անցնում, բարևում է ու հարցնում,- դուք ինձ չեք հիշո՞ւմ: Հարցական նայում եմ:

– Դուք մեր տանը եղել եք, ես փոքր էի:

– Ես թափառող սկլերոզ ունեմ: Մի օր էլ բանկի աշխատակցուհին է հարցնում` ինձ չեք հիշում, հարցական նայում եմ: Ես ձեր տանը գիշերել եմ: Ինձ հետ, հարցնում եմ: Չէ, ձեր ընկերոջ: Սևավահերը շարունակում է:

– Այն ժամանակ ես ասացի, որ մեծանամ ձեզ հետ կամուսնանամ: Երբ մեծացա, հասկացա, որ շանս չունեմ, բայց պատահաբար ծանոթացա ձեր տղայի հետ ու մտածեցի, որ երազանքները կարող են իրականանալ:

– Իրականացան:

– Չէ, ինձանից բոլորը փախչում են: Չեմ հասկանում՝ ինչու: Ես այնքան սիրառատ եմ, նվիրվող, բայց դա չի գնահատվում: Կինը արցունքակալեց ու կարմրեց: Ներեցեք: Երևի ես չեմ կարող իմ կողքին որևէ մեկին պահել, մանավանդ հիմա: Աշխատում եմ Կատարում, ինձ շատ գնահատում են, բարձր վարձատրություն, Հայաստանում մտածում եմ լեռնային կերակրախոտերի չորանոց ու արտադրություն հիմնել: Գուցե մի երեխա էլ ունենամ ու չգիտեմ ինչու եմ ձեզ պատմում:

– Ցանկությունները բարձրաձայնելու համար:

– Կարող եմ մի անկեղծ հարց տալ:

– Փորձեք:

– Ձեզ դուր է գալի՞ս մազերիս գույնը:

– Ղառի դամա անվանակարգում հաղթող կճանաչվեք:

– Այդպես էլ գիտեի:

– Դուք ուզեցիք:

– Կարծում ես ոտքերս գեղեցիկ են:

– Այո:

– Քեզ դուր են գալիս կրունկներս:

– Այո:

– Իսկ ծնկներս,- այո,- ազդրերս նույնպես: Մեջքս, տուտուզս…

– Շատ:

– Կուրծքս:

– Անսահման:

– Ուսերը, ձեռքերը, դեմքը:

– Նույնպես:

– Ես քեզ դուր եմ գալիս:

– Այո:

Այս երկխոսությունը նկարվեց, երբ ես նոր էի ծնվել: Բրիջիդ Բարդոն և Միշել Պիկոլին նորապսակներ են` Ժան-Լյուկ Գոդարի ֆիլմում: Իններորդ դասարանում նույն նստարանին Նարինե Բեգլարյանը ծնկի վրա գիրք էր կարդում: Կռացա… – Դու չես հասկանա ու փակեց: Շապիկին Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»: Ֆիլմը հենց այդ վեպի հիման վրա էլ նկարահանվեց: Սովորական եռանկյունի է` սիրո, անվստահության, խանդի, կասկածի, թուլությունների և բաժանման: Այստեղ Բ. Բ.-ին Կապրիում մերկ լողում է, նա ազատ է քաղքենիությունից, ամուսնուց:

– Դուք Բրիջիդի նման եք լողում:

– Շնորհակալություն,- պատասխանեց կարմիր լողազգեստով կինը՝ չհասկանալով լավ է, թե վատ:

Կազդույրի գոտում զգլխիչ հոտ էր թևածում: Չլինի միսս Առոման վերադարձել է, ու դիմացս հայնվեց Առոման:

– Շատ ուրախ եմ:

Նա երկար, փայլուն ժպտում էր:

Շոգեբաղնիս մտան գործարար բլոկից երկուսը, մտան խոսելով, ու այնքան գործարար էին, որ իրենց պատմությունից բացի ոչինչ չէին տեսնում:

– Էդ մարդուն բոլորը Պիկասո են ասում, ոչ թե նմանության, այլ աբստրակտ մտքերի համար: Մի հինգ տարի առաջ սկսել էր շինշիլա պահել:

Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։ Բութ եղունգներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24- 30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։ Մեջքի և կողմնային հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը երկար են և կոպիտ։ Շինշիլաները ապրում են գաղութներով Անդերում (2- 4 հազար մետր բարձրության վրա)՝ ՊերուիՉիլիիԲոլիվիայի և Արգենտինայի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2- 3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1- 5 ձագ)։ Խոշոր շինշիլայի հղիության տևողությունը՝ 120, իսկ փոքրինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6- 7 ամսականում և կարող են բազմանալ մինչև 10- 12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շինշիլաները արդյունագործության օբյեկտ են:

Պիկասոն ասում էր, որ շինշիլայի մորթին Եվրոպայում լավ գին ունի, հասցրել էր հազար հատի ու մեկ էլ շուկա է մտնում Չինաստանը, մի քանի հարյուր հազարով ու արտահանելը դառնում է անիմաստ: Պիկասոն սկսում է բաժանել խանութներին, նվիրել, փորձել սաղացնել նորաթուխ գործարարների վրա: Վերջին հիսուն հատի հետ նույն սենյակում էր ապրում, քանի որ առանձին տարածք տաքացնելու փող չուներ: Մի խոսքով հազիվ ազատվում է ու մի գիշեր զանգ` – Ախպերս, լսել եմ շինշիլա ունես, հարմար գնով մի հինգհարյուր հատ կառնենք, քեզ էլ կոնսուլտացիայի համար կվճարենք: Պիկասոն մտածում է, թե ինչ որ խմած ծանոթ է, գիշերվա հազարին ձեռ է առնում, հեռախոսը անջատում է ու քնում: Առավոտ արթնանում է դարբասի թակոցից: Հիմա մինչև կբացի տես ինչ է եղել, մեկ օր առաջ Պրայմ մինիստրը հանդիպում է ֆերմերների հետ, բա ինչ կա չկա, ծրագրեր ունեք` չունեք, երազանք ունեք` չունեք: Սրանք էլ` մի կով չենք կարում պահենք, ուր մնաց… Կով չեք կարողանում պահել, շինշիլա պահեք, համ հեշտ, համ շահութաբեր: Ու սկսվում է…Պիկասոն մի շաբաթ չդիմացավ: Հիմա արդեն ասոցացիա կա, պետական աջակցություն, սեմինարներ, հատուկ վարչություն, պետ, օգնական, արտասահմանցի խորհրդական, գործուղումներ ու ներկայացուցչական ծախսեր: Այսօր առաջին ցուցահանդեսի բացումն է:

Հոգեբուժարանը Գետառի ափին էր: Մեզ արգելված էր գետը անցնել, այնտեղ խուժան թաղեր էին: Երբ կառուցվեց Դինամո մարզադաշտը մեծերի հետ գնում էինք ստադիոն և գժերը ճաղավանդակներից ուղեկցում էին, ինչ որ բան խնդրում կամ հարցնում խաղի հաշիվը: Վաղ գարուն էր, սրթսրթան օր, բեռնատարը փնչած շենքի մոտ, բժիշկը դուրս եկավ, հաշվեց մի մատ բարդիների խուրձը:

Սկսեցին փորել դատարկ տափարակը, գժերը մեծ ոգևորությամբ էին աշխատում:

– Էդ ինչ եք ման գալիս,- ծաղրեց Գետառում քուջուջ անող Վասիլը:

– Ծառ ենք տնկելու:

– Որ բարձրանաք վրան:

– Չէ, որ ստվերում նստենք:

Մի քանի տարի հետո հոգեբուժարանը տեղափոխվեց Նորքի նորակառույց շենք, հինը քանդվեց, ծառերը մեծանում էին: Արդեն թոշակառու բժիշկ Հարությունյանը գալիս էր օղակաձև զբոսայգի, նստում ծառերի տակ, սրճարանում: Հետո ծառերը սկսեցին չորանալ, ասում էին տարածքում շինարարություն են ուզում անել, սկզբից չորացնում են ծառերը, որ բնապահպանները չաղմկեն: Ի վերջո ինչ որ բետոնե սյուներ հայտնվեցին, հետո մի օր ծածկը փլուզվեց, բանվորներից մեկը զոհվեց, շինարարությունը երկար ժամանակ սառեցվեց:

Տարիներ անց նույն տեղում անտեսանելի արագությամբ սկսեց վեր հառնել ապակեպատ շինությունը, զուգահեռ խնամքով և բանիմաց կանաչապատվում էր տարածքը: Շենքի վրա հայտնվեց անհասկանալի անվամբ հյուրանոցի անունը և երկնիշ թիվ:

– Էս կառուցողի ծննդյան թիվնա՞ ա, թե տարիքը,- աշխատող բանվորին հարցրեց շիշ հավաքող մուրացկանը:

– Չէ, սենյակների քանակն է:

– Առըհա, գժանոցում էլ էդքան կռավատ կար:

Մայիսի վերջին թութը հասավ, մեր մանկության թթենին ճանապարհի վրա ճկված էր, հոտը… զզզզզզզզզզզզզըգը: Գիտեք ծառերն էլ ազգային ինքնության կնիք են, օրինակ սոսին, բարդին կամ ծիրանը. այսօր տրենդում` ճապոնական գաճաճությունն է, այս ամենը հետաքրքիր է Ֆուզիյամայի ֆոնին, բայց ոչ Մասիսի, իսկ եթե այդքան կրեատիվիտի եք ուրեմն Կարբիի Իշխանի տնկարանից առեք կարմիր ծիրանենիներ ու դա բոց կլինի:

Լողավազան: Հազար յոթ հարյուր մետր:

Այստեղ կան թրջվողներ, շլմփացնողներ, նայողներ, հազար, երկուհազար, երեքհազար մետրանոցներ ու կախվողներ:

– Դուք խմբակային պարապմունքներին չեք մասնակցում,- ասաց վաթսունականների ամերիկյան հեռուստատեսության «ժպտացող բերան» հերոսուհիներին հիշեցնող կինը: Որը արհմիության նախագահի մտահոգություն ուներ:

– Ես չեմ մասնակցում խմբակային աղոթքին, սեքսին ու…քանի որ կազմակերպված խմբակային ամեն ինչի պատիժը կրկնակի է:

– Շատ լավ մարզիչ է.- էդ գրավիտացիայի կամ հակագրավիտացիայի խումբը վարում:

– Մարզիչը հետաքրքիր է ձեզ, ինձ մարզչուհիներն են գրավում:

– Տղամարդու մասին չէ խոսքը, այլ…մարզիչի:

– Միևնույն է, ես հստակ սեռական կողմնորոշում ունեմ:

– Վաղը տասին գնում եմ կախվելու:

– Վաղը, կախվելու (նկատի ունի հակագրավիտացիայի պարապմունքը) ժամը տեղափոխել են տասնմեկին:

– Տասնմեկին չեմ կարող, գնում եմ առաջին իմպլանտին ներառելու, արդեն անուն էլ եմ մտածել:

Ատամնաբուժուհու մեծ աչքերը, դիմակի տակից, երկու հալոգենների նման աշխատում էին սեղանատամի վրա:

– Դուք երազում տեսնելու եք այս ատամը:

– Ես երազ չեմ տեսնում:

– Իսկ ես մի ճիշտ բառ գտնելու համար դեգերում եմ երազներում:

Հաղորդագրության ազդանշան:

Տեղեկացնում ենք, որ (ամիս- ամսաթիվ) բացօդյա լողավազանը իր դռները կբացի արևային հանգիստն ու երաժշտությունը գնահատողների առջև:

 Կարմիր լողազգեստով, դեղին գլխարկով, սև ակնոցով նա առաջինը ընկղմվեց: Ջուրը սառն էր ու հաճելի, ծիծեռնակները երջանիկ, դիմացի շենքի բնակիչների շաքարը գիշերվա սաունդ չեքից հետո բարձրացել էր:

– Ինձ դուր է գալիս հակախեղճության բոլոր դրսևորումները:

– Բայց այս ամենը քչերին է հասանելի:

– Երջանկությունը էժան ապրանք չէ:

– Մարդիկ հավասար են արևի տակ:

– Մի անտեսեք ստվերի գոյությունը:

– Հիմա կանայք կհագնեն նոր լողազգստներ, կյուղվեն ու կգան այֆոնով խոսելու:

– Մեր կանայք իրենց պատանեկության ծաղկեփունջ առանձին տրիկոտաժե լողազգեստներից չեն կարողանում բաժանվել՝ մոռանալով թե՛ սեփական ցելուլիդի, թե՛ բասկետբոլի գնդակ հիշեցնող ստինքների մասին, որոնք հեսա դուրս կթռնեն արդեն ժամկետանց լողազգեստից: Միայն չսկսեք, թե նրանք մայր են, տատ են, մորքուր կամ հորքուր:

– Ես չէի սպասում, որ այդքան չարն եք: Իսկ չսափրված տղամարդիկ, իրենց ճարպոտ փորով, հոտավետ բերանով ու կախ ընկած…

– Ոռով: Փաստորեն դուք էլ եք հետևում:

Բացօթյա լողավազանը կարծես երկուսի համար ստեղծված լիներ, նրանց մարմինները ճեղքում էին արևի ճառագայթները, սեփական ստվերը սուրում էր առջևից, վերևում ոչ թե առաստաղ էր այլ ծիծեռնաերկինք, իսկ կողքերից էլիտար ագրեսիա: Փակ լողավազանը հիմա հիշեցնում էր հատուկ խնդիրներ ունեցող մարդկանց տարածք, որտեղ տաք էր ու անօդ:

Հա մեկ էլ ցուցանակներ հայտնվեցին` բացօդյա լողավազան, հարցնում եմ՝ ինչու եք դ- ով գրել, զարմացած հարցնում են օդ է չէ: Սիրելիս, հիմքում ոչ թե օդն է, այլ օթևանը, օթյակը, տարբեր բառեր են:

– Մտածել եք, ինչու սինքրոն լողը երկսեռ չէ, իսկ սինքրոն ջրացատկը երկսեռ է:

– Ինչու կանայք, երբ զանգահարում են, ծոր տալով հարցնում են,- ուր ես, հաստատ իմանալով, որ ճշմարտությունը չեն լսելու: Հետո էլ, «Լավ, կյանքս»,- զզվելի է, չէ:

– Մենք գիշերային կամ գիշերով ձկնորսության ենք գնալու:

– Ես գնացի լաստեր գնելու, իմ ոտքով հարմար բան չկար: Վաճառողը ասում է,- մի քիչ հագնեք, կբացվի:

– Վաղը լիալուսին է, իսկական ձկնորսական գիշեր:

– Չեմ հասկանում, ինչպես կարելի է ժամերով նստել ջրի դիմաց:

– Լյարդի համար շատ օգտակար է:

– Լողալը ինչ որ խնդրի հետ է կապված:

– Չէ, նպատակի: Ուզում եմ անցնել Լա Մանշը:

– Դուք էլ եք արտագաղթում:

– Շատ ջղայն եմ, բացօթյա լողավազանը այսօր փակ էր, գոնե զգուշացնեին:

– Երևի, կսառեցնեմ աբոնեմենտս:

– Մուտքի հայտարարությունը կարդացիք` երկուշաբթի- չորեքշաբթի և ուրբաթ օրերին կեսօրից մեկ ժամ լողավազան մուտքը միայն կանաց համար: Հարցնում եմ այս ինչ գենդերային անհավասարություն է, պատասխանում է, թե շատ ամուսիններ չեն ուզում, որ իրենց կանանց ուրիշները տեսնեն:

– Ճիշտ են անում, տեսնելու բան չկա, բայց կարող են տեղափոխվել Թեհրան:

– Բա իրավունքներից են խոսում, հավասարությունից ու…

– Իմ ընդմիջումը հենց այդ ժամին է, հիմա ինչ անեմ:

– Պետք է փակեմ աբոնեմենտս:

– Փոխարենը պարսկուհիները բիկինիով կգան: Տեսել եք, ինչ բոց տատուներ ունեն: Որ կինոյում կտեսնես:

– Բայց ինչ, որ հոտավետ են:

– Էս լրիվ կկվի պատմությունն է:

Իմերզիկի սարահարթի վրա, ծ.մ. երկուսուկես կմ բարձր, վիշապների տարածքն է: Վաթսունվեցը անթարթ մագլցում էր, մենք թափքում, սառած ծղրիդների նման: Հեռվից մարդիկ երևացին, երբ մոտեցանք` երկու շիկահեր, բարձրահասակ աղջիկներ էին, բազմագույն հագուստով, կարծես ավստրիական ֆիլմերից, հեծնել էին վիշապաքարերին ու իրար էին նկարում: Հետո խնդրեցին միասին նկարել, հետո խոսեցինք, պարզվեց, որ Դրեզդենից են, ուսանողներ, արձակուրդներին ավտոստոպով ճամփորդում են, ու հասել են Գեղամա լեռներ:

– Ինչ լեզվով էիք խոսում:

– Չեմ հիշում, խոսում էինք: Օրը տաքացավ, իջանք գետի մոտ, այդտեղ մի փոքր ջրվեժ կար: Աղջիկները հանվեցին ու մտան…

– Կինո եք պատմում:

– Սովետի ժամանակ նման կինո չկար:

– Իսկ դուք:

– Ես էլ մտածեցի, հո ջորի չեմ, հանվեցի ու մտա:

Հարցական սևեռուն հայացք:

– Դրանից հետո առիթը բաց չեմ թողնում մերկ լողալու:

– Երևի սիրում եք, որ ձեզ նայեն:

– Հայացքները կարևոր չեն: Գիտեք, երեկ երեկոյան տասին խանութի դրամարկղի մոտ մի կին հայտնվեց: Երկու լոլիկ, երկու վարունգ, փոքր խուրձ բանան ու մի շիշ կաթ: Այնքան օդային էր, բացատրեմ: Խուզած գլուխ, կանաչ տաբատի տակից առկայծող սպիտակ գարշապարիկներ, հիշեցի Դոն Ժուանին, որը գերեզմանատանը տեսել էր Դոննա Աննայի գարշապարը և սիրահարվել: Հայացքը, ուշադիր, մտքում ժպտացող ու ինքն իր հետ խոսող: Երբ մանրադրամը վերցնելիս ասաց` շնորհակալություն, ես առաստաղին նայեցի, ձայնը այնտեղից էր գալիս:

– Դուք գիտեք եզի ու ցլի տարբերությունը:

– Գիտեմ:

Լողավազան: Ցնցուղ:

Մարռլեն Դիտրիխի ուրվականը, վառ կարմիր շրթներկով, մարգարտե երկտակ վզնոցով, հսկա թարթիչներով սահում է առաջին լողուղով: Երշիկանման մի մարմին խորը ջղազգումներ է անում՝ փորձելով չսուզվել, իսկ ներքևում գաճաճ շերեփուկների վտառը բացել էր Երևան- Քոբուլեթ ջրուղին: Մարտունու կարկտահարված կարտոֆիլին կարոտող նախկին հողագործը, այսօրվա մաքրարարը, որը երբեք չէր տեսել իր կղկղանքը հիմա քերում է ուրիշինը հետո փռվում ՍՊԱ- ի էլիտար բազկաթոռին, ու ապառիկ գնած այֆոնով խոսում համագյուղացու հետ:

– Ախպերս էստեղ հղի կնիկները գալիս են լողալու, պատկերացնում ես:

Ամռան գիշերահավասարը ծանր անցավ: Կինոփառատոնային իրարանցում էր, պետք է մեծարեին երախտավորներին, հերթական սալաաստղերը տեղադրվելու էին «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում, իսկ մի քանի հարյուր մետր հեռու քանդվում էր հայկական կինոշեդեվրների ծննդատունը` Տերյանի նկարահաման տաղավարը:

– Դա ընդամենը քարերի հավաքածու է, ու պետք չէ կաղկանձել: Այն վաղուց չէր գործում ու վթարային էր, լավ է, որ գնորդ գտվեց: Թեթև նայեք կյանքին,- հայտարարեց Կինոմետրը:

– Կրունկս ցավում է, ջրային ինչ վարժություն անեմ,- հարցնում եմ մարզչուհուն:

– Ցավի պատճառը,- հակադարձում է նա:

– Անպատասխան սերը:

– Այդ դեպքում մինչև գոտկատեղը կանգնեք ջրի մեջ և թաթերի վրա վերուվար արեք:

Մեր մարզիչները սովետական սպորտի փայլուն բեկորներ են: Հիշելով իրենց ընկեր Բաբկենին կամ Հրաչին, որոնք չգիտես ինչի փայտը ձեռքին, գոռալով ստիպում էին տասը կմ լողալ: Բաբկենին կամ Հրաչին էլ մեկ ուրիշն էր այդպես մարզել, բայց այն ժամանակ լողը սպորտ չէր, այլ ռազմավարություն, օրինակ ականեր տեղադրել թշնամու հածանավերի տակ, գնդացրով անցնել Դանուբը կամ Խան Խին գյոլը: Խոսք չկար ներդաշնակության, բնության, դելֆինության մասին այլ առաջադրանք` բարձր պահել սովետական դրոշը: Քարոզչությունը ավելին էր` սովետական սոցիալիստական համակարգը պետք է գերազանցեր փթած կապիտալիզմը և մարզիրչը պատասխանատու էր ԳՌՈՒ- ի առջև: Հիմա, մարզիչի առաջին հարցը` – ինչ նպատակով էք լողում: Պատասխան` – լողալու նպատակով: Էռռոռ, բաժանորդը անհասանելի է:

Բաց լողավազանում կրքերը թեժանում են: Չսուզվող կարմիր բարձի վրա սփռված, հայկական էսթետիկ վիրաբուժության փայլուն ջրահարսը վայելում է…նրա բարձը մոտենում է աստիճաններին, զարմանքից աչքերը բացում է ու տեսնում բրդոտ հայրենակցին,- Բրդեք ինձ: Սա այնպես է հրում, որ բարձը սեփական ռեզոնանսից ցնցվում է, և «Ջրահարսը» հայտնվում է ջրում, նրա հետևից սլանում է բրդոտը, փրկարարը և կռոլիստ սպիտակամաշկը:

Հաղթեց սպիտակամաշկը, հիմա ստվերի տակ նրանք սուրճ են խմում:

Հարևան սեղանին մեկնաբանելով միջադեպը շարունակվում է քննարկումը:

– Վանում որտե՞ղ ենք մնալու:

– Որտեղ կուզենք, լճափին քեմպինգում կամ լավ հյուրանոցում:

– Սևանից մեծ է:

– Երկուուկես անգամ:

– Մի քանի օրից Սևանում լաստանավի վրա խնջույքի եմ հրավիրված:

– Ցամաքին էլ տեղ չմնաց, անցան ջրին:

– Պատկերցնում եք լուսնի տակ լողում ես մերկ աղջիկների հետ, քաղաքը կողքից ղժժում է, իսկ դուք տժժում:

– Դրա համար պետք է պահակապետի հաստիքի անցնել:

– Կարծում ես ինքը անում է:

– Անհնարին բան չկա:

– Կարծեմ լողալ չի սիրում:

Ռեժսուրա: Քննություն: Առաջադրանք:

– Ջուր, գիշեր, աղմուկ` կառուցիր դրվագ:

Լաստանավը Սևանի կենտրոնում էր: Լեցուն նշանավոր կինեմատոգրաֆիստներով, ժուռնալիստներով, տեղական բոհեմով: Ամենքի շինծու հպանցիկ ուշադրության կենտրոնում մեգա դերասանուհին էր: Նրա կողքով անցնում էին, պատահաբար սելֆիում, փոխանակում ժպիտներ: Հեռուստախումբը բացում էր լուսարձակները, տեղադրում տեսախցիկները, դրոնը փորձնական պտույտներ էր կատարում, մանիտորներում ցաքուցրիվ դեմքեր էին, հետո կադրը ֆիքսվեց ժուռնալիստի և Մեգաասղի վրա, նա հոգնած էր ու ցանկալի, ինչպես առաջին դերերից սկսած բոլոր ֆիլմերում:

– Այս տարածքը ինչ կապ ունի Նոյի հետ,- հարցնում է Աստղը:

– Երբ Նոյը եռահարկ տապան կառուցեց և Ողորմած Աստծո հրահանգով հավաքեց 146000 թռչնատեսակ, գազաններ, կաթնասուններ, երկու միլիոնից ավել միջատներ, 68 միլարդ ճանճ և մի քանի տասնյակ տոննա աղբ նրանց կերակրելու համար, սկսեց տեղալ անձրև, երկրի ջրերը բարձրացան ու տապանը սկսեց նավարկել: Քառասուն օր դեգերելուց հետո կանգ առավ Արարատի վրա ու այստեղից սկսվեց մարդկության վերածնունդը, նրա որդիներից մեկը` Հաբեթը հայերի նախահայրն է:

– Երևի շատ աղտոտ միջավայր էր այդ տապանում:

Լաստանավի սալոնի մոնիտորներով Մեգադերասանուհին ու Ժուռնալիստն էին, մնացած հյուրերը նստած էին սեղանների շուրջ, խմում էին, իրար հետ խոսում երբեմն լսում հարցազրույցի պատառիկներ:

– Ես սիրում եմ անորոշությունը, որովհետև այն վտանգավոր է, վախենալու, իսկ վախը հաղթահարելը հրաշալի զգացողություն է: Գոդարը ինձ հրաշալի դաս տվեց, ես քսան տարեկան էի, երբ նկարվեցի ու իմ ընկալումները կտրուկ փոխվեցին:

– Որն էր դժվար շրջանը…Տեշինեի  «Հանդիպման» կինոփորձերից հետո ես մերժում ստացա, քանի որ պրոդյուսորի համար անհայտ ու անփորձ դերասան էի, թեև ռեժիսորը ուզում էր, որ ես նկարվեմ: Ու այդ անորոշությունից, անարդարությունից լացակումաց դեմքով հայտնվեցի պրոդյուսորի գրասենյակում:

– Ալան Թերզյանի:

Պաուզա:

– Լավ, ասաց: Երեք օրից սկսվեցին նկարահանումները: Իմ առաջին գլխավոր դերը, քսան տարեկանում ու ես ավելի քիչ էի վարձատրվում քան դիմահարդարը:

– Լեո Կարակս, Ֆիլ Կաուֆման, Քշիշտոֆ Կիսլևսկի, Աբաս Քյառոստամի, Ակրամ Խան…

– Ես սիրում եմ աշխատել տարբեր ռեժիսորների, հուզաշխարհների…Աշխարհին նայող տարբեր հայացքների հետ:

– Ինձ համար ծիծաղելի են մրցանակները, այդ փայլփլուն խաղալիքները: Օսկարի ժամանակ ես երկու բառ ասացի, որ պատրաստ չեմ խոսքի, քանի որ վստահ էի, որ ուրիշն է ստանալու:

– Բոլոր տաղանդավոր ռեժիսորները վստահում են դերասաններին: Ի դեպ այն փաստը, որ ռեժիսորը խցիկի կողքին է, ոչ թե ինչ-որ տեղ մոնիտորի առջև, ազդում է մեր ինքնազգացողության վրա: Նկարահանման հրապարակում դերասանի իշխանությունն է, մոնտաժի ժամանակ` ռեժիսորինը:

– Դերի համար օգտագործում ես քո ձայնը, փորձը, երևակայությունը, ձեռքերը, ոտքերը: Մտնում ես աշխարհ, որտեղ պետք է ընդլայնվել, գտնել քո մյուսին, անհայտին, թաքնվածին: Մերկանալ, շարժվել, ցուցադրել, դուրս գալ շրջանից: Դա նման է լեռնամագլցման, որից անդին նոր հորիզոններ են բացվում: Նկարահանման հրապարակը զգացմունքների արգանդ է: Ի դեպ շատ դերասաններ ամաչկոտ են:

– «Երեք գույն, կապույտ», «Կեցության անտանելի թեթևությունը»,  «Անգլիացի հիվանդը»,  «Սիրո պատմություն», «Գաղտնաբառը` անհայտ» ֆիլմերում դուք ունեք լողալու տեսարաններ: Ձեր լավ լողալու պատճառով էին ռեժիսորները նման դրվագներ հնարում:

– Ձեր թվարկած ֆիլմերում կան նաև ինտիմ տեսարաններ, բայց չեմ կարծում, որ դրանք նկարվում էին, որովհետև ես սեքսուալ հատուկ հակումներ ունեմ: Իրականում, ես լողալ սովորել եմ դրվագի համար, ասացի, որ սիրում եմ անիմանալին, ես ուզում եմ մոտենալ հորիզոնին, որը շարունակ հեռանում է:

– Գետնանավերի ու մակույկների վտառն անհաշիվ,

Ասես թե անզույգ կիսակոշիկներ Արարչապատկան.

Խանդով ոտքում է ծայրաձողերը և խոյակ ու շենք.

և հայացքներն ու դեմքերն անգամ:

Բազմապատկված է ողջը երկուսով, բացի բախտից ու

H2O- ից: Սակայն ինչպես որ ցանկացած «կողմ եմ» ի սկզբանե`

Փոքրամասնության կարգին է դասում նրան լիովին

Փիրուզագույնը պարապ ու անմեռ:

Մեգաաստղը նայում է ջրի փայլքին, դնում է ակնոցը:

– Ես գիտեմ: Ջոզեֆ Բրոդսկի:

Պաուզա:

Լաստանավի սալոնում նստածները ծափահարում են, արևը լրիվ անհետանում է:

Լսարան:

– Մարդը գենետիկ անկատար է: Կարդում ես հարյուր տարի առաջվա թերթերը, խոսում են համատարած անգրագիտությունից: Սկսում են դպրոցներ բացել ու դեռ քսաներորդ դարի երեսունականների գլխավոր լոզունգը` վերացնել անգրագիտությունն էր: Անցավ մի քառասուն տարի, հիմա էլ նոր դպրոցներ` նոր ճոռոմ անուններով: Ամեն ինչ սովորեցնում են, բացի ապրելուց, երջանիկ լինելուց, մունաթ չգալուց, սեփական նախաձեռնություն ունենալուց, հետազոտելու կարողություն զարգացնելուց, կատարելագործվելուց: Հայաստանը համարում են խաղողագործության, հացահատիկի, պտղի, երկաթի մշակման, ճարտարապետության, ռազմարվեստի օրրան: Բայց լինել չի նշանակում, որ կաս: Այսօրվա այգեպանը երազում է, որ իր զավակը իրավաբան կամ բանկիր դառնա, աղջիկը ամուսնանա իտալացու կամ գերմանացու հետ: Դիմացի անմշակ հողերն էլ իզուր են ծախել «արաբներին», հնդիկներն էլ ավելանում են, ու մենք չենք իմանում՝ ինչ անել:

Հիմա նստած խոնարհված եկեղեցու ստվերին, ինչ-որ մեկի տապանաքարի վրա, արաղ ենք խմում, բղկում ինչպես մեր պապերը ու պահանջում, որ գյուղում արվեստի դպրոց բացվի: Որ էրեխեքը գնան նկարեն, ջութակ նվագեն, Մարդ դառնան: Մարդ դառնալու հայկական բանաձևը կազմակերպված չէ` Մեկ հազարումեկ եկեղեցի են կառուցում, հետո նեղանում, քսան հազար զորքով գնում են Մսրա Սուլթանին ծառայելու, հետո ծովափին պետություն են հիմնում, դուստրերին ամուսնացում խաչակիր ասպետների հետ, ամրոցներն ու նավահագիստները տալիս են վարձով, իրենք էլ առավոտից գիշեր քեֆ են անում, ինչպես տեսել է ու պատմել է Մարկո Պոլոն: Հետո սկսում են նավարկել, օտար քաղաքներում կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, տպել գրքեր, նույնիսկ սահմանադրություններ ու շարունակել կյանքում մնալ նույն անգրագետը: Ինչ ենք ուզում: Հա, ազատություն, բա հետո…Հետո, որ ամենքը հասկանան մեր արդար դատը ու մենք ցույց կտանք մեր միասնականությունը Արագած լեռան շուրջ ձեռք ձեռքի տված պարելով, միայն չգիտես ինչու այդ շուրջպարի ժամանակ մի քսան հոգին շատ էին տարվել հայրենիքի կենացով: Ֆլեշ մոբը չգրանցվեց, որովհետև մենք չէինք պարում որպես միասնական պարող, այլ ձևացնող էինք: Հա, դրանից մի շաբաթ առաջ, ճամփի երկայնքով, ասֆալտին կպած հարյուրհազար ծառ էր տնկվել: Ափսոս չէին էդ տնկիները, չորացան: Այսօր, պետք է սովորել պատրաստել զարգացման ապագայի փաթեթներ, ուսումնասիրել իրական պոտենցիալը, սահմանել աշխատանքային ժամանակացույց, չսահմանափակել երևակայությունը: Ահա առաջիկա երկու ամսվա մեր անելիքը: Շաբաթ առավոտյան տասին մեկնում ենք Աշտարակ: Ձեզ հետ վերցվող պարտադիր իրերի ցանկը կուղարկեմ:

Ծիրանը հասել էր:

Օղին թորվում էր:

Գոլորշին հորդում էր բակից:

Իր չափից մեծ վերնաշապիկով, կոկիկ հագնված չորուկ տղամարդը ներս մտավ բակ, գրպանից հանեց դեռ չհասած մի քանի կանաչ սալոր, դրեց վարպետ թորագործի առաջ:

– Էս պտուղից շատ ունեմ, առողջություն չունեմ, որ ինքս հավաքեմ: Պարոն Պողոսյան, կառնես: Հետո նայեց երիտասարդ բանվորին: Էս պտուղից Ջուլֆայում շատ կար, մենք արաղ էինք քաշում ու ծախում պարսիկներին: Սպահանից Հայաստան ներգաղթի կազմակերպիչը ես էի, էկանք ու մինչև հիմա մրջունի նման ապրում եմ:

Օղին ծորում էր:

Եվրոպական Ռուսաստանի բուն կենտրոնում, մեծ ճանապարհի վրա, մոտակա մարզային կենտրոնից հարյուր երեսուն կիլոմետր հեռու, վթարված կադիլակի մոտ (պայթել էր անվադողը) կանգնած էին Չիկագո քաղաքի երկու հաստլիկներ: Լուսաշխատողների միության անդամ, Ինտուրիստի թարգմանչի հետ նրանք երեք օր թափառում էին գյուղերով, որ գտնեն «Սամոգոն» օղու ռեցեպտ: Հիշեցնեմ, Ամերիկայում «ցամաք օրենք է»: Հենց այս ճամփաբաժանին նրանք հանդիպեցին անտիլոպականների առաջնորդ Օ. Բենդերին:

– Տվեք երկու հարյուր ռուբլի և ես կթելադրեմ կարտոֆիլի, ցորենի, ծիրանի, գարու, թթի, նունիսկ տաբուրետկայից օղի քաշելու ու այդպես հարյուր հիսուն տեսակի օղու ռեցեպտ:

Կանգ առան ցորենի վրա, մանրամասն գրեցին, որպես ձրի հավելված ստացան օղեթորման կաբինետային սարքի գծագիրը, որը օրական կարող էր ապահովել մեկ դույլ հիանալի հոտավետ «pervatsch»: «Ցամաք օրենքից» տանջված անդրատլանտյան հանրապետության քաղաքացիները հաճույքով վճարեցին, երկար թոթվեցին Բենդերի ձեռքը, ձեռքով հրաժեշտ տվեցին նույնիսկ Պանիկովսկուն ու Բալագանովին և մեկնեցին:

Տեսնում եք,- ասաց Օստապը:- Ճանապարհին փող էր թափված, ես հավաքեցի: Տեսեք, նույնիսկ չեն փոշոտվել: Հինգ րեպեում երկու հարյուր ռուբլի, և ոչ մի օրենքի խախտում:

Նիստը շարունակվում է: Ժամանակն է բացել տնաքաշ մրգօղի ստեղծողների կոպերատիվ:

«Լողավազան»

Ռեժիսոր` Ֆրանսուա Օզոն

Դերերում` Շառլոտա Ռեմպլինգ, Լյուդվին Սոնյե

Երկու կին, տարբեր դարերից, ֆրանսիական պրովանսում: Մեկը ժամանել է Անգլիայից, գրող է, եկել է ոգեշնչման ու նոր սյուժեի փնտրտուքների, մյուսը ուղղակի կերտում է իր կենսագրությունը` մարիխունա, ալկոհոլ, սեքս` ամեն օր նոր տղամարդու հետ: Տղամարդիկ. օտար, եսասեր, միամիտ ու կարիերիստ:

Սպանություն լողավազանի ափին:

Ծանոթ սյուժե է… Հիշողություններից ազատվելու լավագույն միջոցը վեպ գրելն է:

Բացօթյա լողավազանի սրճարան:

– Անցյալ տարի գնացել էինք Դոմինիկյան հանրապետություն ծննդյանս օրը նշելու: Առաջին գիշերը լողավազանի մոտ փարթի էր: Լողավազանը այնպես է կառուցված, որ Կարիբյան ծովը կարծես շարունակություն լինի: Ինչ ազդրեր էին, սիգար ու ռոմ, խելքդ թռնում է: Կեսգիշերին արդեն չես հասկանում՝ ում հետ եկար ու ում հետ ես գնալու:

– Անցյալ շաբաթ ընկերոջս հետ գնում ենք նորակառույց լողավազան. Ասում են մեզ մոտ զույգերով է, ես ասում եմ, մենք զույգ ենք: Սա պատասխանում է նկատի ունեմ կին- տղամարդ: Ընկերս հարցնում է,- իսկ կին-կին կարող են մտնել: Այո,- պատախանում է: Որն է սրա տրմաբանությունը:

– Հունվար ամսին Բոդրումում առագաստանավ վարձեցին ու դուրս եկանք Էգեյան ծով: Հասանք ինչ որ կղզու ու նավապետը ասաց, որ մինչև իրենք ճաշը կպատրաստեն. կարող ենք լողալ, քանի որ կղզու քարանձավի ջուրը հրաբխային տաքություն ունի:

– Նույն էֆեկտը Փամուկալեյում է: Ձմեռային հագուստով, ոտաբոբիկ բարձրանում ես տրավերտինե սպիտակ լանջով, որի վրայից գոլ ջուր է հոսում, վերևում լողավազաններն են՝ անտիկ խոյակներով, գոլորշապատ: Երբ ընկղմվում ես, հասկանում ես, որ դրախտ կա:

– Դրախտ կա՞:

Տեղեկանք`

Երևանի քաղաքային ինքնավարության ձրի բաղնիսում 1919 թվականի մարտի 27- ից ապրիլի 4- ը լողացել են 1159 կին, 470 տղամարդ, 44 երեխա: Լողացողներից յուրաքանչյուրին տրվել է 1/6 ֆունտ օճառ:

Զանգվի կամրջի մոտ պարֆյումեր քիմիկոս Ճեպեջյանը, Տեր- Սարգսյանների «Զարյա» կաշեգործարանում հիմնել է սապօնի նոր մեծ գործարան: Խանութը գտնվում է Թիֆլիսի վաճառական բանկի տակ: Ծախվում են ամեն տեսակի ընտիր սապօններ, մատչելի գներով, ընդունվում են պատվերներ:

Տելեֆոն #43

Լողավազան: Երկու հազար մետր:

– Այս ամիս չեմ գալու:

– Ինչու:

– Ինչ- որ կախվածություն եմ զգում, անառողջ բան կա, կիլոմետրեր անցնելը դարձել է մեխանիկական ցանկություն:

– Պետք է բացասական ինֆորմացիան ջրին հանձնել, ինչպես հողանցումը:

– Երբ քրեական ու Գինեսի ռեկորդների գիրք չկար, Աստվածները իրենց անբարտավան էին պահում: Զևսը հմայվեց Եվրոպայով, գեղեցիկ ցլի կերպարանք ստացավ ու Սիդոնից, այսօրվա Լիբանանից ծովով փախցրեց (ՀՀ ՔՕ 131հոդվածի համաձայն, խաբեությամբ , վստահությունը չարաշահելու միջոցով գաղտնի կամ բացահայտ առևանգվելը պատժվում է երկուսից հինգ տարի ազատազրկման ժամկետով) Կրետե կղզի: Հայտնի չէ՝ քանի օր էր լողում, բայց մոտ մի ինը հարյուր կմ անցավ:

– Հետո:

– Բաց ծովում լողի վերջին ռեկորդը անցյալ տարի մի անգլիացի հաղթահարեց, հինգ ամսում երեք հազար կմ անցավ, բայց նա վեց ժամը մեկ նավակում հանգստանում էր ու կալորիաներ կուլ տալիս:

Քաղաքային ինքնավարությունը հայտնում է ի գիտություն քաղաքացիներին, որ Եղիազարյանի բաղնիքը (Տեր- Ղուկասյան փողոց, այժմ Նալբանդյան) վերցրել է ինքնավարությունը, հնարավորություն տալու քաղաքացիներին օգտվելու մատչելի գներով:

Բաց է ամեն օր, առ. 6-ից, երեկոյան 10–ը: Մեկ ժամը.

Ընդհանուր սրահ անձը` 3 ռ.

Առանձին համարը` անձը 10 ռ.

Հավելյալ անձը` 5 ռ.

ՍՄՍ (հաղորդագրություն)

Հարգելի հաճախորդներ, Կենտրոն համայնքի ջրամատակարարման դադարեցման պատճառով Ակումբն այսօր չի գործելու: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Աշխատելու ենք վաղը 09:00-ից:

Օգոստոսի առաջին տասնօրյակը անցավ շոգի, անքնության, քրտինքի, մրգօղիների թորումների գոլորշիների մեջ:

Ամռան հասուն ծիրանը աշխարհի ամենագեղեցիկ ու նաև ամենահամեղ բաներից մեկն է:

Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Ծիրանի համը նկարագրելու համար պետք է ծիրան ուտես: Ծիրանն ուրիշ է:

Նման չէ ոչ խնձորի, ոչ տանձի, ոչ դեղձի, ոչ խաղաղի, ոչ թզի, ոչ թթի, ոչ ելակի, ոչ բալի, ոչ սեխի, ոչ էլ ուտելու որևէ լավ բանի:

Սրանք բոլորն էլ հրաշալի համ ունեն, բայց ծիրանի համը ոչ մեկը չունի: Գրում էր Սարոյանը ու վստահ էր, որ դրախտի արգելված պտուղը ոչ թէ խնձորը, այլ ծիրանն էր:

Հինգշաբթի երեկոյան, երկրորդ անգամ թորած ծիրանի մրգօղու համտեսի ժամանակ կատվիկ եկավ: Սպիտակ, մեկ կողին սև, մյուսին երկու կետերով կատվիկը: Մոտեցավ, կարծես նավաբեկությունից հետո: Շատ սոված էր: Թվում էր, կուտի կգնա, բայց շիթիլվեց: Հիմա անհավանական սալտոներ է տալիս, վազվզում ու «դռռացնելով» նստած հետևում է համակարգչին, փնտրելով մկնիկին:

Շիթիլիկի պատմությունը:

Պատի ետևից կերակրի հոտ էր գալիս:

Մայրս արդեն մի քանի օր չկար: Վազվզում էի խողովակի միջով, դուրս գալիս ամբարների մեջ, ցատկում մորեխների վրա: Սոված էի: Ախորժաբեր հոտի մոտից մարդկանց ձայներ էին լսվում, ես երբեք նրանց չէի մոտեցել:

Ցատկոտեցի ու հայտնվեցի դեմ դիմաց: Նրանցից մեկը վզիցս բռնեց, ինչպես մայրս փոքր ժամանակ ու պոկեց գետնից: Դողում էի: Հետո հայտնվեցի մազոտ կրծքին, մի բան ինձ ծանոթ էր, այդտեղից կաթ էինք ուտում ու սկսեցի լպստել, բայց կաթ չկար: Հետո իջեցրին խոտին ու իրար նմանվող բառեր էին ասում, լավ հոտ էի զգում ու չէի հասկանում՝ որ կողմից: Հետո գտա, համեղ էր: Քնեցի թփերի տակ: Առավոտյան կրկին հայտնվեցին մարդիկ, նրանցից մեկը ծոր տվեց եռավանկ (երևի շի- թի- լիկ) մի բառ, մի քանի անգամ, հետո թփերի առջև դրեց սպիտակ հեղուկով պնակ: Ես դուրս եկա: Նրանք ուրախացան: Մոտեցա պնակին. կաթ էր:

Մի օր մի հաստլիկ կատու եկավ, նա մեծ էր, բայց վախկոտ, ու թվում էր կատու չէ, ինձանից փախնում, թաքնվում էր, իսկ ես ուզում էի խաղալ, բարձրանալ ծառի վրա ու ցած ցատկել, գլորվել ու լպստվել: Մորս գնալուց հետո կատուների հետ չէի շփվել: Սկսեց ցրտել, մարդիկ գնում էին մի քանի գիշերով ու հետո գալիս: Լցնում կերակրամանը ու գնում: Վախենալուն առաջին գիշերն էր…ես քնած էի, որ կերակրամանին մոտեցավ մի հսկա կատվի գլուխ, նրանից վատ հոտ էր գալիս: Նա ամբողջը կերավ ու ինձ թվաց հիմա ինձ էլ կուտի: Առավոտյան լսեցի ինձ ծանոթ երեք վանկը ու հասկացա, որ մարդիկ եկել են ու դուրս թռա թաքստոցից: Խոտերի վրա դրեցին շարժվող ինչ որ բան ու ասացին այն վանկերը, երբ կերակուր էին տալիս «գուցե` փիս- փիս»: Ես ուրախ առաջ նետվեցի, բայց նա հեռացավ: Հետո որոշեցի խաղալ, շատ հետաքրքիր էր: Նա ծվում էր, փախչում, ես էլ հետևից…հետո նա էլ չէր շարժվում, մի քանի անգամ էլ վեր թռցրեցի ու «ՇԻ- ԹԻ- ԼԻԿ, ՓԻՍ- ՓԻՍ»: Ես էլ կերա: Հետո երկար ժամանակ լպստում էի մռութս ու թաթերս, որ հոտը անցնի:

Հետո ինձ մի երկաթե արկղով (մեքենայով) տարան, շատ վատ էի զգում: Հայտնվեցի բազմաթիվ իրերի մեջ, մի մասը փափուկ էի, հարմար էր քնելու համար, ծառերը մոտ էին, բայց նրանց հասնել չէի կարող, ինչ որ խանգարող բան կար (լուսամուտ), իսկ ներքևում կատվիկներ էին վազվզում ու տխրությունից գիշերները վազվզում էի ու լպստում կնոջ մեծ գլուխը: Այդպես լպստում էր մայրս:

Հետո էլի ինչ-որ տեղ գնացինք: Իմ կողով- մահճակալն ու բարձը մի փակ տեղ էր, որտեղից ես կարող էի դուրս գալ ու ազատ զբոսնել, բայց այստեղ հսկա կատուներ կային, որոնք ուրախ չէին իմ ներկայությունից: Մեր բակից դուրս ինձ հանդիպող մարդիկ էլ հիացած չէին ինձնով, ինձ թվում էր, թե բոլորը կատվամոտ են: Մի օր, երբ կծկված հետևում էի ղշերին, մեկը զխկեց ու լոշս փռեց…հազիվ հասա իմ կողովին:

Անասնաբուժական ընդունարան:

– Կատվի անունը…

– Շիթիլիկ…

– Լավ անուն է: Քանի տարեկան է:

– Մեկ ու կես:

– Տանն եք պահում:

– Տանը քնելու տեղ ունի, բայց դուրս ու ներս է անում, կռիվներ է անում, օրերով կորում է:

– Կատուները շներից խելացի են, երբ մի լուրջ խնդիր ունեն, գալիս են իրենց տուն, շները՝ հակառակը` հեռանում են:

– Հազիվ էր քայլում:

– Էս անգամ ոնց որ լուրջ դնգել են, տեսնում եք ճակատի ուռուցքը: Երեք օր կսրսկենք, թարմ մսով արգանակ տվեք…Եթե դիմացավ, ուրեմն կվազվզի:

Ես անշարժ պառկած եմ, շատ հոգնած եմ ու տարբեր պատկերներ են լողում:

Երբ խողովակի մեջ էինք ապրում, հեռվից լույս էր երևում, մենք դուրս ու ներս էինք անում, գալիս էր Ման ինչ որ բան բերանին: Հեռվից երեխաների ձայներ էին լսվում:

«ՈՎ ՈՐ ՄԵԶ ՓՈՂ ՉՏԱ, ԻՐԵՆ ԱՅԳԻՆ ԲԵՐՔ ՉԻ ՏԱ»

Ու մինչև պարզում էի չտա, թե տա. խողովակի լույսը հանգավ, բայց դեռ գիշեր չէր հետո ձայն լսվեց, որը գնալով ուժեղացավ: Մենք ձագերով կպանք իրար: Սառը, քարախառը ջուրը անցավ մեր վրայով, հաջորդ պահին հրեց առաջ, իրար կոլոլված գահավիժում էինք, ես ուզում էի բղավել ու երբ բերանս բացեցի, ցեխ լցվեց, քիչ հետո կպա պատին, երևաց երկինքն ու ես օդ բարձրացա: Իմ առջև մի մարդու մեծ գլուխ էր…Նա թափահարում էր ու ես հանգա:

– Եթե որոշել եք տանը պահել, պետք է ամորձատեք, այլապես ձեր կենցաղը կվերածվի դժոխքի:

– Ես չեմ ուզում դառնալ նրա դատավճիռը:

– Ուրեմն համակերպվեք, որ պետք է գնա, գա և մի օր գուցե չգա:

Ես արթնացա: Տանը մարդ չկար: Ափսեում հավի կտորներով արգանակ էր, բայց ուտել չէի ուզում: Դրսում ծառեր ու տանիքներ էին, բայց դուրս գալ չէի կարողանում: Ինչից է, որ ամեն ինչ երևում է, բայց հասնել չես կարող: Սկսեցի բղավել, գուցե ինչ-որ մեկը լսի: Լսեցին, հաջորդ օրը ու կրկին հայտնվեցի իմ բակում, հիմա նորից պետք է շրջեմ, նշաններ թողնեմ, հանդիպեմ էն անդուր էգին, որը մոտ չի թողնում ու փնտրեմ ուրիշին: Տեսնես միայն իմ կյանքն է այսքան դժբախտ:

Ես ձեռք բերեցի ազատություն, երեկոները շրջապատվում եմ տարբեր մարդկանցով, ավելի ճիշտ նրանց ոտքերով: Շրջում եմ ու հետքեր եմ թողնում նրանց կոշիկների վրա: Լավ ուտում եմ: Ինձ հատուկ ափսե ունեմ, էն էգի ու իր ճտերի նման չեմ նայում ուտողների բերանին: Հետո բարձրանում եմ տանիք ու վերևից նայում դիմացի վանդակի միջի սպիտակ, փափլիկ թռչուններին ու գիտեմ՝ պետք է զգույշ լինել, որ կրկին քացու տակ չնկնեմ:

Ես մենակ եմ: Մենք բոլորս մենակ ենք: Մեր մենակության մեջ ցանկանում ենք ներքաշել ուրիշ մենակների, կառուցել պատրանքներ, վեպեր, գոնե նովելներ ու քաղաքներ: Անին այդ մենակության պոռթկումն էր: Հայուր հազարից ավել մարդ հավաքվեց մի եռանկյունի վրա, կառուցեցին պալատներ, եկեղեցիներ, խանութներ, բաղնիքներ, ջրագծեր, պարիսպներ: Հարստացան, թալանվեցին, կռվեցին: Քաղաքը մի քանի անգամ վաճառվեց, քանդվեց ու շենացավ և մի օր դատարկվեց: Վերջին երկու դարերի ժամանակ հարյուրավոր ուսումնասիրողներ վերլուծում են նրա պատմությունը, դառնում պրոֆեսորներ ու դոկտորներ, փաստորեն Նա շարունակում է ապրել:

Հիմա մեր մեքենան՝ համանուն հայկական բրենդով լցված, մոտենում է Բագրատունիների մայրաքաղաքին: Ինչ ենք ուզում բացահայտել, ներշնչվել, հասկանալ ու ճանաչել: Սա դրսևորման տարածք է, թե կեղեքման, թե լավ դեկոր, որտեղ մենք ստատիսներ ենք: Տարիներ առաջ՝ Եփեսոսում, մարմարե սյունաշարերի, ամֆիթատրոնների ու տաճարների լիիրավ տերերը հսկա կատուներն էին, հունական անտիկ առասպելը կպատկերացներ նման վերջաբան:

– Ես ատում եմ քեզ:

– Ես խանդում եմ քեզ:

– Ես ուզում եմ քեզ:

– Ես զզվում եմ քեզանից:

– Դու իմ մղձավանջն ես:

– Իմ տառապանքն ու արյունահոսությունը:

– Երբ սիրում ես, չես կարող ցավ պատճառել: Այլապես` ջղագար ես:

– Երբ սիրում ես պաշտպանում ես, ինչպես Մարկեսի «Հայտարարված սպանության մեջ»: Անխելա Վիկարիոն չի հայտնում իր իրական սիրեցյալի անունը և նրա եղբայրները դանակահարում են քրոջ պատվազրկության մեջ հայտարարված հարևան Սանտյագո Նասարին:

Ծփում է Սևանը,

Շողում է Սևանը,

Ծով ալիքների մեջ

Փայլում է Սևանը:

Ծաղիկներ ծաղիկներ,

Անթառամ ծաղիկներ

Մեր սիրո կարոտի

Անմոռաց վկաներ:

Լեփ- լեցուն դահլիճը ինքնամոռաց ղժժում է: Երևանի բեմում Թեհրանում ծնված, թրքուհի, թե ատրպատականցի, հայկական կեղծանունով Գուգուշն է:

Ամառը մոտենում է հանգուցալուծման:

Որպես վերջաբան որոշում ենք բարձրանալ Արագածի արևմտյան գագաթը, որտեղ խառնարանից գետ է ծնվում:

Մենք քայլում ենք սարնիվեր, մի շարքով:

– Եթովպացիների համար Նեղոսի ակունքը սրբավայր էր: Առաջին օտարազգին, որ եղել ու նկարագրել է հայ հոգևորական էր: Տարիներ առաջ գնացել էինք նրա հետքերով ու Թանա լճից հետո, որտեղից սկսվում է Կապույտ Նեղոսը, իջանք դեպի Թիս Աբբայ հսկա ջրվեժը, երբ հեռվից մոտենում էինք տեսադաշտը փակվեց ջրի ծխով ու բան չէր երևում, բացի մանր կաթիլներից ու ծիածաններից: Քարացանք, մեր առջև կանգնած էին դեռահաս մերկ աղջիկներ, պարուրված ցողի քուլաներում: Նրանք այնքան անտարբեր էին, գեղեցիկ, ու ցանկացանք նկարել` Նրա անունը Աբբայ էր, եթովպերեն այդպես է Նեղոսի անունը, տարածեց թևերը ու ասաց` ֆոտո- մանի:

– Ինչու էր հոգևորականը հասել Եթովպիա:

– Գնացել էր հավատակից թագավորին համոզելու, որ փակի Նեղոսի ընթացքը, Օսմանյան կայրության կազմում գտնվող Եգիպտոսը սովի կմատնվի, այն ժամանակ տարբեր ճակատներից կհարձակվեն ու կազատագրեն Հայաստանը:

– Դա ե՞րբ էր,- հարցրեց Էգոյանի «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու մոր` Շուշանիկի դերում նկարահանված դերասանուհին:

– Մի չորս հարյուր տարի առաջ:

Օդը սկսեց սառել, թեև օգոստոսի կեսն էր ու Երևանում աննախադեպ քառասունից բարձր ջերմաստիճան էր կանգնած: Ջրվեժը փոքր էր, բայց տպավորիչ, կողքերը սառցե սյուներ էին ու կարմիր գնդաքարեր: Լցրեցինք Ջուռա վիսկին, պահեցինք ջրվեժի կաթիլների տակ ու տարալուծվեցինք: Առաջին անգամ «Ջուռա» Ջոն Բալյանն էր բերել: Նոյեմբերին բարձրացանք Արագած, որտեղ արդեն նոր ձյուն էր եկել, բաժակների մեջ ձյուն էինք լցնում ու ավելացնում վիսկին, այդպես ծնվեց ըմպողների Ջուռագած միությունը:

– Ջուռա կղզին Շոտլանդիայի արևմուտքում է, տարածքով Երևանից մեծ է ու մի երկու հարյուր բնակիչ ունի: Այստեղ կա մի գործարան, փոքր հյուրանոց ու եկեղեցի: Երկու հարյուր տարի զբաղվում են միայն վիսկիի արտադրությամբ:

– Բա դպրոց, հիվանդանոց, այդտեղ մարդ չի ծնվում:

– Չգիտեմ, ուզում եմ մի կես տարի այնտեղ ապրել: Հա, աշխարհի ամենաընթերցված գրքերից մեկը այստեղ է գրվել: Ջորջ Օրուելը մահվանից առաջ այստեղ ավարտեց իր «1984-ը»:

– Այդ թվականին ես երկու դիպլոմային թեզ պաշտպանեցի, հրաժեշտ տվեցի սիրուհուս` ընկերոջս կնոջը, ու մեկնեցի Սիբիր՝ պարտադիր զինվորական ծառայության:

Երբ խումբը հեռացավ ջրվեժից, հավաքեցի բաժակները, Ջուռայի շիշը լցրեցի ջրով, հանվեցի, կանգնեցի սառը ջրի տակ:

Տարվա վերջին օրն էր: Լողավազանը դատարկ էր, գրեթե, չհաշված Ադիդասուհուն, որը շտապում էր, կարծես գազօջախին, մարմանդ կրակի վրա ինչ-որ բան էր դրել ու որոշել՝ մի կես ժամով լողալ: Հայտնվեց հունա-հռոմեական չեմպիոնը: Երևի ուրախացավ, որ մարդ չկա, բայց Ադիդասուհու սրընթաց լողը նրան գրավեց ու հիմա երկրորդ հարյուր մետրն է հետևից ընկած, բայց հասնել չի կարողանում: Տարվա վերջին օրն ավարտվեց 2460 մետր անընդմեջ լողով:

Տարին սկսվեց գլխացավով, սրտխառնոցով, տեղը չբերվող դեմքերով ու ջրակալած աչքերով:

  • Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են սուր կոնյունկտիվիտ և քրոնիկական կոնյունկտիվիտ[1]:

Կոպաբորբ, բլևֆարիտ (հունարեն՝ βλεφαρίζ- կոպ), կոպեզրերի բորբոքում։ Շատ տարածված, հաճախ՝ երկարատև և չընդհատվող ընթացքով հիվանդություն։ Մեծամասամբ առաջանում է ոչ լիարժեք սնման,

տուբերկուլոզա ալերգիական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, հեռատեսության և աչքի աստիգմատիզմի դեպքերում։ Տարբերում են հասարակ (թեփոտվող), խոցային և անկյունային կոպաբորբեր։

Հասարակ կոպաբորբը բնորոշվում է կոպեզրերի կարմրությամբ և այտուցովթարթիչների հիմքում թեփիկների առաջացմամբ։

Բուժվել միայն բժշկի նշանակումներով:

Նոր տարում վեց հարյուր մետրից ավել չի ստացվում լողալ:

ՍՊԱ տարածքի Սրճարանում կես կգ խմորեղենի դիմաց նստած Նշանավորը պատմում էր Ամանորի բարձրաշխարհիկ կորպորատիվներից, սեղանի կերակրատեսակներից ու հատուկ դիետայից, որտեղ խմորեղենը հիմնական բաղկաացուցիչն է:

Լողավազանը մարդու քայքայման անտրոպոլոգիական թանգարան է: Այն, ինչ մի երեսուն տարի առաջ գրավիչ էր, այսօր անհրապույր մսաթաղանթ է, ինչ լավ է, որ շատերը մի քանի սրբիչի տակ են մոտենում ջրին, թե չէ ախորժակի խանգարում կառաջանա: ՍՊԱ տարածքի մենեջերը հանեց ականջակալները ու,- Կարող եմ մի բան խնդրել: Ինչ եք կարծում Մոցարտի տակ կարելի է մերսում անել:

– Մոցարտի երաժշտությանը կրկնակի եռանդ է պահանջում, հետո գեղագիտական ընկալման խնդիր կա, պատկերացնում եք Թուրքական քայլերգի ընթացքը և մերսվողին:

– Իսկ Չայկովսկու…

– Չայկովսկու պարագայում կարող է ձեզ ճիշտ չհասկանան:

– Ինչ մնաց:

– Չինական ծլնգոցներ:

– Քնեցնում է:

– Ձե՞զ, թե՞ մերսվողին:

– Կարող եմ մի բան էլ հարցնել:

– Կարող եք:

– Սաունայում տղամարդիկ մերկանում են, թե թաց լողազգեստով են:

– Նայած ով, երբ մարդ չկա ես սրբիչի վրա մերկ եմ ու ոտքերս բարձրացնում եմ մինչև առաստաղ, հենում եմ փայտերին, գոլորշին սկսում է դանդաղ հոսել, լրիվ քրտնաթոր դուրս եմ նետվում դեպի սառը տակառը: Ի դեպ՝ ե՞րբ են երկրորդ տակառը տեղադրելու:

– Նորոգում են:

Զանգ:

– Ձեզ ողջունում են Եվրոպայից, Կիևյան կամրջի «Ցավդ տանեմ» պանդոկում ենք, արի:

Ժողգործիքների աստղաբույլը, սիրատոչոր նայում էր ոչ հեռավոր արտասահմանից հողաթափերով եկած, գինովցած հյուրերին ու շանասիրաբար (վրիպակ իրականում պետք է լինի ջանասիրաբար) մլռտում էր Մուռկան.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ`

Մուռկա` Մարիա անվան գողական տարբերակ,

Կատուների տարածված անուն,

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակցուհիներ (МУР):

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ժողգործիքների ժանգոտ տենորը գալարուն սկսեց հերթական պատվերը:

– Ափից մինչև կղզի ինչքա՞ն է տարածությունը:

– Կարծեմ չորսուկես կամ հինգ կիլոմետր:

– Էդ տղեն լավ լողորդ էր:

Երգը պատասխանեց:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

– Ինչեր չես անի սիրո համար:

– Խմենք Սիրո կենացը:

Տղամարդիկ միացել էին կողքի սեղանի երեք կանանց ու նրանցից ցածրահասակը ծղրտում էր,- Սիրո, սիրով, սիրիր:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր

(այս բառը երգիչը մի առանձնահատուկ ֆալցետով արտաբերեց)

Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Ծղրտացողը եվրոպացու ծնկին հպված նրա ճաղատն էր շոյում: Ու մլռտում էր,- սիրիր ինձ, սիրիր ինձ, սիրիր ինձ:

Ժողգործիքները լռեցին, տենորը նայեց շուրջն ու էքստազիկ կլլաց.

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ- սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

– Ոնց որ իմ կյանքից լինի: Գիշեր: Ստվեր: Էդ երբ էր:

– Աղջի հանգստացիր,- սաստեց երինջի հայացքով ներկված շեկահեր ընկերուհին:

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

– Ես էլ եմ անամոթ, ես էլ եմ լիրբ:

Ես անամոթ եմ, անամոթ եմ, լիրբ եմ:

Ես երեք անգամ ամուսնացել եմ:

Սա իմ պատմությունն է:

Սրահում նստածներին մի պահ թվաց, թե նվագախմբի հետ որոշված հատուկ ներկայացում է ու ծափահարեցին:

Ծղրտացող կարճահասակ կինը ոգևորված բարձրացավ աթոռին:

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամն է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

– Հայերը միշտ նախանձ են: Հիմա դուք էլ ինձ եք նախանձում: Ես անում եմ՝ ինչ ուզում եմ, դուք չեք անում, բայց ուզում եք:

Ու դուք բոզ եք,

Բոզ եք,

Բոզ եք:

Ծղրտաց կարճահասակը ու սկսեց հեկեկալ:

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

– Էդ լճում հնարավոր չէ խեղդվել, նույնիսկ լողալ հնարավոր չէ, աղի, ծանր ջուր է: Պաուզային օգտվեց Իրատեսը:

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

Արդեն արտասանելով ասաց երգիչն ու դափը խփեց:

Սեղանները շշնջացեին, բաժակները շրխկացին: Կարճահասակը թաց մազերով ու անձեռոցիկով փակած ափով ներս մտավ զուգարանի կողմից: Նա ճոճվում էր ու արյունահոսում:

– Գիտեք ինչու է վանա կատուն լողում, իրականում բոլոր կատուներն էլ ջուր սիրում են, բայց լողալ չգիտեն, իսկ Վանա լճում կատուն ոչ թե լողում է, այլ չի սուզվում, որովհետև աղիությունը 22% է: Մեռյալ ծովինը 33% է:

Ներս եկավ ճաղատը: Ոչ ոք չէր հիշում, թե նա երբ է հեռացել:

– Գնացինք Կոնդ:

Լողավազան: Հազար մետրը երեսուն րոպեում:

Ջաքուզիի փրփուրների մեջ նստած կանայք սևեռուն նայում են լողավազան մտած տեքսաստերենով լեցուն դեղնակտուց տղաներին:

– Ժող էնքան կուզեի սրանցից մեկին հագնել,- մլռտաց հաստլիկը,- կուլ տալ նրա խերը (նա բացահայտ ռ- րի արտաբերման խնդիր ուներ: Ծ. Հ.) մինչև կոկորդ…խեղդվելու աստիճան:

– Վերջացրու,- պատկերացրեց շիկահեր ընկերուհին,- ես նույնիսկ ամուսնուս խըն չեմ տեսել:

– Ամուսնուս…Հեգնեց Հաստլիկը: Դու ամուսին միայն երազում ես տեսել ու բեղմնավորվել: Որ լվացքիդ պարանին շալվարներ ես կախում ի լուր փողոցի, քեզ թվում է, թե ամուսին ունես:

– Դու էդ էլ չբաշարեցիր ու լռվել ես փրփուրներում:

– Քած, ավելի լավ է էս փրփուրում քան սեփական: Ես գնացի մի բան ուտելու:

Ծոփավոր լողազգեստով մարմինը դուրս եկավ ջաքուզիից: Բարի կողմից լսվում էր`

Դու գիտակցված իմ սխալն ես,

Հպվում եմ քեզ, զգում շունչդ,

Աչքերիդ դեմ, եզրին կանգնած

Կախված քեզանից, քեզնից հեռու

Հիմար երգի դում- դումի տակ:

Դժվար է շնչել, ես սիրահարված չեմ:

Սա լոկ խաղ է ու խաբկանք,

Պետք է հեռանալ, բայց չեմ ուզում:

Քունս չի տանում:

Դու նստած ես գլխիս մեջ նույն տաղտկալի

Դում- Դում տակտով:

 Jax Jones – Breathe ft. Ina Wroldsen

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Բազմավանում կազմակերպվում է EFR և CPR ծրագրերով ջրափրկարարների վճարովի դասընթացներ: Հրավիրված են միջազգային կարգի մարզիչներ: Դասընթացն անցնողներին տրվում է միջազգային կարգի ջրափրկարարի արտոնագիր: Դիմել ադմինիստրացիա:

– Ես եկել եմ հայտարարությամբ:

Սպասարկման բաժնի լայնաժպիտ մենեջերը շողարձակեց:

– Ուզում եք մասնակցել Թայլանդական երեկոյին:

Պաուզա.

– Չէ, փրկարարական դասընթացներին: «Խեղդվողի փրկության խնդիրը, խեղդվողի խնդիրն է»՝ հիշո՞ւմ եք լոզունգը:

Կրկին շողարձակում, մոտավորապես «վաուու» արտահայտությամբ, կիսաբաց շուրթերով:

– Հիշո՞ւմ եք, Իլֆ- Պետրովի վեպից է:

– Չեմ կարդացել:

– 1927 թվականի հունիսի 22- ին Վասյուկի քաղաքի «Կարտոնաժնիկ» ակումբի շենքում գրոսմայստեր Օստապ- Սուլեյման- Բերտա- Մարիա- Բենդերը հայտարարել էր 160 տախտակի վրա շախմատի միաժամանակյա սեանս: Այդ թվականներին 100 սեանսը արդեն ռեկորդ էր համարվում, հիմա Գինեսի գրքում գրանցված է հունգար շախմատիստուհու…անունը չեմ հիշում, 1131 միաժամանակյա պարտիան: Հա Բենդերը բոլորին տարվեց, շախմատ երկրորդ անգամ էր խաղում: Բայց հիսունհինգ ռուբլի գրպանում մի կերպ փախավ շախսեկցիայի կատաղած գավառաբնակների ձեռքից:

– Լոզունգ ինչ կապ ուներ:

– Լավ հարց է: Ոչ մի: Մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել «Ջրախեղդների փրկության ընկերության» երեկոն, լոզունգը մնացել էր պատին: Իրականում այս բառակապակցությունը Մարքսի` «Բանվորների ազատագրումը, հենց իրենց՝ բանվորների գործն է» բանաձևի պարոդիան է:

– Գիտեք…,- ծորաժպտաց մենեջերը:

– Չգիտեմ:

– Ինչո՞ւ եք ուզում ջրափրկարարության դասերի գնալ:

– Բուրջ ալ Արաբում փրկարարների մրցույթ է, ուզում եմ մասնակցել: Հա, քանի որ ամսվա սկզբից չեմ գալու ,հնարավոր է իմ երեք ամսվա վարձավճարի գումարը փոխանցեք, որպես կուրսերի վարձ:

– Ես կփորձեմ ամեն ինչ անել ձեզ համար,- կրկնաշողաց մենեջերը:

Բազմավանը քաղաքի սկզբում էր, կամ վերջում:

Հմայիչ գործավարուհին համակարգչի մեջ ներբեռնված լսեց ամբողջ պատմությունը (ներառյալ Բենդերի շախմատային բլիցը), հետո քսանհինգամյա մտաձբաղ հայացքը բարձրացրեց: – Հիմա դիմումներն ենք ընդունեմ, երբ խումբը կձևավորվի ձեզ կզանգենք:

Հնչեց դատավճռի նման, եթե լրացուցիչ հարցեր տաս, ուրեմն հիմար ես…Երևի նա էլ զգաց լռության անորոշությունը, կանգնեց, թեև դրա կարիքը չկար (ցածրահասակ էր):

– Շաբաթվա վերջում խումբը պետք է ձևավորված լինի: Ձեզ կզանգեն (ժլատ ժպիտ):

– Դուք խոսո՞ւմ եք ֆրանսերեն:

– Ես կարդում եմ ֆրանսերեն:

– Ձեր դեմքը ծանոթ է:

– Ես հանրային մարդ չեմ:

– Դուք երգո՞ւմ եք:

– Ինչպե՞ս իմացաք:

– Ականջներից ու ժպիտից, դուք առաջին շարքի տասնվեցերորդն եք:

– Դուք միշտ եք այդքան ուշադի՞ր:-Բացահայտ զզվանքով հարցրեց երգչուհին:

– Երբեմն: Զզվում եմ,- որ խնդրեմ, հավես, ապրես, անկեղծ ասած ասողներից, կրծկալի կապիչները շարունակ դզողներից, մազերը շարունակ շոյողներից, ապակե չլսող հայացքներից, անգիր, անիմաստ բառամթերքային կարծիք ունեցողներից…Օրինակ` վերևում Աստված կա, և այլն: Ի դեպ և այլնը մի քանի անգամ…

– Դուք վառված եք, ձեր բոլոր նկարագրությունները կանանց է վերաբերում: Ձեզ համար լավագույն կինը պոռնո սայթում է:

– Հաճախ եք նայում:

Դասընթացները սկսվեցին: Խմբում հինգ աղջիկ էր, երկու տղա: Աղջիկները մանրապճեղ էին, բացի Թամուշից:

– Ինչո՞ւ են մարդիկ գնում դասընթացի, սկսեց տղամարդու կազմվածքով, գրեթե խուզած գլխով կին մարզչուհին և չսպասելով պատասխանի՝ շարունակեց:

– Ձեռք բերելու, զարգացնելու, լսելու, հասկանալու, գնահատելու, ելք գտնելու, որակով աշխատանք կատարելու:

Լռություն:

Անորոշ հայացքներ:

Մատերի ճըտճըտոց:

– Պետք չէ ճտճտացնել մատերը,- գոռաց թիթեռնիկ բարակ շրթունքներով, երկար խոպոպիկներով երկրորդ աթոռին նստած աչքերը ճպճպացնող աղջկա վրա: – Մոռացեք ձեր նախնիների սովորույթները, դադարեք մազեր քանդել հավաքել, հաջորդ անգամ կխուզեմ…

– Որ խնդրեմ,- տեղից սկսեց Թամուշը:

– Լսիր մինչև վերջ, հետո խնդրիր: Փրկարարի աշխատանքը ավելորդությունները թոթափելն է, չիմացածը իմանալ, հարցերը հստակ ձևակերպել:

Հրահանգիչը կտրուկ էր:

– Դուք պետք է սթափ տիրապետեք ձեր գործիքներին, կարողանաք այն վստահ օգտագործել: Մոռացեք ինչ եք արել անցյալում` ինչ գույնի դիպլոմով եք ավարտել ինչ-որ մասնավոր կամ պետական համալսարան, ով է ձեզ գովել կամ սիրահետել: Եթե որևէ մեկը այլ տեսակետ ունի, թող հենց հիմա դուրս գա լսարանից:

Զինվորական նման իրավիճակ ոչ ոք չէր սպասում: Ինձ թվում էր՝ մի քիչ արհեստական շնչառություն, սրտի մերսում ու նման բաներ:

Դրսից վանկարկումներ էին լսվում`

Քայլ արա,

Քայլ արա,

Քայլ արա:

Հետո` ելակ, ելակ, ելակ, գնիր ելակ:

Գարնան երրորդ ամիսն էր:

Հավաքվել ենք լողավազանի հարթակին:

Սկսում ենք փրկարարի առաջին գործողությունից:

Այստեղ,- քմծիծաղեցին շարքից:

Մարզչուհին ծուռ նայեց ու շարունակեց: – Խեղդվողը ես եմ, հիմա ձեզանից մեկը կմոտենա ինձ, ով է առաջինը, համարձակ:

Ես քայլելով ու կարծես լողալով մոտենում եմ, տարակուսած նայում նրան ու այդ ժամանակ իր մամոնտային ձեռքերով կախվում է վզիցս: Գլուխս ճռում է կրծքամկաների մեջ, սկսում եմ թփրտալ ու շնչահեղձ լինել: Իսկ նա անխռով շարունակում է: Միայն հստակ գիտակցում եմ, որ կրծկալ չկա:

– Տեսնում եք: Ցանկացած խեղդվող կախվելու է ձեր վզից, դուք պետք է մոտենաք մեջքից ու եթե նա կրկին շրջվի դեմքով պետք է հրեք, թե չէ միասին կսուզվեք, եթե պանիկայի մեջ թափահարում է ձեռքերը կարող եք մի լավ խփել ու անցնել մեջքի հետև, ասել, որ չկախվի ձեզնից, այլ թեքվի մեջքի վրա: Եթե գիտակցությունը կորցնում է, ընթացքում լողալով ու շնչառություն տալով՝ նրան պահում եք ջրի երեսին, մինչև կգան ձեզ օգնելու:

Ամբողջ օրը փոխնիփոխ այս վարժությունն էինք անում: Երբ աղջիկներն էին կախվում, մենք էինք հարվածում, երբ մենք` նրանք: Մարզումների վերջում բոլորս կապտած էինք:

Հաջորդ դասին հինգ աղջիկներից երկուսը եկան, տղաներից միայն ես էի:

– Բնական զտում,- վերջակետեց մարզչուհին: Այսօր սկսում ենք ցատկել ջուրը: Իրար հետևից արագ դեպի մեկ մետրանոց ու վայր:

Առաջին երկու թռիչքը հետաքրքիր էր, բայց տասներորդի ժամանակ արդեն ուժասպառ էինք ու մի քանի անգամ իրար գլխի էինք նստել:

– Երբեք չգիտեք, թե քանի մետրից պետք է ցատկեք, գուցե երկրորդ հարկից կամ ուղղաթիռից, ջուրը փափուկ չէ, արդեն համոզվեցիք, ուրեմն պետք է ճիշտ ցատկել, առանց ձեռք ու ոտք թափահարելու: Սուզվելիս պետք է միանգամից քթով արտաշնչել ու արագ մոտենալ խեղդվողին: Հիմա բարձրացեք երեք մետրանոցի վրա, սա ընդամենը առաջին հարկ է:

– Ու այդպես ինչքան:

– Մինչև տասը մետրը:

Տեսական դասընթաց:

Ռուսաստանը վտանգավոր հարևան է: Նրա տիրապետությունը փռվել է Հյուսիսային ծովից մինչև Կասպից և Սև ծով: Նա ունի հզոր ազնվականություն, մարդաշատ քաղաքներ ու գյուղեր և մեծ բանակ: Սակայն հիմա նրանք հեռացված են Բալթիկ ծովից: Այսպես խոսեց 1617 թվականին Շվեդիայի Գուստավ Ադոլֆ թագավորը երկրի պառլամենտում ռուս- շվեդական յոթնամյա պատերազմից հետո: Իրերի այս դասավորվածությունը երկար չտևեց: 1703 թվականին՝ 86 տարի անց, երբ շվեդական նավատորմիղը Կոտլին կղզուց հեռացավ իր չսառցակալող նավահանգիստներ, Պետրոս Մեծը ցրտաշունչ մեկ ձմեռվա ընթացքում այստեղ կառուցեց ամրոց և տեղադրեց հրանոթներ: Գարնանը երբ շվեդները սկսեցին նավագնացությունը, հայտնաբերեցին, որ Ֆինական ծոցում գտնվող իրենց կղզին այլևս իրենցը չէ և փակում է մուտքը դեպի Նևայի գետաբերան: Այսպես հիմնվեց Բալթյան ռուսական ռազմական նավատորմիղի հզոր Կրոնշտատ գահաքաղաք նավահանգիստը:

1882 թվականին այստեղ բացվեց ջրասուզակների աշխարհի առաջին դպրոցը` հետախույզների և սակրավորների դասակներով: Այնուհետև ավելացան ջրասուզակ բետոնագործների, եռակցողների, բնախույզ- հորատողների մասնագիտացված բաժիններ, ինչպես նաև փրկարարների: Ձեր առջև փրկարարի ժամանակակից հանդերձանքն է…Էկրանին պատկերները հաջորդում էին իրար: Ես պատկերացրեցի հսկա մարզչուհուն՝ էլաստիկ հանդերձի մեջ լողավազանի հատակին եռակցման սարքը ձեռքին, մենք էլ նրա շուրջը մանրաձկան նման թևածելիս:

– Ուշադրություն, լողավազանում մեր դասաժամերը փոխվելու են:

– Ինչո՞ւ:

– Հայտարարված է կանանց ժամ:

– Ես միայն ընդմիջման ժամին կարող եմ գալ:

– Ինձ թվում է, որ նման առանձնացում արել են զուտ էսթետիկական տեսանկյունից: Բանաձևեց մարզչուհին: Հաջորդ շաբաթ կգնանք նոր կառուցվող Նաիրի օդանավակայանի վազքուղու մոտ գտնվող ջրախրամատներ, այնտեղ շինարարական աշտարակ կա և ճոպաններ, կցատկենք ու կփորձենք ջրասույզի հանդերձանքը:

Մենակ կանգնած եմ լողավազանի շենքի մոտ: Հսկա երկու սպորտային պայուսակով մոտենում է մարզչուհին, առանց շուրջը նայելու, կարճ՝ գնացինք:

Բազմավանից, որը քաղաքի ծայրին էր (կամ սկզբին) արագ դուրս եկանք, առանց տանիք, տարիք, անանուն մեքենայով: Հռնդում ենք հալած նեղ ասֆալտի վրայով` կողանցելով հսկա բեռնատարներին, առջևից եկողները ձայնալուսահարայի մեջ են: Ինչ-որ բան եմ ուզում հարցնել:

– Փրկարարը միշտ պետք է շտապի:

Մի քսան րոպե հետո բացվում է անհավանական տեսարան: Հսկա տափարակի վրա խառնիխուռն հավաքված են բեռնատարների ու տրակտորների ընտանիքին պատկանող գումարտակներ` ավազե հսկա բլուրներ, ապագա վազքուղու սպիտակ շերտեր ու ոչ մի մարդ:

– Հիմա ընդմիջման ժամ է, շատ հարմար պահ է ջրամբարի մեջ ցատկելու, թե չէ կմիացնեն պոմպը ու վերջ: Վերցրու բալոնները… Ու առաջ է գնում:

Դուք մի բան հասկանում եք, ես` ոչ:

Ջրից բարձր մի տախտակամածի վրա սկսում եմ հագնել բալոնները, մարզչուհին, որ անհայտացել էր, գալիս է ջրասուզակի էլաստիկ հանդերձով, սկսում է ձգել բաճկոնի կապիչները, այդ ժամանակ ինչ-որ բան է սահում ու թռնում ջուրը:

Հեռախոսը: Չլմփոց: Անմիջապես հետո լսվում է հաջորդ ավելի բարձր ջրի ձայնը: Քիչ հետո երևում են մարզչուհու լաստերը, հետո ձեռքը վեր հեռախոսով: Ու ձեռքով հրահանգում է ցատկել: Իսկական դժոխք: Ինչու եկա, կարող էի մյուսների նման չգալ, ի՞նչ եմ փնտրում, ինչու, ինչ փրկարար ինձանից, մնայիր բոտեքսավանում (առաջին անգամ եմ օգտագործում): Ցատկում եմ, մութ է, օդ չկա, ես քարի նման հա սուզվում եմ ու հետո ցեխոտ ափին նստած, կողքիս՝ Հրեշը (այդպես եմ անվանել մարզչուհուն) բացատրում է, որ փրկարարը պետք է զգա խեդվողի հոգեբանությունը, ինչպես խոհարարը սովածի, որ երկար սպասեցնել չտա: Տեր աստված ինչից է խոսում: Հեռախոսս վարի գնաց, Տասնհինգ տարվա համարներ, նկարներ, նամակներ, մի կենսագրություն:
Շարունակում է,- լավ է երբեմն ամեն ինչ մաքրել ու սկզբից սկսել, նոր համարներ, նոր նամակներ, պետք չէ քարշ տալ անպիտան բեռը, գնանք գարեջուր խմենք,- անսպասելի առաջարկեց Հրեշը ու քայլեց դեպի ճանապարհը, հենց այդ ժամանակ ջրամբարի խորքից միացավ պոմպը, սկսվեց ջրապտույտը, բեռնատարները հռնդացին, արևը սևացավ:

Ճանապարհամերձ գջլոտ ճաշարան: Սոխի ու քաբաբի հոտ: Ծխահոտով ներծծված քարե պատեր: Կողքի սեղաններին թղթախաղ խաղացող անհասկանալի դեմքեր ու նրանց մեջ նավարկող դեղին ներկած մազերով հոգնած մատուցողուհի:

Հրեշի ձյունաթույր դեմքը կարմրել էր, կաշվե բաճկոնը հանել էր, էլաստիկ սպիտակ մայկայի կրծքամասից կարմիր դաջվածքի ինչ որ դրվագ էր երևում:

– Դու խիզախ ես: Ես դասընթացների մեծ փորձ ունեմ, բայց իմ ցուցակում դու առաջին «թռնողներից» էիր: Էս դասերը ինձ համար անլուրջ են, հիմնականում պարապ միայնակ մարդիկ են գալիս` իրար հետ ծանոթանալու, քսմսվելու: Առաջին անգամ ես էլ եմ այդպես հայտնվել: Ես միշտ աժդահա եմ եղել, դպրոցում հրեշ էին ասում…(երկար հայացքներ) ոչ մի տղա մոտ չէր գալիս, նույնիսկ ավարտական երեկոյին հետս պարող չեղավ: Հետո սկսեցի մարզասրահ գնալ, առաջին անգամ որ ինձ կպան, վարժություն ցույց տալու համար, վեր թռա, այնքան անսովոր էր հպումը: Մարզիչը շատ ջանասիրաբար էր զբաղվում: Մինչև սրահի փակվելը մնում էի ու երբ լողարան էի մտնում, մարդ չկար: Գիտես ինչ զգացողություն է մենակ, մերկ, հսկա լողասենյակում ազատ քայլել:

«Դու շատ գրավիչ ես», մի երեկո լսվեց մարզիչի ձայնը: Լողախցիկների կողմից աննկատ ներս էր մտել, ցցված կանգնած եմ, հո չեմ գոռալու, չգիտեմ ինչ անել:

Հայելու միջով ուղիղ նայում եմ նրան, նա էլ ինձ: Նրա ափը հետույքիս է: Հիմա ես նրան չեմ նայում, ինձ եմ նայում, ինչպես հիմա քեզ, ու զգացի մի բան, որը հակառանկ էի զգացել, երբ հետանցքից դուրս է գալիս, իսկ հիմա ներս էր մտնում:

Քարացավ, կարծես չիմանալով ինչ անել: Ես էլ չգիտեի ինչ անել ու սպասեցի: Աչքերս բացեցի, մարդ չկար: Գիտես ինչու եմ պատմում, որևէ մեկին չեմ պատմել, որովհետև այդ անզորության վիճակը ինձ մտածել տվեց ,որ շատ մարդիկ փրկության կարիք ունեն ու սկսեցի զբաղվել այս գործով ու էլ երբեք թույլ չտվեցի, որ ինձ հետ անեն այն ինչ ուզում են:

Մի կում էլ գարեջուր:

Մեկ էլ ես երբեք չեմ համբուրվել, ու բրածո կույս հրեշ էլ պետք է վերանամ:

Նրա ձայնը ռեզոնանսի նման ազդում էր, արդեն չէի զզվում ու այդ հսկա մկանուտ մարմինը հզոր մագնիսի էր վերածվում:

Կեսգիշերին հաղորդագրություն եկավ:

«Շնորհակալություն համբույրների, շոյումների ու հեծյալ դարձնելու համար: Իրոք դու շատ խիզախ ես: Հա, ինչ պատմել էի մարզիչի ու մնացած բաների մասին, հորինվածք էր, ներիր: Մնացածի վերաբերյալ կարծում եմ ինքդ համոզվեցիր, ու այն, ինչ մնաց, հուսով եմ շարունակություն կունենա»:

Առաջիկա շաբաթը քաղաքական ընտրություններ էին, դասընթացների չգնացի, հետո էլի չգնացի: Մեկ շաբաթ հետո, երբ մտա լողավազան, մենեջերն ասաց, որ մարզիչը հեռացել է՝ պատճառաբանելով, որ խումբը չի գալիս: Մանրամասներ…ոչ ոք չգիտեր:

Լողարանում մենակ հայելու առաջ սափրվում եմ:

Գլուխս, Ձեռքերս, Կուրծքս ու Վար: Անցնում եմ միջանցքով դեպի լողավազան, մարդ չկա: Մերկ բարձրանում եմ տասը մետրանոց հարթակի վրա, առանց ներքև նայելու ցատկում եմ: Օդը սուրում է:

Ջուրը երախի վերածվեց, գահավիժում եմ խորխորատ, տեսա Քուռկիկ Ջալալուն, Թուր Կեծակիին ու Սանասարին:

Տեր Աստված, ինչու ես ատում մարդկանց, ինչու նրանք մյուսների նման չեն կարող անհիշողություն, անհայրենիք ու անսեր ապրեն, ինչու պետք է ունենան այս ամենի կորցնելու ցավի զգացողությունը, մեղքի հետապնդումը, արդարության բարդույթը, իմաստի որոնումը, ծնողներին ու զավակներին կորցնելու սարսափը և անճարակ ծերությունը: Որտեղ է քո մեծահոգությունն ու ողորմածությունը, բարեգթության քո ամպագոռգոռ կերպարը:

Աստված, դու անաստված ես:

Հ.Գ
Զևսի որդիներից Հերակլեսը կորցնում է իր կառքի ձիերը և սկսում որոնումները։

Այնտեղ նա քարայրում պատահում է ինչ- որ խառնաբնույթ մի արարածի, որը ազդրերից վերև կին էր, իսկ ներքև` օձ է (Հերոդոտոս, էջ 224- 225):

Հերակլեսի հարցումին օձ- կինը պատասխանում է, որ ձիերն իր մոտ են, բայց կվերադարձնի այն դեպքում, եթե Հերակլեսը կենակցի իր հետ: Հերակլեսը «ստիպված կենակցում է և օձ-կնոջը նվիրում 3 որդի. կրտսերը` Սկյութեսը, որը սկիզբ է դառնում մի մարտունակ ու անհաղթ ժողովրդի:

Սկյութներ (սկիֆ), դաժանության հոմանիշ:

Սկյութները անգերազանցելի ձիավորներ էին, ճանապարհին ամեն ինչ ոչնչացնելով, թալանելով՝ սուրում էին Կարպատյան լեռներից մինչև Ազով և Կովկաս: Նրանք թալանեցին Նինվեն, Մեդիան, Եգիպտոսը, կուտակեցին անհամար հարստություն:

Այնուհետև ջարդվեցին, ձուլվեցին ժողովուրդների մեծ գաղթին մասնակից ցեղերին:

Խոսքը մ.թ.ա. 8-7 դարերի մասին է:

ՎԵՐՋ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *