Պաուլ Ցելան | Ավազն աճյունասափորներից

«Ավազն ճյունասափորներից»
«Der Sand aus den Urnen»
1948

 

ՀԵՌՎԻ ԳՈՎՔԸ

Ակունքում քո աչքերի
խենթ ծովի ձկների ցանցերն են ապրում:
Ակունքներում քո աչքերի
ծովն իր խոստումներն է պահում:

Այստեղ նետում եմ
մի սիրտ, որ մարդկանց մեջ է կենում,
հագուստը իմ և փայլը երդման.

ավելի սև սևի մեջ, ես ավելի մերկ եմ:
Դավաճանելով եմ միայն հավատարիմ:
Ես դու եմ, երբ ես ես եմ:

Ակունքներում քո աչքերի
հալածում եմ և կողոպուտի մասին երազում:

Ցանցը ցանց է որսացել.
մենք բաժանվում ենք գիրկընդխառն:

Ակունքներում քո աչքերի
մի կախվող խեղդում է պարանը:

 

 

ՄԹԻՆ ԱՉՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Քարեկնգուղ ժամանակ։ Եվ ավելի առատ են ցայտում
ցավի խոպոպները երեսին Երկրի,
հարբած խնձորին՝ շիկնած
մեղսավոր խոսքի շնչով․ գեղեցիկ և անբարեհաճ խաղի նկատմամբ,
որ նրանք վարում են չար արտացոլքի մեջ
իրենց գալիքի։

Երկրորդ անգամ է ծաղկում շագանակենին*․
նշան Օրիոնի մոտալուտ վերադարձի
նվաղ բոցկլտացող հույսի․ կույր
ընկերների երկինքների աստղալույս եռքը
վեր է կանչում նրան։

Երազի դարպասի մոտ չքողարկված
վիճում է միայնակ մի աչք։
Նրա համար բավական է իմանալ,
թե ինչ է կատարվում ամեն օր․
արևելյան պատուհանի մոտ
գիշերը կրկին հայտնվում է նրան
զգացմունքի թափառոտ կերպարանքը բարակ։

Նրա աչքերի թացության մեջ սուր ես թաթախում։

* 1938 թվականի գարնանը Փարիզում շագանակենին երկու անգամ է ծաղկել։

 

ՍԵՎ ՓԱԹԻԼՆԵՐ

Ձյուն է գալիս, անլույս։ Մի լուսին է արդեն
կամ երկու, ինչ աշունը վանական սքեմով
ինձ նույնպես լուր բերեց՝ ուկրաինական լանջերից մի թերթ․

«Երևակայիր, որ այստեղ ևս ձմեռ է՝ արդեն հազարերորդ անգամ,
երկրում, որտեղ հոսում է ամենալայն հեղեղը՝
Հակոբի երկնային արյունը՝ կացինների օրհնած․․․
Օ՜ սառույց աներկրային շառագույնի․ այն ոթում է նրանց հեթմանը ողջ
գումակով մարող արևների ներքո․․․ Երեխա, ախ, թաշկինակ՝
ինձ պատանքելու համար, երբ շողշողում են սաղավարտները,
երբ կոշտուկը` վարդագույնը, ճաքում է, երբ ձյունաճերմակ շաղ են գալիս
ոսկորները
քո հոր, սմբակների տակ տրորվում է
երգը մայրիների մասին ․․․
Մի թաշկինակ, մի նեղ կտոր միայն, որ պահում եմ հիմա, երբ դու լացել ես սովորում, իմ կողքին
նեղությունն աշխարհի, որը երբե՛ք չի կանաչում, զավակս, քո զավակի համար»։

Արյունահոսեց, մայր, աշունն ինձանից, վառեց
ձյունը ինձ․
իմ սիրտը փնտրեցի, որ լաց լիներ, գտա ես շունչը, ախ, ամռան,
քեզ էր նման։
Արցունքս եկավ։ Թաշկինակ հյուսեցի։

 

 

«Կակաչ և հիշողություն»
«Mohn und Gedächtnis»
1952

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Դու պետք է օտարուհու աչքին ասես` եղի՛ր ջուրը:
Դու պետք է, ում դու ջրում գիտես, օտարուհու աչքում փնտրես:
Դու պետք է նրանց ջրից կանչես` Հռո՛ւթ, Նոեմի՛, Միրիա՛մ:
Դու պետք է զարդարես նրանց, երբ պառկած ես օտարուհու կողքին:
Դու պետք է զարդարես նրանց օտարուհու ամպ-վարսերով:
Դու պետք է ասես Հռութին, Միրիամին ու Նոեմիին.
Տեսե՛ք, ես նրա կողքին եմ քնած:
Դու պետք է քո կողքի օտարուհուն ամենագեղեցիկը զարդարես:
Դու պետք է զարդարես նրան Հռութի, Միրիամի և Նոեմիի քո ցավով:
Դու պետք է ասես օտարուհուն`
Տե՛ս, ես նրանց կողքին քնեցի:

 

***
ԿԱՊՈՒՅՏ գույնից, որը դեռ նրա աչքն է փնտրում, առաջինը կխմեմ:
Քո հետքերից ես խմեցի և տեսա.
դու մատներիս միջով, մարգարիտ, գլորվում ես և արթնանում ես:
Դու արթնանում ես, ինչպես բոլորը, ովքեր մոռացված են:
Դու գլորվում ես. սև սերմնահատիկը թախծի
թաշկինակի մեջ է ընկնում՝ ամբողջովին ճերմակ հրաժեշտի թափահարումներից:

 

ԲՅՈՒՐԵՂ

Ո՛չ իմ շրթունքներին փնտրիր քո բերանը,
Ո՛չ դարպասի առաջ օտարականին,
Ո՛չ աչքում արցունքները:

Յոթ գիշերով ավելի բարձր է ճամփորդում կարմիրն առ կարմիր,
յոթ սրտով ավելի խորն է թակում ձեռքը դարպասին,
յոթ վարդով ավելի ուշ է աղմկում ջրհորը:

 

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

Գիշերածառի կեղևը, ժանգածնունդ դանակը
քեզ շշնջում են անուններ, ժամանակ և սիրտ:
Մի բառ, որ քնած էր, երբ այն լսում էինք,
դուրս է սահում տերևի տակից.
պերճախոս կլինի աշունը,
ավելի պերճախոս՝ ձեռքը, որը հավաքում է նրան,
թարմ, ինչպես մոռացման կակաչը, բերան, որ համբուրում է նրան:

 

ԲՆԱՊԱՏԿԵՐ

Դուք, բա՛րձր բարդիներ- մարդի՛կ այս երկրի:
Դուք, սև՛ լճակներ երջանկության – դուք արտացոլում եք նրանց մինչ ի մահ:
Տեսա ես քեզ, քույր, այդ շողանքի մեջ կանգնած:

 

 

«Շեմից շեմ»
«Von Schwelle zu Schwelle»
1955

ԽՈՍԻՐ ԵՎ ԴՈՒ

Խոսիր և դու,
խոսիր ի վերջո,
ասա քո խսքը։

Խոսիր –
Բայց Ոչ-ը մի զատիր Այո-ից:
Տուր քո խոսքին նաև իմաստ.
տուր նրան ստվեր:

Տուր նրան բավականաչափ ստվեր,
տուր այնքան շատ,
որքանով կարող ես լցնել
կեսգիշերն ու կեսօրը և կեսգիշերը:

Նայիր շուրջբոլորդ.
տես՝ ինչպես է շուրջդ կենդանանում-
մեռնելի՛ս: Կենսալի՛:
Ճիշտ է խոսում նա, ով ստվերն է խոսում:

Բայց հանկարծ տեղը սեղմվում է, ուր կանգնած ես դու.
Այժմ ո՞ւր, ստվերազերծ, ո՞ւր:
Բարձրացիր: Խարխափելով վեր:
Ավելի նուրբ ես դառնում Դու, ավելի անճանաչ, ավելի բարա՜կ։
Ավելի բարակ․ թել,
որով նա ներքև է ձգտում, աստղը.
որպեսզի ներքև լողա, ներքև,
որտեղ նա իրեն փայլքի մեջ է տեսնում. ծփանքի մեջ
թափառող բառերի:

 

«Շնչառության շրջադարձ»
«Atemwende»
1967

***
ԴՈՒ կարող ես ինձ անխռով
ձյուն հյուրասիրել.
ամեն անգամ, երբ ես ուս ուսի տված
թթենու հետ մեկտեղ քայլում էի ամռան միջով,
բղավում էր նրա ամենամատղաշ
տերևը:

 

***
Քո ուշ հայացքի առջև,
միայնակ`
քայլած
նաև ինձ փոխակերպող գիշերների միջև,
ինչ-որ բան եկավ կանգնելու,
ինչը եղել էր արդեն մեզ մոտ մի անգամ, չ-
զարնված մտքերից:

 

ՄԻ ԱՆԳԱՄ

Մի անգամ
անդ լսեցի ես նրան,
անդ աշխարհն էր մաքրում նա,
աննկատ, ամբողջ գիշեր,
իսկապես:

Մեկ և Անվերջ,
կործանված
ծանված:

Լույս կար: Փրկություն:

 

© Թարգմանությունը գերմաներենից` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ և ԹՈՆԴՐԱԿԻ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *