Ջոն Հեյլոք | Աշխարհը ճիշտ տեղը դնելով

 

«Նա չպետք է երբևիցե ստիպված լիներ կաշառք տալ իր անջատված հոսանքը միացնելու համար»:

Չամուսնացած, հիսունյոթամյա, «Սիթի» բանկից թոշակի անցած Ջիմ Սփենսերը որոշել էր ապրել Հարավարևելյան Ասիայի Հանրապետությունում, քանի որ դա աշխարհի ամենաէժան երկներից մեկն էր, և դրսից եկամուտ ունեցող օտարերկրացիներից եկամտահարկ չէր գանձվում: Նա տեղավորվել էր մեծ բնակելի շենքի կահավորված բնակարաններից մեկում, որը գտնվում էր քաղաքի տուրիստական շրջանում՝ հյուրանոցների, ավիաընկերությունների, ռեստորանների, հասարակաց տների, գեյ ակումբների և անտիկվարային իրերի խանութների մի թաղամասում: Թաղամասը բոլորված էր մի մեծ զբոսայգով, որ ձգվում էր ծովածոցի երկայնքով մեկ, ուր հրաշալի կերպով մայր էր մտնում արևը, և մի մարդաշատ պողոտայով, որը վերջանում էր արվարձաններից մեկում: Ջիմը բնակություն հաստատեց այս թաղամասում, քանի որ այն հարմար թվաց. հարևանությամբ մի ակումբ կար, որ ժամանակին միայն ամերիկացիների համար է եղել, սակայն այժմ բաց էր այն բոլոր տեղացիների համար, որոնք կարող էին վճարել կլորիկ մուտքավճարը և տարեկան անդամավճարը: Ակումբի հիմնական առավելությունը լողավազանն էր, ուր Ջիմն ամեն կեսօր գնում էր լողալու:
Ջիմը երբեք էլ առանձնապես շփվող չէր եղել, ուստի դեմ չէր օրվա մեծ մասն անց կացնել մենակ: Նա հանդիպել էր Լոնդոնի իր ընկերոջ ասած երկու ծանոթներին, և իր ընկերոջ այդ ընկերները (մեկն անգլիացի էր, մյուսն՝ ամերիկացի) քաղաքավարություն ցուցաբերելով հրավիրել էին նրան ընթրիքի՝ նրա համար ակումբում տեղ պահելով: Բայց Ջիմը նույնպիսի հյուրասիրություն չցուցաբերեց նրանց: Նա չէր սիրում հյուրասիրել, այդ գործից լավ չէր, և ոչ էլ հաճելի հյուր էր: Նա օրվա ժամանակն անց էր կացնում ակումբում իր այս նոր ծանոթների հետ և երբեմն նստում էր նրանց լանչի սեղանի շուրջ՝ բարից գնած մեկ բաժակ գարեջրով, և երբեք ոչինչ չէր ուտում. նա նախընտրում էր իր սենյակում ոտքի վրա սնվել: Երբեմն խոսակցությունը շրջվում էր կաշառակերության թեմային, որը, ինչպես ընկերներն էին ասում, շատ տարածված էր երկրում:
-Ես կաշառակերության ոչ մի դեպք չեմ նկատել,- նշեց միամիտ Ջիմը:
-Դու բիզնեսով չես զբաղվում,- դառնորեն պատասխանեց Լոնդոնի իր ընկերոջ ընկերներից մեկը:
Ջիմն իր շաբաթն այնպես մեթոդիկ կերպով էր պլանավորում, կարծես թե բիզնեսով էր զբաղվում. մի շարք հանդիպումների և ժողովների փոխարեն նա ուներ խանութներ, բանկ, փոստ և այլ տեղեր այցելությունների գրաֆիկ: Երկուշաբթին «հացի» օրն էր, երեքշաբթին՝ «բանկի», չորեքշաբթին՝ «նամակ գրելու և փոստի»: Հինգշաբթին՝ «սուպերմարկետի» օրն էր, ուրբաթը՝ «լվացքի» (նա հպարտանում էր իր արդուկ անելով) և, ինչպես իր «Սիթիի» տարիներին, շաբաթը և կիրակին ազատ օրեր էին: Սրանք առավոտյան պարտականություններն էին: Ցերեկները նվիրվում էին սիեստային, որին հաջորդում էր լողը՝ տասներկու անգամ երեսուն մետրանոց լողավազանում: Ամեն երեկո ժամը յոթը «ԲիԲիՍի Ուորլդ Սերվիսի» հետ հանդիպման իր ժամն էր, և այն համընկել էր «ռոմի» ժամին. ռոմ և կիտրոն՝ երկու տեղական մթերք և այդ իսկ պատճառով՝ էժան, դարձել էին նրա սիրելի ոգելից խմիչքը: Այնուհետև ընթրիքն էր, որ շատ հաճախ պատրաստվում էր խումարի վիճակում: Նա կարող էր մոռանալ բաղադրիչները, եփել կաղամբն առանց աղի և ուտել խոզի կողիկներն առանց թանձր կամ խնձորի սոուսի. մի անգամ նա փորձեց պատրաստել ձվածեղն առանց թավայի մեջ յուղ դնելու: Այնուամենայնիվ, նա համակերպվեց խոհանոցի իր սիրողական փորձերին:
Ջիմը գոհ էր, ավելի քան երբևէ իր կյանքում: Նա ատել էր իր աշխատանքը բանկում, անգլիական մռայլ եղանակը, միօրինակ ապրելաոճը, որ նա վարել էր իր մոր հետ Քենսինգտոնում: Վերջինս հենց մահացել էր, նա դուրս էր եկել աշխատանքից և միայնակ (նա միակ երեխան էր և չուներ ոչ մի մտերիմ բարեկամ) մեկնել էր ոչ թե այն հայտնի վայրերից մեկը, ինչպիսին Իսպանիան կամ Մալտան կամ Կիպրոսն են, այլ Հարավարևելյան Ասիայի երկիր, որը միշտ հետաքրքրել էր նրան, քանի որ այն այնքան հեռու էր, որքան որ հնարավոր էր գնալ Բրիտանիայից: Փոքր ժամանակ նա մի մատը դրել էր Անգլիայի վրա, իսկ մյուսը՝ երկրագնդի մյուս կողմում և ասել՝ «Ես ուզում եմ այնտեղ գնալ», և այժմ նա «այնտեղ» էր, իրոք «այնտեղ»: Երբեմն նա դժվարությամբ էր հավատում դրան: Հրաշալի էր լինել մի երկրում, որտեղ միշտ տաք էր, և այլեւս պարտավոր չէր հագնել մուգ կոստյում և փողկապ, և կարող էր ման գալ միայն կարճաթև շապիկով, ամառային կիսավարտիքով և ռետինե հողաթափերով: Լինելով նորեկ և անսովոր պանդխտությանը՝ Ջիմն ակնկալում էր, որ իրերը և մարդիկ պետք է մոտավորապես նույնը լինեին, ինչ տանն էին: Եվ զարմացած, անգամ զայրացած էր, երբ հասկացավ, որ այդպես չէր: Իհարկե, նա գիտակցում էր, որ մարդիկ աղքատ էին, չնայած նրան, որ ամառաին հագուստը, կարճաթև շապիկները և կիսավարտիքները կամ մի հասարակ զգեստը քողարկում էին նրանց աղքատությունը, և նա գիտեր, որ աշխատավարձերը ցածր էին և բնակարանները՝ հաճախ խղճուկ, բայց դա էր արևելքը:
Ջիմին նյարդայնացնում էր նամակների դանդաղ առաքումը: Ինչո՞ւ պետք է Եվրոպայից նամակների իրեն հասնելը շաբաթներ տևեր, եթե օդանավերի այնտեղ հասնելը քսանչորս ժամից պակաս էր տևում: Նա հարցրեց իր բնակարանը սպասարկող գրասենյակի բեռնակրին, բայց երիտասարդը միայն սիրալիր ժպտաց և ասաց, որ չգիտի: Ջիմի՝ ակումբի ընկերները բացատրեցին, որ դա երկրում տիրող անհետևողականության և ընդհանուր անգործության արդյունքն էր:
-Փոստատարին կամ բեռնակրին թեյավճար տուր և կստանաս քո նամակները ճիշտ ժամանակին,- ասաց նրանցից մեկը:
Ջիմը, միևնույնն է, ատում էր կաշառակերությունը:
-Ինչու՞ պետք է ես հավելյալ վճարեմ նամակներիս համար,- հարցրեց նա:-Փոստային վճարումները հաստատված են միջազգային համաձայնագրով և համարժեք են ու ներառում են առաքումը: Անգլիայում մենք ստիպված չենք թեյավճար տալ փոստատարին:
-Դու Անգլիայում չես,- հնչեց պատասխանը:
-Գիտեմ, որ չեմ,- պատասխանեց Ջիմը փնթփնթալով:
Ակումբի ընկերների ընդդիմությունից վիրավորված՝ Ջիմը որոշեց զանգել փոստի գլխավոր գրասենյակ և բողոքել: Շենքը հեռու չէր և կարող էիր այնտեղ հասնել` սկզբում անցնելով այգին, այնուհետև՝ երկու ծանրաբեռնված մայրուղիները: Նա սովորել էր՝ ինչպես գլուխ հանել անկառավարելի երթևեկությունից և գիտեր՝ երբ պետք է կանգ առնել լայն ու ծանրաբեռնված փողոցի մեջտեղում և երբ՝ վազել: Նա փողոցի մեջտեղով վազեց մյուս կողմ, որտեղ գտնվում էր փոստի գլխավոր գրասենյակը՝ հսկայական, դեղին, կեղծ հունական կառույց՝ սյունազարդ սրահներով, եռանկյուն ճակատամասերով և քորինթյան կոթողներով: Աստիճանների վերևում նա արդեն հազիվ քարշ տվեց մի փոքր քրտնած ոտքերը, մտավ շատ բարձր առաստաղով հիմնական սրահը, որտեղ մարդիկ հերթ էին կանգնել երկաթե ցանցով պաշտպանված սպասարկման պատուհանների դիմաց: «Տեղեկատու» պատուհանի մոտ նա մի գեղեցիկ, դուրեկան, առատ սև մազերով և կճաքիթ աղջկա հարցրեց, թե ու՞մ պետք է մոտենա փոստային առաքումների հարցով: Նրան ուղորդեցին մի սենյակ, որտեղ մի քանի սեղան կար, որոնց ետևում նստած խակի համազգեստով պաշտոնյաները զրուցում էին, ծխում կամ կարդում: Ջիմը մոտեցավ ամենամոտ սեղանին և պաշտոնյային, որ կլանված էր կոմիքսների գրքում, հարցրեց, թե արդյո՞ք կարող է տեսնել նրան, ով քաղաքի իր թաղամասի փոստային առաքումների պատասխանատուն է:
-Իմ նամակները շատ երկար ժամանակում են ինձ հասնում,- բողոքեց Ջիմը: Պաշտոնյան՝ գեր, հարդարված և սև մազերով մեկը, բարեհաճեց մի պահ դադարեցնել իր ընթերցանությունը և հայացքը բարձրացրեց Ջիմի վրա, և որի աչքից չվրիպեց, ինչպես Ջիմը նկատեց, նրա ամենօրյա հանդերձանքը:
-Լրացրեք այս ձևանմուշը:- Պաշտոնյան դեպի Ջիմը հրեց դեղնավուն թղթի մի կտոր և վերադարձավ իր գրքին: Ձևանմուշը լրացնելուց հետո Ջիմը դրեց այն պաշտոնյայի դիմաց, որը մատը սահեցնելով մի քանի հատված էլ կարդաց, մինչ ստորագրեց այն վերջազարդով և սեղանի վրայով նորից ետ հրեց: Մեկ ժամից ավել անցավ սպասելով և այլ պաշտոնյաների հանդիպելով, մինչեւ Ջիմը վերջապես արժանացավ գլխավոր պաշտոնյայի ներկայությանը, ղեկավար մեկը, հավանաբար, որ ուներ իր անձնական՝ գորգով ծածկված և օդափոխության համակարգով սենյակը: Այս պաշտոնյան, ի տարբերություն ավելի ցածրերի, քաղաքավարի և հաճելի էր, գուցե այն պատճառով, որ վստահ էր իր պաշտոնին կամ գոնե կասկածներ չուներ:
-Որտե՞ղ եք ապրում,- հարցրեց պաշտոնյան:
Ջիմն ասաց իր շենքի անունը՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք այն վատ համբավ ուներ:
-Դա տուրիստական հատվածում է, թանկ թաղամաս է:- Տնօրենի անգլերենը նույն աշխույժ երանգն ուներ, ինչ այդ երկրի լեզուն, և չնայած նրան, որ նա գրագետ էր խոսում, միշտ չէր, որ հեշտ էր հասկանալ. նա հակված էր շեշտել բառերի վերջին վանկերը:
-Ուրեմն, դուք կարծում եք, որ Ձեր նամակներn ուշանու՞մ ե՛ն:
-Չեմ հասկանում, թե ինչու պետք է փոստը երեք շաբաթում հասնի այստեղ:
Պաշտոնյան մատների ծայրերը զգուշորեն միացրեց իրար, դանդաղ, մեկը մյուսի ետևից, առաջինը՝ ճկույթները:
-Տեսակավորելու խնդիրը՛ն է: Եվ մեր փոստատարը շատ քիչ է վարձատրվում: Ես Ձեզ ճիշտը կասեմ, պարոն Սպենսե՛ր: Մեր փոստատարներn օրական ընդամենը երկու դոլար են ստանու՛մ, և նրանք պետք է հոգան իրենց ճանապարհածախսը, ուստի նրանք չեն կարող աշխատանքի գալ ամեն օր:
-Ուզում եք ասել, որ ձեր փոստատարներն ամեն օր չեն աշխատու՞մ:
-Իրենց օրական աշխատավարձի կեսը կարող է ծախսվել փոստային գրասենյակ հասնելու համար:
-Իսկ տեսակավորողնե՞րը:
-Տեսակավորողները չեն առաքում:
-Գիտեմ, որ չեն առաքում,- անհամբեր ասաց Ջիմը:- Բայց չեն կարո՞ղ նրանք ավելի արագ տեսակավորել:
-Նրանք ժամավճար են ստանում, ուստի նրանց համար արագ աշխատելը նշանակում է քիչ ստանալ:
Ջիմի հառաչեց:- Ոչինչ հնարավո՞ր չէ անել:
-Դուք կարող եք օգնել Ձեր փոստատարի՛ն: Իհարկե, դուք եք որոշողը, բայց կարող եք օգնել նրան:
-Օգնե՞լ նրան: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրան: Նկատի ունեք առաքումնե՞րը:
Տնօրենը ժպտաց:
-Նկատի ունեք նրան տալ…- Ջիմը, չցանկանալով արտաբերել այդ նողկալի «կաշառք» բառը, չվերջացրեց իր նախադասությունը:
Տնօրենի ժպիտը չփոխվեց. այն լայն ու անշարժ մնաց, մինչ Ջիմը դուրս էր գալիս նրա սենյակից:
-Ես իրոք կարծում եմ,- հաջորդ օրը Ջիմն ասաց ակումբի իր ծանոթներից մեկին,-որ տնօրենը նկատի ուներ, որ ես պետք է կաշառեմ փոստատարին, որպեսզի իմ նամակներն ավելի արագ բերի:
-Իհարկե, նա դա նկատի ուներ:
-Բայց դա հրեշավոր է:
-Դու պետք է փոստատան արկղ ունենաս և հավաքես սեփական նամակներդ:
-Դա անօրինական է: Ես «Կուրիերին» կգրեմ:
-Ոչ մի օգուտ չի տա:
Ծանոթը ճիշտ էր: Ջիմը նամակ գրեց Մաքս Փինեյին՝ լրագրողին, որ շաբաթաթերթում «Բողոքիր ինձ» վերնագրով սյունակ ուներ: Սյունակը հիմնված էր այս կամ այն հարցի շուրջ ընթերցողների բողոք-նամակների վրա՝ սուպերմարկետների բարձր գներ, ավտոբուսի անկանոն ուղեգծեր, որոշ միակողմանի ճանապարհների անհարմարություն, ֆոլկ-արտ վիլիջի տեղակայում: Փոստային առաքման հարցը, այնուամենայնիվ, այնքան էլ կարևոր չէր թվացել բարձրաձայնելու համար, և Ջիմն ընդամենը մի քաղաքավարի ծանուցում ստացավ:
-Փոստը կառավարության ենթակայության տակ է,- բացատրեց ծանոթը:- Դու չես կարող կիսակառավարական թերթից ակնկալել կառավարությանն ուղղված քննադատություն:
-Ես ի՞նչ պետք է իմանայի:
-Բոլորը գիտեն:
-Դու կարող էիր ինձ ասել:
Ջիմը սիրում էր երկուշաբթի օրվա իր գործը՝ արտանետված ծխերից աղտոտված փողոցով մի մղոն քրտնած քայլելը դեպի Ռիտայի հացաբուլկեղենի խանութը: Էլ ոչ մի շուտ զարթնել, քանի որ թոշակի անցնելու փառավոր օրերը սկսել էին. ժամը տասնմեկին մոտ Ջիմը ման էր գալիս Միգել Փասիֆիկո փողոցի մայթով՝ նեղ, միակողմանի մայրուղու, որ ձգվում էր մեծ ծովափնյա պողոտային զուգահեռ: Փողոցը լցված էր կիպ կանգնած մեքենաներով, ավտոբուսներով, մոտոցիկլետներով և մարդատար տրանսպորտային միջոցի փոխակերպված, փոքր, ծածկված բեռնատարներով, որ դանդաղ և ցնցվելով շարժվում էին, ասես արտադրամասի շարժագոտու վրա լինեին: Ջիմը սիրում էր այս ճանապարհով Ռիտայի մոտ գնալ, քանի որ նրան դուր էր գալիս, որ հուշանվերների խանութներից դուրս կախված վտիտ տղամարդիկ, որ դոլարի համար պաշտոնականից մի փոքր ավել փոխարժեք էին առաջարկում, իր հետ զրույցի չէին բռնվում․ ոչ էլ կոշիկ մաքրողները և կեղծ թանկարժեք քարերի վաճառականներն էին իր գլուխը տանում, և գիշերային ակումբների դռների առջև նստած կարմրադեմ աղջիկները ընդամենը մի հայացք էին գցում իր վրա: Այդ վաճառականներից ուշադրության չարժանանալով՝ նա զգում էր, որ չնայած իր մազերի սպիտակ խրձին, իր կարմիր, մաքուր սափրած դեմքին և տերեփուկի պես կապույտ աչքերին, որ առանձնացնում էին իրեն տեղացիներից, նա էլ էր նրանցից մեկը, որ հիմնականում մուգ մաշկով էին, սևահեր և սևաչյա:
Ռիտայի հացաբուլկեղենի խանութը նեղ փողոցից ներքև էր՝ գորշ քարերով և կարմիր թիթեղյա տանիքով եկեղեցու մոտ, «Մերիի նորաձևություն» անունով դերձակատան կողքին: Ջիմը Միգել Փասիֆիկոյից թեքվեց և մոտեցավ Ռիտայի խանութին: Ջիմը սիրում էր հաղթամարմին Ռիտային: Նա շատ կենսուրախ էր և միշտ պատրաստ զրույցի: Ջիմը մտածում էր, որ նա էլ իրեն է հավանում: Այսօր, սակայն, հակառակ իր սպասմանը, նա իրեն հատուկ ուրախ տրամադրությամբ չէր, հակառակը՝ մռայլ էր, վհատված:
-Ի՞նչ է պատահել:
-Փողոցի վերևում հրդեհ էր,- բացատրեց նա:- Հրշեջները, նրանք գալ ու անջատել էլեկտրականությունը՛, հանգցրել կրակը, հա, ոչ մեծ կրակը: Նրանք նորից միացրե՞լ էլետրականությունը՛: Ոչ: Նրանք ասել՝ չեն կարող: Դա էլեկտրականությունը՛ սպասարկող ընկերության գործն է: Մենք պետք է սպասել: Ես չեմ կարող սպասել: Ինձ հոսանքը՛ պետք է իմ գործի համար, իմ ջեռոցի՛: Մենք խնդրել էլեկտրականությունը՛ սպասարկող ընկերությանը գալ: Մի տղամարդ գալ, հա, գալ, բայց առանց մեր վճարել նա չի միացնի հոսանքը: Ամեն խանութից հազար ուզել: Ի՞նչ ենք մենք արել: Ինչո՞ւ պետք է հազար վճարենք: Մենք չենք հրդեհի պատճառը: Մենք չենք հոսանքը՛ անջատել: Ինչու մենք վճարել հազա՛ր:
-Վճարե՞լ եք հազարը,- Ջիմը չոր հաշվարկ էր կատարել՝ հազարը մոտավորապես հարյուր դոլար էր, որը հավանաբար շատ էր Ռիտայի համար:
-Իհարկե վճարել: Ոնց չվճարել: Եթե մենք չվճարել, ես գործ չունենալ: Ես չեմ կարող թխել, պարոն Սփեն-սեր:
-Դուք պետք է մերժեիք:
-Ո՞նց մենք մերժել: Այդ մարդն ասաց, որ եթե դուք չվճարել, ոչ մի հոսանք: Ես ինչ անել, պարոն Սփենսե՛ր:
-Տեսնեմ՝ ինչ կարող եմ անել,- ասաց Ջիմը:- Գուցե կարողանամ ձեր հազարը ետ վերցնել:
-Դուք կարողանա՞լ:
-Գուցե:
-Դուք շատ բարի եք:- Նա Ջիմին մեկնեց դեռևս տաք հացը:- Ո՞նց եք ետ վերցնել,- կասկածանքով ասաց նա Ջիմի մանրը տալիս. մի ակնթարթ նրա մուգ աչքերը հառվեցին Ջիմի կապույտ աչքերին:
-Կտեսնեմ՝ ինչ կարող եմ անել:
-Ես չաշխատել երեք օր, քանի որ էլեկտրականությունը՛ անջատված է: Առաջին անգամ դա պատահել: Առաջին անգամ այս խանութը փակել, այն օրից ինչ ես բացե՛մ: Ես տարվա մեջ ընդամենը մի անգամ փակել՝ Սուրբ Ուրբաթը, դուք դա գիտեք, պարոն Սպենսե՛ր: Ես աշխատել Սուրբ Ծննդի՛ն: Անցած շաբաթ ես փակել երեք անգամ: Ես կորցնել փող ու պետք է վճարել հազա՛ր:
Տուն գնալու ճանապարհին նա «Կուրիերի» Մաքս Փինեյին ուղղված մի նամակ կազմեց և հենց հասավ իր բնակարան, նստեց և գրեց այն: «Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի կոպիտ իրավախախտման, որի ականատեսն եմ եղել ես…»: Նա Ռիտայի անունը չնշեց, բայց տվեց նրա փողոցի անունը: Երբ նա իր ակումբի ծանոթներից մեկին պատմեց, թե ինչ է արել, ծանոթը, որ ամերիկացի, երկար տարիներ այդ երկրում գործող բիզնեսմեն էր, ասաց.
-Ուղղակի ժամանակի անիմաստ վատնում է փորձելը և իրերի այստեղի կարգին խառնվելը:
Ես ատում եմ անարդարությունը, հատկապես երբ այն աղքատներին է վերաբերում:
-Միշտ էլ աղքատներն են հարվածը ստանում: Նրանք դա ակնկալում են:
-Մեկ էլ կասես, որ նրանց դուր է գալիս իրենց վիճակը,- Ջիմը բորբոքված էր. նամակի ազդեցության վերաբերյալ նրա անվստահությունը նույնպես ստիպեց նրան արդարանալ:- Ես զգում եմ, որ ես պետք է օգնեմ Ռիտային: Նա շատ ջանասիրաբար է աշխատում:
-Չեմ կարծում, թե նա հարյուր դոլարի կարոտ կմնա:
-Դա չէ խնդիրը,- բորբոքված ասաց Ջիմը:- Նա չպետք է ստիպված լիներ կաշառք տալ իր անջատված հոսանքը միացնելու համար: Այդ տեսակ երևույթներն ինձ տանջում են, դա մարդկանցից փող պլոկել է:
-Այստեղի կարգն է դա: Աշխատավարձերը ցածր են ու պետք է տեղը լրացվի:
-Էլեկտրական լույս սպասարկող ընկերությունը մասնավո՞ր է:
-Այո:
-Այդ դեպքում գուցե Մաքս Փինեյը կզբաղվի այդ գործով:
Հաջորդ օրվա «Կուրիերի» թողարկմամբ լրագրողն իր ողջ սյունակը նվիրեց էլեկտրական լույս սպասարկող ընկերության աշխատակիցների քննադատությանը՝ Ռիտայի փողոցի խանութպաններից կաշառք կորզելու համար: «Ամոթ մեզ,-վերջանում էր հոդվածը,- որ արտասահմանցուց է պահանջվել մերկացնել նման անօրինությունը: Պարոն Ջեյմս Սփենսերը, որ բրիտանացի է, մեր շրջանում ապրել է ընդամենը վեց ամիս: Մենք պետք է շնորհակալ լինենք նրան»:
Հպարտության ու հաճույքի զգացումը պատեց Ջիմին, երբ նա կարդաց «Կուրյերի» «Բողոքիր ինձ» սյունակը: Դա առաջին անգամն էր, որ նա իր անունը տպագրված էր տեսել թերթում: Ակումբում, չնայած դրան, իր ծանոթներն ընդհանրապես ուրախ չէին:
-Դու չես կարծում, չէ՞, որ որևէ մեկին օգնել ես,- ասաց մեկը:
-Նրանք Ռիտայից վրեժ կլուծեն,- ասաց մյուսը,- եթե ոչ քեզնից:
-Ես նրա անունը չեմ տվել: Ի՞նչ կարող են ինձ անել:
Հաջորդ առավոտ հեռախոսը զնգաց Ջիմի բնակարանում. անսովոր երևույթ էր:
-Ալո,- ասաց նա վախվորած:
-Ես պարոն Սփենսերի հե՞տ եմ խոսում,- առոգանությունը խիստ ամերիկյան էր:
-Այո:
-Մաքս Փինեյն է: Ես իրոք շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն Սփենսեր, Ձեր արժեքավոր տեղեկության համար: Սա մեծ գործ է: Նախագահին կարող է հետաքրքրել: Նա ամբողջովին դեմ է կաշառակերությանը: Ես ավելի շատ մանրամասների կարիք ունեմ: Կարո՞ղ եք գալ և տեսնել ինձ:
Ջիմը գնաց: Չնայած նրան, որ պարոն Փինեյը ամերիկյան առոգանություն ուներ և կարող էր տարասեռ ԱՄՆ–ի քաղաքացին լինել, իրականում նա տեղացի էր, որ սովորել էր Կալիֆորնիայում: Նա ավելի ծեր էր, քան կարելի էր ենթադրել իր ձայնից, մռայլ և գեր, սակայն շտկված, խորամանկ հայացքով: Նրա աշխատասենյակը թավշյա էր: Նա դուրս ցատկեց իր աթոռից, հենց Ջիմը ներս մտավ:
-Ա՜հ, պարո՛ն Սփենսեր, մեր հոգու խիղճ: Մենք իրոք շնորհակալ ենք, իրոք: Նստեք խնդրեմ:
Ջիմը նստեց լայն, լաքապատ սեղանի մյուս կողմում:
-Ծխախո՞տ, պարոն Սփենսեր:
-Ոչ, շնորհակալություն:
-Այժմ, պարոն Սփենսեր, մենք ավելի շատ մանրամասների կարիք ունենք, որպեսզի պատշաճ կերպով բացահայտենք այս գործը:
-Իրո՞ք,- տարակուսանքով ասաց Ջիմը:
-Մենք պետք է իմանանք այն մարդու կամ մարդկանց անունները, որ պատմել են Ձեզ, որ նա կամ նրանք ստիպված են եղել կաշառել էլեկտրականություն սպասարկող ընկերության մեխանիկներին, որպեսզի նրանք նորից միացնեն հոսանքը: Առանց անունի կամ անունների մենք չենք կարող շատ բան անել:
-Վախենամ, որ անհնար է ինձ համար՝ առանց նախապես նրանց հարցնելու անուն տալը:
-Բանն ա՞յդ է: Եթե ասեք ինձ, թե ով է ասել, ապա…
-Ո՛չ, ներեցեք:
-Եթե ես Ձեր հետ գամ:
Ջիմը շարժեց գլուխը:
-Ուրեմն…,- պարոն Փինեյը ձեռքերը վեր պարզեց:- Դուք ուզում եք օգնել այս մարդկանց, ճի՞շտ է:
-Այո,- պատասխանեց Ջիմը, որ սկսում էր զղջալ, որ գրել է «Կուրյերին»:
-Ուրեմն…- լրագրողի ձեռքերը նորից վեր բարձրացան:
Ջիմը հոգոց հանեց:- Ես կասեմ, թե ինչ կանեմ:
-Ե՞վ,- ասաց պարոն Սփենսերը կտրուկ:
-Ես ինքս կհարցնեմ նրանց՝ արդյո՞ք կարող եմ տալ նրանց անունները, և, եթե նրանք համաձայնեն, ես կասեմ Ձեզ:
-Լավ, պարոն Սփենսեր:
Ջիմի առավոտյան ռեժիմը չափազանց կայուն էր, որպեսզի նա ընդհատեր պրոցեդուրաներից մեկը՝ սափրվելը, ցնցուղ ընդունելը, ձու խաշելը, թոսթ պատրաստելը, նորություններ լսելը և թերթ կարդալը, ուստի հաջորդ օրը միայն ժամը տասնմեկից հետո նա Միգել Փասիֆիկոյով քայլեց դեպի Ռիտայի հացաբուլկեղենի խանութը: Այն փաստը, որ նա անհամբերությամբ էր սպասում Ռիտային պատմելու, թե ինչ էր նրա համար արել, չէր շտապեցնում նրան: «Նա այնքան շնորհակալ կլինի»,- ասաց Ջիմն ինքն իրեն, բայց երբ նա պատմեց, Ռիտան ընդհանրապես շնորհակալ չեղավ:
-Օ՜հ, ինչպես կուզեի, որ Դուք դա արած չլինեիք,- ասաց նա:
-Բայց ինչո՞ւ: Մենք կարող ենք Ձեր փողը ետ ստանալ: Մենք ամոթանք տալով կստիպենք, որ ընկերությունը Ձեր փողը ետ տա: Այժմ կարո՞ղ եմ Ձեր անունը նրանց ասել:
-Ո՛չ, խնդրում եմ, ո՛չ:- Ռիտան իրոք անհանգստացած էր երևում:
-Բայց ես ուզում եմ օգնել:
-Օ՜հ, ես իրոք կցանկանայի, որ Դուք դա արած չլինեիք, պարոն Սփենսե՛ր:
-Չեք հասկանու՞մ, որ եթե ենթարկվեք նման պահանջի և վճարեք, վճարել ընկերության աշխատողին այն գումարը, որ նա իրավունք չունի պահանջել, ապա կաշառակերության ամբողջ համակարգը երբեք չի վերջանա: Գումարը վճարելու Ձեր խոստովանությունը կօգնի երկրին, օրինակ ծառայեք: Հիմա ի՞նչ, կարո՞ղ եմ թերթին Ձեր անունը տալ:
-Ո՛չ, խնդրում եմ, ոչ:
Ռիտան անդրդվելի էր, և Ջիմը ստիպված եղավ թղթակցին ասել, որ նա չի կարող տալ անունը: Պարոն Փինեյը նրան ասաց, որ դա կթուլացնի ընկերության դեմ գործը:
-Դուք չեք կարող մեղադրանք ներկայացնել առանց վկայության, պարոն Սփենսեր:
Հաջորդ օրը «սուպերմարկետի» օրն էր, և Ջիմը՝ իր առևտրի պլաստիկ տոպրակով զինված, իրեն սովոր դարձած ժամը տասնմեկին իջավ յոթերորոդ հարկի իր բնակարանից: Երբ նա անցավ գրասենյակի կողքով, երիտասարդ դռնապանն ասաց.
-Ձեզ ուզում են տեսնել, պարոն:
Մի երիտասարդ տղամարդ՝ կոկիկ հագած վերնաշապիկ և տաբատ, ընդառաջ եկավ.
-Պարոն Սփենսե՞րն եք, սըր:
-Այո:
Տղամարդը բացատրեց, որ նա էլեկտրական լույս ապահովող ընկերությունից էր և խնդրում էր Ջիմին իր հետ գնալ գլխավոր գրասենյակ, քանի որ տնօրենները ցանկանում էին շորթման ենթադրյալ դեպքի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ:
-Մենք շնորհակալ ենք Ձեզ, որ զեկուցեցիք այս դեպքի մասին, այս վատ դեպքի,-ասաց տղամարդը:- Մենք ավելի շատ Ձեր օգնության կարիքն ունենք:
Ջիմը համաձայնեց ուղեկցել տղամարդուն դեպի ընկերության գլխավոր գրասենյակ, ուր նրանք հասան օդափոխման համակարգով, անձնական վարորդով Մերսեդեսով կարճ ուղևորությունից հետո: Այն սրահում, որը կարծես թե նիստերի դահլիճն էր, Ջիմին ներկայացրեցին ընկերության մի շարք գործադիրներին, որոնցից որոշները մուգ կոստյումներով էին, մյուսները՝ ասեղնագործած սպիտակ վերնաշապիկներով՝ գորտի ճարմանդները վրան, որ դուրս էին կախվել նրանց մուգ կապույտ տաբատներից: Երբ Ջիմն արդեն սեղմել էր բոլորի ձեռքը և արժանացել բոլորի զննող հայացքներին (նա իր ամենօրյա սովորական հագուստներով էր և ռետինե հողաթափերով), նրան հրավիրեցին սեղանի շուրջ նստելու: Երբ նա նստեց, միջին տարիքի, կապույտ կոստյումով մի տղամարդ սկսեց խոսել.
-Մենք շատ շնորհակալ ենք, որ Դուք բարձրացրեցիք այս հարցը, պարոն Սփենսեր,–ասաց նա:- Մենք մտադրված ենք պատժելու օրինազանցներին: Մենք չենք կարող անել դա, եթե չիմանանք այն մարդկանց անունները, որոնք ասում են, որ իրենցից պահանջել են վճարել գումարը: Մենք հարցումներ ենք արել, և փողոցի խանութպաններից ոչ ոք չի ասում, որ իրենք ստիպված են եղել վճարել, որպեսզի նրանց հոսանքը նորից միացվեր հրդեհից հետո:
-Նրանք ստում են:
Նախագահը, կամ ով որ էր, կանգնեց.
-Կգա՞ք մեզ հետ, պարոն Սփենսեր, գնանք այդ փողոց և հարցնենք խանութպաններից:
-Ոչ, ես չեմ կարող: Ես խոստացել եմ անունը չտալ:
-Դուք ասացիք անունը, ոչ թե անունները: Միայն մե՞կն է, որ ասել է Ձեզ, որ ստիպված է եղել վճարել:
Մյուս տնօրեններից մեկը փորձում էր ճնշել Ջիմին, բայց անօգուտ. նա տեղից չէր շարժվի, և հանդիպումն ավարտվեց: Չնայած ակնհայտ սիրալիրությանը, այնուամենայնիվ, Մերսեդեսը չկանչվեց նրան տուն տանելու համար:
Անցնող երկրորդ օրը Ջիմի ռեժիմը խախտվեց և սուպերմարկետ գնալու փոխարեն նա գնաց Ռիտայի հացաբուլկեղենի խանութ:
-Էլեկտրական լույս ապահովող ընկերությունից մարդ եկե՞լ է Ձեզ տեսնելու:
-Այո,-պատասխանեց կինը,- նա եկել և ասել ինձ, թե արդյո՞ք ես որևէ մեկին վճարել, որպեսզի հոսանքը նորից միացնեն հրդեհից հետո:
-Եվ ի՞նչ ասացիք նրան:
-Ես ասել, որ մենք չվճարել:
-Բայց դուք վճարել եք:
-Այո, բայց մենք ասել, որ մենք չվճարել: Մենք չկարողանալ ասել…
-Բայց դուք պետք է ճիշտն ասեք. եթե ճիշտն ասեք, ապա ձեր գումարը ետ կստանաք:
-Եթե մենք ասել, որ վճարել, մեզ համար կարող է վատ լինել,-Ռիտան աչքերը կախեց:
-Բայց օրենքը կպաշտպանի ձեզ:
-Դուք չհասականալ այս երկի՛ր, պարոն Սփենսե՛ր:
Ակումբում բոլորը համաձայն էին Ռիտայի հետ:
-Դու չես կարող ամեն ինչ այստեղ տեղը գցել,- ակումբի ծանոթներից մեկն ասաց նրան:- Ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա:
Խոցված, բայց միևնույն ժամանակ իր կապույտ աչքերում արհամարհական հայացքով Ջիմն ասաց.
-Ես արեցի այն, ինչ կարծում էի, որ ճիշտ էր: Եթե ինչ-որ մեկը չի փորձում և չի անում ինչ-որ բան, ապա…
Նրա նախադասությունն ընդհատվեց ծիծաղով:
Մի քանի օր անց, երբ Ջիմը տուն վերադարձավ արտասահմանյան բանկ կատարած այցից, որտեղ նա պահում էր իր ընթացիկ հաշիվը (դա «բանկի» օրն էր), նա միացրեց բնակարանի նախասենյակի լույսը, և այն չաշխատեց: «Լամպն է, ենթադրում եմ: Թու քո»: Ջիմը հոգնած էր, քանի որ բանկը հեռու էր գտնվում՝ փռված քաղաքի բիզնես թաղամասում, որտեղ հասնելու համար մի ժամ էր պահանջվում գնալ «բեռնատար» ավտոբուսով՝ հասանելի տրանսպորտային միջոցներից ամենաէժանով: Ջիմը երբեք տաքսուց չէր օգտվում: Ցերեկվա ծանրաբեռնված երթևեկության պատճառով ժամուկեսից ավել էր տևել՝ նստած այլ ուղևորների մեջ, քրտնելով, շնչելով ուժասպառ անող սուր հոտեր և ականջները պատժելով ժապավենի վրա ձայնագրված փոփ երգերով, որ այս փոքր սեփական ավտոբուսների վարորդները միացնում էին որպես զբաղմունք: Ջիմը հոգնած էր, սոված և նյարդայնացած: Նա փորձեց ննջասենյակի լույսը, այնուհետև հյուրասենյակինը և դրանք նույնպես չաշխատեցին: Նա բացեց սառնարանը, և ոչ մի հուսադրող լույս չերևաց. օդափոխիչը լուռ էր: «Պետք է որ հոսանքն անջատված լինի: Հովհարային անջատում է: Թու քո: Բայց վերելակն աշխատում էր»: Նա զանգեց պահակակետ, և նրան ասացին, որ հոսանքի անջատում չկար: Նա սենդվիչ կերավ և խմեց գոլ ռոմ ու լիմոն և հետո նորից դիմեց պահակակետին, բայց ոչ ոք չէր պատրաստվում բացատրություն տալ: Հոգնած և զայրացած նա պառկեց անկողնում, բայց չկարողացավ քնել. չափազանց շոգ էր: Նա վեր կացավ և նորից զանգեց պահակակետ: Պահակը նրան ասաց, որ հոսանքը հավանաբար անջատվել էր հաշվի չվճարման պատճառով:
-Բայց ես վճարել եմ իմ հաշիվը,- պոռթկաց Ջիմը:
-Ես կզանգահարեմ ընկերություն,- ասաց պահակը:
Երեք հիասթափեցնող օրերն առանց լույսի, օդափոխման, սառույցի կամ եփելու, որովհետև չէր աշխատում էլեկտրական վառարանը, վիրավորեցին Ջիմի ինքնասիրությունը: Էլեկտրական լույս սպասարկող ընկերություն կատարած մի քանի զանգերի արդյունքը միայն քաղաքավարի խոստումները եղան: Չորրոդ օրը, երբ Ջիմն էլեկտրականության պակասից ստեղծված անհարմարությունից և տհաճությունից սկսել էր կատաղել, ընկերությունից մի մարդ եկավ նրան տեսնելու.
-Մենք շատ ցավում ենք, պարոն Սփենսե՛ր, բայց մենք չենք կարող ոչինչ անել, եթե Դուք նախավճար չտաք:
-Ի՞նչ նախավճար,- նա աշխատակցին մուտքից այն կողմ չէր թողել:
-Նախավճար, որ բոլորը պետք է վճարեն, երբ տեղափոխվել բնակարան:
-Ինձ դրա մասին չեն ասել:
-Բնակարաններ տրամադրող ընկերության ղեկավարությունը սխալ արել: Մենք շատ ցավում ենք, բայց մենք չենք կարող նորից միացնել հոսանքը, եթե դուք չվճարել նախավճարը, որը պետք է վճարած լինեիք, երբ տեղափոխվել:
-Ես հրաժարվում եմ վճարել:
-Ուրեմն չենք կարող միացնել:
Էլեկտրական լույս սպասարկող ընկերության աշխատակիցը, մի ճաղատ, նիհար, թուխ տղամարդ` սև շրջանակով ակնոցով, իր մուգ աչքերի առջև կանոնների մի գիրք հանեց և Ջիմին ցույց տվեց այն պարբերությունը, որտեղ ասվում էր, որ նոր վարձակալը պետք է նախավճար տա:
-Ինչու՞ ինձ չեն ասել:
-Դա ղեկավարության սխալն է:
-Ինչքա՞ն է նախավճարը:
-Հազար…
-Հազար դոլա՞ր:
-Այո:
-Եվ եթե ես չվճարե՞մ:
-Հոսանքը չեն միացնի, ցավում եմ ասել դա:
Այդ օրն ավելի ուշ, երբ հանդիպեց ակումբի իր ծանոթներից մեկին, նա այդ դեպքի մասին ոչինչ չասաց:

Թարգմանությունը անգլերենից՝ Աննա Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *